«Մեղա՛, մեղա Արարատին»

                                                                                                                      Շահան Շահնուր

                                                                                                          «Դե եկ վարդապետ ու մի խևանա»

                                                                                                                                         Պարույր Սևակ 

               Գագիկ ծառուկյանը բազմիցս է ապացուցել, որ արժանի է այդ անիմաստ ածականին, որ ժողովուրդը նրան է տվել։ Ըստ երևույթի նրա փառասիրությունը՝ աչքի ընկնելու, իր հարստությունը ցուցադրելու տենչը, անսահման է։ Մարդկության հին ու նոր պատմությունից մեզ հայտնի են նման ողբերգություններ։ Հապա Դոդի Գագոն ինչո՞ւ նրանց շարքերում չդասվի։

            -Հնադարյան հարուստներն իրենց սեփական գազանանոցն ունեին, ինքն էլ իր առյուծներն է ունենալու․․․

            -Նրանք ազնվական ցեղային ձիեր ունեին ու ոսկեզօծ կառքերի հավաքածո, ինքն էլ իր տարբեր մակնիշի մեքենաների հավաքածոն․․․

            -Հապա նրա զանազան թանկարժեք զարդեղենների հավաքածոն․․․

            -Հապա ի՞նչ պակաս է նա, որ իր մեղքերը քավելու, մեղա գալու համար սեփական եկեղեցի ու աղոթատեղի չունենա․․․

            -Հապա ինչ պակաս են նրա զավակները, որ Եվրոպայի արքայական տների նման՝ արքայավայել հագուստներ չպատվիրի նրանց համար, հարսանիքներ ու խրախճանքներ չկազմակերպի նրանց վայել, այն էլ պատերազմի, ազգային սգի, համընդհանուր թևաթափության ու ընկճվածության պայմաններում․․․

            Մի գուցե այս շարքը լրացնելու դեռ օրինակներ լինեն, սակայն նշվածները բավական խոսուն են ու բացահայտում են Հայաստանի պայմաններում անհաշիվ հարստություն դիզած, բոլոր պարկեշտության սահմանները պայթեցրած մի մարդու մասին, ով իրեն հայ քրիստոնյա է կոչում ու ըստ YouTube-ում տեղադրված տեղեկությունների, որոշել է Քրիստոսի արձանը կառուցել տալ ու Երևանում տեղադրել, դրա համար հայտարարելու է մրցանակաբաշխություն․․․

            Դե եկ վարդապետ ու մի խևանա․․․

            Ե՞րբ ենք խելքի գալու։ Ե՞րբ ենք հասկանալու․

            -Ո՛ր այսպես է եղել, որ կործանվել ենք, ու եթե այսպես շարունակվի, ապա լրիվ կործանվելու ենք․․․

            -Ո՛ր հրեա-ի  պատմությունը մեր վզին փաթաթելով, մեզ խեղդամահ են արել․․․

            -Ո՞ր մեկ քրիստոնյա ժողովուրդն է այդքան եկեղեցիներ, վանքեր, մատուռներ կառուցել, բացի չափի զգացումը լրիվ կորցրած հայության հոգևորականները․․․

            Ե՞րբ․

            -Ո՞ր դարում, ո՞ր օրհասական պահին, դրանցից որևէ մեկը փրկեց այն  հավատացյալներից որևէ մեկին, ովքեր իրենց կենդանության օրոք ծնկաչոք ներս էին մտնում տաճար, համբուրում պատերի մամռոտ քարերը, ձեռքերը վեր պարզած ու մեղա գալով, ողորմություն էին աղերսում․․․

            Ավելորդ է ասել, որ մտքեր, բառեր են պակասում, նման մտահղացումը լրիվ քննարկելու համար։ Մեզ մնում է հույս հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն ու գլխավոր ճարտարապետը՝ բավականին հեռատեսություն, խոհեմություն ու ողջամտություն կցուցաբերեն ու չեն՝ ընդառաջի, ավելի շուտ չեն՝ արտոնի, նման անիմաստ ու ապազգային ցանկությունը։

Բեռլին, փետրվար 2022,  Սամվել Հովասափյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert