ՆԱՆՍԵՆ 150

«Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ  հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում իր հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում և սպասում է, շարունակ սպասում է:Նա սպասում է մինչև օրս»:

Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150 ամյակն է :  Նա իր կյանքով ու գործով աշխարհի մարդկության ցավերն ու հոգսերը շալակած՝ շարունակում է պտտվել  արեգակի շուրջ: Աշխարհը պետք ուներ Նանսենին,  և բնությունը նրան պարգևեց մարդկությանը : Նանսեն գիտնականը, բևեռախույզը, մեծ մարդասերն ու հայ ժողովրդի անկեղծ բարեկամը,  պարտք չմնաց բնությանը,  և իր անսպառ տաղանդն ու կարողությունը շռլայորեն նվիրաբերեց մարդկության հոգսերի թեթևացման գործին, որից նաև բաժին հասավ եվրոպական մեծ պետությունների կողմից խաբված  հայ ժողովրդին:

Այս օրերին, երբ Հայաստանում և աշխարհի բոլոր այն երկրներում , ուր  ապրում են երախտագետ հայեր, որտեղ միջոցառումներ են կազմակերպում՝ ի հիշատակ  Ֆրիտյոֆ Նանսենի, երբ թերթերն ու համացանցը հագեցված է Նանսենով, դժվար է նոր բան ասել: Նանսենը, հայ ժողովրդին նվիրած իր «Խաբված ժողովուրդ»  գրքով արդեն իսկ ամենամեծ հուշարձանն է կառուցել ինքն իր համար, որը վերջացնում է հետևյալ տողերով.

«Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ  հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում իր հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում և սպասում է, շարունակ սպասում է:Նա սպասում է մինչև օրս»:

25 տարի առաջ էր: Նանսենի 125 ամյակի օրերին, Ստոքհոլմի Հայ- Շվեդական մշակութային կենտրոնի և Ուփսալայի հայ մշակութային միության մի խումբ անդամներ, որոշեցինք գնալ Նորվեգիա և ծաղիկներ դնել մեր ժողովրդին անմնացորդ նվիրված ու մեծ ծառայություններ կատարած Նանսենի գերեզմանին: Մեկնեցինք Օսլո: Պայմանավորված ժամին Նանսենի տուն թանգարանի առաջ մեզ դիմավորեցին Նանսենի թոռը՝ Այգիլ Նանսենը ( Eigil Nansen)-ը, ծոռը և տուն թանգարանի տեսուչը: Նրանք մեզ ընդունեցին հարազատի ջերմությամբ: Դժվար է նկարագրել այն ապրումները , որ  ունեցանք Նանսենի տան շեմին ոտք դնելիս: Նա տասնամյակներ այս տանն է ապրել, ստեղծագործել, ծրագրել իր անզուգական կյանքի գործունեությունը:  Նրա գրադարանի հայկական բաժնում խնամքով պահվում էին  գրքեր, լուսանկարներ, փաստաթղթեր ու այն ամենն, ինչ վերաբերվում է հայերին ու Հայաստանին:

Մեծ գոհունակությամբ լսեցինք տուն թանգարանի տեսուչի բացատրությունները Նանսենի տուն թանգարանում գտնվող ամեն մի առարկայի մասին: Այնտեղ ավելի խորը զգացինք, թե ինչպիսի տիտանական կամքի ուժ ու խորը գիտելիքների տեր է եղել աշխարհի հոգսերով ապրած  Նանսեն մարդը: Մեզ հետ բերած ծաղիկները, հայերեն և նորվեգերեն լեզուներով՝ հայ ժողովրդի  անկեղծ բարեկամ  Ֆրիտյոֆ Նանսենին գրությամբ , մեծ հուզումով զետեղեցինք նրա գերեզմանին, որը գտնվում է  տուն թանգարանի բակում: Ծունկի եկա մեր մեծ բարեկամի շիրիմի առաջ ու համբուրեցի շիրմաքարն ու նկատեցի, որ Նանսենի տապանաքարի վրա ծննդյան և մահվան թվականներ չկան: Պարզ է: Նանսենի մեծությունը ժամանակի մեջ չի տեղավորվում, նա և նրա գործն անմահ են: Չլիներ Ֆ. Նանսենը, աշխարհը շատ բան կկորցներ, մեր օրերում ունենայինք Նանսեն, աշխարհը շատ բան կգտներ…

 

Դոկտ. Արամայիս Միրզախանյան

13/11/2011, Ստոքհոլմ

 

Նանսենի գերեզմանի մոտ

Նանսենի տուն թանգարան

 

Տեղեկություններ Նանսենի 150 ամյակի մասին

http://past.am/am/news/11235/

http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1482

http://tert.hraparak.am/hodvac.php?h_id=4005

 

 

 
You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.
Share on Facebook

Leave a Reply

Powered by WordPress | Find BlackBerry Phones for Sale Online. | Thanks to Top Bank CD Rates, Free MMORPG Games and Home Information Packs
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net