ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Կարտերը՝ ԱՄՆ-ի  մասին․ «Քաղաքական    անսահմանափակ  կաշառք ընձեռող օլիգարխիա» և «Համաշխարհային պատմության մեջ ամենաշատ պատերազմ  մղած ազգը»:

Մեզ մոտ, ավելի շատ Հայաստանում, քան թե արտերկրում, տարբեր քաղաքական գործիչներ, տեսաբաններ, կուսակցությունների ղեկավարներ, միալար քաղաքակիրթ աշխարհի գովքն են անում ու ակնկալում են նրա հովանավորությունը։ Ակնհայտ է, որ այդ աշխարհը գլխավորում է ԱՄՆ-ը։ Ցավոք ԱՄՆ-ի գործադրած քաղաքականության էությունը ու դրա կործանարար հետևանքներն աշխարհի մի շարք ժողովուրդների համար բացահայտող գրքերը չեն թարգմանվում հայերենի կամ այդ հնարավորությունը մենք չունենք։ Ինչ որ է, արդյունքն այն է, որ մեզ մոտ հասարակության լայն շրջանները հնարավորություն չունեն ծանոթանալու այդ գրքերին ու այդ աշխարհի էությանը, ապա սխալ չէր լինի այստեղ կարճ անդրադառնալ, թե հենց միայն ԱՄՆ-ում, որոշ բանիմաց անձեր, ինչ կարծիք ունեն այդ երկրի մասին։

            Վերը նշված ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Կարտերի խոսքերը, ավելի քան ցայտուն են։ Նա նախագահ լինելով դեռևս իր մաշկի վրա զգացել է նման քաղաքականություն թելադրող անձերի ճնշումը։ Հայտնի է, որ նա հրաժարվեց երկրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել։

            ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը անաչառ ու ամենասուր քննադատողներից է հայտնի գիտնական ու լեզվաբան Նոամ Չոմսկին։ Նա դեռ ուսանողական տարիներին հաճախ էր ընդվզում ու իր համախոհների հետ ցույցեր կազմակերպում ԱՄՆ-ի՝ Վիետնամում, Կամբոջայում պատերազմ մղող ժամանակի իշխանությունների դեմ…

            2018-ին Ուլշտայն հրատարակչությունը Բեռլինում արդեն երրորդ անգամ հրատարակել է նրա վերոհիշյալ խորագրով գիրքը։ Հրատարակչությունը գրքի մասին գրում է․

            «Ամենուր ռազմական միջամտության գերակայությունը և միակ աշխարհակալ ուժը մնալու անողոք ձգտումը ամերիկյան քաղաքականության մշտական մասն են կազմում, նույնիսկ եթե այն մի շարք պետություններին քաոսի ու տեղի բնակչությանը ողբալի կացության մեջ է գցում։ Իսկ բուն երկրում՝ ԱՄՆ-ում, հակառակ դրան, հարուստներն ու հզորները, գրեթե ժողովրդավարական վերահսկողությունից դուրս, անարգել տիրություն են անում: Նրանց հետաքրքրում է միայն իրենց շահույթն ու ազդեցությունն առավելագույնի հասցնել. ամբողջ աշխարհի կլիմայի փոփոխությունն ու միջուկային զինանոցների սպառնալիքը նրանց բոլորովին էլ չի հետաքրքրում: Դա դեպի ո՞ւր է առաջնորդում մեզ։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն ողջ աշխարհի համար»։

Նոամ Չոմսկի-ն իր վերլուծության մեջ, որը, որքան ճշգրիտ է, նույնքան փայլուն, նկարագրում է ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականության ճակատագրական հետևանքները՝  առանց այն էլ մեր մոլորակի արդեն իսկ քաոսային գոյության համար։

            Գրքի առաջաբանում Չոմսկին գրում է․

            «Այն հարցին, որն այս գրքի վերնագիրն է առաջացնում, չի կարելի հասարակ ու հակիրճ պատասխան տալ։ Քանի որ աշխարհը շատ բազմածավալ է ու բազմաբովանդակ․ բայց դժվար չէ նկատել, թե որքան տարբեր են ունակությունները, համաշխարհային քաղաքականություն ձևավորել և ով է այս առումով, տարբեր՝ դերակատարների շարքում առավել հեղինակավոր ու ազդեցիկ»:

            Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ԱՄՆ-ն էր ու է՛ առաջինը անհավասարների մեջ։

            Նրանք են հիմնականում որոշում համաշխարհային մի շարք լայն խնդիրների շուրջ բանավեճերի պայմանները՝ Իսրայել-Պաղեստին, Իրան, Լատինական Ամերիկա, «ահաբեկչության դեմ պատերազմ», համաշխարհային տնտեսության կազմակերպում, իրավունք ու արդարադատություն, ինչպես նաև քաղաքակրթության գոյատևման վրա ազդող հիմնարար խնդիրների առկայությունը (միջուկային պատերազմ և շրջակա միջավայրի ոչնչացում):

            Սակայն ԱՄՆ-ի իշխանությունը անընդհատ անկում է ապրում այն բանից հետո, երբ 1945 թ. այն հասավ պատմականորեն իր աննախադեպ գագաթնակետին։ Իրենց անխուսափելի անկման արդյունքում ԱՄՆ-ը որոշ չափով իշխանությունը կիսեց «(դե  ֆակտո) գործնականում համաշխարհային կառավարության՝»  «Տիեզերքի տիրակալի» հետ, այսպես էին անվանում տնտեսական լրատվամիջոցները, առաջատար պետական կապիտալիստական երկրներին, G-7 երկրներին և այն հաստատություններին, որոնք նրանք վերահսկում են՝ «նոր կայսերական դարաշրջանում», ինչպես օրինակ՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունները:

            Իհարկե, «Տիեզերքի տիրակալները» ոչ մի դեպքում առաջատար պետությունների բնակչության ներկայացուցիչները չեն, քանի որ, նույնիսկ ժողովրդավարական երկըրներում քաղաքացիները միայն սահմանափակ ազդեցություն ունեն քաղաքական որոշումների վրա: Միացյալ Նահանգների դեպքում ականավոր հետազոտողները համոզիչ կերպով ապացուցում են, որ «տնտեսական բնագավառի ընտրյալներն ու կազմակերպված խմբերը, որոնք գործարարների շահերն են հետապնդում, բավականին անկախ ազդեցություն են բանեցնում ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության վրա, մինչդեռ միջին քաղաքացիներն ու զանգվածների շահերր հետապնդող տարբեր խմբեր՝ քիչ, կամ ընդհանրապես ազդեցություն չունեն»․․․

  Սամվել Հովասափյան, Բեռլին, հոկտեմբեր 2014