Ես կերազեի, եթե ինձ հետ չհամաձայնվող մարդիկ բանավիճեին հետս: Փաստարկներիս դեմ հակափաստարկներ բերեին: Ապացուցեին, որ փաստական սխալներ եմ անում: Ես կերազեի, որ լինեին մարդիկ, որ հիմնավորեին, որ ես թյուր պատկերացում ունեմ իրականության մասին: Բայց ինձ Հայաստանում էդպիսի բախտ էդպես էլ չվիճակվեց:Օրինակ ես պնդում եմ, որ խնձորը միրգ է, ինձ քննադատողները հակառակվում են՝ ասելով որ «խնձորը որդնում է»:

Պատկերացնու՞մ եք՝ դա է իրենց «Հակափաստարկը»: Բայց դա դեռ լավ դեպք է: Ուրիշները առհասարակ, պարզվում է, չգիտեն, թե ինչ է նշանակում «Խնձոր» և ինչ է նշանակում «Միրգ»: Ու բողոքում են, որ ես իրենց «հակափաստարկին» չպատասխանեցի: Իսկ շատ-շատերն էլ «Խնձորը միրգ է» պնդման պատճառով լուրջ հարցնում են, թե ես ինչու եմ ատում խնձորներին: Եվ լուրջ պատասխան են ակնկալում: Սա ողորմելի վիճակ է: Կարծես հոգեկան հիվանդների շրջապատ ընկած լինեմ:

Վերջերս ես երկու պնդում եմ արել, որոնց հետ շատերը համաձայն չէին (և համաձայն չեն): Մեկը՝ պնդել եմ, որ սփյուռքի դերը չնչին է Հայաստանի կառուցման գործում և սփյուռքահայերը Հայաստանի հանրապետության հզորության մաս չեն: Մյուսը, որ Հայաստանի պետական շահից է բխում Ադրբեջանի հետ հաշտությունը: Երկու մտքերն էլ իմ խորին համոզմունքն են, որոնց ճշմարտացիությունը հազար ձևով հիմնավորել եմ: Ուղեղների մշակում անցած հասարակության մեջ այս պարզ մտքերը, պարզվում է շատերի ականջին խորթ (եթե չասենք սրբապիղծ) են հնչում: Կներեք, բայց դա ինձ ինչու՞ պիտի հուզի: Մի՞թե ես եմ լվացել ձեր ուղեղները:

Ինչևէ: Դուք հակառակ կարծիքին եք և համարում եք, որ «Սփյուռքը մեր նավթն է» և «Բարբարոս ադրբեջանցիների հետ ոչ մի հաշտություն հնարավոր չէ»: Համոզված եք, որ ես սխալվում եմ: Շատ լավ: Հակադիր կարծիքները նորմալ են և բանավեճի լավ առիթ են՝ հո բոլորը նույն կերպ չե՞ն մտածելու: Ուրեմն պետք էր չէ՞, որ ամեն մի կողմը հիմնավորեր իր կարծիքը մի ընդհանուր եզրակացության գայինք: Չէ՞ որ բոլորս էլ ուզում ենք բարգավաճող Հայաստան կառուցել, որտեղ մեր երեխաները ապահով կապրեն ու երջանիկ կլինեն: Կարծես թե մեր նպատակը նույնն է:Դե եկեք բանավիճենք ու եթե պարզվի, որ օրինակ այդպիսի Հայաստան կառուցելու համար պետք է սահմաննները փակ պահել, էդ պայմաններում տնտեսություն զարգացնել, բանակ զինել ու հարձակվել Ադրբեջանի ու Թուրքիայի վրա ու սփյուռքի օգնությամբ գրավել մեր պատմական հողերը՝ ուրեմն եկեք էդպես էլ վարվենք: Եթե ապացուցեք, որ դա նպատակին հասնելու լավագույն ճանապարհն է, ես հիմար ե՞մ, որ չուզեմ: Բայց նախ փաստարկեք, ապացուցեք, հիմնավորեք: Ես էլ ընդունեմ սխալս, ներողություն խնդրեմ և միասին կպնենք գործի: Սակայն ցավոք սրտի իմ փաստարկների հետ չհամաձայնվող մարդկանցից ես առ այսօր չեմ լսել որևէ փաստարկ: Նույնիսկ թույլ փաստարկ չկա, որը կապացուցի, որ Հայաստանի շահից բխում է այդ բանը:

Կա դեմագոգիա, կա փաստերի խեղաթյուրում, կա տրամաբանության բացակայություն, կան պնդմանս հետ կապ չունեցող բազմաթիվ լալահառաչ «հայրենասիրական» «մտքեր», կլիշեներ և ուրիշ լիքը աղբ: Միասին տեսնում են, «Ադրբեջան» ու «Հաշտություն» բառերը՝ դիվոտում են: Լվացված ուղեղի մեջ անսովոր միտքը «Սրբապղծության» հոմանիշ է:

Կրկնում եմ, սա ողորմելի վիճակ է: Ես անընդհատ ու անընդհատ տպավորություն եմ ստանում, կարծես հոգեկան հիվանդների շրջապատ ընկած լինեմ, որտեղ պարզ հայերեն միտք ընկալող չկա, հայերեն բառը հասկացող չկա, տրամաբություն չկա, բանականություն չկա: Դրա համար էլ էս վիճակում ենք ու ապրում ենք էս աղբի մեջ, որի մեջ ապրում ենք:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert