«Նոր Խոսք»-ի խմբագրությանը ուղարկված նամակում խոսվում է Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչողլյանի կողմից ստեղծված դիվանագիտական սկանդալի մասին: Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման.

Վերջին օրերում, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի քայլերի հետևանքով սկանդալային վիճակ է հասունանում Հայաստան-Հունաստան միջպետական հարաբերություններում: Չարչօղլյանը քայլերի է դիմել, որ մեղմ ասած, անհարիր են նրան՝ որպես դեսպանի և ընդհանրապես հեռու՝ դիվանագիտական նորմերից։

Հարցը առաջացել է, երբ դեսպանը Հունաստանում ավանդականորեն ներկայություն ունեցող Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ) պարտադրել է ՌԱԿ-ի 96-րդ ամյակի առիթով կազմակերպվող հանդիսության կապակցությամբ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքին, Աթենքի նախկին քաղաքապետ (2003–2006թթ), նախկին արտգործնախարար (2006–2009թթ), կուսակցության ներկայի նախագահի քրոջը՝ Դորա Բակոյաննիսին, տրված հրավերը հետ վերցնել, վերջինիս ադրբեջանամետ և հակահայ անվանելով։

ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյան

Դեսպանը համառորեն ճնշել է Ռամկավարներին չեղարկելու արդեն իսկ շաբաթներ առաջվանից մամուլով հայտարարված Բակոյաննիսի հրավերն ու ներկայությունը, անհարմար վիճակի մատնելով Ռամկավար ազատական կուսակցությանը, նույն ժամանակ սկանդալային և վտանգավոր ռիսկի ենթարկելով Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբեությունները, մանավանդ, որ ըստ Հունաստանում անցկացված վերջին սոցհարցումների «Նեո-Դեմոկրատիա» (կենտրոն-աջ) կուսակցությունը մեծ տարբերությամբ շահելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունները և ձևավորելու է կառավարություն:

Դեսպանի գռեհիկ ճնշման տակ ՌԱԿ-ի Հունաստանի պատասխանատուները հետ են վերցրել իրենց հրավերը Դորա Բակոյաննիսից, ինչը բացասական մթնոլորտի պատճառ է հանդիսացել երկու կուսակցությունների միջև, որի արդյունքում «Նեո-Դեմոկրատիա» կուսակցությունը ընդհանրապես չի մասնակցել ՌԱԿ հանդիսությանը, հրավերի հետ վերցնելը համարելով անարգանք՝ ուղղված ոչ միայն Բակոյաննիսի, այլև ողջ կուսակցության հասցեին:

Առաջացած արտառոց նոր իրավիճակում, կարծես, ըմբռնելով իր սկանդալային ոտնձգության ծանրակշռությունը, դեսպանը ևս փախուստ էր տվել ՌԱԿ հանդիսությանը ներկա լինելուց:

Նկատի ունենալով, որ սկանդալային այս հարցը հարուցելուց մի քանի օր առաջ դեսպան Չարչօղլյանը իր իսկ խնդրանքով հանդիպում էր ունեցել նույն «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ՝ Միսոտաքիսի հետ, մնում է հավատալ որ ինչ-ինչ մղումներից մեկնելով Չարչօղլյանը նպատակադրել է վնաս հասցնել ՌԱԿ-«Նեո-Դեմոկրատիա» հարաբերություններին, առանց հաշվի առնելու, որ դեսպանի հանգամանքով նման քայլը առաջին հերթին հարվածի տակ է առնում հայ-հունական միջպետական հարաբերությունները։

Մյուս կողմից, նկատի առնելով նաև, որ, դեսպանի քայլին զուգահեռ, ՀՀ իշխանական կոալիցիային մասնակից՝ ՀՅԴ Հունաստանի մասնաճյուղը ևս ՌԱԿ հանդիսությունը ձախողեցնելու նպատակով, տնետուն տեղի հայերին հորդորել է, որ չմասնակցեն ՌԱԿ-ի կողմից կազմակերպվող «հակահայկական» հանդիսությանը, հարց է առաջանում, որ սկանդալային այս քայլը առնվել է Երևանի իշխանության գիտությամբ ու թելադրանքով, թե միայն տեղական նախաձեռնություն է: Հարցական, որի պատասխանն ի հայտ կգա ինքնստինքյան, երբ ականատես դառնանք, թե ապաշնորհ «դիվանագետի» նկատմամբ ո՞րն է խոսելու Երևանում, թայֆակա՞ն, թե՞ պետական շահը։

Խորիմաստ է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի հետօրեին, Սփյուռքի կազմակերպությունների նկատմամբ քաղաքական նախասիրություններով և նախապայմաններով, փաստորեն հակապետական նման վերաբերմունքը, որը կացնահարում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները՝ արմատից։

Հատկանշական է նաև, որ ՌԱԿ հիմնադրման 96-րդ ամյակին նվիրված շքավոր հանդիսությունը կայացավ կիրակի, նոյեմբերի 12-ին, Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հանրահայտ հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում և, ի հեճուկս իրագործված բոլոր խանգարիչ հանգամանքների, լայն ընդառաջում գտավ ժողովրդի կողմից:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert