Գայանե Սարգսյան

Ամեն ինչ՝ սկզբից

2012թ.-ի հուլիսի 26-ին «ԱՍՍԱԹ» ՍՊԸ -ն ստացել է դրական եզրակացություն  Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ: 

ՀՀ ռեգիստրի կայքում որպես «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ընկերության գրանցման ամսաթիվ  նշված է  22.04.1999թ.:  Տեղադրված իրական շահառուների  հայտարարությամբ   որպես իրական սեփականատերեր  նշված է երկու անուն՝

1. Արամ Օսիկյան  (վերջինս որպես համատեղությամբ աշխատանքի վայր նշել է  «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն):

 2. Գևորգ Օսիկյան (որպես համատեղությամբ աշխատանքի վայր նշված է «Վեդի Ալկո» ՓԲԸ: Ըստ հայտարարության Գ. Օսիկյանը իրական սեփականատեր լինելուն զուգահեռ  նաև  գործադիր մարմնի ղեկավար է:

21.04.2021թ.-ով թվագրված ԻՍ  (իրական սեփականատերերի) հայտարարագրով որպես «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի  բաժնետերեր նշված է 4 անձի տվյալներ, որոնցից երեքը  Չեխիայի  քաղաքացիներ են, մեկը՝ ՀՀ քաղաքացի:

1. Ռադկա Կրչմարովա ԻՍ կարգավիճակ ձեռք բերելու սկիզբը՝  04/02/2019, 24 % բաժնեմասով 

2. Դանիել ՏռնովեցԻՍ կարգավիճակ ձեռք բերելու սկիզբը նշված չէ, 24 % բաժնեմասով

3. Պյոտր ՎաստիկԻՍ կարգավիճակ ձեռք բերելու սկիզբը նշված չէ, 24 % բաժնեմասով

4.Մհեր Պողոսյան- վերջինս նշված է որպես «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի տնօրեն ու ունի 20 % բաժնեմաս: Որպես Մ. Պողոսյանի գործատու նշված է  «Լուսաջուր Վենչերս Ինվեստ» ՍՊԸ-ն:

Ի դեպ, «Լուսաջուր Վենչերս Ինվեստ» ՍՊԸ-ն ռեգիստրում գրանցվել է 22.04.2018թ.-ին: Ընկերության 100 տոկոս բաժնետերը «Միներալ Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ_ն է (Չեխիա):  «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը Յիրժի Վոյտեխովսկին է (Չեխիա), ով Իրական սեփականատերերի հայտարարագրում հանդես է գալիս որպես միջանկյալ ընկերություն գրանցված 4 ընկերությւններից մեկի տնօրենի կարգավիճակով:

Դրան զուգահեռ «Միներալ Վենչրզ Ինվեստ»-ը ԻՍ հայտարարագրում նշված է նաև որպես միջանկյալ ընկերություն:

Հետաքրքրական է, որ «Լուսաջուր Վենչերս Ինվեստ» ՍՊԸ-ն հանրային աղմուկ բարձրացրած այն չեխական կազմակերպությունն է, որն այս տարվա գարնանը նախատեսել էր Լոռու միանգամից 5 գյուղերում ոսկու ու պղնձի հանքերևակման հանրային լսումներ անցկացնել: Դրանք  տեղի բնապահպանների, ակտիվիստների ու բնակիչների կողմից բոյկոտվել էին և  թիրախային 5 գյուղերից և ոչ մեկում հանրային լսումները չէին կայացել:

Իրական սեփականատերերի հայտարարագրում որպես միջանկյալ ընկերություններ   4 ընկերություններն են.

1 «Միներալ Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-  տնօրեն՝ Մարտինա Կորժինկովա, Չեխիա

2. «Զլատո» ՍՊԸ- տնօրեն՝ Ռադկա Կրչմարովա, Չեխիա

3. «ՄՎԻ Իրելանդ» ՍՊԸ- տնօրեն՝  Յիրժի Վոյտեխովսկի, Չեխիա

4. «Գաբիսոն Ինվեստ» ՍՊԸ- Ռադկա Կրչմարովա, Չեխիա

Ս.թ.-ի ապրիլի15-ին չեխական «Զլատո»-ի կայքում  տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ «Միներալ Վենչրզ Ինվեստ»-ը, որը պատկանում է Զլատո հոլդինգին,  խոշոր գործարք է կնքել իռլանդական ընկերության՝ IMC Exploration Group (IMC)-ի հետ, ինչի արդյունքում ընկերությունների միջև ձեռք բերված համաձայնագրերով  վերջինս ձեռք կբերի Հայաստանի Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը:

Կայքն անդրադարձել է նաև Քարաբերդի հանքավայրի յուրահատկություններին՝ կապված հանքանյութում ոսկու տոկոսային բարձր պարունակության հետ: Ըստ կայքի,  Քարաբերդում առկա է 6.92 տոննա ոսկի, իսկ 1 տոննա հանքանյութը պարունակում է միջինը 5.4 գրամ ոսկի, ինչը բավականին  բարձր ցուցանիշ է:

«Դա դարձնում է Քարաբերդը շատ գրավիչ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի հանքավայրերի մեծ մասում 1 տոննա հանքանյութը պարունակում է մոտ 1.5 գրամ ոսկի»,- նշել է «Միներալ Վենչրզ Ինվեստ»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Մարաշեկը:

Ի դեպ, https://www.zlato.cz-ի հրապարակած տվյալները չեն համապատասխանում 2012թ.-ի հուլիսի 26-ին «ԱՍՍԱԹ» ՍՊԸ -ի  ստացած դրական եզրակացության Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման աշխատանքային նախագծի բովանդակությանը, ըստ որի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի պաշարները կազմում են. հանքաքար՝ 303.2 հզր տոննա,  ոսկի՝ 1631,8 կգ, արծաթ՝ 2.920 տոննա:

Հանքավայրի շահագործման օրինականության հարցը՝ լոռեցիների ու բնապահպանների դիտակետում

www.zlato.cz-ի տվյալներով 2021թ.-ի ապրիլի վերջին 10-օրյակում ընկերությունը նախատեսել էր վերամշակել 5400 տոննա հանքանյութ՝ Քարաբերդի հանքավայրից:Ըստ Դ. Մարաշեկի առաջին փուլում պետք է վերամշակվեր շուրջ 20 կգ ոսկի՝ մեկ ամսում:

Սա հենց այն ժամանակաշրջանն էր, երբ լոռեցիներն ու ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր մեծ աղմուկ բարձրացրին, կապված Քարաբերդի հանքի ինտենսիվ շահագործման արդյունքում առկա բնապահպանական ու առողջապահական ռիսկերի հետ: Այդ ռիսկերն առավել ակնկառու էին դառնում հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանքանյութով բեռնված բեռնատարների երթերն ավարտվում էին մարզկենտրոն Վանաձորում՝ երկաթգծի կայարանում, որտեղից էլ հանքանյութն, ըստ ամենայնի,  տեղափոխվում էր վերամշակման «ԳեոՊրոՄայնինգ» ընկերություն:Արդյունքում բնապահպանական առումով տուժում էր ոչ միայն Քարաբերդն ու հարակից գյուղերը, այլև՝ մարզկենտրոնը:  

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Վարդանյանը, ով Քարաբերդին կից տարածքում զբոսաշրջային մեծ նախագիծ է իրականացնում, Հայաստան այցելող զբոսաշրջիկներին առաջարկելով բացառիկ զբոսաշրջային ծառայություն՝ ռաֆտինգ Դեբեդ գետի վրա, ապրիլ- մայիսին իր ֆեյսբուքյան էջում  ահազանգել էր.

«… Քարաբերդի ոսկու հանքը անօրինական է, չունեն նոր թույլտվություն։Հետևություն. պատրա՞ստ ենք մեր կանաչ Վանաձորի ստատուսը պահել, թե՞՝ ոչ։ Եթե պատրաստ ենք, միակ ճիշտ ելքն այս պահին փակել հանք տանող ճանապարհը, փակել M6 միջպետական մայրուղու Վանաձոր -Ալավերդի սկզբնամասը, որտեղով հանքաքարը հասնում է Վանաձորի ավտոկայան։Երեկ մենք ականատեսը եղանք հանքի պայթյունի հետևանքով առաջացած կանաչ փոշուն և անձրևի ժամանակ մեքենաների վրա առաջացած ցեխին։ Սիրելի Վանաձորցիներ սա դեռ սկիզբն է, եթե հիմա չկանխենք, ապագայում մեր բնակիչները սկսելու են պայքարել ավելի լուրջ առողջական խնդիրների դեմ: Պետք է համախմբվել և արագ գործի անցնել»։

 Օգտատեր, բնապահպանական խնդիրներով զբաղվող Գևորգ Քոթանջյանը գրել էր. «Ըստ տեղեկությունների Քարաբերդի ոսկու հանքը շահագործվում է ապօրինի` առանց ՇՄԱԳի, ու անարգել, առանց որևէ խոչընդոտի, անզեն աչքով անգամ Վանաձորից երևում են աշխատող մեքենաները, փոշու ամպերը… »:

Վերջիններիս էին միացել բազմաթիվ լոռեցիներ, արտահայտելով իրենց պատրաստակամությունը միանալու  ամենատարբեր ռիսկերով լի հանքարդյունաբերության դեմ պայքարին:

Պարզելու համար Քարաբերդի հանքավայրի գործունեության օրիականությունը, բնապահպանական կազմակությունները նաև դիմել էին իրավասու մարմիններին:

Այդ օրերին աշխարհագետ,  «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնության անդամ  Լևոն Գալստյանը  հարցմամբ  դիմել էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, նշելով.

 «Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ Վանաձոր քաղաքի մոտ ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքներ են սկսվել։ Ըստ նկարագրությունների խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է Քարաբերդի ոսկու հանքավայրին, որի նախագիծը դրական եզրակացություն է ստացել դեռ 2012-ին, որից հետո, սակայն, գործունեություն չի ծավալվել։ Նախագիծը ներկայացրել էր «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն։ Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում», այդ եզրակացությունը պետք է ուժը կորցրած լիներ։ Այդ առումով խնդրում ենք.

1. Պարզել ու տեղեկացնել մեզ օրենքի այս կետի իրականացված լինելու կամ չլինելու մասին։

2. Եթե այդ եզրակացությունն ուժը կորցրած չէ, ապա կատարել օրենքով նախատեսված գործողությունն ու ուժը կորցրած ճանաչել այն։

3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առաջարկել դադարեցնել այդ գործունեությունը՝ փորձաքննության եզրակացությունն ուժը կորցրած լինելու հիմքով և պատժել այդ ընկերությանը 2012թ-ից առ այսօր արված խախտումների համար»։

Ի պատասխան ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տ. Սիմոնյանը  հաստատելով միտքը, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում», այդուհանդերձ, նշել էր.

«…նախարարությունը վերահսկողական գործառույթներ իրականացնելու իրավասություններ չունի: Ձեր հարցումը վերահասցեագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»:

Ավելի ուշ, 06.05.2021թ.-ին, մի քանի կազակերպությունների անունից ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռ. Պետրոսյանին  և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին  էր դիմել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ՝ Օլեգ Դուլգարյանը:

Գրությամբ մատնանշելով, որ  ««Ասսաթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման աշխատանքային նախագծին 2012թ-ի հուլիսի 26-ին տրվել է ԲՓ-64 փորձաքննական դրական եզրակացությունը, սակայն ընկերությունը փորձաքննական եզրակացությամբ նախատեսվող գործունեությունը և պարտավորությունները չի իրականացրել ընդհուպ մինչև 2020 թ-ի ավարտը, բնապահպանները խնդրել էին « միջնորդել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ հանքի տարածքում իրականացնել տեսչական ստուգումներ, պարզել հանքում ներկայումս ընթացող աշխատանքների օրինականությունը և առաջնորդվել տեսչական մարմնի ստուգման արդյունքներով՝ քննարկելով ԲՓ-64 փորձաքննական դրական եզրակացության ուժը կորցրած ճանաչելու հարցը»:

Ի պատասխան  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը կրկին  բավարարվել էր  գրությունը իրավասու մարմնին՝  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչությանը վերամակագրելով, որտեղից էլ  պատասխանել էին.

«Տեսչական մարմինը օբյեկտիվ և հավաստի պատասխան ներկայացնելու նպատակով հարցումներ է կատարել պետական լիազոր մարմիններին: Միաժամանակ հայտնում եմ, որ ձեր վերոնշյալ գրությանը կպատասխանենք կատարված հարցումների պատասխանների ամփոփումից հետո»:

Սա հունիսի 8-ին էր: Անցել է մեկ ամսից ավելի, սակայն, Օլեգ Դուլգարյանի տեղեկացմամբ՝  որևէ  «օբյեկտիվ և հավաստի պատասխան» տեսչական մարմինը դիմումատու բնապահպանական կազմակերպութուններին այդպես էլ չի ուղարկել:

Վերոնշյալ փաստը համարելով պետական կառույցների անարդյունավետ գործունեության ու մեկը մյուսի վրա խնդրի պատասխանատվությունը թողնելու բացասական նախադեպ, բնապահպանները փաստում են, որ նշված ընդհանրական ու անարդյունավետ պատասխանններից հետո ակնկալիքներ պետական կառույցներից, առանձնապես չունեն:

 Լ. Գալստյանի խոսքով՝ Հայաստանում գործող հանքավայրերի ունեցած դրական փորձաքննությունները վերանայելու և օրենքի խախտման դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու հարցով «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնությունը պետական կառույցներին դիմել է դեռ  2018-2019թթ.-երից:

«Ոչ միայն Քարաբերդի, այլ նմանատիպ վիճակում գտնվող մոտ 20 հանքի վերաբերյալ մենք որպես կամավորական նախաձեռնություն ուղարկել էինք նամակ, որ կան ակնհայտ փաստեր, որ այդ հանքերը ստացել են փորձաքննական դրական եզրակացություն, բայց գործունեություն չեն սկսկել և չեն ծավալել: Եվ քանի որ արդեն իսկ անցել է մեկից ավելի տարի, ինչը սահմանված  է օրենքով, խնդրում ենք մեզ տեղեկացնել՝  այդ հանքերի փորձաքննական եզրակացությունների ուժը համարվո՞ւմ է ուժը կորցրած, թե՞՝  ոչ: Եվ եթե ոչ, ապա ուժը կորցրած ճանաչել՝ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, որը որևէ ստուգում  կամ այլ գործառույթի իրականացում չի ենթադրվում»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Լ. Գալստյանը:

Վերջինիս խոսքով, նախկինում արված հարցումները ևս պետական կառույցները փոխանցել են իրար, ապա տեսչական մարմնից խոստացել են՝ բոլոր մետաղական հանքերում պետք է ստուգումներ անենք և դրանից հետո ձեր հարցմանը կպատասխանենք:

-Առ այսօր պատասխանում են: Անցել է արդեն ավելի քան 2 տարի,- ասում է զրուցակիցս, նման գործելաոճին տալով հետևյալ բնութագրումը,-դա նշանակում է ակնհայտ բանը չտեսնել ու փորձել ակնհայտ գործողությունը չանել տարբեր վարչարարական կամ բյուրոկրատական մեխանիզմների կիրառման միջոցով, այսինքն՝ օրենքի կետը չկիրառել…

Լ. Գալստյան. Ոչ մի նոր մետաղական հանք չպետք է բացվի, որովհետև Հայաստանը  կոպեկների դիմաց զոհաբերելու կենսատարածքներ չունի

Վերջինիս խոսքով՝ ներկա պարագայում «Ասսաթ» -ի 2012-ին ստացած դրական փորձաքննության մասին փաստաթուղը «ընդամենը թղթի կտոր է», իսկ հանքի շահագործումն անօրինական և այս պարագայում ՀՀ քաղաքացիներն իրավունք են ստանում և նաև պարտավոր են ինքնուրույն վերականգնել արդարությունը, օրենքներն ու պաշտպանել իրենց հիմնարար իրավունքները։

-Քաղաքացին հստակ իմանալով, որ կա օրինախախտում, որը որպես քաղաքացի նաև իր իրավունքների  խախտում է, և տեսնելով, որ պետական մարմինները չեն վերացնում այդ խախտումը, ինքը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է բոլոր իրավական ու ոչ բռնի մեթոդներով վերականգնել արդարությունը և վերացնել իրավունքի խախտումները: Առաջին հերթին դա պետք է անի տեղի բնակչությունը, որովհետև ինքն է այդ անօրինական գործունեության հետևանքների առաջին կրողը,- ասում է բնապահպանը:

Լ. Գալստյանի խոսքով վերջին տարիներին «Հայկական բնապահպանական ճակատը» պարբերաբար հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող  առաջարկներ է ներկայացնում կառավարությանը: 

-Գլխավոր ուղերձը, որ փոխանցել ենք կառավարությանը, միշտ եղել է հետևյալը. Հայաստանում ոչ մի նոր մետաղական հանք չպետք է բացվի, որովհետև Հայաստանը  կոպեկների դիմաց զոհաբերելու կենսատարածքներ չունի: Դա մեր ամենակարևոր ուղերձն է: Մնացած հիմնավորումները շատ ավելի մասնագիտական են… 

Ինչ վերաբերում է հին, արդեն գործող  հանքավայրերին, ապա գլխավոր միտքն այն է, որ  եթե նույնիսկ մենք չենք կարողանում իրենց շահագործման իրավունքները կամ գոնե հսկիչ փաթեթը ետ վերադարձնել  պետությանը, և եթե  դա անհնար տարբերակ է, ուրեմն պետք է հարկային համակարգը փոխենք այնպիսի ռադիկալ ձևով, որ այդ շահագործումից ստացած եկամուտները գոնե ինչ-որ չափով համարժեք լինեն սոցիալական, առողջապահական ու էկոլոգիական վնասներին, որոնք բերում են այդ հին շահագործվող հանքավայրերը: Եվ այդ էկոլոգիական և մնացած ստանդարտների պահպանումն ու վերահսկողությունը երկրում պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա:

Սա մեր գլխավոր ուղերձն է ավելի քան 10 տարի…

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert