Ակնարկ 1918 թվականի փետրվարյան ապստամբության եւ դրան նախորդող դեպքերի մասին

Պատմությունը մեծ մասամբ գրում են հաղթողները: Մեր պարագայում մի ժամանակ դա Սովետական իշխանություններն էին, իսկ այսօր նրանց վերացումից հետո պատմությունը 180 աստիճանով վերաշարադրվում եւ վերագնահատվում է նրանց գաղափարական գրեթե բոլոր հակառակորդների կողմից:

Այստեղ են ասել, «Եզը, որ ընկնում է դանակավորները շատանում են»:

Իսկ ռեալ պատմությունը իր բոլոր դեպքերով պիտի մատուցել հնարավորինս անաչառ եւ անկողմնակալ՝ հիմնված գիտական մեթոդաբանության վրա:

Պատմական այս դեպքերին ակնարկության դրդապատճառը Հայաստանյան օրվա քաղաքական ճգնաժամային իրավիճակը եւ քաղաքական տարբեր կուսակցությունների եւ կառույցների անհեռանկար մոտեցումը եւ ազգային շահերի նկատմամբ որդեգրած անհեռատես քաղաքականությունն է:

Մի կողմից առավոտ գիշեր լսում ենք ապստամբությունների, իշխանությունը բռնի զավթելու գույնզգույն «փրկիչների» կոչերը, մյուս կողմից՝ օտարամոլությունը դրոշ դարձրած՝ ստրկական հնազանդությամբ ուրիշ պետությունների հետ նոր միություններ կազմելու սրտխառնուկը:

Ականջ է ծակում դավաճանի ու դավաճանների որոնումները, հատկապես այն ուժերի կողմից ովքեր վախ ունեն հենց իրենք արժանանալու այդ սարսափելի կոչմանը:

Ապստամբությունները միշտ էլ հարվածել են մեր պետականությանը, խարխլել պետական հիմքերը եւ ունեցել են ցավալի հետեւանքներ: Ուստի հարկ համարեցի, որպես հիշեցում գրել 1921 թվականի փետրվարյան ապստամբության մասին: Սակայն պատմությունը ընկալելի չէր լինի եթե չանդրադառնայինք այդ ապստամբության նախապատմությունը հանդիսացող 1920 թվականի մայիսյան ապստամբությանը եւ այս երկու ապստամբությունների միջեւ ընկած տաս ամսյա ժամանակամիջոցին:

Ունենալով իմ սեփական համոզմունքը, աշխատել եմ այստեղ պատմությունը շարադրել բոլոր կողմերի տեսակետների լայն եւ ընդարձակ մեջբերումներով՝ հիմնական եզրակացությունը թողնելով ընթերցողին: Վստահ եմ շատերին՝ հատկապես մեր երիտասարդությանը Սփյուռքում եւ Հայաստանում օգտակար կլինի:

***

Առաջին մաս.

Հոկտեմբերյան հեղափոխություն, Հայաստանի Հանրապետության ստեղծում, մայիսյան ապստամբություն

Հայ ժողովրդի պատմական օրհասական պահերից մեկն է 1921 թվականի այսպես կոչված փետրվարյան ապստամբությունը, խռովությունը կամ արկածախնդրությունը:

Մեզ հուզող ժամանակաշրջանում տեղի ունեցան նաեւ այնպիսի դեպքեր, որոնք ոչ միայն ունեին եւ ունեցան տեղական եւ տարածաշրջանային ազդեցություն՝ այլ համաշխարհային եւ մարդկային հազարամյա պատմության մեջ ունեցան իրենց դերն ու նշանակությունը…

Ցարական Ռուսաստանում 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը ցնցեց աշխարհը: Փոխվեց մինչ այդ տեղի ունեցող միջպետական եւ դաշնակցային հարաբերությունների եւ դասավորումների (բլոկների) շարքերը: Մի կողմում կանգնած էին աշխարհի գերհզոր տերերը եւ նրանց հարող պետություններն ու քաղաքական կուսակցությունները, մյուս կողմից Ռուսաստանում նոր իշխանության հասած Խորհրդային պետությունը:

Կովկասը լինելով հսկայական տարածքներով Ցարական Ռուսաստանի ծայրամասերից մեկը, վրաց մենշեւիկների, թուրք ադրբեջանական մուսավաթականների եւ Հայ Հեղափոխական Դաշնակցության գլխավորությամբ անջատվեց Ռուսաստանից եւ Թիֆլիսում 1918 թվականի փետրվարի 24–ին ստեղծվեց այսպես կոչված Կովկասյան Սեյմը:

Թուրքիային ձեռ էր տալիս Կովկասի անջատումը Ռուսաստանից, ուստ անմիջապես ճանաչեցին Սեյմի անկախությունը: Սակայն Սեյմի կյանքը երկար չտեւեց:

Միմյանց չէին վստահում վերոնշյալ երեք ազգերի ներկայացուցիչները եւ շուտով սկսվեց ազգամիջյան անվերջանալի կռիվները: Նրանց միացնող գրեթե միակ օղակը Խորհրդային Ռուսաստանի դեմ միասնական դաշինքն էր, բայց ներքին հարցերում յուրաքանչյուրը ուներ իր ծրագրերը… Այս երեք բաժան–բաժան եղած կուսակցությունների վարած քաղաքականության դեմ պայքարում էր բոլշեւիկյան կոմունիստական կուսակցությունը՝ Կովկասում եւս տարածելու իր հեղափոխությունը:

Շուտով լուծարվում է Սեյմը եւ մեկը մյուսի ետեւից 1918 թվականի մայիսին անկախություն են հռչակում Վրաստանը, Ադրբեջանը եւ ապա Հայաստանը:

Փաստորեն Հայաստանին բաժին էր ընկնում 12000 քառ. կիլոմետր տարածք եւ թուրքական զորքը կանգնած էր Երեւանից 7 կիլոմետր հեռավորության վրա:

Դաշնակցության ղեկավարներից Սիմոն Վրացյանը իր «Հայաստանի Հանրապետություն» հայտնի գրքում գրում է. « Ցնծության աղաղակներով ու ծափերով չընդունվեց հանրապետության ծնունդը… Ոմանք չէին հավատում նրան: Անկախություն եւ հանրապետություն բառերը դնում էին չակերտի մեջ: Եվ այդպես վարվելու հիմքերը շատ էին զորավոր»:

Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցան հսկայական վերիվայրումներ, որոնց մասին այստեղ չենք խոսում, մենք այստեղ կանդրադառնանք միայն 1920 թվականի մայիսյան ապստամբությանը, որից հետո կանդրադառնանք 1921 թվականի փետրվարյան դեպքերին:

Ռուսական հեղափոխությունը բնականաբար իր ազդեցությունն էր թողել ողջ աշխարհի վրա եւ Ցարական Ռուսաստանի կայսրության սահմանների մեջ առավելապես: Ուստի տարօրինակ կլիներ չսպասել, որ կոմունիստական կուսակցությունը Կովկասում չձգտեր իշխանության, դրա արտաքին եւ ներքին բոլոր հիմքերը առկա էին:

Հայաստանի տնտեսական, հասարակական վիճակը չափազանց ծանր էր, մի տարվա ընթացքում ժողովրդի դժգոհությունը դաշնակցական իշխանություններից օրըստօրե աճ էր ստացել, երկրում տիրում էր կամայականություն եւ լուրջ բողոքների առիթ ստեղծում:

Մեջբերում անենք պատմաբան Լեոյի «անցյալից» գրքի որոշ հատվածներից, որոնք ըստ երեւույթին զավեշտի ժանրից չեն, այլ հենց հեղինակի խոսքով իրականություն:

«Այսպես Երեւանից գնացքը դուրս չի գնում նշանակված ժամին, թեեւ ամեն ինչ պատրաստ է, մինչեւ անգամ երկրորդ զանգն է՝ տրված: ի՞նչ է պատահել : Սպասում են իրեն՝ մինիստրին: Անցնում է կես ժամ, վերջապես երեւում է մինիստրի ավտոմոբիլը: Բանից դուրս է գալիս, որ ինքը՝ մինիստրը չի գնում, այլ բերել է իր ազգականներին, ճանապարհ է դնում նրանց: Եվ գնացքը, վերջապես շարժվում է: Կամ մի ուրիշ դեպք, նրա մեջ մի ամբողջ կուպե մաուզերիստներ: Գնացքը մոտենում է Էջմիածնի կայարանին: Մաուզերիստները նկատում են մի գեղեցիկ կանաչ տեղ եւ վճռում են այնտեղ մի բան ուտել: Տանում են իրենց հետ գինու փոքրիկ տակառը, նստում են կանաչի վրա, սկսում են ուտել–խմել, իսկ գնացքը սպասում է, մինչեւ որ մարդկանց գլխի տեր մաուզերիստները կբարեհաճեն բավական համարել իրենց կերած–խմածը կանաչ դաշտում եւ վերադառնալ վագոն»:

Լեոն ավելացնում է. «Խատիսյանը հեռացվել էր, նրա տեղ վարչապետ էր նշանակվել Համո Օհանջանյանը, մի խեղճություն, որ միայն իր դաշնակցական ստաժով էր հեղինակավոր: Պետությունը օր ու գիշեր թալանվում էր: Այն թալանում էին դաշնակցական մինիստրները, թալանում էին եւ Բաքվից ու այլ տեղերից դժբախտ լեշի վրա հավաքված գիշատիչները՝ զանազան տեսակի սպեկուլյանտներ եւ սրիկաներ՝ զանազան արդյունավոր հանձնարարություններ, կոմիսիոներություններ, մենաշնորհներ ստանալով մինիստրներից: Հայ ինտելիգենցիան բոլորովին չէր ուզում անբաժան մնալ այդ թալանի մեջ… Կառավարությունը վճռեց նավթ գնել Ռումինիայում եւ այդ նպատակով այնտեղ ուղարկեց մի մասնագետի՝ նրա ձեռքը տալով մի խոշոր գումար, կարծեմ 50 կամ 100 հազար ֆրանկ: Սակայն գնումը տեղի չունեցավ, իսկ մասնագետ ինտելիգենտը գրպանեց իրեն տված խոշոր գումարը եւ գնաց ապրելու Արեւմտյան Եվրոպայի խոշոր կենտրոններում…

Բոլշեւիկյան ապստամբությունից հետո Հայաստանում հաստատվեց պատերազմական մինիստր»: Ռուբեն–փաշայի դիկտատուրան, որի եղբայրը դրանից առաջ էլ Հայաստանի ներկայացուցիչն էր խոշոր ֆինանսական ձեռնարկությունների մեջ: Կատարելապես անհասկանալի պատմություններ էին անում այդ մարդու կատարած հափշտակությունների մասին»:

Տեսնենք Դաշնակցության կարկառուն դեմքերից Սիմոն Վրացյանը ինչ է ասում ապստամբության մասին. «Ընդունելով Հայաստանի սահմանների մեջ՝ կառավարությունը մի պայման էր դրել հայ կոմունիստներին. Հայաստանում քաղաքական աշխատանք չկատարել: Եվ նրանք ամենքը պատվո խոսք էին տվել հարգելու այդ պայմանը»:

Սակայն ըստ երեւույթի հայ կոմունիստները չեն դադարում իրենց քաղաքական գործունեությունը եւ Վրացյանի ասելով « Հայաստանի դեմ նյութվում է մի դավ եւ որ այդ դավի անմիջական մասնակիցներն ու դերակատարները Հայաստանում հյուրընկալված հայ կոմունիստներն են … կառավարությունը ձեռք առավ կտրուկ միջոցներ. իրար հետեւից տեղի ունեցան ձերբակալություններ: Բռնվեց աչքի ընկնող կոմունիստների մեծ մասը…» եւ խուզարկությունները պարզեցին, որ « բոլշեւիկները պատրաստվում էին Հայաստանում ընդհանուր ապստամբություն»:

1920 թվականի ապրիլի 28–ին Ադրբեջանում արդեն տապալվել էր մուսավաթների իշխանությունը: Ս. Վրացյանը գրում է. «Ադրբեջանի հեղաշրջումը զուգադիպեց մայիս մեկի տոնին: Երեւանում եւ Հայաստանի մյուս վայրերում հայ աշխատավորությունը պատրաստվում էր առանձին հանդիսությամբ տոնելու աշխատավորների միջազգային համերաշխության օրը: Բոլշեւիկները օգտվեցին դրանից եւ աշխատեցին մայիսյան տոնը վերածել ընդհանուր հակապետական ապստամբության: Երեւանում այդ չհաջողվեց, բայց գավառական մի շարք քաղաքներում նրանք ունեցան կարճատեւ հաջողություն»: Վրացյանը շարունակում է.

«Հակապետական շարժման կենտրոն էր «Վարդան Զորավար» զրահագնացքը, որի հրամանատարն էր գլխապետ Մուսայելյանը, որի նախագահությամբ կազմվեց Ռազմահեղափոխական կոմիտե, որը իրեն հայտարարեց «երկրի գերագույն իշխանություն»: Ապա ուղիղ հեռագրով վերջնագիր ուղարկեց «Երեւան՝ պահանջելով, որ կառավարությունը իրեն հանձնե իշխանությունը»:

Այսպիսով ապստամբությունը տարածվում է Կարսից ու Ալեքսանդրապոլից մինչեւ այլ երկրամասեր: Բանակի տարբեր զորամասերում կազմվում են հեղափոխական կոմիտեներ: «Բասար–Գեչարում կանգնած Համազասպի գնդի կամավորների մի մասը ըմբոստացավ եւ դիրքերը լքելով՝ գնաց Ղարանլուխ, որ շրջանի զինվորական կենտրոնն էր: Այստեղ խռովարարներին միացան տեղի զինվորները: Ըմբոստացած զորքի գլուխը անցավ ուսուցիչ Սարուխանյանը, որը գրգռիչ ճառերով դրդեց ամբոխին տապալելու կառավարությունը… Այսպիսով, գրեթե միաժամանակ եւ միեվնույն ձեւով, Հայաստանի զանազան կողմերում բռնկվեցին ապստամբություններ: Ամեն տեղ ապստամբությունը կրում էր զինվորական բնավորություն: Տեղ–տեղ միայն միացան եւ բանվորները»:

Ս. Վրացյանը ավելացնում է. «Հարկավոր էր կտրուկ միջոցներ: Այդ կարող էր տալ միայն Հ.Յ.Դաշնակցությունը: Մայիսի 5–ին գումարվեց Խորհրդարանի արտակարգ նիստը, որը ընդունեց Ա. Խատիսյանի նախարարության հրաժարականը եւ նշանակեց նոր կառավարությունը. Հ.Յ. Դաշնակցության Բյուրոն իր ամբողջ կազմով անցավ իշխանության գլուխը: Փաստորեն հայտարարվում էր Դաշնակցության դիկտատուրա: Խորհրդարանը մի ամսով դադարեց»:

Ապստամբությունը ճնշվում է, որից հետո Վրացյանը անդրադառնալով Օհանջանյանի կառավարությանը գրում է. «Հ. Օհանջանյանի Բյուրո կառավարությունը իշխանության գլուխ եկավ բոլշեւիկների առաջ բերած մայիսյան հակապետական խռովությունների հետեւանքով… Բյուրո կառավարությունը մեծ հաջողությամբ, կարելի է ասել, փայլուն կերպով կատարեց իր դերը:… Կառավարության ներսը եւ դուրսը, հասարակության մեջ, առաջարկներ էին լինում , որ Բյուրո կառավարությունը քաշվի գործից եւ նրան հաջորդե խորհրդարանական կառավարություն: Հունիսին այս գետնի վրա , նույնիսկ ներքին տագնապ առաջ եկավ կառավարության մեջ»:

Անցնում է մի քանի ամիս, տեղի են ունենում մեծ իրադարձություններ… Սեւրի պայմանագիր, պատերազմ, զինադադար, թուրքերի հետ հաշտության հանդիպումներ եւ այլն…

Վրացյանը շարունակում է. Թուրքիայի հետ «Զինադադարի դաժան պայմանների կնքումով Օհանջանյանի կառավարությունը այլեւս հեղինակությունը կորցրել էր ժողովուրդի աչքին: Ամեն կողմից պահանջում էին նրա հրաժարականը»: 1920 թվականի նոյեմբերին որոշվում է նոր կառավարություն Ս. Վրացյանի վարչապետությամբ:

Նույն Վրացյանը գրում է. «Հաջորդ 24 ժամվա ընթացքում նորընտիր վարչապետը բանակցություններ է վարում կուսակցությունների եւ առանձին անհատների հետ՝ նպատակ ունենալով կազմել միատարր ընկերվարական կառավարություն. «ռուսական օրիանտացիային» հակամետ անձերից բաղկացած:(ընդգծումը մերն է): Որքան էլ պատգամավոր Թորոսյանը հավատացներ, թե հայ ժողովուրդը ուզում էր հաշտվել թուրքերի հետ, իրողությունը այն էր, որ, պատմական այդ վայրկյանին հայության մեծ մասի աչքերը հառած էին դեպի հյուսիս: Փրկությունը Ռուսաստանից էր սպասվում»:

Բնականաբար ամբողջությամբ հակառուսական հակաբոլշեւիկյան կառավարությունը չէր կարող վստահություն ներշնչել ռուսական կողմին, որքան էլ սրանք ցանկանային եւ լեզու գտնելու նամակներ ուղարկեին: Խոսքի եւ գործի մեջ կար հսկա տարբերություն: Նույնն էր թուրքերի պարագան:

Վրացյանի ղեկավարած կառավարության այսպես կոչված դեկլարացիայի վերաբերյալ հենց ինքը Վրացյանը մեջբերում է անում. «Հայաստանի կառավարությունը… հույս ունի, որ վերջին մեր քաղաքական կյանքը վրդովող այս պատերազմը կվերջանա հաշտությամբ եւ մեր հարեւան տաճիկ ժողովրդի արդարացի իրավունքների նույնքան արդարացի բաշխումով: Մեր գործունեության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Տաճկաստանի հետ եւ համերաշխություն ու խաղաղ համակեցություն բոլոր հարեւանների հետ»:

Իսկ «Հայ Ժողովրդի պատմության» VII հատորում (Երեւան 1967թ.) պատկերը ներկայացվում է հակառակ տեսանկյունից:

«Արդեն 1920 թվականի գարնանը, Մայիսյան ապստամբության նախօրյակին, Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները զգալի ուժ էին ներկայացնում եւ գլխավորում էին աշխատավորների պայքարը հանուն սովետական իշխանության…

Հայաստանում բուրժուական դեմոկրատիայի ամենատարրական նորմաներն իսկ չէին պահպանվում: Տիրող կարգերի դեմ ամենափոքր բողոքի արտահայտությունն անգամ դիտվում էր որպես «ազգի դավաճանություն» եւ պատժվում ամենաբիրտ միջոցներով»: Ապստամբությունը սկսվում է: «Համընդհանուր քաղաքական ցույցերը մի շարք վայրերում շուտով վերածվում են զինված ապստամբության»: Կազմվում է «Ռազմա–հեղափոխական կոմիտե», որը մայիսի 10–ին հրապարակեց մի կոչ, որով «տապալված հայտարարեց դաշնակցական կառավարությունը եւ երկրում հռչակեց սովետական իշխանություն»: Ապստամբությունը բռնկվում է ամենուրեք: Ավելի քան «ամիս ու կես է տեւում մայիսի 14–ին ապստամբած Ղազախ–Շամշադին գյուղերի դիմադրությունը դաշնակցականներին: Իսկ երբ ապստամբությունը պարտվեց, դաշնակցականներն անցան դաժան տեռորի»: Ս. Մուսայելյանը 1920 թվականի հունիսի մեկին մի նամակում գրում է. « Այժմ մենք գտնվում ենք բանտում: Ալեքսանդրապոլում 250–ից ավել ձերբակալված ընկերներ կան, ամբողջ Հայաստանի բանտերը մերայիններով լիքն են:… Տեռորը եւ մաուզերիզմը դաշնակցականների պետական կառավարության մեջ սիստեմ են դառնում: Իմ եւ հինգ այլ ընկերների վերաբերմամբ դատավարություն է տեղի ունենում: Դա ոչ թե դատ է, այլ կուսակցական հաշվեհարդար… նրանք կարող են մեզ արձակել եւ հետո անկյունից խփել, դաշնակցականներն ամեն սրիկայության եւ ստորության ընդունակ են»:

Շուտով տեղի են ունենում գնդակահարումներ:

Երբ խոսվում է ապստամբության պարտության պատճառների մասին, այն տեսակետն է արտահայտվում, որ ապստամբության պարտության մեջ հիմնականում բացասական դեր է խաղացել այն հանգամանքը, որ «ապստամբությունը միաժամանակ չսկսվեց Հայաստանի տարբեր վայրերում»:

***

Երկրորդ մաս.

Մայիսյան ապստամբության եւ փետրվարյան ապստամբության արանքում

1920 թվականի կեսերից մինչեւ դեկտեմբեր ամիս, երբ Հայաստանը դառնում է արդեն խորհրդային, տեղի են ունենում հսկայական իրադարձություններ, թե’ Հայաստանում եւ թե’ միջազգային գետնում, որը արժանի է լուրջ եւ խոր առանձին քննարկման: Այստեղ միայն հպանցիկ նշենք ու անցնենք առաջ…

Կիրովը, որը 1920 թվականի ամռանը Սովետական Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչն էր Վրաստանում, հայտարարեց, որ Սովետական Ռուսաստանն ընդունում է Հայաստանի անկախությունը եւ որ «… մենք պարտավոր պիտի համարենք օգնել հայերին, նույնիսկ զինական ուժով պաշտպանել անկախ Հայաստանի սահմանները: Մենք մեր վարկը չափազանց բարձրացրած կհամարենք բոլոր ժողովուրդների առաջ, եթե մեզ հաջողվի հայկական հարցը լուծել ոչ ջարդերով, ինչպես արել են եվրոպացիները, այլ հայ ժողովրդի անկախությունը ապահովելով»:

«Հայ Ժողովրդի պատմության» վերոնշյալ հատորում կարդում ենք. «1918 թվականի գարնանը, երբ բուրժուա–նացիոնալիստական կուսակցությունները ձեռնամուխ էին եղել անկախ հանրապետությունների ստեղծմանը, Ստեփան Շահումյանը եւ մի շարք այլ գործիչներ առաջարկում էին, ի հակակշիռ ստեղծվող բուրժուական հանրապետությունների, առաջ քաշել Անդրկովկասի սովետական անկախ հանրապետություններ ստեղծելու լոզունգը… Դժբախտաբար այդ առաջարկությունը չի գտնում կուսակցության երկրային կոմիտեում… Այդ սխալը ուղղվեց միայն 1919 թվականի կեսերին ՌԿ(բ)Կ Կենտկոմի միջամտությամբ»:

Քեմալականների շարժումը, ընդհանուր առմամբ ըստ Սովետական Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման «լինելով հակաիմպերիալիստական, Անդրկովկասում հետապնդում էր նվաճողական նպատակներ»: Հայ ժողովրդի պատմության VII հատորի համապատասխան բաժնում կարդում ենք. « Բանակցությունների ժամանակ Սովետական Ռուսաստանի կառավարությունը ձգտում էր վերականգնել Հայաստանի նախապատերազմյան սահմանները:

Համաձայն դաշնակցական կառավարության պատվիրակության ղեկավար Լեւոն Շանթի 1920 թվականի հունիսի 1–ին Մոսկվայից ուղարկած զեկույցի, Սովետական Ռուսաստանի կառավարությունը սկզբունքորեն համաձայն էր կնքվելիք պայմանագրի մեջ մտցնել Արեւմտյան Հայաստանի տերիտորիայի որոշ մասերի միացումը Հայաստանին, եւ որ այդ խնդիրը լուծելու համար ցանկանում էր «… միջնորդի դերում հանդես գալ Քեմալի եւ մեր միջեւ» Հետագայում Լեւոն Շանթը խոսելով Մոսկվայի բանակցությունների մասին խոստովանել է, որ « բոլշեւիկները կճանչնային մեր անկախությունը, մեզի բոլշեւիկ դառնալու պահանջ չէին ըներ, կուզեին միայն, որ փոխադարձ բարեկամական դաշինք կնքեինք»…

Դաշնակցական կառավարությունը չէր ցանկանում համաձայնության գալ Սովետական Ռուսաստանի հետ: Սակայն բացեիբաց հրաժարվել բանակցություններից, հրապարակորեն հրել օգնության նպատակով հայ ժողովրդին մեկնած Սովետական Ռուսաստանի ձեռքը՝ չէր կարող: Դաշնակցականները զանազան պատրվակներով ձգձգում են բանակցությունների շարունակումը Երեւանում»:

Սիմոն Վրացյանը մեջբերելով Լեւոն Շանթի զեկույցը գրում է. « Բանակցությունները ընթացան շատ հաջող: Խորհրդային պատվիրակությունն ընդունեց Հայաստանի բոլոր պայմանները եւ հունիսի 10ին արդեն Շանթը հաղորդում էր Երեւան, որ ռուս–հայկական դաշնագիրը կազմված է եւ մի երկու օրից կստորագրվի»: եւ, որ «Մոսկվայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնում Թյուրքահայաստանի խնդրում հանդես գալ միջնորդի դերում Հայաստանի եւ Քեմալի միջեւ»:

Սիմոն Վրացյանը պայմանագրի հետաձգումը պատճառաբանում է նրանով, որ « Ադրբեջանի կոմունիստները Բագվում գտնվող հայ կոմունիստների աջակցությամբ հաջողեցին ազդել Մոսկվայի վրա, որ դաշնագրի ստորագրությունը Հայաստանի հետ հետաձգվի»: Մինչդեռ Մյուս կողմը հակառակն է պնդում եւ շեշտում որ Փարիզում ընթանում էին Սեւրի խորհրդաժողովը եւ դաշնակցականները իրենց ամբողջ հույսը կապում էին Անտանտի վրա եւ նրանց չսրտնեղելու համար անընդհատ հետաձգում էին հանդիպումները…

Վերոնշյալ գրքում այս մասին կարդում ենք. « Բանակցությունները Երեւան փոխադրելու կապակցությամբ դաշնակցական կառավարության ներկայացուցիչը Վրաստանում՝ Տ. Բեգզադյանը, դեռեւս հուլիսի 6–ին գրում է դաշնակցական կառավարության արտաքին գործերի մինիստրին, որ «… իմ կարծիքով Չիչերինին մի պատասխան միայն պետք է տալ, որ կանչում ենք պատգամավորությունը մանրամասն զեկուցում լսելու համար եւ միայն դրանից հետո կտանք մեր վերջին որոշումը…

Մի խոսքով, ըստ իս, պատասխանը պիտի լինի վճռական եւ խրոխտ, մենք ժամանակ կվաստակենք, մինչեւ կստանանք Անգլիայից եկած ռազմամթերքը եւ այն ժամանակ կարող կլինենք դիմադրել նույնիսկ ռուս զորքերին… Ղազախի շրջանը ամրացրեք»:

Շարունակությունը կարդում ենք. «1920 թվականի հուլիսի վերջերին Լեգրանը արդեն գտնվում էր Սովետական Ադրբեջանի եւ Վրաստանի սահմաններում, սակայն դաշնակցական կառավարությունը հրաժարվում էր նրան ընդունել Երեւանում, պատճառաբանելով, որ իր կողմից բանակցությունները պետք է շարունակի վարել Լ. Շանթը, որը դեռեւս չի վերադարձել Մոսկվայից»:

Այս բոլորի պատճառը իհարկե այն էր, որ դաշնակցությունը իր հույսը 100 տոկոսով կապել էր Անգլիայի, Ֆրանսիայի եւ Արեվմտյան երկրների վրա, որոնք կատաղի պայքարի մեջ էին Սովետական Ռուսաստանի դեմ:

«1920 թվականի օգոստոսի 10–ին Թիֆլիսում ժամանակավոր համաձայնագիր է կնքվում Սովետական Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարության միջեւ, որի նպատակն էր Սովետական Ադրբեջանի եւ դաշնակցական Հայաստանի փոխհարաբերությունների կարգավորումը: Ըստ համաձայնագրի Սովետական Ռուսաստանի զորամասերը ժամանակավորապես պետք է մտնեին Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեվան գավառները՝ ազգամիջյան ընդհարումները կանխելու նպատակով: Ս. Վրացյանը գրում է. «օգոս.10–ին ստորագրվեց հաշտության համաձայնագիր, որով օգոստոս 10–ը ժամը 12–ից սկսած վերջ էին գտնում պատերազմական գործողությունները խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ»:

Համաձայնագրի ստորագրումը խիստ դժգոհություն է առաջացնում Անդրկովկասում գտնվող Անտանտի ներկայացուցիչների մեջ: Դաշնակից պետությունների դժգոհությունը հասկանալի է: «Նրանք չէին ցանկանում, որ բարելավվեն Սովետական Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները»: Նույն օգոստոսի 10–ին կնքվում է Սեւրի դաշնագիրը:

Վերոնշյալ պատմության գրքում կարդում ենք. «Դաշնակցական կառավարությունը ոգեւորված նույն օգոստոսի 10–ին կնքված Սեւրի պայմանագրով, ըստ էության արհամարհում էր Սովետական Ռուսաստանի հետ ստորագրած օգոստոսի 10–ի համաձայնագիրը եւ սահմանային կոնֆլիկտներ էր ստեղծում, միաժամանակ կեղծ լուրեր տարածելով «սովետական զորքերի հարձակման» մասին: Դա արվում էր սովետական զորքերի դեմ դաշնակցական զինված ուժերի գործողությունները արդարացնելու նպատակով»:

Անտանտի պետությունները չեկան Հայաստանի օգնության, իսկ «պայմանագրի բացակայությունը Սովետական Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ձեռնտու էր Անկարայի կառավարությանն իր զավթողական պլանները Հայաստանի եւ Անդրկովկասի նկատմամբ իրագործելու համար»:

1920 թվականի հոկտեմբերի 9–ին հանդես գալով ՌԿ(բ)Կ Մոսկվայի կազմակերպության ակտիվի խորհրդակցությունում Վ-.Ի. Լենինը նշում է. «Վերջերս թուրքերը հարձակում են սկսել Հայաստանի վրա, նպատակ ունենալով գրավել Բաթումը, իսկ հետո կարող է նաեւ Բաքուն: Հասկանալի է, որ մենք այդ հարցում պետք է հանդես բերենք մաքսիմում զգուշություն»:

Այդ ժամանակ Հայաստանում ստեղծվել էր չափազանց բարդ իրադրություն: Դաշնակցականները բանակցություններ էին վարում ե’ւ Սովետական Ռուսաստանի ե’ւ Անտանտի հետ:

Հայ թուրքական պատերազմի մեջ Անտանտի երկրներին հետաքրքրում էր, ոչ թե հայ ժողովրդի փրկության խնդիրը՝ այլ ամեն գնով Սովետական Ռուսաստանի կործանումը: Դրա համար էլ նրանք քաջալերում էին Թուրքիայի զավթողական քաղաքականությունը Կովկասում:

Դարձյալ դիմենք Ս. Վրացյանին: «Իսկ ի՞նչ վերաբերում ունեին դեպի թյուրքական հարձակումը դաշնակիցները: Դեռ օգոստ. 8–ին, Հայաստանի կառավարությունը շրջաբերական հայտագիր էր ուղղել բոլոր դաշնակից պետությունների կովկասյան ներկայացուցիչներին՝ ցույց տալով, որ քեմալականները ձգտում են Հայաստանի վրայով միանալ բոլշեւիկների հետ եւ նրանց օգնությամբ շարունակել պայքարը դաշնակիցների դեմ: Հայաստանի կառավարությունը փաստերով հաստատել էր, որ բոլշեւիկներն ու քեմալականները Ադրբեջանն ու Պարսկաստանը դարձնում են իրենց անմիջական գործունեության վայր եւ որ բոլշեւիկ համիսլամական–համաթյուրքական ծովի մեջ միայն Հայաստանն է մնացել մի փոքրիկ օազիս, որը հեշտությամբ ոտքի տակ կերթա, եթե դաշնակիցներից լուրջ օգնություն չստանա: Ոչ մի շոշափելի օգնություն չստացվեց դաշնակիցներից, եթե չհաշվենք Անգլիայի ծախած մեկ միլիոն ոսկու ռազմամթերքն ու զինվորական հագուստը: Պատերազմը սկսելուց հետո, Հայաստանի կառավարությունը նորից դիմեց դաշնակիցներին: Պատասխանը եղավ նույնը. Համակրական խոսքեր եւ ոչ մի գործնական օգնություն»:

Արեւմուտքից օգնության բազմաթիվ խնդրանքներից մեկին անդրադառնում է Ս. Վրացյանը գրելով. «Անգլիայի ներկայացուցիչ Ստոկսը միայն որոշ պատասխան տվեց Ֆորեյն Օֆիսի կողմից՝ Անգլիան ոչնչով չի կարող օգնել: Հայերին ոչինչ չի մնում անել, բայց եթե իբրեւ երկու չարյաց փոքրագույնը– հաշտվել Խորհրդային Ռուսաստանի հետ»:

Ըստ Վրացյանի «Հ. Օհանջանյանի կառավարությունը իր մեծամասնությամբ դեռ շարունակում էր կանգնած մնալ հակառուս գետնի վրա … Պետք է ասել նաեւ, որ կառավարական կուսակցության ՝ դաշնակցության շարքերում էլ վարանում ու շփոթ էր տիրում:… ոմանք պնդում էին, թե պետք է շարունակել անհաշտ թշնամական դիրքը դեպի Ռուսաստանը, առանց սակայն կարողանալու ցույց տալ, թե ի՞նչ պետք է անել վերջնական կործանումից խուսափելու համար: Ուրիշները անհրաժեշտ էին համարում անմիջապես «լեզու գտնել» Խորհրդային Ռուսաստանի հետ: Իսկ շարքայինները տատանվում էին հույսի եւ վհատության միջեւ»:

Ս. Վրացյանը եզրակացնում է. «Այսպիսի պայմաններում եւ այս տրամադրությամբ ու հույսերով Հայաստանի Հանրապետությունը դարձավ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, 1920թվի դեկտ.2–ին»:

***

Երրորդ մաս.

Խորհրդային Հայաստան եւ Փետրվարյան ապստամբություն

1920 թվականի դեկտեմբերի 2–ին, երբ Հայաստանը արդեն դարձել էր խորհրդային իշխանություն, դաշնակցական կառավարությունը թուրքերի հետ կնքեց Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագիրը, որի հետեւանքով բազմաթիվ այլ ստորացուցիչ կետերի կողքին Հայաստանը կորցնում էր նաեւ ավելի քան 30 000 քառ. կիլոմետր տարածք, եւ հավասարվում էր Բաթումի դաշնագրով նախատեսված տերիտորիային, այսինքն շրջափակվում էր Երեւանի եւ Սեւանի լճի սահմաններում: Հայաստանը զինաթափվում էր եւ զրկվում բանակ ունենալու իրավունքից: Դաշնակցական կառավարությունը հրաժարվում էր Սեւրի պայմանագրից:

Դաշնակցությունը Թուրքերի հետ կնքել է երկու դաշնագիր մեկը 1918–ին Բաթումի դաշնագրով, մյուսը 1920 թվականին դեկտեմբերին Ալեքսանդրապոլի դաշնագրով: Հետաքրքրական է այդ առթիվ Ս. Վրացյանի նկատառումը. « Ճակատագրի ի՜նչ հեգնանք. 1918թ. հունիս 4–ին, Բաթումի դաշնագրով Թուրքիան եղավ առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այժմ Հայաստանը առաջին պետությունն էր, որ ճանաչում էր քեմալական Թուրքիայի անկախությունը»:

Վրացյանը դա ոչ թե համարում է վարած քաղաքականության եւ դաժան իրականության անխուսափելի հետեւանք, այլ ճակատագրի հեգնանք:

Ըստ Վրացյանի սկսվում է հեղկոմի թշնամական դաժան հաշվեհարդարը: « Հեղկոմը առաջին օրից իսկ թշնամական դիրք բռնեց դեպի երկրի բոլոր ոչ–բոլշեւիկ տարրերը եւ իրեն պահում էր այնպես, ինչպես պահում է թշնամի երկիրը մտնող նվաճող մի բարբարոս ուժ… դեկտեմբերի վերջերը արձանագրության ենթարկվեցին հայկական բանակի բոլոր սպաները եւ 70 ընտիր զինվորականներ անմիջապես աքսորվեցին Բաքու:

Հունվար 10–ին Ռուսաստան աքսորվեց Դրոն իր զինակից սպաների հետ:»:

Ալեքսանդրապոլի դաշնագրից դեռ երկու ամիս չանցած դաշնակցությունը Հայաստանի նոր իշխանության (այսպես կոչված հեղկոմի) վարած կոշտ, «ռազմական կոմունիզմի» քաղաքականության իբր հետեւանք՝ կազմակերպեց փետրվարյան ապստամբությունը:

Ըստ հենց դաշնակցության պատմագրության, 1920 թվականի փետրվարի սկիզբներին Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ կազմվում է «Հայրենիքի փրկության կոմիտեն» եւ իշխանությունը հետ վերցնելու նպատակով իրագործում զինված ապստամբություն:

Փետրվարի 18–ին դաշնակցականներին հաջողում է գրավել Երեւանը եւ կարճ ժամանակով նորից տիրանալ իշխանության:

Այդ բոլորը ի դժբախտություն հայ ժողովրդի տեղի է ունենում քաղաքական այն բարդ ու ճակատագրական պահին, երբ Մոսկվայում տեղի պիտի ունենար Ռուս–թուրքական բանակցությունները, որի ընթացքում պետք է քննվեին Անդրկովկասին, ինչպես նաեւ Հայաստանին վերաբերող հարցերը: Ինչու՞ ի դժբախտություն հայ ժողովրդի, քանի որ Մոսկվայում կայացած Ռուս–թուրքական հանդիպմանը չկարողացավ մասնակցել Խորհրդային Հայաստանի պատվիրակությունը, որ արդեն ժամանել էր Մոսկվա: Դաշնակցական ղեկավարները հայտարարեցին, որ իրենք արդեն իշխանության գլուխն են անցել եւ ոչ ոք Հայաստանի անունից չի կարող հանդես գալ այդ խորհրդաժողովում:

«Հայրենիքի փրկության կոմիտեի» նախագահ Ս. Վրացյանը հայտնում է կոնֆերանսի մասնակիցներին, որ Հայաստանում իշխանության գլուխն է անցել «Փրկության կոմիտեն» եւ «հետեւաբար կոնֆերանսը իրավասու չէ քննության առնելու հայաստանի հարցերը: Դա հենց թուրքերի ցանկությունն էր: Օգտագործելով Վրացյանի դիմումը թուրքերը պահանջում են ընդունել Ալեքսանդրապոլի պայմանագիրը եւ հրաժարվում բանակցություններ վարել Հայաստանի պատվիրակության հետ»:

Մարտի 16–ին կնքվում է Մոսկվայի պայմանագիրը, որը հիմք է դառնում Կարսի պայմանագրին:

Ապստամբության հաջորդ օրն իսկ նրանց շնորհավորելու են գալիս մեզ մենակ թողած Արեւմտյան պետությունները եւ ամենից առաջ Թուրքական պետության ներկայացուցիչները «Մասնավորապես, բուռն ուրախություն էր արտահայտում Անկարայի ներկայացուցիչ Բեհաէդդինը, որը շտապել էր առաջինը շնորհավորել և շատ վշտացած էր երևում, որ իրենից առաջ արդեն պարսից ներկայացուցիչն ու ամերիկացիները շնորհավորել էին»,- գրում է Վրացյանը:

Իսկ փետրվարի 21-ին Վրաստանի արտգործնախարարը շնորհավորեց հեղաշրջումը, և առաջարկեց զինվորական դաշինք կնքել բոլշևիկների դեմ: բայց ի դժբախտություն դաշնակցականների ընդամենը երեք օր անց Թի‎ֆ‎լիսը խորհրդայնացավ եւ անհեռատես մեր ազգայինները մնացին մեն միայնակ: Ըստ հենց Վրացյանի երկար ժամանակ Հայաստանում իրենք ժողովրդից գաղտնի էին պահում Վրաստանի խորհրդայնացման լուրը:

Դաշնակցականները արդեն մտածում էին դիմել թուրքերին օգնության խնդրանքով: Ղամարլուի ճակատի հրամանատար խմբապետ Սմբատն դրանցից առաջիններից էր: Վրացյանը գրում է. «Այդ հարցը զբաղեցնում էր և ուրիշների մտքերը, նույնիսկ Քաջազնունու նման զգաստ մարդկանց` այնքան ատելություն կար դեպի Հեղկոմի իշխանությունն ու բոլշևիզմն առհասարակ»:

Վրացյանի խոսքերով` Հայրենիքի փրկության կոմիտեն ձգտում էր «նոր հիմքերի վրա դնել հայ-թուրքական հարաբերությունները և փոխադարձ համաձայնությամբ, թեկուզ զիջումներով, լուծել սահմանային վեճը», Վրացյանը գրում է. «Մենք աշխատում էինք ամեն կերպ ցույց տալ մեր բարեկամությունը թուրքերին և նրանց ներշնչել հավատ դեպի մեզ: Նույնիսկ դիմեցինք թուրքերին` խնդրելով զինվորական օգնություն բոլշևիկների դեմ: Այդ նպատակով հատուկ սպա ուղարկեցինք Իգդիր` թուրքական հրամանատարության մոտ: Մենք գիտեինք, որ թուրքերը չեն օգնի, բայց դիմումով կամենում էինք շեշտել մեր բարեկամական վերաբերմունքը և ներշնչել վստահություն դեպի մեզ»:

Խորհրդահայ պատմաբանները հետեւյալ կերպ են ներկայացնում: «Երևանում քեմալականների ներկայացուցիչ Բեհաէդդինին հասցեագրած նամակում Վրացյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունից խնդրում է. «Առաջին` ռազմաճակատում գտնվող հայ գերիներին վերադարձնել Երևան, երկրորդ` որոշակի պայմանով հայկական բանակի համար տալ ռազմամթերք, երրորդ` հաղորդել, թե Ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավո՞ր է համարում Հայաստանին զինվորական օժանդակություն հասցնել, եթե կարող է` ինչ չափով և եղանակով»:

Քաղաքացիական պատերազմը շարունակվում է: Այն ուներ ոչ միայն ներքին դրդապատճառներ, այլ նաեւ աշխարհաքաղաքական արտաքին գործոնի դերակատարություն:

«Հայ ժողովրդի պատմություն» նույն հատորում կարդում ենք. «Դեռեւս 1921 թվականի հունվարի 27–ին, անգլիական «Թայմսը» գրում էր. «Դաշնակցականների լիդերներն այս ամսի սկզբներին Թիֆլիսում ունեցած կոնֆերանսում վճռել են բոլոր հնարավոր միջոցներով շարունակել կռիվը բոլշեւիկների դեմ…» թերթը միաժամանակ նշում էր, որ դրա համար անհրաժեշտ է դրսի օգնությունը դաշնակցականներին»:

Նույն գրքում կարդում ենք. «Փետրվարյան ավանտյուրայի նախօրյակին Հայաստանում իրադրությունը որոշ չափով բարդացել էր նաեւ այն պատճառով, որ ռազմական կոմունիզմի քաղաքականության կիրառման ընթացքում, անհրաժեշտ չափով հաշվի չառնելով հանրապետության առանձնահատկությունները տեղերում թույլ էին տրվել մի շարք շեղումներ ու սխալներ, որոնք օգտագործվեցին դաշնակցականների կողմից: Այդ արտահայտվեց նրանով, որ խախտելով ռազմական կոմունիզմի սկզբունքները, շատ դեպքում տեղական աշխատողները վերցնում էին ոչ միայն աշխատավոր գյուղացիության պարենային ավելցուկը, այլեւ ամբողջ պաշարը, որը դժգոհություն էր առաջ բերում: 1921 թվականի հունվարին նախկին բանակի սպաների արտաքսումը հանրապետության սահմաններից նույնպես դժգոհությունների առիթ տվեց: նման դրությունը ճարպկորեն կարողացան օգտագործել սովետական իշխանության թշնամիները եւ իրենց կողմը գրավել մանրբուրժուական, ինչպես նաեւ ինտելիգենցիայի տատանվող տարրերին, ուժեղացնել իրենց քաղաքական պայքարի ճակատը»:

Ըստ Խորհրդային պատմաբանների դաշնակցականները առերես ձգտում էին սովետական իշխանության վստահությունը ձեռք բերել, մինչդեռ նրանք կատարում էին դաշնակցականների կենտրոնական մարմնի ՝ բյուրոյի 1920թվականի նոյեմբերի 30–ի որոշումը, ուր ասված էր.«…բյուրոն հեռանում է Հայաստանից, թողնելով իր ներկայացուցիչը, եւ հրահանգում է ընկերներին իրենց տեղական պայմանների համաձայն գործել եւ գաղտնի պահպանել կուսակցության գոյությունը»: («Հայրենիք» Բոստոն 1925 )

«Զինված ելույթի առաջին փորձը դաշնակցականները կատարեցին 1921թվականի հունվարի 22–ին՝ Բաշ–Գյառնիում եւ գրավեցին այն», իշխանություններին հաջողում է հետ վերցնել այն հունվարի 29–ին:

Քեմալական Թուրքիան եւ Արեւմտյան երկրները նաեւ քիչ ջանք չխնայեցին Հայաստանում տապալելու Խորհրդային իշխանությունը: Եղբայրական պատերազմ էր եւ բանտերը լցվում են կոմունիստներով եւ ապստամբության հակառակ մարդկանցով: Սակայն ապստամբներին չի հաջողվում ամենուրեք գրավել իշխանությունը եւ եղբայրասպանությունը շարունակվում է:

Դաշնակցությունը մեծ հույսեր էր կապել արտաքին աշխարհի, ինչպես նաեւ մենշեւվիկյան Վրաստանի հետ: Սակայն փետրվարի 25–ին, ինչպես ասացինք արդեն մենշեւվիկյան Վրաստանի կառավարությունը ընկնում է եւ խորտակվում են դաշնակցության հույսերը:

Ս. Վրացյանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» անունից դիմում է Թուրքիայի օգնությանը: Տեսակցություններ է ունենում Թուրքիայի արեւելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշայի Երեւանի ներկայացուցիչ Բահաեդդինի հետ: վերջինիս միջոցով 1921 թվականի մարտի 18–ին Թորքիայի Ազգային Ժողովի կառավարությանը մի դիմում է ուղարկում, որի մեջ ասված էր. « Հայրենիքի փրկության կոմիտեն …խնդրում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, հանուն ազգերի փոխադարձ շահերի, ըստ կարելույն շուտ՝ Երեւան վերադարձնել Տաճկաստանում գտնվող հայ զինվորական ռազմագերիներին: Տալ՝ որոշ պայմաններով հայ բանակին ռազմամթերք,… Հաղորդել մեզ թե արդյոք Ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավոր է գտնում հասցնել Հայաստանին զինվորական օժանդակություն եւ եթե կարող է, ի՞նչ չափով եւ եղանակով եւ ի՞նչ ժամանակամիջոցում:

Սույն դիմումն անելով՝ Հայաստանի կառավարությունը հիմնվում է այն բարեկամական հարաբերությունների վրա, որոնց հիմք է դրված Ալեքսանդրապոլի դաշնագրից եւ որոնք խանգարված էին բոլշեւիկների իշխանության ժամանակ»:

Փետրվարյան այդ ապստամբ օրերին «Հայրենիքի փրկության կոմիտեն» մոլեգին կերպով քարոզում է թուրքական օրիենտացիա:

Հայրենիքի փրկության կոմիտեի օրգան «Ազատ Հայաստանը» գրում է. «Իրերի պատմական բերումով Անդրկովկասի ժողովուրդների քաղաքական ազատության իրական պաշտպանը կարող է դառնալ միայն Տաճկաստանը: Որովհետեւ Տաճկաստանն է այն միակ իրական մերձավորագույն քաղաքական ուժը, որը անմիջապես եւ կենսապես շահագրգռված է Անդրկովկասի ժողովուրդների կատարյալ Ազատագրմամբ» (Ազատ Հայաստան», 15 մարտի 1921 թ.):

Այսպիսով դաշնակցականները գործարքի մեջ են մտնում նույնիսկ թուրքական ոճրագործ նվաճողների հետ: Սակայն եղբայրասպան այս արկածախնդրությունը չէր կարող երկար տեւել, ժողովուրդը ամենուրեք հյուծվում էր, Փրկության կոմիտեի շարքերում խուճապը եւ հուսալքությունը մեծ չափերի էին հասել: 1921 թվականի մարտի 18–ին Ս. Վրացյանը Նժդեհին ուղղված նամակում գրել է. «Ես արդեն գրել եմ քեզ մեր կացության մասին: Մի ամիս է կռվում ենք: Վերջին օրերը նկատվում է ժողովրդի մեջ թուլություն եւ մարտիկների մեջ խուճապային տրամադրության նշաններ… Մտել ենք բանակցության մեջ օգնության մասին նաեւ տաճիկ հրամանատարության հետ»:

Թիֆլիսում հայ մտավորականության նախաձեռնությամբ եւ Գ.Կ. Օրջունիկիձեի հանձնարարությամբ այդ օրերին Թիֆլիսից Երեւան է մեկնում բանաստեղծ Հովհաննես Թումանյանը՝ զենքերը վայր դնելու առաջարկությամբ: «Սակայն դաշնակցականներն այդ բոլոր առաջարկները մերժում են, իսկ Հովհ. Թումանյանին ենթարկում տնային բանտարկության»:

Ներքին ուժերի եւ 11–րդ կարմիր բանակի ներգործությամբ Ապրիլի 3–ին ավարտվում է «Հայրենիքի փրկության կոմիտեի» 40–օրյա իշխանությունը:

Հավատալով ողջ երկրով մեկ տարածվող հսկայական այն տեղեկություններին, որ բոլշեւիկները կացնով են գալիս եւ գլխատելու են բոլորին, տասնյակ հազարավոր մարդիկ բռնում են արտագաղթի ճամփան, սակայն մի քանի ամսից հետո, երբ ամեն ինչ հանդարտվում է շատերը վերադառնում են իրենց տուն ու տեղին:

Փետրվարյան ապստամբությունը ունեցավ անփառունակ վախճան: Դաշնակցականները կորցրին իշխանությունը, Խորհրդային իշխանությունը վերահաստատվեց Հայաստանում: Վերացավ Ռազմական կոմունիզմի քաղաքականությունը, ինչը արդեն վերացել էր ողջ Ռուսաստանում՝ տեղը զիջելով ավելի հանդուրժողական եւ ռեալիստական քաղաքականության:

Հայաստանի իշխանության գլուխն է անցնում Ժողովրդական կոմիսարների խորհուրդը (ԺողԿոմԽորհ), որի նախագահ նշանակվեց Հայաստան ժամանած Ալեքսանդր Միասնիկյանը, որի շնորհիվ երկրում իշխում է խաղաղությունը եւ սկսվում ստեղծարար բուռն աշխատանքը: Ձեռք առած լուրջ միջոցառումների շնորհիվ 1921թվականի ապրիլի 23–ին թուրքական զորքերը դուրս քշվեցին Ալեքսանդրապոլից (Գյումրի) ու նրա գավառից:

***

Վերջաբան.

Պատմության դասերը…

ի՞նչ չպիտի անել:

Պատմությունը բազմաթիվ նմանություններով հանդերձ՝ երբեք չի կրկնվում: 100 տարի առաջվա պատմությունը ունի շատ նմանություններ, սակայն այսօր ոչ Ռուսաստանն է նույն Ռուսաստանը, ոչ Թուրքիան է նույն Թուրքիան ոչ Հայաստանն է նույն Հայաստանը եւ ոչ էլ աշխարհը նույն աշխարհը:

Ռուս–թուրքական, կամ որեւէ այլ օտար պետությունների հարաբերություններից եւ պայմանագրերից բնականաբար չպիտի սպասել մեզ համար նպաստավորը եւ լավը, փոխարենը պիտի տեսնել թե սեփական պետությունը եւ իշխանությունները ինչ վերաբերմունք եւ քաղաքականություն են ունեցել եւ ունեն նման հարցերում, եւ հարցերին նայել եւ գնահատական տալ նաեւ այդ դիտանկյունից:

Բնականաբար եթե չլիներ փետրվարյան անփառունակ դեպքերը, հայկական պատվիրակության ներկայությունը Մոսկվայում, նվազագույնը կարող էր որոշակի դրական փոփոխություններ արձանագրել պայմանագրի մեջ: Եվ նույնպես երկիրը հեռու կմնար ինքնանպատակ, անտեղի ու անմիտ ցնցումներից:

Այսօր մեր ժողովուրդը արդեն առավել հասուն եւ շրջահայաց՝ լավ է հասկանում իսկական եւ կեղծ հայրենասիրության տարբերությունը, լավ է ընկալում ինքնիշխանության եւ պետական շահի գիտակցությունը, քան այն ինչ ոմանք կկարծեն:

Դաշնակցության անհեռատես եւ արկածախնդրական քաղաքականությունը եւ ժամանակի աշխարհաքաղաքական իրողության եւ ընթացքի վերաբերյալ ճիշտ գնահատական տալու ունակության պակասը, կամ չհասկանալը, եւ կամ չհասկանալ ձեւացնելը անդառնալի կորուստներ պատճառեցին Հայաստանի պետականությանը, որի արդյունքում ունեցանք այն ինչ ունեցանք: Կարելի էր եւ հնարավոր էր ունենալ ավելի լավը, սակայն…

Նրանք այս բոլորի ողջ մեղքը բարդում են մե’կ Արեւմուտքի, մե’կ թուրքերի, մե’կ ռուսների վրա՝ առանց դույզն անգամ ինքնաքննադատության:

Զգացմունքային, ազգային վերամբարձ ու լոզունգանման մոտեցումներից եւ գնահատականներից վեր՝ մեզ այսօր առավել պիտի հետաքրքրի խոսել այդ ապստամբությունների ունեցած դառը հետեւանքների մասին, որպեսզի դրական դասեր քաղենք անցյալից եւ չկրկնենք նույն սխալները:

Այսօր 100 տարի անց, օգտվելով ներկա իշխանությունների թավշյա քաղաքականության մեջ թույլ տված թավշական սխալներից եւ բացթողումներից՝ մեր աչքի առջեւ ծրագրվում է իրագործել, նույնանման անհեռանկար ու արկածախնդրական չափազանց վտանգավոր ապստամբություն եւ պետական հեղաշրջում: Հնչում են նույնիսկ ահաբեկչության եւ հոկտեմբեր 27–ի կրկնությամբ սպանությունների կոչեր… Հարկավոր է լինել զգուշ եւ շրջահայաց:

Կարո Հակոբյան,  2021 փետրվար, Շվեդիա

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert