Թվում է, վերնագիրը հուշում է, թե ինչի մասին է սպասվելիք  «խոսքը»։ Պոե՞մ, վերապրած անձնական, կամ համազգային ողբերգությա՞ն մասին։ Սակայն հանգուցալուծումը դժվար չէ, չնայած, որ առաջին հայացքից, Մատյանը ընթերցողին կախարդում է, իր՝ գրական կատարելիությամբ, լեզվի, իր՝ փառահեղ հարստությամբ։  Մյուս կողմից առկա են հայ գրաքննադատների գնահատականը, ովքեր մատյանը դասում են համաշխարհային գրականության ամենավերին շարքերում, իսկ հայ հոգևորականները և հավատացյալները այն համարում են անառարկելի, անքննադատելի, սակայն, ըստ գրող՝ Շահան Շահնուրի, չնկատելով նրա մեջ թաքնված թույնը․․․

            Ծանոթանալով «Նահանջը առանց երգի» վեպում գրողի կողմից Նարեկացուն և առանձնապես Մատյան ողբերգությանը տրված բավականին կոշտ և միանգամայն բացասական գնահատականին, որերորդ անգամ փորձ եմ անում, կարդալ, հիմնովին ուսումնասիրել Մատյանը, հասկանալ այն, հասկանալ հայության այն հատվածին, ովքեր ջերմեռանդորեն հավատացել են նրա հիվանդներ բուժելու հզորությանը։ Ինձ ստիպում եմ չշտապել, վերջապես այն մի գործ է, որը դիմացել է դարերի քննությանը, ժողովուրդը սրբացրել է այն, հավատացել է գրքի հիվանդներ բուժելու հրաշագործությանը, այն տեղադրելով հիվանդների բարձի տակ․․․

            Նախ մի քանի մեջբերումներ 1979 թվականին Երևանում հրատարակված գրքից, վազգեն Գևորգյանի թարգմանությամբ։ Ահա առաջին էջը․

            «Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ»

                        Սրտիս դառնահեծ հառաչանքների

            Վայն ու ողբաձայն աղաղակները

            Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես․

            Եվ իմ սասանված մտքի ճենճերող

            Իղձերի պտուղն այս գրած

            Անձս տոչորող թախծի կրակին՝

            Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ։

            ․․․

            Մի այլ տեղ․

                        Միթե՞ կատարյալ փրկություն պիտի ինձ չպարգևես,

            Չմատուցե՞ս ո´չ դեղ իմ վերքերին,

            Ո´չ խոցվածքներիս՝ բուժիչ բալասան։

            ․․․

            Կամ․

                        ․․․ ո՜վ երանություն,

            Ինձ փրկելով՝ դու կզվարթանաս,

            Հանց ախորժատենչ մի ճաշակումից,

            Ո´չ, անշուշտ, շոյված սնոտիապատվաստ

            Երգերիս դատարկ Փառաբանությամբ,

            Այլ իմ փրկությամբ, որ պիտի գործես,

            Առիթ դարձնելով աղերսն այս փոքրիկ։

            Եվ այսպես շարունակ։ Զուր եմ փորձում հասկանալ, ինչն է՞ գրողի տառապանքների, թախիծի պատճառը, իր որ մի գործած մեղքերի համար է նա՝ մեղա գալիս, բուժիչ բալասան աղերսում, ապարդյուն․․․ Ամբողջ Մատյանը՝ վերից-վար, նույնն է, բարձրյալին փառաբանող՝ անհամար ածականների շարան, տոչորված աղերսներ, իր՝ անձի փրկության ակնկալիքով, ո՞ր գործած մեղքերի համար, ո´չ մի բացատրություն։ թվում է, թե՝ նա իրեն ի ծնե մեղավոր է համարում և այդ պատճառով էլ «Ախորժատենչ» Մատյան է արարում առ Աստված, իր մեղքերի թողության ակնկալիքով։ Կամ էլ, որ նա օտարների լծի տակ տառապող հայ մարդու դժնդակ կյանքի պատճառները, համարում է նրա գործած մեղքերը, ինչը որ ահավոր մոլորություն կլիներ․․․

            Նարեկացին իր այս Մատյանում երկխոսության մեջ է մտնում Աստծո հետ, մեղավորի և արդարի, դատապարտվածի և դատավորի կարգավիճակով, երբեմն զսպված հանդիմանությամբ է դիմում նրան՝ անաչառ սպասելիքներով։ Ինչ խոսք, հենց նույն այդ պատճառով էլ, կարծես թե, այն եզակի է համաշխարհային գրականության մեջ։ Եզակի նաև հետևյալ անհասկանալի իմաստով։ Նարեկացին իր շալակն է առել, իր չգործած մեղքերը և տնքալով, տոչորվելով, բարձրյալից  թողություն է աղերսում։ Ո´չ, դա հասկանալ և չըմբոստանալ չի կարելի, մանավանդ որ բացառապես կրոնը, հայ առաքելական եկեղեցին, հենց այս նույն Մատյանը և նման այլ գրքեր, անցյալում հասարակ ժողովրդին դարձրել են մինչև ինքնամոռացության աստիճանի կրավորական, հլու, հնազանդ արտաքին և ներքին թշնամիներին։ Հետևելով կրոնի քարոզչությանը և անմնացորդ նվիրվելով Աստծոն, հասարակ ժողովուրդը նրանից հրաշքներ է ակնկալել և գերության մեջ տառապելով, նրանում է տեսել իր անձի փրկության միակ հենարանը, որովհետև եկեղեցու սպասավորների միակ ու միակ քարոզը և պատգամը դա է եղել, թե՝ անցյալում և թե՝ մեր օրերում․․․

            Որքան էլ որ տարօրինակ թվա, պարզվում է, որ այսօր էլ Քրիստոսն է մեր կյանքի միակ առանցքը, դա է՝ գերմանահայության նոր ձեռնադրված՝ երիտասարդ հոգևոր առաջնորդի ամենակարևոր պատգամը բեռլինահայությանը․․․

            Սառնարյուն դատելով և մտաբերելով Շահան Շահնուրի ու նրա սերնդակիցների՝ վերապրած ողբերգությունը, երբ նա վկան է՝ մեծամաս հայ ժողովրդի, հայ ազգի, նրա հայրենիքի ոչնչացման և կորստի, ինչպես նաև դեմ-դիմաց կանգնելով եղեռն վերապրած երիտասարդության և նոր սերնդի ձուլման վտանգին, ապա հասկանալի են դառնում երիտասարդ գրողի հետևյալ վրդովված խոսքերը․         

         «Հայերը գիրք մը ունին: Անոնց ամենագէշ, զզվելի, ամենասխալ, վատառողջ և ամէնէն ավելի անբարոյական գրքն է ան – Նարեկը: Կ’ամբաստանեմ զայն իբրև ամենամեծ թշնամին հայութեան, կ’ամբաստանեմ այն թշուառականը, որ անոր տողերը թքաւ: Եւ ըսել թէ որքա՜ն փառահեղ ճակատագիր մը ունեցաւ այդ թունավորիչ հատորը: Հայերը զայն ընդունեցին, իւրացուցին, ընդգրկեցին: Ոչ մեկ սերունդ չխորհեցաւ զայն ջնջել, որովհետև անոր լեզուական և բանաստեղծական ինչ ինչ յատկութիւններէն խաբուելով ծածկուած թոյնը չնշմարեց: Ընդհակառակն փոխանցեցին որդիէ որդի, արիւնէ արիւն, ու ան եկավ մինչև մեզ: Թունաւորուեցանք, ազգովին թունաւորուեցանք: Ահա թե ինչու պարտուածներ ենք, պարտուածներ ենք, որովհետև ան վանականին հաշմանդամ հոգիին պես արհամարհեցինք և անգիտացանք գոյութիւնը մեր եսին, մեր ոյժին, կամքին, անհատականութեան. – չկռուեցանք, չխածինք, չմաքառեցանք: Քրիստոնէական վարդապետութեան անոր սխալ ու թերի մեկնութիւնը ընդունելով եղանք անմտօրէն կրաւորական, համակերպող, աղերսակու, անգիտակից: Մենք մեր անձէն դուրս չելանք, չունեցանք նպատակ. խմբովին չլսացանք դէպի կարելիութիւնը, անկարելին և մեծ իտէալ մը մեզ բոլորս իր ճանկերուն մեջ չշաղուեց: Կ’ամբաստանեմ այն թշուառականը որ…»

         Փորձում եմ հասկանալ Շահնուրին, հասկանալ նրա բարկության դրդապատճառները․․․

            Դիմում եմ մեր հարևան՝ Իրանի ժողովրդի նույն դարաշրջանի գրական մեծերի՝ Խայամի, Բաբա Թահերիի, ապա նաև միջնադարյան բանաստեղծների Ֆիրդոսիի և այլոց թողած գրական ժառանգությանը։ Այդ դարաշրջանները եղել են արևելքի իմաստասերների, գրագետների, փիլիսոփաների՝ փնտրտունքների, ձևակերպումների, սահմանումների դարաշրջաններ, Մանավանդ պարսկական գրագետների շարքերում հայտնվում են անհատներ, ովքեր ստեղծում են այնպիսի մնայուն գործեր, որոնք այսօր էլ ավելի քան թարմ են, այժմեական, իրենց լեզվի մաքրության, արտահայտած, գաղափարների, փիլիսոփայական մտքերի խորությամբ և սեղմ ու ջինջ բառակազմության շնորհիվ։ Երկնայինը այնտեղ քիչ, կամ կողմնակի տեղ ունի։ Ո՞վ ծանոթ չէ, Օմար Խայամի, Բաբա Թահերիի քառյակներին, ինչպես նաև Ֆիրդոսիի Նեզամի Գյանջավիի բազմածավալ բանաստեղծություններին։ Իհարկե որ նույն այդ պատճառով էլ նրանց ետևից կաղում են հայ բանաստեղծները, հենց միայն՝ չափազանցեցված չափով տուրք տալով՝ Աստծուն, փառաբանելով նրան ու քրիստոնեական կրոնին։

            Բաբա Թահերը, իր քառյակների գրքում, գրել է․

            Եթե ձեռքս՝ հասներ այս պտտվող անիվին (չարխին),

            Ապա նրանից կհարցնեի, թե այս ինչո՞ւ է այսպես և այն ինչո՞ւ այնպես,

            Մեկին տվել ես հարյուր բերք ու բարիք,

            Մյուսին, կտոր՝ հաց, շաղախված արյամբ։ 

            Ուշագրավ է, որ Բաբա Թահերը չի դիմում Աստծուն, այլ բնությանը, այդ պտտվող անիվին և այդ դեռ այն դարում, երբ շատերի, մանավանդ Վատիկանի հոգևոր դասի համար, դա դեռ մի անհասկանալի, անհիմն, այո նաև սատանեական գաղափար էր, որի պատճառով տասնյակ հազարներ ողջակիզվում էին խարույկների վրա։

            Վկան լինելով քսան-քսանմեկ դարերում, տարբեր գաղափարախոսությունների ծայրահեղ դրսևորումներին, ինչպես նաև մեր օրերի տարբեր կրոնների, մանավանդ՝ Իսլամիստների նորագույն զարթոնքին և նրանց կողմից մարդկությանը հասցրած տառապանքներին, ապա նկատում ենք, որ որևէ գաղափարի ծայրահեղ դրսևորումը, միշտ էլ պատուհաս է եղել հասարակ շերտերի համար, որի պատճառով միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց կյանքը։ Հենց այդ պատճառով էլ, հասկանալի է Շահան Շահնուրի, Նարեկացու կրոնական ծայրահեղությունը քննադատող՝ վրդովմունքը։

Սամվել Հովասափյան, 15 հոկտեմբերի, 2022թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert