Իմ խորը համոզմամբ Հայկական հարցի ձախողման մեջ, մեղմ ասած, իր ցավալի դերն է ունեցել երիտթուրքական կուսակցության և հետո նրա գլխավորած իշխանության հետ Հայ հեղափոխական դաշնակցության համագործակցությունը։

           Որքան էլ ցավալի է այս իրողության փաստը, միևնույնն է, հարկավոր է դրա մասին չմոռանալ, քանի որ այդ համագործակության հետևանքները մինչև օրս չեն հաղթահարվել, դեռ մինչև օրս հնչում են դա արդարացնելու կոչեր։

              Հասկանալի է, որ այդ իրադարձություններից անցել է մեկ դարից ավելի ժամանակ և այսօրվա դաշնակցության անդամները պատասխանատու չեն իրենց նախորդների գործած այդ ճակաւգրական սխալի համար։ Բայց որ նրանք լռում են, խուսափում են հիշել այդ մասին, առավել ևս պետք է զգույշ լինել, մանավանդ հիմա, երբ համաշրհային մասշտաբով իրադարձությունների զարգացումն ընթանում է անսպասելի թռիչքներով ու վայրիվերումներով, իսկ Հայաստանը գտնվում է դրանց կիզակետում։

Ահա, այս ամենն էլ նկատի ունենալով, կամենում եմ այսօրվա ըթերցողի ուշադրությանը ներկայացնել երիտթուրքական կուսակցության հետ դաշնակցության համագործակցության համառոտ տեսությունը, բացառապես հենվելով ժամանակի դաշնակցության երևելի գաղափարախոսների հայացքների ու տեսակետրի վրա։

                 1910 թ. սեպտեմբերին Կ. Պոլսում հրատարակվող «Ազատամարտ» թերթում դաշնակցության հայտնի տեսաբան Ռուբեն Դարբինյանը հրապարակել է «Իթթիհատի և դաշնակցութեան համագործակցութթեան շուրջ» ծավալուն հոդվածաշարը։

             Դժգոհելով, որ դաշնակցության և Իթթիհատի միջև կնքված համաձայնությունը «կը շարունակէ խանգարել շատերու քունը», Դարբինյանը գրել է. «Մեր հակառակորդ բանակը ոչինչ չի խնայեր վարկաբեկելու համար այն բոլոր կարևոր քայլերը, զորս ըրած է դաշնակցութիւնը հայ ժողովուրդի ֆիզիկական գոյութիւնը ապահովելու նպատակով»։

               Այդ «կարևոր քայլերի» մասին ասելով, Ռ. Դարբինյանը նկատի ունի «Սահմանադրութեան անսասան պահպանման համար դաշնակցութեան և Իթթիհատի միջև կնքված համաձայնութիւնը»։

              Բայց Դարբինյանը ոչինչ չի ասում, թե որոնք են «հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը ապահովելու նպատակով» դաշնակցության «կարևոր քայլերը», այն էլ Ադանայի հայ բնակչության կոտորածից հետո։

               Պատասխանելով նրանց, ովքեր դաշնակցությանը մեղադրում էին այն բանի համար, որ «դաշնակցութիւնը որպէս միայն մէկ մասը հայ ազգին իրաւունք չունէր ազգին անունով հաւանութիւն կնքելու օտար կազմակերպութեան մը հետ», Ռ. Դաբինյանը պարզաբանում է, որ «համաձայնութիւնը գոյացած է երկու կուսակցութեանց և ոչ թէ երկու ազգերի միջև, թէ այդ կուսակցութիւնները գործեր են միայն իրենց անունով և իրենց պատասխանատուութեամբ»։


                Անդրադառնալով դաշնակցության քննադատների այն տեսակետին, ըստ որի նա իրավունք չուներ Իթթիհատի հետ համաձայնության գալ, Ռ. Դարբինյանը գրում էր. «Դաշնակցութիւնը ղըկավարուէր է միշտ ոչ թէ այս կամ այն ֆօրմիւլներու, այլ քաղաքական առողջ հոտառութեան թելադրութեամբ»։

              «Հին կարգերը,– շարունակել է Ռ. Դարբինյանը,– կը սպաննէին հայ ժողովուրդը ոչ միայն ուղղակի, անհատական ու մասսայական կոտորածներու միջոցով, այլև անուղղակի կերպով – տնտեսաէս քայքայելով զայն: Այսպիսով նոր ռէժիմի անսասան պահպանումը գլխավորապէս մեզի համար կեանքի և մահու խնդիր է: Հայ հասարակական կեանքի վերածնութեան, հայ ազգի բնականոն զարգացման համար նոր ռէժիմը այն անհրաժեշտ և կարևորագոյն պայմանն է, առանց որուն մենք դարձեալ դատապարտւած ըլլանք անընդհատ ու սիստեմատիք ոչնչացման, կործանման։ Եւ միայն լսել չուզող խուլերը ու տեսնել չուզող կոյրերն այսօր, որ կը ժխտէն Իթթիհատի և Դաշնակցութեան գործունեութեան անգնահատելի դերը հայկական գաւառներու մէջ ստեղծւող ապահովութեան հանդէպ» («Ազատամարտ», 11/24 սեպտեմբերի 1910 թ.)։

Այսօրվա երիտասարդ ընթերցողները, իհարկե, ծանոթ չեն Թուրքիայում տիրող իրավիճակին, հատկապես Ադանայի կոտորածից հետո, և այդ պատճառով, հավանաբար, Ռ. Դարբինյանի տեսակետը կընդունեն իբրև ճշմարտություն և կհավատան, որ, իսկապես, հայկական գավառների մեջ ստեղծվել էր ապահովութուն:

               Բայց իրականում արևմտահայության վիճակն ավելի էր ծանրանում, նրա գլխին կուտակվող վտանգն ավելի զգալի էր դառնում:

                Հենց այն օրերին, երբ «Ազատամարտի» էջերում Ռ. Դարբինյանը գրում և հիմնավորում էր Իթթիհատի հետ համաձայնության բերած բարիքների մասին, մեղադրում «լսել չուզող խուլերին ու տեսնել չուզող կոյրերին», Սալոնիկում տեղի ունեցած Իթթիհատի կոնգրեսն ընդունել է մի ծավալուն որոշում, որը դարձել է այդ կուզության գործողության ծրագիրը։

               Այդ ծրագրի 12-րդ կետը, որը վերաբերում էր ազգային հարցին, հռչակել է. «Սպաննել դէպի իր ազգային ինքնորոշումը տանող ամէն տեսակ ձգտում, որ կրնայ ապահովել որոշ յաջողութիւն արտաքին ակնկալութիւններու։ Աստիճանաբար ետ առնել հին ազգային առանձնաշնորհումները և զանազան ազգութիւնները վերածել ընդհանուր պետական յայտարարի մը։ Կարելի եղածին չափ աւելի շատ սահմանափակել նոր ոչ թուրք դպրոցների բացումը և գոյութիւն ունեցողներու մէջ թուրքերէնը պարտադիր դարձնել։ Բանալ պետական թուրք դպրոցներ բոլոր ազգերուն համար։ Ընդհանրապէս ձգտիլ ոչ-թուրք ազգութիւններու ազգային նկարագիրը խաթարելու և հանդուրժել միայն կրօնական հակումներու՝ իբր աւելի քիչ վնասակար» («Ազատամարտ», 27 նոյեմբերի 1910 թ.)։

                Ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ հանգա հանգամանքի վրա։ Նույն «Ազատամարտ» թերթը մի կողմից ներկայացրել էր հայ ժողովրդի համար երիտթուրքերի հետ կնքած համաաձայնության բարիքների մասին Դարբինյանի քարոզները, մյուս կողմից էլ հրապարակել էր երիտթուրքական կուսակցության համագումարի վերոհիշյալ որոշումը, համառորեն չտեսնելով դրանից բխող վտանգը։

              Ահա, այս վտանգն էին զգում ու տեսնում «լսել չուզող խուլերը» և «տեսնել չուզող կոյրերը», իսկ «ամենատես» ու «ամենալսող» Ռ.Դարբինյանի մատուցմամբ դաշնակցությունը շարունակում էր երիտթուրքերի հետ սիրախաղը։

                «Եվ այսօր,– գրել է Դարբինյանը, շարունակելով գարգացնել իր տեսակետը,– մենք բոլորովին պարզ գիտակցութիւնն ունինք այն ճշմարտութեան թէ ոչ Ազատ Հայաստանը, ոչ ալ հայկական  նահանգներու օթօնոմին կրնան մեր ցաւերը բուժել, մեր ազատութիւնը դարբնել։ Հետևաբար, այդ երկու գաղափարներն ալ այսօր կրնան արդիւնքը նկտուիլ յեղափոխական ռոմանթիզմի:

               «… Ազատ Հայաստանը,– շարունակել է դաշնակցության տեսաբանը,– արդէն ինքնին այսօր այնքան անհեթէթ միտք մըն է, որ միայն տգետներն ու քաղաքական մանուկները կրնան փայփայիլ զայն» («Ազատամարտ», 27 նոյեմբերի 1910 թ.)։

               Այսպիսով, դաշնակցությունը հրաժարվել է Արևմտյան Հայաստանի ազատագրման գաղափարից, արևմտահայության երջանկությունը տեսել է միայն սահմանադրական Թուրքիայի (այսինքն՝ Երիտթուրքական իշխանության կազմի մեջ մնալով:

               Ռ. Դարբինյանն «Ազատ Հայաստանի» գաղափարը անհեթեթ է համարել, քանի որ ըստ նրա, հայկական նահանգներում բնակչությունը փոքրամասնություն է կազմում, նրանցում բնակվող թուրքերի ու քրդերի մեծամասնության համեմատությամբ:
              Ելնելով այս «ռեալ իրողությունից», Ռ. Դարբինյանը ընդգծել է. «Դաշնակցութիւնը ստիպուած եղաւ իր օրուայ պահանջներէն դուրս ձգել հայկական նահանգներու օթօնօմին և դարձնել զայն աւելի հեռաւոր ապագայի մը խնդիր, մինչև որ ընդհանուր պետական  տնտեսական-քաղաքական կեանքը զարգանայ այնչափ, որ ունենայ դասակարգային բաղձալի շերտաւորումը հայկական նահանգներու մէջ և առաջ գան ու կազմաւորուին քիւրտե և թուրքերու մէջ ալ այն աշխատաւորական տարրերը, որոնց հետ միասին հայ աշխատաւորութիւնը պիտի դարբնէ իր ճակատագիրը» («Ազատամարտ», 11/24 սեպտեմբերի 1910 թ.)։


               Իր հոդվածում Ռ. Դարբինյանը գրել է. «…Դաշնակցութիւնը, որ իր ամբողջ քաղաքական փորձը ձեռք էր բերած մրրիկներու և փոթորիկներու մէջ, չկորսնցուց իր հոգեկան հաւասարակշռութիւնը Ատանայի աղէտին հանդէպ ևս,– որովհետև գիտակից էր այն մեծ ճշմարտութեան՝ թէ զգացումի քաղաքականութեամբ չէ որ հայ ժողովուրդը դուրս պիտի գայ իր տագնապալից վիճակէն, այլ հաշուի, բանականութեան քաղաքականութեամբ պէտք էր կոչում ընել հայ ազգի ողջամտութեան և ոչ թէ կոյր վրէժխնդրութեան բնազդներուն»։

                «Եվ դաշնակցութիւնը,– այնուհետև ազդարարել է Ռ. Դարբինյանը,- քաջութիւնն ունեցաւ հասարակական այդ բնազդներու գրգռուած վիճակին մէջ ընտրել այն միակ ճամբան, զոր կը թելադրէին մեր ընդհանուր շահերը և ոչ թէ զգացումները,– դաշինք կնքեց Իթթիհատի հետ, որովհետև Իթթիհատի տապալման վտանգը միաժամանակ վտանգն էր և ամբողջ սահմանադրական ռէժիմին, որուն պահպանումը ամեն գնով մեզմէ կը պահանջէր մեր հանրային ինքնապաշտպանութեան բնազդն ու ըմբռնումը» («Ազատամարտ», 16/29 սեպտեմբերի, 1910 թ)։


    
         Կարծում եմ Ռ.Դարբինյանի արտահայտած մտքերը մեկնաբանության կարիք չունեն։ Դրանք պերճախոս կերպով ցույց են տալիս, որ դաշնակցության համար թանկ են եղել երիտթուրքական իշխանությունն ու նրա սահմանադրությունը, քան հայ բնակչության անվտանգությունը։


               Ռ. Դարբինյանը 1910 թ. նոյեմբեր-դեկտեմբերին հանդես է եկել «Հ.Յ.Դաշնակցութիւնը և իր քաղաքականութիւնը Թուրքիոյ մէջ» ծավալուն հոդվածաշարով, որտեղ տեսական վերլուծություններ կատարելով հանգել է հետևյալ եզրակացության. «Հ.Յ.Դաշնակցութիւնը, որպէս պետական քաղաքական կուսակցութիւն մը սահմանադրական ռէժիմի ամրապնդման աս փոխանցման շրջանին մէջ, հարկադրուած է հաւաքել, կեդրոնացնել իր բովանդակ ուժերը  ընդհանուր պետական բնոյթ ունեցող հարցերու լուծումը յաջողցնելու համար» («Ազատամարտ», 20 նոյեմբերի, 1910 թ.)։

              Սակայն, դաշնակության ղեկավարներն այնքան էին «գինովցած» ու այնքան էին տարվել թուրքական հեղափոխության մեջ իրենց դերով ու մասնակցությամբ, որ կորցրել էին զգոնությունը և ուշադրություն չէին դարձնում իրենց սթափեցնող կոչերին։
               Այդ կույր հավատով էր լցված նաև Ս. Վրացյանը, որը գրել է.  «Սահմանադրության օրերին ամբողջ թուրքահայությունը, չնչին բացառությամբ, կանգնել էր օսմանյան պետականության հողի վրա։ Հ.Յ դաշնակցությունը, հայ ժողովրդի մեծագույն կուսակցությունը՝ գործակցելով Իթթիհատի հետ՝ ձգտում էր իրականացնել համապետական նպատակներ։ Երեսուն տարիների հեղափոխական մաքառումներից հետո, հայն անվերապահ կերպով դառնում էր օսմանյան քաղաքացի, հավատարիմ տարր օսմանյան «վերածնվող հայրենիքի» (Ս. Վրացյան, Հայաստանի Հայաստանի հանրապետություն, Եր., 1992, էջ 4):

              Ռ. Դաբրինյանը «Ազատամարտ» թերթում հրապարակել է «Ս.Դ. հնչակեանները, անոնց ծրագիրն ու պահանջները» ծավալուն հոդվածաշարը, որտեղ սոցիալիզմի, մարքսիզմի, պրոլետարիատի, դասակարգային պայքարի և այլ տեսական հարցրերի շուրջ էկլեկտիկ դատողություններ անելով հնչակյաններին մեղադրել էր, որ նրանց ծրագրերի մեջ բացակայում է «ինքնուրույն մտածողությունը», այլև օտար (գլխավորապես գերմանական և ռուսական) «Աոցիալ դեմոկրատ կուսակցութիւնների ծրագրային պահանջների ուղղակի  ստրկական հետևութիւնն է»։
               Այնուհետև, Ռ.Դարբինյանը գրում էր. «… Հնչակեանները նեղութիւն չեն կրեր հրապարակ հանելու Թուրքիոյ պայմանէրու մէջ իրական արժէք ունեցող պլատֆորմ մը, որ անխուսափելիորէն պիտի բացայայտէին իրենց քաղաքական ստեղծագործութեան կարողութիւնը…» («Ազատամարտ», 1/14 հոկտեմբերի, 1910 թ.):

              Մինչդեռ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը 1910 թ. իր մասնաճյուղերին ուղարկած շրջաբերականում ուղղակի ընդգծում էր. «Իթթիհատական կուսակցութիւնը, որ թուրքիոյ քաղաքական ղեկը իր ձեռքն է առած, ազատ, համարարձակ կերպով դրել է իր անմիտ ձուլման քաղաքականութիւնը և շեշտակի դիմում է իր նպատակին,  առանց աջ ու ձախ նայելու,– այդ ուղղութիւնը մենք բացարձակապէս կորստաբեր եւ վնասակար ենք համարում ոչ միայն հայ ազգի եւ համայն պրօլետարիատի շահի եւ իրաւունքի տեսակէտից, այլ նոյնիսկ օսմ. Պետութեան, որի իրական վերածնութեան պայմանները, համոզուած ենք, կարող են գալ միմիայն Ս.Դ.Հնչակեան կուսակցութեան Ծրագրի նուազագոյն պահանջների իրագործումովը»։

             Պատասխանելով Ռ. Դարբինյանի անհիմն ու իրականությունից շատ հեռու տեսակետին, Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունն ազդարարում էր. «Ս.Դ.Հնչ. կուսակցութիւնը իր անցեալը դատապարտած և իր միսիայի մէջ թերացած կլինի, եթե պատմական ներկայ մօմենտի մէջ զօրեղ թափով առաջ չը նետուի և ազգերի իրաւահաւասարութեան սկզբունքի վրայ կանգնած իր յանդուգն պայքարը չը մղի ու չը կասեցնի ձուլման քաղաքականութեան այն խօլ թափը, որ սպառնում է կլանել ամէն ինչ, որ ապագայ եւ կեանք է խոստանում»:

              Կասեցնել արևմտահայութունը ձուլելու երիտթուրքական քաղաքականությունը և ամբողջ ուժերը համախմբել այդ գործի համար: Ահա Հնչակյան կուսակցության «իրական արժեք ունեցող պլատֆորմը», որն այդպես էլ դաշնակցության ղեկավարները ոչ տեսան և ոչ էլ հասկացան դրա կարևորությունը։
             Ռ.Դարբինյանը իր քննադատության մեջ անհետևողական չէր։ Անշուշտ, ընթերցողը նկատեց, թե նա ինչպիսի կրքոտությամբ էր մերժում «Ազատ Հայաստանի» գաղափարը, որի  իրագործմանն էլ իրեն նվիրել էր Հնչակյան կուսակցությունը, իսկ այժմ հնչակյաններին մեղադրում է իրական արժեք ունեցող ծրագիր չունենալու մեջ։

             Վերջապես, Թուրքիայի պայմանների մեջ Հնչակյան կուսակցությունն անհաշտ դիրքորոշում ուներ երիտթուրքական կուսակցության ու նրա իշխանության նկատմամբ։ Բայց հենց այս հանգամանքն էր հունից հանել «պետական քաղաքական կուսակցության» գաղափարախոսին։            
            Իհարկե, Ռ. Դարբինյանը միամիտ չէր, նա հասկանում էր, թե վերջին հաշվով ինչ էր  նշանակում երիտթուրքերի հետ համագործակցությունը և ձգտում էր դա ամեն կերպ արդարացնել, գրելով. «… Դաշնակցութիւնը շատ լաւ կը գիտակցեր՝ թէ որքան քիչ կրնան ըլլալ իր շփման կետերը չափաւոր– լիբերալ կուսակցութեան մը հետ, ինչպիսին էր Իթթիհատը, և թէ որքան մեծ է այդ երկու կուսակցութեանց ընկերային– քաղաքական հորիզօններու տարբերութիւնը։ Չէ՞ որ Իթթիհատ բուրժուական կազմակերպութիւն մըն էր ամէն պարագայի տակ. և արդեօք որևէ տևական համաձայնութիւն մը անոր հետ չէ՛ր հակասեր «ուղղափառ» ընկերվարութեան ընդունած ըմբռնումներուն» («Ազատամարտ», 11/24 սեպտեմբ., 1910 թ.)։

             Միաժամանակ Ռ. Դարբինյանն ընդգծում էր, որ եթե շա՜տ սոցիալիստական դաշնակցությունը հանուն «հայութեան անվտանգության» համագործակցում է Իթթիհատի հետ, ապա «ոչ լիարժեք» սոցիալիստական ուղղության հնչակյանները իրավունք չունեն անտեսել հայության անվտանգության շահերը։

            Այս ամենը նշելով հանդերձ, հանուն արդարության, պետք է ասել, որ դաշնակցության որոշ ղեկավար գործիչներ դեպքերի հետագա զարգացումների ընթացքին կարողացան սթափ նայել ու համոզվել, որ չարաչար սխալվել են ու խաբվել երիտթուրքերից:

              Բայց դժբախտաբար, դաշնակցությունը այնպես էր խճճվել երիտթուրքերի պատրաստած թակարդում, որ այդպես էլ չկարողացավ ուշքի գալ, մնալով Իթթիհատի կամակատարը ընդհուպ մինչև Առաջին աշխարահամարտի սկիզբը։ Այդ թակարդից դուրս նրա թույլ փորձերն արդեն չէին կարող որևէ ազդեցություն ունենալ դեպքերի զարգացման անկասելի ընթացքի վրա։

             Երիտթուրքական հեղափոխությունից հետո դաշնակցությունն իրեն համարում էր «պետական քաղաքականութեան կուսակակցութիւն մը», իր ուժերը համախմբում էր «ընդհանուր պետական բնոյթ ունեցող հարցերու լուծումը յաջողցնելու համար»։
            Եվ այսպիսի պայմաններում դաշնակցությունն այլևս անելիք չուներ ոչ միայն Թուրքիայում սոցիալիզմ հաստատելու, այլև թուրքական դաժան տիրապետությունից արևմտահայությանն ազատագրելու գործում։
             Իսկ որտեղ պետք է շարունակեր հեղափոխությունը Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Իհարկե, Օսմանյան Թուրքիայի ոխերիմ թշնամի Ռուսաստանում։ Նա այստեղ իրեն անվանում էր ոչ միայն սոցիալիզմի կողմնակից, այլև հայ պրոլետարիատի
առաջնորդ, ցարական ռեժիմի դեմ պայքարող, սկսում է զբաղվել ռուսահայության  ճակատագրով։

 ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԱՆԴՅԱՆԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

             Այժմ կամենում եմ ընթերցողին ներկայացնել դաշնակցության մեկ այլ գաղափարախոս Միքայել Վարանդյանի դատողությունները երիտթուրքական կուսակցության հետ  դաշնակցության համագործակցության և երիտթուրքական հեղափոխության մասին:

            1912 թ. ժնևում տպագրված «Վերածնվող հայրենիքը և մեր Օրը» գրքում Վարանդյանը երիտթուրքական հեղափոխությունը գնահատել է որպես «Հազւագիւտ և տիեզերական մի անակնկալ», որը «ոսկէ տառերով կարձանագրւի համաշխարհային պատմութեան էջերում» (Մ. Վարանդեան, Վերածնվող հայրենիքը և մեր դերը, ժնև, 1912, էջ 91-92):
                           Այդ հեղափոխության շնորհիվ, համոզված գրել է վարանդյանը, « Հիվնադ մարդը» … «հզօր ու գեղեցիկ մի ժեստով շտկում էր իր կորացած մէջքը և հաստատում Արևի տակ իր գոյուտթեան ու յարատևութեան իրաւունքը… Ցնցութի՜ւն ամբողջ ազատասէր և դեմօկրատ մարդկութեան մէջ։ Խանդավառ ծափեր՝ բոլոր ճշմարիտ խաղաղասէրների բանակում»։

             «Այո,– ոգևորված գրել է Վարանդյանը,– և ծափ զարկեց հայ ժողովուրդը ևս գինովութեան այդ օրերում… Մոռացաւ նա մօտիկ անցեալի զարհուրանքը, պոկեց սրտից քէն ու ատելութիւն և ջինջ անխռով լաւատեսութեամբ ձեռք մեկնեց իր մահմեդական դրացիներին։ Զոհն ու դահիճը գրկախառնւեցին, համբուրւեցին: Չնաշխարհիկ էր տեսարանը…» (նույն տեղը, էջ 95):

             Այսպես ոգևորված Վարանդյանը, մի քանի էջ հետո, կսթափվել է «գինովցած» լինելուց և գրել է, որ երիտթուրքերի հղինակավոր առաջնորդները «իրենց յաղթութեան առաջին օրերում ցոյց չը տւին ոչ միայն յեղափոխական հասունութիւն,  այլև քաղաքացիական տարրական ինքնագիտակցութիւն» և հիշեցրել է «Եըլդըզի համբաւաւոր ճաշկերոյթին» հեղափոխական Թուրքիայի «մտաւոր պարագլուխներից» Ահմեդ Ռիզայի մեվղրածոր խոսքերն Աբդուլ Համիդի հասցեին։

              Վարանդյանը փաստել է նաև, որ թուրքական հեղափոխության «ամենաառաջադէմ ներկայացուցիչները» մոռացան «հաւասարութեան» նշանաբանը և ցույց տվեցին «ոչ-թիւրք տարրերին իր յարձակողական շովինիզմի բռունցքը»։

            Հարկ եմ համարում Վարանդյանի գրքից ևս մի երկու մեջբերում ներկայացնել ընթերցողի ուշադրությանը։

            «Կուսակցական դիկտատօրութիւնը, միացած ամենաւատթար նացիոնալիզմի, ազգայնականութեան հաւատամքին, ձգտում էր բոլոր միջոցներով՝ իրականացնել անկարելին,
բոլոր այլազան տարրերը օսմանցիութեան մէջ, ստեղծագործել ամբողջ կայսրութիւնից ոչ միայն մէկ, միաձոյլ պետութիւն, այլև մեկ ազգ» (նույն տեղը, էջ 100):

            Այնուհետև «Հայ տարրը հին րէժիմի ամենամեծ զոհն էր, և մենք չը տեսանք նոր քաղաքականութեան մէջ մի հատիկ ձեռնարկ,  մի հատիկ լուրջ ու շիտակ փորձ՝ օգնութեան գալու այդ տարրի հոգեվարք-գոյութեանը, դարմանելու նրա արիւնահոս վերքերը։ Հայ երկիրը հին րէժիմի ամենաոճրալի օճախն է, ուր վխտում են պաշտօնական համազգեստներով բոլոր հինաւուրց  ու հռչակաւոր բորենիները, ջարդի ու թալանի կազմակերպողները. և սակայն մենք չը տեսնաք սահմանադրական վարչութեան կողմից ոչ մի անկեղծ նախաձեռնութիւն՝ գէթ մասամբ մաքրագործելու այդ տարաբախտ անկիւնը, գէթ հեռացնելու, եթէ ոչ պատժելու, բիւրօկրատ-մարդասպաններին, թարմացնելու վարչական, ոստիկնական, դատաստանական մթնոլորտը»։
            Եվ վերջապես «Կիլիկեան եղեռնը մի նոր փորձաքար եղաւ մեր ազգային ինքնագիտակցութեան համար։ Նորէն հին Վէրքը, լայնաբերան, արիւնահոս, փռւեց մեր աչքի առաջ, նորէն և աւելի թափ ու կսկիծով զգացինք մեր հաւաքական կամքի ու նախաձեռնութեան  աղաղակող անզօրութիւնը» (նույն տեղը, էջ 101,108):

           Այսպիսով, դաշնակցությունը տեսնում էր, գիտեր երիտթուրքերի վերջնական նպատակի մասին։ Գիտեր, բայց ոչինչ չի ձեռնարկել արևմտահայության պաշտպանությունը կազմակերպելու համար:

           Վարանդյանը, ոչ մի խոսք չի ասել Ադանայի հայ բնակչության կոտորածից նմիջապես հետո դաշնակցության ու երիտթուրքերի միջև ստորագրած համաձայնության մասին, որով կոչ էր արվում մոռանալ Ադանայի ողբերգությունը և շարունակել հա համագործակցությունը։

           Բավարարվեմ ասվածով և միայն նշեմ, որ «ցեցեր» ասելով Վարանդյանը նկատի է ունեցել հնչակյան գործիչ Փարամազին, որը Կ. Պոլսում լույս տեսնող «Արևելք» թերթում անողոք ճշմրատությամբ անողոք ճշմարտությամբ մերկացնում էր երիտթուրքերի հետ դաշնակցության համագործակցությունը և մատնանշում էր արևմտահայության համար դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքները:

            Այստեղ հարկ եմ համարում առանց մեկնաբանության ներկայացնել «Մշակ» թերթին նրա ընթերցողներից մեկի նամակը, որտեղ արտահայտվել է ժամանակին հայ իրականության մեջ գոյություն ունեցող տրամադրություններից մեկը։

            Նամակագիրը քննադատել է դաշնակցությանն ու նրա օրգան «Հորիզոն» թերթին, որոնց համար «պղտոր ջրում ձուկ որսավելն դյուրին է եղել», որ «հայի գլխին արև է ծագում շնորհիվ դաշնակցութեան և սիրալիր թոյլտւութեամբ «Հորիզոնի» և այնուհետև «Հորիզոն»»-ից հարցրել է.

            «1) ի՞նչ օրինակներով, փաստերով կարող է հաւաւատացնել մեզ՝ թերահաւատներիս, թէ դաշնակցութիւնը թիւրքահայ ազատամարտի ղեկավարն է եղել։

            2) ի՞նչ է արել այդ կազմակերպութիւնը հօգուտ հայի, որ սա ինքն իրեն երախտապարտ համարի նրա առաջ։

           3) կարո՞ղ եք հերքել (իհարկե, փաստերով և ոչ դատարկ խօսքերով), որ այդ կազմակերպութիւնն Ադանայի կոտորածի ժամանակ ազգին չդավաճանեց, տասնեակ հազարավոր անմեղների զոհ չբերեց իր կուսակցական մասնավոր շահերին»։

         «Այս հարցերը,– վերջում գրել է նամակի հեղինակը, կարող է տալ իւրաքանչիւր հայ, որը ցանկանում է իմանալ, թէ ինչով է նա պարտական այս կամ այն կուսակցութեան» (ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 104, թ. 45-46):

            Հանրահայտ է, որ դաշնակցությունը ստեղծվել է Օսմանյան Թուրքիայում հայերի մշտապես կատարվող կոտորածների ազդեցությամբ, որոնք սպառնում էին ամբողջապես ֆիզիկապես ոչնչացնել արևմտահայությանը։

              Դաշնակցությունը իր նպատակն էր համարում փրկել արևմտահայությանը և որդեգրել է թուրքական կառավարության և սուլթանների իշխանության դեմ հեղափոխական պայքարի ուղին:

            Եվ մինչև 1907 թ. դաշնակցությունը գլխավորապես զբաղված էր ԹուրՔիայում մղվող պայքարին արևելահայերին ընդգրկելու խնդրով: 1908 թ. Վիենայում տեղի ունեցած համագումարից հետո դաշնակցությունն իր հեղափոխական գործունեությունն ավելի եռանդով է ծավալել Ռուսաստանում, հայտարարելով, որ ի դեմս ռուսական կառավարության, տեսնում է թշնամու, կպայքարի նրա դեմ մինչև նրա տապալումը և այդ հողի վրա հարել է Ռուսաստանի սոցիլիստ-hեղшփnխшկшնների կուսակցությանը (էսէռներ)։
            Եվ տեղի ունեցած հետագա գործողությունների ամբողջ տրամաբանությունը, իմ համոզմամբ, թելադրում է եզրակացնել, որ Թուրքիայի վտանգավոր թշնամի Ռուսաստանի դեմ դաշնակցությունն իր պայքարն ուժեղացրել է երիտթուրքերի գիտությամբ ու  նրանց պահանջով, իրականությունը կոծկելով ոչ միայն Վաարդյանի գրքով, այլև «Դրօշակ»-ի և մամուլի մյուս միջոցների հրապարակումներով։

             Ադանայի հայ բնակչության կոտորածից հետո Վարանդյանը վերոիշյալ աշխատության մեջ գրել է. «Չենք ուզում ողբերգական գոյն հաղորդել կացութեանը և տոգորել մթնոլորտը չարագուշակ մարգարէութիւններով։ Չենք էլ ուզում իսպառ սևցնել … օսմանյան ժողովրդի  քաղաքացիական ու բարոյական քարտէզե: Այդ ըմբռնումը չի համապատասխանում իրականութեան։ Նոյնիսկ  կիլիկեան դրամայի պատմութիւնը արձանագրում է մարդասիրութեան ու անձնազոհութեան բազմաթիւ օրինակներ մահմեդական աշխարհի մէջ» (Վարանդյան, նույն տեղը, էջ 110):

             Ըստ Վարանդյանի ստացվում է, որ Ադանայի 30 հազար հայ բնայկչության կոտորածը բավական չէ «ողբերգական գոյն հաղորդել կացութեանը և տոգորել մթնոլորտը չարագուշակ մարգարէութիւններով»։

              Բայց դաշնակցությունը դրանից անհրաժեշտ հետևություններ անելու փոխարեն, 1909 թ. սեպտեմբերին երիտթուրքերի հետ կնքԵԼ է նոր համաձայնություն՝ ամբողջովին ենթարկվելով երիտ երիտթուրքերի թելադրանքին։

           Եվ այնուհետև, Վարանդյանը գրել է ինչ-որ «մարդասիրութեան ու անձնազոհութեան բազմաթիւ օրինակների» մասին: Բայց Ադանայի կոտորածին վկա եղած օտարերկրացիներին իրենց գրառումներում այդպիսի «բազմաթիվ օրինակների» մասին չեն գրել:

          Նկատի ունենալով կենտրոնական իշխանությանը մահմեդական լայն ամբոխին տիրապետող «աւանդական կոյր հնազանդութեան» իրողությունը, Վարանդյանը գրել է, որ այդ իրողությունը «ինքնին թերևս բացասական է, բայց փոխանցման այս ահարկու ժամանակներում կարող է դառնալ միանգամայն դրական ու բարերար մի գործօն, եթէ այդ իշխանութիւնները, կենտրօնական կառավարութիւնը կանգնած մնան իրենց կոչման բարձրութեան վրայ, ցոյց տան իրենց՝ ուժեղ, շիտակ, անաչառ և ամենից առաջ սահմանադրական» (Վարանդյան, նույն տեղը, էջ 110-111):

Վլադիմիր Պետրոսյան «ՀԱՅԱԿԱԿԱՆ ՀԱՐՑ, ՀԱՏՈՐ 1»

Շարունակելի…

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert