Մոսկվայի «ԺԱՄ» համահայկական ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը Iammedia.am-ի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է Հայաստան-Սփյուռք կապերի, Սփյուռքի անցյալի և ներկայի, ինչպես նաև համայնքային հիմնախնդիրների մասին:

-Մշտապես բարձրաձայնվում է այն մասին, որ հայապահպանության խնդիրն ու ձուլման վտանգն ամենից շատ ակնառու է հատկապես ՌԴ հայկական համայնքներում: Ձեր կարծիքով այդ ամենն ի՞նչ գործոնների հետ է կապված: Եվ որո՞նք են ՌԴ համայնքի առանձնահատկությունները:

– Ռուսաստանի հայ համայնքն առանձնահատուկ է շատ առումներով: Հայրենիքից դուրս ապրող ամենահոծ հայությունն այստեղ է. ըստ տարբեր գնահատականների մոտ 3 միլիոն հայ: ՌԴ հայ համայնքի կապերը հայրենիքի հետ շատ ավելի բազմաշերտ են` թե՛ քաղաքական ու մշակութային, թե՛ տնտեսական ու ազգակցական առումներով: Գուցե դա էլ պատճառներից մեկն է, որ մինչ օրս չկա ձևավորված ՌԴ Սփյուռք, թեպետ գոյություն ունեն բազմաթիվ ու բազմաբնույթ կազմակերպություններ և միություններ: Միևնույն ժամանակ, սակայն, Ռուսաստանում հայ համայնքը որևէ կերպ ներկայացված չէ իշխանությունում, այդ թվում՝ ՌԴ Պետական դումայում: Չնայած մեծաքանակ ռեսուրսներին և կարողություններին, ի դեմս հայտնի գործարարների, մեդիա դեմքերի և հասարակական գործիչների, հայկական շահերը համայնքի կողմից Ռուսաստանում ըստ արժանվույն չեն ներկայացվում, ինչպես դա արվում է աշխարհի հայաշատ այլ երկրներում, օրինակ՝ Լիբանանում կամ Իրանում: Այս ամենը, փաստացի, վկայում է, որ չնայած մեծությանը, խոշոր ֆինանսական ռեսուրսներին, հանրաճանաչ մեդիա-դեմքերին և տեղեկատվական լծակներին, Ռուսաստանի հայկական համայնքը չի կարողանում այլ երկրների օրինակով ներկայացնել հայկական շահերը։ Ինչ վերաբերում է ձուլման անխուսափելի վտանգին, ես ՌԴ համայնքը չէի առանձնացնի. այդպես է նաև այլ երկրների մեր համայնքներում, մեկ համեմատական օրինակ բերեմ: Ֆրանսիայում շուրջ կես միլիոն հրեա է ապրում և նույնքան էլ հայ: Հրեական կիրակնօրյա դպրոցներն ունեն ավելի քան քառասուն հազար աշակերտ, մինչդեռ հայկական դպրոցներում ընդամենը չորս հազար հայ երեխա է սովորում, այսինքն տասն անգամ ավելի քիչ: Եվ սա այն դեպքում, երբ եբրայերենը գրեթե անհետացած էր, իսկ հայկական ընտանիքների մեծամասնությունը հիմնականում խոսում են հայերեն:

– Հայկական համայնքներում հայապահպանության օրակարգային խնդիր է խառնամուսնությունը: Ինչպիսի՞ պատկեր է ՌԴ հայերի շրջանակում:

– Այս հարցում կարևոր է հստակ գիտակցել, որ խառնամուսնությունն ընդամենը հետևանք է: Վտանգը նույնիսկ այն չէ, որ սիրահարվում և ամուսնանում են օտար ազգի հետ, այլ երբ արդյունքում կորցնում են ազգային ինքնությունը: Սփյուռքում խառնամուսնությունների երևույթին կարող է հակազդել հայկական դպրոցների առկայությունը: Լեզուն է կորիզը, երբ կա լեզու, կա նաև միջավայր, որտեղ ձևավորվում է այդ լեզվով մտածողություն և հետո դառնում ազգապահպանության հիմք: Լեզուն պաշտպանական համակարգ է, մտածելակերպ, անվտանգություն, բանակ: Լեզուն ՀԱՅՐԵՆԻՔ Է:

-ՌԴ հայկական համայնքներում հաճախադեպ է դպոցների փակումը: Ի՞նչն է պատճառը և այս առումով ի՞նչ քայլեր են ձեռնարկում դեսպանատունը, եկեղեցին, համայնքային կառույցները:

– Անցյալում էլ Ռուսական կայսրությունում ազգային դպրոցների փակման ցարական որոշումներ էին ընդունվում: Բայց դա չխանգարեց, որ 19-րդ դարում Ռուսաստանում բնակվող մի շարք ականավոր հայեր սիրով իրենց գումարները ներդնեն կրթության համակարգում. նրանց միջոցներով ռուսական կայսրության մի շարք քաղաքներում բացվեցին դպրոցներ։ 1814 թ.-ին Լազարյան ճեմարանը Մոսկվայում, 1810 թ.-ին` Աստրախանի հայտնի Աղաբաբյան ուսումնարանը, Ղրիմի հայերը 18-րդ դարում հիմնադրեցին Դոնի Նախիջևան քաղաքն ու անմիջապես դպրոց կառուցեցին: 1824 թվականին բացվեց Թիֆլիսի Ներսեսյան հոգևոր վարժարանը։ Ռուսական կայսրության մի շարք քաղաքներում` Թիֆլիսում, Մոզդոկ քաղաքում (Ալանիա) և Շուշիում (Արցախ), բացվել էին նաև կանանց համար նախատեսված մի քանի դպրոցներ։ Մեկենասների աջակցությամբ ծխական դպրոցներ բացվեցին նաև Ախալցխայում, Թիֆլիսում և Էրիվանում։ Երբեմն, անապահով ընտանիքների երեխաների ուսուցման համար վճարում էին հարուստ հովանավորները։ Ինչո՞ւ: Որովհետև նրանք լավ էին հասկանում, որ միայն առևտուրն ու արվեստը բավարար չեն, գիտելիքների որոշակի հենք է անհրաժեշտ։ Ընդ որում, վերոնշյալ դպրոցներում կրթությունն ամբողջովին հայերեն էր, իսկ այսօրվա Ձեր նշած հայկական դպրոցները կամ կիրակնօրյա են, կամ հայերենի խորացված ուսուցմամբ: Այսօր Սփյուռքում ապրող շատ քիչ հայեր են իրենց երեխաների ապագան տեսնում Հայաստանում, հետևաբար ժամանակ և ֆինանս չեն ծախսում հայերենի խորացված ուսուցման վրա, այն հիմնականում կենցաղային լեզու է Սփյուռքում, շատերը մտածում են, որ, եթե երեխաները խոսում են վարժ հայերենով, դա արդեն հերիք է: Այնպես որ, դպրոցները փակվում են, որովհետև այնտեղ հաճախող հայ երեխաների թիվը բավարար չէ: Սա դաժան ճշմարտություն է, որի հետ հաշվի նստելու անհապաղ անհրաժեշտությունը կա:

– Տեղյակ եմ, որ աշխատանքի բերումով հաճախ եք լինում հայկական համայնքներում: Ինչպես ասում են, առաջին ձեռքից եք ծանոթանում առկա խնդիրներին, համայնքային ձեռքբերումներին: Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած սփյուռքյան համայնքների առջև, և, առհասարակ, ի՞նչ գնահատական կտաք համայնքների ակտիվության առումով:

-Ինքնանպատակ հայապահպանումը Սփյուռքում մինչ օրս արդյունք չի տվել, գրավիչ չի եղել և չի կարողացել համախմբել հայությանը: Այդ է ապացուցում Սփյուռքի փորձը: Երբ ամեն անգամ Սփյուռքը որոշակի մեկ գերագույն նպատակի շուրջ միավորվել է, ինքնաբերաբար աճել և տարածվել է ազգային ինքնագիտակցության հարցը: Հետևաբար Հայաստանի Հանրապետությունն իր հարաբերություններում չպետք է բավարարվի Սփյուռքի կառույցների հետ իր կապերով միայն, քանզի դրանք չեն ներկայացնում Սփյուռքի հավաքական կերպարը: Հարկավոր է մտածել և գտնել նոր ուղի, նոր մոտեցում այս հարցում: Հայկական պետականության զորակցությունը, ոտնահարված իրավունքների նվաճումը, նվաճած իրավունքների պահպանումը և քայլ առ քայլ վերադարձի գաղափարի արմատավորումը Սփյուռքում կարող են լինել այն գաղափարները, որ կմիավորեն Սփյուռքի գերակշիռ մասին: Սակայն մեխանիզմների առումով, եթե Սփյուռքը փորձել միավորել կուսակցությունների հովանու տակ, ինքնաբերաբար կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ զորակցությունը կդառնա նախապայմաններով, որովհետև ցանկացած կուսակցություն ունի իր նախասիրությունները և բոլոր ժամանակներում էլ մրցակից է Հայաստանի իշխանությունների հետ:

– Ձեր դիտարկմամբ, ի՞նչ ճանապարհով է այսօր ընթանում Հայկական սփյուռքը:

-Սփյուռքը վերջին 40 տարվա ընթացքում աննախադեպ նահանջ է ապրել: Բնական և արհեստական պատճառներով, հայաստանամերձ երկրներից հայությունը հայաթափ լինելով մեկնել է հեռավոր ավստրալիաներ, ամերիկաներ, կանադաներ: Իրողությունը վկայում է, որ հայկական կառույցները տեր չեն կանգնել իրենց կոչումին, երբեմնի Միջին Արևելքի կենսունակ հայկական համայնքներն ամայացել են, հերթով փակվում են հայկական դպրոցները, նույնիսկ վերջին Սիրիական տագնապի մեջ կրակից փախածներին չօժանդակեցին Լիբանանում, նրանցից շատերը մեկնեցին Կանադա և Եվրոպա, իսկ Հայաստանում, պարզ է արդեն քանի տոկոսը տեղ գտավ: Նախարար կամ հանձնակատար կոչումներից չի կախված Սփյուռքով զբաղվող կառույցի գործունեությունը, սակայն, ըստ էության, մենք ցանկություն չունենք սերտելու, փորձառություն ապրելու նախկին տասնամյակների այդ կառույցների փորձառությունից: Ցավոք, ամեն նոր պաշտոնյա հենվում է իր սեփական փորձի և իր սեփական գիտելիքների վրա, քանի որ չկա ձևավորված ինստիտուտ: Վերջին հաշվով, հանձնակատարն ընդամենը կարող է օժանդակող դեր կատարել, բուն գործը պետք է արվի հենց Սփյուռքում, որի համար միջոցների պակաս չկա, պակասում է նպատակաուղվածությունը, հայեցակարգն ու կազմակերպված աշխատանքը:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Աղբյուրը՝   https://www.iammedia.am

————————————————————

Anna Givargizyan
Ph.D. in Culturology
Associate Professor of MSPU
Founder, Publisher & Editor-in-Chief of ZHAM magazine
zham@zham.ru
+7(965)1079290
www.zham.ru

——————————————————————-

Ein Gedanke zu „Աննա Գիվարգիզյան. «Ինքնանպատակ հայապահպանումը Սփյուռքում մինչ օրս արդյունք չի տվել»“
  1. Samwel Pogosyan Հայ լինելը պիտի տնտեսապես շահեկան լինի․․․Հայոց լեզուն և մշակույթը պիտի սոցիալական պահանջարկ վայելի․․․Իսկ դա կարող լինել միայն Համահայկական Շուկայի՝տնտեսական ցանցային համակարգի պայմաններում,երբ Սփյուռքի բոլոր համայնքները տնտեսապես կապված կլինեն իրար և հայրենիքի հետ․․․

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert