Թե ժամանակին`
Ես էլ իմ ես-ի տեղն իմանայի,
Գինն իմանայի ես իմ տվածի
Ու վերցրածի չափը հիշեի,
Մեկ-մեկ չափեի
Չափով չափերի…

Թե ժամանակին`
Իմ ներսի ցավին չդիմանայի,
Հարցնողի սրտից արյուն քամեի,
Նրան ցավերիս խաչին գամեի,
Թևաթափեի,
Թեթևանայի…
Թե ժամանակին`
Խոսք ու բառի մեջ մեղք որոնեի,
Որտեղ խոսք էր պետք դիտմամբ լռեի
Ու սովորեի խոսքը վերածել
Միավորների…
Թե ժամանակին
Ես էլ բնազդին տրված ապրեի,
Իմ ժամանակը գնահատեի
Ու չվատնեի,
Ու չբաշխեի
Ում որ պատահի,
Գուցե իմ ես-ն էլ,
Այսօր բեմերում գովքեր վայելեր…
Իմ բեմում վաղուց կերպարներ են լուրջ,
Ծափերն իմը չեն,
Դաղին եմ սովոր…
Երանի կտամ`
Իմ ես-ի տեղը երբեք չիմանամ
Ու դատարկ տեղը չհպարտանամ,
Իսկ հաղթանակս լոկ այն ժամ տոնեմ,
Երբ ինձ ապտակող ձեռքերը մի օր
Զիլ ծափահարեն…

Լիլի Շակրին


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert