Քրիստինե Խանումյան . www.ilur.am 

Նիկոլ Փաշինյանն օրերս Աժ-ում մի ուշագրավ հայտարարություն է արել, որը, մեղմ ասած՝ ցինիկ խոստովանություն էր հանցանքի մասին։  

Մասնավորապես ԼՂ հիմնախնդրի բանակցային պրոցեսին անդրադառնալով՝ նա հայտարարել է․

«Իմ մեղադրանքը, իմ սխալը ո՞րն ա. ես պետք ա էն ժամանակ էդ բանակցային թղթերը ցույց տայի, ասեի՝ ժողովուրդ, մենք հասել ենք էս կետին, տարբերակ չունենք… Ա՛յ դրա համար ինձ արժի դատել, որ չեմ եկել ասել՝ գիտե՞ք ինչ, էս խաղը ավարտված խաղ ա։ Այ դա իմ սխալն ա։ Եթե ինձ մեղադրում եք՝ սրանում մեղադրեք, որ ես շարունակել եմ… Գուցե դա կարելի ա պոպուլիզմ էլ անվանել։ Ես նեղվում եմ, որ ինձ դիպուկ չեք մեղադրում, մեղադրեք դրա մեջ։ Որ պիտի գայի, ասեի՝ ժողովուրդ, էս խաղը պրծած խաղ ա, ինչքան ձգենք՝ էնքան ծանր հարված ենք ուտելու։ Ա՛յ էդ չեմ ասել, դա իմ կողմից հանցագործություն ա»։

Բովանդակային մասը

Նախ ֆիքսենք, որ անկախ հայտարարության որոշ հատվածներում արված մանիպուլյացիաներից, որոնց մենք կանդրադառնանք, բովանդակային առումով, հայտարարությունն ինքնին` իր ամբողջության մեջ, խոստովանություն է հանցագործության մասին։ Փաշինյանն իր բերանով խոստովանում է, որ գիտակցելով հետեւանքները, «ծանր հարված ուտելու» վտանգը, այդուհանդերձ, տուրք տալով պոպուլիզմին՝ չի արել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե եւ հակառակը` ի պաշտոնե արել է այն, ինչ չպիտի աներ՝ հաշվի առնելով հնարավոր հետեւանքների մասին իր արդեն իսկ ունեցած ինֆորմացիան, ինչի հետևանքով մենք շատ ավելի ծանր հարված ենք կերել, քան հնարավոր էր անգամ կանխատեսել։

Դա մոտավորապես նույնն է, որ մեկը խոստովանի, թե տեսել եւ իմացել է, որ տան մի հատվածում էլեկտրական լարերից մեկը սարքին չի եւ ուր որ է կբռնկվի, և խնդիրը չլուծելու դեպքում լարը կդառնա հրդեհի պատճառ, բայց ինքը` խնդիրը լուծելու փոխարեն, տան բոլոր անդամներին սեղանի շուրջ հավաքել է հենց լարի խնդրահարույց հատվածում՝ իբր թե ցույց տալու, որ ամեն ինչ կարգին է եւ վերահսկվում է իր կողմից։ Եւ երբ կանխատեսելիորեն հրդեհը բռնկվել է, տան անդամների մեծ մասը տուժել է շատ ծանր` այն պատճառով, որ հրդեհի կիզակետում են եղել։ Ահա սա է Փաշինյանի հայտարարությունն ըստ էության, եւ այստեղ բարի ցանկությունների ու մղումների, պայքարող ոգու հանդեպ հավատի, պայքարի կամքի հարց չի կարող լինել, այստեղ կա պատասխանատվության հարց. մարդն ինքն է խոստովանում, որ ինչ արել է՝ արել է գիտակցաբար։ Գիտակցաբարը ֆիքսենք ընդհանուր համատեքստում, որովհետեւ գիտակցաբարն այստեղ հարցերի հարցն է, հիմքերի հիմքը, իսկ դրան հետեւած եւ դրանից բխած ցանկացած այլ բան պարզապես հետեւանք է գիտակցաբար արված քայլի՝ այդ թվում իր եւ իր կնոջ, իր թիմակիցների բարձրաձայնած է՛լ դասալքության, է՛լ 5-րդ շարասյան, է՛լ դիմադրելու կամքի բացակայության եւ այլնի մասին մեղադրանքները։ Անգամ եթե այդ բոլոր մեղադրանքներն իրականության հետ աղերս ունեն, անգամ եթե դրանք իրոք գոյություն են ունեցել, միեւնույն է՝ դրանք հաջորդել են իր քայլին՝ գիտակցաբար արված քայլին, ինչը հենց ինքն է անվանում հանցագործություն։

Բայց սա` ամբողջության մեջ, իսկ դետալներում կան ակնհայտ մանիպուլյացիաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Եւ խոսքն առաջին հերթին նրա հայտարարության այս հատվածին է վերաբերում՝ «որ չեմ եկել ասել՝ գիտե՞ք ինչ, էս խաղն ավարտված խաղ է․․․ էս խաղը պրծած խաղ է»։

Ինչ է այս տողերով ասում Փաշինյանն, ու ինչ կար իրականում։

Թեեւ իր հայտարարությամբ Փաշինյանն ասում է, որ հանցագործություն է գործել, այդուհանդերձ այս երկու բառակապակցությամբ նա փորձում է առնվազն մեղմել իր արարքը, արդարացնել իրեն, ապրումակցում առաջացնել իր հանդեպ։ Այս բառակապակցությամբ նա փորձում է փոխել իր ամբողջ հայտարարության կոնտեքստը՝ մարդկանց իր հայտարարությունն ընկալելու սխալ ազդակ հաղորդելով, որպեսզի մարդիկ իր ամբողջ հայտարարությանը նայեն «էս խաղը ավարտված խաղ է»-ի մտապահումով։ Որովհետեւ, խոստովանենք, երբ բանակցային պրոցեսի մասին 100 հոգի՝ 1000 տարբեր տեսակետներ են հնչեցնում, ու դրանք մեծամասամբ իրար հակոտնյա տեսակետներ են, եւ ամենաշատը շրջանառում են հենց իրականության հետ ամենաքիչ աղերս ունեցող մոտեցումները, շատերի համար դժվար է հասկանալ, թե որտեղ է սուտը, որտեղ՝ իրականությունը։ Շփոթված հանրությանն առավել հեշտ է շփոթեցնել այս տողերով, որովհետեւ այն  կարծես իրականությանը մոտ է թվում (իսկ իրականում բավականին մոտ է, բայց այլ իմաստով, որին քիչ անց կանդրադառնանք), իսկ երբ այդպես է թվում, դրանից հետո Փաշինյանի ասածները լսողն այլեւս այլ կերպ է ընկալում նրա ամբողջ հայտարարությունը․ եթե խաղն իրոք արդեն ավարտված էր, ապա բնականաբար ստացվում է, որ «խեղճ Նիկոլն իսկապես ոչ մի մեղք չունի, նա միայն ցանկացել է դիմադրել այդ կործանարար ընթացքին, հանուն հայրենիքի պայքարել», սրանից էլ ինքնաբերաբար կբխի մի եզրահանգում, որ իրականում Փաշինյանն «անմեղ մեղավոր է», «այս պատմության զոհը»։

Հենց այդ պատճառով էլ փորձենք հասկանալ՝ ի՞նչ նկատի ունի Փաշինյանը «խաղն ավարտված է» ասելով, եւ ինչ էր իրականում դա նշանակում, երբ ասում ենք՝ այն իրականությանը մոտ է։

Երբ Փաշինյանն ասում է` «խաղն ավարտված խաղ է», այնպես է ասում, որ տպավորություն ստեղծի, թե արդեն 2018-ի դրությամբ մենք ամեն ինչ կորցրած ենք եղել, ավելին, հենց ի սկզբանե չենք էլ ունեցել այն, ինչ ցանկացել ենք, կոպիտ ասած՝ 2018-ին ինքը եկել է իշխանության եւ հանկարծ պարզել է, որ Արցախն Ադրբեջանի կազմից փրկելու ոչ մի շանս չկար դիվանագիտական հարթության մեջ, որ Արցախն Ադրբեջան էր, եւ ահա ինքն այդ մասին բարձրաձայնելու փոխարեն՝ մի վերջին ճիգն է գործադրել, որ պատմության թափանիվը շուռ տա, բայց չի հաջողել։ Հետեւաբար, կամ առանց պատերազմի պիտի Արցախը մնար Ադրբեջանի կազմում, կամ պիտի պատերազմով գետի հունը փոխելու փորձ արվեր, դե՛ իսկ դրանից էլ, բնականաբար, բխում է, որ պատերազմն անխուսափելի էր։ Ահա սա է Փաշինյանի հեռահար նպատակը, երբ խոսում է ավարտված խաղից։

Իրականության մեջ խաղն իրոք ավարտված էր, բայց ոչ այն իմաստով, ինչ Փաշինյանը նկատի ունի, այլ խաղը՝ ստի առումով, ժամանակ ձգելու առումով, այն կեղծ պաթոսային մաքսիմալիստական քարոզչության առումով, որը մեզ հրամցվում էր տարիներ շարունակ, այդ թվում Փաշինյանի կողմից՝ մինչեւ 2020 թվականի պատերազմը ներառյալ։ Խաղն այն քարոզչության առումով, որ բանակցային պրոցեսում ամեն բան հիանալի է ընթանում, որ Արցախի անկախության հարցն արդեն լուծված է եւ մնում է միայն դա փաստաթղթավորել ու ամրագրել, որ արդեն տեղ ունեն թե՛ այն տեսակետը, որ կգնանք փոխզիջման, երբ Ադրբեջանն ինքը պաշտոնապես ճանաչի Արցախի անկախությունը, թե՛ այն տեսակետը, որ մենք ապրիլյանում ապացուցել ենք, որ պատերազմով ստատուս քվոն փոխել հնարավոր չէ, եւ հետեւաբար` դիվանագիտական դաշտում կարող ենք անգամ ավելի խստացնել մեր պահանջներն ու լուրջ մտածել՝ ընդհանրապես արժե՞ գնալ փոխզիջման։

Այս խաղը կեղծ քարոզչության առումով էր միայն ավարտված, քանի որ իրականության մեջ այս քարոզչությունը որեւէ աղերս չուներ բանակցային իրականության մեջ, որտեղ ամեն հաջորդ փաստաթուղթն ավելի խնդրահարույց էր դառնում մեզ համար եւ ավելի հեռու էր  լինում մեր իղձերից, թեեւ մեզ համոզում էին, որ այդ իղձերն արդեն իրականացել են։ Ահա այդ ստելու ժամանակն էր ավարտված. կա՛մ պետք էր ի վերջո ներկայացնել բանակցային ճշմարտությունը, հանրությանն արթնացնել ինքնախաբեության թմբիրից, սթափ որոշումներ կայացնել եւ սպասվելիք աղետը կանխելու համար գնալ կարգավորման, կա՛մ շարունակելով ստել՝ Հայաստանն ու Արցախը տանել աղետի։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ընտրեց իր գաղափարական հայրերի՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ճանապարհը՝ ստել եւ գիտակցաբար տանել աղետի։

Իսկ իրականությունն այլ էր․

ա. Ի հեճուկս տարվող քարոզչության՝ ամեն բան (ե՛ւ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, ե՛ւ հարակից 7 շրջանները միասին), իհարկե, ո՛չ պատերազմով, ո՛չ էլ բանակցություններով միասին փրկել հնարավոր չէր՝ կարգավորման որեւէ էտապում, քանի որ կարգավորման բոլոր էտապները ենթադրել են հարակից տարածքների վերադարձ, բայց նախկին ԼՂԻՄ-ի տարածքը՝ Հայաստանին կապող միջանցքով, առնվազն կարելի էր փրկել, հայկական բանակն ու հայ ազգի արժանապատվությունը, նրա զավակների կյանքը կարելի էր փրկել։ Փաշինյանի հանցանքը հենց սա է, ինչն, ի դեպ, ինքը մի քանի անգամ խոստովանել է։

բ. Փոխզիջումն անխուսափելի էր այլեւս, ստատուս քվոն այլեւս չէր կարելի եւ հնարավոր չէր ձգել, եւ խնդիրը ոչ միայն կամ ոչ այնքան ռազմական խախտված բալանսն էր հօգուտ Ադրբեջանի, որքան Ռուսաստանի՝ տարածաշրջանի հետ կապված ծրագրերը, որոնք ուղղակիորեն արտացոլված էին նրա փուլային առաջարկներում։

գ. Քանի որ Ռուսաստանն իր ստրատեգիական ծրագրերն ուներ տարածաշրջանի հետ կապված, ինչն առաջին հերթին ենթադրում էր, որ նա ցանկանում է ստատուս քվոյի փոփոխություն, կարգավիճակի հարցի քննարկումն անգամ փակված էր բանակցային պրոցեսով (այս թեմային կանդրադառնանք առանձին նյութով), ռուսական առաջարկները մաքուր փուլային առաջարկներն էին։ Ավելին, Հայաստանն այդ փուլային առաջարկին համաձայնելով` փրկում էր շատ ավելի բան, քան կարող էր ստանալ փաթեթային լուծում պահանջելով, ՌԴ-ի առաջարկների համաձայն՝ Ռուսաստանին կփոխանցվեր Արցախի անվտանգության երաշխավորի դերը, առժամանակ Արցախի վերահսկողության տակ պահելով նաեւ երկու շրջանները՝ Լաչինը եւ Քելբաջարը, փոխկապակցված կարգավիճակի վերաբերյալ ապագա քննարկումների հետ։ Այդ ընթացքում, երբ հարակից 5 շրջանների ուղղությամբ Արցախի անվտանգությունն ապահովելու էր ռուսական կամ ՀԱՊԿ զորքը, թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը կկարողանային շունչ առնել, զարգանալ, վերականգնել Ադրբեջանի հետ խախտված բալանսը, եւ բանակցային գործընթացում դիրքային կորսված առավելությունները վերագտնելու գոնե շանս ստանալ։

դ. Փուլային լուծման ռուսական առաջարկին հակառակվելն ու մերժելը, բնականաբար, նշանակում էր մերժել Ռուսաստանին, այսինքն՝  խանգարել նրա ստրատեգիական ծրագրերին։ Մերժում նշանակում էր նաեւ փուլային լուծման փոխարեն փաթեթային լուծման պահանջ։ Լավն են այդ ծրագրերը, թե՝ վատ, այլ հարց է։ Բայց փաստը դա էր։ Ու խնդիրն այն չէր, որ երկրագնդի վրա այդ մի հատիկ պետությանը հենց չէր կարելի մերժել, խնդիրն այն է, որ խոսքը մի պետության մասին է, որին ՀՀ բոլոր իշխանությունները եւ նաեւ ինքը՝ Փաշինյանը, համարում էին Ադրբեջանին զսպելու եւ պատերազմ թույլ չտալու երաշխավորը։ Հենց այդ Ռուսաստանին մերժելով՝ ենթադրելի պիտի լիներ արդեն, որ ՌԴ-ն՝ հանուն իր շահերի սպասարկման, այլեւս կդադարեր զսպել Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Փուլային վերջին առաջարկն արվել էր Փաշինյանին, եւ ի հեճուկս հայրենասիրության հետ աղերս չունեցող մարազմատիկ քարոզչության՝ Փաշինյանը կարող էր գնալ այդ լուծմանը, որովհետեւ գոնե իր համար արդեն հասկանալի եւ տեսանելի պիտի լիներ, որ դրանից ավելի լավ բանակցային տարբերակ ինքը չի կարող ստանալ։ 

Ամփոփ․ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, եւ դեռ մի բան էլ ավելի, փրկելու շանս եղել է։ Փրկությունը հնարավոր է եղել միայն փուլային լուծմամբ՝ առանց կարգավիճակի հետ կապված անհապաղ պահանջներ ներկայացնելու, քանի որ նման պահանջները ոչ միայն մերժում էին նշանակում ՌԴ-ին, այլեւ՝ այդ պահանջներին ի պատասխան ներկայացվում էին առաջարկներ, որ բառացիորեն վտանգում էին այդ հարցում մեր բանակցային պահանջները եւ դրանք գրեթե դարձնում անհնարին։

Ստատուս քվոն ձգել հնարավոր չէր այլեւս, քանի որ ստատուս քվոն փոխելու ցանկությունը հայտնել էր հենց ՌԴ-ն։ Սրանք պարզ իրողություններ են, որոնք մենք պարտավոր էինք տեսնել անկախ նրանից` դրանք մեզ դուր գալիս են, թե՝ ոչ։ Եւ այստեղ ոչ մի կապ չունեն պատմական անարդարությունը, իրավական անարդարությունը, նախնիների վրեժի լուծման անկարողությունը, միշտ դավաճանված հայի բախտը, անարդար ու շահամոլ աշխարհը, ճակատագրի հեգնանքը եւ ոչ էլ անգամ հայի տխուր աչքերը։ Այստեղ կապ ունի միայն երկու բան՝ պետականության զգացումն ու խելքը, որով մենք պարտավոր էինք առաջին հերթին տեսնել մեզ համար տհաճ իրողությունները։

Քանի որ, ի վերջո, չէր կարելի եւ չի կարելի մի ամբողջ ազգի տարիների քարոզչությամբ վերածել երազահարված դոնքիշոտների եւ նրանց հողմաղացների դեմ կռվի ուղարկել, չէր կարելի մի ամբողջ ազգի ամեն անգամ նույն գետը մտցնել ու խեղդել եւ ամեն անգամ գետափին արցունք թափել՝ «աշխարհը կույր է եւ խուլ»։

Քաղաքական մասը

Փաշինյանի հայտարարությունն ուշագրավ է նաեւ քաղաքական առումով. նրա ցինիզմը հասել է այնտեղ, որ արդեն ինքն է քմծիծաղով եւ ինքնավստահությամբ նման հայտարարություններ անում ԱԺ-ում՝ նայելով տիտղոսավոր ընդդիմության աչքերին։

Այդ դեպքում ի՞նչն է սնում նրան, ի՞նչն է նման ինքնավստահություն հաղորդում, ինչո՞ւ է վստահ, որ ընդդիմությունը ճշմարտությունը չի ասի՝ նայելով իր աչքերին, ինչո՞ւ է վստահ, որ այդ ընդդիմությունը ոչինչ անել չի կարողանալու կամ չի ցանկանալու անել։ Իրականում Փաշինյանին սնում է հենց նույն ընդդիմությունը, Փաշինյանին անմեղ զոհի կարգավիճակում մնալու հնարավորություն է տալիս բանակցային պրոցեսի վերաբերյալ նրանց կեղծ քարոզչությունը, որն անգամ պատերազմից հետո է շարունակվում, ասել է թե՝ պատերազմը քաղաքական դաշտի գերակշիռ մասի համար դաս չեղավ։ Հենց այդ պատճառով է Փաշինյանն ինքնավստահ ցինիզմով նայում ուղիղ նրանց աչքերին եւ ըստ էության ասում՝ «ինչ որ դուք եք արել, այն էլ ես եմ արել, ինչպես դուք եք ստել, այնպես էլ՝ ես եմ ստել, եւ այդ ստերը փոխկապակցված են, հիմա էլ նույնն է, ուրեմն` կամ դուք իմ իրական սուտը բացահայտելու համար ճշմարտությունը պիտի ասեք՝ այդպիսով նաեւ ձեր ստերը բացահայտելով, ինչի արդյունքում մենք միասին կխորտակվենք, կամ եկեք՝ իրականության հետ կապ չունեցող մեղադրանքներով շոուներ սարքենք»։

Իրականում, Փաշինյանի քաղաքական մահը գտնվում է բանակցային պրոցեսի վերաբերյալ ճշմարտության ասեղի վրա։ Եւ որպեսզի այդ պահը գա, ճշմարտությունը պիտի հնչի գոնե մեծամասնության կողմից, որպեսզի լսելի լինի, ճշմարտությունը պիտի հնչի շատերի եւ ոչ թե մեկ հոգու կողմից, որը տարիներ շարունակ անխոնջ կրկնում է այդ ճշմարտությունը։  

Բայց այսօրվա ամբողջ ողբերգությունն այն է, որ տնտեսական, քարոզչական, անգամ վարչական առումով Փաշինյանին հակակշռելու ռեսուրսները գտնվում են հենց տիտղոսավոր ընդդիմության ձեռքերում, եւ ահա նրանք են, որ կարող են` ճշմարտությունը խոստովանելով, այդ ասեղը կոտրել։ Իսկ նրանք, ինչպես տեսնում ենք, դա չեն անում եւ չեն ցանկանում անել։ Մի պարզ պատճառով` ասեղի մյուս ծայրին էլ նրանց քաղաքական մահն է։ Եթե նրանք պայթեցնեն Փաշինյանի փուչիկը, իրենց փուչիկը եւս ինքնաբերաբար կպայթի։

Հենց դա է պատճառը, որ նրանք ամեն ինչ խոսում են, բացի ճշմարտությունից, եւ դեռ ավելին` ամեն բան անում են, որ իրական ճշմարտությունը հնչեցնողների ձայնը խլացվի, այդպես ահա՛ կործանարար Փաշինյանը կմնա ջրի երեսին` իհարկե, բայց եւ իրե՛նք կմնան ջրի երեսին։ Հենց սա է Փաշինյանի ինքնավստահության պատճառը։

Եւ այս երկկողմանի խաղում, երբ իշխանությունն ու «տիտղոսավոր» ընդդիմությունը իրար թթվածին են տալիս՝ պետականությունն ու Արցախը տեղ չունեն։

Քրիստինե Խանումյան  

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert