Սարդարապատ

20-րդ դարի երկրորդ տասնամյակը արձանագրվել է հայ ժողովրդի պատմության մեջ մի քանի բախտորոշ իրադարձություններով:

Այդ տարիներին հայ ժողովուրդը ապրեց իր պատմության ամենածանր ողբերգությունը՝ դարասկզբի աննախադեպ ու մահասարսուռ ցեղասպանությունը, որին զոհ դարձան շուրջ մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներ: Թվում էր, թե հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը այլեւս կանգ պիտի առներ, քանի որ «հայկական հարցը լուծված էր» հայերի ոչնչացմամբ եւ բռնի տեղահանությամբ:

Բարեբախտաբար թշնամու հաշիվները սխալ էին կատարվել, քանզի նույն ժողովրդի բեկորները Եղեռնից ընդամենը երեք տարի անց ի մի պիտի գային՝ կրկնելու Վարդանանց սխրանքը եւ Սարդարապատի դաշտի վրա կենաց ու մահու պայքարով վերջնական կործանումից փրկելու գեթ մեկ մասը պատմական Հայաստանի: Եւ եթե 1915-ը Ավագ Ուրբաթն է հայոց պատմության, ապա Սարդարապատի հերոսամարտը՝ Կիրակին է հայոց հաղթական հարության:

Արդարեւ՝ 1918-ի մայիսյան այս օրերին հայոց մայրաքաղաք Երեւանից եւ հոգեւոր կենտրոն Սուրբ Էջմիածնից ընդամենը 1-2 տասնյակ կիլոմետր այն կողմ այլեւս լուծվում էր մեկ հիմնական հարց՝ հայության լինել-չլինելու հարցը: Թվում էր, թե այլևս ոչ մի ուժ չի կարող փոխել արյունոտ իրադարձություների ընթացքը: Ուժերը, ինչպես 451-ին Ավարայրի դաշտի վրա, այնպես էլ այժմ, անհամեմատ անհավասար էին: Հայության հաղթանակը հրաշքի համազոր էր: Եւ այդ հրաշքը, փառք Աստծո, պատահեց եւ իրականություն դարձավ, որովհետեւ ամբողջ ժողովուրդը ոտքի ելավ` հոգեւորական ու աշխարհական, կուսակցական ու անկուսակցական, ծեր ու երիտասարդ, այր ու կին, հարուստ ու աղքատ: Եւ 1918-ի մայիս 22-27 օրերին Սարդարապատում հաղթանակեց հայության ապրելու կամքը:

Սարդարապատի մեծագույն դասը, որ ըստ իս պիտի սերտեն հայոց սերունդները այսօր եւ վաղը եւ ապագայում, այն է, որ մե՛նք տեր պիտի կանգնենք մեր հողին ու երկրին, պատմության ու ինքնության, մեր մշակույթին ու հավատքին: Տեր կանգնենք միասնաբար ու համախումբ, որովհետեւ «միասնությամբ փոքրերը մեծանում են» եւ արժանի դառնում մեծ հաղթանակների, ինչպես որ եղավ Բաշ Ապարանում ու Սարդարապատում։ Եւ ինչպես էր նաեւ Արցախում։ Այս հաղթանակները օդի ու ջրի պես անհրաժեշտ էին հայ ժողովրդին՝ ազատվելու համար զոհի ու սպանվածի, թույլի ու տկարի, խեղճ ու անճարակի բարդույթից:

Եւ շատ ցավալի է, որ մենք վերջին երեսուն տարիների ընթացքում չկարողացանք իմաստնությամբ փայփայել ու զարգացնել այդ պայքարների ու հաղթանակների արդյունքում վերընձյուղված Հայաստանի Հանրապետությունն ու ազատ Արցախը եւ ամրապնդել ու հզորացնել մեր պետականությունը։ Այլ մեր կարճատեսությամբ, անհավատարմությամբ, պետության հաշվին արագորեն հարստանալու մարմաջով, անձնական-ընտանեկան շահը պետական ու հավաքական շահից բարձր դասելով, իրար չսիրելով (կարելի է դեռ բազմաթիվ ուրիշ հիմնավոր պատճառներ նշել), ցավոք, մսխեցինք մաքառումով ու նահատակությամբ ձեռք բերած արդյունքները։ Եւ այսօր ազգովի դարձյալ հայտնվել ենք ծանր ու մտահոգիչ մի իրադրության առջեւ։ Արցախը բզկտված է, մնացորդացի գլխին էլ սեւ ամպեր են կուտակվել, իսկ Հայաստանի գլխին էլ կուտակվում են։ Հաղթանակած վիճակից մենք կրկին ընկանք խեղճ պարտվածի, խաղաղություն մուրացողի վիճակի մեջ, որն իր գոյության իրավունքի «կադաստրի վկայականը» պիտի ստանա իր ոչնչացումն երազող եւ քայլ առ քայլ իրագործող թշնամուց։

Խաղաղություն կնքում են ուժեղի հետ, որին թերեւս չեն սիրում, բայց հարգում են կամ ստիպված են հարգել։ Այս աշխարհի մեջ, ցավոք, խեղճ ու տկարին ո՛չ սիրում են, ո՛չ հարգում են, ո՛չ էլ բանի տեղ են դնում, այլ պարտության պայմանագիր ստորագրել տալիս, որն էլ մենք ստիպված ենք կոչել «խաղաղության պայմանագիր» կամ «կադաստրի վկայական»։

Ճնշիչ ու ցավեցնող է այս իրականությունը, որից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ է Սարդարապատի հրաշքը կրկին գործելու վճռակամություն։ Իմ կարծիքով՝ դրա առաջին ու որոշադրիչ քայլը, ինչպես բազմիցս ասվել ու կրկնվել է, ազգային համաձայնության կառավարության կազմությունն է՝ բոլոր առողջ եւ ունակ ուժերի մասնակցությամբ։ Միայն միասնական տքնությամբ կկարողանանք դուրս գալ այս օրհասական վիճակից։ Ես հավատում եմ, որ պատմության ծանր ու դաժան քառուղիներում, որոնց վրա մենք մեր ապրելու իրավունքի համար հաճախ ենք մեր արյունը հեղել, կոփված իմ ժողովուրդը ուժ կգտնի դուրս գալու այս թմբիրից եւ կկերտի նոր արշալույս։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert