Արդեն հարյուր օրից ավել է, որ մոլեգնում է ռուս – ուկրաինական պատերազմը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը այդ պատերազմով մի քանի կանխորոշիչ նպատակներ է հետապնդում։ Նախ արևմուտքին զգուշացնելով, որ նա երբեք չի հանդուրժի ՆԱՏՕ-ի ընդլայնումը մնացած նախկին Սովետական հանրապետություններում։ Այն միևնույն ժամանակ զգուշացում է այդ երկրների իշխանություններին, որոնց շարքում կարևորներն են՝ Ղազախստանը, Վրաստանը ու Հայաստանը, նրանց ասելով՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, տեսեք, թե՝ ում հետ եք գործակցում։ Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում, ցավոք ինչպես միշտ, այն ինչ կատարվում է աշխարհում ասես հատուկ նախախնամության պատճառով առնչվում է նաև հայությանը, երբեմն անկանխատեսելի իրադարձություններով ու հետևանքներով, որոնց դիմակայելու պատրաստ չէ հայությունը, ավելի ճիշտ հայության վերնախավը, որովհետև նա է երկրի ղեկավարը, և նա է, որ պետք է երկիրը համեմատաբար անվնաս առաջնորդի և զերծ պահի ցնցումներից։ Սակայն այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, վեր է բոլոր ողջախոհ ենթադրություններից։

       Բավական անմխիթար վիճակում է Հայաստանի քաղաքական դաշտը, որտեղ արտացոլվում է, ի հայտ է գալիս իրենց բնորոշմամբ ժողովրդավար՝ կուսակցությունների ու խմբավորումների իրական պատկերը։ Նաև նախկին իշխանությունների մնացուկները իրենց դերն են խաղում այդտեղ։ Բավական խոսուն ու զգաստացնող էին վերջին արտահերթ ընտրություններում նրանց ստացած ձայների տոկոսները։ Նրանք հետևություն չանելով դրանից, այնպես են իրենց դրսևորում, ասես նրանք ունեն երկրում ծառացած բոլոր հարցերի լուծումը, թե՝ միայն ու միայն իրենց է տրված հայությանը փրկելու ու երկիրը ճգնաժամից դուրս բերելու առաքելությունը։ Որքան կործանարար մտայնություն, որը հատուկ է հայության բոլոր դարերի վերնախավին։ Այսօր էլ, ինչպես անցյալում, տարբեր «իշխանիկներ» քաղաքական թատերաբեմ են իջել փրկելու հայրենիքը, սակայն նրանց գործունեությունը հակառակ արդյունքն է տալու… Որովհետև այդ կուսակցությունների լիդերները մեկը մյուսից առաջ ընկնելով, չեն զլանում քաղաքակիրթ աշխարհի գովքն անել ու իրենց թվում է, թե՝ միայն նրանց միջոցով հնարավոր է փրկել հայրենիքը։ Ազգակործան սնանկ մտայնություն, որի կործանարար արդյունքը մի անգամ չէ, որ հայ ժողովուրդը իր մաշկի վրա զգացել է։

            Սովետահայ պատմաբան Ջոն Կիրակոսյանի տեսակետները լավ հայտնի են շատերին։ Նա իր լայնածավալ ուսումնասիրություններում, հետևյալ եզրակացությունն է անում՝

       Այն դեպքում, երբ արևմտահայ գավառահայությունը սուլթանի լծի տակ տառապում էր, պոլսահայության առաջնորդները արևմտյան տերությունների դռներն էին թակում, նրանցից սպասելով հայ ժողովրդի փրկությունը, նման կործանարար քաղաքականության հետևանքներն էին Բեռլինի կոնգրեսը, համիդյան կոտորածները, եղեռնն ու արևմտյան Հայաստանի կորուստը…

            Այսօր էլ Հայաստանի շատ ժողովրդավար լիդերներ ասես անցյալից դաս չառած, թակում են այդ պետությունների դռները, հաշվի չառնելով, որ Անդրկովկասի տարածաշրջանը պատմականորեն դասվում է Ռուսաստանի ու Իրանի ազդեցության գոտի, որը նրանք ոչ մի գնով պատրաստ չեն լինի այն արևմուտքին զիջել։ Ուրեմն ի՛նչ, այո, Հայաստանն ու Վրաստանը դատապարտված են առմիշտ  Ճանաչել Ռուսաստանի շահերի գերակայությունը Կովկասում ու զգուշավոր քաղաքականություն վարելով ու մնալով անկախ, երբեք չձգտել դաշինքի մեջ մտնել այն պետությունների հետ, որոնք առճակատման մեջ են Ռուսաստանի հետ։

            Ցավոք ներկայիս իշխանությունները անտեսելով այդ, փորձում են Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, ի դեմս արևմուտքի նոր միջնորդ գտնել։ Սակայն նման քաղաքականությունը հղի է անկանխատեսելի վտանգներով։ Չի կարելի երկու լարերի վրա խաղալ, ու հավակնել, որ դա է պահանջում երկրի շահերը, ո՛չ և անգամներ ո՛չ…

            Արևմուտքն տարիներ է, որ փորձում է քայլ առ քայլ՝ աքցանի մեջ առնել Ռուսաստանին։ Մեկը մյուսի ետևից ՆԱՏՕ-ի անդամ ընդունվեցին նախկին սոցիալիստական երկրները։ Վրաստանի հեղափոխականները Սահակաշվիլու գլխավորությամբ, չհամբերելով, օր առաջ պատրաստ էին թռչել ՆԱՏՕ-ի գիրկը ու ստացան իրենցը։ Ուկրաինայում տեսնում ենք ինչ է կատարվում։ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գլխավորությամբ քայլ առ քայլ, սկսած 2014 թվականի հեղափոխությունից, պատրաստում էին այն ծուղակը, որում նրանք ներքաշեցին Եվրոմիությանը ու Ռուսաստանին։ Իսկ ինչո՞ւ Եվրոմիությանը։ Տարիներ էր, ինչ ԱՄՆ-ն Եվրոմիության երկրներից պահանջում էր (Թրամփը՝ խստորեն), որ այդ երկրները ըստ ՆԱՏՕ-ի  անդամ պետությունների Վալեզում կայացած 2014 թվականի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության, պաշտպանության համար հատկացնեն  իրենց երկրների ներքին միախառն արտադրության երկու տոկոսը, սակայն Եվրոմիության որոշ երկրներ հապաղում էին, այժմ նրանք ստիպված են այդ անել։

            Հայաստանի ներկա իշխանությունները նույնպես, ասես՝ սահելով ընկնում են այն ծուղակը, որը պատրաստել են ԱՄՆ-ի իշխանությունները։ Նախ՝  

-Հայության մեծամասնությունը անցյալ տարի ոգևորված, այո, նաև թմրած, կուլ տվեց Ջո Բայդենի նետած խայծը՝(եղեռնի ճանաչումը)։

-Հետո Եվրոմիության առատաձեռն հատկացումները Հայաստանին։ 

-Հետո ԱՄՆ-ի որոշ պետական պաշտոնյաների հայանպաստ հայտարարությունները կախված Արցախի հիմնահարցին։                                            

 -Հետո Փաշինյան – Ալիև ու Եվրոպական խորհրդի նախագահ՝ Շառլ Միշելի  երեք հանդիպումները Բրյուսելում… Այստեղ պարզապես կեղծավոր փորձ է արվում, ՌԴ-ը խաղից դուրս նետել…

            Ցնծության մեջ են քաղաքակիրթ աշխարհի ջատագովները, չնկատելով թաքնված՝ կարթը…

            Ողջախոհությունը այլ բան է հուշում, այդ ամենը արվում է նրա համար, որ Հայաստանը, ինչպես այլ երկրներ, հակադրվի ՌԴ-ը։ Վրաստանի ու Ուկրաինայի օրինակները ցույց տվեցին, թե՝ ինչ հետևանքներ է ունենալու նման կողմնորոշումը, Հայաստանի պարագայում, միանշանակ՝ կործանարար… 

Բեռլին, 08.06.2022, Սամվել Հովասափյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert