Թուրքիայի նկատմամբ Սովետական Միության ներկայացրած պահանջը քննարկվել է կոնֆերանսի հուլիսի 22-ի և 23-ի նիստերում: Հուլիսի 21-ին ԱՄՆ-ի Պետական քարտուղար Բիրսը «Մեծ եռյակի» նիստում զեկուցել է քննարկվող օրակարգի հարցերի մասին, որոնց մեջ նշել 1 նաև հետևյալը. «Թուրքիա, ենթադրվում է, որ բրիտանական պատվիրակությունը ցանկանում է այդ հարցը բարձրացնել բանավոր»: Սակայն նիստն ավարտվել է և հերթը Թուրքիային չի հասել (Берлинская(Потсдамская) конференция руководителей трех союзных держав-СССр, США Великоб8итании. 17 июля-3 августа 1945 г. Москва,1984, том 6, стр. 109) Հուլիսի 21-ին արտաքին գործերի նախարարների նիստում հաստատվել է երեք տերությունների ղեկավարների հուլիսի 22-ի նիստում քննարկվող հարցերի ցանկը: Այստեղ, որպես 5-րդ հարց նշվել է Թուրքիայի մասին և արձանագրվել է, որ այդ հարցը բրիտանական պատվիրակությունը ցանկանում է բանավոր բարձրացնել (Берлинская (Потсдамская)

конферанция. 17 июля-3 августа 1945 г.,… Стр. 119): Հուլիսի 22-ին երեք տերությունների արտաքին գործերի նախարարներն իրենց նիստում նշեл еն երեք տերությունների ղեկավարների հաջորդ նիստի օրակարգի հարցերը, որոնցից 3-րդը վերաբերում էր Թուրքիային: 1945 թ. հուլիսի 22-ի նիստում տերությունների ղեկավարները քննարկման համար ընդունել են նախարարների երաշխավորած հարցերը, որոնց մեջ էր հետևյալ ձևակերպումով 3-րդը. «Թուրքիա – հարցը նույնպես տեղափոխված է երեկվա նիստից»:

Մի շարք պրոբլեմներ քննարկելուց հետո Տրումենն ասել է. «Հաջորդ հարցը Թուրքիան է: Ես կարծում եմ, որ անգլիական պատվիրակությունն ունի առաջարկություն»: Չերչիլը սկզբում հայտնել է, որ նեղուցների և Սև ծովի վերաբերյալ իր կառավարությունն արտահայտվում է Մոնտրեյի համաձայնագրի վերանայման օգտին: (Մոնտրեյի համաձայնագիրը ստորագրվել է Սովետական Միության, Անգլիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունաստանի և Ճապոնիայի կողմից 1936 թ. հուլիսի 30-ին – Վ. Պ.): Միաժամանակ,- ասել է Չերչիլը,- ես ինձ թույլ եմ տալիս գեներալիսիմուսի ուշադրությունը հրավիրել այն բանի կարևորության վրա, որպեսզի չվախեցնել Թուրքիային: Անկասկած, Թուրքիան անչափ անհանգստացած է Բուլղարիայում բուլղարական և սովետական զորքերի կենտրոնացումից, ինչպես նաև նրա դեմ սովետական մամուլում և ռադիոյով շարունակվող հարձակումներից և, իհարկե, ՍՍՀՄում թուրքական դեսպանի և պարոն Մոլոտովի միջև տեղի ունեցած բանակցությունների շրջադարձից: Այդ բանակցությունների ժամանակ հիշատակվել է Թուրքիայի արևելյան սահմանների փոփոխության, ինչպես նաև նեղուցներում սովետական բազաների մասին»: Չերչիլը նկատի է ունեցել 1945 թ. մարտի 19-ին Սովետական կառավարության կողմից որպես նոր պայմաններին չհամապատասխանող և լուրջ բարելավման կարիք ունեցող 1925թ. դեկտեմբերի 17-ին ստորագրված բարեկամության և չեզոքության մասին սովետա-թուր-քական պայմանագիրը չեղյալ համարելու կապակցությամբ Սովետական Միության և Թուրքիաի միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ 1945 թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները, որոնց մասին նշվել է նախորդ էջերում: Այնուհետև Չերչիլն ասել է. «Ես հասկանում եմ, որ դա Թուրքիային Սովետական կառավարության պահանջը չէ, սակայն նկատի ունենալով, որ Թուրքիան դրել է ՍՍՀՄի հետ դաշինքի մասին հարցը, վերջինս առաջ է քաշել այդպիսի դաշինք կնքելու պայմանները»: «Ինձ բոլորովին պարզ է,-շարունակել է Չերչիլը,- որ եթե Թուրքիան Սովետական կառավարությունից խնդրում է հարձակողական և պաշտպանական դաշինք կնքել, ապա Սովետական կառավարությանը լավ առիթ է ներկայանում հայտարարելու այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Թուրքիային, սակայն, անհանգստացրել են առաջ քաշված պայմանները»: Այնուհետև Չերչիլն ասել է, որ չգիտե, թե ինչ է տեղի ունեցել Մոլոտիվի հետ այդ բանակցություններից հետո:

Եվ դրա համար էլ կամեցել է իմանալ, թե ինչպիսին է այդ հարցում Սովետական կառավարության դիրքը: Երբ Չերչիլն ավարտել իր ելույթը, Ստալինը խնդրել է խոսքը Մոլոտովին տալ: Մոլոտովն ասել է, որ սկզբում հարկ է համարում բացատրել, թե ինչպես է ծագել հարցը: «Թուրքական կառավարությունը,- հայտնել է Մոլոտովը,- դրսևորելով նախաձեռնություն, Սովետական կառավարությանն առաջարկեց կնքել դաշնակցային պայմանագիր: Թուրքական կառավարությունն այդ հարցը սկզբում դրել էր Անկարայում մեր դեսպանի առջև, իսկ հետո, մայիսի վերջին, Մոսկվայում թուրքական դեսպանի միջոցով»: Այնուհետև Մոլոտովը հայտնել է, որ հունիսի սկզբին երկու զրույց է ունեցել Մոսկվայում թուրքական դեսպան Սարպերի հետ դաշնակցային պայմանագիր կնքելու հարցով, որի կապակցությամբ թուրքական կառավարության առաջարկությանը Մոլոտովը պատասխանել է, որ «Սովետական կառավարությունը չի առարկում այդպիսի պայմանագրի կնքումը որոշակի պայմաններով»:

Մոլոտովը հայտարարել է, որ «դաշնակցային պայմանագիր կնքելու ժամանակ մենք պետք է կարգավորենք փոխադարձ պահանջները»: «Մեր կողմից,- այնուհետև ասել է Մոլոտովը,- կա երկու հարց, որոնք հարկավոր է կարգավորել: Դաշնակցային պայմանագրի կնքումը նշանակում է, որ մենք պետք է համատեղ պաշտպանենք մեր սահմանները: ՍՍՀՄ-ը` ոչ միայն իր սահմանը, այլ նաև թուրքականը, իսկ Թուրքիան` ոչ միայն իր, այլ նաև սովետական սահմանը: Սակայն, որոշ հատվածներում ՍՍՀՄ-ի և Թուրքիայի միջև սահմանը մենք համարում ենք անարդարացի: «Իսկապես,-շարունակել է Մոլոտովը,- 1921 թվականին Սովետական Հայաստանից և Սովետական Վրաստանից Թուրքիայի խլած տարածքը Կարսի, Արդվինի և Արդահանի մարզերի հայտնի տարածքն է: Ահա թուրքերի խլած տարածքների քարտեզը:

Մոլոտովն իր խոսքն ընդհատելով, Չերչիլին է փոխանցել քարտեզն ու շարունակել է. Այդ կապակցությամբ ես հայտարարել եմ, որպեսզի դաշնակցային պայմանագիրը կնքվի, հարկավոր է կարգավորել Վրաստանից ու Հայաստանից խլված տարածքների հարցը, նրանց ետ վերադարձնել այդ տարածքները: Այնուհետև Մոլոտովն անդրադարձել է Սևծովյան նեղուցների հարցին և ընդգծել, որ թուրքական կառավարությանը մատնացույց է արվել. եթե նա պատրաստ է կարգավորել այդ երկու հիմնական վիճելի հարցերը, ապա դրանց կարգավորումից հետո Սովետական կառավարությունը պատրաստ է կնքել դաշնակցային պայմանագիրը: Մոլոտովը տեղեկացրել է նաև, որ Սովետական կառավարությունը պատրաստակամություն է հայտնել կարգավորել այն հարցերը, որոնք կարող է Թուրքիան դնել նրա առջև: «Ավելացվել է,- շարունակել է Մոլոտովը,- որ եթե թուրքական կառավարությունը կգտնի այդ երկու հարցերի կարգավորումն անընդունելի, մենք պատրաստ ենք կնքել համաձայնություն միայն նեղուցների վերաբերյալ»: Այնուհետև Մոլոտովը շարունակել է, որ թուրքական կառավարությանը բանավոր կերպով հայտնվել են այդ առաջարկությունները և դրանց գրավոր տեքստը հանձնել է Տրումենին ու Չերչիլին: Կարդալով իրեն հանձնված փաստաթուղթը, Չերչիլը նկատել է. «Դա շատ կարևոր փաստաթուղթ է, և ավելի հեռու է գնում նրանից, ինչի մասին մենք խոսել ենք ավելի վաղ»: Պատասխանելով Չերչիլին, Մոլոտովը հայտնել է, որ այն ժամանակ խոսք չկար Թուրքիայի հետ դաշնակցային պայմանագրի մասին: Չերչիլը հայտարարել է. «Հանձնված գրության կապակցությամբ ծագում են բոլորովին այլ հարցեր: Խոսքը վերաբերում է նեղուցներում ռուսական բազաների մասին, ինչպես նաև այն մասին, որ ոչ ոք չի կարող կապ ունենալ Դարդանելի և Բոսֆորի հարցի հետ և բացի Թուրքիայից ու Սովետական Միությունից ոչ ոք չի կարող անցնել դրանցով: Ես վստահ եմ, որ Թուրքիան երբեք չի համաձայնվի սովետական առաջարկների հետ»: Չհամաձայնելով Չերչիլի հետ, Մոլոտովը հիշեցրել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև այդպիսի պայմանագրեր կնքվել են 1805 և 1833 թվականներին: Չերչիլը հարցրել է, թե այդ պայմանագրերով Ռուսաստանը նեղուցներում ստացե՞լ է ամրացված բազաներ: Մոլոտովը պատասխանել է, որ այդ պայմանագրերով նեղուցներով անցնելու մասին հարցը որոշվել է միայն Թուրքիայի և Ռուսաստանի կողմից: Չերչիլը ցանկություն է հայտնել ծանոթանալ Մոլոտովի վկայակոչած պայմանագրերին:

«իսկ այժմ,-ասել է Չերչիլը,- միայն ուզում եմ մատնացույց անել մտցված առաջարկությունների և ավելի վաղ արվածների միջև եղած տարբերությունները: Ստալինը, որ մինչ այդ ուշադրությամբ լսում էր Մոլոտովի ու Չերչիլի երկխոսությունը, բրիտանական վարչապետին հարցրել է. «Ի՞նչ առաջարկությունների մասին է եղել խոսքը»: «Սովետական կառավարության հետ իմ բանակցությունների ժամանակ, պատասխանել է Չերչիլը, ես պատրաստակամություն եմ հայտնել ազդել թուրքական կառավարության վրա, որպեսզի նա համաձայնվի Մոնտրեյի կոնվեցիայի վերանայմանը: Իմ այդ առաջարկությունը մնում է ուժի մեջ: Բայց ես ինձ բոլորովին ազատ եմ զգումնոր առաջարկությունների վերաբերյալ»: Ստալինը, դիմելով Չերչիլին, ասել է. «Դուք ազատ եք»: Իսկ Չերչիլն էլ պատասխանել է. «Ես չեմ ուզում չպահել իմ խոսքը: Ինձ շատ է դուր գալիս ձեզ հետ համաձայնության հասնելը»: Իսկ Տրումենն էլ պաշտպանելով Չերչիլին, ասել. «Ես պատրաստ չեմ իմ կարծիքը հայտնել այդ հարցի վերաբերյալ, քանի որ ինձ չի հաջողվել դա քննել: Ես պետք է ուսումնասիրեմ Սովետական կառավարության առաջարկություններն իմ կարծիքը հայտնելուց առաջ»: Դրանից հետո սկսվել է մյուս հարցերի քննարկումը (Берлинская (Потсдамская) конферанция. 17 июля-3 августа 1945 г., стр. 134-137):

1945 թ. հուլիսի 22-ին արտաքին գործերի նախարարների նիստում պետությունների ղեկավարների հուլիսի 22-ի երեկոյան պլենար նիստի համար երաշխավորված հարցերի մեջ դարձյալ նշվել է. «3. Թուրքիա. հարցը տեղափոխված է երեկվա պլենար նիստից» (Берлинская (Потсдамская) конферанция. 17 июля-3 августа 1945 г., стр. 141):

1945 թ. հուլիսի 23-ին տեղի ունեցած արտաքին գործերի նախարարների 6-րդ նիստում «Մեծ եռյակի» հուլիսի 23-ի նիստի օրակարգում որպես առաջին հարց հիշատակվել է` «1. Թուրքիայի մասին»:

1945 թ. հուլիսի 23-ի երեկոյան պետությունների ղեկավարների 7-րդ նիստում նախագահող Տրումենը հայտնել է, որ օրակարգի առաջին հարցը Թուրքիայի և Սևծովյան նեղուցների մասին է ու խոսքը տվել է Չերչիլին, ասելով, որ նա երեկ չի ավարտել իր հայտարարությունը: Չերչիլը պատասխանել է. «Ես երեկ իմ հայտարարությունն ավարտել եմ: Ես բացատրեցի, որ չեմ կարող պաշտպանել նեղուցներում ռուսական ռազմական բազաների ստեղծման մասին առաջարկությունը և չեմ կարծում, որպեսզի Թուրքիան համաձայնվի այդ առաջարկությանը»: Պատասխանելով Չերչիլին, Ստալինն ասել է. «Երեկ պարոն Չերչիլը պնդում էր, որ ռուսները վախեցրել են թուրքերին, որ նրանց վախենալու պատճառի գլխավոր պահերից մեկը հանդիսանում է այն, որ ռուսական ու բուլղարական զորքերը կենտրոնանում են Բուլղարիայում»: Այնուհետև Ստալինը Չերչիլի հետ մտքեր է փոխանակել Բուլղարիայում և Հունաստանում սովետական ու բրիտանական զորքերի թվաքանակի շուրջ: Ստալինը հիշեցրել է, որ Բուլղարիայում կա ընդամենը 30 հազարանոց սովետական զորք, Հունաստանում` 40 հազարանոց անգլիական զորք, իսկ թուրքերը Կոստանդնուպոլսի շրջանում ունեն 23 կամ 24 դիվիզիա և շարունակելով իր խոսքը, ասել է. «Հավատացնում եմ ձեզ, որ բուլղարական զորքերը չեն վախեցրել թուրքերին»: Այնուհետև Ստալինը հարցրել է. «Կարող է թուրքերին վախեցրել է սահմանն ուղղելու վերաբերյալ առաջարկությո՞ւնը և ասել է, որ «խոսքը գնացել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գոյություն ունեցող սահմանի վերականգնման մասին: Ես նկատի ունեմ Կարսի շրջանը, որը մինչև պատերազմը գտնվում էր Հայաստանի կազմում և Արդահանի շրջանը, որը մինչև պատերազմը գտնվում էր Վրաստանի կազմում»: «Հին սահմանի վերականգնման հարցը, ընդգծել է Ստալինը, չէր ծագի, եթե թուրքերը չդնեին ՍՍՀՄ-ի և Թուրքիայի միջև դաշնակցային պայմանագրի մասին հարցը: Իսկ դաշինքը նշանակում է, որ մենք պարտավորվում ենք պաշտպանել Թուրքիայի սահմանները, այնպես էլ Թուրքիան պարտավորվում է պաշտպանել մեր սահմանները: Բայց մենք գտնում ենք, որ Կարսի ու Արդահանի շրջանում սահմանը սխալ է, և մենք Թուրքիային հայտարարել ենք, որ եթե նա ուզում է մեզ հետ դաշինք կնքել, հարկավոր է ուղղել այդ սահմանը, եթե նա չի ուզում ուղղել սահմանը, ապա դաշինքի հարցը վերանում է»: Ստալինն իր խոսքի վերջում անդրադարձել է նեղուցների հարցին, որի շուրջն էլ ընթացել է քննարկման շարունակությունը: Նիստը նախագահող Տրումենն արտահայտելով իր կարծիքը, ասել է. «Ինչ վերաբերում է տարածքային հարցին, ապա դա վերաբերում է միայն Սովետական Միությանն ու Թուրքիային և պետք է լուծվի նրանց միջև» (Берлинская (Потсдамская) конферанция. 17 июля-3 августа 1945 г., стр. 148-151): Մեղմ ասած, ԱՄՆ-ի նախագահը կեղծում էր, քանի որ, ինչպես նախորդ էջերում նշվել է, ԱՄՆ-ը, դեռևս «Մեծ եռյակի» հանդիպումից առաջ, ստանձնել էր Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը:

Իսկ Սևծովյան նեղուցների հարցը, ինչպես հայտարարել է Տրումենը. «վերաբերում ԱՄՆ-ին և շատ այլ երկրների»:

Պատմաբան պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Հայ Ռուսական հարաբերությունների մասնագետ Վլադիմիր Պետրոսյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert