Եվրոպայի տնտեսական շահերի վաճառքի անատոմիան

Ինչպես Եվրոպան կարճաժամկետ շահույթի դիմաց զիջեց իր արդյունաբերական գիտելիքներն ու փորձը

Հեղինակ՝ Մարիաննա Վոլոնտե

Նախապես ծրագրված վաճառք

Եվրոպան իր արդյունաբերական հզորության զգալի մասը մեկ գիշերվա ընթացքում չկորցրեց։ Եվ դա պարզապես Չինաստանի կամ զարգացող այլ տնտեսությունների կողմից մեզանից խլված կարողություն չէր։ Մենք ինքներս այն փոխանցեցինք ուրիշներին դեռ տասնամյակներ առաջ՝ գիտակցաբար, աստիճանաբար և առաջնորդվելով այնպիսի տնտեսական տրամաբանությամբ, որն այն ժամանակ չափազանց համոզիչ էր թվում։ Ես հնարավորություն եմ ունեցել հետևելու այս վերափոխման գործընթացին ներսից՝ աշխատելով միջազգային գործարար իրավունքի և ֆինանսների ոլորտներում։

Իմ մասնագիտական կարիերան սկսվել է 1980-ականների սկզբին՝ որպես կրտսեր իրավաբան Շվեյցարիայի Ցյուրիխ և Լուգանո քաղաքներում գործող միջազգային իրավաբանական ընկերությունում։ Սկզբնական շրջանում մասնագիտացել էի միջազգային պայմանագրերի, մտավոր սեփականության, ընկերությունների միաձուլումների և ձեռքբերումների (M&A), ինչպես նաև հարկային պլանավորման ոլորտներում։

Եվրոպացի և միջազգային գործարարների հետ աշխատանքն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու այն ժամանակ գնալով ավելի բարդացող իրավական և ֆինանսական կառուցակարգերին, որոնք կիրառվում էին կորպորատիվ շահույթներն արագորեն առավելագույնի հասցնելու և հարկային բեռը նվազեցնելու նպատակով։ Դրանց թվում էին հավատարմագրային կառավարման կառույցները (տրաստները), առևտրային ընկերությունները և օֆշորային իրավազորությունները։

Այդ ժամանակ մեր հաճախորդների իրական, ֆիզիկական արտադրական ձեռնարկությունների զգալի մասը դեռևս գտնվում էր Եվրոպայում։ Սակայն արտադրությունն ավելի ցածր ծախսեր ունեցող արտասահմանյան երկրներ տեղափոխելու գործընթացն արդեն սկսվել էր։

1989 թվականին, կրտսեր գործընկերոջ կարգավիճակում յոթ տարի աշխատելուց հետո, որպես կորպորատիվ իրավախորհրդատու միացա Շվեյցարիայում և նրա սահմաններից դուրս գործող, օտարերկրյա սեփականություն հանդիսացող ունիվերսալ բանկի ղեկավար կազմին։

Հետագայում Շվեյցարիայի ներդրումային հիմնադրամների ասոցիացիայում ներկայացնում էի Օտարերկրյա բանկերի ասոցիացիան և ականատես եղա այն ժամանակ դեռևս ձևավորման փուլում գտնվող ներդրումային հիմնադրամների ոլորտի արագ զարգացմանը։

1996 թվականին հիմնադրեցի սեփական իրավաբանական ընկերությունը, որը, ի թիվս այլ ուղղությունների, մասնագիտանում էր ներդրումային հիմնադրամների կառուցվածքների իրավական և պայմանագրային ձևավորման մեջ։

Այսօր, հետադարձ հայացք նետելով, հասկանում եմ, որ այդ փորձառությունն ինձ բացառիկ հնարավորություն տվեց անմիջականորեն դիտարկելու միաժամանակ ընթացող երկու խոշոր վերափոխումներ՝ արտադրական գիտելիքների, փորձի և կարողությունների տեղափոխումն այլ երկրներ, ինչպես նաև արևմտյան տնտեսությունների աճող ֆինանսականացումը։

Անդիմադրելի թվացող գործարքը

Արտադրությունն Ասիա, հատկապես՝ Չինաստան տեղափոխելու օգտին բերվող փաստարկները սկզբում ներկայացվում էին որպես ինքնին ակնհայտ ճշմարտություններ։

Եվրոպական ընկերությունները կարող էին ապրանքներ արտադրել զգալիորեն ավելի ցածր ինքնարժեքով։ Սպառողները հնարավորություն կունենային ձեռք բերելու ավելի էժան ապրանքներ։ Ընկերություններն ավելի մրցունակ կդառնային միջազգային շուկաներում։

Ըստ այդ տրամաբանության՝ գիտելիքները, կապիտալն ու կառավարումը կմնային Եվրոպայում, մինչդեռ մեծ աշխատուժ պահանջող արտադրությունը կտեղափոխվեր այն երկրներ, որտեղ աշխատավարձերն ու մյուս ծախսերը շատ ավելի ցածր էին։

Մեզ համոզում էին, որ Եվրոպան կպահպանի այն ամենը, ինչն իսկապես կարևոր է՝ նորարարությունը, ռազմավարական մտածողությունը, ինժեներական ներուժը, մտավոր սեփականությունը, նախագծումն ու դիզայնը, կառավարումը և տեխնոլոգիական գիտելիքներն ու փորձը։

Իրականում, երբ 1990-ականների վերջին Ցյուրիխում սովորում էի բիզնեսի կառավարման մագիստրոսական (MBA) ծրագրում, անձամբ բախվեցի հենց այս ինքնավստահ մոտեցմանը։

Այն ժամանակ գերիշխող համոզմունքն այն էր, որ արտադրությունը ցածր ծախսեր ունեցող երկրներ տեղափոխելը գրեթե որևէ ռազմավարական վտանգ չի ներկայացնում, քանի որ Արևմուտքն, իբր, շարունակելու էր պահպանել գիտելիքներն ու տեխնոլոգիական առավելությունը։

Մեզ ասում էին, որ վատագույն դեպքում մյուս երկրները կարող էին փորձել ընդօրինակել մեզ և նույնիսկ որոշ չափով հաջողության հասնել, բայց նրանց ստեղծածը լինելու էր ընդամենը մեր արտադրանքի ոչ այնքան որակյալ պատճենը։

Այս ենթադրությունն արժանի է առավելագույն ուշադրության, քանի որ պատմությունը ցույց տվեց, թե որքան վտանգավոր պատրանք էր այն։

Արտադրությունը պարզապես ուրիշի մտավոր սեփականության մեխանիկական իրագործումը չէ։ Արտադրական գործընթացն ինքնին վերարտադրում և շարունակաբար նոր գիտելիքներ է ստեղծում։

Այնտեղ, որտեղ իրականացվում է արտադրությունը, ինժեներներն անմիջականորեն համագործակցում են արտադրական գծերի հետ՝ ներգրավվելով շարունակական ուսուցման և կատարելագործման գործընթացում։ Այդ գործարանների շուրջ ձևավորվում են նոր մատակարարներ, իսկ աշխատողներն աստիճանաբար ձեռք են բերում մասնագիտական նեղ հմտություններ։

Լուծվում են տեխնիկական խնդիրներ, կատարելագործվում են արտադրական գործընթացները, զարգանում են տեխնոլոգիաները, սակայն այս ամենն արդեն տեղի է ունենում մեկ այլ երկրում։

Տարիների և տասնամյակների ընթացքում արտադրության սովորական արտապատվիրումից (աութսորսինգից) կարող է ձևավորվել ամբողջական արդյունաբերական էկոհամակարգ։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ։

Ովքե՞ր շահեցին

Չափազանց պարզունակ կլիներ պնդել, թե եվրոպացիները գլոբալացումից որևէ օգուտ չեն ստացել։ Անկասկած, ստացել են։

Սպառողներին հասանելի դարձավ մատչելի գներով ապրանքների աննախադեպ լայն տեսականի։ Եվրոպական ընկերությունները կրճատեցին արտադրական ծախսերը և բարձրացրին իրենց մրցունակությունը։ Միջազգային առևտուրը նպաստեց նաև այն երկրների տնտեսական զարգացմանը, որոնք նախկինում դուրս էին մնացել համաշխարհային տնտեսական զարգացման այս գործընթացներից։

Սակայն այս հավասարման մյուս կողմը բավարար ուշադրության չարժանացավ։

Բաժնետերերի, ընկերությունների ղեկավարների, ներդրողների և ֆինանսական միջնորդների համար արտադրական ծախսերի նվազեցման, միջազգային կորպորատիվ կառույցների և հարկային պլանավորման բարդ մեխանիզմների համադրությունը ստեղծեց բացառիկ շահութաբերության և հարստության կուտակման հնարավորություններ։

Գլխավոր հարցն այն էր, թե ինչ տեղի ունեցավ այդ լրացուցիչ ֆինանսական եկամուտների հետ։

Եթե դրանց զգալի մասը շարունակաբար վերաներդրվեր Եվրոպայի իրական արտադրական տնտեսության մեջ՝ նոր գործարանների, տեխնոլոգիաների, մասնագիտական ուսուցման ծրագրերի, ինժեներական կարողությունների, ենթակառուցվածքների և արդյունաբերական հետազոտությունների զարգացման նպատակով, ապա երկարաժամկետ արդյունքը կարող էր բոլորովին այլ լինել։

Սակայն դրա փոխարեն հարկային պլանավորման և առավել շահավետ հարկային պայմանագրերի ընտրության մեխանիզմները (treaty shopping) հնարավորություն էին տալիս ստացված ֆինանսական շահույթները անանուն կերպով տեղաբաշխելու օֆշորային ֆինանսական կենտրոններում կամ ներդրումային հիմնադրամների տարբեր կառուցվածքներում։

Տնտեսության աճող ֆինանսականացումը ձևավորեց հզոր և նպատակային կառուցված խթանների համակարգ, որը կապիտալն ուղղորդում էր դեպի այն ներդրումները, որոնք ապահովում էին առավելագույն կարճաժամկետ եկամտաբերություն։

Բանկային ոլորտում իմ աշխատանքային փորձն ինձ հնարավորություն տվեց անձամբ տեսնելու համախմբված ներդրումային կառույցների՝ այլ կերպ ասած՝ ֆինանսականացման, աճող նշանակությունը։

Միաժամանակ ականատես եղա, թե ինչպես էր կապիտալն աստիճանաբար հեռանում այն անձնական հարաբերություններից, որոնք ավանդաբար գոյություն ունեին բանկիրի, ձեռնարկատիրոջ և ներդրողի միջև։

Նմանատիպ փոփոխություն տեղի ունեցավ նաև ընկերությունների և աշխատողների հարաբերություններում։

Ժամանակին եվրոպական գործարանի սեփականատերը լավ գիտակցում էր, որ իր ընկերության բարգավաճումն անքակտելիորեն կապված է աշխատողների, նրանց ընտանիքների և գործարանի շուրջ ձևավորված համայնքի բարեկեցության հետ։

Համաշխարհային մատակարարման շղթաները թուլացրին այդ կապը։

Տնտեսական արդյունավետությունը բարձրացավ, սակայն սոցիալական պատասխանատվությունն ուրիշներին փոխանցելը նույնպես շատ ավելի հեշտ դարձավ։

Ծախսը, որը չարտացոլվեց հաշվեկշռում

Այսպիսով, հիմնարար սխալը ոչ թե գլոբալացումն ինքնին էր, այլ այն, որ գլոբալացումը գնահատվում էր գրեթե բացառապես կարճաժամկետ ֆինանսական հաշվեկշռի տեսանկյունից։

Արտադրված ապրանքի գինը համեմատաբար հեշտ է հաշվարկել։ Սակայն արդյունաբերական և մշակութային ամբողջական էկոհամակարգի արժեքը հաշվարկել հնարավոր չէ նույն պարզությամբ։

Որքա՞ն արժե բարձր որակավորում ունեցող հաստոցավարների մի ամբողջ սերունդը։ Որքա՞ն արժե մասնագիտացված մատակարարների տարածաշրջանային ցանցը։ Ի՞նչ արժեք ունի ռազմավարական նշանակություն ունեցող բաղադրիչներ արտադրելու կարողության պահպանումը։

Ի՞նչ է տեղի ունենում համայնքների հետ, երբ անհետանում են լավ վարձատրվող արտադրական աշխատատեղերը։

Եվ ի՞նչ է պատահում մի ամբողջ մայրցամաքի հետ, երբ այն կախվածության մեջ է հայտնվում հեռավոր, ոչ թափանցիկ և դժվար վերահսկելի մատակարարման շղթաներից՝ ոչ միայն էժան սպառողական ապրանքների, այլև իր տնտեսական ապագայի համար կենսական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ապահովման հարցում։

Այս կորուստների և ծախսերի զգալի մասը երկար ժամանակ մնում է թաքնված և ի հայտ է գալիս միայն տասնամյակների ընթացքում։ Հենց դա էլ դրանք քաղաքական առումով անհարմար է դարձնում։

Եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները խրախուսում են անմիջական արդյունավետությունը։ Ընտրությունները խրախուսում են կարճաժամկետ, տեսանելի բարեկեցությունը։

Սակայն այս երկու մեխանիզմներից և ոչ մեկը բնականորեն չի խրախուսում այնպիսի որոշումներ, որոնց դրական արդյունքները կարող են տեսանելի դառնալ միայն քսան տարի անց։

Արդյունքում ձևավորվեց արտասովոր անհամաչափություն. մասնավոր շահույթները միջազգայնացվեցին, մինչդեռ երկարաժամկետ սոցիալական հետևանքների, այդ թվում՝ կորուստների զգալի մասը մնաց տեղական հասարակությունների ուսերին։

Սա պարտադիր չէ, որ եղած լիներ դավադրության կամ չարամտության հետևանք։ Դա դարձել էր սովորական գործելակերպ և մրցունակ մնալու անհրաժեշտ պայման։

Սակայն իրականում գործում էր շատ ավելի վտանգավոր մի երևույթ։

Ֆինանսական խթանների համակարգը հավակնոտ և հաջողության ձգտող մարդկանց մղում էր առավելագույնի հասցնելու իրենց անհատական շահը, ինչը միաժամանակ նշանակում էր հրաժարվել ամբողջ համակարգի կայուն և երկարաժամկետ զարգացման համար պատասխանատվությունից։

Ինչ պետք է աներ Եվրոպան

Այլընտրանքը երբեք չէր ենթադրում Եվրոպայի սահմանների փակում կամ յուրաքանչյուր գործարանի պահպանում՝ անկախ դրա տնտեսական ծախսերից։

Տնտեսական զարգացումը, ինչպես և մարդու անձնական զարգացումը, պահանջում է փոփոխություններին պատրաստ լինելու կարողություն։

Սակայն Եվրոպան պետք է կարողանար տարբերակել կարճատես, կարճաժամկետ առևտրային շահը և երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական ներուժի զիջումը։

Կառավարությունները կարող էին առաջադեմ արտադրական կարողությունների պահպանումը դարձնել ավելի գրավիչ՝ ապահովելով մրցունակ էներգետիկ ծախսեր, ողջամիտ հարկային քաղաքականություն, պետական սուբսիդիաներ, ներդրումային խթաններ, ժամանակակից ենթակառուցվածքներ և զգալիորեն նվազեցնելով բյուրոկրատական խոչընդոտները։

Կորպորատիվ հարկային համակարգերը կարող էին խրախուսել շահույթների վերաներդրումը Եվրոպայի արտադրական հզորությունների, աշխատուժի, գիտական հետազոտությունների և մասնագիտական կարողությունների զարգացման մեջ։

Սակայն առավել կարևոր էր այն, որ ռազմավարական գիտելիքներն ու տեխնոլոգիական փորձը պետք է դիտարկվեին որպես պաշտպանության կարիք ունեցող ազգային և տնտեսական արժեք։

Այն դեպքերում, երբ եվրոպական ընկերություններն իրենց արտադրությունը տեղափոխում էին արտասահման, քաղաքականություն մշակողներն ու հետազոտողները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեին այդ որոշումների երկարաժամկետ հետևանքները տեխնոլոգիաների, մտավոր սեփականության, կենսական նշանակություն ունեցող մատակարարման շղթաների և արդյունաբերական անկախության համար։

Միաժամանակ կրթական քաղաքականությունը պետք է ուղղված լիներ տեխնիկական մասնագիտությունների, ինժեներական կրթության և արհեստագործական ու մասնագիտական ուսուցման հեղինակության և հասարակական նշանակության պահպանմանը։

Պետք չէր թույլ տալ, որ ամբողջ սերունդներ սկսեին արտադրական գործունեությունը ընկալել որպես անցյալին պատկանող, իր ժամանակն ապրած տնտեսության ոլորտ։

Նոր հեռանկարներ

Արդյո՞ք արդեն չափազանց ուշ է։

Դիահերձումը սովորաբար կատարվում է մահից հետո՝ պարզելու համար դրա պատճառները։ Եվրոպայի արդյունաբերական տնտեսությունը դեռ ամբողջությամբ չի մահացել (առայժմ), ինչը նշանակում է, որ այս վերլուծությունը պարտադիր չէ ավարտել մահվան վկայականով։

Սակայն հնարավոր վերականգնումը նախևառաջ պահանջում է հոգեբանական բնույթի մի կարևոր քայլ՝ ընդունել, որ մշակութային, բարոյական և մտավոր գերազանցության մասին պատկերացումները երբեք արդարացված չեն, և որ առաջընթացի անվան տակ ժամանակին ողջունված որոշ գործողություններ հանգեցրել են այնպիսի հետևանքների, որոնք դրանց հեղինակները բացարձակապես չէին կանխատեսել։

Մարդկային վարքագծի ուսումնասիրության ոլորտում իմ հետագա և ներկայիս աշխատանքն ինձ սովորեցրել է, որ մարդիկ հաճախ համառորեն պաշտպանում են իրենց իսկ համար վնասակար գործողությունները հենց այն պատճառով, որ սկզբնական սխալն ընդունելը սպառնում է իրենց մասին ունեցած պատկերացումներին։

Սա հայտնի է որպես «արդեն կատարված ծախսերի մոլորություն» (sunk-cost fallacy)։

Որքան մեծ են վախն ու թույլ տրված սխալը, այնքան ավելի բուռն և հուզական է սովորաբար դառնում դրանց նկատմամբ արձագանքը։

Նման կերպ են վարվում նաև հաստատություններն ու պետությունները։ Որքան երկար է պաշտպանվել ձախողվող քաղաքականությունը, այնքան ավելի դժվար է դառնում այն վերանայելը և դրա հետևանքները շտկելը։

Հետևաբար, Եվրոպան այսօր կանգնած է հսկայական մարտահրավերի առջև, և Չինաստանին չպետք է մեղադրել նրա արդյունաբերական վերելքի համար։

Չինաստանը պարզապես հետապնդում էր իր սեփական շահերը, ներդրումներ էր կատարում արտադրական կարողությունների զարգացման մեջ, կրթում և մասնագիտացնում էր իր աշխատուժը և սովորում այն արտադրական հնարավորություններից, որոնցից Արևմուտքն ինքնակամ հրաժարվել էր։

Սակայն շատ ավելի անհարմար և դժվար հարցն այն է, թե արդյոք մենք նույն հետևողականությամբ պաշտպանել ենք մեր սեփական շահերը։

Տասնամյակներ շարունակ մենք շփոթել ենք ցածր գները բարեկեցության հետ, ֆինանսական եկամտաբերությունը՝ տնտեսական հզորության, իսկ մտավոր սեփականության նկատմամբ իրավունքի պահպանումը՝ գիտելիքների նկատմամբ մշտական վերահսկողության հետ։

Կայուն և ճգնաժամերին դիմակայելու ունակ տնտեսությանը անհրաժեշտ է ֆինանսական համակարգ։ Անհրաժեշտ է միջազգային առևտուր։ Անհրաժեշտ են շահութաբեր ընկերություններ։ Եվ անհրաժեշտ է աշխատուժ։

Սակայն, ի վերջո, ամենակարևորը ամուր համոզմունքն է, որ ոչինչ չի կարելի ընդունել որպես ինքնին տրված և հավերժ երաշխավորված իրողություն, և որ հասարակության յուրաքանչյուր անդամ ունի իր սեփական կարողություններն ու ռեսուրսները։

Մենք կարող ենք հասնել բավարարվածության և բարեկեցության՝ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում, միայն այն դեպքում, երբ հաշվի առնենք ամբողջ հասարակության կարիքներն ու շահերը։

Իմ կարծիքով՝ ներկայիս միտումը, երբ պետական հսկայական միջոցներ են ուղղվում պաշտպանական արդյունաբերության մեջ, միաժամանակ մեծացնելով պետական պարտքի հարաբերակցությունը տնտեսության ծավալին, չի կարող համարվել այն երկարաժամկետ և կայուն լուծումը, որին, հավանաբար, բոլորս կցանկանայինք հասնել։

Այս փուլում իրավիճակի արմատական շրջադարձը չափազանց դժվար է թվում։

Այնուամենայնիվ, ինչպես արտահայտել եմ իմ առաջիկա՝ «Գիտակցված եսասիրությունը առողջ հարաբերությունների բանալին է» (Conscious Egoism Is the Key to Healthy Relationship) գրքում, ես կիսում եմ Ուոլթ Դիսնեյին վերագրվող հայտնի համոզմունքը.

«Եթե կարող ես երազել դրա մասին, ուրեմն կարող ես նաև իրականացնել այն»։

Ես պարզապես կավելացնեի, որ այդ երազանքները պետք է ընդգրկեն ամբողջ հասարակության կարիքներն ու շահերը, այլ ոչ թե սահմանափակվեն որոշ մարդկանց կարճաժամկետ շահույթներով։

———————-

Մարիաննա Վոլոնտեն (Marianne Volonté) MyMarq-ի հիմնադիրն է։ Նա ավելի քան 30 տարի աշխատել է ֆինանսական ոլորտում՝ որպես փորձառու իրավաբան, միաժամանակ ղեկավարելով սեփական իրավաբանական ընկերությունը։

Հեղինակի էջերը և կապի միջոցները

Աղբյուրը՝ https://pascallottaz.substack.com/

  • Related Posts

    Հարգելի այցելու, հայցում ենք Ձեր ներողամտությունը. Կայքէջը վերկանգնման աշխատանքի ընթացքում է գտնվում

    You Missed

    Եվրոպայի տնտեսական շահերի վաճառքի անատոմիան

    Հարգելի այցելու, հայցում ենք Ձեր ներողամտությունը. Կայքէջը վերկանգնման աշխատանքի ընթացքում է գտնվում

    Հին կարգախոսների դիակի կշիռը

    Հին կարգախոսների դիակի կշիռը

    BRICS պահուստային արժույթը գալիս է – շուտով

    BRICS պահուստային արժույթը գալիս է – շուտով

    Նոամ Չոմսկի. ո՞վ է իշխում աշխարհում

    Նոամ Չոմսկի. ո՞վ է իշխում աշխարհում

    «Իսրայելը վերջին շունչն է քաշում»

    «Իսրայելը վերջին շունչն է քաշում»

    Here’s the Truth: It Is the Lack of a Two-State Solution That Most Threatens Israel

    Here’s the Truth: It Is the Lack of a Two-State Solution That Most Threatens Israel

    How the Neocons Chose Hegemony Over Peace Beginning in the Early 1990s – Jeffrey Sachs

    How the Neocons Chose Hegemony Over Peace Beginning in the Early 1990s – Jeffrey Sachs

    ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինայում կենսաբանական զենքի փորձարկումը

    ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինայում կենսաբանական զենքի փորձարկումը

    ԱՄՆ-ի անվտանգության ծառայողները, Հայաստանի իշխանությունների խորհրդատո՞ւ

    ԱՄՆ-ի անվտանգության ծառայողները, Հայաստանի իշխանությունների խորհրդատո՞ւ

    The Christmas Gift that Keeps Giving

    The Christmas Gift that Keeps Giving

    Armenia’s Misguided “Pivot to the West”

    Armenia’s Misguided “Pivot to the West”

    Հայաստանի ձախորդ «շրջադարձը» դեպի Արեւմուտք

    Հայաստանի ձախորդ «շրջադարձը» դեպի Արեւմուտք

    Վիկտո Օրբանի 10 կետից բաղկացած նամակ-առաջարկությունը Եվրոպական խորհրդի նախագահին

    Վիկտո Օրբանի 10 կետից բաղկացած նամակ-առաջարկությունը Եվրոպական խորհրդի նախագահին

    Jeffrey Sachs: The NATO Declaration & The Deadly Strategy Of Neoconservatism

    Jeffrey Sachs: The NATO Declaration & The Deadly Strategy Of Neoconservatism

    My message to the new world

    My message to the new world

    On Diplomatic Professionalism

    On Diplomatic Professionalism

    ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

    ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

    ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ( ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

    ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ( ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

    Մեզ անհրաժեշտ է Սարդարապատի հրաշքը. Սերովբէ Եպս. Իսախանեան

    Մեզ անհրաժեշտ է Սարդարապատի հրաշքը. Սերովբէ Եպս. Իսախանեան

    Մեր ճակատի դաջված սև բծի մասին

    Մեր ճակատի դաջված սև բծի մասին

    Խաղաղության գաղտնի պայմանագիրը կարող էր վերջ տալ Ուկրաինայի պատերազմին ընդամենը մի քանի շաբաթ անց

    Խաղաղության գաղտնի պայմանագիրը կարող էր վերջ տալ Ուկրաինայի պատերազմին ընդամենը մի քանի շաբաթ անց

    Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ

    Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ

    Ես,պատերազմի սերունդն եմ,ցեղասպանված ու անհայրենիք

    Ես,պատերազմի սերունդն եմ,ցեղասպանված ու անհայրենիք

    Եվրոպայի ոչ մի խոսքին չպետք է հավատալ, նույն գիշատիչներն են. Վլադիմիր Պետրոսյան

    Եվրոպայի ոչ մի խոսքին չպետք է հավատալ, նույն գիշատիչներն են. Վլադիմիր Պետրոսյան

    1921 թվականի մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի մասին

    1921 թվականի մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի մասին

    Կազինոյում խաղադրույքներ է անում՝ տանուլ տալով Հայաստանը. մենք պատրա՞ստ ենք նոր պատերազմի

    Կազինոյում խաղադրույքներ է անում՝ տանուլ տալով Հայաստանը. մենք պատրա՞ստ ենք նոր պատերազմի

    Ռուսաստանի հետ կապերի խզումն ինքնասպանություն կլինի Հայաստանի համար. Մակրոնը զոհաբերելու է Հայաստանը

    Ռուսաստանի հետ կապերի խզումն ինքնասպանություն կլինի Հայաստանի համար. Մակրոնը զոհաբերելու է Հայաստանը

    Վլադիմիր Պետրոսյանը անդրադառնում է մի շարք հարցերի

    Վլադիմիր Պետրոսյանը անդրադառնում է մի շարք հարցերի