Verlauf der Baku-Tiflis-Ceyhan-Pipeline. Bild: Devil m25, CC BY-SA 3.0

Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ կան ռազմավարական նշանակություն ունեցող նավթագազային խողովակաշարեր դեպի արևմուտք: Այս հանգամանքն ավելի հեշտացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար հրադադարի ռեժիմի նախաձեռնումը Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Ուլրիխ Հեյդեն (Ulrich Heyden), 07. Januar 2021թ.

Հայաստանը շոկային վիճակում է գտնվում՝ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի հաստատումից ի վեր: Ղարաբաղյան պատերազմում զոհվել են 6000, ոչ պաշտոնական տվյալներով՝ նույնիսկ ավելի քան 10.000 ադրբեջանցի և հայ զինվորներ:  Երկու կողմերի հսկայական լայն տարածքներ և բազմաթիվ քաղաքներ ավերվել են պատերազմի արդյունքում: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի պարտադրած պատերազմն ավարտվեց  պարտությամբ: Երեւանում գրեթե ամեն օր տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:  Ցուցարարները նրան մեղադրում են «դավաճանության» մեջ:

Լեռնային Ղարաբաղի պատերազմը Գերմանիայի խոշոր լրատվամիջոցների լուսանցքում հայտնվեց: Այդ լրատվամիջոցները խուսափում են մատնանշել նրանց, ովքեր խախտել են 1994 թվականի խաղաղության համաձայնագիրը և ցանկություն չունեն քննադատությամբ անհանգստացնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, որը պատերազմում  ներգրավված էր իր անօդաչու թռչող սարքերով,  խորհրդականներով և վարձկաններով:

Արեւմուտքի համար հետաքրքիր չէր սրվող պատերազմը

Թե ինչու 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադար տեղի ունեցավ, գերմանական խոշոր լրատվամիջոցների զեկույցներում անորոշ է մնում: Ռայնհարդ Վեզերը «Frankfurter Allgemeine Zeitung»- ում մեկնաբանել  է. «Հարց է առաջանում, թե Պուտինը ի՞նչ փաստարկներով կամ լծակներով կարողացավ համոզել ադրբեջանցի բռնապետ Ալիևին դադարեցնել մարտերը և թույլ տալ  ռուս զինվորներին մտնել իր տարածք հենց այն պահին,  երբ խորհրդանշական և ռազմավարական նշանակություն ունեցող Շուշա (Շուշի-Ե.Խ.) քաղաքը անկում էր ապրել, իսկ մարտադաշտում Ադրբեջանի լիակատար հաղթանակը մոտալուտ էր»:

«FAZ»- ի մեկնաբանը անտեղյակ է ձևանում. հարավային Կովկասում ղարաբաղյան պատերազմի թեմային անդրադառնալիս՝ Արեւմուտքի համար ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշարերը նրա մտքով չեն անցնում: Փոխարենը նա շշնջում է «Պուտինի լծակների» մասին:

Խողովակաշարերը Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտուց ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա են: Դրանք նավթ ու գազ են տեղափոխում դեպի արևմուտք՝ շրջանցելով Հայաստանի և Ռուսաստանի տարածքները:

Ո՞ր խողովակաշարերի մասին է խոսքը. 2005 թվականին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը , որով Կասպից ծովից նավթ է տեղափոխվում Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ: Նավթամուղը պատկանում է «British Petroleum»- ին` 30,1 տոկոսով, ամերիկյան «Chevron» ընկերությանը` 8,9 տոկոսով և նորվեգական «Statoil»- ին` 8,71 տոկոսով:

Երկրորդ խողովակաշարը, որը Բաքվից անցնում է Թուրքիայի տարածքով դեպի հարավային  Իտալիա, «Հարավային գազային միջանցք» գազատարն է, որը շահագործման է հանձնվել 2020 թվականի նոյեմբերին: Այս խողովակաշարը Ադրբեջանի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախագիծն է:

2005 թվականին, երբ շահագործման հանձնվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, գերմանական լրատվամիջոցները ուրախացան, որ կոտրվել է Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհը: Խորհրդային Միության փլուզումից ի վեր առաջին անգամ  նավթը Արևմուտք է տեղափոխվում նախկին ԽՍՀՄ հանրապետությունից՝  շրջանցելով Ռուսաստանը:

Քանի որ Արևմուտքը վաղուց էր փնտրում էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և չէր  ցանկանում որևէ կերպ կախված լինել Ռուսաստանից, չէր կարող շահագրգռված լինել անվերջ պատերազմային մի տարածաշրջանով, որտեղ գործում են նոր այլընտրանքային խողովակաշարերը: Հնարավոր է պատկերացնել, որ Ադրբեջանի նախագահը արեւմտյան Եվրոպայի մայրաքաղաքներից ազդանշան է ստացել այն մասին, որ ժամանակն է դադարեցնել Ղարաբաղյան պատերազմը:

Երկու գազատարները միացնում են Ռուսաստանն ու Թուրքիան

Սակայն նաև Պուտինը լավ փաստարկներ ուներ Ադրբեջանին և Թուրքիային հորդորելու դադարեցնել պատերազմը Ղարաբաղում: Թուրքիան Ռուսաստանին է միանում «Թուրք հոսք» եւ «Կապույտ հոսք» գազատարներով: Թուրքիան սպառում է ռուսական գազը և տարանցիկ երկիր է նաև դեպի Բուլղարիա և Սերբիա՝ ռուսական գազի արտահանման համար:

Կարելի է ենթադրել, որ Կրեմլի ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և արևմտյան պետություններին հասկացրել է, որ պատերազմը շարունակվելու դեպքում ադրբեջանական գազամուղերը կարող են դառնալ հայկական պարտիզանների թիրախը:

Ռուսական ուղղաթիռի խոցումը՝ որպես զինադադարի դրդապատճառ

Վլադիմիր Պուտինը զգալի ճնշման տակ էր գտնվում նոյեմբերի 9-ին` այն օրը, երբ նա շտապեց համաձայնագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև  հրադադար հաստատել:

Նոյեմբերի 9-ի կեսօրին Հայաստանի օդային տարածքի վրա ադրբեջանական հրթիռներով խոցվեց ռուսական Մի -24 ռազմական ուղղաթիռը:  Զոհվեցին անձնակազմի երկու ռուս անդամները, մեկը վիրավորվեց: Ադրբեջանի բանակի ղեկավարությունը հետագայում ներողություն է խնդրել «պատահական» խոցման համար: Ռուսաստանի ղեկավարությունը ակնհայտորեն փորձում էր խուսափել խոցման դեպքը սկանդալի վերածելուց:

Ռուսաստանի ղեկավարության պահվածքը կտրուկ հակադրվում էր 2015 թվականին Սիրիայի սահմանային տարածքում տեղի ունեցած նման միջադեպից: Այդ ժամանակ Սիրիայի օդային տարածքում ռուսական ՍՈՒ -25 կործանիչը խոցվեց թուրքական օդուժի կողմից՝ Թուրքիայի սահմանի մոտ: Ռուսաստանի կառավարությունը կոշտ արձագանքեց՝  կիրառելով մուտքի արտոնագրի պահանջ Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ, խստացնելով թուրքական սննդամթերքի ներմուծման վերահսկողությունը և արգելելով ռուսական տուրիստական ​​գործակալությունների՝ դեպի Թուրքիա ուղևորությունների կազմակերպումը:

Նոյեմբերի 9-ի ցերեկը՝ ռուսական ռազմական ուղղաթիռը խոցելուց հետո, կանխատեսելի էր, որ հայրենասեր մտածող ռուսները կպահանջեին կոշտ միջոցներ Ադրբեջանի դեմ: Վլադիմիր Պուտինը այդ պահանջներին ընդառաջ գնաց Լեռնային Ղարաբաղում իր նախաձեռնած զինադադարի միջոցով:

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ռուսաստանում արդեն կային տրամադրություններ, որոնք կոչ էին անում կոշտ գործողություններ վարել Ադրբեջանի դեմ: Այսպիսի տրամադրություն ուներ Անկախ Պետությունների Համագործակցության Դումայի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Զատուլինը հայտնի է որպես Ռուսաստանի ազգային շահերը պնդող մեկը և երբեք չի խոսում «Արևմուտքում մեր գործընկերների» մասին:

Հոկտեմբերի վերջին՝ Ղարաբաղյան պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ, Զատուլինը հայտարարեց, որ չի կարելի բացառել, որ Ռուսաստանը կարող է ակտիվանալ Հայաստանում: Ադրբեջանն ու Թուրքիան «խախտել էին տարածաշրջանում խաղաղությունը»: Նրանց «պետք է հիշեցնել, թե որ պետությունն է առաջատար դերակատարը  հետխորհրդային տարածքում»: Հնարավոր է պատկերացնել  նաև Հայաստանի համար ռազմական օգնության ավելացումը և Հայաստանի օդային տարածքի փակումը: Բայց Զատուլինը չկարողացավ իր պահանջը Մոսկվայում առաջ մղել:

Զատուլինը հակագրոհ ստացավ Դումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կրասովից, որը ասաց, որ Զատուլինը իր դիրքորոշումը չի համաձայնեցրել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ: Ներկայումս «Լեռնային Ղարաբաղի  հակամարտության տարածքում ռուս զինվորների տեղակայման ծրագրեր չկան»: Բայց Զատուլինը չէր խոսել Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի տեղակայման մասին:

Չնայած Ռուսաստանում  նավթի և գազի խոշոր ընկերությունները, հավանաբար, շահագրգռված են Ադրբեջանի հետ փոխզիջման մեջ, սակայն «Սիլովիկի»  այսինքն՝ ռազմական և գաղտնի ծառայության ճամբարում, այլ տրամադրվածություններ կան, որոնք կոչ են անում Ռուսաստանին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ:  Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ-ի դաշինքի պաշտպանական անդամներ են, և Ռուսաստանը դժվար թե անտարբեր  մնա, եթե ՀԱՊԿ-ի անդամ երկիրը վտանգի ենթարկվի: Հայաստանում իր 5000-անոց ռազմակայանով Ռուսաստանը միշտ ունի արագ օգնության միջոցներ:

Անօդաչու սարսափի պատերազմներ են սպասվում նաեւ Արեւելյան Եվրոպայի այլ վիճելի տարածքներում

Ռուսական խոշոր լրատվամիջոցները փորձում են չեզոք մնալ ղարաբաղյան հակամարտության հարցում: Բայց պատգամավոր Զատուլինը  չի ​​հանգստանում: Դեկտեմբերի վերջին Զատուլինը ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի ամբողջ էջում տեղադրված հոդվածում հայտարարեց.

«Ադրբեջանը, միանալով Թուրքիային, հարձակվեց Արցախի չճանաչված Հանրապետության վրա, սակայն փաստացի հարձակվեց Հայաստանի հայերի վրա՝  խախտելով 1994 թ. հրադադարի համաձայնագիրը (Հայաստանի և Ադրբեջանի միջև), որը ձեռք էր բերվել մեր օգնությամբ»:

Զատուլինը զգուշացնում է, որ «ձգձգվող տարածքային վեճը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանա-թուրքական փորձը» կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար: Ի վերջո, Ռուսաստանի սահմաններին կան այլ վիճելի տարածքներ, ինչպիսիք են՝ Լուգանսկը, Դոնեցկը, Մերձդնեստրը, Աբխազիան և Հարավային Օսիան:

Ուկրաինան արդեն օգտագործում է մարտական ​​անօդաչու թռչող սարքեր Լուգանսկի եւ Դոնեցկի «Ժողովրդական Հանրապետությունների» դեմ

Անօդաչու սարքերի հետ կապված՝ իրավիճակը հատկապես Դոնբասում դրամատիկ է: Ցավոք, գերմանական խոշոր լրատվամիջոցները չեն հայտնում, որ Ուկրաինան արդեն մի քանի տարի է, ինչ անօդաչու թռչող սարքերով է գործողություններ իրականացնում Լուգանսկի և Դոնեցկի «Ժողովրդական Հանրապետություններ»-ի դեմ: Այդ  անօդաչու թռչող սարքերը ոչ միայն օգտագործվում են հսկողության նպատակով, այլև հակառակորդի թիրախների վրա այրիչ և այլ տեսակի ռումբերով հարձակման համար:

Քանի որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը անորակ են, 2019 թվականին Ուկրաինան Թուրքիայից գնել է վեց հետախուզական և մարտական ​​«Bayraktar TB2» անօդաչու սարքեր: Ուկրաինացի զինվորականները Թուրքիայում էին 2019 թվականի աշնանը՝ անօդաչու թռչող սարքերի մասին հատուկ ուսուցում ստանալու նպատակով: Դասընթացն այնուհետև շարունակվեց Ուկրաինայում (տեսանյութ ԱՄՆ ռադիոյի «Svoboda» ռեպորտաժից):

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է Եվրոպայում խաղաղություն ապահովել, պետք է շահագրգռված լինի, թե ինչ է կատարվում Եվրոպայի եզրերին: Տարածաշրջանային և մեծ տերությունների ուժային մրցույթը Եվրոպայի արևելյան և հարավ-արևելյան ծայրամասերում շատ ավելի անողոք է, քան կարելի էր պատկերացնել ԵՄ մայրաքաղաքներում:

Աղբյուրը՝ nachdenkseiten.de

Թարգմանությունը գերմաներենից՝ Երվանդ Խոսրովյանի

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert