Ռուսաստանին երկար տարիների հավատարմությունը թանկ է արժեցել Հայաստանին: Ընդ որում, թանկ՝ բոլոր իմաստներով, այդ թվում՝ դոլարային համարժեքով։

2015-ի ամռանը Երևանում բողոքի ցույցեր սկսվեցին ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում էր գները միանգամից բարձրացնել մեկուկես անգամ, այնուհետև կառավարության հետ սակարկության արդյունքում կանգ առավ 17 տոկոսի վրա, բայց մարդիկ, միևնույն է, դուրս եկան և հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում: Այդ ժամանակ Հայաստանն արդեն տարածաշրջանում առաջատար էր էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, այնտեղ կրկին, երկարատև դադարից հետո, գործում էր ԱԷԿ-ը, աշխատում էին և ՋԷԿ-երը, և ՀԷԿ-երը, նրանք ավելի շատ էլեկտրաէներգիա էին արտադրում, քան անհրաժեշտ էր երկրին: Այն ժամանակ փորձագետները դրա ինքնարժեքը գնահատում էին որպես ամենացածրը հետխորհրդային տարածքում, բայց հայաստանյան տնային տնտեսությունների և բիզնեսի  վճարումներն ավելի բարձր էին, քան հարևան երկրներում: Թանկացումից հետո մեկ կիլովատտ ժամը պետք է արժենար 10 ցենտ (դոլարային արտահայտությամբ): Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում միևնույն ժամանակ սակագները գրեթե կրկնակի ցածր էին:

Հայերն անեծքներ ուղղեցին իրենց կառավարությանը: Եվ ընդհանուր առմամբ՝ արդարացիորեն: Բայց Ազատության հրապարակում քչերը կարող էին ասել, որ կառավարությունը միջնորդավորված ձևով կապված է գների բարձրացման հետ: Իրականում Հայաստանում էլեկտրաէներգիայի գները բարձրացրել էր ռուսական ​​«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» պետական ընկերությունը:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» նրա 100%-անոց դուստր ձեռնարկությունն է: Տնօրենների խորհրդի նախագահն էր Իգոր Իվանովիչ Սեչինը:

2010-ին գլխավոր տնօրեն է դարձել 32-ամյա Բորիս Յուրևիչ Կովալչուկը (Յուրի Վալենտինովիչ Կովալչուկի ամենամոտ ազգականը), ըստ ՍՊԱՌԿ-ի՝ նա նաև այժմ էլ ղեկավարում է ընկերությունը:

Օգնություն ռուսական ձևով

Հայաստանը համարվում է շատ աղքատ երկիր: Դեպի ծով ելք չունի, նավթ չունի, ընդերքը ընդհանրապես շատ չէ, իսկ 1988-ին նաև տուժեց հրեշավոր երկրաշարժից և մինչ այժմ չի շտկվել հարվածից:

Աղետի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը մի քանի վայրկյանում պարզապես դադարեց գոյություն ունենալ, ևս 300 բնակավայրեր, առաջին հերթին՝ Լենինականը (այժմ՝ Գյումրի), Հայաստանի նախկին մշակութային մայրաքաղաքը, ավերվել էր 80 տոկոսով: 6,25 բալ ուժգնությամբ ալիքը հասավ մինչև հանրապետության կենտրոնական մաս՝ Մեծամոր, որտեղ գտնվում է Հայաստանի ԱԷԿ-ը, որն արտադրում էր երկրում ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը: 9 բալանոց ցնցումների համար նախատեսված կայանը դիմակայեց: Բայց դա տեղի ունեցավ Չեռնոբիլից երկու տարի անց՝ ատոմաֆոբիայի թեժ շրջանում: Եվ ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշեց կանգնեցնել ԱԷԿ-ը: Հետո սկսվեց պատերազմը Ղարաբաղի համար, մշտապես շարքից դուրս էին գալիս լեռնային գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը և գլխավոր գազատարը: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում իսկական էներգետիկ քաղց սկսվեց:

Ռուսաստանը եղբայրաբար օգնության ձեռք մեկնեց արդեն անկախ Հայաստանին: Հայաստանը վերականգնվում էր երկրաշարժից և պատերազմից հետո, բայց դրա համար բավարար միջոցներ չուներ, ուստի Ռուսաստանը նրան էլեկտրականություն մատակարարեց պարտքով: 1993-ին ՀՀ կառավարությունը որոշեց այնուամենայնիվ վերականգնել ԱԷԿ-ը, 1995-ին այն գործարկեցին: Սակայն կայանին անհրաժեշտ էր միջուկային վառելիք, որը դարձյալ եկավ Ռուսաստանից և դարձյալ պարտքով: 2001-ին կուտակվել էր 100 միլիոն դոլարի պարտք: Ամեն տարի Հայաստանի տնտեսությունից 18 մլն տրամադրվում էր պարտքի սպասարկմանը: Արևմուտքի երկրներից ստացված 800 միլիոն վարկերի սպասարկումը մեկուկես անգամ ավելի էժան էր:

Որպես տեղեկություն

  • Նույն 2001 թվականին Ռուսաստանը ներեց Եթովպիայի 4 միլիարդ դոլարի պարտքը
  • 2000-ին՝ Վիետնամի 9 մլրդ-ը
  • Ընդհանուր առմամբ, 2000-ից 2005 թվականներին Ռուսաստանը դուրս գրեց մոտ 30 միլիարդ Տանզանիային, Իրաքին, Լաոսին, Բենինին, Գվինեա-Բիսաուին և այլ մտերիմ գործընկերների:

Հայաստանը, որքան էլ աղքատ լիներ, ուներ ձեռնարկությունների համաստեղություններ, որոնք կարող էին եկամուտ ապահովել: Ամենահամեղը ԽՍՀՄ ժամանակների ռազմարդյունաբերական համալիրն է:

«Նաիրիտ» քիմիական գործարանը (հիմնական արտադրանքը՝ կաուչուկ), «Մարս» գործարանը (էլեկտրոնիկա), Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ​​ինստիտուտը, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը և մի շարք ավելի փոքր գործարաններ, ՀԷԿ-երի Սևան-Հրազդան կասկադը՝ ութ հիդրոէլեկտրակայան:

2001-ին նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեց Երևան: «Ռուսաստանը ցանկանում է ներդրումներ կատարել հայկական ձեռնարկություններում»,- այն ժամանակ այցի նպատակի մասին հաղորդեց փոխվարչապետ Իլյա Կլեբանովը:

Սա ներկայացվեց որպես եղբայրական օգնության դեռևս մեկ ձեռք: Այսինքն՝ այդ պահից Ռուսաստանը երկու ձեռքերը մեկնեց դեպի Հայաստան:

Գրկախառնությունը կոչվում էր «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիր, իսկ համաձայնագիրը ստորագրվեց 2002 թվականին. «Մարս» գործարանը գնահատեցին 56 մլն, երեք գիտահետազոտական ​​ինստիտուտները և քիմիական գործարանը՝ 7 մլն-ից պակաս, Հրազդանի կասկադը՝ 31 մլն դոլար:

Այնուհետև այլ ձեռնարկություններ, որոնք կարող էին գոնե որոշակի եկամուտ բերել Հայաստանի բյուջե, գրեթե ամբողջ էներգետիկան, երկաթուղիները, ոսկու և մոլիբդենի հանքավայրերը՝ ամեն ինչ դարձավ պետությանն ամենամոտ գտնվող ռուսական ընկերությունների սեփականությունը՝ «Ռոսնեֆտ», «Գազպրոմ», «Ռուսական երկաթուղիներ» և այլն:

Հանրապետության սեփականություն

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երկրի էներգետիկայի 60 տոկոսը կախված է բնական գազից: Դրա մատակարարումն ու բաշխումն ապահովում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Դրա նախկին անվանումը «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ է: Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ՀՀ կառավարությանն էր պատկանում բաժնետոմսերի 45%-ը, նույնքան էլ պատկանում էր ռուսական «Գազպրոմին», 10%-ը՝ «Ռոսնեֆտ»-ի վերահսկողության տակ գտնվող «Իտերա» ընկերությանը: Եվ այդ ժամանակ ենթադրվում էր, որ Ռուսաստանի հետ գործընկերությունը կօգնի վերականգնել ավերված գազատարի ցանցերը, արդիականացնել դրանք և գազը վերադարձնել բնակելի տներ: Ժամանակի ընթացքում Հայաստանի մասնաբաժինը կրճատվեց մինչև 20 տոկոս:

2013-ի հունվարին այս փաթեթը նույնպես փոխանցվեց «Գազպրոմ»-ին, և այդ ժամանակվանից այն դարձավ Հայաստանում գազային տնտեսության 100%-անոց սեփականատերը:

Այն ձևակերպվեց որպես առուվաճառքի գործարք, որը, ինչպես ժամանակին հայտարարեց «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության ոգուն»: Նախագահներ Պուտինի և Սարգսյանի ստորագրած «գազային պայմանագիրը» ենթադրում էր, որ գազը Հայաստան կմատակարարվի ներքին ռուսական գներով:

Գործնականում ստացվեց այսպես. «Գազպրոմը» իրականում գազը վաճառեց ներքին ռուսական գներով իր 100% դուստր ձեռնարկությանը: Բայց Հայաստանի «սահմանին» գազը հանկարծ թանկացավ, և «դուստրը» այդ գազը վաճառեց սպառողներին կրկնակի թանկ:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանրապետությունում մենաշնորհի տեր է էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում: Ընկերությունը, ինչպես արդեն նշվեց, պատկանում է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ին: Նրան է պատկանում նաև «Հրազդանի էներգետիկ ընկերությունը»՝ պետական ​​շրջանային էլեկտրակայանը, որն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի 10 տոկոսը: Եվ նրան, ըստ ՍՊԱՌԿ-ի (Միջազգային էներգետիկ կորպորացիա), պատկանում են Սևան-Հրազդան կասկադի ութ ՀԷԿ-եր (մամուլում տեղեկություններ կան ընկերությունը ռուսական «Տաշիր» խմբին վաճառելու մասին):

Հայաստանի երկաթուղային ցանցը՝ «Հարավկովկասյան երկաթուղին», պատկանում է «Ռուսական երկաթուղիներ» ռուսական ԲԲԸ-ին: 2018-ին, արդեն վարչապետ Փաշինյանի օրոք, Հայաստանի իշխանությունները անցկացրեցին ՀԿԵ-ի աուդիտ, որի պատճառը սակագների հերթական բարձրացումն էր: Արդյունքում քրեական գործ հարուցվեց, ընկերության ղեկավարությանը կասկածեցին ներդրումային ծրագրի ծախսերը արհեստականորեն ուռճացնելու, շինծու տենդերներ անցկացնելու և հարկերից խուսափելու մեջ: Դա այնքան զայրացրեց ընկերության ռուս սեփականատերերին, որ նրանք սպառնացին հրաժարվել սեփականությունից: Բայց, ըստ ՍՊԱՌԿ-ի, նրանք դեռ չեն հրաժարվել:

Ինչպես «Նովայա գազետային» հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, որը մասնագիտությամբ երկրաֆիզիկոս է, իր երկիրը հարուստ է գունավոր և թանկարժեք մետաղների հանքավայրերով: «Թեղուտի հանքավայրը հետխորհրդային տարածքում պղնձամոլիբդենային խոշորագույն հանքավայրն է,- ասել է նա:- Այն պարունակում է մետաղի ևս 11 տեսակ, այդ թվում՝ ոսկի: Այդ հանքավայրում պղնձի և մոլիբդենի պաշարները գնահատվում են մոտավորապես 30 միլիարդ դոլար»:

ՀՀ կառավարությունը թույլ է տվել, որ հանքավայրը 30 տարի ժամկետով շահագործի ռուսական «Վալեքս գրուպ» ընկերությունը: Ըստ Լևոն Բարսեղյանի՝ համաձայնագրում նշվում է, որ այս հանքավայրից Հայաստանի եկամուտը 600 միլիոն դոլար է, այսինքն՝ եթե նույնիսկ գումարենք մարդկանց եկամուտներն ու ենթակառուցվածքները, ապա Հայաստանի եկամուտը չի գերազանցի հանքաքարի արժեքի 5%-ը:

Ռուս սեփականատերերը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ոսկի են արդյունահանում նաև Սոթքի ոսկու հանքավայրում:

Որոտանի ՀԷԿ-երի կասկադը մինչև վերջերս մնում էր որպես Հայաստանի սեփականություն. Որոտան գետի երեք խոշոր կայաններ: «Որոտանի կասկադի դերը Հայաստանի էներգետիկ համակարգում համեմատվում է լյարդի հետ,-  այս ակտիվը բնութագրել է հայ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:- Երբ, օրինակ, համակարգում լարվածությունը բարձրանում է, դա օգնում է այն հավասարակշռել»:

Հասկանալով, որ այդպիսի գոհարը չի կարելի երկար ժամանակ պահել որպես սեփական, և որ Ռուսաստանը ժամանակի ընթացքում իր աչքը կգցի նաև դրա վրա, ՀՀ կառավարությունը 2015-ին որոշեց արագ, նախքան ռուս եղբայրների ուշքի գալը, կասկադը վաճառել ամերիկյան ընկերությանը՝ էներգետիկ ռազմավարությունը ինչ-որ կերպ դիվերսիֆիկացնելու և մրցակցություն ստեղծելու համար: 2015-ի ամռանը, երբ Երևանում մոլեգնում էին «էներգետիկ» բողոքի ցույցերը, ասվում էր, որ Հայաստանի ղեկավարության այս արարքը դեր է խաղացել սակագների բարձրացման գործում:

Դաշնակիցներ

Երկար ժամանակ ՀՀ իշխանությունները փորձում էին նստել երկու աթոռի վրա՝ բարեկամ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ: Ռուսաստանի հետ քաղաքականապես համագործակցել ԵԱՏՄ-ում և տնտեսապես ինտեգրվել Եվրամիությանը:

Ռուսաստանի հետ բանակցություններ են վարվել Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններին միանալու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, դաշինքը տնտեսապես լավ բան չէր խոստանում Հայաստանին: Պարզ պատճառով՝ ապագա ԵԱՏՄ այլ անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը չէր կարող տալ ընդհանուր տնտեսական տարածությունից ենթադրվող օգուտը: Ավելին, Հայաստանին սպասում էր գների կտրուկ աճ, և անհրաժեշտ էր մշակել «զգայուն ապրանքների» մի ամբողջ ցուցակ, որոնց թանկացումը պետք է փոխհատուցվեր բյուջեից:

Սակայն երկու բառ` Լեռնային Ղարաբաղ, ստիպում էր Հայաստանին գնալ ցանկացած զիջման, նրանք ակնկալում էին, որ Ռուսաստանը «հովանոց» կլինի Արցախի համար:

Զուգահեռաբար Հայաստանը բանակցություններ էր վարում Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ: 2013-ի հուլիսին դրանք հաջողությամբ պսակվեցին, և սպասվում էր, որ կողմերը աշնանը համաձայնագիր կստորագրեն: Դրանից հետո՝ հուլիսին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանը բարձրացրել է Հայաստանի համար գազի գինը. ավելի վաղ այն մատակարարվում էր 1000 խորանարդ մետրի դիմաց 180 դոլարով, այժմ՝ 270 դոլարով: Ասում են, որ այդ ժամանակ արձակուրդում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանին շտապ կանչել են Մոսկվա՝ այդ մասին հաղորդելու համար: Սեպտեմբերին նա կրկին հանդիպեց նախագահ Պուտինի հետ և հայտարարեց, որ եվրոպական ինտեգրացիա դեռ չի լինելու, և Հայաստանը ցանկություն հայտնեց անդամակցելու Եվրասիական միությանը:

2014-ի սկզբին այս հարցը համարվել էր լուծված: Հանրապետության կառավարությունը փորձեց գոնե որոշակի օգուտ քաղել դաշինքից: Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում Հայաստանի վարչապետը ժամանեց Սոչի՝ դրա դիմաց Ռուսաստանից ներդրումներ կատարելու սակարկության նպատակով, բայց ավելի վաղ՝ չսպասելով բուն անդամակցությանը: Նրան մերժեցին: Այնուհետև Հայաստանը խնդրեց թույլ տալ իրեն հանդես գալ որպես միության հիմնադիր: Դա անելու համար նա պետք է առաջինը անդամակցեր: Բայց 2014-ի մարտի 5-ին Եվրասիական հանձնաժողովի Գլխավոր տնտեսական խորհրդի նիստում նրան ընդհանրապես չընդունեցին միություն: Ոչ ոք չէր ցանկանում բավարարել նրա պայմանը՝ «զգայուն ապրանքների» գնաճը փոխհատուցելու վերաբերյալ:

2014-ի մայիսին Մինսկում Եվրասիական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Հայաստանին կրկին չընդունեցին: Հիմա էլ Ղարաբաղն էր խոչընդոտ դարձել. Հայաստանը պնդում էր, որ այն նույնպես ընդունվի միության մեջ, և Ռուսաստանը կարծես նույնիսկ խոստացել էր, բայց պարզվեց, որ դա անհնար է, քանի որ Ղարաբաղը, բացատրում էր Ռուսաստանը, միջազգային հանրության կողմից ճանաչված չէ: Կրկնում ենք. Ռուսաստանը դա ասաց 2014-ի մայիսին, այսինքն՝ Ղրիմի բռնակցումից երկու ամիս անց: Եվ փակագծերում նշենք, որ Հայաստանը Ղրիմում հանրաքվեն ողջունող շատ քիչ երկրներից մեկն էր: Այս առիթով տոնական համերգ է տեղի ունեցել Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Այդ ժամանակ հանրապետությունում լրջորեն ստեղծվեց այն տրամադրությունը, որ, իբր, այս ԵԱՏՄ-ն պետք չէ, Եվրոպան ավելի լավ է: Եվ ապա «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հայտարարեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, այդ ժամանակ՝ 4 դրամով: Բացատրեցին այն բանով, որ ՋԷԿ-երի համար նախատեսված գազը պետք է բարձր գնով գնել: Հայերը չէին կարող հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր, եթե ստորագրվեց տխրահռչակ «գազային համաձայնագիրը»:

Շուտով Աստանայում տեղի ունեցավ Եվրասիական Գլխավոր տնտեսական խորհրդի նիստ: Եվ այնտեղ, հայկական պատվիրակության ներկայությամբ, կարդացին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որում նա խնդրում էր Հայաստանին ընդունել միության կազմ «միայն նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»: Այսինքն՝ առանց Ղարաբաղի: Հայերը սա ընկալեցին որպես նվաստացում:

Հաջորդ հարվածը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մեկ այլ խմբաքանակի վաճառքն էր: Բայց Հայաստանը դա նույնպես հանդուրժեց, քանի որ նրանք շարունակում էին խոստանալ նրան գլխավորը՝ «հովանոց» Ղարաբաղի համար: Հայերը հավատում էին՝ եթե այնտեղ ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կգա և կօգնի: Անհրաժեշտ պահին չեկավ և չօգնեց:

Պատրաստեց՝ Սոնա Աբրահամյանը

www.1in.am

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert