Հեղափոխությունները  տեղի են ունենում այն ժամանակ, երբ ժողովուրդն արդեն չի հանդուրժում նախկին համակարգը: Հեղափոխությունները տապալվում կամ կորցնում են իրենց իմաստը հաճախ, եթե չեն ունենում  նոր համակարգ ստեղծելու այն տեսլականը, որով հնարավոր կլինի կանխել  թե՛  նախկինի շարունակականությունը և թե՛ անդառնալի կդարձնի նախկինների վերադարձը: 

Հեղափոխական բորբոքված կրքերի, զգացմունքների աղմկոտ մթնոլորտում մոռացվում և անտեսվում են ապագային ուղղված նպատակները:  Հեղափոխության մղիչ ուժը եթե չի ունենում տնտեսական, քաղաքական հստակ ծրագիր եւ այդ ծրագրին համապատասխան համակարգային փոփոխության տեսլական, չի կարողանում լուրջ փոփոխության հաջողություններ արձանագրել: Հեղափոխությունը չպեք է ինքնանպատակ լինի, դրա նպատակը պետք է լինի հիմնովին նոր  արժեհամակարգ ստեղծելը:   

Չնայած, հետհեղափոխական հանդարտ մթնոլորտում է ժողովուրդը կարողանում սառը դատել ու հասկանալ հեղափոխության ձեռքբերումներն ու բացթողումները, բայց չի կարողանում անհաջողությունների  պատճառները հասկանալ, քանզի չի ունեցել և դեռ չունի ապագային ուղղված հիմնական տեսլականը և դատողության չափանիշը:

Վերջին տարիներին բոլոր բնագավառներում քաղաքացիների փորձն ու իրազեկվածությունն այնքան է բարձրացել, որ երկիրը թալանողների և ժողովրդին հարստահարողների բացատրություններն ու հիմնավորումները նրանց համար այլևս անընդունելի են:

Մարդիկ քաջ գիտակցում են ընտրությունների խոստումների և կարգախոսների ու ծրագրերի տարբերությունը: Այսօր ընտրական քարոզարշավներում հնչող որևէ խոստում չի կարող փոխել այն խնդիրը, ինչը մարդիկ տեսնում են իրենց սեղաններին:

30 տարվա նեոլիբերալ տնտեսական քաղաքականությանից և կառուցվածքային փոփոխություններից, այսինքն ՝ տնտեսական ազատականացումից, սեփականաշնորհումից,  դրամայնացումից  և ապրանքայնացումից հետո, երկիրը գտնվում է այնպիսի տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական ճգնաժամի մեջ, որ ցանկացած պահի հնարավոր է տեղի ունենա ավելի ուժգին պայթյուն:

Ներքոնշյալ խնդիրները  ցույց են տալիս երկրում սոցիալ-քաղաքական անվտանգության կրիտիկական իրավիճակը.

– Արդարադատության բացակայություն, անպատժելիություն, օրենքի կամայական կիրառություն

-Աննախադեպ սոցիալ-տնտեսական անհավասարություն

– Օլիգարխների կողմից աստղաբաշխական թվերի հասնող թալան

– Բանկերի սեփականաշնորհում և բանկային համակարգի խնդիրներ

– Կենսաթոշակային ֆոնդերի սեփականաշնորհում

– Առողջապահական խոշոր հաստատությունների մասնավորեցում

– Կրթական հաստատությունների մեծ մասի մասնավորեցում

– Աննախադեպ կոռուպցիա վարչական, մշակութային և սոցիալական կառուցվածքներում

– Մարդկանց գնողունակության շարունակական նվազեցումը և հասարակության մեծ մասի կենսաապահովման ճգնաժամ

– Անընդհատ աճող պետական արտաքին պարտք

– Գնաճ  և համատարած գործազրկություն, աշխատավորների իրավունքների պաշտպանության բացակայություն

– Հանքարդյունաբերության, ջրի և բնապահպանական ճգնաժամ

– Սոցիալապես խոցելի հասարակություն,  թմրամոլության և հանցագործության, բռնությունների և   ինքնասպանությունների, մարմնավաճառության, աշխատող երեխաների աճ և ուղեղների փախուստ

Այս ամբողջի պատճառը նեոլիբերալ համակարգն է, որը թալանը համարում է որպես «սրբություն»՝ «ազատականության» քողի տակ թաքցնելով: Նեոլիբերալ համակարգում հոգևորականության վերնախավը սերտաճում է օլիգարխիկ համակարգի հետ, կորցնում է իր հոգեվոր իմաստն ու դերըը՝  դառնալով օլիգարխիկ համակարգի մաս և նրա կուտակած հարստության օրհներգողը:

Այն չարքաշ աշխատողը, որը իր դասին պատկանող հարյուր հազարավոր չարքաշ աշխատողներին պաշտպանելու փոխարեն պաշտպանում է իրեն ստրկացնողին, չի գիտակցում իր դասակարգային շահը, չի կարող իր երեխային եւ ընտանիքին լավ ապագա խոստանալ: Այդ սպասումները կմնան զուտ երազանք ու անհասանելի:

Գյուղատնտեսության ոլորտում պետք է կազմակերպվի կոոպերատիվ համակարգերեր,  հողեամասերը միացնելով ստեղծել զարգացած գյուղտնտեսություն: Մասնատված փոքր հողամասերի մշակման համար հնարավոր չէ նոր տեխնոլոգիաների կիրառում, մայրդկային ֆիզիկական ուժով հողից արդյունավետ օգտվելու հնարավորությունը զրոյանում է:

Բնական հարստությունները պետք է ազգայնացվեն, անցեն պետական կառավարման ներքո, դրա ողջամիտ շահագործումից ստացած եկամուտ  ծառայեցնել երկրի զարգացման, կրթական, առողջապահության, անվտանգության և սոցիալական ապահովության համար:

Չարքաշ աշխատավորի, գյուղացու և միջին խավի շահերը կապ չունեն երկիրը սեփականաշնորհած, ժողովրդին կեղեքող փոքրաթիվ հարուստ խավի հետ: Աշխատավորը, գյուղացին և միջին խավը ունեն համատեղ շահ և այդ շահը պաշտպանելու միակ երաշխիքը նրանց միասնությունն ու համերաշխությունն է՝ ընդդեմ հասարակության փոքրաթիվ խավի, որը երկրի 90 տոկոս հարստությունը կուտակել է իր ձեռքում:

Միայն չարքաշ ժողովրդի միասնականությամբ, համերաշխությամբ է ու միասնական պայքարի պայմաններում է հնարավոր իրենցից խլած, գողացածը վերադարձնել երկրի իսկական տիրոջը՝ ժողովրդին:

Ժողովուրդը պետք է համախմբվի, գործարաններում, ֆերմաններում, քաղաքներում, գյուղական համայնքներում, բոլոր մարզերում, ստեղծի իր շահերը պաշտպանող խորհուրդներ եւ այդ խորհուրդները դարձնի իր իշխանությունը և կամքը թելադրող կարևորագույն միջոց:

Ոչ մի համակարգ չի կարող «սրբության սրբոց» համարվել, եթե դա չի ծառայելու ժողովրդի մեծամասնության բարեկեցությանը, հոգևոր և մշակութային զարգացմանը, գիտության և կրթության, և չի ստեղծի սերունդների համար լուսավոր ու երջանիկ ապագա:  

Երվանդ Խոսրովյան, հունիս 2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert