Բեռլին, ապրիլ 2023, Սամվել Հովասափյան

վերջին օրերին Հայաստանում հակառուսական հիստերիան այն աստիճանի է հասել, որ մի քանի օր առաջ պարոն Խզմալյանը Ազատության հեռուստակայանի հետ զրույցում, մի շարք առարկելի գաղափարներ արտահայտելով՝ ՌԴ-ի ու Հայաստանի երկկողմ հարաբերությունների շուրջ ու գուշակելով դրանցից ազատվելու պահի մոտեցումը, այն աստիճան վստահ խոսեց, որ արտահայտեց վերոհիշյալ նախադասությունը։ Որ ՌԴ-ի ու ՀՀ-յան  հարաբերություններն ու կնքված երկկողմ պայմանագրերը կիսագաղութային են, դա ոչ ոք չի առարկում, հարցը նրանում է, թե՝  ելքը ո՞րն է, ինչպե՞ս կարելի է դրանց բացասական երևույթները Հայաստանի համար ուղղել։ Երդվյալ հակառուսները գտել են իրենց խելքով՝ ամենահեշտ ելքը, ինչպես պարոն Խզմալյանն է առաջարկում՝ «ապահարզան» տալ ու վերջ։ Պահն ու լուծումը միանգամայն նպաստավոր են։  Արևմուտքը ՌԴ-ին ներքաշել է այնպիսի երկարաժամկետ, ու քայքայիչ մի պատերազմի մեջ, որի վերջը չի երևում, որի վերջը՝ նրանց ասելով, հավանաբար ՌԴ -ի կործանումն է։ Խզմալյանի կարծիքով, Եվրոպացիք Հայաստանի սահմանները դիտում են որպես Եվրոպայի սահմաններ, Հայաստանը դառնալու է Եվրոմիության, միգուցե նաև ՆԱՏՈ-ի անդամ, դա է մեր փրկությունը։ Ո՛ր բոլոր դարերում էլ նման ակնկալիքը, թե՝Կիլիկյան թագավորության ժամանակ և թե՝ վերջին երկու հարյուր տարիների փորձը, հայության համար կործանարար է եղել, նրանց չի էլ հետաքրքրում։ Ռուսն է մեր ձախորդությունների պատճառը և վերջ, ոչ մի առարկություն, կա մի շատ հեշտ միջոց՝ ռուսին տուն ուղարկել, «քաղաքակիրթ աշխարհի» անդամ դառնալ

            Նրանք սիրում են անտեսել, կամ հակառուսական թմրանյութը նրանց այնքան է թմրեցրել, որ նրանք չեն ուզում մտաբերել ու տեսնել, որ բոլոր ժամանակներում էլ, փոքր ու վտանգված երկրները, ժամանակի հզոր պետությունների գաղութը, կամ նրանց ազդեցության տակ են եղել։ Նույնն է այսօր։ Հայաստանում քաղաքական դաշտ մտած հակառուս երևելիների գովերգած՝ «քաղաքակիրթ աշխարհը» գոյություն ունի միմիայն առերես… Որտե՞ղ էր թաքնված այդ «քաղաքակիրթ աշխարհը, քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ, կամ որտե՞ղ է այսօր։ Պարոն Խզմալյանն ու նրա գաղափարակիցները այնքան են գերված այդ «քաղաքակիրթ աշխարհով», որ մեզ՝ այդ աշխարհում բնակվողներիս մոտ զարմանք է առաջացնում, որովհետև այդ աշխարհը երկու երես ունի, ներքին ու արտաքին քաղաքականություն։ Ընթերցողների համբերությունը չ՝ չարաշահելու համար միայն հիշենք երկրորդ պատերազմից հետո ԱՄՆ-ի ու մի շարք Եվրոպական պետությունների սադրանքներն, պետական հեղաշրջումներն ու մղած պատերազմների շարանը՝ Աֆրիկա, Լատին Ամերիկա, Իրան, Կամբոջա, Լաոս, Վիետնամ, Աֆղանիստան, Միջին Արևելք ևայլն…

            Ստորև նշված երկու անառարկելի օրինակներ՝ ամենախոսունն են, որովհետև կատարվել են մեր օրերում։

            1952 թվականին ԱՄՆ-ն Իրանում հեղաշրջում կատարեց ընտրված վարչապետ Մոսադեղի դեմ, որովհետև նա համարձակվել էր ազգայնացնել նավթարդյունաբերությունը, որը մինչ այդ Անգլիան համարյա ձրի արտահանում էր, վերադարձրին երկրից փախած շահին, նստեցրին գահին, փոխարենը նրանից նվեր ստացան նավթարդյունաբերական ոլորտի ու Իրանին զենք վաճառելու նպաստավոր պայմանագրեր։ Իսկ այդ միևնույն ժամանակ ԱՄՆ-ի եկեղեցականները, որպես՝ «բարերար» ու «քաղաքակիրթ աշխարհ»-ի ներկայացուցիչներ, չոր կաթ ու բրինձ էին բաժանում կարիքավոր ընտանիքներին…

            Եվրոպայի մի շարք փորձագետների  կարծիքով, հավանաբար Իրանում իսլամական հեղափոխություն տեղի չունենար, եթե Մոսադեղի կառավարությունը բռնի չտապալվեր ու եթե նա հնարավորություն ստանար, Իրանի համար նպաստավոր պայմանագրեր կնքելու այլ երկրների հետ… Հետո նրանք հրահրեցին Իրաք-Իրան պատերազմը, հետո վերջին տարիներին կիրառելով տարբեր պատժամիջոցներ, աղետալի վնաս հասցրին Իրանի տնտեսությանը։ Իրանի դրամը՝ թումանը,  դոլարի համեմատ արժեզրկվել է, ավելի քան տասը հազար անգամ։ Հարկ կա՞ ավելացնելու, որ Իրանի մոտ 80 միլիոն բնակչությունը, գերի է դարձել ԱՄՆ-ում իշխանությունների վրա Իսրայելի լոբիիստների ճնշմանը… ԱՄՆ-ից երբեմն լսվում են Իրան – Ադրբեջան հավանական պատերազմից, որի դեպքում ԱՄՆ-ն աջակցելու է Ադրբեջանին։  Ո՞վքեր են հրահրում այն, կամ՝ ովքե՞ր են շահելու նման անկանխատեսելի հետևանքներ ունեցող պատերազմից։ Ինչպիսի՞ կործանարար հետևանքներ կունենա այն՝ Հայաստանի համար։ Պատկերացնելն իսկ սարսափազդու է։

            Երկրորդ Օրինակը՝ Աֆղանիստանն է, բոլորը քաջատեղյակ են արևմուտքի կողմից այդ երկրի ժողովրդին հասցրած տառապանքներին, 1985 թվականին սկսված ու տևական պատերազմների հետևանքով։ Մասնագետների  կարծիքով՝ արևմուտքի ու Չինաստան – Ռուսաստան ապագա մրցակցությունը, գնալու է հեռավոր արևելքի հսկայական գազի ու նավթի պաշարներին ձեռնահաս ունենալու համար։ ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ, որքա՞ն միլիարդներ ծախսեցին, որքա՞ն զոհ տվին Աֆղանիստանում հաստատվելու համար, որպեսզի այդ երկրի վրայով գազն ու նավթը միջազգային շուկա հասցնեն։ Ապարդյուն։ Միակ ճանապարհը Կովկասն է։ Հայաստանն է, որը սեպի պես ճեղքում է այդ ճանապարհը, այո նաև ի չիք է դարձնում «գորշ գայլերի» ու Էրդողաների երազանքը՝ ստեղծել մեծ Թուրանական պետություն…

            Պարոն Խզմալյանը ամենայն համեստությամբ խոսում է Ռուսաստանին «ապահարզան տալ», այսինքն տուն ուղարկել։ Իսկապես լո՞ւրջ է նա, պատկերացնո՞ւմ է նա, թե՝ դա ի՞նչ է նշանակում։ Բոլորին, ովքեր չեն տառապում հակառուսական ախտով, պարզից էլ պարզ է, որ դա նշանակում է պատերազմ Ռուսաստանի դեմ, իսկ արևմուտքին Կովկաս հրավիրել, նշանակում է միևնույն ժամանակ, թշնամանալ նաև Իրանի հետ…

            Ապա պարոն Խզմալյան միայն մի րոպե, պատկերացրեք՝ մի փոքրիկ կղզյակ, չորս կողմից պաշարված թշնամի պետություններով։ Ինչպե՞ս եք ուզում գոյատևել։ Կարծո՞ւմ եք՝ ամերիկացի, անգլիացի, կամ ֆրանսիացի զինվորը կգա ձեզ պաշտպանելու, կամ՝ կգա ճանապարհ կբացի՝ ձեզ հաց հասցնելու համար…

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert