Ինչպես ասում է ժողովրդական խոսքը,«ծուռ բեռը տեղի չի հասնի», նույն կերպ էլ ծուռ հիմքի վրա շարած պատը վեր չի բարձրանա: Արդեն 30 տարի է` այդ պատը շարում են, ու փլուզվում է, սակայն հիմքին անդրադառնալու փոխարեն հայ քաղաքական գործիչները, քաղաքագիտական շրջանակը մեղադրում են պատ շարողին, իսկ պատ շարողները մրցում են միմյանց հետ, թե ով ավելի ճիշտ կշարի, եթե դրա հնարավորությունը ստանա: Այսպես շարունակ անընդհատ փլուզվող պատերի պատճառով վատնվել և վատնվում է եղած ռեսուրսը, ժողովուրդը կամ մնում է փլատակներում, կամ՝ ինչքան հնարավոր է փլուզվող պատից հեռու է փախչում՝ հեռուներում իր կյանքն ապոհվելու…

Շուրջ մեկ դար հետո խոսվում է 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած քաղաքական վերնախավի սխալների մասին, բայց կրկին սխալմամբ գալիս ենք այն եզրահանգմանը, ըստ որի սխալը «թուրքական օրիենտացիա» չունենալն էր, սակայն չի խոսվում այն մասին, թե սխալը ոչ թե «թուրքական օրիենտացիա» ունենալ-չունենալն էր, այլ ժամանակին նոր աշխարհակարգի ձևավորմանը համընթաց չքայլելը, ավելի հստակ՝ աշխարհաքաղաքական սխալ օրիենտացիա ունենալը:

Չխորանալով անցյալի պատմական մանրամասների մեջ՝ նշենք, որ մեկ դար հետո՝ 2000-ականներից ի վեր` 21-րդ դարի սկզբին, կրկնվում է մեկ դար առաջ չկողմնորոշվելու ճակատագրական սխալը, և դեռ շարունակվում է սխալ հիմքի վրա «անվտանգ երկիր» կառուցելու վտանգավոր քաղաքականությունը: Ինչպես ժամանակին Վրացյանն էր խոսում «թուրքական օրիենտացիայի» մասին, այսօր նույնպես խոսվում է «թուրքի հետ խոսելու» մասին: Կարծես թե պատմական փորձը ոչինչ չի ասում հայ նորօրյա քաղաքական գործչին: Քանի դեռ հայ քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները (խոսքը գործակալների մասին չէ, նրանք իրենց գործակալական պատվերն են կատարում) չեն հասկացել, թե աշխարհը ինչ պատմական փուլում է գտնվում, համաշխարհային հակասություններն ինչ գաղափարների շուրջ են ընթանում, և քանի դեռ հայ միտքը մնացել է դեռևս 90-ականների միաբևեռ աշխարհի փլատակներում, չեն կարող տեսնել արդեն իսկ ձևավորված ու զարգացող բազմաբևեռ նոր աշխարհակարգը: Ստորև ներկայացնում ենք պատմական գիտությունների դոկտ. պրոֆ. Վլադիմիր Պետրոսյանի «Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» հրատարկաման պատրաստ գրքի առաջաբանը: Գրքում պրոֆ. Պետրոսյանը անդրադառնում է հենց վերոհիշյալ կողմնորոշման խնդրին ու դրա կարևորությանը:

Կոմիտաս Վարդապետի թողած վերջին գրությունը դեռ պահպանում է իր արդիականությունը.   

«Հոտն անհովիւ՝ մոլոր ու շփոթ, աներևւոյթ և անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական և ողբեգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ։ Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերությիւն, օտարամոլությիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէն… Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛ արյիւնաքամ հողու տակէն և ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը… Սիրտս փլած է…»

Ստորև ներկայացնում ենք պատմական գիտությունների դոկտ. պրոֆ. Վլադիմիր Պետրոսյանի «Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞՝ Արևմուտք» հրատարկաման պատրաստ գրքի առաջաբանը: Գրքում պրոֆ. Պետրոսյանը անդրադառնում է հենց վերոնշյալ կողմնորոշման խնդրին ու դրա կարևորությանը:

Երվանդ Խոսրվյան, 21 մայիսի, 2023 թ.

ՀԱՅԱՍՏԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ

ԱՌԱՋԱԲԱՆ

Հարգելի՛ ընթերցող, տարօրինակ մի՛ համարեք ձեր ուշադրությանը ներկայացվող աշխատության վերնագիրը։

Ի սկզբանե երեք ծովերի և չորս գետերի միջև ընկած հսկայական տարածքի կենտրոնը եղել է մարդկության հայ տեսակի ծագման վայրը։

 Հենց հայ տեսակի անունով էլ երկիրը կոչվել է Հայք կամ Հայաստան։ Այդ տարածքին նաև տրվել է աշխարհագրական անուն՝ Հայկական լեռնաշխարհ։

Այստեղ է ստեղծվել պատմությունից հայտնի առաջին հայկական պետությունը՝ Ուրարտու կամ Վանի թագավորություն անունով՝ իր անկրկնելի մշակույթով ու զարգացման մակարդակով։

Դժբախտաբար մեզ հայտնի չէ, թե ինչ է եղել Ուրարտուից առաջ։

Բայց, Ուրարտուից մեզ հասած մշակութային արժեքների մնացորդները վկայում են, որ մինչև Ուրարտու հայերը նույնպես ունեցել են բարձր մշակույթ։

Հետագայում՝ դարերի ընթացքում՝ հատկապես Արտաշեսյան հզոր թագավորության վերջին շրջանում և դրանից հետո, Հայաստանը հայտնվել է երկու հզոր տերությունների՝ Պարսկաստանի և Հռոմի, ապա Բյուզանդիայի միջև։

Այդ ժամանակներից սկսած Հայաստանը պատմական դժբախտ հանգամանքների հետևանքով դարձել է կռվախնձոր հարևան խոշոր պետությունների միջև։

Այդպիսի վիճակը շարունակվել է նաև պետականության կորստից հետո էլ։

Վերջապես, հայ ժողովրդի պատմության հերթական դժվար ժամանակաշրջաններից մեկում տեղի ունեցած շրջադարձն առաջացրել է  «Ռուսաստա՞ն թե՞ պարսկա-թուրքական տիրապետություն» հարցը։

Բարեբախտաբար ընտրությունը կատարվել է Ռուսաստանի կողմը։

Այժմ՝ 21-րդ դարի սկզբին, պատմական նոր շրջադարձը մեր առջև դրել է «Ռուսաստա՞ն թե՞ Արևմուտք» ընտրության հարցը։

Ահա այս պատմությունը, որը ներկայացվում է ձեր ուշադրությանը, վերաբերում է վերոհիշյալ ընտրությանը։

Արդեն 300 տարուց ավելի է, ինչ հայ հասարակական գիտակցության մեջ շարունակում է գոյություն ունենալ հետևյալ հարցը՝ «Ռուսաստա՞ն, թե՞ մյուսները»։

Այդ մյուսների մեջ եղել են Հռոմի կաթոլիկ եկեղեցին, Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, նույնիսկ՝ Թուրքիան։ Նշված մյուսները երբեմն էլ հանդես են եկել միասին։ Բայց, բոլոր ժամանակներում և պատմության բոլոր շրջադարձերին Ռուսաստանը հայ հասարակական մտքի մեջ մնացել է որպես հաստատուն մեծություն։

Հաստատուն մեծության կողմնակիցները մշտապես պաշտպանել են և այսօր էլ պաշտպանում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու գաղափարը։

Անհրաժեշտ եմ համարում  հիշել հայ ժողովրդի այն նշանավոր զավականերից մի քանիսին, որոնք կանգնել են ռուսական կողմնորոշման դիրքում։ Հիշենք նաև նրանց, ովքեր շարունակել են հավատարիմ մնալ այդ կողմնորոշմանը և կարևոր դեր են խաղացել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու գործում։

Հիշենք նրանց անուն առ անուն․ Իսրայել Օրի, Մինաս վարդապետ Տիգրանյան, Գանձասարի Կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյան, Մինաս վարդապետ Հելվեճյան, Հովսեփ Էմին, Էջմիածնի Կաթողիկոս Հովսեփ Արղության, Շահամիր Շահամիրյան,Մովսես Բաղրամյան,Էջմիածնի Եփրեմ Կաթողիկոս, Ներսես Աշտարակեցի, Խաչատուր Աբովյան, Հարություն Ալամդարյան, Մեսրոպ Թաղիադյան, Միքայել Նալբանդյան, Երեմիա Արծրունի, Գրիգոր Արծրունի, Մովսես Արղության-Երկայնաբազուկ, Միքայել Լորիս Մելիքյանց (Լորիս-Մելիքով), Գեներալ Հովհաննես Լազարյան, Գեներալ Արշակ Տեր-Ղուկասով, Գեներալ Բեհբուտ Շելկովնիկով, Հակոբ Ալխազյան, Կարապետ Եզյան, Ռաֆֆի, Մկրտիչ Սանասարյան, Աբգար Հովհաննիսյան, Սպանդար Սպանդարյան,Նուբար Նուբարյան, Խորեն Գալֆայան (Նար-Պեյ),Գևորգ Հախվերդյան, Գևորգ Եվանգուլյան, Ալեքսանդր Երիցյան, Գեներալ Վալերիան Մադաթյան, Ռաֆայել Պատկանյան, Հակոբ Պարոնյան, Թադևոս Պեկյան, Պերճ Պռոշյան, Պետրոս Սիմեոնյան, Անդրանիկ Օզանյան, Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Արշակ Չոպանյան, Սուրեն Սպանդարյան, Ստեփան Շահումյան, Պռոշ Պռոշյան, Արշակ Զուրաբյան, Ավետիք Իսահակյան, Արամ Մանուկյան, Հովհաննես Քաջազնունի, Ռոստոմ Զորյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Սահակ Տեր-Գաբրիելյան, Լեո (Առաքել Բաբախանյան), Եղիշե Չարենց, Ալեքսանդր Սպենդիարյան, Ալեքսանդր Թամանյան, Հակոբ Հակոբյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Մկրտիչ Ներսիսյան, Հովսեփ Օրբելի, Աբգար Օրբելի, Արամ Խաչատուրյան, Անաստաս Միկոյան, Հովհաննես Բաղրամյան, Հմայակ Բաբաջանյան, Հովհաննես Իսակով, Սարգիս Մարտիրոսյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Դերենիկ Դեմիրճյան, Ստեփան Զորյան,Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Վիկտոր Համբարձումյան, Մարտիրոս Սարյան, Գրիգոր Հարությունյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, Զավեն Գրիգորյան, Վաղարշ Վաղարշյան, Գուրգեն Ջանիբեկյան, Հրաչյա Քոչար, Նաիրի Զարյան, Էդվարդ Միրզոյան, Էդվարդ Աղայան և շատ ուրիշներ։

Վերոհիշյալ գործիչները ապրել են տարբեր ժամանակներում, ունեցել են տարբեր զբաղմունք, պատկանել են տարբեր դասակարգերի, եղել են հոգևորականներ, զինվորականներ, հասարակական գործիչներ, խմբագիրներ, պատմաբաններ, արվեստի և մշակույթի հայտնի գործիչներ։

Նրանց բոլորին միավորել է մի գաղափար, մի ձգտում՝ ամրապնդել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը և այդ միջոցով ոչ միայն ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը, այլև շենացնել ու զարգացնել Հայաստանը։

Եվ պատմությունը վկայում է, որ նրանք հասել են իրենց նպատակի իրականացմանը։

Ահա, թե ինչու վերոհիշյալ գործիչները ունեցել են հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների համակրանքն ու աջակցությունը։

Այդ ամենին հակառակ, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ հանդես են գալիս որոշ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ և դրանց հետևորդներ, որոնք լիբերալ արժեքների կրողներ են և, փաստորեն, գլոբալիզացիան անողոք միջոցներով տարածողներ ու պաշտպանողներ են։ Նրանք ձգտել են և ձգտում են հայ հասարակական գիտակցությանը պարտադրել արևմտյան տերությունների հետ հույսը կապելու երբեք հեռանկար չունեցող գաղափարի հետ։

Միաժամանակ իրենց հեռանկար չունեցող գաղափարը փորձում են ամրապնդել՝ Ռուսաստանի նկատմամբ ատելությունը սերմանելով, Ռուսաստանին վարկաբեկելով, Ռուսաստանին որպես հայ ժողովրդի թշնամի ներկայացնելով, կրկնելով անգլոսաքսերի հատուկ ծառայությունների խոհանոցում թխած սուտը։

Նրանցից մեկն էլ արտահայտել է ահավոր կեղծիք․ վերջերս հեռուստատեսային ընկերություններից մեկին տված հարցազրույցում պնդում էր, թե ինքը փաստեր ունի և կարող է ապացուցել, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպել է Ռուսաստանը։

Պատասխանելով վերոհիշյալ քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին՝ կամենում եմ հիշել հայ ժողովրդի ազգային արժեքները և հայկական քաղաքակրթությունը զանազան օտար ազդեցությունից վճռականորեն պաշտպանող և մեր հասարակական մտքի առաջին մեծության աստղեր Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին և Ավետիք Իսահակյանին։

 Հովհաննես Թումանյանը գրել է․ «Ով ելել է Ռուսաստանի հաջողության դեմ, նա ելել է հայկական հարցի հաջողության դեմ»։

Հովհաննես Թումանյանը նաև գրել է հետևյալը․ «Իրերի պատմական դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լինի ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապի Ռուսաստանի հաջողության հետ»:

Մեծն Կոմիտասը 1912 թվականին Արշակ Չոպանյանին ուղարկած նամակում գրել է․ «Ուրեմն չիք փրկութիւն արտաքոյ Ռուսիոյ․․․Պէտքէ նախ բոլոր հայերը համախմբուեն մէկ տէրութեան մէջ, մէկ օրենքի տակ, աճեն և զարգանան բարոյապես ու նիւթապես, և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերէ մեզ ազատութիւնը. շտապելով առաջինը չառած, երկ­րորդ քայլի դիմելով՝ բոլորովին պիտի կորչինք. տաճիկէն ոչ մի հոյս մի ունենաք, մի սպա­սեք…»։

Ավետիք Իսահակյանը գրել է․ «Մի ռուս կարմիր զինվորի ներկայությունը Հայաստանի հողերի սահմանի վրա արժե հազար Ազգերի լիգա, հազար Մակդոնալդ, և Էրրիո, հազար Լլոյդ Ջորջ և Վիլսոն։ Սա կատարյալ ճշմարտություն է»։

Հայ ժողովրդի մեծագույն գործիչները, իրենց գնահատականները հայտնելով, նկատի են ունեցել պատմության դասերը և պատմական փորձը։ Նրանք հիմնվել են հայ ժողովրդի գոյության ընթացքում տեղի ունեցած հետևյալ կարևոր իրադարձությունների վրա։

Առաջինը վերաբերում է պետականությունից զրկվելուց հետո հայ ժողովրդին բաժին հասած բազում դժբախտությունները, Հայաստանի ամայացումը, հաճախակի ավերիչ արշավանքների պատճառած ծանր կորուստները։

Բազմաթիվ անգամ այդ ավերիչ արշավանքներից հետո հայ մարդը իր մեջ ուժ է գտել ու սկսել է վերականգնել ավերված օջախը։ Սակայն, դեռ օջախի վերականգնումը չավարտած՝ նորից ենթարկվել է զավթիչների արշավանքին։

Այս ամենին անդրադարձ կլինի ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն աշխատության մեջ։

Մեր ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցած ավերածությունների և դրանց հետևանքները վերացնելու հայ մարդու վիճակը այլաբանորեն ներկայացրել է հայ նշանավոր բանաստեղծ, մանկավարժ, ազգային ու հասարակական գործիչ Ղազարոս Աղայանը իր «Ծիծեռնակ» բանաստեղծության մեջ։ Հիշենք այդ բանաստեղծությունը. «Ծիծեռնակ» Ծիծեռնակը բույն էր հյուսում, և՛ հյուսում էր , և՛ երգում, ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Մեկ անգամ էր նա բույն հյուսել և շատ անգամ կարկատել, բայց այս անգամ վերադարձին բույնն ավերակ էր գտել: Այժմ նորից բույն էր հյուսում, և՛ հյուսում էր , և՛ երգում, ամեն մի շյուղ կպցնելիս՝ առաջվա բույնն էր հիշում: Նա հիշում էր անցած տարին իր սնուցած ձագերին, որոնց ճամփին հափշտակեց արյունարբու թշնամին: Բայց նա կրկին բույն էր հյուսում, և՛ հյուսում էր, և՛ երգում: Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում:

Այնուհետև Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Ավետիք Իսահակյանը նկատի են ունեցել Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու նախօրյակին հայ ժողովրդի ծանր վիճակը և նաև Ռուսաստանին միանալու շնորհիվ հայ ժողովրդի բնաջնջումից փրկվելը։

Կարևոր եմ համարում հիշել նաև հետևյալը․

1804 թվականին առաջին անգամ ռուսական զորքը մեծ հայրենասեր Ներսես Աշտարակեցու ուղեկցությամբ մտել է Հայաստան։

Հարկ չկա անդրադառնալ 1826-1828 թթ. տեղի ունեցած ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ռազմական վերջին գործողություններին։ Միայն ուզում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել, թե այդ պատերազմի ընթացքում՝ 1827 թ. հոկտեմբերի 1-ին, ռուսական զորքերի և հայ կամավորների կողմից Երևանի բերդի գրավումը ի՞նչ է նշանակել հայերի համար:

Խաչատուր Աբովյանը, օրհնելով այն օրը, երբ ռուս զինվորը մտել է Հայոց աշխարհ,գրել է. «Դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէր ունենալ, ինչպէս Երևանու բերդի առնիլը հայերի համար…: Քանի Հայաստան իր փառքը կորցրել էր, քանի հայք իրանց գլուխն էին թրի տեղ թշնամու ձեռք քցել. էս օրը, էս ուրախությունը չէին տեսել, չէին վայելել»:

Երևանի գրավումը Հարություն Ալամդարյանը համարել է որպես «Հայաստան աշխարհի փրկությունն անգութ պարսիկների երկաթե հնոցից»:

Իսկ հեռավոր Հնդկաստանից Մեսրոպ Թաղիադյանը գրել է. «Աչքներդ լոյս, որ մեր քաղցր աշխարհքն պարսից դառը չարչարանքներից ազատվեց»:

Երևանի գրավմանը մասնակցած դեկաբրիստ Ե. Լաչինովը թողել է հետևյալ վկայությունը. «Հուզիչ է ազատագրված հայերի հրճվանքը: Սրտից է բխում  նրանց արտահայտած ուրախությունը: Նրանք իրենց երկիրը հարսանքատան են նմանեցնում, որտեղ հիմա ամեն ինչ ցնցում է»:

Այսպիսին է եղել ժամանակակիցների վկայությունը: Եվ մենք պարտավոր ենք այդ իրադարձություններին նայել հենց ժամանակակիցների աչքերով և մտնել նրանց վիճակի մեջ։

Կարևոր եմ համարում  ներկայացնել նաև Հովհաննես Թումանյանի հետևյալ գնահատականը. «Հայ ժողովուրդն ազատվում էր մի դժոխքից, որ նրա համար ստեղծել էր պարսկական կոպիտ ու խավար բռնակալությունը, որի վայրագությունը ոչ մի սահման ու չափ չէր ճանաչում, ո՛չ օրենք, ո՛չ իրավունք, ո՛չ խնդիր, ո՛չ աղաչանք, ո՛չ կրոն, ո՛չ սրբություն, ո՛չ կայք, ո՛չ կյանք, ո՛չ կին, ո՛չ պատիվ, ո՛չ ամոթ, ո՛չ խղճմտանք…Եվ այդ դժոխքի միջնաբերդը Երևանն էր»:

«Երևանի առումով,- շարունակել է մեծ հայրենասեր բանաստեղծը,- Ռուսաստանին միացավ Մասիսի էս կողմը գտնվող հայությունը, ու էդ օրվանից հայ ժողովրդի կյանքի ու պատմության մեջ բացվեց մի նոր շրջան: Կատարվեց Կովկասի հայության դարավոր տենչանքը»:

Պատերազմի ավարտից հետո հայ ժողովրդի մեծ բարեկամ և Ռուսաստանի դեսպան  Ալեքսանդր Գրիբոեդովը ցարի հաստատման համար Պետերբուրգ էր տարել Թուրքմենչայի պայմանագիրը։ Նա իր հետ է տարել նաև Ներսես Աշտարակեցուց ստացած հայ և ռուս ազգերի միջև բարեկամության պայմանագրի նախագիծը, որը կազմել էին Հովսեփ Արղությանը,Հովհաննես Լազարյանը, ռուս մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովը և Ռուսաստանի նշանավոր պետական գործիչ Գրիգորի Պոտյոմկինը։

Նիկոլայ Առաջին ցարի հրամանով ստեղծված պետական կոմիտեն քննարկել է նոր գրավված տարածքներն անվանելու հարցը։ Կոմիտեի անդամները համաձայնվել են այդ գրավված տարածքները կոչել «Երևանի պրովինցիա» անունով:

  Հենց այդ ժամանակ Պետերբուրգ հասած Գրիբոեդովը կոմիտեի անդամներին ներկայացրել է Ներսես Աշտարակեցուց ստացած վերոհիշյալ նախագիծը:

Գրիբոեդովի ներկայացրած բացատրությունը ընդունելով՝ կոմիտեի անդամները համաձայնվել են նրա առաջարկությանը և որոշել են գրավված տարածքները կոչել «Հայկական մարզ»։

 1828 թ. մարտի 21-ին՝ Թուրքմենչայի պայմանագրի վավերացման հաջորդ օրը, Նիկոլայ Առաջինը ստորագրել է հրամանագիր, որտեղ նշվել էր. «Պարսկաստանի հետ կնքված դաշնագրի համաձայն՝ հրամայում եմ. Պարսկաստանից Ռուսաստանին միացված Երևանի և Նախիջևանի խանություններն այսուհետև բոլոր գործերում անվանել Հայկական մարզ և մտցնել մեր տիտղոսի մեջ»:

Այս հրամանի համաձայն՝ Երևանի ժամանակավոր վարչությունը վերացվել է և ձևավորվել է Հայկական մարզի վարչություն, որը հայերեն թարգմանվել էր «Հայոց աշխարհ»:

Մեծ է Ռուսաստանին Արևելյան Հայաստանի միացման պատմական նշանակությունը:

«Եվ մի շարք ռուս-պարսկական պատերազմներից հետո,- գրել է Հովհ. Թումանյանը 1913 թ.-ի հունվարին,- վերջնականապես 1828 թվին Ռուսաստանը տիրեց Հին Սյունիքը, Գուգարքն ու Արարատյան երկիրը և միանգամ ընդմիշտ վերջ տվեց կոտորածներով, գաղթականություններով ու առևանգումներով հայտնի հայկական հարցին հայոց աշխարհի էս մասում  կամ ուրիշ խոսքով՝ պարսկա-հայկական հարցին: Մնաց տաճկա-հայկական հարցը» (Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր յոթերորդ, Երևան, 1995, էջ 12):

Հաճախ որոշ հեղինակներ պնդում են, թե Հայաստանը ոչ թե միացել է Ռուսաստանին, այլ Ռուսաստանը նվաճել է Հայաստանը:

Եթե մենք այդ պատմական իրադարձությանը նայենք պարսիկների աչքերով, այո, ճիշտ է, Ռուսաստանը Պարսկաստանից նվաճել է Արևելյան Հայաստանը:

Բայց մենք պարտավոր ենք այդ պատմական իրադարձությանը նայել մեր աչքերով՝ հաշվի առնելով այն ժամանակվա հայերի անելանելի վիճակը և դարավոր ստրկությունից փրկվելու հույսը: Այդպիսի դեպքում, իհարկե, պատմականորեն ճիշտ է, որ Հայաստանը միացել է Ռուսաստանին:

 Ռուսաստանին Արևելյան Հայաստանի միացումն ունեցել է բախտորոշ նշանակություն հայ ժողովրդի ճակատագրում։

Այդ բախտորոշ իրադարձության նշանակությունն ունեցել է հետևյալ արդյունքը

Առաջին. Միանալով Ռուսաստանին՝ Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգային համախմբման կենտրոն:

Երկրորդ. 1827 թ. Արևելյան Հայաստանում բնակվել է ընդամենը 25.151 հայ: Երեք տարի հետո այդ թիվը հասել է  82 հազարից ավելի: Արևելյան Հայաստանի հայ բնակչությունը փրկվել է ֆիզիկական ոչնչացման վտանգից:

Գտնվելով Ռուսաստանի և հետո Սովետական Միության կազմում՝ 1990 թ.-ին Հայաստանում հայ բնակչության թիվը հասել է մոտ չորս միլիոնի: Մեր հազարամյակների պատմության մեջ հիրավի եզակի երևույթ:

Երրորդ. Արևելյան Հայաստանն ընդգրկվել է Պարսկաստանի համեմատությամբ Ռուսաստանի ավելի զարգացած սոցիալ-տնտեսական, մշակութային պայմանների մեջ:

Չորրորդ. Ռուսաստանի և հետո էլ Սովետական Միության կազմում գտնվելու շնորհիվ՝ Հայաստանի հողի վրա պատերազմ չի եղել, ոչ մի օտար զավթիչ չի համարձակվել խանգարել հայ ժողովրդի խաղաղ կյանքը: Այդ ընթացքում հայ մարդը հնարավորություն է ունեցել կառուցել ու շենացնել իր երկիրը, ստեղծել բարձր զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ ու գիտություն:

Եվ այս ամբողջը հասկանալու և գնահատելու համար հարկավոր է հիշել Թուրքիայի տիրապետության տակ մնացած Արևմտյան Հայաստանի ճակատագիրը:

Հարկավոր է չմոռանալ, որ օսմանյան Թուրքիան դարեր շարունակ կեղեքել ու հալածել է արևմտահայությանը և իր գործադրած բռություններն ավարտել է 1915 թ. սկսած Հայոց ցեղասպանությամբ, որին զոհ է գնացել մեկ ու կես միլիոն հայ, և ամբողջովին հայթափվել է Արևմտյան Հայաստանը:

Ահա, վերջին հաշվով, հայ ժողովրդի ճակատագրում Թուրքիայի և Ռուսաստանի ունեցած դերի պատմական զուգահեռների գլխավոր տարբերությունը:

 Լիբերալ գլոբալիստները, Արևմուտքի ազդեցության գործակալները չեն ընդունում Ռուսաստանին Հայաստանի միանալու բախտորոշ և առաջադիմական նշանակությունը, մերժում են այս պատմական իրողությունը և կանգնել են մեր ազգային անվտանգության շահերին չհամապատասխանող դիրքում…

19-րդ դարի ընթացքում՝ Թուրքիայի դեմ մղած պատերազմների ժամանակ, Ռուսաստանին հաջողվել է գրավել Արևմտյան Հայաստանի զգալի տարածքներ։

Ռուսաստանի տարած հաղթանակների հետ մեծ հույսեր է կապել արևմտահայությունը՝ ձգտելով բոլոր հնարավոր միջոցներով օգնել ռուսական զորքերին։

Չնայած Ռուսաստանի տարած հաղթանակներին՝ արևմտյան տերությունները պաշտպանության տակ են վերցրել Թուրքիային և ստիպել են Ռուսաստանին Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներից հեռացնել իր զորքերը։

Արևմտյան տերությունների այսպիսի քաղաքականության հետևանքով առաջացել է հայկական հարցը:

Հայկակակ հարցը, որը բացառապես վերաբերում է Արևմտյան Հայաստանին, միջազգային դիվանագիտության պատմության մեջ այն եզակի հարցերից մեկն է, որով իր ծագման առաջին օրից զբավել են Արևմուտքի տերությունները:

Այդ տերությունների ղեկավարները տարբեր ժամանակներում տեղի ունեցած միջազգային բանակցությունների, կոնֆերանսների ժամանակ ցավակցել ու խոստումներ են տվել հայ ժողովրդին, խոսքով արտահայտվել են Հայկական հարցի արդարացի լուծման օգտին։

Բայց, ամեն անգամ, հենց որ ստեղծվել է այդ խոստումները գործնականորեն իրականացնելու հնարավորություն, վերոհիշյալ խոստումները մոռացվել են, և ընդունվել են այնպիսի որոշումներ, կնքվել են այնպիսի պայմանագրեր, որոնք Հայկական հարցն արդարացիորեն լուծելու փոխարեն, ավելի են խճճել դիվանագիտական լաբիրինթոսում:

Հայկական հարցին առնչվող յուրաքանչյուր ստորագրված միջազգային փաստաթղթի ընդունմանը (բանակցություններ, քննարկումներ, նոտաների փոխանակում, գրագրություն և այլն) նախորդել են որոշակի իրադարձություններ, որոնք ձևակերպվել են պայմանագրերով, արձանագրություններով:

Այդ փաստաթղթերը հատկապես վերաբերել են պատերազմների նախօրյակներին և դրանց հաջորդած ժամանակաշրջանին:

Ընդ որում, միշտ չէ, որ պատերազմի արդյունքն իրապես արտահայտվել է կնքված պայմանագրում: Սրանով են բացատրվում այն իրողությունները, որոնց հետևանքով կնքված պայմանագիրը չի արտահայտել պատերազմից հետո ստեղծված իրական վիճակը:

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն աշխատությամբ, հրապարակի վրա եղած փաստաթղթերի միջոցով ներկայացվում են հայկական հարցով շահագրգռված Արևմուտքի տերությունների քաղաքականությունը, նրանց գործողությունների էությունը և, վերջապես, նրանցից յուրաքանչյուրի նպատակը:

Կարծում եմ, որ այդ փաստաթղթերին ծանոթացող յուրաքանչյուր ընթերցող կհամոզվի, որ հայկական հարցն արդար լուծելու մասին Արևմուտքի տերությունների ղեկավար գործիչների արտահայտած նպաստավոր խոսքերի, խոստումների և նրանց իրական քաղաքականության մեջ, ինչպես ժողովուրդն է ասում, սար ու ձորի տարբերություն կա:

Պատմագրության մեջ ընդունված է, որ հայկական հարցը պաշտոնապես միջազգային դիվանագիտության մեջ արծարծվել է ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված 1878 թ․-ի Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում:

Սակայն, մեր համոզմամբ ճիշտ կլինի, եթե միջազգային դիվանագիտության մեջ հայկական հարցի արծարծման սկիզբը համարվի 1828-1829 թթ. տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված պայմանագիրը:

Այդ ժամանակից անցել է 194 տարի: Այդ ընթացքում Արևմուտքի տերությունների համաժողովներում, կոնֆերանսներում և այլուր  ինչքա՜ն է խոսվել հայկական հարցն արդար լուծելու մասին, ինչքա՜ն հայանպաստ խոսքեր են շռայլվել այդ երկրների պառլամենտներում, միջազգային ատյաններում, ինչպիսի՜ կրքոտությամբ են դատապարտվել թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանությունն իրագործելու, արևմտահայերին պատմական հայրենիքից զրկելու համար:

Անցած շուրջ 200 տարվա ընթացքում, ինչ հայկական հարցը դարձել է միջազգային դիվանագիտության առուծախի առարկա, նույնիսկ մի փոքրիկ հաջողություն չի արձանագրվել:

Մինչև օրս Հայկական հարցը մնացել է չլուծված: Դրա համար մեղքի ծանրությունն ընկած է Արևմուտքի այն տերությունների վրա, որոնք իրենց եսասիրական քաղաքականությամբ հովանավորել են թուրքական իշխանություններին և օժանդակել են նրանց՝ հայկական հարցը թուրքավարի լուծելու համար:

Եվ չնայած այդ ամենին՝ հայկական հարցը չի մոռացվել: Հայոց ցեղասպանությունից փրկվածների նորանոր սերունդները չեն մոռանում պատմական հայրենիք վերադառնալու սերնդեսերունդ փոխանցվող պատգամը:

1990-ական թվականներից սկսած Հայաստանում տիրող իրականության պայմաններում հանդես եկող վերոհիշյալ ազդեցության գործակալները, կորցնելով չափի զգացումը, համարձակվում են Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և Կոմիտասի գաղափարներին հավատարիմ մնացած մարդկանց անվանել 5-րդ շարասյուն՝ նրանց համարելով Հայաստանի անկախության և պետականության հակառակորդ և Ռուսաստանի շահերի պաշտպան։

Մերժելով Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանի փրկվելու բախտորոշ նշանակությունը՝ այդ ազդեցության գործակալները Ռուսաստանի նկատմամբ ունեցած ատելության պատճառով նույնիսկ չեն ուզում հասկանալ, որ հենց Ռուսաստանի շնորհիվ է, որ հնարավոր է եղել դարերի ընդմիջումից հետո ՝ 1918-1920 թվականներին, վերականգնել հայկական պետականությունը։

Այլապես Արևելյան Հայաստանի հայ ժողովուրդը կենթարկվեր ցեղասպանության, ինչպես եղել է Արևմտյան Հայաստանում։

Սա  է հայոց պետականության վերականգման պատմական ճշմարտությունը և այդ ճշմարտությունը իրականություն է դարձել միայն Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ գտնվելու շնորհիվ։

Ահա, թե ինչու Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի,Կոմիտասի և հայ ժողովրդի մյուս բազմաթիվ նշանավոր գործիչների գնահատականը պաշտպանել են բազմաթիվ սերունդների հետևորդներ։

 Վերոհիշյալ լիբերալները և գլոբալիզմի տարածողները Հայաստանի անկախությունը և պետականությունը պաշտպանելու մասին խոսքերով փորձում են կոծկել իրենց իսկական նպատակը, ձգտում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը կապել Արևմուտքի երկրների հետ։

Նրանց նպատակն է Հայաստանում արմատավորել արևմտյան արժեքներ՝ ապրելակերպ, միասեռ ընտանիք և այլ արատավոր բարքեր։

Եվ վերոհիշյալից ելնելով՝ առաջանում է հետևյալ օրինական հարցը։

 Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Կոմիտասի, ինչպես նաև նրանց գաղափարակից բազմաթիվ նշանավոր գործիչների տեսակետը պաշտպանողներն ե՞ն համարվում 5-րդ շարասյուն, թե՞ արևմտյան արժեքներ քարոզող լիբերալներն են դարձել 5-րդ շարասյունը։

Լիբերալ գլոբալիստներին, Արևմուտքի ազդեցության գործակալներին որպես ի գիտություն բերվում է հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի կարևոր և շատ իմաստալից հետևյալ գնահատականը․ «Կարեկցում եմ հայերին, որ երբևէ ներքաշվել են եվրոպական քաղաքականության մեջ։ Ավելի լավ կլիներ, եթե Հայաստան անունը երբեք արտասանված չլիներ եվրոպացի որևէ դիվանագետի կողմից» (Ֆրիտյոֆ Նանսեն, Հայաստանը և Մերձավոր Արևելքը,Երևան, 2020, էջ 233 )։

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն աշխատության մեջ անդրադարձ կլինի պատմական ու բախտորոշ շրջադարձերի ժամանակ հայ ժողովրդին օգնելու, աջակցելու և նրա փրկությանը նպաստելու գործում այսպես կոչված հավաքական  Արևմուտքի երկրների ունեցած դերին և տված խոստումներին։

Միայն անհրաժեշտ է նշել, որ նախորդ ժամանակներից մինչև այժմ արևմտյան տերությունները հայ ժողովրդին իրենց տված խոստումները չեն իրականացրել։ Եվ ցավալին այն է, որ արևմտյան տերությունների խոստումներին հավատացող գործիչները պատմության շրջադարձերի ժամանակ կրկնել են իրենց նախորդների թույլ տված սխալը, շարունակաբար տարել հայ ժողովրդին արևմտյան կողմնորոշման ճանապարհով։  Նրանք, ամեն անգամ ժողովրդին ծանր փորձությունների ենթարկելով, անհետացել են ասպարեզից՝ սպասելով նոր հարմար պահի՝ նորից ծառայելով արևմտյան տերությունների շահերին։

Հին Հունաստանի փիլիսոփաներից մեկն ասել է, որ նույնիսկ աստվածները չեն կարող փոխել անցյալը։ Սա հանրահայտ ճշմարտություն է։

Սակայն, մեր օրերում ազդեցության գործակալները հավակնում են ոչ միայն փոխել անցյալը, այլև կեղծել ու մոռացության մատնել այն ամենը, ինչը չի համապատասխանում  Արևմուտքի շահերին։ Իսկ Արևմուտքի շահերը պահանջում են ժխտել Ռուսաստանի առաջադիմական դերը և նրան ներկայացնել որպես հայ ժողովրդի թշնամի։

Հենց այդ նպատակով էլ ազդեցության գործակալները հայտարարում են, թե Ռուսաստանը շահագրգռված է Անդրկովկասում կոնֆլիկտներ առաջացնել՝ իր ներկայությունը ապահովելու համար։

Նրանք նաև պնդում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը չի հաստատվի, քանի դեռ Ռուսաստանը չի հեռացել Հայաստանից։ Եվ ամեն կերպ ձգտում են հանրային գիտակցությանը պարտադրել իրականությանը չհամապատասխանող այն տեսակետը, ըստ որի՝ «Ռուսաստանը միշտ եղել է հայ ժողովրդի թշնամի»։

Մինչդեռ պատմությունը փաստում է հակառակը․ հայ ժողովրդի ճակատագրում մեծ է եղել Ռուսաստանի ունեցած դերը։

Այս փաստը նույնիսկ չեն ժխտել Ռուսաստանի անհաշտ հակառակորդները։

Ահա երկու փաստ․

Առաջին․ Մեծ Բրիտանիայի նշանավոր պետական քաղաքական գործիչ Ուիլյամ  Գլադստոնը (1809-1889) տվել է հետևյալ գնահատականը․ «… Միլիոնավոր ճնշված ժողովուրդներին դաժան և ստորացուցիչ լծից ազատագրելով՝ Ռուսաստանը մարդկությանը ցույց է տալիս փայլուն ծառայություն, այնպիսին, որը կհիշի պատմությունը, ծառայություն, որը երբեք չի ջնջվի երախտապարտ ժողովուրդների հիշողությունից» (Литературная газета, 4-10 февраля 2016, стр.7): Գլադստոնի այս գնահատականը վերաբերում է նաև հայերին:

Գլադստոնին են պատկանում  նաև հետևյալ խոսքերը. «Ռուսները եղբայրանում են բառիս լիակատար իմաստով: Ռուսն ազատ է գերազանցության նախամտածված առավելության և մռայլ՝ մեծամտության այն տեսքից, որը մեծ չափով ավելի է բորբոքում ատելությունը, քան դաժանությունը: Ռուսը չի խուսափում օտար և ցածր ռասսաների հետ սոցիալական ու ընտանեկան շփումից»:

Երկրորդ․ Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը (1815-1898) գրել է. «Անգլիացիներն Ասիայում իրենց պահում են ավելի քիչ քաղաքակիրթ, քան ռուսները, նրանք չափից ավելի զզվանքով են վերաբերվում տեղական բնակչությանը և նրանց իրենցից հեռու են վանում, իսկ ռուսները, ընդհակառակը, դեպի իրենց են հրապուրում ժողովուրդներին, նրանց ընդգրկում են իրենց կայսրության մեջ, ծանոթանում են նրանց կյանքին և ձուլվում են նրանց հետ» («Комсомольская Правда», 22.11.2013).

Լիբերալ գլոբալիստ ազդեցության գործակալները քարոզում են, թե Ռուսաստանը թուլացել է և հեռանալու է Հայաստանից։ Դրանից հետո, ըստ այդ գործակալների՝ Հայաստանը հնարավորություն կունենա առևտրական և տնտեսական հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Ազդեցության գործակալները պահանջում են,որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցություններին չպետք է մասնակցի Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանը չի պաշտպանելու Հայաստանի շահերը։

Մինչդեռ, երբ 1918 թվականի հունիսի 4-ին Բաթում քաղաքում  և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլի բանակցությունների ժամանակ Թուրքիայի թելադրանքով հայկական պատվիրակությունը մերժել է Ռուսաստանի մասնակցությունը։

Դրա արդյունքով էլ Թուրքիայի հետ կնքնված պայմանագրերով նրան են զիջվել Հայաստանի կենսաբեր տարածքները,որի արդյունքով  Հայաստանի Հանրապետության սահմանները  դարձել է  9․000 ք կմ ։

1918 թվականի հունիսի 4-ին Բաթումի պայմանագիրը ստորագրելուց հետո Թիֆլիսում գտնվող Գերմանիայի ներկայացուցիչ Լոսևի խորհրդով ավելի թանկ վարձատրվող ազդեցության գործակալներ Ավետիս Ահարոնյանը և Ալեքսանդր Խատիսյանը, որոնց նշանավոր պատմաբան Լեոն անվանել է « Երևանի երեխա դիվանագետներ», մեկնել են Կ․ Պոլիս՝ Հայաստանի սահմանները ճշտելու նպատակով։

Նրանք  1915 թվականից երեք տարի անց հանդիպել են թուրքական սուլթանին, Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներ Թալեաթին ու Էնվերին և երախտագիտություն հայտնել՝ Հայաստանի Հանրապետությունը ստեղծելու համար։

Այդ նշանավոր ազդեցության գործակալները մոտ հինգ ամիս մնացել են Կ․Պոլսում։ Նրանք նաև Թալեաթի և Էնվերի հետ բանակցելու ժամանակ հայտարարել են, թե Թուրքիային Ռուսաստանի վտանգից պաշտպանելու համար հարկավոր է նրանց միջև ստեղծել մեծ և ուժեղ Հայաստան։

Դրան ի պատասխան՝ Թալեաթը և Էնվերը պահանջել են ստեղծել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ կոնֆեդերացիա, որի պայմաններում կչեզոքացվի Ռուսաստանից եկող վտանգը։ Խատիսյանն ու Ահարոնյանը համաձայնվել են այդ պահանջին,որի մասին նամակով հայտնել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունուն։

Բարեբախտաբար 1918 թվականի հոկտեմբերի վերջին Թուրքիան պարտվել է և Մուդրոսում ստորագրված դաշնագրով իր զորքերը հեռացրել է Անդրկովկասից։ Դրա շնորհիվ էլ Էնվերի ու Թալեաթի նախատեսած կոնֆենդերացիան չի ստեղծվել։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ Հայաստանի և հայ ժողովրդի վիճակը Թալեաթի և Էնվերի առաջարկած կոնֆենդերացիայի ստեղծման դեպքում։

Արևմուտքի տերությունների հրահրմամբ 1920 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի դեմ Թուրքիայի ագրեսիայի ընթացքում, «Երևանի երեխա դիվանագետներից» մեկը՝ Ավետիս Ահարոնյանը, շարունակաբար հանդիպում էր Արևմուտքի տերությունների ղեկավարներին, զանազան դիվանագետներին ու քաղաքական գործիչներին։ Նա խնդրում էր օգնություն ցույց տալ թուրքական ագրեսիային ենթարկված Հայաստանին։

Արևմտյան տերությունների ղեկավարները, որոնք մինչ այդ խոստումներ էին տվել, հրաժարվեցին Հայաստանին օգնել, որովհետև նրանց հարկավոր էր Թուրքիայի ուշադրությունը շեղել դեպի Անդրկովկաս։ Դրա հետ միասին Ազգերի լիգան նույնպես հրաժարվել է Հայաստանին օգնել՝պատճառաբանելով, թե Հայաստանի սահմանները որոշված չեն, և Հայաստանին չընդունեցին Ազգերի լիգայի անդամ։

Հայոց ցեղասպանությունից 6 տարի անց՝ 1921 թվականի փետրվարին, նույնպես թանկ վարձատրվող ազդեցության գործակալ Սիմոն Վրացյանը քեմալական Թուրքիայի անմիջական աջակցությամբ կազմակերպել է խռովություն։ Ճանաչել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրված պայմանագիրը։ Միաժամանակ Վրացյանը հայտարարել է, որ Հայաստանի փրկության համար անհրաժեշտ է հեռանալ Ռուսաստանից և ընդունել թուրքական կողմնորոշում։

Այսպիսով․ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այժմ՝ պատմական այս շրջադարձի ժամանակ, հայ իրականության մեջ կրկնվում է նույն փակուղի տանող քաղաքականությունը՝ հեռանալ Ռուսաստանից, լինել Արևմուտքի ու Թուրքիայի հետ։

Այսպես մտածողներին կամենում եմ հիշեցնել 1918 թվականի սկզբին ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի խոսքերը, որոնք նա ասել է ռուս զինվորներին զինաթափելու առաջարկության հեղինակներին։

«․․․Ռուսիա մեզի հսկայ ռազմամթերք, հարստութիւն, ուտելիք եւ հագնելիք թողուց, մենք պէտք չունինք անոնց քանի մը հատ հրացաններուն, մենք անոնց բարեկամութեան պէտք ունինք…: Այսպիսի քայլ մը մեր ցեղին, մեր անունին, մեր ասպետական ոգիին եւ ազգային առաքինութիւններուն հակառակ արտահայտութիւն մը պիտի ըլլա․․.»: Մեր միակ բարեկամը Ռուսիան է, եւ դուք ձեր աղէտաբեր ձեռնարկով զանոնք ալ կուզեք հեռացնել մեզմէ»: (Զօր Անդրանիկի Կովկասեան ճակատի պատմական օրագրութիւն, էջ 186-188):

Վերոհիշյալ «Երևանի երեխա դիվանագետներին» հետևելով՝ այժմյան լիբերալ գլոբալիստ ազդեցության գործակալները շարունակում են նրանց գործելակերպը։ Նրանք Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը նորից կապում են Արևմուտքի տերությունների հետ։ Եվ հետո,սուտը ստի վրա դնելով, միաժամանակ Ռուսաստանի նկատմամբ ատելությունը սերմանելու և Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու քարոզչությամբ, հասել են բանականության եզերքին՝ պահանջելով Հայաստանից հեռացնել ռուսական ռազմական հենակետը, իսկ Ղարաբաղից՝ ռուս խաղաղապահներին։

Դեռևս 18-րդ դարի 70-80-ական թվականներին Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը վերոհիշյալ պայմանագրի նախագծով Ռուսաստանի հովանավորությամբ հայկական թագավորությունը վերականգնելուց հետո կարևորել են Հայաստանում ռուսական զորքի ներկայությունը՝ հարևան մահմեդական զավթիչներից երկիրը պաշտպանելու համար։

Իսկ Հնդկաստանում գտնվող ազատագրական շարժման գործիչներ Շահամիր Շահամիրյանը և Մովսես Բաղրամյանը նախատեսում էին Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանում հաստատել հանրապետություն և երկիրը մահմեդական զավթիչներից պաշտպանելու նպատակով Հայաստանում  նույնպես պահել ռուսական զորք։

1828 թվականին՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, Հայաստանում մշտապես պահվել է ռուսական զորք։

Այդ ժամանակներից անցել է 200 տարուց ավելի։Արևմուտքից և Արևելքից  հարևան մահմեդական երկրները Հայաստանի նկատմամբ չեն փոխել իրենց քաղաքականությունը՝ մշտապես ձգտելով Հայաստանից ռուսական զորքերը հեռացնելով ոչնչացնել Հայաստանը։ Ավելացնենք,որ Արևմուտքի տերություններն էլ են միշտ ձգտել Հայաստանից հեռացնել ռուսական զորքերը՝ ելնելով բացառապես իրենց քաղաքական և ռազմական շահերից։

Այսպիսով ազդեցության գործակալները Հայաստանից և Ղարաբաղից ռուսական զորքերը հեռացնելու պահանջով ոչ միայն կատարում են Թուրքիայի ու Ադրբեջանի, այլև Արևմուտքի տերությունների վաղեմի նպատակը։

Մեզ մնում է փաստել,որ լիբերալ գլոբալիստ ազդեցության գործակալները ամբողջովին կորցրել են ժամանակի ու իրականության հետ կապը և եթե շարունակեն ընթանալ «Երևանի երեխա դիվանագետների» փակուղի տանող ճանապարհով, հազիվ թե խուսափեն պատմության դատաստանից։

Ընթերցողի ուշադրությանը ներկայացնելով սույն աշխատությունը՝ կամենում եմ ասել հետևյալը

1․ Գիտեմ, որ ոմանք ոչ միայն դժգոհություն կհայտնեն,այլև կփորձեն ամեն կերպ անվանարկել, զանազան պիտակներ կպցնել, նույնիսկ մեղադրել ինձ՝ իրենց կարծիքով ճշմարտության դեմ մեղանչելու համար։

Այդ կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ տասնամյակներ շարունակ իմ ուսումնասիրության առարկան է հայ ժողովրդի պատմությունը, և իմ ուշադրությունից չի վրիպել նաև հետևյալ իրողությունը։

 Տիգրան Մեծի օրոք հայրենի երկրի դեմ հանդես եկողներից մինչև վերջին Հայ Արշակունի թագավորների կործանման ջատագովներին, Վարդանանց պատերազմի ժամանակ հավատափոխ նախարարներից մինչև Պետրոս Գետադարձին, Կաթոլիկ եկեղեցու հայ քարոզիչներից մինչև Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայությանը «հավատարիմ հպատակ» հայտարարողներին, Հայոց ցեղասպանությունը իրագործած երիտթուրքական պարագլուխներին «ջենտլմեն» անվանողներից մինչև Թուրքիայի աջակցությամբ խռովության կազմակերպիչներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակից ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցողներից մինչև Գաղտնի բանակի հերոսներին մատնողներին հայ ժողովուրդը տվել է միանգամայն արժանի անվանում։

Սակայն, ես այդ անվանումը չեմ օգտագործել և դրա փոխարեն ընտրել եմ 20-րդ դարի կեսերից քաղաքացիական իրավունք ստացած կիրթ անվանումը՝ «կիրթ ազդեցության գործակալ»։

2․ Ուսումնասիրել եմ Հայաստանը շրջապատող երկրների պատմությունը, ինչպես նաև հայկական հարցի կապակցությամբ զանազան երկրների քաղաքականության պատմությունը։ Բազմաթիվ փաստական նյութի ուսումնասիրությունից ելնելով՝ ես նույնպես համոզվել եմ, որ հատկապես պետականության կորստից հետո Հայաստանի Արևելքում և Արևմուտքում հանդես եկած թուրքական իշխանությունները մշտապես ձգտել են պատերազմների միջոցով բնաջնջել հայ ժողովրդին և տիրանալ Հայաստանին։ Վերջին 30 տարիները այդ իրողության ապացույցն են։

Բազմաթիվ ուսումնասիրողների նման համոզվել եմ, որ հայկական հարցով զբաղվող Արևմուտքի տերությունները բացի խոստումներ տալուց գործնական որևէ օգնություն ցույց չեն տվել թուրքական պետության զավթողական քաղաքականության դեմ մարտնչող հայ ժողովրդին։ Վերջին 30 տարիներին տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ Արևմուտքի տերությունները նույնպես շարունակաբար խոստումները են տալիս՝ դրա հետ մեկտեղ պաշտպանելով  Ադրբեջանի շահերը։

Վերջապես, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ փաստերը, պատմական շրջադարձերի ժամանակ, երբ հայ ժողովրդին սպառնացել է ֆիզիկական բնաջնջման վտանգը, միակ երկիրը, որ գործնականորեն պաշտպանել է հայ ժողովրդին և նրան վերցրել է իր հովանավորության ներքո, եղել է Ռուսաստանը։ Վերջին 200 տարվա մեր ամբողջ պատմությունը այդ փաստի վկայությունն է։

Հույս ունեմ, որ ծանոթանալով սույն աշխատության մեջ արծարծված հիմնահարցերին` անաչառ ընթերցողը օբյեկտիվորեն կգնահատի, թե Հայաստանի ու հայ ժողովրդի համար ինչ նշանակություն է ունեցել և կունենա «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» հարցադրումը։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert