Պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյան, ապրիլ 2021 թ.

Հայոց Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու փաստի կապակցությամբ։

Լրատվության միջոցները վերջին օրերին հայտնում են, որ ԱՄՆ-ի նախագահ Ջ․ Բայդենը արտասանելու է «Ցեղասպանություն» բառը։ Ի՞նչ կտա դա։Համարձակվում եմ ենթադրել, որ եթե ԱՄՆ-ի նախագահն արտասանի «Ցեղասպանություն» բառը հայ ժողովրդին ոչինչ չի տա։

Ես ավելի հակված եմ համաձայնվել 1975 թվականին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի տեսակետին, որով Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը գնահատել է որպես թատերական ներկայացում։

Բերեմ երկու օրինակ։

1․ Ֆրանսիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և նույնիսկ որոշեց դա ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկել։ Շառլ Ազնավուրը այդ կապակցությամբ հայտարարեց իր ուրախության մասին։ Հետո ի՞նչ։ Ֆրանսիան միաժամանակ հարկ չհամարեց հիշել Կիլիկիայի հայ բնակչության կոտարածի մեջ իր ունեցած պատասխանատվությունը։ Գերմանիան ճանաչեց Հայոց Ցեղասպանության փաստը։ Այդ կապակցությամբ Հայաստանից գաղթած հայերը Բեռլինի խորհրդարանի առջև ուրախությամբ պարեցին «Քոչարի»։ Միաժամանակ Գերմանիան հարկ չհամարեց հիշել Հայոց Ցեղասպանությունը կազմակերպելու գործում գերմանական պետության մեղավորությունը։

Իսկ ԱՄՆ-ի նախագահը, եթե արտասանի «Ցեղասպանություն» բառը, կհիշի՞ ԱՄՆ-ի ունեցած պատասխանատվության մասին։ 1945 թվականի հուլիսին Պոտսդամի կոնֆերանսում նպաստավոր պայմաններ էին ստեղծվել Կարսի մարզը և հարակից տարածքները հայ ժողովրդին վերադարձնելու համար։ Սակայն, ԱՄՆ-ի նախագահ Տրումենը և Մեծ Բրիտանիայի վարչապես Չերչիլը համառորեն դիմադրեցին Սովետական Միության ղեկավար Ստալինի առաջարկությանը և մերժեցին Կարսի մարզը հայ ժողովրդին վերադարձնելու պահանջը։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները Թուրքիային վերցրեցին պաշտպանության տակ և գերադասեցին 18․000 քառ․ կմ տարածք ունեցող Կարսը թողնել Թուրքիային և դրա փոխարեն Սովետական Միությանը զիճեցին գերմանական Պրուսիյա երկրամասից (այժմ՝ Կալինիգրադի մարզ) մոտավորապես 230․000 քառ․ կմ տարածք։

Լրանում է 106 տարի, ինչ թուրքական բարբարոս իշխանությունները կազմակերպեցին ու իրականացրին մարդկության պատմության մեջ մինչ այդ չտեսնված մեծագույն հանցագործությունը: Որքան էլ անցնի ժամանակը, միևնույնն է Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովրդի նկատմամբ թուրքական իշխանությունների կազմակերպած ցեղասպանությունը մնում է որպես քրեական ծանրագույն հանցագործություն ուղղված մարդկային քաղաքակրթության դեմ:

Հայոց ցեղասպանությունը լայնամասշտաբ պետական ահաբեկչություն էր, որն իրականացնող թուրքական պետությունը ստանալով արևմտյան տերությունների աջակցությունը, ոչ միայն մինչև օրս չի դատապարտվել, այլև խուսափել է պատասխանատվությունից:

Թուրքիայի կառավարողները, նրա դաշնակից արևմտյան տերություններն ու միջազգային զանազան կազմակերպությունները պետք է իմանան, որ բովանդակ հայությունը ցեղասպանության զոհերի հիշատակը չի նշում տուրք տալով սովորույթին: Նրանք պետք է իմանան, որ իր պատմական անցյալի համար հայ ժողովուրդը չի կարող ներել թուրքերին, քանի դեռ Թուրքիան 20-րդ դարի սկզբին պետական ահաբեկչությամբ իրագործած հանցագործության համար չի դատապարտվել:

Ստորև համակիր բարեկամներիս ուշադրությանն եմ ներկայացնում 2016 թվականին տպագրված իմ «Հայկական Հարց» մենագրության 3-րդ հատորից հետևյալ 2 հատվածները։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՌԱՑԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ ԷԼ, ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԷԼ

Արևմտյան տերությունները, որոնք ամբողջ 19-րդ դարի ընթացքում ամեն ինչ արեցին, որ խանգարեն Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, իրենց քաղաքականությամբ նպաստեցին արևմտահայության ոչնչացմանն ու տեղահանմանը, Լոզանի կոնֆերանսում մի քանի

«հայանպաստ» հայտարարություններով ճնշում գործադրեցին Թուրքիայի վրա և հասան իրենց նպատակին: Լոզանի կոնֆերանսում արևմտյան տերությունները Հայկական հարցը սահմանափակեցին տեղահանված հայերի համար Թուրքիայի տարածքում «օջախ» ստեղծելու դատարկ խոսակցություններվ և, ի վերջո, մոռացան հայերին տված խոստումներն էլ, Հայկական հարցն էլ:

Նախորդ էջերում նշվել է, որ Ամերիկայի հասարակական կարծիքը ջերմորեն էր վերաբերում Հայկական հարցի արդար լուծման գաղափարին:

ԱՄՆ-ի կառավարությունն էլ դրան համապատասխան հանդես էր գալիս հայանպաստ հայտարարություններով և պաշտպանում էր Թուրքիայի տարածքում հայկական օջախ ստեղծելու առաջարկությունը: ԱՄՆ-ը նաև համաձայնվել էր մասնակցել թուրքերի կողմից գործադրված բռնությունները հետաքննող հանձնաժողովին:

ԱՄՆ-ի կառավարությունը լիազորել էր Նյու-Յորքում գտնվող եկեղեցիների ֆեդերալ խորհրդի քարտուղար Ջորջ Մոնտգոմերիին Լոզանում միջնորդել այն տարածքի մասին, որտեղ հնարավոր կլիներ բնակեցնել հայ փախստականներին:

1922 թ. դեկտեմբերի 9-ին Լոզանում Մոնտգոմերին հանդիպել է Չիչերինին և նրա հետ երկար զրույց է ունեցել փախստական հայերին տեղավորելու մասին: Նա Չիչերինի համար անսպասելի հայտնել է, որ Թուրքիայի տարածքում հայկական օջախի ստեղծման փոխարեն նպատակահարմար է նրանց բնակեցնել Հյուսիսային Սիրիայում: «Թող,-ասել էր Մոնտգոմերին,- դրա համար Ֆրանսիայից վերցվի մի կտոր հողատարածք» (Կուսակցական կենտրոնական արխիվ (Մոսկվա), ֆ. 5, ց. 1, գ. 1985, թ. 21):

Կարճ ժամանակ անց, պարզվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից լիազորված Ջորջ Մոնտգոմերիի առաջարկության գաղտնիքը: Այդ նույն ժամանակ, Անկարայում քեմալական Թուրքիայի կառավարության հետ կոնցեսիաներ ստանալու հարցի շուրջ բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Չեստերը: Երբ ԱՄՆ-ի կառավարությունը սկսել էր Թուրքիայի վրա ուժեղ ճնշում գործադրել, պահանջելով հայերի համար հատկացնել ազգային օջախ, թուրքական կառավարությունը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը շարունակի այդ պնդումը, ապա նա կդադարեցնի բանակցությունները Չեստերի հետ (Կուսակցական կենտրոնական արխիվ (Մոսկվա), ֆ. 5, ց. 1, գ. 1988, թ. 1):

Թուրքական կառավարությունն իրականացրել է իր ահաբեկումը, հայտարարելով, որ մերժել է Չեստերին կոնցեսիա տալը և ընդհատել է բանակցությունները: Թուրքական ճնշումը ներգործել էր ԱՄՆ-ի վրա և ամերիկյան կառավարությունը հրաժարվել է հայկական ազգային օջախի պահանջից (Կուսակցական կենտրոնական արխիվ (Մոսկվա), ֆ. 5, ց. 1, գ. 1988, թ. 8):

ԱՄՆ-ը հետագայում այլևս չի անդրադարձել այդ հարցին և մոռացել է ամեն ինչ: ԱՄՆ-ի կառավարությունն այլևս չի հիշել նաև հայ-թուրքական սահմանի վերաբերյալ պրեզիդենտ Վիլսոնի իրավարար վճիռը, որը նա ընդունել էր 1920 թ. նոյեմբերի 22-ին, երբ քեմալական Թուրքիան նվաճել էր Հայաստանի մեծ մասը և պարտված Հայաստանին էր թելադրում իր կամքը: ԱՄՆ-ի պրեզիդենտի իրավարար վճիռը հենց սկզբից էլ հեռանկար չուներ, քանի որ Վիլսոնը նույնիսկ հարկ չէր համարել նշել, թե այդ վճիռն ում կողմից և ինչպես պետք է իրականացվեր:

Տեղին եմ համարում հիշեցնել հետևյալը: 2010 թ. Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակի կապակցությամբ մեր իրականության մեջ մի շարք գործիչներ հանդես եկան հեռուստատեսությամբ, կարդացին զեկուցումներ, գովեստի խոսքեր շռայլեցին Վիլսոնի հասցեին, ընդգծելով միաժամանակ, թե որոշ բիրտ ուժեր խոչընդոտեցին այդ իրավարար վճիռն իրականացնելու հնարավորությունը: Մինչդեռ, իմ համոզմամբ, մենք ավելի շատ պետք է նշենք, որ Վիլսոնի իրավարար վճիռը դատարկ թղթի կտոր էր, որին մենք, հայերս հերթական անգամ խաբվեցինք և շարունակում ենք դրա հետ հույսեր կապել, նորից ու նորից խնկարկելով այդ վճռի հեղինակին:

…Հայ պատվիրակները Լոզանից ձեռնունայն հեռացել են 1923 թ. փետրվարի 5-ին և վերադարձել են Փարիզ: Լոզանի կոնֆերանսում Անտանտի երկրները նոր հաղթանակ մատուցեցին «մեռնող հիվանդին»: Թուրքիան իր գործած հանցանքների համար ոչ միայն չպատժվեց, այլև ձեռք բերեց նոր արտոնություններ:

1923 թ. հուլիսի 24-ին Անտանտի երկրները հաշտության պայմանագիր կնքեցին Թուրքիայի հետ, որով նրանք ճանաչեցին Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և վերջնականապես ոչնչի հավասարեցրին Սևրի դաշնագիրը: Այդ պայմանագրի ստորագրման օրը Իսմեթ փաշան համարել է իր կյանքի երջանիկ օրը: Իսկ Քեմալը հայտարարել է. «Լոզանի պայմանագիրն այն փաստաթուղթն է, որը վճռականորեն վերջ է դնում այն լայնորեն մտածված դավադրությունը, որը դարերի ընթացքում ստեղծվել է թուրք ազգի դեմ, մի դավադրություն, որը հույս ունեին իրականացնել Սևրի պայմանագրի միջոցով» (ընդգծումն իմն է-Վ.Պ.), (Մուստաֆա Քեմալ, Նոր Թուրքիայի ուղին (ռուսերեն), հ. 4, էջ 148):

Լոզանում արևմտյան տերությունները մոռացան, որ Թուրքական հանրապետությունը ստեղծվել է կայսրության զավթած տարածքներում անհիշելի ժամանակներից ապրող հայերի, հույների և ազգային մյուս փոքրամասնություների ոսկորների վրա: Նրանք մոռացան, որ Մուստաֆա Քեմալն իր հանրապետության ստեղծումը նշանավորել է քրիստոնյա ժողովուրդների նոր ջարդերի կազմակերպումով:

Լոզանի կոնֆերանսից հետո Քեմալն իր արյունոտ ձեռքերին լրիվ ազատություն է տվելց: Ցեղասպան նախագահը ամբողջ ուժով հարձակվել է Թուրքիայում ապրող հայերի վերջին բեկորների վրա: Նա խնդիր էր դրել` հայերն ու մյուսները պետք է հեռանան երկրից կամ դառնան թուրք: Քեմալը պահանջում էր` բոլորին դարձնել թուրք (Բ. Դանցիգ, Թուրքիա (ռուսերեն), Մոսկվա, 1949 թ. էջ 131):

Այդ մասին է վկայում, օրինակ, 1924 թ. հունիսի 3-ին Արդվինում սովետական հյուպա տոս Ա. Դետիստովը, որն իր զեկուցագրում հայտնել է հետևյալը. «Թուրքերը տեղական հայ բնակչության դեմ այնքան են ուժեղացրել խստությունները, որ դրանք վերածվել են իսկական տեռորի: Կատարվում են գիշերային հարձակումներ, որոնք ուղեկցվում են թալանով, ծեծկռտուկով և կանանց բռնաբարումով: Նույնիսկ տեղական կառավարչությունը զանազան պատրվակներով հայերից խլում է նրանց տները, այգիները, հողը և այլն: Ընդ որում տեղական իշխանությունը համարյա չի թաքցնում այն մտադրությունը, որ սկսված հակահայկական շարժման նպատակն է բոլոր հայերին ստիպել հեռանալ Թուրքիայից» (ՀՀ ԱԱ, ֆ. 114, ց. 2, գ. 310, թ. 91):

Թուրքական իշխանություններն այդպես վարվեցին նաև մյուս բնակավայրերում մնացած հայերի հետ: 1924 թ. ընդունված թուրքական սահմանադրության մեջ Քեմալի ազգայնամոլական քաղաքականությանը տրվել է իրավական ձևակերպում: Այդ սահմանադրության 88-րդ հոդվածը երկրի բոլոր բնակիչներին թուրք էր հռչակում: «Մեր պետությունը,-հռչակում էր այդ հոդվածը,- ազգային պետություն է, այլ ոչ թե միջազգային կամ վերժողովրդական, և բացի թուրքերից չի ճանաչում որևէ այլ ազգ» (Սևրը և Լոզանը (ռուսերեն), Մոսկվա, 1949 թ, էջ 92): (Վլադիմիր Պետրոսյան․ «Հայկական Հարց», հատոր 3, 2016, էջ 223-227)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՊՈՏՍԴԱՄԻ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ. ԱՆԳԼԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿԸ

Երեք տերությունների ղեկավարները սկսել էին կոնֆերանսին նախապատրաստվել Գերմանիայի կապիտուլյացիայից անմիջապես հետո: Անհրաժեշտ էր շտապ կերպով համաձայնեցնել իրենց դիրքորոշումն ու վերաբերմունքը պարտված Գերմանիայի վերաբերյալ, լուծել գերմանա-լեհական սահմանի հարցը: Կարիք կար նաև համաձայնեցնել ֆաշիստական Գերմանիայի նախկին դաշնակիցների ու վասալների նկատմամբ երեք տերությունների քաղաքականությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հսկայական տառապանքների ենթարկված ու զոհեր տված Եվրոպայի ժողովուրդներն անհամբեր սպասում էին այդ հարցերի լուծման համար այնպիսի որոշումների, որոնք Գերմանիայում արմատախիլ կանեին ֆաշիզմն ու միլիտարիզմը, կկանխեին նրա կողմից նոր պատերազմի հրահրումը և դեմոկրատիայի ու արդարության հիման վրա կապահովեին բոլոր պրոբլեմներ լուծումը: Կոնֆերանսի բացումից 10 օր առաջ ԱՄՆ-ը պաշտոնապես ՍՍՀՄ-ին էր ներկայացրել «Մեծ եռյակի» կոնֆերանսում քննարկելու համար իրեն հետաքրքրող վեց հարցերը: Հուլիսի 11-ին Անգլիան նույնպես ներկայացրել էր իր վեց հարցերը բաղկացած բազմաթիվ ենթահարցերից: 5-րդ հարցն էր «Թուրքիա: Նեղուցների և ընդհանրապես ռուս-թուրքական հարաբերությունների մասին հարցը» և 6-րդ հարցը. «Իրան; Փոխադարձ զորքերի դուրս բերման հարցը»:

Երեք տերությունների ղեկավարների հանդիպմանը հատկապես շտապում էր Չերչիլը, որը կարծում էր, թե որքան շուտ հրավիրվի կոնֆերանսը, այնքան նրանում ուժեղ կլինեն Անգլիայի ու ԱՄՆ-ի դիրքերը: Չերչիլը շտապում էր նաև նրա համար, որ հուլիսի սկզբին Անգլիայում տեղի էին ունենալու պառլամենտի ընտրություններ, իսկ ինքը վստահ չէր, թե ինչպիսին կլինեն դրանց արդյունքները:

Ահա, թե Չերչիլն ինչու էր ձգտում երեք տերությունների ղեկավարների կոնֆերանսին մասնակցել մինչև ընտրությունները: Իսկ ԱՄՆ-ի պրեզիդենտ Տրումենն առաջարկում էր կոնֆերանսը սկսել հուլսի սկզբին: Հետո պետք է պարզվեր, որ հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ-ը նախատեսել էր փորձարկել առաջին ատոմային ռումբը: Տրումենը համոզված էր, որ դա իր ձեռքին հզոր միջոց կլինի: Չերչիլը մտադիր էր կոնֆերանսում բոլոր հարցերի վերաբերյալ բռնել կոշտ դիրք և Սովետական Միությանը պարտադրել իր պայմանները: Տրումենը նույնպես նպատակ ուներ գրավել կոշտ դիրք, բայց չէր կարող վարվել Չերչիլի նման, քանի որ շարունակվում էր պատերազմը Ճապոնիայի դեմ և ճապոնական ագրեսորներին ջախջախելու գործում Սովետական Միության մասնակցության կարիքն ուներ:

Ա. ԻԴԵՆԻ «ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

1945 թ. հուլիսի 17-ին Պոտսդամում բացվել է երեք տերությունների ղեկավարների՝ Մեծ եռյակի կոնֆերանսը: Նախօրյակին, հուլիսի 16-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ա. Իդենը Վ. Մոլոտովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե թուրքերն իր մոտ Լոնդոն էին եկել:

Վ. Մոլոտովը պատասխանել է, թե գիտե այն մասին, որ թուրքերը տեղեկացրել են Իդենին և հույս ունի, որ ճշմարիտն են հայտնել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մասին: Այնուհետև Վ. Մոլոտովն ասել է. «1921 թ. թուրքերն օգտվեցին Սովետական պետության թուլությունից և նրանից խլեցին Սովետական Հայաստանի մի մասը: Հայերը Սովետական Միությունում իրենց վիրավորված են զգում: Այդ պատճառով էլ Սովետական կառավարությունը հարց է բարձրացրել Սովետական Միությանն օրինականորեն պատկանող տարածքները վերադարձնելու մասին»:

Ա. Իդենը դիմել է խորամանկության, գործի դնելով բրիտանական դիվանագիտության գործելակերպը` «եթե որևէ խնդիր չես ուզում լուծել, ապա պետք է օգտագործել անտեղյակության փաստարկը»: Իդենը հայտարարել է, թե անգլիացիները նախկինում երբեք չեն լսել Թուրքիայի նկատմամբ Սովետական Միության տարածքային պահանջների մասին, որ բրիտանական կառավարությունը միայն իմացել է նեղուցների ռեժիմի վերաբերյալ սովետական առաջարկների մասին: Ի պատասխան Ա. Իդենի «անտեղյակությանը», Վ. Մոլոտովն ասել է. «Թուրքիայի նկատմամբ Սովետական Միության տարածքային պահանջների հարցը ծագել է, որովհետև թուրքերը Սովետական կառավարությանն առաջարկել են իրենց հետ կնքել դաշինքի մասին պայմանագիր և հարցրել են սովետական կառավարությանը, թե նա ինչ պայմաններում պատրաստ կլինի դա անել: Բնականաբար, Սովետական կառավարությունը թուրքական կառավարության հարցին պատասխանել է իր պայմանները շարադրելով»: Իդենն ասել է, թե թուրքերը համաձայն չեն բավարարել Սովետական Միության տարածքային պահանջները: Վ. Մոլոտովը պատասխանել է.

– Այն տարածքը, որի մասին խոսք է գնում, թուրքերին չի պատկանում: Նրանք վարվել են անարդարացի, դա խլելով Սովետական Միությունից: Այնուհետև Սովետական Միության արտաքին գործերի ժողկոմը հիշեցրել է, որ 1921 թ. լեհերն էլ էին վարվել անարդարացի` զավթելով սովետական տարածքների մի մասը: Սակայն լեհերն որոշել են վերանայել իրենց դիրքորոշումը և այժմ համաձայնվել են Սովետական Միությանը վերադարձնել այդ տարածքը: Մոլոտովն ընդգծել է, որ այդ օրինակը նա բերել է թուրքերին: Չհամաձայնվելով Մոլոտովի հետ, Իդենը պատասխանել է, ասելով, որ Թուրքիայում չկա Քերզոնի սահմանագիծը:

Վ. Մոլոտովը հարկ է համարել հիշեցնել. – Այնուամենայնիվ, անգլիական կառավարությունը նախկինում մի անգամ չէ, որ հանդես է եկել թուրքական տիրապետության տակ գտնվող հայկական բնակչության պաշտպանությամբ: Բոլորովին վերջերս այդ հարցում հայերին աջակցել է դոկտոր Հիուլետ Ջոնսոնը: Դարձյալ չհամաձայնվելով Մոլոտովի հետ, Իդենը պատասխանել է. – Ջոնսոնն ամբողջությամբ սովետական մարդ է և նրա բերած բոլոր փաստարկներն ամբողջովին համապատասխանում են Սովետական կառավարության փաստարկներին: Անգլիայում նրան նույնիսկ անվանում են «կարմիր ավագ քահանա»:

– Ջոնսոնը բոլորովին էլ սովետական մարդ չէ,- առարկել է Մոլոտովը և ավելացրել, որ համաձայն չէ Իդենի հետ:

– Թուրքական տարածքում շա՞տ հայեր են ապրում,- հարցրել է Իդենը: -Նրանք,- պատասխանել է Մոլոտովը,- այնտեղ կազմում են մոտ 400-500 հազար մարդ: Սովետական Հայաստանում ապրում է մոտ մեկ միլիոն հայ, իսկ Սովետական Հայաստանի տարածքից դուրս, արտասահմանում ապրում է մեկ միլիոնից ավելի հայ: Երբ հայերի տարածքն ընդլայնվի, արտասահմանում ապրող շատ հայեր կձգտեն վերադառնալ հայրենիք: Հայերը շատ ընդունակ և եռանդուն մարդիկ են, հատկապես տնտեսական հարցերում: Թող թուրքերը Սովետական Միությանը տան հայերին, դա կլինի արդարացի:(Այսպես է 1984 թ. հրապարակված սղագրության տեքստում: Դատելով երկու նախարարների երկխոսությունից, պետք է ենթադրել, որ Մոլոտովը նկատի է ունեցել նշված տարածքը Սովետական Միությունում ապրող հայերին վերադարձնելը- Վ. Պ.):

Իդենը չի պատասխանել Մոլոտովին, միայն շնորհակալություն է հայտնել հաճելի զրույցի համար: /էջ37-38/

Սրանով էլ ավարտվել է նրանց այդ օրվա հանդիպումը: Վ. Մոլոտովն անմիջապես Ստալինին զեկուցել է Ա. Իդենի հետ հանդիպման մասին և նաև ընդգծել, որ Անգլիայի կառավարությունը պաշտպանության տակ է վերցրել Թուրքիային:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐՑԸ

Թուրքիայի նկատմամբ Սովետական Միության ներկայացրած պահանջը քննարկվել է կոնֆերանսի հուլիսի 22-ի և 23-ի նիստերում:

Հուլիսի 21-ին ԱՄՆ-ի Պետական քարտուղար Բիրսը «Մեծ եռյակի» նիստում զեկուցել է քննարկվող օրակարգի հարցերի մասին, որոնց մեջ նշել 1 նաև հետևյալը. «Թուրքիա, ենթադրվում է, որ բրիտանական պատվիրակությունը ցանկանում է այդ հարցը բարձրացնել բանավոր»: Սակայն նիստն ավարտվել է և հերթը Թուրքիային չի հասել (Берлинская(Потсдамская) конференция руководителей трех союзных держав-СССр, США, Великоб8итании. 17 июля-3 августа 1945 г. Москва,1984, том 6, стр. 109)

Հուլիսի 21-ին արտաքին գործերի նախարարների նիստում հաստատվել է երեք տերությունների ղեկավարների հուլիսի 22-ի նիստում քննարկվող հարցերի ցանկը: Այստեղ, որպես 5-րդ հարց նշվել է Թուրքիայի մասին և արձանագրվել է, որ այդ հարցը բրիտանական պատվիրակությունը ցանկանում է բանավոր բարձրացնել (Берлинская (Потсдамская) конферанция. 17 июля-3 августа 1945 г.,… Стр. 119):

Հուլիսի 22-ին երեք տերությունների արտաքին գործերի նախարարներն իրենց նիստում նշեл еն երեք տերությունների ղեկավարների հաջորդ նիստի օրակարգի հարցերը, որոնցից 3-րդը վերաբերում էր Թուրքիային:

1945 թ. հուլիսի 22-ի նիստում տերությունների ղեկավարները քննարկման համար ընդունել են նախարարների երաշխավորած հարցերը, որոնց մեջ էր հետևյալ ձևակերպումով 3-րդը. «Թուրքիա – հարցը նույնպես տեղափոխված է երեկվա նիստից»: Մի շարք պրոբլեմներ քննարկելուց հետո Տրումենն ասել է. «Հաջորդ հարցը Թուրքիան է: Ես կարծում եմ, որ անգլիական պատվիրակությունն ունի առաջարկություն»:

Չերչիլը սկզբում հայտնել է, որ նեղուցների և Սև ծովի վերաբերյալ իր կառավարությունն արտահայտվում է Մոնտրեյի համաձայնագրի վերանայման օգտին: (Մոնտրեյի համաձայնագիրը ստորագրվել է Սովետական Միության, Անգլիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունաստանի և Ճապոնիայի կողմից 1936 թ. հուլիսի 30-ին – Վ. Պ.):

«Միաժամանակ,- ասել է Չերչիլը,- ես ինձ թույլ եմ տալիս գեներալիսիմուսի ուշադրությունը հրավիրել այն բանի կարևորության վրա, որպեսզի չվախեցնել Թուրքիային: Անկասկած, Թուրքիան անչափ անհանգստացած է Բուլղարիայում բուլղարական և սովետական զորքերի կենտրոնացումից, ինչպես նաև նրա դեմ սովետական մամուլում և ռադիոյով շարունակվող հարձակումներից և, իհարկե, ՍՍՀՄում թուրքական դեսպանի և պարոն Մոլոտովի միջև տեղի ունեցած բանակցությունների շրջադարձից: Այդ բանակցությունների ժամանակ հիշատակվել է Թուրքիայի արևելյան սահմանների փոփոխության, ինչպես նաև նեղուցներում սովետական բազաների մասին»: Չերչիլը նկատի է ունեցել 1945 թ. մարտի 19-ին Սովետական կառավարության կողմից որպես նոր պայմաններին չհամապատասխանող և լուրջ բարելավման կարիք ունեցող 1925 թ. դեկտեմբերի 17-ին ստորագրված բարեկամության և չեզոքության մասին սովետա-թուրքական պայմանագիրը չեղյալ համարելու կապակցությամբ Սովետական Միության և Թուրքիաի միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ 1945 թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները, որոնց մասին նշվել է նախորդ էջերում: Այնուհետև Չերչիլն ասել է. «Ես հասկանում եմ, որ դա Թուրքիային Սովետական կառավարության պահանջը չէ, սակայն նկատի ունենալով, որ Թուրքիան դրել է ՍՍՀՄի հետ դաշինքի մասին հարցը, վերջինս առաջ է քաշել այդպիսի դաշինք կնքելու պայմանները»:

«Ինձ բոլորովին պարզ է,-շարունակել է Չերչիլը,- որ եթե Թուրքիան Սովետական կառավարությունից խնդրում է հարձակողական և պաշտպանական դաշինք կնքել, ապա Սովետական կառավարությանը լավ առիթ է ներկայանում հայտարարելու այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Թուրքիային, սակայն, անհանգստացրել են առաջ քաշված պայմանները»: Այնուհետև Չերչիլն ասել է, որ չգիտե, թե ինչ է տեղի ունեցել Մոլոտիվի հետ այդ բանակցություններից հետո: Եվ դրա համար էլ կամեցել է իմանալ, թե ինչպիսին է այդ հարցում Սովետական կառավարության դիրքը:

Երբ Չերչիլն ավարտել իր ելույթը, Ստալինը խնդրել է խոսքը Մոլոտովին տալ: Մոլոտովն ասել է, որ սկզբում հարկ է համարում բացատրել, թե ինչպես է ծագել հարցը: «Թուրքական կառավարությունը,- հայտնել է Մոլոտովը,- դրսևորելով նախաձեռնություն, Սովետական կառավարությանն առաջարկեց կնքել դաշնակցային պայմանագիր:

Թուրքական կառավարությունն այդ հարցը սկզբում դրել էր Անկարայում մեր դեսպանի առջև, իսկ հետո, մայիսի վերջին, Մոսկվայում թուրքական դեսպանի միջոցով»:

Այնուհետև Մոլոտովը հայտնել է, որ հունիսի սկզբին երկու զրույց է ունեցել Մոսկվայում թուրքական դեսպան Սարպերի հետ դաշնակցային պայմանագիր կնքելու հարցով, որի կապակցությամբ թուրքական կառավարության առաջարկությանը Մոլոտովը պատասխանել է,

որ «Սովետական կառավարությունը չի առարկում այդպիսի պայմանագրի կնքումը որոշակի պայմաններով»: Մոլոտովը հայտարարել է, որ «դաշնակցային պայմանագիր կնքելու ժամանակ մենք պետք է կարգավորենք փոխադարձ պահանջները»: «Մեր կողմից,- այնուհետև ասել է Մոլոտովը,- կա երկու հարց, որոնք հարկավոր է կարգավորել: Դաշնակցային պայմանագրի կնքումը նշանակում է, որ մենք պետք է համատեղ պաշտպանենք մեր սահմանները: ՍՍՀՄ-ը` ոչ միայն իր սահմանը, այլ նաև թուրքականը, իսկ Թուրքիան` ոչ միայն իր, այլ նաև սովետական սահմանը: Սակայն, որոշ հատվածներում ՍՍՀՄ-ի և Թուրքիայի միջև սահմանը մենք համարում ենք անարդարացի:

«Իսկապես,- շարունակել է Մոլոտովը,- 1921 թվականին Սովետական Հայաստանից և Սովետական Վրաստանից Թուրքիայի խլած տարածքը Կարսի, Արդվինի և Արդահանի մարզերի հայտնի տարածքն է: Ահա թուրքերի խլած տարածքների քարտեզը: Մոլոտովն իր խոսքն ընդհատելով, Չերչիլին է փոխանցել քարտեզն ու շարունակել է.

– Այդ կապակցությամբ ես հայտարարել եմ, որպեսզի դաշնակցային պայմանագիրը կնքվի, հարկավոր է կարգավորել Վրաստանից ու Հայաստանից խլված տարածքների հարցը, նրանց ետ վերադարձնել այդ տարածքները: Այնուհետև Մոլոտովն անդրադարձել է Սևծովյան նեղուցների հարցին և ընդգծել, որ թուրքական կառավարությանը մատնացույց է արվել. եթե նա պատրաստ է կարգավորել այդ երկու հիմնական վիճելի հարցերը, ապա դրանց կարգավորումից հետո Սովետական կառավարությունը պատրաստ է կնքել դաշնակցային պայմանագիրը: Մոլոտովը տեղեկացրել է նաև, որ Սովետական կառավարությունը պատրաստակամություն է հայտնել կարգավորել այն հարցերը, որոնք կարող է Թուրքիան դնել նրա առջև: «Ավելացվել է,- շարունակել է Մոլոտովը,- որ եթե թուրքական կառավարությունը կգտնի այդ երկու հարցերի կարգավորումն անընդունելի, մենք պատրաստ ենք կնքել համաձայնություն միայն նեղուցների վերաբերյալ»: Այնուհետև Մոլոտովը շարունակել է, որ թուրքական կառավարությանը բանավոր կերպով հայտնվել են այդ առաջարկությունները և դրանց գրավոր տեքստը հանձնել է Տրումենին ու Չերչիլին: Կարդալով իրեն հանձնված փաստաթուղթը, Չերչիլը նկատել է. «Դա շատ կարևոր փաստաթուղթ է, և ավելի հեռու է գնում նրանից, ինչի մասին մենք խոսել ենք ավելի վաղ»: Պատասխանելով Չերչիլին, Մոլոտովը հայտնել է, որ այն ժամանակ խոսք չկար Թուրքիայի հետ դաշնակցային պայմանագրի մասին: Չերչիլը հայտարարել է. «Հանձնված գրության կապակցությամբ ծագում են բոլորովին այլ հարցեր: Խոսքը վերաբերում է նեղուցներում ռուսական բազաների մասին, ինչպես նաև այն մասին, որ ոչ ոք չի կարող կապ ունենալ Դարդանելի և Բոսֆորի հարցի հետ և բացի Թուրքիայից ու Սովետական Միությունից ոչ ոք չի կարող անցնել դրանցով: Ես վստահ եմ, որ Թուրքիան երբեք չի համաձայնվի սովետական առաջարկների հետ»: Չհամաձայնելով Չերչիլի հետ, Մոլոտովը հիշեցրել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև այդպիսի պայմանագրեր կնքվել են 1805 և 1833 թվականներին: Չերչիլը հարցրել է, թե այդ պայմանագրերով Ռուսաստանը նեղուցներում ստացե՞լ է ամրացված բազաներ: Մոլոտովը պատասխանել է, որ այդ պայմանագրերով նեղուցներով անցնելու մասին հարցը որոշվել է միայն Թուրքիայի և Ռուսաստանի կողմից: Չերչիլը ցանկություն է հայտնել ծանոթանալ Մոլոտովի վկայակոչած պայմանագրերին: «իսկ այժմ,-ասել է Չերչիլը,- միայն ուզում եմ մատնացույց անել մտցված առաջարկությունների և ավելի վաղ արվածների միջև եղած տարբերությունները: Ստալինը, որ մինչ այդ ուշադրությամբ լսում էր Մոլոտովի ու Չերչիլի երկխոսությունը, բրիտանական վարչապետին հարցրել է. «Ի՞նչ առաջարկությունների մասին է եղել խոսքը»: «Սովետական կառավարության հետ իմ բանակցությունների ժամանակ,- պատասխա նել է Չերչիլը,- ես պատրաստակամություն եմ հայտնել ազդել թուրքական կառավարության վրա, որպեսզի նա համաձայնվի Մոնտրեյի կոնվեցիայի վերանայմանը:: Իմ այդ առաջարկությունը մնում է ուժի մեջ: Բայց ես ինձ բոլորովին ազատ եմ զգումնոր առաջարկությունների վերաբերյալ»: Ստալինը, դիմելով Չերչիլին, ասել է. «Դուք ազատ եք»: Իսկ Չերչիլն էլ պատասխանել է. «Ես չեմ ուզում չպահել իմ խոսքը: Ինձ շատ է դուր գալիս ձեզ հետ համաձայնության հասնելը»: Իսկ Տրումենն էլ պաշտպանելով Չերչիլին, ասել. «Ես պատրաստ չեմ իմ կարծիքը հայտնել այդ հարցի վերաբերյալ, քանի որ ինձ չի հաջողվել դա քննել: Ես պետք է ուսումնասիրեմ Սովետական կառավարության առաջարկություններն իմ կարծիքը հայտնելուց առաջ»: Դրանից հետո սկսվել է մյուս հարցերի քննարկումը(Берлинская (Потсдамская) конферанция. 17 июля-3 августа 1945 г., стр. 134-137):

1945 թ. հուլիսի 22-ին արտաքին գործերի նախարարների նիստում պետությունների ղեկավարների հուլիսի 22-ի երեկոյան պլենար նիստի համար երաշխավորված հարցերի մեջ դարձյալ նշվել է. «3. Թուրքիա. հարցը տեղափոխված է երեկվա պլենար նիստից» (Берлинская (Потсдамская) конферанция. 17 июля-3 августа 1945 г., стр. 141):

1945 թ. հուլիսի 23-ին տեղի ունեցած արտաքին գործերի նախարարների 6-րդ նիստում «Մեծ եռյակի» հուլիսի 23-ի նիստի օրակարգում որպես առաջին հարց հիշատակվել է` «1. Թուրքիայի մասին»: 1945 թ. հուլիսի 23-ի երեկոյան պետությունների ղեկավարների 7-րդ նիստում նախագահող Տրումենը հայտնել է, որ օրակարգի առաջին հարցը Թուրքիայի և Սևծովյան նեղուցների մասին է ու խոսքը տվել է Չերչիլին, ասելով, որ նա երեկ չի ավարտել իր հայտարարությունը:

Չերչիլը պատասխանել է. «Ես երեկ իմ հայտարարությունն ավարտել եմ: Ես բացատրեցի, որ չեմ կարող պաշտպանել նեղուցներում ռուսական ռազմական բազաների ստեղծման մասին առաջարկությունը և չեմ կարծում, որպեսզի Թուրքիան համաձայնվի այդ առաջարկությանը»: Պատասխանելով Չերչիլին, Ստալինն ասել է. «Երեկ պարոն Չերչիլը պնդում էր, որ ռուսները վախեցրել են թուրքերին, որ նրանց վախենալու պատճառի գլխավոր պահերից մեկը հանդիսանում է այն, որ ռուսական ու բուլղարական զորքերը կենտրոնանում են Բուլղարիայում»: Այնուհետև Ստալինը Չերչիլի հետ մտքեր է փոխանակել Բուլղարիայում և Հունաստանում սովետական ու բրիտանական զորքերի թվաքանակի շուրջ: Ստալինը հիշեցրել է, որ Բուլղարիայում կա ընդամենը 30 հազարանոց սովետական զորք, Հունաստանում` 40 հազարանոց անգլիական զորք, իսկ թուրքերը Կոստանդնուպոլսի շրջանում ունեն 23 կամ 24 դիվիզիա և շարունակելով իր խոսքը, ասել է. «Հավատացնում եմ ձեզ, որ բուլղարական զորքերը չեն վախեցրել թուրքերին»:

Այնուհետև Ստալինը հարցրել է. «Կարող է թուրքերին վախեցրել է սահմանն ուղղելու վերաբերյալ առաջարկությո՞ւնը և ասել է, որ «խոսքը գնացել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գոյություն ունեցող սահմանի վերականգնման մասին: Ես նկատի ունեմ Կարսի շրջանը, որը մինչև պատերազմը գտնվում էր Հայաստանի կազմում և Արդահանի շրջանը, որը մինչև պատերազմը գտնվում էր Վրաստանի կազմում»:

«Հին սահմանի վերականգնման հարցը,- ընդգծել է Ստալինը,- չէր ծագի, եթե թուրքերը չդնեին ՍՍՀՄ-ի և Թուրքիայի միջև դաշնակցային պայմանագրի մասին հարցը: Իսկ դաշինքը նշանակում է, որ մենք պարտավորվում ենք պաշտպանել Թուրքիայի սահմանները, այնպես էլ Թուրքիան պարտավորվում է պաշտպանել մեր սահմանները: Բայց մենք գտնում ենք, որ Կարսի ու Արդահանի շրջանում սահմանը սխալ է, և մենք Թուրքիային հայտարարել ենք, որ եթե նա ուզում է մեզ հետ դաշինք կնքել, հարկավոր է ուղղել այդ սահմանը, եթե նա չի ուզում ուղղել սահմանը, ապա դաշինքի հարցը վերանում է»: Ստալինն իր խոսքի վերջում անդրադարձել է նեղուցների հարցին, որի շուրջն էլ ընթացել է քննարկման շարունակությունը: Նիստը նախագահող Տրումենն արտահայտելով իր կարծիքը, ասել է. «Ինչ վերաբերում է տարածքային հարցին, ապա դա վերաբերում է միայն Սովետական Միությանն ու Թուրքիային և պետք է լուծվի նրանց միջև» (Берлинская (Потсдамская) конферанция. 17 июля-3 августа 1945 г., стр. 148-151):

Մեղմ ասած, ԱՄՆ-ի նախագահը կեղծում էր, քանի որ, ինչպես նախորդ էջերում նշվել է, ԱՄՆ-ը, դեռևս «Մեծ եռյակի» հանդիպումից առաջ, ստանձնել էր Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Իսկ Սևծովյան նեղուցների հարցը, ինչպես հայտարարել է Տրումենը. «վերաբերում ԱՄՆ-ին և շատ այլ երկրների»:

ԻՐԱՆԻՑ ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ

1945 թ. հուլիսի 21-ին բրիտանական պատվիրակությունը ներկայացրել էր հուշագիր Իրանից դաշնակիցների զորքերը դուրս բերելու մասին:

Հուշագրում նշված էր, որ Անգլիան և ՍՍՀՄ-ն Իրանում իրենց զորքերը պահում են այդ երկու տերությունների և Իրանի միջև 1942 թ. հունվարի 29-ին կնքված պայմանագրի հիման վրա, որի 5-րդ կետի համաձայն նրանք իրենց զորքերը պետք է դուրս բերեն Գերմանիայի ու նրա կողմնակիցների և դաշնակից տերությունների միջև ռազմական գործողությունների ավարտից հետո ոչ ուշ վեց ամսվա ընթացքում:

Հուշագրում նշվում էր, որ անգլիական կառավարությունն առաջարկել է սովետական կառավարությանը, որպեսզի դաշնակից զինված ուժերն Իրանից դուրս բերվեն փուլ առ փուլ, մինչև պայմանագրի նշված ժամկետը: Սակայն, սովետական կառավարությունը պատասխան չի տվել: Բրիտանական կառավարությունը գտնում էր, որ հասել է ժամանակը դաշնակից զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերեվեն Իրանից և առաջարկել է դա կատարել հետևյալ փուլերով. Բրիտանական և սովետական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն Թեհրանից: Առաջին փուլի ավարտից հետո բրիտանական և սովետական զորքերը պետք է դուրս բերվեն ամբողջ Իրանից, բացառությամբ Համադանում և հարավում գտնվող նավթահանքերի շրջանում մնացող բրիտանական զորքերից և Իրանի հյուսիս-արևելքում կամ հյուսիսարևմուտքում մնացած սովետական զորքերից: Երկրորդ փուլի ավարտից հետո դուրս են հանվում Համադանի և Իրանի հարավում գտնվող նավթահանքերում մնացած բրիտանական զորքերը և Իրանի հյուսիս-արևելքում կամ հյուսիս-արևմուտքում մնացած սովետական զորքերը:

Բրիտանական հուշագիրը նշում էր, որ եթե ներկայացված առաջարկությունն ընդունվի, ապա զոնաների, որտեղից դուրս են բերվելու զորքերը, սահմանագծումը կկատարվի ավելի ուշ:

«Մեծ եռյակի» հուլիսի 23-ի նիստում քննարկվել է նաև Իանի վերաբերյալ հարցը: Նախագահող Տրումենը հայտնել է, որ այդ հարցի կապակցությամբ Չերչիլն ունի առաջարկություն: Չերչիլը հիշեցրել է, որ բրիտանական պատվիրակությունը կամենում է իմանալ, թե մեծ տերություններն ինչ դիրքորոշում ունեն այդ հարցի կապակցությամբ ներկայացված հուշագրի վերաբերյալ: Նախագահող Տրումենը հայտնել է իր համաձայնությունն Իրանից ամերիկյան զորքերը դուրս հանելու մասին: Ստալինը նույնպես նշել է, որ Թեհրանը բոլոր դեպքերում կարելի է ազատել: Չերչիլը կամեցել է ճշտել երկրորդ և երրորդ փուլերի իրականացման ժամկետները: «Այժմ,- ասել է նա,- պատերազմի ավարտից անցել է երկու և կես ամիս, բայց մենք խոստացել էինք իրանցիներին, որ զորքերը դուրս կբերվեն, հենց Գերմանիայի դեմ ավարտվի պատերազմը» և առաջարկել է զորքերն անմիջապես հեռացնել Թեհրանից, իսկ զորքերի հետագա հանումը քննարկել սեպտեմբերին արտաքին գործերի նախարարների խորհրդում: Ստալինն այդ առաջարկությանը չի առարկել, իսկ Տրումենը հայտնել է, որ զորքերը դուրս կհանեն Իրանից և կտեղափոխեն Խաղաղ օվկիանոս, որտեղ նրանց ներկայությունն անհրաժեշտ է: Ստալինը նշել է, որ դա Տրումենի իրավունքն է և ավելացրել է հետևյալը. «Մենք մեր կողմից խոստանում ենք, որ Իրանի դեմ մեր զորքերը որևէ գործողություն չեն ձեռնարկի»: Տրումենը նույնպես համաձայնվել է հարցը հանձնել արտաքին գործերի նախարարների խորհրդ քննարկմանը: Սրանով էլ ավարտվել է Իրանից զորքերի դուրս բերելու մասին հարցի քննարկումը: Չերչիլը կամենում էր շրջանցել 1942 թ. հունվարի 29-ին կնքված պայմանագիրը և սովետական զորքերն ավելի շուտ հանել Իրանից: Չերչիլի մտահոգությունը ոչ այնքան Իրանին

տված խոստման կատարումն էր, որքան սովետական զորքերի հեռացումը իրանա-թուրքական սահմանի հարևանությամբ գտնվող տարածքից, որտեղից ուղիղ ճանապարհ էր բացվում դեպի Թուրքիայի խորքը…

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՐՑՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ

1945 թ. հուլիսի 23-ին արտաքին գործերի նախարարների նիստում պայմանավորվել են պետությունների ղեկավարների քննարկման օրակարգի մեջ մտցնել 4 հարց, այդ թվում` «Թուրքիայի մասին»: Հուլիսի 24-ին նախարարները պետությունների ղեկավարների նիստի համար հարցերի մեջ դարձյալ երաշխավորել են «Թուրքիայի մասին» հարցը: «Մեծ եռյակի» հուլիսի 24-ի նիստի ժամանակ Տրումենը ներկայացրել է իր առաջարկությունը նավարկությունը, ընդհանրապես, չսահմանափակելու վերաբերյալ, բայց որպես նախագահող ասել է. «Հաջորդ հարցը Սևծովյան նեղուցների և միջազգային ներքին ջրային ուղիներով ազատ նավարկության մասին է»: Ստալինն անմիջապես պատասխանել է. «Նախագահ Տրումենի գրությունը չի շոշափում Թուրքիայի և նեղուցների մասին հարցը: … Մենք ուզում ենք պատասխան ստանալ Սևծովյան նեղուցների և այդ նեղուցներում բազաների վերաբերյալ: Այս հարցերին նախագահի գրությունը պատասխան չի տալիս» (Берлинская (Потсдамская) конферанция. 17 июля-3 августа 1945 г., стр. 175):

Բայց Տրումենը պատասխանել է բոլորովին այլ կերպ: Նա արդեն հուլիսի 23-ին ստացել էր ատոմային ռումբի հաջող փորձարկման լուրը: Եվ հուլիսի 24-ին, նիստից հետո, Տրումենը հպարտ կեցվածքով մոտեցել է Ստալինին և նրան հայտնել է, որ ամերիկացիները ստեղծել են բացառիկ ավերիչ ուժի նոր ռումբ: Ստալինն արտաքուստ ցույց է տվել, որ այդ լուրն իր մոտ տպավորություն չի թողնում, բայց նա գիտեր, թե դա ինչ էր նշանակում: Տրումենին միացել է Չերչիլը և երկուսով պնդել են իրենց տեսակետը, որի նպատակն էր քննարկումից հանել Թուրքիայի նկատմամբ Սովետական Միության տարածքային պահանջները: Այսպիսով, Անգլիան ու ԱՄՆ-ը մի կողմից Թուրքիային համարելով իրենց դաշնակիցը, նրան վերցրել են պաշտպանության տակ, մյուս կողմից էլ տարածքների վերադարձման ու սահմանի ճշտման հարցը համարել են Սովետական Միության և Թուրքիայի միջև քննարկման առարկա: «Մեծ եռյակի» նիստում սուր վեճ է ծավալվել պատերազմից հետո Եվրոպայի իրադրության, Գերմանիայի ու նրա զինակիցների ճակատագրի, լեհական սահմանի, և այլ պրոբլեմների շուրջ և Անգլիայի ու ԱՄՆ-ի ջանքերով այլևս չի շոշափվել Թուրքիայի հարցը: Դաշնակիցները Թուրքիային վերցրել են պաշտպանության տակ, նպատակ ունենալով զինել նրան ընդդեմ Սովետական Միության:

Ահա, այսպես, այս անգամ էլ Անգլիայի ու ԱՄՆ-ի կառավարությունները ձախողել են հայկական հողերի միավորման հնարավորությունը: 1945 թ. հուլիսի 26-ին հայտնի են դարձել Անգլիայում պառլամենտական ընտրությունների արդյունքները: Հաղթել էին լեյբորիստները: Չերչիլն ու Իդենը Պոտսդամից հեռացել են ավարտելով իրենց սև գործը՝ պաշտպանության տակ վերցնելով Թուրքիային, ձախողելով հայկական տարածքները օրինական տիրոջը՝ արևմտահայերին վերադարձնելու հնարավորության իրականացումը: Հետագայում, վերհիշելով Պոտսդամի բանակցությունների մասին, Չերչիլը գրել է. «Ես շոշափեցի Թուրքիայի և Դարդանելի հարցը: Բնական է, որ թուրքերը տագնապի մեջ են: Ստալինը բացատրեց, թե իրականում ինչ է կատարվել: Թուրքերը դիմել են ռուսներին, առաջարկելով կնքել դաշինքի պայմանագիր: Ի պատասխան դրա, ռուսները հայտարարել են, որ պայմանագիրը կարող է կնքվել միայն այն դեպքում, եթե կողմերից ոչ մեկը ոչ մի պահանջ չունի, իսկ Ռուսաստանն ուզում է ստանալ Կարսը և Արդահանը, որոնք նրանից խլել են անցյալ պատերազմի վերջին: Թուրքերը պատասխանել են, որ նրանք չեն կարող քննարկել այդ հարցը: Այդ ժամանակ Ռուսաստանը դրել է Մոնտրեի կոնվենցիայի հարցը: Թուրքերը պատասխանել են, որ նրանք այդ հարցն էլ չեն կարող քննարկել, և դրա համար էլ Ռուսաստանը հայտարարել է, որ նա չի կարող քննարկել դաշինք կնքելու պայմանագիրը»: Չերչիլի այս վկայությունից պարզ երևում է, որ նա անկեղծ չէ: Չի ասել ամբողջ ճշմարտությունը: Իսկ ամբողջ ճշմարտությունն այն է, որ եթե Թուրքիան չստանար Անգլիայի ու ԱՄՆ-ի պաշտպանությունը, ապա ստեղծված պայմաններում Թուրքիան չէր ունենա Սովետական ՄԻության պահանջը մերժելու ամարձակություն:

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած Պոտսդամի կոնֆերանսում Ստալինին չի հաջողվել լուծել հայկական տարածքները վերադարձնելու հարցը, բայց նա մինչև իր կյանքի վերջն օրակարգից չի հանել Թուրքիային ներկայացված պահանջը: Միայն Ստալինի մահից հետո, 1953 թ. մայիսի 30-ին Սովետական կառավարությունը Թուրքիայի կառավարությանը հայտարարել է. «Հանուն բարի դրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր համարեցին հրաժարվել Թուրքիային ներկայացված իրենց տարածքային պահանջներից: Այսպիսով, Սովետական կառավարությունը հայտարարում է, որ Սովետական Միությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային ոչ մի պահանջ չունի»: Կուսակցական, քաղաքական անվանի գործիչ Վաչագան Զախարյանը տողերիս հեղինակին պատմել է, թե Հայաստանի ղեկավարության և անձամբ Գ. Հարությունյանի վրա ինչպիսի ծանր տպավորություն է թողել Սովետական կառավարության հայտարարությունը: Բայց այն ժամանակվա Հայաստանի ղեկավարները միաժամանակ հասկանում էին, որ Ստալինի մահից հետո «սառը պատերազմի» պայմաններում զարգացող միջազգային հարաբերությունների ավելի ուժեղացող լարվածությունն է հարկադրել Սովետական կառավարությանը դիմել այդ միջոցին: Դժգոհությունը մեծ էր նաև հանրապետության բնակչության բոլոր խավերի մոտ:

Արտասահմանում ապրող հայերը բուռն կերպով են արտահայտել իրենց դժգոհությունը: Դրանից օգտվելով դաշնակցությունն ավելի եռանդով է տարել հակասովետական քարոզչությունը, Հայաստանի ղեկավարներին մեղադրելով ազգային դավաճանության մեջ: Բայց դա չէր խանգարում դաշնակցությանը միաժամանակ Թուրքիային փառաբանել, նրան անվանելով «իսկական դեմոկրատիայի երկիր»:

Ավելորդ չեմ համարում վերոհիշյալի կապակցությամբ ասել հետևյալը: Այսօր էլ, հաճախ, հատկապես դաշնակցության գաղափարախոսները, շարւնակում են դատապարտել Սովետական Միության ղեկավարներին այն բանի համար, որ նրանք 1953 թ. մայիսին հրաժարվել են Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնել: Արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ Սովետական Միությունը գոյություն չունի, Հայաստանը դարձել է անկախ հանրապետություն, տիրապետող է դարձել դաշնակցության գաղափարախոսությունը, դաշնակցությունը հանրապետության պառլամենտում ունի եռանդով գործող խմբակցություն, այդ կուսակցության գաղափարախոսության քարոզչությունը տարվում է սեփական հեռուստատեսային ալիքով, մի շարք թերթերի միջոցով և այլն: Այդպիսի լայն հնարավորություններ ունենալու պայմաններում, բնականաբար, հարց է առաջանում, թե ի՞նչն է խանգարում դաշնակցությանը Թուրքիային ներկայացնելու Արևմտյան Հայաստանի տարածքները Հայաստանին վերադարձնելու պահանջը: Այս հարցադրումը ներկայացնելով ընթերցողի ուշադրությանը, նրան եմ թողնում եզրակացությունը…

(Վլադիմիր Պետրոսյան․ «Հայկական Հարց», հատոր 3, 2016, էջ 342-360 )

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert