Z սերունդը վերցնում է գործն իր ձեռքը. «Մերց, դու չես կարող մեզ կործանել խնայողությունների անվան տակ»։

«Gen Z regelt» նախաձեռնության երեք երիտասարդ կանայք բացատրում են, թե ինչու են փողոց դուրս գալիս՝ հանուն կրթության և սոցիալական ծախսերի կրճատումների դեմ։ Նրանց պայքարի շարժիչ ուժերից է նաև տնտեսական ճնշումը։

Բաշա Միկայի հոդվածը

Երիտասարդ, զայրացած և այլևս լռել չցանկացող։ Z սերունդը հոգնել է այնպիսի քաղաքականությունից, որն առանց իրենց կարծիքը հարցնելու որոշում է իրենց ապագան։ Ամբողջ աշխարհում երիտասարդները փողոց են դուրս գալիս՝ բողոքելով անարդարության, իշխանության չարաշահման և կյանքի անհանդուրժելի թանկության դեմ։

Ի՞նչն է շարժման մեջ դնում այս սերնդին։ Ինչպիսի՞ն են նրա պատկերացումներն ապագայի մասին։ Այս հարցերի շուրջ Բաշա Միկան զրուցում է «Gen Z regelt» նախաձեռնության անդամներ Էլլայի, Էմմայի և Կլարայի հետ։

Էմմա, Էլլա, Կլարա, ե՞րբ հասկացաք, որ արդեն բավական է, և ժամանակն է փողոց դուրս գալու։

Պարտադիր զինվորական ծառայությունը նույնպես քննարկման թեմա է։

Էլլա․ Իմ դեպքում չկար մեկ վճռորոշ պահ։ Այդ զգացումը տարիների ընթացքում է կուտակվել։ Չէ՞ որ մարդը պարզապես մի առավոտ զայրացած չի արթնանում ու որոշում փողոց դուրս գալ։

Կլարա․ Տարիների ընթացքում ինձ հուզող խնդիրներն ավելի ու ավելի շատացան․ որպես կին՝ բախվել սեքսիզմի, որպես քվիր անձ՝ քվիրների նկատմամբ թշնամանքի, ապա գիտակցել, որ այլ մարդիկ նույնպես խտրականության են ենթարկվում։ Դրան գումարվում են սոցիալական ծախսերի կրճատումներն ու ռազմականացումը։ Զգում եմ, որ ականատես եմ լինում, թե ինչպես է աշխարհն օրեցօր վատթարանում։ Պետք է ինչ-որ բան անել։

Դու ընդամենը 18 տարեկան ես, բայց տարիների մասին ես խոսում։ Ե՞րբ առաջին անգամ մտածեցիր, որ քաղաքականության մեջ ինչ-որ բան պետք է փոխվի։

Կլարա․ Հինգերորդ կամ վեցերորդ դասարանում, երբ ի հայտ եկավ «Fridays for Future» շարժումը։ Այդ ժամանակ փորձում էի դպրոցում աղբահավաքի ակցիաներ կազմակերպել։ Հետադարձ հայացքով դա ինձ բավականին աննշան է թվում, բայց ես ընդամենը տասնմեկ տարեկան էի։ Այսօր ուզում եմ ոչ թե առանձին խնդիրներ լուծել, այլ պայքարել ամբողջ համակարգի դեմ, որը ծնում է ճնշում և կյանքի անբարենպաստ պայմաններ։

Էմմա․ Ինձ վաղուց է մտահոգում այն փաստը, որ այս համակարգում ոչ բոլոր մարդիկ կարող են արժանապատիվ կյանքով ապրել։ Իսկ հիմա դաշնային կառավարությունը կրճատում է հենց կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ծախսերը։ Միաժամանակ միլիարդներ են ներդրվում սպառազինման մեջ, և խոսվում է պարտադիր զինվորական ծառայության վերականգնման մասին։ Վաղուց ժամանակն է ասելու՝ բավական է՛։ Հատկապես երբ Ֆրիդրիխ Մերցը դեռ մի բան էլ հայտարարում է, թե մենք բավականաչափ չենք աշխատում։

Դա վերաբերում էր ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողներին։ Այնուամենայնիվ, դուք զգացի՞ք, որ այդ խոսքերը նաև ձեզ էին ուղղված։

Էմմա․ Մերցը շարունակ անհավատալի անհարգալից վերաբերմունք է դրսևորում թե՛ երիտասարդների, թե՛ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների նկատմամբ։ Վերցնենք, օրինակ, միայնակ ծնողին, որն իր երեխաների պատճառով չի կարող լրիվ դրույքով աշխատել, բայց վճարովի աշխատանքի և երեխաների խնամքի վրա հանգիստ շաբաթական 40 ժամ է ծախսում։ Նման մարդկանց ծուլության մեջ մեղադրելը սաստիկ զայրացնում է ինձ։

Ձեր սերունդն այնքան էլ լավ համբավ չունի։ Ասում են՝ Z սերունդը չափազանց զգայուն է, դժվարությամբ է դիմանում ծանրաբեռնվածությանը, մեծ պահանջներ ունի և ցանկանում է հնարավորինս քիչ աշխատել։

Կլարա․ Դա ուղղակի անհեթեթություն է։ Երբ տեսնում եմ, թե որքան երիտասարդներ են պայքարում կյանքի ավելի լավ պայմանների, կրթության համար և սոցիալական ծախսերի կրճատումների դեմ, անհնար է պնդել, թե նրանք պատրաստ չեն ջանք գործադրել։ Ինչո՞ւ պետք է կյանքս նվիրեմ կարիերա կառուցելուն, եթե չեմ հավատում, որ քրտնաջան աշխատանքն ինքնաբերաբար բարեկեցության է հանգեցնում։ Այլ արժեքներ ունենալը դեռ չի նշանակում, որ ես ծույլ եմ։ Ինձ մտահոգում են աշխարհում տիրող տառապանքները։ Դա ինձ համար ավելի կարևոր է, քան իմ անձնական կարիերան։ Դրական եմ համարում այն, որ երիտասարդները պայքարում են ոչ միայն իրենց համար։

Էմմա․ Այսօր առավոտյան ժամը վեցին ենք արթնացել՝ ինստիտուտների աշխատանքն արգելափակելու համար։ Մենք ցույցեր ենք կազմակերպում, ակտիվ գործունեություն ծավալում համալսարանում, սովորում և դրան զուգահեռ աշխատում՝ բնակարանի վարձը վճարելու համար։ Եվ դրանից հետո մարդիկ պնդում են, թե մենք ծո՞ւյլ ենք։ Դա պարզապես անհարգալից վերաբերմունք է։

Էլլա․ Ցավալի է, որ այս ամենը վերածվում է սերունդների միջև հակամարտության, որի անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Խոսքը միայն մեր սերնդի ապագայի մասին չէ, այլ բոլորի համար կյանքի ավելի լավ պայմանների։ Այդ թվում՝ այն մարդկանց, որոնք արդեն 20 տարի լրիվ դրույքով աշխատում են և տուժում բնակարանների վարձավճարների աճից։ Մեզ մեղադրելու փոխարեն, թե դեռ չենք հասկացել կյանքը, ավագ սերնդի ներկայացուցիչները կարող էին մեզ հետ փողոց դուրս գալ։ Ինչո՞ւ մեզ հետ չեք պայքարում ձեր ապագայի համար։ Մենք կարող ենք միմյանցից սովորել։ Եվ երիտասարդներին պախարակելու փոխարեն, որ նրանք երբեմն փողոց են փակում, ավելի լավ կլիներ հարցնել, թե ինչու են դա անում։ Գուցե այդ ժամանակ վերջապես լրջորեն խոսենք կլիմայական քաղաքականության և մյուս խնդիրների մասին։

Ձեր բողոքի շարժումը կոչվում է «Gen Z regelt» («Z սերունդը գործն իր ձեռքն է վերցնում»)։ Նախորդ սերունդներն ի՞նչ են այդքան հիմնովին ձախողել, որ հիմա դուք պետք է շտկեք իրավիճակը։

Կլարա․ Ներկայում տեղի ունեցող իրադարձությունները հատկապես մեզ են առնչվում։ Օրինակ՝ պարտադիր զինվորական ծառայության նախատեսվող վերականգնումը։ Դա շատ երիտասարդների է անհանգստացնում…

…Բայց հնարավոր պարտադիր զինվորական ծառայությունը քեզ չի վերաբերում…

Կլարա․ Բայց ես շատ տղա ընկերներ ունեմ և չեմ ուզում, որ պատերազմի դեպքում նրանք ստիպված լինեն ռազմաճակատ մեկնել ու զոհվել։ Բացի այդ, պատերազմն ու ռազմականացումը հետևանքներ են ունենում ողջ հասարակության համար։ Սարսափելի է այն միտքը, որ մարդկանց կարող են ստիպել այլ երկրներ մեկնել, այնտեղ սպանել ուրիշներին կամ իրենք զոհվել։

Պատերազմներ, կլիմայական ճգնաժամ, քաղաքական աջ շրջադարձ, սոցիալական անհավասարություն. այս ամենից ի՞նչն է ձեզ ամենաշատը վախեցնում։

Էմմա․ Ամեն ինչ միաժամանակ։ Նախկինում գոնե գոյություն ուներ կապիտալիստական այն խոստումը, որ եթե բավականաչափ քրտնաջան աշխատես, մի օր կյանքդ կբարելավվի։ Այսօր, երբ զրուցում եմ ընկերներիս հետ, նրանցից ոչ ոք լավատեսորեն չի նայում ապագային…

Չես ուզում ասել, չէ՞, որ դու էլ ես երբևէ ունեցել այդ կապիտալիստական երազանքը։ Ամենևին այդպիսի տպավորություն չես թողնում։

Էմմա․ Ո՛չ, ամենևին։ Ես էլ չեմ հավատում այդ խոստմանը։ Կապիտալիստական համակարգում միայն քչերը կարող են հաջողության հասնել։ Բայց նախկինում գոնե ավելի լավ կյանքի հույս կար։ Մեր սերնդի շատ ներկայացուցիչներ նույնիսկ չեն կարող պատկերացնել, թե ինչ վիճակում կլինեն հինգ տարի անց։ Միայն երբ սկսում ենք քաղաքականապես համախմբվել, նորից հույս եմ զգում։

Որտեղի՞ց են գալիս ապագայի հանդեպ ձեր այս ճնշող վախերը։

Էլլա․ Դրանք ամենուր են։ Մեր կյանքն ավելի ու ավելի է տեղափոխվում համացանց։ Այնտեղ ամեն օր ամենասարսափելի բաներն ես տեսնում՝ պատերազմ, բռնություն, կանանց՝ իրենց սեռով պայմանավորված սպանություններ։ Արթնանալուց անմիջապես հետո՝ արդեն Instagram-ի լրահոսում։ Իսկ դրանց արանքում՝ գովազդներ, խոհարարական տեսանյութեր և նոր գնված հագուստի ցուցադրություններ։ Մի կողմից՝ սարսափելի բաներ են տեղի ունենում, մյուս կողմից՝ բոլորը ձևացնում են, թե ամեն ինչ բնականոն է…

…Եվ անչափ հրաշալի…

Էլլա․ Ճիշտ այդպես։ Մինչդեռ զգում ես, որ ամեն ինչ դեպի կործանում է գնում։ Ես ինքս երկար ժամանակ չէի կարողանում պատկերացնել, թե որտեղ կլինեմ նույնիսկ մեկ տարի անց։ Հիմա ուսումս ավարտելու շեմին եմ և մտածում եմ, թե ինչպես պետք է հաստատվեմ աշխատաշուկայում։ Միաժամանակ պետք է բնակարանիս վարձը վճարեմ։ Ընկերներիցս ոմանք մշտապես վախենում են կորցնել իրենց ուսանողական պետական ֆինանսական աջակցությունը (BAföG), քանի որ դրա հետևանքով կարող են նաև բնակարանից զրկվել։

Այսինքն՝ տնտեսական ճնշո՞ւմն է ձեզ այդքան ծանր դրության մեջ դնում։

Էլլա․ Այո՛, ապրուստի միջոցների հետ կապված վախերը, որոնք ստվերում են մնացած ամեն ինչ։ Ինչ-որ պահի այլևս ուժ չի մնում ձևացնելու, թե ամեն ինչ կարգին է։

Դու նկարագրում ես, թե ինչպես են սոցիալական ցանցերն ուժեղացնում այդ տրամադրությունը։ Իսկ ցանկություն չի՞ առաջանում հեռախոսը մի կողմ դնելու և ընկերուհիների հետ հանդիպելու։

Էլլա․ Հենց դա էլ հիմա տեղի է ունենում։ Երիտասարդական բողոքի ցույցերը վկայում են, որ մարդիկ հեռախոսները մի կողմ են դնում, քանի որ այլևս չեն ցանկանում անգործ դիտորդ մնալ։ Նրանք միասին փողոց են դուրս գալիս և որոշ չափով վերագտնում իրավիճակի վրա ազդելու իրենց կարողության զգացումը։

Էմմա․ Բայց իրականությունը չի փոխվում միայն այն պատճառով, որ ես հեռախոսս մի կողմ եմ դնում։ Սոցիալական ցանցերը միաժամանակ և՛ անեծք են, և՛ օրհնություն։ Առանց համացանցի բողոքի ցույցերը հազիվ թե նման ծավալների հասնեին։ Իհարկե, ամեն օր աշխարհում տիրող տառապանքներին առերեսվելը խորացնում է հոգեկան ցավը։ Բայց համացանցը նաև զանգվածաբար համախմբվելու հնարավորություն է տալիս մեզ։

Իհարկե, Z սերունդը միատարր չէ։ Այնուամենայնիվ, այժմ բազմաթիվ երկրներում բողոքի ցույցերի ականատես ենք լինում, որոնց հիմնական մասնակիցները երիտասարդներն են։ Որտեղի՞ց հանկարծ առաջացավ այդ կայծը։

Էմմա․ Դա այնքան էլ հանկարծակի տեղի չունեցավ։ Դժգոհությունը բոլորի մեջ տարիներ շարունակ կուտակվել է։ Եվ երբ երիտասարդները տեսնում են, որ միաժամանակ բազմաթիվ երկրներում ցույցեր են անցկացվում, դա նրանց հույս է ներշնչում։ Ֆրանսիայում կառավարությունն արդեն որոշ զիջումների է գնացել, թեև դրանք բավարար չեն։ Վճռորոշ նշանակություն ունի այն, որ համախմբվեն ոչ միայն դպրոցականները, այլև ուսանողներն ու աշխատողները։ Փողոց դուրս եկած հարյուր հազարավոր կամ միլիոնավոր մարդիկ կարող են հսկայական ճնշում գործադրել։

Փողոցային պայքարը՝ ընդդեմ անհուսության։

(Երեքն էլ բարձրացնում են բռունցքներն ու ծիծաղում։)

Զրուցակիցները

Էլլան 22 տարեկան է, Բեռլինի Հումբոլդտի համալսարանում ուսումնասիրում է անգլերեն և գենդերային գիտություններ։ Քաղաքականապես ակտիվացել է ֆեմինիզմի միջոցով։

Կլարան 18 տարեկան է, Հումբոլդտի համալսարանում ուսումնասիրում է սոցիալական գիտություններ և արդեն մեկ տարի է՝ քաղաքական գործունեություն է ծավալում։

Էմման 24 տարեկան է, Բեռլինի Ազատ համալսարանում սովորում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մասնագիտությամբ։ Հոկտեմբերին զբաղվել է «Gen Z regelt» նախաձեռնության մամուլի հետ կապերով։

Երեքն էլ ակտիվ գործունեություն են ծավալում Սոցիալիստական-ժողովրդավարական ուսանողական միությունում, որը Ձախ կուսակցության կազմակերպություններից է։ (FR)

Կլարա․ Այո՛, երբ հարյուր հազարավոր մարդկանց հետ մասնակցում ես ցույցի և գիտես, որ նույնը կատարվում է նաև այլ վայրերում, դա անչափ մեծ հույս է ներշնչում։ Դրանից էլ առաջանում է պայքարը շարունակելու մոտիվացիան։ Ցույցերի ժամանակ կարելի է հասնել մարդկանց և ցույց տալ, թե ինչպես կարող են նրանք ներգրավվել քաղաքական գործունեության մեջ։ Նա, ով արդեն մեկ անգամ փողոց է դուրս եկել, գուցե նաև մասնակցի քաղաքական որևէ հանդիպման։ Դա բոլորովին այլ բան է, քան պարզապես Instagram-ում կարճ տեսանյութ դիտելը։ Այնուամենայնիվ, փողոցն, իհարկե, քաղաքական պայքարի միակ հարթակը չէ։

Իսկ իրականում ո՞վ է ղեկավարում «Gen Z regelt»-ի գործունեությունը։ Ինչպե՞ս են կազմակերպվում համագերմանական բողոքի ցույցերը։

Էմմա․ Բողոքի ցույցերը նման ծավալների են հասել նաև այն պատճառով, որ համացանցային երևույթ են։ Մարդիկ առցանց համախմբվել են և բազմաթիվ քաղաքներում պաշտոնապես գրանցել բողոքի ցույցերը։

Եվ չկար որևէ մեկը, ով ասեր՝ սրանք են մեր պահանջները, մեր դաշնակիցները և բողոքի մեր ձևերը։

Էմմա․ Տարբեր վայրերում տարբեր պահանջներ կան։ Ընդհանուրն առաջին հերթին սոցիալական ծախսերի կրճատումների, ռազմականացման և պարտադիր զինվորական ծառայության վերականգնման դեմ բողոքն է։ Ես ինքս մասնակցում եմ Բեռլինի Ազատ համալսարանում ուսանողական գործադուլի կազմակերպմանը։ «Gen Z regelt»-ը կոշտ կառուցվածքով կազմակերպություն չէ, այլ մեր սերնդի շարժում։ Սա հստակ հայտարարություն է՝ մենք հիմա գործն առնում ենք մեր ձեռքը, որովհետև ուրիշ ոչ ոք դա չի անում։ Եվ մեզ կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր նպատակները՝ անկախ սերնդային պատկանելությունից։

Ձեր պահանջներն այնքան լայն են ձևակերպված, որ կարող էիք պարզապես ասել՝ մենք ուզում ենք ավելի լավ աշխարհ։

Էլլա․ Հենց դա էլ մեր նպատակն է՝ բարելավել կյանքի պայմանները։ Ինչո՞ւ չպետք է համախմբվեն այն մարդիկ, որոնք չեն կարող ֆինանսավորել իրենց ուսումը, որոնց դպրոցները կիսավեր վիճակում են կամ որոնց արձակուրդի օրերը կրճատվում են։ Իհարկե, կան կարմիր գծեր։ Մենք չենք աջակցելու աջակողմյան դիրքորոշումներին։ Բայց մենք ցանկանում ենք միասին պայքարել կյանքի շարունակական թանկացման և բազմաթիվ մարդկանց կենսապայմանների վատթարացման դեմ։

Դպրոցականների համադաշնային համաժողովը հեռու է մնացել ձեր բողոքի ցույցերից և քննադատել թափանցիկության պակասը։ Ի՞նչն այնպես չգնաց։

Էմմա․ Ըստ երևույթին, համադաշնային մակարդակով համակարգման ընթացքում որոշ բաներ չեն ստացվել։ Որոշ գործընթացներ պարզապես այնքան էլ լավ չեն ընթանում։ Բայց այժմ, կարծես, փորձեր են արվում վերականգնելու երկխոսությունը։ Դպրոցականների համադաշնային համաժողովն անկասկած այս լայն շարժման մի մասն է, քանի որ նմանատիպ պահանջներ է ներկայացնում և դրանց համար ցույցեր կազմակերպում։

Դուք երեքդ էլ լավ կրթություն ունեք և համալսարանում եք սովորում։ Իսկ ցույցերին իսկապե՞ս մասնակցում են հասարակության բոլոր սոցիալական շերտերի երիտասարդները։

Էմմա․ Կասեի՝ այո՛։ «Fridays for Future»-ը շարժում էր, որտեղ գերակշռում էին սպիտակամորթ, բարեկեցիկ միջին խավի ներկայացուցիչները։ Ներկայիս բողոքի ցույցերի պահանջներն առնչվում են հասարակության շատ ավելի լայն շերտերի։ Դա նկատելի է նաև փողոցում։

Որպես երիտասարդ կանայք՝ ի՞նչն եք հատկապես կարևորում այս բողոքի ցույցերում։

Կլարա․ Մեր քննարկած խնդիրներից շատերը հատկապես կանանց են առնչվում։ Վերցնենք սոցիալական ծախսերի կրճատումները և այստեղ՝ Բեռլինի «Շարիտե» համալսարանական հիվանդանոցում ընթացող պայքարը։ Այնտեղ բազմաթիվ միգրանտ կանայք են աշխատում, որոնք հատկապես տուժում են կրճատումներից։ Ընդհանրապես, այս խնայողությունները հաճախ հարվածում են այն ոլորտներին, որտեղ հիմնականում կանայք և միգրանտներ են աշխատում։ Երբ կրճատվում է հիվանդանոցների և առողջապահական համակարգի ֆինանսավորումը, դա վերաբերում է բոլորիս։ Բայց աշխատակիցներին դա կրկնակի հարված է հասցնում։ Այս խնդրին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Այդ քաղաքականությունը չեզոք չէ։ Այն հատկապես ծանր է անդրադառնում կանանց և միգրանտների վրա։

Դուք ցանկանում եք, որ ձեր պահանջները լսելի լինեն։ Մինչդեռ լրատվամիջոցների վերնագրերում գերիշխում էին դիմակավորված մարդկանց, այրվող բարիկադների և թալանի պատկերները։ Իսկ ո՞ւր մնացին ձեր պահանջները։

Էմմա․ Հակադարձ հարց՝ ինչո՞ւ են այդ պատկերներն այդքան լայնորեն ներկայացվում լրատվամիջոցներում։ Կարծում եմ՝ նպատակն է վարկաբեկել մեր պահանջները։ Բացի այդ, կարծում եմ, որ պարզապես մեզ լսելն այլևս բավարար չէ։ «Fridays for Future»-ի ժամանակներից ի վեր խնդրում ենք, որ մեզ լսեն։ Տարիներ շարունակ փողոց ենք դուրս գալիս։ Իբր մեզ լսում են, բայց ոչինչ չի փոխվում։ Այդ պատճառով բողոքի տարբեր ձևերը նույնպես իրավաչափ եմ համարում։ Չեմ ցանկանում թույլ տալ, որ բռնության շուրջ այս բանավեճը պառակտի շարժումը…

…Ֆրանկֆուրտում ավելի քան 100 ոստիկան է վիրավորվել, խանութներ են թալանվել, «Մոլոտովի կոկտեյլներ» են նետվել։ Այլ քաղաքներում նույնպես բռնության դեպքեր են եղել՝ ոչ միայն գույքի, այլև մարդկանց նկատմամբ։ Եվ դուք ասում եք՝ ամեն ինչ կարգի՞ն է, դա պայքարի մա՞ս է։

Էմմա․ Իհարկե ո՛չ։ Երբ մարդիկ վնասվածքներ են ստանում, դա բռնություն է։

Իսկ գույքի նկատմամբ բռնությունը բռնություն չէ՞։

Էմմա․ Դա գույքի վնասում է։ Խնդրահարույց եմ համարում մարդկանց նկատմամբ բռնությունը և գույքի վնասումը նույնացնելը։ Մարդկանց վնասելը, իհարկե, անընդունելի է։ Բայց առավել կարևոր հարցն այն է, թե ինչու են այդքան շատ մարդիկ փողոց դուրս գալիս։ Մենք ապրում ենք մի համակարգում, որտեղ կառուցվածքային բռնություն է գործադրվում։ Մի՞թե բռնություն չէ, երբ ոստիկանությունն օգտագործվում է մեզ ահաբեկելու համար։ Երբ Ֆրանսիայում երեխաներն ու դեռահասները ոստիկանության կիրառած զենքի հետևանքով կորցնում են ձեռքը կամ աչքը։ Կամ երբ մեր առողջապահական և կրթական համակարգերը կործանում են ֆինանսավորման կրճատումներով, իսկ մեզ միաժամանակ ուզում են որպես թնդանոթի միս օգտագործել ռազմաճակատում։

Էմմա, դու ամեն ինչ խառնում ես իրար և դրանով չափազանց պարզեցնում խնդիրը։ «Gen Z regelt»-ը հստակորեն խաղաղ ցույցերի կոչ էր արել։ Հետո հայտնվում է տեստոստերոնով առաջնորդվող երիտասարդ տղամարդկանց մի խումբ, զավթում ձեր բողոքի շարժումը, և ոչ միայն «Bild» թերթն է հիմնականում բարիկադներ ցուցադրում։ Մի՞թե դա կարող է ձեզ անտարբեր թողնել։

Կլարա․ Դա զայրացնում է ինձ։ Բայց ամենից շատ զայրացնում է այն, որ լրատվամիջոցներն այդքան ընդգծված կերպով առաջին պլան են մղում բռնությունը։ Միլիոնավոր մարդիկ փողոց են դուրս գալիս, բայց նրանց պահանջների մասին գրեթե չի խոսվում։ Իհարկե, անկարգությունների մասին հաղորդումներով կարելի է ավելի աղմկահարույց վերնագրեր ստեղծել։ Բայց ինչո՞ւ ոստիկանական բռնության մասին նույն կերպ չեն լուսաբանում։ Իրադարձությունների ներկայացման այս ձևը կամայական եմ համարում և կարծում եմ, որ լրատվամիջոցներն այստեղ պատասխանատվություն են կրում։

Իսկ անկարգությունների մասնակիցները պատասխանատվություն չե՞ն կրում։

Կլարա․ Չգիտեմ, թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում։ Ես ինքս անկարգությունների չեմ մասնակցել։ Բայց հենց «անկարգությունների մասնակիցներ» արտահայտությունը միավորում է բողոքի բոլոր այն ձևերը, որոնք ամբողջովին խաղաղ չեն։ Այստեղ պետք է տարբերակում մտցնել։

Ի վերջո, նրանք նստացույց չէին անում…

Էմմա․ Բայց նույնիսկ նստացույցերի մասին հաճախ այնպիսի տպավորություն են ստեղծում, կարծես դրանք խաղաղ չեն։

Կլարա․ Հենց այդպես։ Չգիտեմ, թե ինչն է մղում այդ մարդկանց և արդյոք նրանք ընդհանրապես կիսում են մեր պահանջները։ Գուցե նրանք նույնպես չափազանց հիասթափված են մի համակարգից, որն իրենց մշտապես ճնշման տակ է պահում։ Բայց այն, ինչ հաստատ գիտեմ, այն է, որ ոստիկանական բռնությունից հաճախ տուժում են նաև անմեղ մարդիկ։ Ինչո՞ւ դրա մասին նույն կերպ չեն լուսաբանում։

Էլլա․ Բռնությունն օգտագործվում է մեր շարժումը վարկաբեկելու և մարդկանց միմյանց դեմ հանելու համար։ Ես չեմ դատապարտում որևէ մեկին այն բանի համար, որ նա այս համակարգից խոր հիասթափության պատճառով դիմում է բռնության։ Եթե ինչ-որ մեկը պատուհանի ապակի է կոտրում, որովհետև իր զայրույթն արտահայտելու այլ ճանապարհ չի տեսնում, ես չեմ կարող պարզապես ասել՝ ես դրանից սահմանազատվում եմ։

Բայց դու ինքդ էլ քարեր չես նետում։

Էլլա․ Ես ինքս դա չէի անի։ Բայց չեմ ցանկանում այդ մարդկանց սատանայացնել։ Մեր պահանջները հստակ են, և մենք ուզում ենք հնարավորինս շատ մարդկանց ներգրավել դրանց իրականացման պայքարում։ Փոխարենը ստիպված ենք մշտապես արտահայտվել բռնության մասին և սահմանազատվել դրանից։ Արդյունքում մեր իրական պահանջները մղվում են երկրորդ պլան։

Էլլա, խնդիրն իսկապես գոյություն ունի, և հենց այդ պատճառով պետք է խոսել դրա մասին։

Էլլա․ Բայց գիտե՞ս, թե ինչից եմ ամենաշատը վախենում ցույցերի մասնակցելիս։ Ոստիկանությունից։ Ես բռնությունը մերժող մարդ եմ։ Այնուամենայնիվ, վախենում եմ ցույցի ժամանակ բռնության ենթարկվելուց։ Եվ ոչ թե այն մարդկանց կողմից, որոնց հետ բողոքի ցույցի եմ մասնակցում։ Փարիզում ընկերուհիներ ունեմ, որոնք պարզապես քայլել են քաղաքով և հայտնվել արցունքաբեր գազի ազդեցության տակ։ Այդ կամայականությունն է ինձ վախեցնում։ Չեմ ուզում ոստիկանական շրջափակման մեջ հայտնվել միայն այն պատճառով, որ ցույց եմ անում հանուն իմ ապագայի։ Որովհետև չեմ ուզում հետագայում մի աշխատանքից մյուսին անցնել և միևնույն է չկարողանալ վճարել բնակարանիս վարձը։ Եվ կներեք, եթե այդ ամենի արանքում երբեմն նաև մի փոքր զվարճանալ եմ ուզում։

Էլլա, զվարճանա՞լ։ Դա արդեն բոլորովին անթույլատրելի է։

(Երեքն էլ ծիծաղում են։)

Կլարա․ Իհարկե, դրա համար ժամանակ չկա։

Դուք փողոց դուրս եկաք, բայց ի՞նչ է լինելու հետո։ Ցանկանո՞ւմ եք շարունակաբար քաղաքական ճնշում գործադրել և նոր երիտասարդական շարժում ստեղծել։

Կլարա․ Ինձ համար քաղաքական գործունեությունը չի ավարտվում առաջին զիջումներով։ Այն կավարտվի միայն այն ժամանակ, երբ համակարգում իսկապես ինչ-որ բան փոխվի։ Երբ կարողանանք ապրել մի աշխարհում, որը հիմնված չէ ճնշման վրա, և որտեղ բոլոր մարդիկ կարող են միասին բարեկեցիկ կյանքով ապրել։ Մենք դեռ շատ հեռու ենք դրանից։ Բայց բողոքի ցույցերն ինձ հույս են տալիս, որ կարող ենք ինչ-որ բան փոխել։

Էմմա․ Հրաշալի եմ համարում այն, որ այդքան շատ մարդիկ հրապարակայնորեն արտահայտում են իրենց զայրույթը։ Բայց դրանով ամեն ինչ չպետք է ավարտվի։ Մենք պետք է դրանից ինչ-որ բան ստեղծենք։ Համալսարաններում արդեն ընդհանուր ժողովներ են նախատեսվում, օրինակ՝ «Gen Z regelt Studis» նախաձեռնության կողմից։ Դրանք կարող են հանգեցնել գործադուլների։

Կլարա․ Հենց այդպես։ Մենք պետք է մարդկանց մղենք երկարաժամկետ համախմբման։ Եթե այս շաբաթ 20 մարդ արգելափակում է համալսարանի մի շենք, հաջորդ շաբաթ՝ 100, իսկ մի օր գուցե՝ 1000, դա ցույց է տալիս, թե ինչպես կարող է շարժումն ընդլայնվել։ Առանձին վերցրած մեկ արգելափակումն այնքան էլ շատ բան չի փոխի։ Բայց եթե ավելի ու ավելի շատ մարդիկ միանան մեզ, երկարաժամկետ հեռանկարում կարող ենք ավելի մեծ նպատակների հասնել։ Դա ինձ հույս է ներշնչում։

«Gen Z regelt»-ը մարտահրավե՞ր է, թե՞ խոստում։

Կլարա․ Երկուսն էլ։ Մարտահրավերն այն է, որ մենք չենք հանձնվելու։ Եվ խոստումը նույնպես։ Մենք շարունակելու ենք պայքարել հանուն ավելի լավ կրթության ու կենսապայմանների, ընդդեմ սոցիալական ծախսերի կրճատումների և ռազմականացման։

Եթե Ֆրիդրիխ Մերցին կարողանայիք ասել ընդամենը մեկ բան, որն անպայման նրան դուր չէր գա, ի՞նչ կասեիք։

Էլլա․ Ասելու շատ բան կա…

…Բայց դրանք հրապարակավ ասել չի՞ կարելի։

Էլլա․ Կարելի է, օրինակ, հետևյալը՝ դու չես կարող մեզ կործանել խնայողությունների անվան տակ։ Վե՛րջ։

Կլարա․ Եվ եթե տարեց սպիտակամորթ տղամարդիկ, կամ այս դեպքում՝ Ֆրիդրիխ Մերցը, կարծում են, որ պետք է մեր մեքենան պատին հասցնեն ու ջախջախեն, ապա ես, բնականաբար, ղեկն իմ ձեռքը կվերցնեմ։

Բողոքի ցույցերը

42 քաղաքներում «Gen Z regelt» նախաձեռնությունը մտադիր է ուրբաթ օրը փողոց դուրս բերել երիտասարդներին և ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Նախաձեռնության համաձայն՝ բողոքի ցույցերը պետք է լինեն «խաղաղ, վերկուսակցական և բաց բոլորի համար»։ Բացի այդ նախաձեռնությունից, ցույցերի մասնակցելու կոչ են արել նաև Դպրոցականների համադաշնային համաժողովը, Կրթության և գիտության արհմիությունը (GEW) և «Fridays for Future» շարժումը։

Միայն Բեռլինում կազմակերպիչները պաշտոնապես գրանցել են ցույցի 15 000 նախատեսվող մասնակից։

Քաղաքական շրջանակներում բողոքի ցույցերը տարբեր արձագանքներ են առաջացրել։ Կանաչները կոչ են անում աջակցել ուրբաթ օրը նախատեսվող երիտասարդական ցույցերին։ ՔԴՄ/ՔՍՄ միությունն ավելի շուտ թերահավատորեն է տրամադրված։

Այնուամենայնիվ, ՔՍՄ քաղաքական գործիչ և Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավարի տեղակալ Անյա Վայսգերբերն ընդունել է, որ երիտասարդներին առնչվող քաղաքականության ոլորտում իսկապես դեռ շատ անելիքներ կան։

Ինչպես Վայսգերբերն ասել է «Rheinische Post» թերթին, վաղ տարիքից կենսաթոշակային կուտակումների ծրագրի, վարորդական իրավունքի ձեռքբերման ծախսերը նվազեցնող բարեփոխման, մասնագիտական առաջխաղացման աջակցության և կրթության ոլորտում «լայնածավալ ներդրումների» միջոցով երիտասարդների համար արդեն կոնկրետ միջոցառումներ են նախաձեռնվել։

«Բայց պետք է անկեղծ լինենք․ մենք դեռ չենք հասել մեր նպատակին», – ասել է ՔՍՄ քաղաքական գործիչը։

FR/dpa/afp

Frankfurter Rundschau

  • Related Posts

    APEC 2026. Երբ շոուն ստվերում է համաշխարհային համերաշխության անհրաժեշտությունը

    Բիլյանա Վանկովսկա, 18 նոյմբերի, 2026թ. Ամեն անգամ, երբ փորձում եմ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) նման գագաթնաժողովներում քննարկվող հարցերը մոտեցնել մակեդոնական հանրությանը, բախվում եմ (ինքնա)պարտադրված եվրոպակենտրոնության նույն պատին։ Մեր հանրային դաշտում…

    Եվրոպայի տնտեսական շահերի վաճառքի անատոմիան

    Ինչպես Եվրոպան կարճաժամկետ շահույթի դիմաց զիջեց իր արդյունաբերական գիտելիքներն ու փորձը Հեղինակ՝ Մարիաննա Վոլոնտե Նախապես ծրագրված վաճառք Եվրոպան իր արդյունաբերական հզորության զգալի մասը մեկ գիշերվա ընթացքում չկորցրեց։ Եվ դա պարզապես…

    You Missed

    Z սերունդը վերցնում է գործն իր ձեռքը. «Մերց, դու չես կարող մեզ կործանել խնայողությունների անվան տակ»։

    Z սերունդը վերցնում է գործն իր ձեռքը. «Մերց, դու չես կարող մեզ կործանել խնայողությունների անվան տակ»։

    APEC 2026. Երբ շոուն ստվերում է համաշխարհային համերաշխության անհրաժեշտությունը

    APEC 2026. Երբ շոուն ստվերում է համաշխարհային համերաշխության անհրաժեշտությունը

    Եվրոպայի տնտեսական շահերի վաճառքի անատոմիան

    Հարգելի այցելու, հայցում ենք Ձեր ներողամտությունը. Կայքէջը վերկանգնման աշխատանքի ընթացքում է գտնվում

    Հին կարգախոսների դիակի կշիռը

    Հին կարգախոսների դիակի կշիռը

    BRICS պահուստային արժույթը գալիս է – շուտով

    BRICS պահուստային արժույթը գալիս է – շուտով

    Նոամ Չոմսկի. ո՞վ է իշխում աշխարհում

    Նոամ Չոմսկի. ո՞վ է իշխում աշխարհում

    «Իսրայելը վերջին շունչն է քաշում»

    «Իսրայելը վերջին շունչն է քաշում»

    Here’s the Truth: It Is the Lack of a Two-State Solution That Most Threatens Israel

    Here’s the Truth: It Is the Lack of a Two-State Solution That Most Threatens Israel

    How the Neocons Chose Hegemony Over Peace Beginning in the Early 1990s – Jeffrey Sachs

    How the Neocons Chose Hegemony Over Peace Beginning in the Early 1990s – Jeffrey Sachs

    ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինայում կենսաբանական զենքի փորձարկումը

    ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինայում կենսաբանական զենքի փորձարկումը

    ԱՄՆ-ի անվտանգության ծառայողները, Հայաստանի իշխանությունների խորհրդատո՞ւ

    ԱՄՆ-ի անվտանգության ծառայողները, Հայաստանի իշխանությունների խորհրդատո՞ւ

    The Christmas Gift that Keeps Giving

    The Christmas Gift that Keeps Giving

    Armenia’s Misguided “Pivot to the West”

    Armenia’s Misguided “Pivot to the West”

    Հայաստանի ձախորդ «շրջադարձը» դեպի Արեւմուտք

    Հայաստանի ձախորդ «շրջադարձը» դեպի Արեւմուտք

    Վիկտո Օրբանի 10 կետից բաղկացած նամակ-առաջարկությունը Եվրոպական խորհրդի նախագահին

    Վիկտո Օրբանի 10 կետից բաղկացած նամակ-առաջարկությունը Եվրոպական խորհրդի նախագահին

    Jeffrey Sachs: The NATO Declaration & The Deadly Strategy Of Neoconservatism

    Jeffrey Sachs: The NATO Declaration & The Deadly Strategy Of Neoconservatism

    My message to the new world

    My message to the new world

    On Diplomatic Professionalism

    On Diplomatic Professionalism

    ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

    ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

    ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ( ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

    ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ( ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

    Մեզ անհրաժեշտ է Սարդարապատի հրաշքը. Սերովբէ Եպս. Իսախանեան

    Մեզ անհրաժեշտ է Սարդարապատի հրաշքը. Սերովբէ Եպս. Իսախանեան

    Մեր ճակատի դաջված սև բծի մասին

    Մեր ճակատի դաջված սև բծի մասին

    Խաղաղության գաղտնի պայմանագիրը կարող էր վերջ տալ Ուկրաինայի պատերազմին ընդամենը մի քանի շաբաթ անց

    Խաղաղության գաղտնի պայմանագիրը կարող էր վերջ տալ Ուկրաինայի պատերազմին ընդամենը մի քանի շաբաթ անց

    Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ

    Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ

    Ես,պատերազմի սերունդն եմ,ցեղասպանված ու անհայրենիք

    Ես,պատերազմի սերունդն եմ,ցեղասպանված ու անհայրենիք

    Եվրոպայի ոչ մի խոսքին չպետք է հավատալ, նույն գիշատիչներն են. Վլադիմիր Պետրոսյան

    Եվրոպայի ոչ մի խոսքին չպետք է հավատալ, նույն գիշատիչներն են. Վլադիմիր Պետրոսյան

    1921 թվականի մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի մասին

    1921 թվականի մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի մասին

    Կազինոյում խաղադրույքներ է անում՝ տանուլ տալով Հայաստանը. մենք պատրա՞ստ ենք նոր պատերազմի

    Կազինոյում խաղադրույքներ է անում՝ տանուլ տալով Հայաստանը. մենք պատրա՞ստ ենք նոր պատերազմի