Ո՞ւմ, Ի՞նչ էին ուզում ապացուցել Հայաստանի բազմաթիվ կուսակցությունների լիդերները, նրանք՝ ովքեր պաշտպանում են հեղափոխությանը, ԱԺ-ի արտահերթ ընտրություններին մասնակցելով։ Նրանցից որոշները ահա տարիներ է, ինչ  փորձում են Հայաստանի քաղաքական դաշտում ամրանալ, իրենց ասելիքն ասել, կողմնակիցներ, ընտրողներ գրավել, սակայն արտահերթ ընտրությունների արդյունքները ցույց տվին, որ նրանք բոլորն էլ ձախողել են։ Ձայների բաշխման տոկոսային թվերը բավական խոսուն էին, ավելին՝սթափեցնող։ Հույսով, որ նրանք պատճառները քննարկելով, կարևոր հետևություններ կանեն՝ ելքեր որոնելու, եզրեր գտնելու, ապագայում միասնաբար աշխատելու և ժողովրդավարության մշակույթի արմատները երկրում ամրացնելու ու անշրջելի դարձնելու համար։

            Այո, իրոք որ ապշել կարելի է, եղած բազմաթիվ կուսակցությունների լիդերների նպատակն ո՞րն էր, իրար և իշխանությանը խանգարե՞լ։ Երկրում անկայուն իրավիճակ ստեղծե՞լ։ Վստահ, որ ո´չ, սակայն արդյունքը հենց դրան էր տանելու, եթե՝ «Իմ Քայլը» չստանար ձայների մեծամասնությունը։ Պարզապես նրանց դերը, ասելիքը ոչ ոքի պարզ չէ։ Որքան էլ որ նրանք լավ մշակված և հասկանալի ծրագրեր հրամցնեն, անօգուտ է, պատճառը այն բաժանարար պատնեշն է, որը իրենք են իրենց շուրջ կառուցել, հենց այդ պատճառով էլ նրանց ամեն մեկի պատգամը կորում է եղած բազմազան խառնաշփոթության մեջ և հասարակ զանգվածներին  չի հասնում։ Եթե նրանց ընտրողները ՀՀ-ի մտավորականությունն էր լինելու, ապա նրանց թվաքանակը Հայաստանում այնքա՜ն քիչ է, ուստի պարզ է, որ այդ քիչ ձայները բաժանվելով այդքան կուսակցությունների միջև, որոշներին հազիվ 0,0X, կամ՝ 0,X տոկոս ձայների քանակի բաժին էր հասնելու։ Ինչը որ կանխատեսելի էր։ Սակայն որոշները իրականությունը ինչպես որ կա, գնահատելու փոխարեն, փորձում են, տարբեր անհիմն պատճառներ որոնել, իրենց ձախողման համար։

            Տարիներ է, որ ՀՀ-ում կուսակցություն հիմնելը դարձել է՝ գրողի խոսքերով ասած՝ «պարապ վախտի խաղալիք» ու երևի դեռ շարունակվելու է․․․

            Հետաքրքիր է առաջին նախագահ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած՝ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստացած ձայների քանակը, այն ով ժամանակին որպես նախագահ ձախողվել է, ո´վ վերջին ժամանակներս բոլորից ավելի շատ ու բարձր աղմուկ էր բարձրացնում ու քննադատում պարոն Փաշինյանին, ստացել է ձայների 1,54 տոկոսը։

            Հետաքրքիր է նաև «Ազգային Բևեռ» կուսակցության կացությունը։ Նրանք նաև, «քաղաքակիրթ աշխարհի» այդ գովերգուները ու իշխանություններին ծուռ աչքով նայողները, ժողովրդից ստացել են իրենց արժանի պատասխանը, 1,47 տոկոս․․․

            Մեզ, հեռվից դիտողներիս մոտ, ՀՀ նման քաղաքական դաշտի հիրավի անհասկանալի և մտահոգիչ իրավիճակը, ինչ որ տեղ նաև զավեշտալի է թվում։ Իրոք, այսօր այդ բազմաթիվ կուսակցությունների լիդերները իրենք իրենց հարց չե՞ն տվել, թե ինչո՞ւ են նրանք, ոչ մի հաջողության երաշխիքներ չունենալով, մասնակցել ընտրություններին։ Քանզի՝

-առաջին, նրանք, իրենց այդ քայլով խանգարել են իշխանությանը և նրանից ձայներ կորզել։ 

-երկրորդ, ընտրությունների արդյունքը ցույց են տալիս, որ եթե նրանք որպես դաշինք ընտրություններին մասնակցեին, ապա կստանային ձայների 6-7%-ը և շատ հավանական է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի փոխարեն իրենք ԱԺ կմտնեին, որը ապագայի համար այնքան կարևոր է և անհրաժեշտ, որովհետև հավանականությունը կա, որ հաջորդ ԱԺ-ներում իշխանություն կազմելու համար, երկու կամ մի քանի խմբակցությունների դաշինքը անխուսափելի է լինելու, հենց այդ պատճառով էլ ներկայիս պատկերը ԱԺ-ում ավելի քան մտահոգիչ է և բազմաթիվ անպատասխան հարցերի տեղիք է տալիս, որի պատճառը կուսակցությունների քանակն է երկրում, հավանաբար եզակի դեպք ամբողջ աշխարհում․․․

Սամվել Հովասափյան,  Բեռլին, հուլիս 2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert