Պարույր Սեւակ

ԱՂԱՉՈՒՄ ԵՄ

Աղաչում եմ,-
Մի՛ վրդովվեք, եթե ասեն
Փառասերին հենց փառասե՜ր,
Ո՛չ թե համեստ.
Սրիկային՝ հենց սրիկա՜,
Ո՛չ թե ազնիվ.
Հեռակային՝ հենց հեռակա՜,
Ո՛չ թե ներկա:

Աղաչում եմ,-
Մի՛ վախեցեք անկեղծ խոսքից.
Անկեղծ խոսքը չի սպանում,
Փակ խոցեր է միայն բանում։

Թե սոված եք և երեխա՝
Մի՛ վախեցեք լաց լինելուց.
Դե՜հ, քանի դեռ նա չի լալիս՝
Ծիծ չե՛ն տալիս։

Մի՛ վախեցեք
Ժանգոտ թասից ժանգ քերելուց.
Նա դրանից չի փչանա։

Մի՛ վախեցեք
Կեղծի մասին ճիշտ գրելուց.
Նա դրանից կքչանա։

Աղաչում եմ,-
Եվ թվաբա՜ն եղեք մի քիչ,
Բայց պայմանով այս ամոքիչ.
Ո՛չ թե ճշտին սուտ գումարեք,
Այլ բաժանեք սուտը ճշտին.
Ո՛չ թե վշտին գութ գումարեք,
Այլ բաժանեք գութը վշտին։
Եվ պարծեցեք ո՛չ թե հարցով.

Հպարտացեք լոկ լուծումով
Փակագըծի ճիշտ բացումով,
Մնացորդով
Ու քանորդով…

Աղաչում եմ,-
Եղեք նաև քիչ հոգեբան.

Եթե որդին տրտում երգով
Իր ծնողի մահն է սգում,
Աղաչում եմ, մի՛ ընդհատեք,
Ի՜նչ է թե նա…  լա՛վ չի երգում…

Աղաչում եմ,-
Այս և նման այլ հարցերում
Երբևիցե ինձ չաղաչե՜լ…

Պարույր Սեւակ

 

 
Powered by WordPress | Find BlackBerry Phones for Sale Online. | Thanks to Top Bank CD Rates, Free MMORPG Games and Home Information Packs
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net