Գայանե Սարգսյան

1000 խոշոր հարկատուներից 17-ը հանքարդյունաբերողներն են

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 19-ը ներկայացնում են երկրի հանքարդյունաբերության ոլորտը: Դրանք ապահովելով 9423 աշխատատեղ,  վերջին մեկ տարվա ընթացքում  պետական բյուջե են վճարել  99մլրդ  987նլն 343 հզր դրամի հարկային ու մաքսային վճարներ:

Ընդ որում, խոշորագույն հանքերից 8-ը գտնվում են Երևանում, 5-ը՝ Սյունիքի, 2-ը՝ Լոռու, 1-ական Արարատի և Կոտայքի մարզերում: Հարկերի վճարման ցուցանիշով ու աշխատողների թվով առաջատարները հիմնականում մետաղական հանքերն են:

Լոռու մարզի երկու խոշորագույն հանքերը՝ «Թեղուտը» ՝ 1067 և «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը»՝ 587 աշխատողով՝ այդ ցանկում զբաղեցնում են 3-րդ և 8-րդ հորիզոնականները:

Ընդերքօգտագործման թույլտվություն ունի 373 տնտեսվարող

  2021թ.-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգագործման թույլտվություն ունի 373 կազմակերպություն:

Դրանցից շուրջ 30-ը գործունեություն են ծավալում Լոռու մարզի տարածքում՝ շահագործելով մարզի մետաղական ու ոչ մետաղական հանքավայրերը՝ հնարավորություն ունենալով արդյունահանել պղինձ, մոլիբդեն, ոսկի,  բազալտ, տուֆավազաքար,  ավազակոպճային խառնուրդ:

Ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող կազմակերպությունները, սակայն, ոչ միշտ են գործում լեռնահատկացման ակտերով հաստատված տարածքների, գործող օրենքների ու իրավական ակտերի շրջանակներում, ինչն առավել ակտիվ դրսևորումներ է ստանում  առկա վերահսկողական մեխանիզմների թերի լինելու կամ չկիրառվելու պատճառով:

Ընդերքօգտագործողները հաճախ օգտագործում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքները

Դեռևս 2020թ.-ին Լոռու մարզպետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ ունենք նախադեպեր, երբ լեռնահատկացման թույլտվություններ ունեցող ընկերությունները փաստացի օգտագործում են շատ ավելի մեծ տարածքներ, քան նախատեսված է լեռնահատկացման ակտերով: Արդյունքում դրանցից ոմանք  գործունեություն են ծավալում ոչ միայն ընդերքօգտագործման համար նախատեսված, այլև՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, ինչը ՀՀ Հողային օրենսգրքի դրույթների  խախտում է: Օրենսգրքի 110 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն

1. Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները կրում են հողամասերի պահպանման հոգսը և պատասխանատու են հողային օրենսդրության պահպանման համար:

2. Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են`

1) հողամասերն օգտագործել դրանց նպատակային նշանակությանը համապատասխան:

Խնդրահարույց մասնավոր դեպքերին կանդրադառնանք մեր հաջորդող նյութերում:

Մարզի հանքարդյունաբերության ոլորտում, սակայն, վերոնշյալ խնդիրներից զատ առավել քննարկվող ու խնդրահարույց թեմաները կապված են  խոշոր մետաղական հանքերի գործունեության բացասական հետևանքների հետ:

Այդ շարքում առավել խնդրահարույց են Թեղուտի պղնձամոլիբդենի հանքավայրը՝  «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից մինչ 2026 թվականն ստացած շահագործման իրավունքով և Շամլուղի ոսկու հանքավայրը՝  «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» մինչ 2029թ.-նն ստացած  շահագործման իրավունքով: Միասին ապահովելով շուրջ1600 աշխատատեղ, վերջիններս տարիներ շարունակ լուրջ բնապահպանական, առողջապահական ու գյուղատնտեսական խնդիրներ են առաջացնում տարածաշրջանի   համար (դրանց առավել մանրամասն  կանդրադառնաննք հաջորդիվ):

Խնդրահարույց ընկերությունների թվում է նաև 2005թ.-ից Ստեփանավանում բուռն գործունեություն ծավալած «Սագամար» ՓԲԸ-ն, որը տարիներ շարունակ իր բացասական հետևանքներն է թողնում համայնքում:

Ի դեպ,  տարիներ շարունակ «Սագամարի»  կողմից  օգտագործվող հողատարածքների մի մասը ներառված չի եղել լեռնահատկացման թույլտվությամբ նախատեսված հողատարածքների ցանկում,   հողատարածքների մի մասն էլ տարիներ շարունակ մնացել են գյուղատնտեսական նշանակության՝ վնաս հասցնելով համայնքին: 

Դեռևս 2020թ.-ին համայնք-տնտեսվարող խնդիրների ու անհամաձայնությունների  մասին բազմիցս բարձրաձայնել էր նաև Ստեփանավանի արդեն նախկին համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Վերջինիս   խոսքով,  2005թվականից ի վեր ՓԲԸ-ն համայնքային հողերը ապօրինաբար օգտագործել է առանց նշանակության փոխման և առանց համայնքի հետ հողի վարձակալության պայմանագրերի կնքման, իսկ համայնքի կողմից խնդրի կարգավորմանն  ուղղված բոլոր քայլերը մնացել են անպատասխան:

ՓԲԸ-ի ղեկավար կազմից, սակայն, դեռ այն ժամանակ էին հակադարձել, թե՝  «համայնքապետարանը ընդառաջ չի գնում հողային խնդիրները օրինական դաշտում կարգավորելու հարցում, այնինչ մենք պատրաստ ենք արդյունաբերական արգասիքներով ծանրաբեռնված հողատարածքների հետ կապված հարցերը բերել օրենսդրական հարթակ և վճարել օրենքով նախատեսված բոլոր հարկերն ու տուրքերը»:

Համայնքը տարիներ շարունակ բարձրաձայնել է նաև ՓԲԸ-ի կողմից  բնապահպանական կառավարման պլանով նախատեսված պարտավորությունները չկատարելու մասին:

Խնդրի պարզաբանման ու համայնքին/պետությանը «Սագամար»   ՓԲԸ-ի գործունության ընթացքում  հասցված վնասի մասով համաձայնության չգալու արդյունքում  հարցը տեղափոխվել է իրավական դաշտ( թեմային մանրամասն  կանդրադառնանք հաջորդիվ):

Քարաբերդի հանքավայր տանող ճանապարհը

Վերջին շրջանում մարզի խնդրահարույց հանքարդյունաբերողների ցանկում ավելացել է «Ասսաթ»  ՍՊԸ-ի կողմից շահագործվող Քարաբերդի ոսկու հանքավայրը: Այն գտնվում է  մարզկենտրոն Վանաձորից 10 կմ հեռավորության վրա և լուրջ բնապահպանական ռիսկեր է պարունակում համայնքի համար: Մեր առաջիկա նյութերում կանդրադառնանք նաև այս հանքին:

2021-ը՝ հանքերևակման թույլտվությունների բուռն ակտիվացման տարի. լոռեցիները հիմնականում դեմ են

Վերջին շրջանում Լոռիում հանքերևակման թույլտվությունների հանրային լսումների անցկացման մասին  լուրերը բուռն ու կոշտ արձագանքի են արժանանում բնապահպանների, տարբեր ոլորտներ ներկայացնող ակտիվ ներդրողների,  քաղաքացիների ու ազդակիր համայնքների բնակիչների կողմից:

Խաղաղ բողոքի ակցիա Լոռիում

Շատերի համար անհասկանալի է, թե ինչո՞վ է պայմանավորված հանքերևակողների հետաքրքրասիրության կտրուկ աճը Լոռու նկատմամբ:

Ըստ ընթացակարգի հանքերևակման թույլտվություն ստանալու համար առաջին քայլը տեղում՝ ազդակիր համայնքների բնակիչների հետ հանրային լսումների կազմակերպումն է: Հանրային լսումը տվյալ համայնքում կայանալուց հետո բնակիչներն այլևս որևէ միջամտություն չեն կարողանում ունենալ հանքերևակման թույլտվության հետագա գործընթացներին միջամտելու հարցում:

Նաև սա է պատճառը, որ լոռեցիները համախմբվել ու պայքարում են հանրային լսումների կայացումը խոչընդոտելու և  Լոռու անաղարտ մնացած այն փոքրածավալ տարածքների համար, որոնք  հանդիսանում են մարզի այցետոմս թե՛ տարբեր ոլորտների զարգացման, թե՛ ներդրումային ծրագրերի իրականացման առումով: Հատկապես վերջին տարիներին այդ տարածքներում զբոսաշրջային, գյուղատնտեսական  կամ գյուղմթերքի վերամշակման   ներդրումային ծրագրեր են սկսել իրականացվել՝ որպես հիմնաքար ունենալով հենց մաքուր բնությունն ու բարենպաստ աշխարհագրական ու բնակլիմայական պայմանները:

Հանրային լսումները չկայացան. Մարգահովիտ

3 ամսում՝ 8 հանրային լսում՝ Լոռու թվով 8 բնակավայրում

Վերջին երկու-երեք  ամիսների ընթացքում հանքերևակման թույլտվությունների հանրային լսումներ են նախատեսվել մարզի թվով 8 բնակավայրում:

  • Մարտի 3-ին հանրային լսում է անցկացվել Ստեփանավանի Կաթնաղբյուր բնակավայրի բնակիչների հետ՝ կապված «ԱՎ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Սնկաձորի գունագեղ քարերի ու ոսկու հանքերևակումներում 2021-2023 թթ.-երի երկարաբանական ուսումնասիրություների հետ,
  • ապրիլի 8-ին՝ Թումանյան համայնքի Մարց բնակավայրում՝ «Հարմար» ՍՊԸ-ի կողմից Մարցի գետի հանքային դաշտի գունավոր և ազնիվ մետաղների երևակումներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու համար:
Հանրային լսումները չկայացան. Մարգահովիտ

Վերոնշյալ հանրային լսումները, ըստ համայնքների կողմից կազմված արձանագրությունների, կայացել են: Հանրային իրազեկվածության պակասի պատճառով, սակայն, վերջիններս լայն արձագանքի չէին արժանացել: Ապրիլի 26-ին նախատեսված հերթական  հանրային լսման ազդակիր համայնքների մեծ թիվն ու աշխարհագրական ընդգրկվածությունը առիթ հանդիսացավ, որ լոռեցիները դուրս գան միահամուռ պայքարի:

Հանրային լսումները չկայացան. Վահագնաձոր

 Մարզի միանգամից 5՝ Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Եղեգնուտ, Դեբետ համայնքներն ընդգրկող ոսկու հանքերևակման թույլտվության հանրային լսումները՝ նախատեսված չեխական ընկերության կողմից, չկայացան ակտիվ հկ-ների, բնապահպանների ու բնակիչների ջանքերով: Ներդրողները հեռացան ձեռնունայն, ինչը սակայն դեռևս չի նշանակում, որ այդ հարցը այլևս հանրային քննարկման առարկա չի դառնա:

Չեխական ընկերության հանքերևակման տարածքը

Հանքերևակման վերջին հանրային լսումը նախատեսված էր օրեր առաջ՝ մայիսի 14-ին «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ի կողմից՝ Լոռի Բերդ համայնքի  Ուռուտ բնակավայրում: Այստեղ հանքերևակմանը դեմ էին դուրս եկել մեծ ու փոքրով, ներդրողներով ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներով: Արդյունքում այստեղ ևս հանրային լսումը չկայացավ:

ՀԳ. Այս հոդվածով փորձել ենք իմի բերել ու ներկայացնել Լոռու մարզի հանքարդյունաբերական ոլորտի ընդհանրական պատկերն ու առկա վիճակը՝  խնդրահարույց հարցերով, նպատակ ունենալով  շարքի շրջանակներում հաջորդիվ անդրադառնալ առանձին հանքավայրերի գործունեությանը՝ արդյունաբերողների, փորձագետների, պետական կառավարման օղակների ու ազդակիր համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ: Նպատակը մեկն է՝ գտնել ու դիտարկել առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի տարբերակներն ու համապարփակ առաջարկները, որոնք չեն հակասի Լոռու ու լոռեցու զարգացման տեսլականին:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert