Գրախոսական

Վերջերս անգլերեն[1] բնագրից Edit Engelmann-ի կողմից գերմաներենի է թարգմանվել և Ֆրանկֆուրտ- Մայնում տպագրվել է Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան՝ պարոն Լեոնիդաս Խրիսանտոպուլոսի[2] գիրքը հետևյալ վերնագրով՝

«Հեղաշրջում Հայաստանում»

«Մի դիվանագետի ժամանակագրությունը»[3]

Հեղինակը չի հավակնել գրական գործ ստեղծել, այլ անկեղծորեն և հայ ժողովրդի նկատմամբ հարգանքի և սիրո դիրքերից ելնելով, ինչպես նաև հարազատի խուլ ցավով,  կարեկցանքով և որպես ժամանակավկա, կարող իմացությամբ շարադրել է հայ ժողովրդի համար բախտորոշ 1993-94 թվականների Հայաստանի իրականությունը, իր՝ դեսպանի, դիվանագետի կարևոր դիտումները և տեղեկությունները ժամանակի որոշ իրադարձությունների կապակցությամբ: Եվ ոչ միայն այդ, նա անդրադառնում է հայ ժողովրդի, Արցախի, հայ առաքելական եկեղեցու, Էջմիածնի, Գառնի- Գեղարդի Ծիծեռնակաբերդի և այլ պատմական վայրերի, ինչպես նաև Հայաստանում ապրող հույն և քուրդ փոքրամասնությունների պատմությանը: Հիանում է Հայաստանի հիասքանչ, երբեմն ձմռան խստաշունչ բնությունով: Ասես հայավարի հպարտանում է հայ ժողովրդի հարուստ մշակույթով: Նա գրում է՝

Ինչը ինձ Հայաստանում ամենաշատը տպավորեց, դա արվեստի հարստությունն է: Ես հազվագյուտ եմ մի երկիր տեսել, այդքան քիչ բնակչությամբ, որոնցից այդքան մեծ թվով երաժիշտներ, օպերայի երգիչներ, նկարիչներ, քանդակագործներ և գրողներ են առաջ եկել: Իհարկե որ Հայաստանը ժառանգում է անցյալի մի հարուստ մշակույթ: Բայց ինչը ինձ զարմացրեց, դա ծաղկող արվեստն էր այդ երկրում, իր  ամբողջ ողբերգությունով հանդերձ, (էջ՝127):

Այս գիրքը հետաքրքիր է մի քանի առումով: Նախ հեղինակը չի սահմանափակվում միայն 1993-94 թվականների իրադարձությունների անկողմնակալ շարադրումով, այլ լայնորեն անդրադառնում է Արցախի պատմական անցյալին, հակիրճ և հավաստի պարզաբանում  է ծագած կոնֆլիկտի բուն էությունը, լուսաբանում է պատերազմի պատճառները: Նա անկեղծորեն անդրադառնում է տարբեր երկրների շահերի բախումներին և մրցակցությանը Կովկասում: Արևմուտքի, ինչպես նաև Եվրամիության երկրներից մեկի դեսպանի իր տեղեկություններով, տարբեր երկրների խմբակցությունների հայտարարությունների և կոչերի մեջբերումներով, դիվանագետի իր նրբանկատ գրչով ընթերցողին է թողնում եզրակացնել, թե նրանք որքան անտարբեր են հարցի էության նկատմամբ: Եվ թե իրենց շահերից ելնելով նրանք չեն ցանկանում թափանցել կոնֆլիկտի խորքերը: Պատրաստ չեն հասկանալ Արցախի ժողովրդի պայքարի բնույթը, նրա ձգտումի, կամքի ուժգնությունը, խորությունը ընկալել և տեսնել նրա պատրաստակամությունը, հաստատակամությունը, իր զավակների արյան գնով ուղղել պատմական անարդարությունը, վերահաստատել իր ինքնորոշման իրավունքը, պաշտպանել իր նորաստեղծ անկախ պետականությունը: Նա ընդգծում է նաև Եվրամիության շահերի առկայությունը Կովկասում և չի թաքցնում իր համակրությունը դրանց նկատմամբ: Անկեղծորեն լուսաբանում է մեծ տերությունների, ինչպես նաև Եվրամիության Ընկերակցության սառնասիրտ և անտարբեր վերաբերմունքը, որոնք չեն ցանկանում ընդհառաջել Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դրամական օժանդակության միջոցով կայունացնել «Դրամի» մուտքը Հայաստանում:

Այս գիրքը իր մեջ նաև մի քանի հետաքրքիր տեղեկություններ է պարունակում, (իմ կարծիքով ամենակարևորը) որոնք կարելի է ակնառու և հավաստի փաստեր համարել մեզ մոտ վերջերս հանդես եկող այն անձանվորությունների փաստարկների դեմ, որոնք ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով ցանկանում են հայ-ռուսական պայմանագիրը և համապատասխան այդ պայմանագրի՝ Ռուսական զորքերի տըղադրումը Հայաստանում հարցականի տակ առնել և այն հայ ժողովրդի շահերի դեմ համարել: Պետք չէ հմուտ և փորձառու դիվանագետ, քաղաքական գործիչ, կամ գիտակ պատմաբան լինել, որ գիտենալ, թե որքան սննակ է նման քարոզչությունը և թե որքան վտանգավոր Հետևանքներ կարող է այն ունենալ հայ ժողովրդի ապագայի և գոյատևման համար:

Ցանկալի կլիներ, որ այս գիրքը անգլերեն բնագրից թարգմանվեր հայերենի, մինչ այդ կարևոր եմ համարում այստեղ մի քանի մեջբերումներ անել գրքից, կարծում եմ, որ այն կհետաքրքրի «Նոր Խոսքի» ընթերցողներին:

1920 թվականի նոյեմբեր 30-ին արդեն սովետական կառավարությունը Ադրբեիջանում ընդունեց Լեռնային Ղարաբաղի տարածքը որպես Հայաստանի մաս: 1921 թվականի հունիսին նույնանման որոշում ընդունեց Սովետական Հայաստանի կառավարությունը:

1921 թվականի հուլիս 5-ին ռուսական կոմունիստական կուսակցության բյուրոն Կովկասում (Ստալինի ղեկավարությամբ, մեջբերումը թարգմանչից) որոշեց Լեռնային Ղարաբաղի տարածքը մտցնել Սովետական Ադրբեիջանի կազմում: Երկու օր հետո Սովետական Ադրբեիջանի իշխող հեղափոխական կոմիտեն որոշում ընդունեց այդ տարածքի մի մասին հատուկ կացություն շնորհել և ստեղծեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Այս տարածքը Սովետական Հայաստանի Հանրապետության տարածքից բաժանված էր միայն մի բարակ միջանցքով…

…1989 թվականի դեկտեմբեր 1- ին Սովետական Հայաստանի գերագույն խորհուրդը պահանջեց Սովետական Սոցիալիստական Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միացումը:

Հարցը սաստկացավ 1991 թվականի ապրիլին, երբ ռազմական ուժերը (Սովետական Միության ներքին գործերի բանակի, մ.թ.) Բաքվի և Մոսկվայի հրամանատարությամբ սկսեցին Լեռնային Ղարաբաղի հյուսիսում հայկական գյուղերը հայաթափել: 24 գյուղերի բնակիչներ աքսորվեցին: Այդ պատճառով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված եղան ժամանակին ռազմական ջոկատներ ստեղծել, որոնք հետագայում Լեռնային Ղարաբաղի բանակի սիրտն էին կազմելու:

Սովետական Միության փլուզումով 1991 թվականին, Լեռնային Ղարաբաղի հարցը դարձյալ միջազգային խնդիր դարձավ:

1991 թվականի օգոստոս 30- ին Ադրբեիջանի ՍՍ Հանրապետության գերագույն խորհուրդը հռչակեց Ադրբեիջանի Հանրապետության անկախության վերականգնումը: Մի քանի օր հետո Շահումյանի շրջանի օրենսդրական խորհուրդը հետևեց այդ օրինակին և հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1991 թվականի հոկտեմբեր 1 –ին  Ադրբեիջանը հաստատեց իր անկախությունը, իսկ նոյեմբեր 23- ին չեղյալ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը:

1991 թվականի դեկտեմբեր 10- ին Լեռնային Ղարաբաղը անկախության համար հանրաքվե կազմակերպեց: Ընտրողների 82,2 տոկոսը մասնակցեց ընտրություններին: 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեիջանից անկախանալու համար…

…1993 թվականի ապրիլ 7- ին Եվրոպայի Ընկերակցությունը կատարեց հետևյալ հայտարարությունը՝

«Ընկերակցությունը և իր անդամ երկրները լրջորեն մտահոգված են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեիջանի Հանրապետության հարաբերության ներկայիս պղտորացման պատճառով:  Ընկերակցությունը և իր անդամ երկրները ցավ են հայտնում Քելբաջարի և Ֆիզուլիի շրջաններում պատերազմի ընդլայնման պատճառով: Հայաստանի Կառավարությունից անհապաղ պահանջվում է, իր ազդեցությունը գործադրել Լեռնային Ղարաբաղում զորքերը հանել Ադրբեիջանական տարածքներից և դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները…»(էջ 19):

Մոսկվայի դեպքերը հոկտեմբեր 1993 – ին և իրենց հավանական ազդեցությունը Հայասանի համար

Հոկտեմբերի սկզբին ռուս այն պատգամավորները, ովքեր Ելցինի դեմ էին, Մոսկվայում Խազբուլատովի և Ռուչկոյի գլխավորությամբ գրավեցին խորհրդարանի շենքը և պահանջեցին նախագահի պաշտոնազրկումը: Հոկտեմբեր 4-ին տանկերը ռմբակոծեցին խորհրդարանը, բանակը ազատագրեց խորհրդարանը, խռովարարները ձերբակալվեցին, այդպիսով վերջացավ այդ ճգնաժամը…

Երևանում Լևոն Տեր- Պետրոսյանը զանգահարեց Ելցինին և նրան հայտնեց իր լրիվ օժանդակությունը: Նա Ազգային Անվտանգության Խորհրդի նիստ հրավիրեց, որը Հայաստանի համար հատուկ անվտանգության իրավիճակ սահմանեց: Հոկտեմբեր 5- ին Տեր- Պետրոսյանը ինձ ասաց. Ազգային Անվտանգության Խորհուրդը բանակին հնարավոր ամենավեր պատրաստակամության աստիճանի էր բարձրացրել, որպեսզի ռուսական զորքերի հավանական հեռացումից հետո, կարողանան երկիրը Թուրքիայի ներխուժումից պաշտպանել: Հիմնվելով տարբեր տեղեկությունների վրա, որոնք նա տարբեր աղբյուրներից էր ստացել, Տեր- Պետրոսյանը համոզված էր, որ Թուրքիան առիթը օգտագործելու է, Մոսկվայում որևէ լուրջ դեպքի պարագայում, գրավել Հայաստանը, քրդական հարցի, կամ Նախիջևանին պաշտպանելու պատրվակով…

(էջ 88):

…Նույն հարցի կապակցությամբ հոկտեմբեր 11- ին Ֆրանսիայի դեսպանուհին ինձ պատմեց, որ համաձայն ֆրանսիական գաղտնի գործակալության տեղեկություններին, գաղտնի պայմանագիր է եղել Անկարայի և Խազբուլատովի՝ չեչեն մի մոսլեմ, միջև: Այնտեղ ասվում է, որ՝ – եթե նա իր պաշտոնին մնա, – ապա նա Թուրքիային իրավունք է տալու, Հայաստանում՝ քրդական հարցի պատրվակով,  սահմանափակ գործողություններ կատարել, ինչպես նաև Վրաստանում, Աբխազիայի ապահովության համար: Ըստ Ֆրանսիայի տեղեկությունների, Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա պետք է կատարվեր այն ժամանակ, երբ Խազբուլատովը ռուսական զորրքերը Հայաստանից դուրս հանած կլիներ (ընդգծումը թարգմանիչի): Հետագայում այս տեղեկությունը ինձ հաստատեց իմ Միացյալ Նահանգների ամերիկյան գործընկերը: Որպեսզի այս՝ Հայաստանի համար այնքան կարևոր հարցում, պատկերը ամբողջացնեմ, ցանկանում եմ այստեղ կարճ մեջբերել, թե Հոկտեմբեր 12- ին Հայաստանի պաշտպանության նախարար՝ Վազգեն Սարգսյանը ինձ ինչ է հաղորդել:

Մենք տեղեկություն ունեինք, որ Մոսկվայում ինչ որ կարևոր դեպքեր են տեղի ունենալու: Այս կապակցությամբ արդեն սեպտեմբերի սկզբներին Հայաստանի Սահմանում ուժեղացվել էին Թուրքական զորքերը: Նույն ժամանակ Թուրքիան իր զորամասերը Ադրբեիջանում և նախիջևանում լրացրել էր երկու բրիգադով և 15 ուղղաթիռով: Թուրքիան արդեն սահմանում լարվածություն էր ստեղծում և իր զինվորները թեթև հրազեններից կարկ էին բացել հայկական սահմանի վրա: Ռուսական զորքերը ձեռնպահ էին մնացել և կրակահերթին չէին պատասխանել: Սեպտեմբեր 22- ին գեներալ Հայրեթին Ուզունի գլխավորությամբ OSZE- ի ստուգող հանձնախմբի շրջանակներում մի զինվորական պատվիրակ էր ժամանել Հայաստան և խնդրեց այցելել Ադրբեիջանին և Թուրքիային սահմանամերձ հայկական շրջանները: Սակայն հայկական զինվորական իշխանությունները թուրք զինվորականին իրավունք չտվին ստուգումներ կատարել հայկական տարածքներով, այլ միայն թույլատրեցին բարձրաթռիչք օդանավով դիտել այդ տարածքները, այնպես որ նրանց համար անհնար էր այդ այցելության ընթացքում տեղեկություններ ձեռք բերել Հայաստանի պաշտպանության վերաբերյալ: Կառավարության համար պարզ էր, որ Թուրքիան չէր համարձակվի հարձակում կատարել,  քանի դեռ ռուսական զորքերը Հայաստանում տեղադրված կլինէին: Այդ պատճառով էլ Սարգսյանը հոկտեմբեր 2- ի և 3- ի կրիտիկական շաբաթավերջում ամբողջ ժամանակ կապի մեջ էր իր ռուս պաշտոնյա գործընկերոջ  հետ, ով նրան վստահեցրեց, որ ռուսական զինվորական հրամանատարությունը պաշտպանում է Ելցինին և այդպիսով ոչ մի վտանգ չկա, որ ռուսական զորքերը դուրս կբերվեն Հայաստանից, (էջ 90):

Կարճ է տևում պարոն Խրիսանտոպուլոսի պաշտոնավարության ժամանակաշրջանը Հայաստանում, այլ պաշտոնի նշանակվելու պատճառով նա 7- ամիս պաշտոնավարելուց հետո վերադառնում է Աթեն:

Կիրակի՝ Փետրվար 20- ին դեպի Մոսկվա թռչող օդանավը բարձրացա: Օդանավից մի անգամ ևս նայեցի Արարատի գեղեցիկ համայնապատկերին: Իրականում ես չէի ցանկանում գնալ այստեղից: Երբ օդանավը օդ բարձրացավ ես զգում էի իմ մեջ այդ տարօրինակ դատարկության զգացումը: Այդպես էր զգացվում, ասես ես իմ սիրտը Հայաստանում էի թողել և դրա փոխարին Հայաստանի խնդիրներն էի վերցրել, որոնք բոլորն էլ դեռ պետք է լուծվեին, (էջ 186):

Սամվել Հովասափյան

Մայիս 2012 Բեռլին


[1] Caucasus Chronicles, Nation-Bulding and Diplomacy in Armenia, 1993/1994

հրատարակված 2002 թվականին: Gomidas Institute Books, Priceton, Nj, USA

[2] Leonidas Th. Chrysanthopoulos. Ներկայումս Սևծովյան Տնտեսական Համագործակցության քարտուղարն է:

[3] Գերմաներեն վերնագիրը՝ Aufbruch in Armenien, Chronik eines Diplomaten, 192 էջ:

Ein Gedanke zu „Ըստ Ֆրանսիայի տեղեկությունների, Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա պետք է կատարվեր այն ժամանակ, երբ Խազբուլատովը ռուսական զորրքերը Հայաստանից դուրս հանած կլիներ“

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert