Սերովբէ Եպս. Իսախանեան, Գերմանահայոց Թեմի առաջնորդ

Շատ է ասվում ու կրկնվում, որ հոգեւորականներս պետք չէ զբաղվենք քաղաքականությամբ։ Ես անձնապես երանի կտայի այն օրվան, երբ մեր պետությունն ու պետականությունը կլինեին հուսալի ու վստահելի պետական ու քաղաքական այրերի ձեռքում, եւ հոգեւորականներս էլ ստիպված չէինք լինի մտահոգվել Հայաստան մեր պետության գոյությանն ու գոյատեւությանը սպառնացող վտանգներով եւ կզբաղվեինք մեր հոգեփրկչական առաքելությամբ։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր հոգեւորական միայն երջանիկ կլիներ այդպիսի ցանկալի իրականությամբ։

Ափսոս սակայն իրականությունը շատ տարբեր է։ Ցավոք հիմա ամեն օր արթնանալիս վախով ենք ականջալուր լինում օրվա լրահոսին, թե Աստված չանի, հերթական վատ լուրը լսենք կամ կարդանք Հայաստանի ու Արցախի մասին։

Բա ո՞նց չզբաղվես քաղաքականությամբ եւ անարգանքի սյունին չգամես մի իշխանությանն ու նրա ղեկավար վարչապետին, երբ նրանք իշխանության են եկել ամբողջովին այլ կարգախոսներով ու խոստումներով եւ հիմա իրագործում են ճիշտ հակառակը։

Ո՞նց չզբաղվես քաղաքականությամբ եւ անարգանքի սյունին չգամես մի իշխանության, որի վարչապետը աքլորացած ու խրոխտ հայտարարում էր «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ հիմա ադրբեջանցու առջեւ ծնկած հայտարարում է` «Արցախն ադրբեջան է»։

Ո՞նց չզբաղվես քաղաքականությամբ ու անարգանքի սյունին չգամես նույն իշխանության Ազգային ժողովի նախագահին, որ նռները ձեռքում հպարտանում էր, որ «Աղդամն իր հայրենիքն է», իսկ այսօր ադրբեջանցու առջեւ ծնկած հայտարարում է, որ ինքը ամբողջությամբ համամիտ է իր վարչապետի «Արցախն ադրբեջան է» դավաճանական խոստովանությանը։

Ո՞նց չզբաղվես քաղաքականությամբ եւ անարգանքի սյունին չգամես այս իշխանության բոլոր պատգամավորներին ու նախարարներին, որոնք 2021 թվականին, դառնագին պարտությանն ամոթն իրենց ուսերին, իշխանությունն իրենց ձեռքում պահելու համար անամոթաբար խաբեցին ժողովրդին ու մոլորեցրեցին նրան կեղծ խոստումներով։ Ահա կարդացեք նրանց ծրագրի «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժինը եւ համեմատեք այն ներկայիս նրանց արածի հետ եւ ինքներդ գնահատեք ներկայիս իշխանության երեկվա ստախոսության եւ այսօրվա անամոթության չափն ու բաժինը։

«Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է: Կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:

Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»:

Էլ այլեւս անհնար է չպոռթկալ ու չգոռալ` Աստծո սիրույն, հեռացե՛ք, բավական է։ Հեռացե՛ք ձեր լավ ու վատով, հեռացե՛ք ձեր արած ու չարածով։ Հեռացե՛ք։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert