Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը Լեռնային Ղարաբաղում. նոր ազգային գաղափարախոսություն (՞)

Նախաբան

1994թ. ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տաքից փոխարկվեց պաղի, իսկ հակամարտ կողմերը Արցախի լեռներից ու մարտադաշտերից տեղափոխվեցին բազմակողմ և եռակողմ (երկկողմ) գագաթնաժողովներ: Հակամարտության սրացման և սառեցման փուլերի, բազմաթիվ դերակատարների նեղ շահերի և ընդհանուր բարիքի (common good) շրջաններում դրա էությունը՝ թե՛ բովանդակային, թե՛ ձևական առումներով, տարիների ընթացքում վերափոխվեց: Ինչպես Հայաստանի, ԼՂ-ի ու Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության համար հակամարտությունն ուներ բացարձակապես ուրույն ընկալում, որի լուծման հարցում կողմերի պատկերացումների հակասականությունը տարեցտարի խորանում էր:

Այդ պայմաններում հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով, որքան էլ այդպիսի հանձնառություն էին ստանձնում բոլոր կողմերը, հանգում էր փակուղու: Փակուղին ոչ միայն հրապարակային բնույթ էր կրում հանգրվանային գագաթնաժողովներում (1996թ. Լիսաբոն, 2001թ. Քի Ուեսթ, 2006թ. Ռամբուե, 2011թ. Կազան և այլն), այլև ակնառու էր կողմերի հռետորաբանության ու գործելակերպի, այսպես ասած՝ առօրեական վարքի տեսանկյունից: Եթե միջազգային միջնորդները առաջնահերթություն էին դիտում բանակցային գործընթացը կենդանի և կառավարելիության դաշտում պահելը, ապա Հայաստանի (նաև՝ ԼՂ-ի) ու Ադրբեջանի օրակարգերը զգալիորեն տարբերվում էին: Հայկական կողմը բացառում էր հակամարտության ռազմական լուծումը՝ վստահ լինելով, որ 1994թ. հաղթական բնույթի զինադադարով հարցը լուծվել էր իր օգտին: Այդպիսի մտայնության պարագայում ամենևին անբնական չէր ստատուս-քվոյի պահպանման ռազմավարության ընդունումը՝ ելակետում ունենալով արտաքին ուժային կենտրոնների հակասությունների և, դրանցով պայմանավորված, պատերազմի բացառելիության տրամաբանությունը: Մինչդեռ Ադրբեջանն ուներ իր օրակարգը, որն անգամ հրապարակայնորեն չէր թաքցվում. լիուլի օգտվել խաղաղ կարգավորման փակուղուց և ընձեռված ժամանակից՝ պատրաստվելով որևէ «աստեղային ժամի» հակամարտությունը (այդ թվում՝ ռազմական ճանապարհով) լուծելուն: Փաստացի, հայկական և ադրբեջանական կողմերը մեթոդոլոգիապես և ռազմավարական առումով հակոտնյա հաշվարկներ էին կատարել։ Մի կողմը հույս ուներ արտաքին ուժային կենտրոնների հակասությունների պայմաններում պահպանել ստատուս-քվոն, մյուսը՝ խաղալ հենց այդ հակասությունների վրա և որևէ հարմար պահի իր օգտին փոխել այն:

Հայաստանում 1998թ. իշխանության ճգնաժամում հաղթեց, պայմանականորեն ասած, «ստատուս-քվոյի կուսակցությունը» և ԼՂ հակամարտության հարցում գերակայող դարձավ փաստական իրավիճակը (ԼՂ միջազգայնորեն չընդունված, սակայն փաստացի անկախությունը և ղարաբաղյան զինված ուժերի կողմից 7 շրջանների տիրապետությունը) որքան հնարավոր է պահպանելու քաղաքականությունը: Հայաստանի քաղաքական դիսկուրսն, ըստ այդմ, սկսեց ածանցվել հենց այդ նպատակից՝ քաղաքական խոսույթի ինժեներիան տանելով ստատուս-քվոյի գաղափարի սպասարկման ուղիով: Ներհայկական դիսկուրսում ԼՂ հակամարտությունը, որպես այդպիսին, վերացավ, փոխարենը գերակայեց ներքաղաքական օրակարգն ու սոցիալ-տնտեսական հոգսը: Ըստ էության, քաղաքական հիմնական ուժերի բացարձակ մեծամասնությունը միահամուռ կերպով նախընտրեց լուսանցքում պահել ԼՂ հարցը` փաստացի հայ հասարակությանը պարտադրելով ստատուս-քվոյի պահպանության քաղաքականության ջատագովությունը։

Եթե երկրի ոչ իշխանական քաղաքական ուժերը ֆորմալ պատասխանատվություն չէին կրում դրա համար, ապա լիովին այլ էր իշխանության պարագան: 1998թ. հետո պաշտոնական Երևանը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում շարունակում էր քննարկել փոխզիջումային տարբերակները, այդ թվում՝ տարածքների զիջման կամ փոխանակման հնարավորությամբ: Հայաստանի իշխանությունները, սակայն, այդ մասին ներքին լսարանի առաջ գերազանցապես չէին խոսում: Ավելին՝ 1998թ. ի վեր երկրի ներսում տարվում էր որևէ զիջում բացառող քարոզ: ԼՂ հակամարտության վերաբերյալ ներքաղաքական դիսկուրսը ծավալվում էր ոչ թե դրա լուծման անհրաժեշտության և դրանից բխող առարկայական ելքերի շուրջ, այլ խնդրի՝ արդեն իսկ լուծված լինելու, հայրենի հողերից որևէ «թիզ» զիջելու անթույլատրելիության, փոխզիջումների մասին խոսողների վարկաբեկման և դավաճան հռչակման ուղղությամբ:

Ի հեճուկս նման խեղաթյուրված իրականության՝ 2018թ. Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն. երկիրը կանգնեց նախընթաց իրողությունները վերագնահատելու պատեհության առաջ, սակայն ԼՂ հարցում գաղափարական տեղաշարժ չեղավ՝ քաղաքական գաղափարաբանությունը արմատում թողնելով նույնը՝ ստատուս-քվոյի պահպանում: Ըստ էության, 2018թ. իրադարձություններն այդպես էլ չհանգեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ իշխանություն-հասարակություն բաց խոսակցությանը՝ ձեռնպահ մնալով նաև հակամարտությունը լուծելու անհրաժեշտության արձանագրումից:

Ըմբռնումը, որ ԼՂ հակամարտությունը Հայաստանի գլխավոր խնդիրն էր, տիրապետող չդարձավ հանրային-քաղաքական շրջանակների մոտ («կոնսենսուս–1»)՝ արհամարհելով փաստը, որ այդպիսի մասշտաբային կոնֆլիկտում, որտեղ խաչվում են բազմաթիվ (երկրների, կորպորացիաների, անհատների) շահեր, ստատուս-քվոն կարող էր փոխվել անսպասելի մի պահի՝ գուցեև աղետալի հետևանքներով: Եվ, ահա, 2020թ. աշնանը հակամարտության սառը վիճակի հանկարծակի փոփոխությամբ Հայաստանը հայտնաբերեց, որ գտնվում է տասնամյակներ ի վեր լարված կեղծ իրականության թակարդում՝ միաժամանակ պարզվելով, որ, ի հեճուկս քարոզչության և ինքնախաբեության, հակամարտությունը լուծված չէ: Իսկ 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտությունը և մարդկային, տարածքային, ռեսուրսային ու ժամանակային անդառնալի կորուստները փաստեցին, որ Հայաստանի ինքնիշխան պետականության նավը հայտնվել է բոլորովին նոր դրության մեջ՝ անհամեմատ խոցելի, տկարացած և խոտանված ինքնութենական գաղափարական հենքով:

ԲԱԺԻՆ 1
Ստատուս-քվոն՝ պատերազմի և խաղաղության կիսամիջոց

1998թ. հունվարի 7-8-ին տեղի ունեցած Հայաստանի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը հանգրվանային էր ոչ միայն պետական մի շարք այրերի, այլև Հայաստանի պետականաշինության զարգացման ընթացքի համար: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, քաղաքական տարակարծությունները հաճախ են հանգել առանձին պաշտոնյաների հրաժարականներին, ինչն ամենևին արտառոց երևույթ չէր: Անգամ ԼՂ հակամարտության պես լրջագույն և պետության համար ճակատագրական նշանակության խնդրի կապակցությամբ ծագած տարաձայնությունների արդյունքում տեղի ունեցած փաթեթային պաշտոնաթողությունը և գործընթացի կուլիսային բնույթը կարող էին տիպաբանվել արևելյան բնականությամբ, եթե իշխանական մի թևի կողմից ամբողջական իշխանության ստանձնումից հետո տեղի չունենար վարվող քաղաքականության արմատական, ուղենշային և թերևս անշրջելի վերանայում: Ի հեճուկս պաշտոնական հավաստիացումների, թե ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի քաղաքականությունը շարունակվելու է, այն, ըստ էության, կրեց մեթոդաբանական խոշոր փոփոխություն. ստատուս-քվոյի պահպանումը ընդունելով որպես գերնպատակ՝ իշխանությունը փոխզիջումների միջոցով հակամարտության կարգավորման պատրաստակամություն էր հայտնում միջազգային ասպարեզում, մինչդեռ ներքին լսարանի առաջ փոխզիջումը մատուցվում էր իբրև «դավաճանական» ու «պարտվողական»:

Հունվարի 7-8-ի նիստում ոչ միայն բախվեցին ԼՂ հակամարտության երկու հակոտնյա  ըմբռնումները, այլև Հայաստանի զարգացման 2 մտատիպարները։ Այդ բաժանումը ոչ միայն իշխանության ներսում գաղափարական մասնատվածության, այլև քաղաքական և հանրային շերտերի տրամադրությունների արտահայտությունն էր։ Առաջին ուղղության քաղաքական առաջնորդը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որն իր նախագահության երկրորդ ժամկետում սկսեց հրապարակային ակտիվ քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ, ինչի առարկայական դրսևորումը դարձան 1997թ. սեպտեմբերի 25-ի նրա մամուլի ասուլիսը[1] և 1997թ. նոյեմբերի 1-ին հրապարակած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը[2]։

Ներկայացնելով բանակցությունների ընթացիկ դրությունը՝ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ սեղանին դրված փուլային լուծում ենթադրող փաստաթուղթն արտահայտում էր հայկական կողմի ստանալիքի հնարավոր առավելագույնը՝ հաշվի առնելով հարցի երկարաժամկետ բնույթը. «Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտըՓոխզիջման էությունից բացի, կարևոր է նաև փոխզիջման պահը։ Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են, քան երբևէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են»[3]:

ԼՂ հակամարտությունը կարգավորելու Տեր-Պետրոսյանի հակվածությունը դժկամությամբ ընդունվեց ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերի և հասարակական-մշակութային անհատների, այնպես էլ իշխանության մի թևի կողմից, ի մասնավորի՝ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և ՀՀ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի: Թիմակիցների անհամաձայնությունը և կամավոր պաշտոնաթողությունից հրաժարավելը[4] ոչ ստանդարտ վիճակ էր՝ նկատի ունենալով առնվազն այդ պաշտոնյաների՝ նախագահի կողմից նշանակված լինելու, պաշտոնեական ենթարկվածության և առաջնային մանդատ չունենալու հանգամանքները:

Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որը համարվում էր Տեր-Պետրոսյանի իշխանության հենասյուներից մեկը, համոզված էր, որ հակամարտության այդօրինակ կարգավորումն արժեզրկում էր պատերազմով ձեռք բերված հաղթանակները. «Այսօր Օմարի գագաթին կանգնած զինվորը, այո՛, Երևանն է պաշտպանում: Ձերբազատվե՞նք պատերազմից, ձերբազատվե՞նք ՂարաբաղիցԻնչպե՞ս, եթե դա արդեն մի ամբողջ սերնդի կյանք ու պատմություն է՝ պսակված տասնյակ հազարավոր զոհերի արյամբ ու հիշողությամբ, հարյուր հազարավոր մարդկանց՝ ճակատագիր ու կյանքի նպատակ: Հանուն ինչի՞, եթե մեր պատմության մեջ երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին, քան այսօր»[5]։

Գաղափարական մակարդակում Վ.Սարգսյան-Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան եռյակի՝ հակամարտության կարգավորումը հետաձգելու և ստատուս-քվոյի պահպանության դիրքորոշման հիմքում ընկած էր գոյացած ժամանակը պետության ուժեղացմանն ուղղելու թեզը: Զիջումները համարելով անտեղի՝ իշխանության այս թևը վստահ էր, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը չէր կարողանալու ռազմական գերակշռություն ստանալ հայկական կողմի նկատմամբ: Հետևաբար՝ քանի դեռ իրավիճակը չէր հասել կրիտիկական կետի, զիջումների կարիք չկար: Տարածքների հանձնումը Ռոբերտ Քոչարյանի համար անընդունելի էր, քանի որ դրանք ամրապնդում էին հայկական կողմի բանակցային դիրքերը. «Առանց ԼՂՀ-ի կարգավիճակի հստակությա՞ն: Մենք անմիջապես կզրկվեինք այն առավելություններից, որոնք հիմք էին ծառայում հրադադարի համաձայնագրի համար[6]»: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը հակադարձում էր. «Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին»[7]։

Եթե Տեր-Պետրոսյանը հակամարտության կարգավորման անհրաժեշտության հիմքում դնում էր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման արդյունքում տնտեսական հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը, ապա Ռոբերտ Քոչարյանը պետության տնտեսական դժվարությունների 90%-ը կապում էր կառավարման վարչարարության բարելավման և հարկային քաղաքականության հետ[8]: Նա հավատացնում էր, որ նավթի գործոնը աշխարհաքաղաքական վտանգներ կարող էր առաջ բերել հենց Ադրբեջանի համար. վերջինիս կոռումպացված կառավարման համակարգի պարագայում այնքան էլ միանշանակ չէր, որ ժամանակն աշխատում էր Ադրբեջանի օգտին[9]: ԼՂ ՊԲ հրամանատար, եռյակին սատարող Սամվել Բաբայանն էլ գտնում էր, որ առանց ԼՂ կարգավիճակի հարցի լուծման, օկուպացված տարածքների վերադարձի հարցը չէր էլ կարող քննարկվել։ Քելբաջարի և Լաչինի վերադարձը նա բացառում էր անգամ անկախության պարագայում. 1-2 շրջան կորցնելուց հետո Ադրբեջանը հակված էր լինելու զիջումների գնալ[10]:

Ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցները պնդում էին, որ խաղաղ տարիները կարելի էր օգտագործել տնտեսությունն ուժեղացնելու համար: Տնտեսության, ներքին կարգ ու կանոնի վերականգնմանն ուղղված քայլերում ստատուս-քվոյի կողմնակիցները դրական տեղաշարժեր էին տեսնում՝ դրանք դիտելով իբրև Ադրբեջանի հետ ուժային հավասարակշռության խախտումը կանխող գործոն: Կարելի է ասել, որ բանավեճի հենց այս փաստարկից էլ մեկնարկեց Հայաստանում բացառապես ներքին օրակարգի վրա կենտրոնացման միտումը, երբ հանրային դիսկուրսում ներշնչվում էր, որ ներքին ռեսուրսների համախմբման և «ճիշտ լուծումներով»[11] զարգացման պարագայում ԼՂ հակամարտության փաստական առկա վիճակը կպահպանվի, իսկ Ադրբեջանը չի կարողանա գնալ ռազմական ճանապարհով հակամարտության լուծմանը:

1998թ. փետրվարին Հայաստանում տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում։ Այն քաղաքականության վարման մեթոդաբանության ռադիկալ փոփոխություն էր, որի հիմքում դրվում էր փոքր պետության կողմից բազմաշերտ վարմունքի սկզբունքը: Այսինքն՝ հարևան երկրի հետ ունենալով արտաքին և ներքին բազմաթիվ շահառուներով հակամարտություն՝ Հայաստանը սկսեց յուրաքանչյուրի հետ խոսել նրանց հարմար լեզվով և ուղերձներով: Այդ վարքը, սակայն չափազանց վտանգավոր էր, քանի որ մի կողմից՝ հանրության մոտ միֆական ակնկալիքներ էր ձևավորում և կտրում իրականությունից, մյուս կողմից՝ միջազգային հանրության նախաձեռնություններին արտաքուստ համաձայնելով, բայց իրականության մեջ պայմանավորվածությունները կատարելու հարցում նախանձախնդիր չլինելով, Հայաստանը անլուրջ գործընկերոջ համբավ էր կերտում՝ նպաստելով անվստահության մթնոլորտի խորացմանը և թշնամության բորբոքման նոր առիթներ ստեղծելու ռիսկերին: Հայաստանը, փաստացի, ներքաշվում էր բազմաշերտ մի խաղի մեջ, որտեղ գործընթացների կառավարելիությունը տարի առ տարի դուրս էր գալու իր վերահսկողությունից՝ ստեղծելով խնդիրներ, որոնք ակներևաբար դուրս էին հայկական պետության սահմանափակ ռեսուրսների միջոցով լուծելու հնարավորությունից:

2021թ. Տեր-Պետրոսյանն ինքն էլ խոստովանեց, որ հակամարտության կարգավորման հրամայականը հատկապես զգացվեց 1996թ. նոյեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո, երբ միջազգային հանրության կարծիքը սկսեց էականորեն շեղվել հօգուտ Ադրբեջանի[12]։ Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմա-քաղաքական հավասարակշռության խախտումը սկսվեց նավթի միջազգային կոնսորցիումի ստեղծմամբ և դրանում Ադրբեջանի ստանձնած դերակատարությամբ: Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ-ի «Լիսաբոնյան» գագաթնաժողովում ԱՄՆ-ի դիրքորոշման հանկարծակի փոփոխությունը հօգուտ Ադրբեջանի բացատրում էր ԱՄՆ Թեքսաս նահանգի նավթային լոբբիի ազդեցությամբ: Այլևս ակնհայտ էր դառնում, որ երկարաժամկետ խաղում Ադրբեջանը սկսում էր օգտվել ու շահել իրավիճակներից, իսկ հայկական կողմը լավագույն դեպքում հետապնդող ետնապահի կարգավիճակում էր հայտնվելու։ Թերևս սա էր նաև Տեր-Պետրոսյանի անվստահության պատճառը, որ Հայաստանի որևիցե տեսակի դիվանագիտությունը կարող էր փոխել մյուս երկրների դիրքորոշումը տարածքային ամբողջականության սկզբունքի և գրավված տարածքների վերադարձի հարցում: Նա չէր պատկերացնում անգամ Հայաստանի բարեկամ երկրների դիրքորոշման փոփոխությունը, որոնք հիմնված էին իրենց՝ այդ երկրների ազգային-պետական շահերի վրա: Իսկ ռեսուրսների ու աշխարհագրական դիրքի հանգամանքները նկատի ունենալով՝ աշխարհաքաղաքականության մեծ շախմատում Հայաստանը որևէ կերպ չէր կարող աշխարհի ուժային կենտրոնների համար հետաքրքրության առումով մրցել Ադրբեջանի հետ՝ չհաշված նույնիսկ Թուրքիայի գործոնը։ Հարցը ռազմավարական մտածողությունն էր՝ ընդդեմ սիտուատիվ կարճատեսության, կազինոյին բնորոշ բլեֆը՝ հաշվարկված քաղաքականության և, վերջապես, վաղվանից բացի, վաղը չէ մյուս օրվա մասին մտածելու կարողությունը՝ ընդդեմ պատեհության շահի։ 1998-2008թթ. ՀՀ ԱԳՆ, ստատուս-քվոյի քաղաքականության ճարտարապետ Վարդան Օսկանյանը նշում է, որ խնդրո առարկա նիստը ճակատագրական էր ոչ միայն իր համար, այլև երկրի[13]: Ըստ նրա՝ այդ նիստի ժամանակ վճռվեց երկրի զարգացման ուղու ընտրության հարցը: 1998թ. փետրվարի 3-ին հրապարակած իր հրաժարականի հայտարարությունում՝ Տեր-Պետրոսյանը նույնպես իրավիճակը գնահատում էր երկրի զարգացման ուղեծրի փոփոխության համատեքստում. «Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»[14]:

1998թ. մեծ բանավեճը իշխանության երկու թևերի միջև հանգեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի հեռացմանը իշխանությունից, իսկ երկրորդ բևեռը՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պնախարար Վազգեն Սարգսյանի և ԱԱ ու ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը վայելում էր ԼՂ իշխանությունների լիակատար և հայաստանյան քաղաքական ընդդիմության՝ լուռ կամ սքողված աջակցությունը, ստանձնեց երկրի քաղաքական իշխանությունը: Այս բևեռը գլխավորեց Հայաստանի՝ որպես պետության (իշխանություն, ընդդիմություն և հանրություն՝ «կոնսենսուս–1») հավաքական ընտրանքը՝ խափանել հակամարտության կարգավորման առկա ծրագիրը և կառչել ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունից: Գործընթացում հանրությունը պասիվ կամ օտարացած կարգավիճակում էր, ինչը կարելի է բացատրել տարբեր գործոններով, այդ թվում՝ հակամարտության լուծման մանրամասներին անտեղյակությամբ, Արցախյան առաջին պատերազմի թողած ծանր բեռով, սոցիալական արդարության դեֆիցիտով, հակաքարոզչությամբ և այլն։ Փաստ է, սակայն, որ հասարակությունը բացարձակ անտարբերությամբ ընդունեց նախագահի հրաժարականը՝ միաժամանակ նախագահական արտահերթ ընտրություններում ԼՂ հարցի վերաբերյալ քաղաքական բանավեճի ո՛չ պահանջարկ ձևավորելով, ո՛չ առաջարկ ստանալով։

ԲԱԺԻՆ 2
Հայդատականության նորօրյա գաղափարական հանգրվանը

1990-ական թթ. Հայաստանի քաղաքական կյանքում գաղափարական բանավեճի էությունը պայմանավորում էր հետևյալ հարցը՝ արդյո՞ք Հայաստանը պետք է լինի սովորական պետություն՝ հասարակ առօրյայով, թե՞ պետք է ստանձնի համաշխարհային առաքելություն։ Հայությանը համաշխարհային դերակատարություն վերագրելուց էլ բխում էր՝ արդյո՞ք այդպիսի դերակատարությամբ պետությունն ու ժողովուրդը չպետք է ունենար ազգային գաղափարախոսություն և ձգտեր վերադարձնել իր պատմական հայրենիքը։ Եթե տվյալ շրջանի իշխանությունը պնդում էր, որ հայ ժողովուրդը սովորական, նորմալ մի ժողովուրդ է, որը պետք է լուծի իր անվտանգային ու բարեկեցության հարցերը ունեցած փաստական տարածքի վրա՝ բավարարվելով նորմալ կենսագործունեությամբ, ապա քաղաքական ընդդիմությունն առաջադրում էր իր գաղափարական այլընտրանքը՝ հանձինս բացառիկ ժողովրդի և մեծ նպատակների մասին գաղափարների։ Եթե տվյալ շրջանի իշխանությունը մերժում էր հայդատականությունն ու պահանջատիրությունը պետական քաղաքականություն դարձնելը՝ Հայաստանի արտաքին քաղաքական նպատակները սահմանելով պետության ունեցած առկա ռեսուրսների հիմամբ, ապա քաղաքական ընդդիմությունը դրան նույնպես գաղափարական հակադրություն էր գտնում՝ պահանջատիրությունը պետական քաղաքականություն դարձնելու՝ պատմական ողջ հայրենիքում ազգային պետություն հիմնելու փափագը վերածելով քաղաքական նպատակի։ Դրանից էլ բխում էր ինչպես ներքին համարժեք գաղափարախոսական քարոզչության ծավալումը, այնպես էլ արտաքին նոր քաղաքական դիրքավորումը։ Եթե իշխանությունը հանդես էր գալիս ԼՂ հակամարտության կարգավորման և հարևանների հետ խաղաղ գոյակցության քաղաքական ծրագրով, ապա քաղաքական ընդդիմությունը բնականորեն պետք է դեմ լիներ «սովորական» ժողովուրդներին բնորոշ այդ ապրելակերպին՝ Արցախյան առաջին պատերազմի հաղթական զինադադարը համարելով մեկնակետ՝ վերոնշյալ համաշխարհային առաքելության իրականացման համար, ինչպես նաև դրանից բխեցնելով, որ հայկական կողմը ոչինչ չուներ զիջելու, դեռ ավելին՝ հակամարտությունը պետք է օգտագործեր՝ զարգանալու, տարածաշրջանում վճռական գործոն դառնալու համար և Արցախի ազատագրումը համարեր Հայ դատի մաս՝ կորսված հայրենիքի մյուս հատվածները նույնությամբ վերադարձնելու ու հայկական պետությանը միացնելու վեհ մտադրությամբ։

Տեսական դատողությունից ծագող քաղաքական բանաձևումը ենթադրում էր, որ հայ ժողովրդի համար պիտի վերապահվեր մի առաքելություն, որը, անշուշտ, չէր կարող սպասարկվել փոքր պետությամբ, հետևաբար՝ Հայաստանը պետք է ոչ թե խնդիր դներ տարածքներ զիջելու, այլ առնվազն գրավածը պահելու, իսկ լավագույն դեպքում՝ ավելի իսկ ընդարձակվելու։ Այդ տեսության քաղաքական գործնական արտահայտությունը դարձավ հակամարտության կարգավորման ձգձգման՝ ստատուս-քվոյի պահպանության քաղաքականությունը։ Այն, ըստ էության, գործիք էր՝ ինչպես պատերազմի ամբողջ նվաճումները պահպանելու համար, այնպես էլ անհրաժեշտ պլացդարմ, որից պիտի մեկնարկեր հայ ժողովրդի համաշխարհային դերակատարությունը: Առաջինի գաղափարական սահմանողը ՀՅԴ կուսակցությունն էր, որը ԼՂ հարցը դիտում էր կարևոր և համազգային երևույթի՝ «Հայ դատի» մի բաղադրիչ[15], իսկ երկրորդի գաղափարախոսը Վազգեն Մանուկյանն էր[16]: ԼՂ հակամարտության կարգավորումը, հետևաբար, գոյաբանական սպառնալիք էր հայդատական գաղափարախոսության ճարտարապետության համար։ Ըստ էության, ելակետում ոչ թե հակամարտության լուծմամբ զարգանալու թեզն էր, այլ հենց դրա չկարգավորված լինելու շնորհիվ պետականության պահպանումն ու զարգացումը: Այսինքն՝ հակամարտությունը ոչ թե խանգարում էր, այլ խթանում էր Հայաստանի զորեղացմանը: Ռոբերտ Քոչարյանը տալիս է այս պնդման հիմնավորումը. «Պետք է կամք ունենալ ապրելու այդ խնդրով թեկուզ շատ երկար տարիներ, և միայն այդպես հնարավոր կլինի ի վերջո հասնել հաջողության»[17]: Ստատուս-քվոյի գաղափարախոսությամբ պետականաշինության ուղու ընտրանքը Վազգեն Սարգսյանի համար էլ երևակվում էր պարզունակ ազգայնականությամբ. «Համախմբվել ազգովի հայրենիքում՝ Հայաստանում: Համախմբվել ազգովի Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կենտրոնացնել մեր տնտեսական, քաղաքական, մտավոր ներուժը ամբողջ աշխարհում: Եվ դա ուտոպիա չէ: Դա հնարավոր է և անհրաժեշտություն: Առավելագույնի հասցնել մեր համազգային, համաշխարհային դիմադրողականությունը»[18]։

Երբ 1990-ական թթ. պատերազմը Վազգեն Սարգսյանը հռչակում էր որպես «ամենայն հայոց պատերազմ»[19], լիովին բնական է, որ դրանից նահանջ պարզապես լինել չէր կարող: Նման մտածողության համար «ամենայն հայոց պատերազմի» ցանկացած նվաճումից նվազագույն իսկ հրաժարումն անթույլատրելի էր, որովհետև պատերազմը չէր ընկալվում իբրև քաղաքականության շարունակությունը այլ գործիքով, այլ ըմբռնվում էր և մատուցվում որպես սրբազան երևույթ՝ վերածելով այն ազգի գոյության իմաստի, ինչը լիովին բնական էր դարձնում միշտ պատերազմի մեջ գտնվելու տրամաբանությունը և ապառացիոնալիզացնելով հակամարտության երևույթը: Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ԼՂ հարցը համարում էր իր և իր գաղափարակիցների համար «կյանքի գործ». օրինաչափորեն, որևիցե տեսակի զիջում պիտի խոտաներ այդ «կյանքի գործը»։ Պատահական չէ, որ կարգավորմանը դեմ հանդես եկողները ելակետ էին վերցնում պատերազմի պատճառով կրած զրկանքների ու զոհերի փաստը: Վազգեն Սարգսյանն ասում էր. «Այլապես ինչի՞ համար էին այդքան զոհերն ու զոհողությունները»[20]: Սերժ Սարգսյանը նույն փաստարկն էր կրկնում 2000թ. «Իրականում մենք չէինք կարող այդ փոխզիջումներին գնալ: Ես հասկանում եմ, որ Լևոնն էր ամեն ինչի գլուխը, նա էր նախագահը: Բայց մենք էինք ուղղակիորեն վարում մարտերը, ես գրեթե իմ բոլոր ընկերներին կորցրի: Գրեթե բոլորին: Ես կորցրել եմ իմ զարմիկին: Նա եկել էր իր հոր հետ 18 տարեկանում՝ ինձ օգնելու համար»[21]։ Արդեն որպես ՀՀ նախագահ և ԼՂ հարցով գլխավոր բանակցող՝ նա նույնն ասում էր միջազգային շփումներում, ինչպես օրինակ՝ 2016թ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մասնավոր զրույցի ժամանակ[22]։ ԼՂ ԱԳ նախարար և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նույնպես Ղարաբաղյան հարցի սակրալացման ջատագով էր. «Անկախ նրանից՝ ինչքան էլ մարդիկ վատ են ապրում, կան սուրբ հարցեր, կան դիրքեր, որ ոչ մի պարագայում չեն կարող հանձնվել»[23]:

Հակամարտության կարգավորման պատեհ պահը ձախողելու և ստատուս-քվոյի պահպանությունը որպես պետության զարգացման ճանապարհ որդեգրելու քաղաքականությունը հանրայնորեն ընկալելի դարձնելու համար 1998թ. սկսած իշխանությունը պետք է ապահովեր նաև դրա գործնական կողմը։ Այդ համատեքստում հիշարժան է ՀՀ նախագահի պաշտոնում ՄԱԿ-ի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի առաջին ելույթը 1998թ. սեպտեմբերին, որով Հայաստանի Հանրապետությունը փաստացի ստանձնում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պատասխանատվությունը՝ այն դարձնելով պետության արտաքին քաղաքականության անկյունաքարը[24]։ Հայ-թուրքական հարաբերություններում ԼՂ հակամարտության չլուծվածության թուրքական նախապայմանի հիշատակմանը հակադրվելով Ցեղասպանության հարցով՝ Հայաստանի նոր իշխանությունը հայդատականությունը դարձնում էր պետական քաղաքականություն։ Ի դեպ, գոյություն ունի թյուրընկալում, որով հայդատականությունը նույնանում է Թուրքիայի դեմ ակտիվ ագրեսիվ քաղաքականության հետ՝ զուգորդված վերջինից տարածքային կամ փոխհատուցման պահանջներով։ Սակայն դրա իրական՝ հայկական կերպը լիովին այլ է. ներքին լսարանի առաջ հանդես գալով հակաթուրքական հռետորաբանությամբ՝ այդ քաղաքականության կրողները միջազգային ասպարեզում որևէ գործնական հակաթուրքական գործողության, որպես կանոն, չեն դիմում։ Այլ կերպ ասած՝ բավարար աղմուկը կա, սակայն դա որևէ գործնական շարունակություն չի ունենում։ Այդ քաղաքականության հիմնական միտքը ներհասարակական մթնոլորտում, օգտվելով Թուրքիայի ու Ադրբեջանի կիրառած հռետորաբանությունից, հակաթուրքական տրամադրությունների սիստեմատիկ ձևավորումն է՝ առանց դրանց ռեալ գործնական շարունակականության։ Սրանով՝ մի կողմից՝ իշխանությունը պահպանում է իր «ազգային» ու «հայրենասեր» իմիջը և ձևավորում բարդույթներով լի, մանիպուլյացիաների հարցում դիմադրազուրկ հասարակություն, մյուս կողմից՝ Թուրքիայի համար որևէ խնդիր չի ստեղծում՝ խուսանավելով վերջինիս հետ ուղիղ առճակատումից։ Այս քաղաքականության ողջ «հմայքն» այն է, որ արտաքին աշխարհում սուր խնդիրներ չեն առաջանում (չհաշված շրջափակումը), սակայն ներքին կյանքում ապահովվում է կառավարելիությունը, տիրակայում է դրա սպասարկու գաղափարախոսությունը և իշխանության ինքնանպատակ պահպանման համար անհրաժեշտ հայրենասիրական և արտաքին վտանգից բխող վախի միջավայրը։ Հետևաբար, Հայ դատը պետական քաղաքականություն դարձնելով ոչ թե լուծվում էր Թուրքիայի առաջ պահանջներ դնելու և փոխհատուցում ստանալու խնդիրը, որի սպասարկման համար կատարելապես ուրիշ գործիքակազմ էր անհրաժեշտ, այլ բացառապես ներքաղաքական քարոզչական ու հանրային կարծիքի մանիպուլյացիայի հարցը։ Դրա լավագույն վկայությունն է 2020թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրի 100-ամյակի առթիվ Հայաստանի 10 կուսակցությունների հայտարարությունը. «Սևրի պայմանագիրը միայն պատմական փաստ չէ։ Այն այսօր էլ գոյություն ունեցող (կամ իրավահաջորդ) պետությունների միջև կնքված միջազգային պայմանագիր է: Սևրի պայմանագրի շուրջ միջազգային քննարկումները պետք է խթանվեն Հայաստանի Հանրապետության և պայմանագրի կողմ հանդիսացող պետությունների ակադեմիական հանրույթների կողմից, իսկ քաղաքական շրջանակները պետք է ցուցեն դրա կարևորությունն արդեն արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների շրջանակներում»[25]։ Թուրքիայի մասնատում և «անկախ ու միացյալ» Հայաստան ստեղծող Սևրի պայմանագրի իրագործման վերոնշյալ պահանջով, ի թիվս այլոց, հանդես էին գալիս Հայաստանի հանրապետական, Հայ յեղափոխական դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, որոնց պատկանում էր իշխանությունը Հայաստանում 1998-2018թթ. և որոնք շուրջ 20 տարի ունեին բոլոր լծակները նշյալ հայտարարության ոգուն համապատասխան միջազգային գործընթաց նախաձեռնելու և այդ ատյաններում Թուրքիային Սևրի պայմանագրի կատարման պահանջով «սրախողխող» անելու համար։ Սակայն իշխանություն եղած ժամանակ նրանք որևէ նման գործողություններ չեն ձեռնարկել։

Հայկական իրականությունում առնվազն ձևական մակարդակում միշտ ժխտվել է հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հակամարտության փոխառնչակցությունը՝ իբր մեկը մյուսից խիստ անկախ էր։ Սակայն դա, ըստ էության, կա՛մ չարամիտ մանիպուլյացիա էր, կա՛մ ջայլամային քաղաքականություն, քանի որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակին առկախել էր հենց Թուրքիան՝ բացեիբաց հայտարարելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստացել։ Եթե հայ հանրությունը կարող էր չգիտակցել այդ գործընթացների փոխկապակցվածությունը, ապա նույնը բացառելի էր կառավարող վերնախավի պարագայում։ Սակայն, եթե վերնախավը կամք կամ ցանկություն չուներ կարգավորելու ԼՂ հակամարտությունը, ուրիշ ի՞նչ պետք է աներ հայ-թուրքական հարաբերությունների հարցում. Ամեն ինչ՝ արդարացնելու ստատուս-քվոն, հետևաբար նաև՝ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված վիճակը: Դրանից էլ բխում էր առաջացած վակուումը լցնելու անհրաժեշտությունը, տվյալ պարագայում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն դարձնելու միջոցով։ Հետևաբար, որքան ավելի էր խորանում ԼՂ հակամարտության լուծումը հետաձգելու կամ հակամարտությունն արդեն իսկ լուծած լինելու քարոզչությունը, նույնքան բնական էր ընկալվում հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը, իսկ ներքին կյանքում՝ խորանում հակաթուրքականությունը։

Երբ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, շատ արագ բախվեց տարիներ ի վեր իր իսկ աջակցությամբ ստեղծված քարոզչական միջավայրի դիմադրությանը։ Սակայն, երբ այդ նախաձեռնությունը թերի հաշվարկի ու անբավարար քաղաքական կամքի արդյունքում տապալվեց, Սարգսյանի վարչակազմը վերադարձավ հայդատականության քաղաքականությանը։ Նրա իշխանության օրոք Հայաստանի հանրային-քաղաքական կյանք ներմուծվեցին հայդատականությունը սպասարկող երկու խոշոր գործիքներ՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ ընդունված «Համահայկական հռչակագիրը»[26] և «Ազգ-բանակ» հայեցակարգը[27]։

Երկու երևույթներն էլ, ուղիղ կապված լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, սպասարկում էին բացառապես ներքաղաքական օրակարգ։ Դրանց նպատակը իշխանության վարած ստատուս-քվոյի պահպանության քաղաքականության ամրապնդումն էր՝ իբրև գաղափարական ընտրանքից բխող պրակտիկ գործողություն։ Սակայն հատուկ ընդգծելի է, որ, ինչպես «Հռչակագրի», այնպես էլ «Ազգ-բանակ» հայեցակարգի պարագայում, գաղափարը գործնական, իրական ու համակարգային շարունակություն չստացավ՝ կրելով քարոզչական դիպվածային բնույթ՝ աղմկալից ուշադրությամբ, բայց ոչ անհրաժեշտ առարկայացմամբ, այսինքն՝ բավարար էր քարոզչական էֆեկտի, անպիտան՝ գործնական շարունակականության համար։

Լինելով միջազգային հանրությանն ուղղված իրավական փաստաթուղթ՝ «Հռչակագիրն» անուղղակիորեն պահանջներ էր դնում Թուրքիայի առաջ՝ հղում անելով 1920թ. Սևրի պայմանագրին և ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճռին: Նկատի ունենալով այդպիսի քայլի վտանգավորությունը, սակայն, արտասահմանյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում Սերժ Սարգսյանը ստիպված էր քանիցս պնդել, որ Հայաստանը Թուրքիայից հողային և փոխհատուցման պահանջներ չունի[28]: Առաջանում էր քաղաքական պարադոքս՝ հրապարակային հղումներով, տողատակերով և պահանջատիրական մթնոլորտ ձևավորող «Հռչակագիր» ընդունելուց անմիջապես հետո հարկադրված կերպով պահանջատիրության հարցը ժխտելու միջև: Որքան այն թելադրված էր քաղաքական անհեռատեսությամբ, նույնչափ իսկ պայմանավորված էր ներքաղաքական օրակարգով:

«Ազգ-բանակ» երևույթը հայկական քաղաքական երկնակամարում Սերժ Սարգսյանի ձեռամբ հայտնվեց 2016թ. հունվարին[29], երբ վերջինս հակվել էր մտքին, որ ստատուս-քվոն հարատև է և անփոխելի։ Ապրիլին, սակայն, Ադրբեջանը գնաց ռազմական հարձակման՝ քանդելով պատերազմի բացառման և ստատուս-քվոյի անխախտելիության ներհայկական միֆը։ Պատերազմի դադարեցումից հետո, այնուհանդերձ, Հայաստանի իշխանությունը ոչ միայն որևէ փորձ չարեց ներքին կյանքի բարեփոխման ուղղությամբ, այլև նոր ոգով շարունակեց ստատուս-քվոյի պահպանության քաղաքականությունը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում զիջումների բացառման հնարավորությունը պայմանավորելով «Ազգ-բանակ» հայեցակարգի հաջողությամբ։ Որպես Հայաստանի զարգացման ռազմավարություն՝ այն փաստացի պետք է ապահովեր ստատուս-քվոյի անխախտելիությունը և, ըստ էության, ծառայեր որպես ստատուս-քվոյի ամրապնդման գործիք՝ ռազմապես այնքան ուժեղանալ, որ խաղաղությունը պարտադրվի առանց հակամարտության լուծման: Այս թեզը 1998թ. եռյակի գաղափարական նշանաբանն էր՝ «զարգանալ չզիջելով»: «Ազգ-բանակ» հայեցակարգի քաղաքական պատասխանատու, այդժամ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասում էր. ««Ազգ-բանակը» Զինված ուժերի հնարավորությունները հասարակության և պետության առաջընթացի համար օգտագործելու գաղափարախոսություն է»[30]: «Ազգ-բանակի» գաղափարախոսության ներմուծման մոտիվացիան հենց այդ շրջանում լավագույնս որսացել էր Լևոն Տեր-Պետրոսյանը. «Այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միևնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը»[31]:

Ստատուս-քվոյի պահպանման այդ երկու գործիքն էլ Սերժ Սարգսյանը ներմուծեց միջազգային ասպարեզում խոշոր ձախողումներից հետո։ «Համահայկական հռչակագիրը» նա ընդունեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տապալումից, իսկ «Ազգ-բանակը»՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Երկու դեպքում էլ Հայաստանի իշխանությունը, թևաթափ միջազգային ասպարեզում կրած անհաջողություններից, վերադարձավ «հարմարվողականության» գոտի, որտեղ տիրակայում էր ստատուս-քվոն և փակուղուց ելքը զիջումների գնով չէր։ Ըստ այդմ՝ Սարգսյանի իշխանությունը քաղաքական կամք չունեցավ վերջ տալու հայդատականության օրակարգին դարձ ի շրջանս յուր կատարելով 2018 թվականից՝ 2008թ.։

ԼՂ հակամարտության կարգավորումը Հայաստանի համար առաջնահերթ մարտահրավեր չընկալելու քաղաքականությունն իշխանության կողմից ընտրված էր թե՛ գիտակցաբար, թե՛ գաղափարապես, թե՛ հարմարավետությամբ պայմանավորված։ Արդյունքում՝ հանրային ընկալումները հետևողականորեն բթացվում էին, իսկ արտաքին սպառնալիքները՝ օտարոտի դառնում հանրության համար: Հայաստանի պետա-քաղաքական օրակարգում տիրակայում էին բացառապես ներքաղաքական հացերը։ Այս համատեքստում արտահայտչական է Վարդան Օսկանյանի օրինակը, որը, պատմելով 2008թ. Սերժ Սարգսյանի խորհրդականը դառնալու առաջարկը մերժելու մասին, դա հիմնավորում էր այսպես. «Կցանկանայի ներգրավված լինել ներհայաստանյան և ոչ թե արտաքին քաղաքական խնդիրներում, որովհետև, համոզված եմ, որ մեր առջև կանգնած մարտահրավերները առաջին հերթին ներքին են, և միայն դրանց հաջող հաղթահարումով մենք կկարողանանք լուծել մեր արտաքին հարցերը»[32]: Խորհրդանշական է ու քաղաքական դասի ընկալումների հավաքական արտահայտություն, որ Օսկանյանը, ողջ պետական ծառայության ընթացքում զբաղվելով ԼՂ հակամարտության կարգավորմամբ, արդեն հավատացած էր, որ ստատուս-քվոյի ճարտարապետությունը հաջողվել էր, պատերազմի վտանգը չեզոքացված էր և եկել էր ներքին կյանքով զբաղվելու ժամանակը։

1998թ. իշխանափոխությամբ Հայաստանի քաղաքական դիսկուրսը թեպետ ազատվեց ԼՂ հակամարտության ներկայությունից, սակայն ամբողջովին խարսխված էր այդ հակամարտության, ավելի ստույգ՝ դրա չլուծվածության վրա: Որքան Արցախի հարցը դուրս էր մղվում Հայաստանի ներքաղաքական օրակարգից, այնքան այն արցախանում էր։ Վերջինս, սակայն, ամենևին չէր արտահայտվում ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների փնտրտուքի կամ լուծման մեթոդների շուրջ բանավեճով, այլ ամբողջովին նեղացել էր ու հարմարեցվել «հող զիջել-չզիջելու» պարզունակ մտավարժանքին, երբ փոխզիջման մասին ակնարկողները հռչակվում էին դավաճան, «թիզ» անգամ չզիջողները՝ ինքնըստինքյան վերածվում հայրենասերի:

ԲԱԺԻՆ 3
Փոխզիջումը՝ որպես դավաճանության և հայրենասիրության «աղվեսադրոշմ»

ԼՂ հակամարտության ներհայաստանյան դիսկուրսին հասցված ամենախոշոր վնասը հարցի էության աղճատումն էր, պրիմիտիվացումը ու զգացմունքայնացումը՝ հայրենասիրության ու դավաճանության կատեգորիզացման միջոցով: Այն պահից սկսած, երբ հակամարտության կարգավորման շուրջ բանավեճը սահմանափակվեց հայրենասեր-դավաճան կաղապարով, ռացիոնալ բանավեճը տեղում ոչնչացավ: Եթե առօրյա հարցերում որևէ բանավեճի նմանօրինակ «սպանությունը» կարող է ներելի թվալ և նվազ աղետաբեր,  ապա ռազմական ագրեսիային, պատերազմին և ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը վերաբերող հարցերում քաղաքական ընտրանին ինքնըստինքյան պատասխանատվություն և պարտավորություն ունի անհամեմատ ռացիոնալ գտնվելու՝ այդպիսի իսկ բանավեճ հրահրելով և հանրային համաձայնությամբ իրավիճակից ելք գտնելով: Այսուհանդերձ, ԼՂ հարցում բանավեճի էությունը 1998թ. հետո իռացիոնալացվեց հենց կառավարող ընտրանու դրդմամբ:

Դավաճանության և հող հանձնելու դիսկուրսը հայկական քաղաքական կյանքում մշտամնա է՝ սկսած հակամարտության ծագման շրջանից, երբ ընդդիմությունն իշխանությանը բազմիցս մեղադրում էր դավաճանության, Արցախն ուրանալու և հայրենիքը հանձնելու մեջ: Ռազմական պարտությունները իշխանության դեմ որպես խաղաքարտ օգտագործելու պրակտիկան դադարեց 1994թ. կնքված հաղթական զինադադարից հետ, սակայն նոր թափ ստացավ 1997թ. սեպտեմբերին, երբ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց հակամարտության կարգավորման հեռանկարները։ Հանրային բանավեճ հրահրելու Տեր-Պետրոսյանի փորձը խոշորապես ձախողվեց, ինչի առհավատչյան 1997թ. հոկտեմբերի 17-ին Երևանում ընդդիմադիր քաղաքական ուժերի և մշակութային գործիչների հավաքն էր: Այն հետագա քաղաքական բուռն իրադարձությունների համատեքստում առանձնապես ուշադրության չի արժանացել, սակայն ԼՂ հարցով ներհայաստանյան բանավեճը ոչնչացնող ճչուն գործողություն էր, որով քաղաքական ընդդիմությունն ու մտավորական զբաղմունքի տեր անձինք հրաժարվում էին հակամարտության լուծման ուղիների շուրջ բանավեճից՝ հնարավոր լուծման մասին խոսող իշխանությանն անվանելով դավաճան ու Արցախը հանձնող։ Այդ հավաքն ու դրա բովանդակությունն էականորեն պայմանավորեցին ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ հանրային-քաղաքական դիսկուրսի արմատական խոտանումը: Հատկանշական է, որ հավաքն անվանվել էր «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության»՝ անընդունելի համարելով Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը և մերժելով նրա առաջարկած լուծումը[33]: Բովանդակային քննարկումներից հրաժարվելով՝ հավաքի մասնակիցները նախագահին անվանում էին «դավաճան», իսկ փուլային լուծումը՝ «Ղարաբաղի հանձնում»:

Տեր-Պետրոսյանը, սակայն, շարունակեց բանավեճը առարկայական հողի վրա դնելու ճիգը՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով և անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթով: Դրանք, սակայն, չհասան իրենց նպատակին՝ ոչ քաղաքական ու մտավորական ընտրանուն, ոչ էլ ապաքաղաքական հասարակությանը մասնակից դարձնելու առարկայական դիսկուրսին։ Միաժամանակ, փուլային տարբերակի մանրամասներն այդպես էլ չհրապարակվեցին, իսկ տեղեկատվական վակուումը լցվեց ամբոխահաճությամբ ու դիսկուրսի իռացիոնալիզացիայով: Իշխանությունն ի վիճակի չեղավ հանրային կոմունիկացիոն արշավ անցկացնել և մարդկանց հանրամատչելիորեն բացատրել խնդրի էությունն ու Հայաստանի զիջելիք-ստանալիքը: Եվ այդ անկարողության պատճառներից առանցքայինը թերևս իշխանության ներսում առաջացած ճեղքն էր։ Տեր-Պետրոսյանին չհաջողվեց ռացիոնալ դիսկուրս ձևավորել նաև սեփական թիմակիցների հետ. «Երկու օրերի քննարկումն, այսպիսով, ինձ լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, թե փուլային տարբերակին ընդդիմացողներն ընդհանրապես Ղարաբաղի հարցը լուծելու մտադրություն ունեն։ Շատերն առանձնապես դա չեն էլ թաքցնում։ Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար»[34]: Պնդելի է, որ ռացիոնալ դիսկուրս չձևավորվեց առաջին հերթին այն պատճառով, որ ստատուս-քվոյի կողմնակիցները հաշվարկված քաղաքականության՝ ռազմավարական պլանավորման առաջարկներ, ըստ էության, չունեին:

Տեր-Պետրոսյանի հրաժարականից և քաղաքական ասպարեզից հեռանալուց հետո Ղարաբաղի հարց կարծես Հայաստանում գոյություն չուներ: Անկախ բանակցությունների ընթացքից և կուլիսային իրադարձություններից՝ հանրային մակարդակում այդ թեման այլևս գրեթե չէր արծարծվում: 1998թ. «Ընդհանուր պետության», 1999թ. «Մեղրիի» տարբերակներին, 2000-2001թթ. Քի Վեսթի ակտիվ բանակցային գործընթացներին զուգահեռ հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակը զրոյական էր: Հարց է ծագում՝ արդյո՞ք այդժամ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցություններ վարող հայկական իշխանությունները իրականում ցանկանում էին կարգավորում: Նկատի ունենալով հանգամանքը, որ առանց հասարակության իրազեկվածության և նախապատրաստվածության, միջազգային համաձայնություններն իրագործելն անհնարին էր լինելու, պարզ է դառնում, որ իշխանություններն ամենևին մտադրություն չունեին այդ պայմանավորածությունները կյանքի կոչել և, ըստ էության, զբաղված էին բանակցությունների իմիտացիայով։

Նշելի է, որ Ղարաբաղի հարցի կոնսերվացման տարիներին Հայաստանում ժամանակ առ ժամանակ ծագող ներքաղաքական խնդիրները փորձ էր արվում լռեցնել պատերազմի սպառնալիքի փաստարկով: Նախ, իշխանությունները որևէ տեղեկատվություն չէին տալիս բանակցությունների մասին, ինչպես նաև գաղափարական այնպիսի ճահիճ էին ստեղծել, որտեղ Ղարաբաղի հարց չկար և կարևորվում էր միայն ներքաղաքական օրակարգը, ապա և՝ իշխանափոխության վտանգի դեպքում անմիջապես շահարկվում էր Ղարաբաղի հարցը: Կարելի է պնդել, որ տեղի էր ունենում համակարգային ու պրոֆեսիոնալ մանիպուլյացիա. մի կողմից՝ ներքաղաքական դաշտում ներկայացվում էր, թե Հայաստանը լուծել էր ԼՂ հակամարտությունը, հասարակությանը ներշնչվում էր, որ նման հարց այլևս չկա, սակայն բավական էր՝ ներքաղաքական իրավիճակը լարվեր ընդդեմ իշխանության, անմիջապես հիշվում էր հակամարտության և դրա սպառնալիքների մասին: Այդ հնարքը կիրառվել է բոլոր հետընտրական իրադարձությունների ժամանակ, երբ հասարակության մի ստվար հատված, անհամաձայնություն է դրսևորել ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ և բողոքի դուրս եկել հրապարակներ։

Եթե ընդդիմության բողոքը վնասազերծելու համար ընտրվում էր պատերազմի սպառնալիքի շահարկման տարբերակը, ապա ԼՂ հակամարտության կարգավորման կողմնակից ուժերին ջախջախելու համար կիրառության մեջ էր դրվում հայրենասիրության «գիլյոտինը»։ Յուրաքանչյուրը, ով կխոսեր հակամարտության կարգավորման անհրաժեշտությունից՝ անմիջապես հայտնվում էր քարոզչական հարձակման թիրախում՝ հռչակվելով դավաճան, անհայրենասեր, թուրք և այլն։ Նկատի ունենալով, որ Հայաստանում միայն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական ուժն էին հակամարտության կարգավորումը քաղաքական պլատֆորմ դարձրել՝ նշյալ պիտակները հիմնականում ուղղվում էին հենց վերջինիս։ Դրա ամենացցուն պահը 2008թ. նախագահական ընտրություններն էին, երբ Տեր-Պետրոսյանն իշխանության հիմնական ընդդիմախոսն էր, նաև առաջացել էր իշխանությունը կորցնելու ռեալ վտանգ։ Այդժամ զարմանալի չէր, որ իշխանությունը վերադարձավ արդեն իսկ հաջողությամբ օգտագործված գործիքին՝ ԼՂ հակամարտության շահարկմանը: Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ հիմնական հակառակորդը նաև փոխզիջումների գաղափարական կողմնակից էր, ինչն ավելի ազատ էր դարձնում իշխանության բառապաշարը: Նախորդ տարիներին իշխանությունը վախեցնում էր ներքաղաքական ցնցումներից Ադրբեջանի՝ հնարավոր օգտվելու հանգամանքով, ապա այժմ դրան գումարվեց նաև քաղաքական ընդդիմախոսին ԼՂ-ը ծախելու մեղսագրությունը: Ի թիվս ջհուդամասոնականության, հրեականության և թրքասիրության մեղադրանքների՝ իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին վերագրում էր նաև ԼՂ հակամարտության հարցում պարտվողական մոտեցում: Սերժ Սարգսյանն անգամ հրապարակայնորեն հայտարարեց, որ հավանաբար Տեր-Պետրոսյանին 3 տարին բավական է ԼՂ-ն Ադրբեջանին հանձնելու համար[35]: Իշխանության բոլոր խոսափողները վերհիշում էին 1997-1998թթ. ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանի մոտեցումները, առկա ստատուս-քվոն համարում Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի գործունեության հաջողությունը, և հանրությանը փորձում համոզել, որ Տեր-Պետրոսյանի վերադարձի պարագայում իրագործվելու է 1998թ. ծրագիրը՝ «Արցախը հանձնելով»: Այդ տրամաբանությամբ էր նաև քվեարկությունից մի քանի օր առաջ Քոչարյանի ծավալուն հարցազրույցը, որտեղ նա պատմում էր 1993թ. Քելբաջարի գրավման մասին՝ ներկայացնելով, որ Տեր-Պետրոսյանը դեմ էր եղել ԼՂ-ում ազատագրական գործողություններին և քանիցս փորձել էր կասեցնել հայկական ուժերի հաղթարշավը[36]: Ուշագրավ է, որ եթե նախկինում իշխանության հակառակորդներին «ոչնչացնում» էին քարոզիչները, լակեյներն ու արբանյակները, ապա այս անգամ գործին անմիջականորեն խառնվել էին անձամբ նախագահն ու նախագահի՝ իշխանության թեկնածուն։ Այս անգամ նույնպես խաղաղության և պատերազմի այլընտրանքների շուրջ բանավեճ չստացվեց՝ հարցի էությունը լղոզելու, աղավաղելու, խնդիրը «հող հանձնելու», «դավաճան-հայրենասեր», «պարտվողական-հաղթողական» աստիճանի պարզունակացնելու պատճառով։

Ապշեցուցիչ պարադոքս է, որ Ղարաբաղի հարցով ներհայաստանյան առարկայական բանավեճ տեղի չունեցավ նաև 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո կայացած 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), հանդես էր գալիս բացառապես ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտության լոզունգով: Թվում էր՝ քաղաքական բանավեճի հրահրող կողմը կար, առիթը՝ կար, և հանրության ուշադրությունը բնականորեն պետք է սևեռվեր հենց այդ հարցի վրա: Սակայն 2017թ. կրկնվում էր 1997թ.՝ հարցը՝ կար, անհրաժեշտությունը՝ կար, հրատապությունը՝ կար, բանավեճի մի կողմը՝ կար, բայց բանավեճ չէր ստացվում: Չէր ստացվում, որովհետև չկար բանավեճի մյուս կողմը՝ ստատուս-քվոյի հիմնավորողները: Վերջիններս հարցը լուծված էին համարում, ըստ այդմ էլ՝ լուծման ուղիների շուրջ բանավեճ չէին վարում։ 2017թ. ընտրությունների արդյունքում, սակայն, ԱԺ-ում հայտնվեցին այն կուսակցությունները, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հանդես էին գալիս անորոշ, ընդհանրական ու «հայրենասիրական» մոտեցմամբ։ Հանրային իրական պատկերացումների արտահայտությունն էր այն, որ փոխզիջման գաղափարով քարոզարշավ տարած ուժը Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց տեղի ունեցած քվեարկության արդյունքում ստացավ ընդամենը 25.950 ձայն կամ 1.65%: Ի դեպ, 2016թ. պատերազմից հետո մասնավոր զրույցներում Սերժ Սարգսյանն ընդունում էր, որ հակամարտության չլուծման դեպքում, վիճակն անհամեմատ ավելի էր վատթարանալու[37], սակայն հրապարակային դաշտում նա և իր կուսակցությունը հակառակ ճամբարում էին՝ ձայնակցելով փոխզիջումների գաղափարը «պարտվողականություն», «հող հանձնող», «ապազգային» և «անհայրենասեր» որակող երգչախմբին:

Այն պահից ի վեր, երբ ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը տեսնող մարդիկ պիտակավորվեցին «դավաճան», իսկ զիջումները բացառողները՝ «հայրենասեր», դիսկուրսն ինքնըստինքյան հօդս ցնդեց: Հայրենասիրության և դավաճանության մակարդակում բանավեճն անպտուղ և անհարկի ժամավաճառություն է, որտեղ չկա փաստարկ, հաշվարկ կամ անգամ իսկ քաղաքականություն: Երբ հակամարտության կարգավորումը, որն ինքնին հարցերի մի հսկա կոմպլեքս էր, նեղացվեց և իջեցվեց «ոչ մի թիզ հող չզիջելու» մակարդակի՝ լուսանցք մղելով կարևոր խնդիրները՝ տարածաշրջանում քաղաքական ազդեցությունների փոփոխությունը, տերությունների քաղաքական առաջնահերթությունների վերանայումը, Հայաստան-Ադրբեջան ռազմական բալանսի խախտումը, Թուրքիայի քաղաքականության արմատական շրջադարձը և այլն:

Եթե հայդատականությունը պետական քաղաքականություն դարձավ 1998թ. իշխանափոխությունից հետո, ապա «դավաճան-հայրենասեր» դիսկուրսը պետական քարոզչության մակարդակի բարձրացավ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո: Եվ խնդիրը թերևս կապված էր ուղղակիորեն Վազգեն Սարգսյանի անձի հետ, որը, մասնակից լինելով 1998թ. իշխանափոխությանը, իր ազդեցությամբ թույլ չէր տալիս հակասությունն անձնականացնել: 1999թ. հունվարի 29-ին ՀՀԿ 5-րդ համագումարի իր ելույթում Սարգսյանը հստակորեն նշում էր, որ Տեր-Պետրոսյանը հեռացել է իր համոզմունքներով՝ «թողնելով դաշտը մեզ: Ինքը հեռացավ՝ պատասխանատվությունը թողնելով մեզ վրա»[38]: Նույն ելույթում՝ Սարգսյանը հստակ շեշտում էր. «Գոնե ներքին քաղաքականության մեջ կա բարոյականություն»: Սա չափազանց կարևոր խոստովանություն է, քանի որ նա, Տեր-Պետրոսյանի հետ գաղափարական տարաձայնություն ունենալով հանդերձ, այն դիտում էր տարբեր քաղաքական պատկերացումների համատեքստում և դիսկուրսը նպատակային կերպով պահում հենց քաղաքական սահմաններում՝ չտրվելով քաղաքական կոնյունկտուրային և ամենադյուրին՝ «հայրենասեր-դավաճան» դիսկուրսին: Ավելին՝ Սարգսյանն ուղիղ տեքստով ընդունում էր, որ ինքն ու իր գաղափարակիցները հակառակվել են Տեր-Պետրոսյանի լուծման տարբերակին՝ ստանձնելով իրենց ծրագիրն իրականացնելու պատասխանատվություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. «Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանալով մեզ վրա մեծ պատասխանատվություն է թողել: Մենք համոզված էինք, որ ճիշտը մենք էինք, բայց ժողովրդին պետք է ապացուցենք, որ ճիշտը մենք էինք: Այստեղ պատասխանատվության խնդիր կա»[39]:

1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կատարված ահաբեկչությամբ Սարգսյանին վիճակված չէր ապացուցելու իր ճիշտ լինելը կամ առարկայորեն համոզվելու իր վրիպման մեջ։ Սակայն Վազգեն Սարգսյանի ողջ լինելու շրջանում անգամ ԼՂ հակամարտության լուծման հարցում տեղի էր ունեցել երկու խոշոր տեղաշարժ, որոնք հետագա ձախորդությունների անմիջական նախերգանքն էին: Առաջին՝ Հայաստանի նախագահ էր դարձել ԼՂ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչը բանակցային գործընթացի վրա խիստ բացասական հետք թողեց՝ միջազգային հանրության առաջ վերացնելով ԼՂ-ի՝ ինքնուրույն գործոն ընկալվելն ու հակամարտության երրորդ՝ լիիրավ կողմ լինելը, իսկ ներքին կյանքում ցեմենտեց հարցի լուծվածության և ԼՂ-ի՝ Հայաստանին անվերադարձ միացված լինելու թյուրըմբռնումը: Երկրորդ՝ 1998թ. իշխանափոխությունից հետո հակամարտության կարգավորման համար ներկայացված առաջին իսկ առաջարկությամբ, որ կոչվում էր «Ընդհանուր պետություն», ԼՂ-ը պաշտոնապես ճանաչվում էր որպես Ադրբեջանի մաս և այդ առաջարկությանը հայկական կողմը գրավոր համաձայնություն էր տվել: Այդ տարբերակը ընդունելով՝ վերջինս փաստացի ցույց տվեց, որ իր հիմնական երկու փաստարկի հարցում սկզբունքային չէ՝ թույլ տալով հարցն անուղղակիորեն փոխարկելու պարզ՝ տարածքային կոնֆլիկտի: Սա լուրջ հետևանքներ ունեցող վրիպում էր՝ հանգելով կարգավորման հաջորդ տարբերակի ծնունդին՝ տարածքների փոխանակման գաղափարին. Ղարաբաղը՝ Մեղրիի դիմաց: Տարածքների ուղիղ փոխանակում ենթադրող այս մի տարբերակը, որը դարձավ բանակցությունների հիմք, իսկ հեռանկարում նաև՝ կարգավորման առանցքային բաղադրիչ, ըստ էության, վերջնականապես ջախջախեց Արցախյան հակամարտության լուծման հարցում հայկական կողմի փաստարկային հենքը, այն է՝ ԼՂ-ը գոյաբանական սպառնալիքով պայմանավորված է ինքնորոշվել Ադրբեջանի կազմից դուրս։ Արդյունքում՝ հարցը վերածվում էր երկու պետությունների միջև սովորական տարածքային վեճի։ Բանակցային գործընթացին հասցված այս անդառնալի վնասներն արդեն իսկ տեղի էին ունեցել մինչև Հոկտեմբերի 27-ը, հետևաբար Վազգեն Սարգսյանի՝ պատասխանատվություն ստանձնելու և սեփական ճշմարտացիությունը դեռ ապացուցելու պնդումը որքան էլ ազնիվ թվացող, արդեն իսկ տապալված էր:

1998թ. եռյակից Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, այսուամենայնիվ, հնարավորություն ունեցան ապացուցելու իրենց «ճշմարտացիությունը»՝ 20 տարի նախագահելով Հայաստանում։ Այդ շրջափուլի առանձին ձախողումներն ու ձեռքբերումները, ամբողջանալով 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքներով, հանրագումարում փաստում են եռյակի՝ ճիշտ կամ սխալ լինելը, բայց ավելի առարկայաբար են ի ցույց դրվում երեք խոշոր ասպեկտով՝ արդյո՞ք Հայաստանն ունակ եղավ այնքան զարգանալու, որ մեղմեր Ադրբեջանի հետ հավասարակշռության խախտումը, արդյո՞ք Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրն ավելի բարձր մակարդակի էր 1997թ. համեմատ և, վերջապես, արդյո՞ք մարդկային կապիտալի և ժողովրդագրության մակարդակում Հայաստանը զարգացում ապրեց։ Այս երեք հարցերում էլ Հայաստանը ձախողվեց՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ անհաշտությունը վերածվեց թշնամանքի, բանակը չենթարկվեց պատշաճ մոդեռնիզացիայի, տնտեսությունը մնաց կաշկանդված ու կոռումպացված, իսկ արտագաղթն այդպես էլ կանգ չառավ։

Պետության առաջ ծառացած այս լրջագույն խնդիրներով հանդերձ՝ ԼՂ հարցը այդպես էլ չդարձավ առարկայական քննարկումների և փաստարկված բանավեճի առարկա։ Այդ մասին ցանկացած խոսակցություն կա՛մ հանգում էր դավադրության, դավաճանության, պարտվողականության, ապազգայնության, վախկոտության տեսություններին, կա՛մ խլացվում էր անպարտելիության, հակամարտությունը վաղուց լուծած լինելու, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի վերաբերյալ համակարգված, կայուն և միֆականացնող քարոզչության միջոցով։ Անկախ նրանից, թե ինչպիսին էին 1998-2018թթ. իշխանությունները, ինչ նվաճումներ և տապալումներ են գրանցել, մի հարցում կրում են հստակ ու աներկբա պատասխանատվություն՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ ներհայաստանյան բանավեճի ոչնչացման արդյունքում խեղաթյուրվեցին հակամարտության հանրային ընկալումները և կասեցվեց իրավիճակից ելք գտնելու վերաբերյալ ցանկացած ռացիոնալ դիսկուրսի ծավալումը։ Իշխանությունները մի կողմից՝ հասարակությանը զրկեցին բանակցությունների մասին տեղեկատվությունից, մյուս կողմից՝ խեղդեցին այլոց ձայնը «հայրենասիրական» աղմուկի մեջ։ Դրանից էլ բխում էր և այն, որ իշխանությունները երկրի ներսում ԼՂ-ի հարցի վերաբերյալ խոսում էին մի լեզվով և բառապաշարով, իսկ երկրից դուրս՝ մեկ այլ։

ԲԱԺԻՆ 4
Երկլեզու էլիտա և երկդիմի քաղաքականություն. հայկական բլեֆ

ԼՂ հակամարտության կողմերի հակասությունն առաջին հերթին արտահայտվում էր դրա մեկնաբանության հարցում։ Եթե Ադրբեջանն այն ներկայացնում էր իբրև տարածքային վեճ երկու պետությունների միջև, ապա հայկական կողմի շեշտադրումը առավելապես իրավունքների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի անձեռնմխելիության սկզբունքի վրա էր՝ գոյաբանական սպառնալիքը, որին բախվում էր ԼՂ-ի հայ բնակչությունը Ադրբեջանի պետության կազմում որպես ազգային փոքրամասնություն ապրելով։ Սակայն եթե առաջինը միջազգային ասպարեզում ավելի դյուրին էր բացատրվում, ապա երկրորդն անհամեմատ խրթին էր՝ պայմանավորված փաստարկի հովվերգականությամբ, որոշում կայացնող տերությունների աշխարհաքաղաքական շահերով, Ադրբեջանի ռեսուրսներով և դրանց նկատմամբ առանձին պետությունների ու կորպորատիվ շրջանակների հետաքրքրությամբ։

Սակայն հակամարտության՝ ռազմականացված փուլի տարբեր էտապներում հայկական ուժերի կողմից ԼՂ-ի շրջակա 7 շրջանների գրավումը որոշակիորեն փոխեց հակամարտության բնույթն ու նաև միջազգային ընկալումը: Այն, կարելի է ասել, երկսայր սուր էր՝ մի կողմից՝ ձեռնտու խաղաքարտ, մյուս կողմից՝ ճնշումների առիթ։ Հայկական կողմը հնարավորություն էր ստանում այդ տարածքների դիմաց ավելի առարկայական զիջումներ կորզել, բայց միաժամանակ ավելի մեծ միջազգային ճնշման տակ էր հայտնվում։ Դրանց գրավումը ներկայացվում էր որպես անվտանգության կենսական գոտի՝ դրանք հայկական ուժերի տիրապետության տակ պահելը փաստարկելով հակամարտության ռազմականացումը կանխելու և ԼՂԻՄ տարածքի նկատմամբ հնարավոր ռազմական ագրեսիան զսպելու նպատակով, սակայն միջազգային հանրությունն այս առումով տարակույս չուներ՝ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, մաս են կազմում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և պետք է վերադարձվեն նրան:

ԼՂ հակամարտության կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր 4 բանաձև, որտեղ, ի թիվս այլ դրույթների, պահանջում էր «հայկական տեղական զինված ուժերի դուրս բերումը Ադրբեջանի գրավված տարածքներից»: Սա չափազանց կարևոր փաստ է՝ նկատի ունենալով մի շարք հանգամանքներ: Նախ, գրավված տարածքները հայկական հանրային ընկալումներում և ռազմա-քաղաքական ընտրանու ոչ պակաս սնուցմամբ, ներկայացվել են որպես ազգային պատմական հողեր և դրանց նվաճումը՝ ազատագրում: Այսինքն՝ հայկական իրականության մեջ այդ տարածքները ոչ թե Ադրբեջանինն էին, այլ պատմական Հայաստանինը, և, ըստ էության, դրանց ազատագրումը մի քայլ էր պատմական Հայաստանի վերականգնման ուղղությամբ: Երկրորդ՝ հակամարտության էությունը նեղացնելով և այն դարձնելով «հող զիջել» և «հող պահել» կատեգորիաների գերին, այդ մտայնությունը նշյալ տարածքներին հաղորդել էր խորհրդանշական և սակրալ բնույթ: Երբ հողային զիջումը հրամցվում էր որպես դավաճանություն, իսկ պահելը՝ հայրենասիրություն, հարցի հիմքում դրվում էր դավաճանության սկզբունքը, թեկուզ՝ ենթադրական առումով: Հետևաբար՝ ո՞ր մի հայրենասեր մարդը կարող էր «ազգային հողերը» թշնամուն վերադարձնել՝ առավել ևս, երբ այդ հողերն այլևս ֆետիշացված էին ու դրանց դիպչելը մահացու մեղք էր։ Պահանջատիրության այս հստակ դրսևորումը ներհայկական տիրույթում համակարգված և ինտենսիվ ոռոգման արդյունք էր, որտեղ զիջում հասկացությունը պրիմիտիվ դավաճանություն էր։  Հայկական սակրալիզացված, խորհրդանշականություն ստացած և հայրենասիրության քողով կաղապարված ընկալումները վերոնշյալ տարածքների վերաբերյալ հակասության մեջ էին ոչ միայն միջազգային հանրության կարծիքի, այլև նրանց ներկայացրած կարգավորման փաստաթղթերի բովանդակության ու վերջինին ՀՀ իշխանությունների տված համաձայնությունների հետ: Միջազգային հանրության համար տարածքային ամբողջականության սկզբունքն իրավական կատեգորիա է, ավանդույթ և կառուցված աշխարհակարգի կայունության գործիք, որը խախտելու կամ փոփոխելու իրավազորությամբ օժտված են մեծ խաղացողները: Quod licet Iovi, non licet bovi – ինչ թույլատրված է Յուպիտերին, թույլատրված չէ նրա ցլին։ Հին լատինական այս ասացվածքը լավագույնս է արտահայտում միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների հայեցակարգը, որտեղ ի հեճուկս «համամարդկային արդարության» սկզբունքների, փոքր պետությունների՝ մեծ տերություններին բնորոշ ամբիցիաների սպասարկման գործիքակազմը անսահման չէ՝ էլ չասած անհամարժեք տիրապետած ռեսուրսներին:

Հայաստանում հայրենասիրության և նշյալ տարածքների անվերադարձելիության ամրակցումը ուղիղ համեմատական էր միջազգային և հայկական իրականությունների միջև անդունդի խորացմանը՝ վերջինիս համար կեղծ իրականություն ձևակերպելով: Դա, որքան հայրենասիրական բևեռում բազմած քաղաքական ուժերի քարոզի հետևանք էր, նույնքան էլ օտարոտի չէր հայ հանրության համար: Այլ կերպ ասած՝ հայկական քաղաքական ընկալումներում այդ քարոզը պարարտ հող գտավ մի շարք օբյեկտիվ իրողությունների պատճառով: Հարյուրամյակներ շարունակ գտնվելով թուրք-պարսկա-ռուսական կայսրությունների կազմում և զրկված լինելով արտաքին քաղաքականության հետ անգամ տարրական առնչությունից՝ հայ հասարակությունն ու նրա քաղաքական «ընտրանին» ոչ միայն փորձ չուներ այդ առումով, այլև անգամ դրա ֆորմալ և պրակտիկ կողմի պատկերացումն իսկ չուներ: 2.5-ամյա Առաջին հանրապետությունը ոչ միայն ժամանակ չունեցավ այդպիսի հանրային ընկալումներ ձևավորել, այլև դրա քաղաքական ընտրանին՝ ինքը, գտնվեց լիովին անփորձ միջազգային հարաբերություններում՝ հանգելով Բաթումի և Ալեքսանդրոպոլի ձախողումներին: Շուրջ 70 տարի ԽՍՀՄ կազմում լինելով՝ Հայաստանն «ազատված» էր արտաքին քաղաքականություն վարելու բեռից՝ միաժամանակ զրկված միջազգային համակարգերի ու դրանց խաղի կանոնների հետ հարաբերվելու հանրային փորձի կուտակումից։ Երբ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն և ստիպված էր ինքնուրույնաբար վարել սեփական արտաքին հարաբերությունները, չեզոքացնել արտաքին սպառնալիքներն ու դիմագրավել դրսից եկող մարտահրավերներին, պարզվեց, որ ավանդույթների բացակայությունը միաժամանակ հանրային բազային իմացության բացակայություն է: Տարրական շփումների ու իրազեկվածության պակասը լրջագույնս ազդում էր միջազգային հարաբերությունների ու դրանց շուրջ մանիպուլացնող ընկալումների կառուցման ու ամրապնդման վրա:

Արդ, հայ հասարակության համար ձևավորվում էր մի ինքնանպատակ և կեղծ իրականություն հայկական զինված ուժերի տիրապետության տակ գտնվող տարածքների վերաբերյալ, որն աշխարհում որևէ պետություն չէր կիսում: Որքան էլ հեգնական հնչի, այդ ներքին սպառման պատկերացումը չէր կիսում և միջազգային ասպարեզում չէր պաշտպանում նաև հայ հայդատական կառավարող վերնախավը, որը երկրի ներսում սնուցում էր այն։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակային ելույթներում չէր թաքցնում, որ այդ տարածքների վերադարձը անխուսափելի է («Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք»[40]), և հարկ է հաշվարկել, որ զիջումը տեղի ունենա ոչ թե պարտադրաբար, այլ այնպես, որպեսզի հայկական կողմը դրա դիմաց հնարավորի առավելագույնը ստանա, եռյակն ու նրանց աջակիցները հրապարակայնորեն մերժում էին զիջման գաղափարը՝ համոզելով, որ ոչ միայն հնարավոր էր ավելին ստանալ, այլև անգամ չզիջելով զարգանալ։ Այս առանձնահատկությամբ հանդերձ՝ եռյակի ներկայացուցիչները ներհայաստանյան հարթակներում խուսափում էին հրապարակայնորեն խոսել զիջումների մասին՝ հարկադրված լինելով, այդուհանդերձ, թույլ տալ զիջման հնարավորություն միջազգային ԶԼՄ-ների հետ զրույցներում: Փաստացի, ձևավորվում էր երկդիմի իրավիճակ, որտեղ երկակի մտածողությունը (double thinking) վերաճում էր երկակի լեքսիկոնի` միջազգային փակ, կուլիսային բանակցություններում քննարկելով տարածքային զիջումները, մինչդեռ ներհայաստանյան հրապարակային դաշտում դրանք բացառելով «ամենայն հայոց պատերազմից» հրաժարվելու դավաճանությամբ:

Այն, որ 1998թ. իշխանության եկած ուժերը բանակցությունների որևէ փուլում չեն հրաժարվել տարածքային զիջումներից, փաստվում է կարգավորման բոլոր փաստաթղթերով, 2020թ. պատերազմից հետո նրանց հայտարարություններով և իշխանության ժամանակ ունեցած հատուկենտ խոսքային սայթաքումներով։ Հատկանշական է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված անձինք ու կուսակցությունները, որոնք 1990-ական թթ. ընդդիմություն եղած ժամանակ պահանջում էին ճանաչել Արցախի անկախությունը, իշխանության մեջ հայտնվելով այդ ուղղությամբ ոչինչ չձեռնարկեցին կամ Արցախի անկախությունը բանակցային գործընթացում օրակարգային դարձնելու ուղղությամբ որևէ քայլ չարեցին։ Ավելին՝ հնազանդորեն սպասարկել են վարվող քաղաքականությունը, ինչի վավերագիր է 2009թ. ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ ՀՅԴ գործիչների հանդիպման մասին պատմող դիվանագիտական գաղտնի զեկուցագիրը։ Անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը՝ ՀՅԴ ներկայացուցիչները բառացիորեն նշել են. «Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի միջանկյալ կարգավիճակը նորմալ է, բայց պետք է հստակ ճանաչվի, որ դրանք այլևս Ադրբեջանի մաս չեն։ ԼՂ-ի շուրջ գտնվող տարածքները անվտանգության գոտի են՝ ընդդեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական գրոհների, ուստի ՀՅԴ-ն ընդդիմանում է դրանց վերադարձին»[41]։ ՀՅԴ-ն միաժամանակ թե՛ նորմալ էր վերաբերվում ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակին, թե՛ պնդում, որ այդ տարածքները անվտանգության գոտի լինելու պատճառով չեն կարող վերադարձվել։ Այդժամ ի՞նչ պետք է հասկանար հայկական կողմի այդ հակասական դիրքորոշումից միջազգային բանակցողը, որպեսզի փորձեր ապահովել ինչ-որ բալանսավորված լուծում։ Բնական է, որ այդ երկակի պնդումներն ու դիրքորոշումը միջազգային հանրությունը կա՛մ չպետք է հասկանար, կա՛մ լուրջ չընդուներ։ Եվ այդ համատեքստում հայկական կողմի հիմնական խնդիրը կարգավորման շարունակական ձգձգումն էր՝ ակտիվ կամ նախաձեռնողական սառեցման տրամաբանությամբ։

Երկլեզվային քաղաքականության ամենաակնառու դրվագներից մեկը թերևս կապված է 2000թ. Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ԱԳՆ Վարդան Օսկանյանի ելույթի հետ։ Վերջինս խոսել էր տարածքների փոխանակման մասին. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»[42]։ Այս դեպքում նախարարի հայտարարությունը կրկին ուղղված էր արտաքին լսարանին և, ըստ այդ տրամաբանության, Հայաստանի ժողովուրդը պետք է անմասն մնար նման թեմաներով իրազեկվելուց: Սակայն պարզվեց, որ այդ շրջանի մամուլն աչքաթող չարեց նախարարի հայտարարությունները, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանող հայտարարություն էր տվել. «Շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթ էր, որը մեկնաբանությունների կարիք չունի»[43]: Սա մի ապշեցուցիչ ապացույց էր, որ ներքին լսարանի առաջ թեման հետևողականորեն չէր արծարծվում, իսկ արտաքին լսարանի համար ասված խոսքերը գերազանցապես մատուցվում էին որպես մասնավոր, սխալ թարգմանություն կամ թյուրըմբռնում:

Մի եզակի բացառություն էր «Ա1+» հեռուստաընկերության եթերում Օսկանյանի հարցազրույցը 2001թ., որտեղ վերջինս ուղիղ հայտարարում էր, որ եթե հայկական կողմը ստանար ԼՂ-ի ցանկալի կարգավիճակ, ապա «օկուպացված բոլոր տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն»: Ճշտող հարցին՝ թե ո՞րն է ցանկալի կարգավիճակը, քանի որ այդ շրջանի մամուլը խոսում էր «ինքնակառավարվող կարգավիճակի» մասին (self-governing status), ԱԳ նախարարը հրաժարվում էր մանրամասնել՝ պատճառաբանելով դիվանագիտական գաղտնիությամբ: Հատկանշական է, որ «օկուպացված տարածքներ» եզրույթի օգտագործման համար Օսկանյանը մեկ անգամ էլ նույնիսկ հայտնվեց «հայրենասիրական» երգչախմբի քննադատության տարափի ներքո՝ այնուհետ հարկադրված մեղքը բարդելով «սխալ թարգմանության» վրա: Բնականաբար, նախարարը բախվեց այն նույն մթնոլորտին, որը թելադրված էր իշխանության կամքով և հետևողական գործունեությամբ։

Երկլեզվային քաղաքականությունը լավագույնս դրսևորվում էր ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթղթերում և ՀՀ իշխանությունների հրապարակային հայտարարություններում: Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հայկական լսարանի առաջ փոխզիջումների և գրավյալ տարածքների մասին նախընտրում էր չխոսել: Դա բնորոշ էր Քոչարյանի՝ թե՛ ԼՂ-ում[44], թե՛ Հայաստանում ծավալած գործունեությանը։ Մինչդեռ արտաքին լսարանի առաջ երկու դեպքում էլ Քոչարյանը չէր թաքցնում, որ տարածքային զիջումներն անխուսափելի են։ Այդպիսի մի օրինակ է 2006թ. սեպտեմբերին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը. «Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից:Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»: Ներքին լսարանի առաջ Քոչարյանը ետին թվով էր խոսում տարածքների զիջման մասին, մասնավորապես՝ իր հուշերի գրքում գրելով, որ Լաչինի միջանցքով ԼՂ-ի՝ Հայաստանին միանալը տեղի էր ունենալու «մեր կողմից զբաղեցրած ադրբեջանական տարածքների և Մեղրիով Նախիջևան ճանապարհի հատուկ կարգավիճակի դիմաց, որը պետք է պարեկեին միջազգային խաղաղապահները»[45]: Ի դեպ, Քոչարյանի հուշերի գիրքն առաջին անգամ լույս տեսավ ռուսերենով՝ ըստ էության, կրկին ոչ տեղական լսարանի համար:

Կարգավորման անխտիր բոլոր փաստաթղթերում ԼՂ զինված ուժերի տիրապետության տակ գտնվող տարածքների վերադարձն Ադրբեջանին հստակորեն արձանագրվել է։ Դա նշված է ՄԱԿ-ի ԱԽ բոլոր բանաձևերում, ինչպես նաև այնուհետ ներկայացված «Փուլային», «Փաթեթային», «Ընդհանուր պետության», «Մեղրիի» բոլոր տարբերակներում, այդ թվում՝ Քի Վեսթի փաստաթղթում, Պրահյան գործընթացի ծնունդ «Մադրիդյան» սկզբունքներում, 2011թ. Կազանի փաստաթղթում, 2016թ. ներկայացված ռուսական առաջարկներում («Լավրովի պլան»), 2019-2020թթ. փաթեթներում։ Հատկանշելի է Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո ներկայացված կարգավորման առաջին փաթեթը՝ «Ընդհանուր պետություն» տարբերակը, որն արժանացել էր նրա իշխանության համաձայնությանը։ Ըստ դրա՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը կազմելու էին միասնական պետություն: Փաստացիորեն, Հայաստանն ընդունում էր ԼՂ-ն՝ Ադրբեջանի կազմում, և սա այն պարագայում, երբ դրանից ամիսներ առաջ «Փուլային» տարբերակին դեմ արտահայտված եռյակն ու ԼՂ-ի կառավարող վերնախավը պահանջում էին իմպերատիվ կերպով և գրավոր արձանագրումով բացառել ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու տեսական հեռանկարն անգամ։ Սա խիստ ուշագրավ հանգամանք էր՝ նկատի ունենալով, որ դեռևս 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի խորհրդարանն այդ հարցով արդեն իսկ ընդունել էր հատուկ որոշում. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»[46]։ Ավելին՝ 1997թ. Տեր-Պետրոսյանը վստահեցնում էր. «Հայաստանը երբևէ չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաև Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը»[47]։ Իսկ չարչրկված «Փուլային» տարբերակում ԼՂ-ը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ՝ հետագա բանակցություններում իր կարգավիճակի որոշման հարցում ունենալով միջազգայնորեն և Ադրբեջանի կողմից ընդունված իրավական պրեռոգատիվ։

2007թ. նոյեմբերին Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած «Մադրիդյան» սկզբունքները հավանության արժանացան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ դառնալով բանակցությունների հիմք: Եվ դա տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ Հայաստանում մեկնարկել էր նախագահական մարաթոնը։ Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր «կաղ բադիկի» (lame duck) կարգավիճակում՝ սպառելով պաշտոնավարման 2-րդ ժամկետը, և, ըստ էության, իր համաձայնությամբ բեռ և պարտավորություն էր թողնում նոր նախագահի վրա, որը պետք է ընտրվեր 2 ամիս անց: «Մադրիդյան» փաստաթղթին տրված հավանությունը կարևոր էր նաև մեկ այլ տեսանկյունից. նման հավանություն հնչում էր մի իշխանության կողմից, որը ձևավորվել էր «ոչմիթիզականության» և «հաղթողականության» կարգախոսներով, իսկ այդ նույն պահին ներքաղաքական պայքարում հիմնական մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանին էր մեղադրում «պարտվողականության» և «ազատագրված հողերը վերադարձնելու» ցանկության մեջ։

«Մադրիդյան» փաստաթղթի բառապաշարը, կետերն ու սկզբունքները համահունչ էին հակամարտության մեկնարկից ի վեր ընթացած բանակցային գործընթացին ու դրա տրամաբանությանը։ Հետևաբար, գործընթացին տեղյակ շրջանակների համար դրանում որևէ արտառոց սկզբունք կամ դրույթ, ըստ էության, չկար. «ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ: Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք: Բոլոր սահմանների բացում և հաղորդակցային ուղիների վերագործարկում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ: Խաղաղապահ կոնտինգենտի տեղակայում»[48]: Ի դեպ, 2008թ. ապրիլին՝ իր պաշտոնը թողնելուց օրեր առաջ, «Մադրիդյան» վերոնշյալ սկզբունքներին միջազգային համաձայնություն տված Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարում էր, որ հայկական կողմը իր մոտեցումներում և պահանջներում որևէ նահանջ չպետք է ունենա, ավելին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակի լարումից օգտվելու պարագայում, հայկական կողմը պետք է պատասխանի միայն դիրքորոշման խստացմամբ: Ըստ նրա՝ «Ադրբեջանի կեցվածքը ստիպում է հայկական կողմին ավելի վճռական քայլերի դիմել, ինչպես օրինակ՝ ԼՂ անկախության ճանաչում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պաշտպանության ոլորտում պայմանագրի ստորագրում» և այլն[49]: Քանի որ այլևս չէր մասնակցելու բանակցություններին և հաջողեցրել էր 10 տարի բանակցությունները ձգձգելով հեռանալ՝ Քոչարյանը համոզված պնդում էր, որ «պատերազմի սպառնալիքի տակ անգամ որևէ զիջման չի կարելի գնալ»: ԼՂ հակամարտությունն այլևս Քոչարյանի հոգսը չէր, և նա թերևս պատճառ չուներ զուսպ կամ զգույշ արտահայտվելու։ Արցախի խնդիրը մի քանի օրից կդառնար հաջորդ նախագահի գլխացավանքը, իսկ պաշտոնական կարգավիճակից դուրս, անգամ կարելի էր հակաադրբեջանական ու հակաթուրքական խրոխտ, ականջահաճո հայտարարություններով հանրության համակրանքը շահել։

2008թ. նախագահական վիճահարույց ընտրությունների և Մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանի նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, որի կառավարման առաջին շրջանում ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում էական տեղաշարժեր մեկնարկեցին: Երկու գործընթացներն առաջ էին գնում զուգահեռաբար. նկատի ունենալով, որ Թուրքիան դեռ 1990-ական թթ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում էր ԼՂ հակամարտության լուծմամբ կամ այդ ուղղությամբ ռեալ տեղաշարժով, այդ զուգահեռությունը բնական է թվում: Ավելին՝ Թուրքիայի իշխանությունները երբեք չեն թաքցրել, որ քանի դեռ ԼՂ հարցում առաջընթաց չկա, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում ևս տեղի ունենալ չի կարող։ Այս առումով, թվում էր, թե 2008թ. Հայաստանի իշխանությունը հաշվարկել էր նման զուգահեռությունը և իր քաղաքականությունը կառուցում ու իրացնում էր հենց այդ տրամաբանությամբ։ 2008թ. հուլիսին Սերժ Սարգսյանը հրապարակայնացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը, որի շրջանակներում սեպտեմբերին Հայաստան այցելեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Դեկտեմբերին ՌԴ «Մայնդորֆ» ամրոցում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին մի հռչակագիր[50], որով վերահաստատում էին ԼՂ հարցում խաղաղ կարգավորման պարտավորությունը՝ ելակետում ունենալով «Մադրիդյան» սկզբունքները: 3 ամիս անց՝ 2009թ. ապրիլին, Հայաստանն ու Թուրքիան հրապարակավ ազդարարեցին կարգավորման գործընթացում ճանապարհային քարտեզի համաձայնեցման մասին, իսկ հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունները։ 2010թ. հունվարին Սոչիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ։ Այս հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման առումով բավականին կարևոր էր՝ նկատի ունենալով զուգահեռ ընթացող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հասել էր հանգրվանային կետի՝ արձանագրությունները ստորագրվել էին, սակայն սպասում էին խորհրդարաններում վավերացմանը։ Մինչդեռ Թուրքիան հստակորեն հայտարարում էր, որ վավերացում տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ հարցում իրական առաջընթաց գրանցված չէ։ Այս ընթացքում Հայաստանի իշխանությունը կանգնել էր կոնկրետ խնդրի առաջ՝ առանց ԼՂ հարցում առաջընթացի, որի ուղիղ հետևանքն էր լինելու որևէ տեսակի տարածքային փոխզիջումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում տեղի չէր ունենալու։ Այս համատեքստում գնդակը ԼՂ բանակցային դաշտում էր, և 2011թ. ամռանը կողմերը հասան միմյանց դիրքորոշումները առավելագույնս մոտեցրած վիճակում։ Ակնկալվում էր, որ հունիսի 24-ին Կազանում ստորագրվելու էր կարգավորման վերաբերյալ ռեալ փաստաթուղթ, թեպետ երկրների ներսում անհրաժեշտ նախապատրաստություններ չէին արվել և հասարակությունները լիովին անտեղյակ էին թե՛ փաստաթղթի դրույթներին, թե՛ ստորագրման փաստին։ Այստեղ, սակայն, համաձայնությունը ձախողվեց, «քանի որ վերջին պահին Ի. Ալիևը տասից ավելի փոփոխություններ առաջարկեց՝ հիմնականում արդեն համաձայնեցված տեքստում»[51]։ Եթե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ստատուս-քվոն չփոխվեց, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լիովին մտավ փակուղի: Ըստ էության, 2008-2011թթ. կարգավորման ինտենսիվ ձգտումները՝ նախագահական մակարդակով 14 հանդիպումներ, շուրջ 3 տասնյակ հանդիպումներ ԱԳ նախարարների մակարդակով, երկու ճակատում էլ ավարտվեցին ձախողմամբ:

Արձանագրելի է, որ Հայաստանի իշխանությունը հրապարակային դաշտում, այդուհանդերձ, փորձում էր տարանջատել այդ երկու գործընթացները, ինչի վկայությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրը ԱԳ նախարարների՝ նախատեսված հայտարարությունների չեղարկումն էր։ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում էր խոսել ԼՂ հակամարտության չլուծվածության մասին՝ առնչակցելով այն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: Դրան դեմ էր ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, հետևաբար որոշում է ընդունվում ընդհանրապես հրաժարվել արձանագրությունների ստորագրման արարողությանը հետևող հայտարարություններից։ Անշուշտ, այդպես հնարավոր դարձավ միջազգային այդ պահի սկանդալից խուսափել՝ հայտարարություններից հրաժարվելով, սակայն արդյո՞ք դրանով լուծվում էր արձանագրությունների հետագա վավերացման հարցը։ Կամ արդյո՞ք դրանով Թուրքիան դադարում էր երկու գործընթացները միմյանց կապակցելուց։ Ըստ էության, այդժամ Հայաստանը հասկանում էր, որ երկու գործընթացներն իրական դաշտում բաժանելն անհնար էր, ինչի համար ակտիվորեն մասնակցում էր երկուսին էլ: Սակայն դրանով հանդերձ՝ փորձում էր ներքին հանրային ընկալումներում ցրել այդ պատկերացումը՝ ձևացնելով, թե դրանք միմյանց հետ կապված չեն։ Դրանով, մի կողմից՝ արհեստականորեն այլ ակնկալիքներ ու սպասումներ էին ստեղծվում հանրության շրջանում, մյուս կողմից՝ խորանում էր երկու կողմերի հռետորաբանության միջև ճեղքը:

Ավանդական հայդատական լեզվամտածողությունից շեղված էր և, միաժամանակ, գնահատելի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շրջանում Սերժ Սարգսյանի հրապարակային գործունեությունը, մասնավորապես՝ նրա հանդիպումները Հայաստանում, Սփյուռքի համայնքներում և բացատրություններն ու համոզելու փորձերը, թե ինչու է անհրաժեշտ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն այդ «համարձակությունը» սահմանափակվեց հայ-թուրքական հարաբերություններով, և Սարգսյանը զերծ մնաց նույնպիսի թափանցիկությունից ԼՂ հարցում։ Մինչդեռ ակնհայտորեն հիմնական խնդիրը կապված էր ԼՂ-ի հետ և հենց այդ հարցում տեղաշարժն էր պայմանավորելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Իսկ Սերժ Սարգսյանը 2011թ. Կազանի գագաթնաժողովում իր իսկ կողմից համաձայնություն տված փաստաթղթի հիմնական դրույթների մասին առաջին անգամ խոսեց միայն 2016թ. ապրիլյան պատերազմից հետո՝ նոյեմբերի 17-ին «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում: Սերժ Սարգսյանը ասում էր հետևյալը. «Այսինքն՝ հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»[52]: Հարցազրույցի պաշտոնական գրավոր տարբերակում, սակայն, այդ հատվածը սղագրվել էր հետևյալ կերպ. «Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում»[53]: Այդ հայտարարությունը իշխանական լրատվամիջոցներով և իշխանության տեղեկատվության աղբյուրներում գերազանցապես անտեսվեց և հետևողականորեն մարգինալիզացվեց, իսկ սղագրության մեջ անգամ դիտավորյալ փոփոխություններ արվեցին։ Այս փոքր, գուցե անգամ աննշան դրվագն ինքնին ապացուցում է, թե ինչպես էր պաշտոնական քարոզչությունը փորձում մոլորեցնել հանրությանը՝ կա՛մ որևէ հստակ տեղեկատվություն չտրամադրելու, կա՛մ տարատեսակ, միմյանց հակասող, բարդ ու խճճված հսկայածավալ տեղեկատվություն հաղորդելու և անգամ խեղաթյուրումների միջոցով:

Կազանի գագաթնաժողովում փաստաթուղթ ստորագրելու պատրաստ Սերժ Սարգսյանը երկրի ներսում ո՛չ փաստաթղթից, ո՛չ դրա դրույթներից չէր խոսում, ինչը հակասում էր նրա իսկ՝ դեռ 2005թ. ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. կարգավորման ուղիները» թեմայով լսումների ժամանակ արտահայտած դիրքորոշմանը, որ առանց հասարակություններին նախապատրաստելու, կողմերը չեն կարող համաձայնագիր կնքել նրա մեջքի թիկունքում. «Փոխզիջում նշանակում Է ինչ-որ բան ունեցածից զիջել: Իսկ որևԷ մեկը, անցավ, կամավոր ոչինչ չի զիջում: ՈրևԷ երկրի նախագահ, կամ որևԷ այլ պաշտոնյա չեն կարող մի փաստաթուղթ ստորագրել, որն անհնար Է իրագործել և որը համաձայնեցված չէ խորհրդարանի, կառավարության, ժողովրդի հետ»։ 2011թ., սակայն, ստացվում էր, որ կա՛մ Սարգսյանը հակվել էր հանրային կարծիքը շրջանցելու գաղափարին, կա՛մ լուրջ չէր տրամադրված Կազանում համաձայնագրի կնքման հարցում։ Երկու դեպքում էլ եզրակացությունը մեկն է՝ Հայաստանի իշխանությունը ԼՂ հակամարտության կարգավորումը խիստ առաջնահերթություն չէր համարում, ինչն ինքնին բերում էր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման անհնարինությանը։ Անկախ նրանից, որ Ադրբեջանի նախագահն էր Կազանում նոր առաջարկություններ ներկայացրել ու խափանել փաստաթղթի ստորագրումը, դրանից խնդրի էությունը չի փոխվում, որովհետև՝ հարց է ծագում, թե ի՞նչ էր լինելու, եթե Ադրբեջանը խոչընդոտներ չստեղծեր ու ստորագրեր այն։ Մինչդեռ իրավիճակը նմանվում էր երկու քմահաճ հաճախորդի այցելությանը ռեստորան, երբ մատուցողի՝ տվյալ դեպքում Մինսկի խմբի համանախագահության առաքանին՝ կարգավորման տարբերակը, մե՛րթ Հայաստանն էր մերժում, մե՛րթ Ադրբեջանը՝ մատուցողին ուղարկելով նոր ապուրի հետևից։ Սակայն, եթե Ադրբեջանին ձեռնտու էր այդպիսի վարքը, ապա Հայաստանի ձգձգումների քաղաքականությունը առավել քան անհասկանալի էր՝ նկատի ունենալով մի կողմից՝ ուժային բալանսի խախտման, մյուս կողմից՝ երկրի ներսում կոռումպացված ու անառողջ մթնոլորտի խորացման փաստը։ Այլ կերպ ասած, եթե Ադրբեջանը հույսը դրել էր սպառազինության կուտակման և անհրաժեշտ պահին ստատուս-քվոն իր օգտին թեքելու վրա, ապա Հայաստանն ինչի՞ հաշվին էր կառչած ստատուս-քվոյից, եթե անգամ երկրի ներսում դիմակայության մթնոլորտ ու ինստիտուտներ չէր ձևավորում։

2010թ. մարտի 22-ին Սերժ Սարգսյանը սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում չէր թաքցրել զիջումների փաստը. «…երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ,հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին,իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»[54]։ Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը նույնպես արվել էր օտար լրատվամիջոցի հետ զրույցում՝ կրկին արտաքին լսարանի համար: Ավելին՝ ապրիլյան պատերազմից մեկ տարի անց՝ 2017թ. հունվարի 28-ին Հայկական բանակի տոնի առթիվ արդեն ներքին լսարանին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը կրկին խոսում էր վերը նշված տարածքների պահպանման և չզիջելու կարևորության մասին. «[Ապրիլյան] իրադարձությունները նաև ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական և անփոխարինելի կարևորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին: Մենք չենք պատրաստվում ևս մի տևական պատերազմ վարել մեր սեփական տան պատշգամբում և խոհանոցում: Մենք դա արդեն արել ենք»[55]: Հերթական անգամ ներքին լսարանին մատուցվում էր «անվտանգության գոտին» չզիջելու տեղեկատվական ու գաղափարական մի կերակուր, իսկ արտաքին լսարանի առաջ թեթևորեն խոսվում «7 ադրբեջանական շրջանները» վերադարձնելու մասին՝ հաղթականորեն շարունակելով ներսի ու դրսի լեզուների արատավոր պրակտիկան։ Իսկ այդ երկլեզվային դոկտրինան անգամ այդ տարիներին էր սկսել իր վնասները հասցնել միջազգային ասպարեզում, երբ հայ պաշտոնյաների ու Հայաստանում տարվող քարոզչության թեզերը հաջողությամբ շահարկվում էին Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում՝ իրական խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։ Դրա աղաղակող օրինակներից էր ՄԻԵԴ-ում քննվող «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» դատական գործը, որտեղ հայկական կողմը պարտություն կրեց, իսկ դատարանն իր վճռի կայացման հարցում ապացուցողական բազայում հատուկ տեղ էր հատկացրել հենց Հայաստանի պաշտոնյաների ու քաղաքական գործիչների՝ երկրի ներսում հնչեցրած «ոչմիթիզական» հայտարարություններին[56]։

Սերժ Սարգսյանի իշխանությունը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեռնապահ մնաց առիթն օգտագործելուց և ԼՂ հակամարտության՝ իրերի իրական դրության մասին խոսելուց: ՀԱԿ-ի՝ որպես քաղաքական ընդդիմության առաջադրած օրակարգը, թվում էր, կարող էր հաջող փրկօղակ լինել իշխանության համար՝ ոչ սեփական նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն հասցնելու ու իրերի իրական դրությունը բացահայտելու առումով: Պահը, սակայն կորսվեց իշխանության՝ բովանդակային քննարկման մեջ չմտնելու, «ազգ-բանակ» գաղափարախոսության քարոզչության և «հարցը լուծած լինելու» համընդհանուր աղմուկի մեջ:

Հատկանշական է, որ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետում, երբ միջազգային հանրության ներկայացուցիչները խոսում էին հակամարտության կարգավորման մասին և ընդգծում ԼՂ շուրջ տարածքների վերադարձի դրույթը, Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ դրանք առանձին անհատների հայտարարություններ էին և չէին արտահայտում բանակցությունների էությունը, ինչպես օրինակ՝ ՄԽ ամերիկացի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Մեթյու Բրայզայի, Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի, ՌԴ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի և այլոց դեպքում։ Դա, ըստ էության, խոշոր խարդախություն էր՝ ուղղված ներքին լսարանին, որովհետև ինչպե՞ս կարող էին ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահները խոսել փոխզիջումների մասին, նրանց ներկայացուցիչները՝ ՄԽ համանախագահները բացահայտեին կարգավորման դետալները, և այդ ամենը լիներ սոսկ առանձին անհատական դիրքորոշում՝ հեռու բանակցությունների էությունից: Փաստելի է, որ այդ պնդումները արվում էին հայ հասարակությանը կրկին մոլորեցնելու, բանակցությունների իրական բնույթը չբացահայտելու և ներքին լսարանին կեղծ իրականության մեջ պահելու մղումով: Այս հանգամանքն էլ ավելի է ընդգծվում այն առանձնահատկությամբ, որ հողային զիջումների մասին ՀՀ իշխանությունները խոսում էին միջազգային լրատվամիջոցների հետ զրույցներում, իսկ ներքին հարթակներում կա՛մ լղոզում էին հարցի էությունը, կա՛մ անցնում «ոչմիթիզական» հռետորաբանության։

ԲԱԺԻՆ 5
Հայկական երազանք. ստատուս-քվոյի պահպանումը

1988 և 1998թթ. քաղաքական ընտրանքը՝ Արցախյան շարժումն ու Արցախի հարցի լուծման ձախողումը, պայմանավորեց Հայաստանի զարգացման ուղեգիծը՝ դրան ծառայեցնելով, ածանցելով ու դրանից բխեցնելով ինչպես պետության արտաքին քաղաքականությունը, այնպես էլ ներհասարակական հարաբերությունները։ Ներհասարակական փոխհարաբերությունները և պետական, քաղաքական, տնտեսական մշակութային, սոցիալական ինստիտուտները սկսեցին զարգանալ կատարված ընտրությանը համահունչ։ Այդպիսի ընտրանքն առաջին հերթին պայմանավորեց Հայաստանի քաղաքական համակարգի կերպը, որն առանձնապես չէր փայլում իր որակական էությամբ նաև մինչ 1998թ. «սխիզմը»։ Եթե 1988թ. Արցախյան շարժման մեկնարկին և 1990-ական թթ. սկզբին Հայաստանի քաղաքական կազմակերպություններն ու անհատները միմյանց հետ գաղափարական ակտիվ բանավեճի մեջ էին բովանդակային հարցերի շուրջ, ապա 1994թ. կնքված զինադադարից հետո բանավեճի գաղափարականությունը փոխարկվեց առօրեականության՝ հարմարվելով իրավիճակին, որտեղ ռազմավարական հակադրությունը ստորակայվեց տվյալ պահի քաղաքական դիվիդենտին։ 1995-1996թթ. ընտրական ցիկլը ոչ թե նպաստեց քաղաքական կազմակերպությունների զարգացմանը, գաղափարական համախմբումներին և հեռանկարային դաշինքների ձևավորմանը, այլ հանգեց կոնյունկտուրային միավորների առաջացմանը, պահի թելադրանքով անձերի շուրջ համախմբմանը և իշխանության համար նեղ, ինքնանպատակ պայքարին։ Բացի այն, որ քաղաքական բանավեճի հրաշալի առիթ հանդիսացող ընտրական փուլը չծառայեց իր նպատակին, այն միաժամանակ խոտանվեց որպես ժողովրդավարական հասարակարգ կառուցելու գործիք՝ լուսանցք մղելով Սահմանադրության՝ որպես պետության զարգացման ելակետային հիմնադրույթի գործառույթն ու այդ ընկալումից բխող քաղաքական մրցակցությունը։

Թերզարգացած, իսկ 1995-1996թթ. ընտրական շրջափուլում խոշտանգված քաղաքական համակարգը 1998թ. հակադեմոկրատական իշխանափոխությունից և 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո լիովին բռնեց դեգրադացիայի ճանապարհը՝ հանգելով քաղաքական դաշտի ամայացման, գաղափարազուրկ հայհոյախոսության, բիզնեսի ու քաղաքականության սերտաճման, քաղաքական կազմակերպությունների ապականման, քաղաքացու և պետության օտարման, ընտրական մեխանիզմի այլասերման, պետության ֆունկցիաների խեղման, պետության՝ սպառողական կեցության վերածման, հասարակական բարքերի քրեականացման, և, վերջնարդյունքում, քաղաքականության ապաքաղաքականացման հանգրվանին։ Այդպիսի իրողությունների և փաստացի ապագաղափարականացված, ապաքաղաքականացված և «համայնքային» գրասենյակի վերածված քաղաքական համակարգում, բնականորեն, չէր կարող առողջ ու իրական խոսակցություն ծավալվել ԼՂ հակամարտության և դրա լուծումների շուրջ։ Հետևաբար, բնականորեն, հակամարտության թեման պետք է կա՛մ լուսանցքայնանար, կա՛մ վերածվեր նեղ քաղաքական շահարկման առարկայի՝ համարժեք քաղաքական խոսույթին, բարքերին, արժեքներին, պայմաններին ու իրողություններին։

1998-1999թթ. քաղաքական իշխանության տրանզիցիայի փուլը, կարելի է ասել, ավարտվեց 2000թ. մայիսին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ արեց վարչապետ Արամ Սարգսյանին և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ վերջ տալով երկիշխանությանը և ամբողջապես ենթարկեցնելով իրեն: 2003թ. տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները բացառապես ներդաշնակեցին նախագահի քաղաքական շահախնդրություններին: Նոր կերպ ստացած քաղաքական համակարգում հավասարակշռություն, ըստ էության, չկար՝ հանձինս միաբևեռ իշխանության և «ավերակների» վերածված ընդդիմության։ Միաբևեռ, բրգաձև իշխանությունն ուներ իր տնտեսական ու քաղաքական հենարանները, իսկ օրենսդիր և դատական իշխանությունները գտնվում էին գործադիրից ուղիղ ածանցվածության կարգավիճակում։ Կային խաղի հստակ կանոններ, որոնք երաշխավորում էին ողջ հասարակական-քաղաքական-տնտեսական համակարգի կապվածությունը նախագահի և նրա մերձավոր շրջապատի հետ՝ իշխանության պահպանման հստակ օրակարգով և նպատակով։ Երկրի քաղաքական դաշտի ամայացած վիճակը ժամանակ առ ժամանակ խաթարվում էր ներիշխանական վերադասավորումների ու ազդեցության ոլորտների վերաբաժանման միջոցառումներով։ Նման պայմաններում այդօրինակ իշխանությունը քննարկելու և հանրության հետ երկխոսության մեջ լինելու որևէ պարտավորվածություն, կարիք կամ հարկադրվածություն իսկ չուներ։ Հետևաբար, Հայաստանի քաղաքական խնդիրները, ի մասնավորի՝ հարևանների հետ հարաբերությունների, անվտանգության, ԼՂ հակամարտության, քաղաքական համակարգի կայացվածության և այլն, մղվում էին երկրորդ պլան՝ ընդհանուր աղմուկի կամ տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով: Ուստի թերևս զուգահեռ տիեզերքում էր հնարավոր, որ իշխանությունը կամովին անդրադառնար այդ հարցերին, առավել ևս լուծումներ փնտրեր կամ հանրությանը ներկայացներ իրերի իրական դրությունը: Այդ բեռն իրենց վրա կարող էին վերցնել քաղաքական դերակատարները, որոնք, սակայն, լավագույն դեպքում նախընտրում էին խաղալ իշխանության խաղի կանոններով՝ պարփակվելով հարմարավետության գոտում (comfort zone)։ Անապատացած քաղաքական դաշտը և բանավեճի բացակայությունը սքողված կերպով, սակայն անդառնալի հետևանք ունեցան առաջին հերթին ԼՂ հակամարտության ներհայաստանյան հանրային ընկալումների վրա՝ դրանք վերաձևելով այնպես, կարծես նման խնդիր գոյություն չուներ, կարծես հարցն այլևս լուծված էր։

Այդ օտարումը մեկնարկեց 1998թ. նախագահի կուլիսային հրաժարականով, Ազգային ժողովում դրա պատճառները չքննարկելու քայլով և 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններում ԼՂ հարցի լիակատար անտեսմամբ։ Այսինքն՝ Հայաստանի արտաքին քաղաքական ամենակարևոր խնդիրը, որը պատճառ էր դարձել առաջնային մանդատ ունեցող պաշտոնյայի՝ հանրապետության նախագահի հրաժարականին, հանրային քննարկման չարժանացավ։ Դա Հայաստանի քաղաքական կյանքը հրապարակայինից կուլիսայինի տանող առաջին շոշափելի դրսևորումն էր: Հարցն ուղիղ առնչվում էր պետության անվտանգությանը, զարգացման հեռանկարներին, ըստ էության, ազգային-պետական ընտրանք էր, բայց լուծվում էր ընտրանու լուռ, ներկուլիսային հարաբերությունների պարզմման մակարդակով։ Նոր նախագահի ընտրությունն էլ իր հերթին անցավ առանց ԼՂ հարցի: Պատմական պարադոքս էր, որ ընտրությունները տեղի էին ունենում ԼՂ հարցի պատճառով ծագած ներիշխանական ճգնաժամի արդյունքում, սակայն դրա հաղթահարման միջոցառումը զերծ էր պատճառի և լուծումների վերաբերյալ դիսկուսիայից:

1998-2020թթ. Հայաստանի քաղաքական կյանքը գրեթե ամբողջությամբ կենտրոնացել էր ներքին օրակարգի վրա: Անգամ 2016թ. ապրիլյան պատերազմը ի վիճակի չեղավ փոխելու ներհայաստանյան դիսուրսը, ինչին էականորեն նպաստեց տվյալ շրջանի իշխանությունը՝ իր բոլոր խողովակներով քարոզելով, որ քառօրյա պատերազմում հաղթել է հայկական կողմը՝ ստատուս-քվոյի իր ընտրանքով և այդ «հաղթանակած» քաղաքականությունը պետք է շարունակվի: Այդ քարոզչությունը, փաստացի, արագորեն հաղթահարեց պատերազմի առաջին շոկային ռեակցիան և բյուրեղացրեց ստատուս-քվոյի քաղաքականությունը՝ «հավաստելով» դրա ճիշտ լինելը: Քարոզչության լոկոմոտիվն այսժամ կրկին իշխանությունն էր, որին ձայնակցում էր «ոչմիթիզականության» երգչախումբը:

2020թ. ետին թվով բացատրելով Ապրիլյան պատերազմը՝ Սերժ Սարգսյանը այն վերահաստատում էր իբրև հաղթանակ. «Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը»[57]։ Պատերազմի պատճառի և հետևանքի վերլուծություն, փորձի վերաիմաստավորում և իրողությունների փոփոխության գնահատում հանրային մակարդակում այդպես էլ տեղի չունեցավ՝ ստեղծված վակուումը լցնելով պաթոսի և համաշխարհային դավադրության էլեմենտներով: Այդ քարոզչությունը խոշոր պատրանք ստեղծեց, որ հայկական կողմը անգամ 20-ամյա ընդմիջումից հետո պահպանում է ռազմական հավասարակշռությունը, և գործնականում ապացուցում ստատուս-քվոյի քաղաքականության ճշմարտացիությունը՝ այդ «ապացույցի» միջոցով ստատուս-քվոյին նոր լիցք հաղորդելով:

Սակայն 2016թ. ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացն առանձնացավ ռուսական կողմի միջնորդական ջանքերի ակտիվացմամբ։ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումը կազմակերպվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ հակամարտության կարգավորման օրակարգը Վիեննայից տեղափոխելով Սանկտ Պետերբուրգ: Եթե 2016թ. մայիսի 20-ի Վիեննայի հանդիպման օրակարգը հետաքննության մեխանիզմների ներդնումն էր՝ էսկալացիայի բացառման նպատակով[58], ապա 2016թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի թեմատիկ ընդգրկումը էականորեն ավելին էր. «Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»[59]:

Այդպիսի պայմանավորվածությամբ կողմերն, ըստ էության, տողատակում ակնարկում էին, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ գործընթացը բավականին արագ է ընթանում՝ կոնկրետ լուծումների ակնկալիքով: 2016թ. հուլիսի 12-ին Բաքու այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում էր, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում «կողմերը ավելի, քան երբևէ, մոտեցել են հաջողության հեռանկարին: Հասկանալի պատճառներով մենք հրապարակավ չենք մանրամասնում այն գաղափարները, որոնք քննարկվել են պետերբուրգյան հանդիպման ժամանակ: Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք պետք է և կարող են բերել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»[60]:

Փաստացի, Ապրիլյան պատերազմից հետո վերսկսված բանակցային գործընթացը Ռուսաստանը շատ արագ վերցրեց իր ձեռքը՝ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին այլընտրանք դարձնելով ԼՂ խնդրի կարգավորման վերոնշյալ «կոնկրետ քայլերը»։ 2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած նախագահական հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն այլևս որևէ կերպ չէր շոշափում մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմների ներդրման հարցերը` համանախագահների տարածած զուսպ հայտարարությամբ անգամ փաստացի չեղարկելով Վիեննայի օրակարգը. «Հանդիպումն անցնել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկարատև ընդմիջումից հետո վերսկսված այս անմիջական բանակցություններից: Նրանք պատրաստ են աշխատել կողմերի հետ՝ որպես միջնորդ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում»[61]:

Սակայն եթե Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում էին «կոնկրետ քայլեր, որոնք կարող էին հանգեցնել ԼՂ խնդրի կարգավորմանը», ապա Հայաստանն առանձնապես ակտիվություն չէր ցուցաբերում այդ օրակարգում։ Հայաստանում Ապրիլյան պատերազմի վերաբերյալ իշխանության վարած սառեցման, ստատուս-քվոյի պահպանության քարոզչության ամրապնդումը զուգակցվեց ընդդիմադիր դաշտի երկու արմատական բևեռների ուշագրավ գործողություններով, որոնց ազդեցությունը հանրային տրամադրությունների գեներացման առումով պակաս արժեքավոր չէին իշխանության սքողված կամ հրապարակային քարոզչությունից։ «Սասնա ծռեր» ինքնանվանված մի խումբ Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016թ. հուլիսի 17-ին, զինված հարձակում գործեց Երևանի ՊՊԾ գնդի վրա, գրավեց այն՝ հայտարարելով «զինված ապստամբություն» և այն արդարացնելով երկրի վիճակով. «Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղի վերջին մեխը: Ապստամբության գլխավոր խթանը Արցախի ամբողջականության և արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ձգտումն է»[62]: Թեպետ զինված խումբը հուլիսի 31-ին զենքերը վայր դրեց, սակայն նախորդ 13 օրերին Երևանում տեղի ունեցած բախումները իշխանությունների հանդեպ նոր բացասական ալիք հարուցեցին՝ սոցիո-հոգեբանական մակարդակում դրանք ագուցելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում զիջումների գնալու հետ: Բնականորեն, երբ զինված խմբավորման և դելեգիտիմ իշխանության միջև հանրության համակրանքն առաջինի կողմն էր, ապա երկրորդի ցանկացած քաղաքականություն, առավել ևս՝ հակամարտության կարգավորում, ինքնըստինքյան պիտի բացասաբար ընդունվեր: Ընդդիմադիր բևեռում երկրորդ կարևոր իրադարձությունը ՊՊԾ գնդի գրավման շրջանում այդ գործողությունը պաշտպանող և Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր այն մասին, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ կուլիսներում իրական գործընթացներ են գնում. «Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես «Լավրովի պլան»։ Դա մի խայտառակ և ստորացուցիչ լուծում է Հայաստանի համար և այդպիսի լուծման համաձայնելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման, մասին նշանակում է խոսել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կապիտուլյացիայի մասին: Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան»[63]:

Ընդդիմադիր բևեռների՝ փոխզիջումները բացառող օրակարգը ստատուս-քվոյի ճարտարապետությանը նոր հարկ էր ավելացնում: Ապրիլյան պատերազմից հետո ստեղծվել էր մի վիճակ, որ Ռուսաստանն ակտիվացրել էր միջնորդական ջանքերը և առաջ մղել ռուսական՝ «Լավրովյան» առաջարկները, որի շուրջ Ադրբեջանն ու Ռուսաստանը քաղաքական՝ առնվազն հրապարակային մակարդակում համաձայնեցված դիրքորոշում ունեին, մինչդեռ Հայաստանում վերաբերմունքը միանշանակ չէր։ Իշխանությունը հրապարակավ չէր խոսում հարցի մասին, իր քարոզչական գործիքներով խորացնում էր ստատուս-քվոյի քաղաքականությունը, իսկ ընդդիմադիր երկու արմատական բևեռները արմատականորեն դեմ էին արտահայտվում փոխզիջման տարբերակին։ Հայաստանի քաղաքական ուժերից Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը միակն էր, որ կոչ էր անում ընդառաջ գնալ միջնորդների առաջարկներին։ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, եզակի լինելով, միաժամանակ լայն քննադատության էր արժանանում մյուս ընդդիմադիրների կողմից: Ըստ էության, այս դեպքում կրկին նա մենախոսություն էր վարում, իսկ զգուշացումները քաղաքական դաշտի հիմնական դերակատարների համար արդեն դարձել էին սովորական, հանրության համար՝ իրենց առօրյայից կտրված։ Հակամարտության կարգավորման հրատապությունը, Տեր-Պետրոսյանի փաստարկմամբ, պայմանավորված էր Ռուսաստանի քաղաքականության ռեալ փոփոխությամբ, որի առանցքում այլևս ոչ այնքան 1990-ական թթ. ստատուս-քվոյի պահպանումն էր, որքան նոր ստատուս-քվոյի կառուցումը՝ ձևավորված ուժային՝ այլևս նոր հավասարակշռության վրա: Հայաստանի քաղաքական հիմնական դասը՝ որպես հավաքական ստատուս-քվոյի երգչախումբ, ոչ միայն չնկատեց Ռուսաստանի քաղաքականության փոփոխությունը և նոր ստատուս-քվոյի ճարտարապետությունը, այլև շարունակեց ներսի և դրսի լեզուների արատավոր պրակտիկան: Մինչդեռ Տեր-Պետրոսյանն այդ փոփոխության մասին հրապարակավ առաջին անգամ խոսեց 2015թ. նոյեմբերի 26-ին Հայաստանում սահմանադրական փոփոխությունների առթիվ հրապարակած իր հոդվածում՝ նշելով. «Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թևակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարևելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը և սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատև ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արևելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Այդ երկրամասերից մեկը, գուցեև ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի՝ Բաքու և Երևան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենևին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով «Մադրիդյան» սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն»[64]:

Եթե Տեր-Պետրոսյանի զգուշացումները օտարոտի էին իրերի իրական դրությանն անտեղյակ ընդդիմադիրների և հասարակության համար, ապա հերթական անգամ այլ էր իշխանության պարագան: 2021թ. նոյեմբերի 3-ին՝ գրեթե 6 տարի անց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից, Տեր-Պետրոսյանը հրապարակեց 2015թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին ուղղված իր խորհրդապահական նամակը, որտեղ առանց դիվանագիտական ձևակերպումների պնդում էր. «Միջազգային լարվածության խորացման և Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացման պարագայում Ռուսաստանն ստիպված է լինելու ուժեղացնել Հայաստանում տեղակայված իր ռազմական հենակետը և այստեղից ևս մասնակցել Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին։ Դա նշանակում է, որ հակառուսական ուժերի կողմից Հայաստանն ու նրա արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները դիտվելու են թշնամական տարածք, դառնալով իսլամական տեռորիզմի թիրախներից մեկը։ Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում»: Ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանը փոխանցում էր. «Սերժը ծանոթացավ նաև նամակին։ Մտահոգություններդ հիմքեր ունեն։ Սակայն հանրաքվեի հետաձգումն իրավական առումով այլևս անհնարին է»[65]: Հրապարակային մակարդակում այլ մանրամասներ հայտնի չեն, սակայն հորդորն ու իշխանության պատասխանն ինքնին մեկ ամբողջության մեջ և իրերի դրության զարգացման համատեքստում՝ մասնավորապես, բավականին խոսուն են: Թեթևությունն ու արտաքին մարտահրավերները անտեսելու և բացառապես ներքաղաքական կյանքի վրա կենտրոնանալու իշխանության վարքը նվազագույնը քաղաքական դասական անպատասխանատվություն էր:

Հայաստանի իշխանության՝ բացառապես ներքին օրակարգով ապրելը, ինքզինքը արտաքին մարտահրավերներից ազատված համարելով, արտահայտվում էր ԼՂ հակամարտության լուծման նկատմամբ գերպասիվ վարքով։ Կարծելի է՝ հակամարտությունը համարվում էր Ռուսաստանի, լավագույն դեպքում՝ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ գլխացավանք: Հիշարժան է, որ 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արարողակարգային մասում Սերժ Սարգսյանը լիովին զարմանալի հրապարակային հարցադրում կատարեց. «Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»[66]: Ի դեպ, 2018թ. հուլիսից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քանիցս հրապարակայնորեն պնդում էր, որ «Ես համոզված եմ և կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետևաբար, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»[67]։

Հայաստանի իշխանությունների՝ արտաքին մարտահրավերներն արհամարհելու և ներքաղաքական կյանքով ապրելու քաղաքականության գագաթնակետը 2016թ. փետրվարի 2-ին Սերժ Սարգսյանի ելույթն էր։ 2013-2016թթ. Սարգսյանը, ամբողջովին կենտրոնանալով երկրի ներքաղաքական դաշտը իր հակառակորդներից մաքրելու գործի վրա, արտաքին մարտահրավերների մասին հիշում էր ժամանակ առ ժամանակ՝ պայմանավորված սահմանային էսկալացիայով: Այդ ընթացքում նրան հաջողվեց ոչ միայն քաղաքական դաշտից հեռացնել հիմնական հակառակորդին, անշրջելիորեն թուլացնել ամբողջական իշխանության հավակնող ներիշխանական բևեռը, բաժան-բաժան անել ընդդիմադիր դաշտը, այլև ստեղծել առարկայական նախադրյալներ 2018թ. ավարտվող իր նախագահությունից հետո իշխանությունը պահպանելու համար: Արդյո՞ք բնական չէր, որ ներքաղաքական ասպարեզում ոսկերչական ճշգրտությամբ 2008թ. մարտյան իրադարձությունները հաղթահարած և ընդդիմությանն ու ներիշխանական բևեռին իշխանությունից առհավետ վտարած Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության հարցում պիտի իրեն ավելի վստահ զգար, իսկ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ ավելի անզիջում կեցվածք որդեգրեր: Իրեն ներքաղաքական կաշկանդումներից ազատելով՝ Սարգսյանի վարչակազմը նորից տուրք էր տալիս ներքաղաքական օրակարգին և փորձում էր արդարացված համարել ստատուս քվոյի քաղաքականությունը։ Հայաստանի հիմնական խնդիրները համարելով ներքին, իսկ արտաքին հակառակորդների գործողությունները՝ անարդյունավետ, Սարգսյանը ոչ միայն վերահաստատում էր Քոչարյանի սկսած՝ ստատուս-քվոյի պաշտպանության քաղաքականությունը, այլև տալիս նոր՝ հայկական ստատուս-քվոյի պատկերացումը. «Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»[68]: Որպես ներքաղաքական օրակարգ՝ այն գուցե թե արդեն կոնսենսուսային էր դարձել հայ հանրության և նրա խոսնակ հանդիսացող քաղաքական ուժերի մեծագույն մասի համար, սակայն որքանո՞վ էր այդ հայեցակարգը համապատասխանում տվյալ փուլում տիրող աշխարհաքաղաքական դրությանը (օր.՝ Արևմուտքի և Ռուսաստանի հակադրություն), տարածաշրջանի փոփոխվող իրողություններին (օր.՝ Թուրքիայի ռազմա-քաղաքական վերածնունդ) և որոշակիորեն նաև դրանցով պայմանավորված Ռուսաստանի նոր քաղաքականությանը: Արդյո՞ք կղզիացած Հայաստանը ունակ էր դիմագրավելու ռազմական հավասարակշռության խախտման մարտահրավերին Սարգսյանի մատնանշած ճահիճներում, որոնք նշյալ ելույթից մոտ 2 ամիս անց՝ 2016թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան, կրակեցին: 2016թ. Ապրիլյան պատերազմը պայթեց հայ հանրության համար լիովին անակնկալ՝ տասնամյակների ստատուս-քվոյին սովորած, դրան վարժված և Սարգսյանի բնորոշմամբ «ընտելացած ու հարմարված» վիճակում: Պատերազմը և դրա արդյունքները ցույց տվեցին, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել էր և նախորդ տարիների ստատուս-քվոն ճաքեր էր տալիս: Սակայն այդ հանգամանքը, ինչպես ցույց տվեցին հաջորդ 5 տարիները, պատշաճ ուշադրության չարժանացավ Հայաստանի քաղաքական ընտրանու (կոնսենսուս-1) կողմից: Ավելին՝ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը ոչ միայն նախանձախնդիր չգտնվեց, չփորձեց աշխատող և իրացնելի լուծումներ գտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այլև ներքաղաքական դիսկուրսը կրկին վերադարձրեց «ոչմիթիզականության» դաշտ։

2016թ. Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց տեղի ունեցած ընտրություններում անվտանգության, պատերազմի, ԼՂ հակամարտության խնդիրները լիովին մարգինալացած էին։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ ոք, բացառությամբ ՀԱԿ-ի, ԼՂ հակամարտության կարգավորման հրատապություն ոչ միայն չէր տեսնում, այլև հստակորեն դեմ էր փոխզիջումներին։ Պատմությունը կրկնվեց արդեն որերորդ անգամ. ԼՂ հարցով երկխոսության ու բանավեճի փոխարեն կրկին կա՛մ բազմախոսություն էր, երբ բոլոր կուսակցությունները մերժում էին Տեր-Պետրոսյանի՝ հակամարտության կարգավորման նախընտրությունը և չէին ներկայացնում իրենց տեսլականը, կա՛մ մենախոսություն էր, երբ Տեր-Պետրոսյանի պնդումները նույնաբովանդակ հակափաստարկումների չէին ենթարկվում և մնում էին անարձագանք: Կրկին հատկանշական էր իշխանության դիրքավորումը. Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց իշխանությունը ավելի ևս կառչեց ստատուս-քվոյի քաղաքականությունից և հրաժարվեց հակամարտության կարգավորման գործընթացը ներքաղաքական տիրույթ տեղափոխելուց՝ չմտնելով հակամարտության լուծման շուրջ բովանդակային բանավեճի մեջ, ինչպես նաև չներկայացնելով իրերի իրական դրությունը բանակցային սեղանին: Ապրիլյան պատերազմը դիտելով որպես հակամարտության մի սովորական էպիզոդ, իսկ ներքաղաքական դաշտում այն ներկայացնելով որպես հակառակորդի ծրագրերի խափանում և հաղթանակ՝ իշխանությունը թե՛ քաղաքական, թե՛ պաշտոնական դիրքորոշումներով (բանակցությունների և սեղանին դրված փաստաթղթի վերաբերյալ մանիպուլյացիոն մեկնաբանություններ, հակամարտության կարգավորման դիսկուրսից խուսափում, «ազգ-բանակի» հայեցակարգի մշակում և մասսայականացման փորձ) երկիրը վերադարձրեց նախապատերազմյան իրականություն: Փաստացի, Հայաստանին պարտադրվում էր ապրել սեփական տարեթվում, մինչդեռ Հայաստանի շուրջ միջավայրն այլևս փոխված էր, իսկ մեծ պետությունների քաղաքականությունը թևակոխել էր աշխարհաքաղաքական վերանայումների փուլ։

2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններն անվերադարձ փակուղի մտցրին ԼՂ հակամարտության կարգավորման ներհայաստանյան դիսկուրսը։ 1998թ. մեկնարկած ստատուս-քվոյի պահպանության քաղաքականությունը հասավ իր գագաթնակետին, երբ անգամ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի քաղաքական, հասարակական, մշակութային, գիտական անհատների, կազմակերպությունների համար այլընտրանք այլևս գոյություն չուներ։ Ընտրված ուղին՝ զարգանալ առանց փոխզիջումների և հակամարտության բեռով, որը տեղ-տեղ մատուցվում էր նաև այսպես՝ առանց հակամարտության գոյության Հայաստան լինել չի կարող, հանրային բացարձակ ներդաշնակությամբ այլևս ընդունված էր իբրև կենսաձև։ Եթե դա բնական կարող էր լինել սոցիալական, առօրյա խնդիրների բեռով ապրող հասարակության պարագայում, ապա մերժելի էր քաղաքական ընտրախավի համար։ Եթե հասարակությունը հոգեբանական և գաղափարական բռնության զոհն էր, ապա քաղաքական ընտրանին՝ իշխանություն և ընդդիմություն (կոնսենսուս-1), այդ բռնության հեղինակն էին՝ ֆիդայական, պաթետիկ հայրենասիրության նվագախումբը։ Ստատուս-քվոյի պահպանումը դարձնելով Հայաստանի քաղաքական գերնպատակը տարածաշրջանային քաղաքականության մեջ, պետությունը վերածելով տարածաշրջանային բալաստի՝ անվտանգություն սպառողի, հակառակորդ պետություններին հռչակելով ճահիճներ և ստեղծելով սեփական կեցության կեղծ օրակարգը, արհամարհելով Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները, բթացնելով հասարակության զգոնությունն ու պարտադրելով միջազգային հարաբերությունների մասին գավառական հայրենասիրությամբ պայմանավորված ընկալումներ, քաղաքական դասը Հայաստանը գերի դարձրեց ԼՂ-ի ստատուս-քվոյին, ինչով և դատապարտեց պետությունը պահի քմահաճույքին, զի ստատուս-քվոն կարող էր փոխվել ցանկացած պահի՝ անգամ մանր ու միջին դերակատարների ձեռքով։

ԲԱԺԻՆ 6
2018թ. հեղափոխություն. «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»

2018թ. ապրիլ-մայիսին բողոքի հսկա ալիքի և հանրային լայն ընդվզման արդյունքում Հայաստանում տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն։ Իշխանության փոփոխության գործիքի՝ ընտրությունների՝ տարիներ ի վեր խափանվածության և իշխանության անփոփոխելիության շղթան կտրվեց. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, նրա փոխարեն ԱԺ-ում ՀՀԿ-ական մեծամասնությունը պետության ղեկավար ընտրեց Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ Հեղափոխական իրադարձություններից 7 ամիս անց տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքը ստացավ սահմանադրական մեծամասնություն՝ ամբողջությամբ վերցնելով օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկը։ Այդպես Հայաստանում ավարտվեց իշխանության տրանզիցիայի փուլը՝ երկրի գրեթե բոլոր ոլորտները ազատելով ճահճային կայունությունից։ Դրանով հանդերձ, սակայն, կարծրացած լճացումը փոխակերպվեց շփոթային մի վիճակի, ինչից անմասն չմնաց նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը:

Գոյաբանական սպառնալիքի պոտենցիալով՝ ԼՂ հակամարտությունը ձեռք էր բերում առանձնահատուկ գերակայություն մյուս հարցերի նկատմամբ: Սակայն նոր պայմաններում դա, որպես առաջնահերթություն, էութենապես չընկալվեց: ԼՂ հակամարտությունը նոր իշխանության պատկերացումներում լավագույն դեպքում խնդիրներից մեկն էր, թերևս, ոչ առաջնային կամ իբրև մի պարտադրված անհաճո արարողակարգային պարտականություն, որին վերածվել էին բանակցությունները՝ ստատուս-քվոյի հավերժական պահպանման ազգային երազանքի իրականացմամբ։

Նախընթաց փուլում հայաստանյան ներքաղաքական ցանկացած ընդվզում քարոզչական մակարդակում մշտապես սաստվում էր Արցախին չվնասելու «հիմնավորմամբ»: Երբ ընդդիմության պայքարը սպառնում էր իշխանության դիրքերին, վերջինս անմիջապես հիշեցնում էր չլուծված հակամարտությունը և պահանջում «ջուր չլցնել Ադրբեջանի ջրաղացին»: Դա թերևս միակ պահն էր, որ 1998թ. հետո ձևավորված իշխանությունը կամովին հիշում էր հակամարտության մասին, ըստ էության՝ շանտաժի տրամաբանությամբ։ 2018թ. բողոքի գործողությունները նույնպես բացառություն չէին. իշխանության ներկայացուցիչներն այդժամ ուղիղ տեքստով պատերազմ էին գուժում։ Այդ «մտահոգությունները», սակայն, կարճ ժամանակամիջոցում փոխարկվեցին «հող հանձնելու» համակարգային և կազմակերպված մեղադրական արշավի, երբ Փաշինյանի վարչապետության առաջին օրից վառված քարոզչության խարույկին անընդհատ ավելացվում էր նոր վառելիք, թե իբր վերջինս Հայաստանի վարչապետ է դարձել, որպեսզի խաթարի հայ-ռուսական հարաբերությունները և հանձնի Արցախը:

Այս համատեքստում առանցքային առիթ դարձավ 2018թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի՝ շփման գծում ռազմական լարվածությունը թուլացնելու պայմանավորվածությունը։ Որպես «Դուշանբեի համաձայնություն» հայտնի դարձած այդ պայմանավորվածությունը հայաստանյան ընդդիմադիր շրջանակների կողմից վերածվեց ասքերի, լեգենդների, հորինվածքների պատումի՝ քարոզելով, թե իբր Հայաստանի իշխանությունը խոստացել է հանձնել Արցախը, ինչի դիմաց սահմանային սիստեմատիկ լարումներն ու կրակոցները, դադարել են: Այդ քարոզչությունը ծանր նստվածք թողեց՝ մի կողմից հակելով Հայաստանի իշխանություններին Ադրբեջանի հետ հարաբերություններում ավելի կոշտության, մյուս կողմից՝ հայ հանրության շրջանում տագնապի ու անհանգստության մթնոլորտ ձևավորելով։ Այդ քարոզչությունը հսկայական ազդեցություն ունեցավ ներքաղաքական կյանքում իշխանության դիրքավորման վրա՝ արտապատկերվելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի գործողություններում։ Այդ սադրանքը, անշուշտ, չի արդարացնում բանակցություններում Հայաստանի իշխանությունների վարքագիծն ու սխալները, որը օժտված էր դրանք վարելու մանդատով և քաղաքական ու իրավական պատասխանատվությամբ, հետևաբար նաև նրա խնդիրն էր կողմնակի այդ ազդեցությունները չեզոքացնել կամ զերծ լինել դրանցից։

Նիկոլ Փաշինյանին Արցախը ծախելու մեջ մեղադրելու քարոզչությունը տարվում էր բազմաթիվ ԶԼՄ-ներով, սոցցանցերով, անգամ կոնկրետ անձանց անթաքույց հայտարարություններով՝ հանրության շրջանում թմբկահարելով, թե Փաշինյանը մտադիր է հողերը վերադարձնել Ադրբեջանին: Այդ պնդումները «հիմնավորվում» էին նախ նրանով, թե իբր Փաշինյանը Տեր-Պետրոսյանի «հոգեզավակն» էր և նրա՝ հակամարտության կարգավորման մտածողության կրողը: Քարոզչությունն ավելի քան պրիմիտիվ էր՝ Փաշինյանը նախկինում եղել է Տեր-Պետրոսյանի թիմում, հետևաբար նրա գաղափարակիցն է։ Հոգ չէր, որ Տեր-Պետրոսյանի թիմում նախկինում եղել էին նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. այդ մասին «նախկին պաշտոնական» քարոզչությունն, անշուշտ լռում էր։ Հոգ չէր նաև, որ Փաշինյանի՝ ԼՂ հարցի պատկերացումը անգամ տարրերի ու սկզբունքների մակարդակում աղերս չուներ Տեր-Պետրոսյանի առաջարկների հետ։ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը, օրինակ, ամենաակտիվն էր «հող հանձնելու» դիսկուրսում՝ հավաստիացնելով, որ Դուշանբեի պայմանավորվածությունները ձեռնտու են եղել միայն Ադրբեջանին, որ վերջինս Նախիջևանի հատվածում տարածքային ու դիրքային առավելություններ էր ստացել։  Ըստ նրա՝ Արցախի հարցում վարվող քաղաքականությունը ոչ թե նոր իշխանության անփորձությունից էր, այլ հստակ ծրագրված քաղաքականություն՝ «իշխանություն Արցախի դիմաց» բանաձևով:

Այս առումով առավել հետաքրքրական էր 2020թ. փետրվարի 25-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը, դատարանի բակում իրեն աջակցելու եկած մի խումբ քաղաքացիներին դիմելով, պնդում էր. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»[69]: Արտաքնապես լիովին անտրամաբանական և տարակուսելի էր թվում, թե ի՞նչ կապ ուներ Սարգսյանի՝ կոռուպցիոն գործով դատավարությունը ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում լինելու հետ: Մինչդեռ այդ հայտարարությունը Հայաստանում ձևավորված մթնոլորտի կատարյալ արտահայտությունն էր ու ուղղորդիչ կարգախոսը՝ իշխանությունը փորձում է Արցախը հանձնել, ինչի համար դատում է նախկին պաշտոնյաներին՝ երկրորդ և երրորդ նախագահներին: Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը հոգեբանական ու քարոզչական արշավում թերևս ամենախոշորներից էր՝ ամրապնդված նրա կուսակցական աջակիցների և իշխանության դեմ գործող մամուլի հարյուրավոր հրապարակումներով՝ համակարգված և բազմաճյուղ: Դա մի կողմից տրամադրություններ էր ստեղծում, որ իշխանությունը ինչ-որ դավադրության մեջ է, մյուս կողմից ավելի էր խորացնում հանրության մոտ ծայրահեղական ընկալումները՝ հակելով ոչմիթիզականությանը: Այդ քարոզչության պայմաններում որևէ հասարակություն չէր կարող ինքնուրույնաբար մտահանգել հակամարտության փոխզիջման գաղափարին, առավել ևս հայ հասարակությունը, որը տարիներ ի վեր ապրել էր կեղծված ընտրությունների, խաբկանքային իրականության և իմիտացիոն իրողությունների պայմաններում: Եվ այդտեղ էլ առաջին հերթին դրսևորվում էր կառավարող վերնախավի կոմպետենտությունն ու պատասխանատվությունը։

Պատմական պարադոքսալությամբ՝ Հայաստանի այն իշխանությունն էր մեղադրվում Արցախը հանձնելու մեջ, որը նախորդների համեմատ թերևս ամենաանզիջում կեցվածքն էր որդեգրել Արցախի հարցում։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվելու առաջին իսկ ընտրության ժամանակ միանգամայն բաց տեքստով ներկայացնում էր, որ չի տեսնում հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտ. «ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից Ադրբեջանի հրաժարումը որևէ տեղ չի թողնում խոսելու որևէ փոխզիջման մասին»: Ապրիորի, այս մոտեցումը գոյություն ունենալու իրավունք ուներ, սակայն, երբ ընկնում էր հակամարտության կարգավորման բանակցություններ վարող պետական գործչի դիրքորոշման հիմքում և, ըստ էության, որպես նախապայման՝ ուղերձի տեսքով հղվում միջազգային հանրությանը, դա չէր կարող խնդիրներ չստեղծել բանակցային գործընթացում: Իր դիրքորոշմամբ՝ Փաշինյանը Հայաստանի կողմից փոխզիջման ընդունելիության հարցն առնչակցում էր Ադրբեջանի կողմից կոնկրետ պարտավորություն ստանձնելուն: Եթե նախկինում, առնվազն բանակցային կուլիսային գործընթացում, որևէ կողմի զիջում, ըստ տրամաբանության, պետք է հավասարակշռվեր մյուսի զիջմամբ, ապա այսժամ Հայաստանը պահանջում էր Ադրբեջանի կողմից հրապարակայնորեն կատարել իր ամենասկզբունքային զիջումը, որից հետո միայն հայկական կողմը պատրաստ կլիներ քննարկելու սեփական զիջումները: Հանուն արդարության՝ ռազմահայրենասիրական պաթոսի պայմաններում հար և նման ուղերձներն ու հայտարարությունները հավուր պատշաճի չընկալվեցին՝ մի կողմից վերագրվելով պարզ ամբոխահաճությանը, մյուս կողմից՝ բնական համարվելով ապրիլյան պատերազմի «հաղթական» խաղաքարտի համատեքստում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի ղեկավարը փաստացի մեկնարկում էր բանակցային գործընթացն արմատականորեն շրջելու դիրքից, երբ նաև միջազգային ասպարեզ էր արտահանում այն, ինչ Հայաստանի ներսում ասվել ու քարոզվել էր շուրջ 20 տարի: Սա, անշուշտ, որևէ պատմական իրավիճակում բացառելի կամ դատապարտելի երևույթ չէ, եթե այդպես վարվող կողմն ունի բավարար ռեսուրսներ՝ այդ օրակարգը սպասարկելու համար: Տվյալ պարագայում խնդիրն այլ էր՝ արդյո՞ք Փաշինյանը ընտրվելուց և երկրի իրական դրության մասին ամբողջական տեղեկատվություն ստանալուց հետո օբյեկտիվ պայմանների բերումով փոփոխելու էր վարչապետի թեկնածուի կարգավիճակում ունեցած կարծիքը և համապատասխանեցնելու էր առկա իրական հնարավորություններին:

ԼՂ հակամարտության կարգավորման եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը ՀՀ իշխանությունը սահմանեց որպես նպատակային գերակայություն։ Այդ մասին Փաշինյանը խոսել էր անմիջապես ՀՀ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, երբ այցելել էր Արցախ. «Ինչպե՞ս կարող է բանակցային այս ձևաչափը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկն ընդհանրապես սեղանի շուրջ չէ: Խնդրի լուծման ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակցություններն են»[70]: Սա լիովին ռացիոնալ գործողություն էր իրերի դրության և կարգավորման գործընթացի ամբողջականությունը վերականգնելու առումով՝  նկատի ունենալով, որ ԼՂ-ը բանակցություններից դուրս թողնելու Ռոբերտ Քոչարյանի վրիպումը Ադրբեջանի համար մեծ նվեր էր՝ հակամարտությունը երկու պետությունների միջև տարածքային վեճ ներկայացնելու տեսանկյունից: Սակայն նոր իշխանության այս քայլը հակոտնյա էր Հայաստանի ունեցած միջազգային կռվանների ու դրանք սպասարկելու ռեսուրսների հետ։ Տարիների ընթացքում Հայաստանի թուլացած դիրքերը, Ադրբեջանի հետ ռազմական բալանսի խախտվածությունն ու միջազգային հանրության՝ այլևս երկկողմ վերածված ձևաչափին հակվածությունը վերոնշյալ նպատակը դարձնում էին անհասանելի։ Փաշինյանը հավատացած էր, որ Հայաստանը չէր կարող խոսել ԼՂ անունից՝ հայտարարելով, որ առանց ԼՂ ուղիղ մասնակցության, հակամարտության կարգավորում տեղի ունենալ չէր կարող: Այս կեցվածքը, սակայն, միջազգային որևէ դրական արձագանքի չարժանացավ։  Այսպես, 2019թ. մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որտեղ առանց երկվության կոչ էին անում կողմերին՝ «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման, պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»[71]: Այս հայտարարությունը չափազանց արտառոց էր, որովհետև ինքնին ոչ միայն կուլիսային լարվածության առհավատչյա էր, այլև դրա հրապարակային դրսևորում։ Դրվագը, սակայն, Հայաստանի՝ ԼՂ հարցում քաղաքականության մեջ փոփոխություններ չմտցրեց։ 2020թ. փետրվարի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ անվանելով այն «Մյունխենյան սկզբունքներ». «1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»[72]:

Այսպիսի մոտեցմամբ Հայաստանը փաստացիորեն ոչ միայն չէր կիսում ՄԽ համանախագահության կարծիքը, այլև սահմանում էր «ոչմիթիզական» դիրքի հստակ ընտրանք՝ կա՛մ փաթեթային ու կարգավիճակի առումով հստակ լուծում, կա՛մ ստատուս-քվոյի պահպանում: Հայաստանի վարչապետն այսօրինակ բառապաշարով փաստացի վերացրեց 1998թ. ի վեր վարվող երկլեզվային քաղաքականությունը և հանդես եկավ ներքին ու արտաքին լսարանների համար նույն լեքսիկոնով: Եթե 1991-1998թթ. իշխանության ներքին ու արտաքին խոսույթը, ըստ էության, նույնն էր, իսկ 1998-2018թթ.՝ էականորեն տարբեր ու հակոտնյա միմյանց, ապա 2018թ. հետո վերադարձավ նույնի սկզբունքին՝ մի խոշոր տարբերությամբ. արտաքին լեքսիկոնը բխեցվում էր ներքինից: Այդ ընտրանքի պատճառով սկսում էին էականորեն տարբերվել ոչ միայն հայ-ադրբեջանական դիրքորոշումները, այլև համակարծության ճեղք էր ստեղծվում Հայաստանի և միջնորդ պետությունների պատկերացումներում: Սա, անշուշտ, անհամեմատ ազնիվ վարք էր, քան ներքին ու արտաքին լսարաններին տարբեր ուղերձներ հղելն ու, փաստացի, խաբելը, սակայն ոչ միայն չէր նվազեցնում անվտանգային ռիսկերը, այլև մեթոդոլոգիապես հակասում էր ստատուս-քվոն որպես սիտուատիվ նախընտրություն վերցրած քաղաքականությանը։

Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումների միջև անդունդը խոշորապես ակնառու դարձավ 2019թ. մարտի 12-ին Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում կայացած համատեղ նիստում: Այդժամ ՀՀ վարչապետը բաց խոսեց սեղանին առկա սկզբունքների մասին՝ միջազգային հանրությանը, ըստ էության, պահանջ ներկայացնելով՝ հստակեցնելու դրանք, որպեսզի հակամարտող կողմերը չմեկնաբանեն յուրովի։ Այդ քայլը ներքաղաքական մակարդակում կարելի էր համարել թափանցիկ կառավարման օրինակ, բայց և այնպես, ի՞նչ ուղերձ էր այն հղում միջազգային հանրությանը և ինչպե՞ս էր նպաստում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարին. «Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները»[73]: Մի՞թե պարզ չէր, որ ցանկացած սկզբունք և լուծում Հայաստանում պիտի ներկայացվեր որպես հայկական կողմի հաղթանակ, իսկ Ադրբեջանում՝ ադրբեջանական։ Վերջապես, եթե սկզբունքները պիտի հստակեցվեին տարընթերցումները բացառող և, ըստ այդմ, փաթեթային լուծման բնորոշ մակարդակի, այդ պահին թե՛ միջազգային իրավունքի, թե՛ ռազմաքաղաքական բալանսի տեսանկյունից նվազագույնը հայանպաստ չէին էլ լինելու, ինչպես 2021թ. պոստֆակտում արդեն հայտարարում էր վարչապետ Փաշինյանը՝ ներկայացնելով 2015-2016թթ. բանակցային գործընթացում տեղի ունեցած բացասական տեղաշարժերը։

Իրավիճակի այսպիսի գնահատման և, ըստ էության, լուծումներ գտնելու ակնկալիք կարող էր բացառապես իշխանությունից: Նախ իշխանությունն ինքն էր քաղաքականության վարողը և իր քայլերով ու որոշումներով էր պայմանավորված լինելու դեպքերի հետագա զարգացումը: Երկրորդ՝ իշխանությունն ինքնին պատասխանատվություն է ենթադրում իրավիճակի զարգացման ցանկացած պարագայում՝ մեղավոր ճանաչվելու կամ դափնիներ վաստակելու: Երրորդ՝ իշխանությունն էր լավագույնս տիրապետում առկա ռեսուրսների իրական պատկերին, տեղեկատվությանը և հետևաբար որոշումները կայացնելու էր՝ ըստ հնարավորությունների և իրազեկվածության: Իշխանությունը միակն էր, որ չէր կարող փախչել հարցից միջազգային հանրության առաջ։ Վերջապես, Հայաստանի իշխանությունն արդարորեն ընտրված էր՝ 1992թ. ի վեր ամենալեգիտիմը, որի ընտրությունը կասկածի նշույլ իսկ չէր թողնում, ու այդ վստահության պաշարով սպասելի էր, որ Հայաստանի ամենակարևոր հարցում վրիպելու ռիսկերը մինիմալի կհասցվեին:

ԼՂ հարցում այսպիսի քաղաքականությամբ Հայաստանի իշխանությունը կամա, թե ակամա ընկավ խոշոր թակարդը՝ իր հետ տանելով թե՛ 2018թ. հեղափոխության էներգիան, թե՛ հակամարտության կարգավորման որևէ առումով հայանպաստ հեռանկարը: Ընդդիմության տոտալ հակաքարոզչության և տեղեկատվական մանիպուլյացիաներին ի պատասխան, հանրության շփոթի պայմաններում, իշխանությունն ընտրեց ոչ թե հարցի շուրջ քաղաքական դիսկուրս ձևավորելու և խնդիրը օրակարգային դարձնելու տարբերակը, այլ պարզունակ արձագանքի ուղին: Հող հանձնելու մասին ընդդիմության ցանկացած մանիպուլյացիա հանդիպում էր իշխանության ճիգին՝ արդարանալու և հերքելու: Որքան ընդդիմությունը մեղադրում էր իշխանությանը հող հանձնելու մեջ, այնքան իշխանությունը կարծրացնում էր իր դիրքորոշումը՝ փորձելով ապացուցել, որ հող հանձնող չէ: Եթե ընդդիմությունը հարցի հրապարակայնացմամբ չէր տուժում, ապա իշխանությունը թե՛ կորցնում էր կուլիսներում, թե՛ նոր խնդիրներ էր առաջացնում բանակցային գործընթացում: Ներսի և դրսի լեզուների մեկտեղումը՝ հօգուտ առաջինի, Հայաստանի անվտանգային սպառնալիքների առումով ծանր վրիպում էր։

Վարչապետի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք փաստացիորեն ներքաղաքական օրակարգում ընդդիմությանը հակադրման գործիք էին սոսկ, տիրաժավորվում էին իշխանության մյուս առանցքային ներկայացուցիչների կողմից: Այդ շարքում հիշարժան էր 2019թ. փետրվարի 27-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այցը Արցախի հարավ՝ Արաքսի հովիտ, ծանոթանալու վերաբնակեցման ծրագրին։ Այստեղ ԱԱԾ պետը ի լուր աշխարհի հայտարարում էր. «Անընդհատ շահարկվում է, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն։ Այս ծրագրի իրականացման արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու մեր ժողովրդին և աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք»[74]: Առավել հնչեղ ստացվեցին ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի նույնաբովանդակ հայտարարությունները 2019թ. մարտի 30-ին ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանը. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպում եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»[75]: Սպասելիորեն, նրանց հայտարարությունները ոչինչ չփոխեցին երկրի ներքաղաքական կյանքում, այսինքն՝ ընդդիմությունը չդադարեցրեց հող հանձնելու մեղադրանքները, սակայն դրանք ոչ միանշանակ ընկալվեցին միջազգային ասպարեզում՝ միաժամանակ շահարկվելով Ադրբեջանի քարոզչությամբ։

Արձանագրելի է, որ Հայաստանի նոր իշխանությունը հրաժարվեց կրկնել թե՛ առաջին նախագահի քաղաքականությունը և փոխզիջումային դիրքորոշում որդեգրել ներսում ու դրսում միաժամանակ, թե՛ երկրորդ ու երրորդ նախագահների՝ երկրի ներսում «ոչմիթիզական», դրսում՝ զիջումների պատրաստակամության վարքը: Ընտրվեց, ըստ էության, երրորդ ճանապարհը՝ հայ հանրության իղձերն արտահայտող, սակայն միջազգային ասպարեզում մեկուսի մի երևույթ։ Պարզ էր, որ հայ հանրության ներքին սպառման ցանկությունները միջազգային ասպարեզում «ծախելու» համար պետության ռեսուրսները բավարար չէին, սակայն Հայաստանը գնաց խորենացիական դոկտրինի զանց առնման ճանապարհով: Վարչապետը հանրության բազային ընկալումներն ու երազանքներն էր մատուցում միջազգային դերակատարներին, փոխանակ նրանց ձևակերպած իրողությունները ներկայացնելու հայ հասարակությանը: Այդ ցանկությունները միջազգային հանրությանը պարտադրվել չէին կարող, մինչդեռ վերջինիս գործողությունները կամ անգործությունը կարող էին գործնական հետևանքներ ունենալ Հայաստանի և Արցախի համար:

Հայաստանի նոր իշխանության քաղաքականությունը ԼՂ հարցում ունեցավ 4 խոշոր առարկայական դրսևորում՝ կողպելով բանակցային փակուղու դարպասները: Առաջինը Տավուշյան մարտերն էին և դրանց ներհայկական ընկալումը, մասնավորապես՝ դրանց հերոսականացումը և հնարավոր պատերազմի պարագայում հայկական բանակի անպարտելիության «հիմնավորումը»։ Երկրորդը Արցախում կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետի աներկբա հայտարարությունն էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչը ոչ միայն միջազգային բացասական ընկալում ունեցավ, այլև խորացրեց հակամարտության՝ տարածքային վեճի ընկալումը։ Ի դեպ, այսօրինակ հայտարարություններ ժամանակին թույլ էին տվել թե՛ Ռոբերտ Քոչարյանը[76], թե՛ Սերժ Սարգսյանը[77], սակայն բացառապես ներքին լսարանի առաջ։ Ավելին՝ նրանց տիրապետած, ըստ էության, ամբողջատիրական տեղեկատվական համակարգի պայմաններում այդ ձևակերպումները խլեցվում էին՝ էլ չասած, որ, այդուհանդերձ, միջազգային ասպարեզում նրանք լիուլի հանդես էին գալիս զիջումների պատրաստակամության դիրքերից։ Երրորդն Արցախի նոր նախագահի երդմնակալության արարողության անցկացումն էր Շուշի քաղաքում, ինչը Ադրբեջանում ընդունվեց խիստ բացասաբար և զգացմունքայնությամբ։ Վերջին ակորդը դարձավ 2020թ. օգոստոսին Սևրի պայմանագրի հարյուրամյա տարելիցը, որը Հայաստանում նշվեց ընդգծված հնչեղությամբ՝ մի աղյուս ավելացնելով Թուրքիայի հետ հարաբերությունների լարված վիճակի փոխակերպմանը թշնամականի:

2018թ. Լեռնային Ղարաբաղի հարցում կարգավորման փոխզիջումային տարբերակի բացառումը տեղի ունեցավ ԼՂ կարգավիճակի հստակեցման նախապայմանով։ Սակայն եթե նախկինում միջազգային հարաբերություններում ամեն ինչ ստորադասվում էր ստատուս-քվոյի պահպանությանը, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխանության և այլ մակարդակներում, ապա այսժամ նման ստորադասում տեղի չունեցավ: Թերևս հակառակը. Հայաստանը, ձգտելով պահպանել ստատուս-քվոն, չէր ցանկանում վճարել դրա համար: Այդ վճիռը, ըստ ամենայնի, ոչ այնքան գաղափարական ընտրանք էր կամ հաշվարկված քաղաքականություն, որքան միջազգային հարաբերությունների համակարգի թերընկալման դրսևորում: Ըստ էության, ընտրելով ստատուս-քվոյի պահպանությունը որպես քաղաքականություն՝ Հայաստանի իշխանությունը հրաժարվեց դրա հիմնական գործիքից՝ միջազգային հանրությանն ու ներհայկական լսարանին մոլորեցնելուց, ինչը փոխազդեցություն ունեցավ հենց ստատուս-քվոյի և գործընթացի սառեցման վրա. սխալ գործիք՝ նախանշված նպատակի համար։ Մինչդեռ անհնար էր հակամարտության կարգավորման գործընթացը սառեցնել տաք գործիքներով։ Այլ կերպ ասած՝ մեթոդաբանությունն ու գործիքակազմը հակոտնյա էին միմյանց։ Արդյունքում՝ Հայաստանը նախընտրեց որոշում չկայացնել առկա առաջարկների վերաբերյալ, սակայն, ստացվեց այնպես, որ որոշման չկայացումն ինքնին որոշման կայացում էր:

2020թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում ՀՀ վարչապետը ներկայացրեց «Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը»: Փաթեթը ներառում էր Հայաստանի սոցիո-մշակութային կյանքի գրեթե բոլոր ոլորտները, որտեղ, սակայն, չկար Ղարաբաղի հարցը։ Խորհրդանշական է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ամփոփմամբ ավարտվող ռազմավարության ներկայացումը տեղի էր ունենում պատերազմից ընդամենը 6 օր առաջ։ Այն մարմնավորում էր 2018-2020թթ. ՀՀ իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքականությունը՝ Հայաստանի համար ԼՂ հակամարտությունը ռազմական առումով լուծված է, ուստի պետության ողջ ներուժը պետք է ուղղել ներքին սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այն կրկին ներհայկական օրակարգի մասին էր՝ շարունակելով 2016թ. Սերժ Սարգսյանի ներմուծած եզրաբանությունը «ճահիճներով» շրջապատված Հայաստան կղզու մասին: Սա ոչ միայն քաղաքական սխալ հաշվարկ էր, այլև զիջումներ բացառող գաղափարական ընտրանք: Ինչպես Հայաստանի հասարակությունը, այնպես էլ կառավարող վերնախավը համոզված էին, որ կամքը, ինքնավստահությունը, հավատը, կորովը, հերոսությունն ու հայրենասիրությունը բավարար էին զենքի, զրահատեխնիկայի, փողի ու ռեսուրսների դեմ դուրս գալու և հաղթանակելու համար: Հայաստանում երազային պատկերացումները, բարի ցանկությունները և ազգային բաղձանքները գերակայեցին սթափ հաշվարկի, սահմանափակ ռեսուրսների և գործնական կարելիությունների, միֆն ու առասպելը՝ իրողությունների, պաթոսը՝ դառը ճշմարտության ու չգոհացնող իրականության նկատմամբ:

Վերջաբան

Ազատությունն առանց պատասխանատվության՝ անարխիա է, իշխանությունն առանց պատասխանատվության՝ աղետ։ Այսպես կարելի է բնորոշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի քաղաքական ընտրանու գործունեությունը 1998թ. ի վեր։ Տեղական ու գավառական հայրենասիրությանը տուրք տալով՝ այդ ընտրանին արտաքին քաղաքականությունը վարում էր մի կողմից՝ այնքանով, որքանով այն սպասարկում էր երկրի ներսում իշխանություն պահելու և գաղափարական դիկտատուրայի օրակարգը, մյուս կողմից՝ միջազգային ասպարեզում հարցերը ձգձգելու, առաջարկներին համաձայնելու, սակայն անկատար թողնելու մարտավարությամբ։

Երկրի ներսում հաստատվում էր հողի ֆետիշացման մի դիսկուսիոն միջավայր, որտեղ քաղաքական էկոլոգիան հագեցած էր պաթետիկ հայրենասիրության թթվածնով՝ նախ մերժելով հակամարտության լուծման ուղիների շուրջ բովանդակային բանավեճը, այնուհետ՝ հակամարտության գոյությունն ինքնին։ Քաղաքական անհատների ու կազմակերպությունների համար փոխզիջումների դիրքից խոսելու պարագայում, ըստ էության, ինքնասպանության պես մի բան էր այդ դիսկուրսում հայտնվելը, ինչը պարտադրում էր լուսանցքում հայտնվել չցանկացող դերակատարներին տուրք տալ նույնօրինակ դիսկուրսին` համալրելով «ազգայնական կոմսոմոլների» երգչախմբի շարքերը։ Հատկանշական է, որ եթե ԼՂ հակամարտության կողմերից մեկում՝ Ադրբեջանում հաստատվում էր տոտալիտար դիկտատուրա, ապա Հայաստանում նույնպիսի բռնապետություն ստեղծելու հնարավորություն չկար։ Այն փոխհատուցվեց պաթետիկ հայրենասիրության դիսկուրսի պարտադրանքով՝ հաստատելով գաղափարական դիկտատուրա։ Դա էր թերևս այդքան չարչրկված «ազգային գաղափարախոսությունը»՝ հայդատականության նորօրյա դրսևորում «ստատուս-քվոյի կուսակցապետության» տեսքով, որը թելադրում էր «ԼՂ հարցում զիջումները դավաճանություն են», «հակամարտությունը լուծված է» և միջազգային հարաբերությունների մասին նմանօրինակ այլ դոգմատիկ ձևակերպումներ ու կլիշեներ, որոնք տեղում ոչնչացնում էին ցանկացած հակառակ պնդում կամ անգամ քննարկման հնարավորություն։ Այդ գաղափարական դիկտատուրայի քաղաքական նշանակությունը ամենևին չի կարող նսեմանալ՝ ի համեմատություն, օրինակ, ադրբեջանական մոդելի, որովհետև հանրային առողջ ինստիտուտների ու միջավայրի նկատմամբ քայքայիչ ներգործությամբ պակաս հետևանքային չէր։ Ավելին՝ այդ «գաղափարական բռնատիրության» կարևոր առանցքը ներսի ու դրսի լեզուների ձևավորումն էր։ Եվ եթե դրսի լեզուն արտաքին ճակատում ներդաշնակում էր միջնորդների հետ՝ անընդհատ ցուցադրելով հայկական կողմի զիջումների պատրաստակամությունը, ապա ներսի լեզուն քաղաքական դաշտը վերաձևել էր՝ ըստ վերը նշված «ազգային գաղափարախոսության», և քարոզչական աղմուկով հետևողականորեն հանրային գիտակցության մեջ ու ընկալումներում արմատավորում էր հակամարտության՝ լուծված լինելու թեզը։ Դա տեղի էր ունենում ամենուր՝ սկսած մանկապարտեզների միջոցառումներից, մինչև դպրոցական կրթություն, բուհական դասավանդում, ակադեմիական գրականություն, մասս մեդիա և մշակույթ։ Այդպես հաստատվում էր «ոչմիթիզականության ազգային գաղափարախոսության» դիկտատուրան՝ «ոչմիթիզականության» ու «հայդատականության» քարոզչական ֆասադներով, արմատում՝ իշխանության պահպանման հիմնանպատակով։

Անշուշտ, իշխանության համակարգային ու կազմակերպված քարոզչության դերը չբացարձակեցնելով հանդերձ՝ հարկ է նաև արձանագրել, որ 1988թ. ԼՂ-ի համար ոտքի կանգնած հանրությունը անկախության, պատերազմի և պետության հիմնադրման դժվարին ճանապարհով անցնելիս նվազագույնը անտարբեր դարձավ այս հարցում։ Անկախության շարժման ընթացքում կրած զրկանքները, սոցիալ-տնտեսական բևեռացումը, սոցիալական անարդարությունը, ընտրողական արդարադատությունը, ընտրական մեքենայի խափանվածությունը, քաղաքական համակարգի խեղումը հանգեցրին ներհասարակական համերաշխության խախտմանը՝ հանրությանը աստիճանաբար օտարելով ինչպես Արցախի հարցից, այնպես էլ պետությունից՝ ընդհանրապես։ Պետությունը, հաղթանակն ու նվաճումը՝ Արցախի տեսքով, սկսեցին ասոցիացվել թալանի, զրկանքի ու չփոխհատուցվող/միակողմանի զոհողության հետ՝ օրինաչափորեն հանգելով հանրային անհոգ անտարբերության։ Այդպես թերևս կարելի է բացատրել հասարակության անտարբերությունը թե՛ 1998թ., երբ վճռվեց Հայաստանի զարգացման ուղու հարցը, թե՛ 2016թ. Ապրիլյան պատերազմից 1 տարի անց տեղի ունեցած թերևս ամենակոռումպացված ընտրություններում, թե՛ 2020թ. պատերազմից հետո։ Եթե 1998թ., այնուհանդերձ, դեռ վճռորոշ էր ֆիդայական-ռազմական «էլիտայի» գործոնը, որն էլ, ըստ էության, օգտագործվեց հակամարտության կարգավորման ներհայկական կոնսենսուսը թույլ չտալու համար, ապա 1999թ. հոկտեմբերի 27-ից և իշխանության տրանզիցիոն փուլի ավարտից հետո հաղթած բանակի ֆենոմենը՝ warlord-երի «կաստայի» տեսքով, հաշվարկված կերպով ջախջախվեց։ Արտագաղթի ու սոցիալ-տնտեսական բևեռացման արդյունքում դերազրկվեց նաև սաղմնավորվող միջին խավը՝ սպառելով հնարավոր ձախողման պարագայում անգամ վերականգնումի նվազ ռեսուրսները։

Եթե ինչ-որ տեղ կարող էր օրինաչափ լինել պետության, անվտանգության, միջազգային հարաբերությունների խնդիրներից հասարակության օտարումն ու սեփական կենցաղավարության վրա կենտրոնանալը, ապա նույնօրինակ վարքը հակացուցված էր պետական կառավարման ընտրանուն, որի գործն ինքնին այդ հարցերով զբաղվելն էր։ Հայ հասարակությունն ու նրա քաղաքական դասը, ըստ էության, կամովին սկզբունքորեն հրաժարվեցին Հայաստանի խնդիրները քննարկելուց ու լուծումներ գտնելուց՝ դրանք մե՛րթ վերագրելով Ռուսաստանի ու «հայասեր» և հայությանը «պարտք» այլ պետությունների պարտականությանը, մե՛րթ այդ անհոգությունը «արդարացնելով» հակառակորդի «ոչխարությամբ»։ Իշխանության քարոզչության, հանրային էկոմիջավայրի, գուցե թե նաև ազգային մտակերտվածքի բերումով հայկական իրականությունում ավելի խորացավ երկխոսության բացասման արատը։ Անգամ կենցաղում որդեգրելով իրերի գնահատման ու հարաբերությունների կառուցման ծայրահեղականությունը (win-win-ի փոխարեն՝ win-lose)՝ քաղաքական մակարդակում փոխզիջումն ինքնըստինքյան սկսեց բացառվել և հանգել բազմախոսությանն ու մենախոսությանը, բայց ոչ երբեք՝ երկխոսությանը։ Ի հետևանս՝ քաղաքական փոխզիջումը՝ որպես հակամարտ կողմերի համար փոքրիշատե ընդունելի լուծում, չկար ո՛չ երկրի ներսում քաղաքական տարբեր խմբերի միջև, ո՛չ էլ դրսում՝ առավել ևս Ադրբեջանի ու Թուրքիայի հարցում։

Հարկավ, գոյություն ունի տեսություն, որ հայկական կողմի ձախողումը աշխարհի հետ իրավունքի լեզվով չխոսելու և իրավունքի ուժը թերարժևորելու արդյունք էր։ Սույն հետազոտությունը, սակայն, հեղինակվել է ռեալիզմի քաղաքական տեսության հենքով՝ ելակետում ունենալով հակամարտ կողմերի ուժային հավասարակշռության, առկա ռեսուրսների և մեծ ու փոքր դերակատարների բազային նեղ շահերի հարացույցները։ Չհավակնելով իրավունքի ուժի տեսության վերլուծությանը կամ քննադատությանը՝ հարկ է նկատել, որ այն վերջնարդյունքում այդպես էլ հստակորեն չի պատասխանում, թե ինչպես պետք է լուծեր Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային բալանսի խախտման հարցը և արտաքին ուժային կենտրոնների՝ սեփական բազային շահերով պայմանավորված քաղաքականությունը։ Արդ, եթե անգամ հայկական կողմը չթերանար կարգավորման գործընթացում պատշաճ իրավական թղթածրարի ստեղծման հարցում և, Ադրբեջանի պահանջած զիջումների կատարումից հրաժարվելով, իր մոտեցման հիմքում դներ իրավունքը, ինչպե՞ս էր այդ մոտեցումը փոխելու Թուրքիայի հզորացման ու տարածաշրջանային պլաններով, արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների խաթարմամբ, Ռուսաստանի աշխարհաքաղաքական շախմատով պայմանավորված իրավիճակը և ռազմա-քաղաքական միջավայրը։ Ի վերջո, պայմանավորված Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերով՝ հայ-ադրբեջանական համաձայնությունները, բնականաբար, անհրաժեշտ, բայց ոչ բավարար էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում լուծումներ գտնելու տեսանկյունից։ Սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստանի վերաբերմունքը հակամարտության կարգավորման հարցում տարբեր փուլերում նույնաբնույթ չի եղել՝ թե՛ լուծում թույլ չտալու, թե՛ պարտադրելու առումով։ Հետևաբար՝ Հայաստանի սոցիալ-քաղաքական ընտրանու խնդիրն էր ճիշտ հաշվարկել Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրություններն ու առաջնահերթությունները՝ հասկանալու դրանց փոփոխություններն ու վերանայումների տրամաբանությունը (այդ թվում՝ նպատակը) և փորձելու հայկական շահերը հնարավորինս համադրել։ Նկատի ունենալով 1994թ. հաղթական զինադադարի, 1995-2020թթ. խաղաղ կարգավորման  գործընթացի տապալման և 2020թ. պարտության փաստերը՝ կարելի է պարզորեն նկատել, թե երբ է հայկական կողմն իր հաշվարկներում ճիշտ դուրս եկել, երբ՝ աղետալիորեն ձախողվել։

2020թ. պատերազմը և դրա ծանր արդյունքը փաստեցին հայկական «իսրայելացման» փորձի ձախողումը՝ փլատակների տակ թողնելով թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Թե ինչն էր «իսրայելացման» գրավչությունը, տակավին մնում է անհայտ՝ նկատի ունենալով նորմալ, կայուն, բարեկեցիկ կենսակերպի ու խաղաղ առօրյայի բացառումը հեռանկար որոնող, բռնության մթնոլորտից ու չընդհատվող պատերազմականությունից փախչող երիտասարդ սերունդների համար։ Հայ քաղաքական միտքը թուլություն ունեցավ ճնշվելու «հայրենասիրական պատմության» դոգմաներից՝ զանց առնելով քաղաքական համատեքստի, աշխարհագրության ու քարտեզի գործոնները։ Կառչած մնալով մի պատմական փուլում ձևավորված ստատուս-քվոյից, որը հաջորդ պատմափուլում այլևս անխուսափելիորեն փոխված էր լինելու և չէր արտահայտելու այդ՝ ձեռնտու պահի ստատուս-քվոյի իրողությունները, հայկական քաղաքական ընտրանին և հասարակությունը հավաքականորեն ի վիճակի չեղան ընդունելու իր շուրջ գոյություն ունեցող միջավայրի փոփոխությունը և ադապտանալու դրան։ Քաջություն չեղավ ընդունելու այն պարզ ու բանալ իրականությունը, որ ձեռնտու պահին արձանագրված ստատուս-քվոն հավերժական լինել չի կարող։ Այս անխուսափելի պատմական օրինաչափության ըմբռնումը և ըստ այդմ՝ գործելը, քաղաքական ընտրանու պատասխանատվությունն էր՝ գիտակցելով ու բացատրելով հանրությանը, որ ստատուս-քվոն, ինչպես Դոմինիկ Մոիզին է դիպուկ արձանագրում, աղետի բաղադրատոմսն էր։

Շարունակությունը տես՝ enlightngo.org

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert