Կգա՞ս այս գիշեր,
Ներկայությունդ զգալ եմ ուզում,
Ոչ թե լոկ հիշել,
Առաջվա նման հարբել եմ ուզում,
Ոչ թե լի շշեր,
Քո գրկում սիրուց մարել եմ ուզում,
Մինչև ու՜շ գիշեր…
Կգա՞ս այս գիշեր,
Իմ պահարանում դեռ մնացել են
Չբացված շշեր,
Չմաշված հուշեր,
Վաղուց չհագած վերնաշապիկներ,
Գրված, չուղարկված սիրո նամակներ,
Հոգու երազներ,
Հնացած խոսքեր,
Շուրթերիս վրա հազա՜ր համբույրներ,
Սեր ու կարոտնե՜ր,
Դեռ չվայելած սիրո հեքիաթնե՜ր,
Անավարտ հուշե՜ր,
Անավարտ գիշե՜ր…
Առանց քեզ իմ սեր,
Ի՞նչ սե՜ր,
Ի՞նչ հուշե՜ր…
Արի՜ այս գիշեր,
Արի ու մնա՜,
Արի ու խաբի´ր, որ էլ չես գնա,
Սեր խաղա այնքա՜ն մինչև լուսանա,
Մինչ լուսինն իր տեղն արևին կտա`
Մնա՜, մի´ գնա…
Մնա, որ նորից քեզանով արբեմ,
Մնա, որ պարտվեմ,
Կարոտս քո տաք շուրթերին պատմեմ,
Աչքերիդ ծովում կորե՜մ, խորտակվե՜մ,
Մնա, որ հոգուդ մտերիմ լինեմ,
Քեզնից թաքուն քեզ երկրպագեմ,
Փու՜լ գամ քո գրկում ու լու՜ռ նվաղեմ…
Արի´ ու մնա՜,
Մնա վերսի՜ն,
Մնա, որ հաղթեմ ինձ ու աշխարհին,
Հին նամակներս տամ քամիներին,
Ազատություն տամ չասված խոսքերին,
Հրաժեշտ` ցավին,
Կարոտ ու լացին,
Հոգիս քրքրող անվերջ սպասումին,
Անվերջ հարցումի ձև ու դարձումին…
Մնա՜ այս գիշեր,
Ուզում եմ այսօր սերս վերհիշել,
Ուզում եմ սերս նորովի գտնել,
Ուզում եմ քեզ հետ, քո գրկում մարե՜լ,
Սիրո գիշերում դանդա՜ղ համբառնե՜լ…

Լիլի Շակրին

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert