«Միքայել»

“Փողոցներն ինձ անծանոթ,տանիքներն օտար և մարդիկ բոլոր`պատմում էին ինձ քո մասին,իսկ ես փողոցներից այդ մութ,տանիքներից օտար,մարդկանցից բոլոր`փախնում էի հեռու՜,որ գրկեի կարոտդ ու արցունքոտվեի…

Զզվելի բան է հավատը`հոգի՜ս:Դու հավատում ես վերադարձներին,բայց չէ որ մի օր ,մի սիրուն գիշեր բոլորը գնում են ու անվերադա՜րձ:”

Երբ ծնվեցի ինձ լքեց ժպիտը,հետո դարձա տասը տարեկան,ինձ լքեց մայրս,իսկ հորս մասին դեռ արգանդում իմացել էի`չկա,ես այն երեխաներից էի,ովքեր ծնվում էին ցեղասպանված դեմքով,ճակատին դրոշմված,որ իրավունք չունեն ժպտալու:Մենք պատերազմի անձրևաորդերն էինք,ամեն պատերազմի հետ երկինքը,որպես մահ շաղ էր տալիս մեզ հողին ու ստիպում ապրել նրանց փոխարեն,ովքեր գնացին,ովքեր չվերադարձան,ովքեր երկնքի բաժինն էին,որովհետև երևի լավն էին,որովհետև սեր էին,իսկ Աստված սիրո կարիք ուներ,իսկ մենք այն երեխաներն էինք ,ովքեր երկնքին, էլ պետք չէին,ովքեր այս կարմիր հողին ու մեռելատուն հիշեցնող քաղաքին էին պետք,մենք պետք է ծնվեինք,որ մեռածները հարություն առնեին,որ քաղաքի լռությանը մեր ճիչը խառնվեր,որ մեկն էլի պատուհանի տակ հարբեր ողջ գիշեր ու երգեր`որդի է ունեցել,ապագա զինվոր:Մեր փոխարեն ամեն բան որոշել էին,իսկ մենք ծնվում էինք,անձրևն աչքներիս ու անարդարության կոչը շուրթերի վրա:Ոմանց հետ ծնվում էր բախտը,ոմանք հայր ունեին,իսկ ես արդեն ասեցի,երկուսից էլ զրկված ծնվեցի,իսկ հետո զրկվեցի նաև մորիցս:

Մայրս,մայրս չքնաղ էր,գեղեցիկ,երբ ծնվեցի ես նա դեռ տասնութ էլ չկար,բայց արդեն մի ողջ կյանք կար աչքերի մեջ ու մի աշխարհաչափ ցավ ուսերի վրա:Այնքան գեղեցիկ էին մորս աչքերը,սևածով էին ու թախծոտ,աչքերի մեջ ցավ ու կորուստ կար,սպասում ու անվերադարձ կարոտ:Սեր էր կորցրել պատերազմում ու մնացել մենակ կարմիր քաղաքում`երկինքը կրծքի տակ:Գեղեցիկ էր մայրս,բայց ներսում կուտակված ատելությունն երկրի ու երկնքի հանդեպ այնքան շատ էր,որ կուրացել էր ու ,երբ ես ծնվեցի նա չտեսավ,չնկատեց աչքերը մեծ սիրո,այդպես էլ չսիրելով ու չընդունելով ինձ ու հրաժարվեց երկնքից ընտրելով երկիրը:Ես մեծացա մանկատանը,երազելով կարմիր քաղաքի ու այնտեղ բնակվողների մասին,ես երազում էի մի օր փախչել մանկատան սառը պատերից հեռու ու խառնվել քաղաքի ամբոխին,դառնալ նրանցից մեկը:

Ասում էին,գարուն է,քաղաքում բալենին է ծաղկել,յասամանաբույրով է պատվել ամեն բակ ու տուն,իսկ մանկատանը դեռ ձմեռ էր,մահաշունչ ձմեռ,բայց իմ հոգում տոն էր,այսօր ես լքում էի այդ պատերը ու վերջապես խառնվեի կարմիր քաղաքին,այսօր ես կտեսնեի ծաղկած բալենին ու կշնչեի յասամանաբույրը:

Քաղաք,ինձ անծանոթ, օտար պատուհաններ,որտեղից այն կողմ ճակատագրեր էին,ամեն պատուհան իր պատմությունն ուներ:Քայլում էի գորշագույն մայթերով ,երբ հանդիպեցի նրան`Լենան էր,կարմրահեր տիկինը գորշագույն մայթերի:Շուրթերը կարմիր,արհեստական թարթիչները փակել էին աչքերը ու կարծես անգույն էին աչքերը նրա,իրանը բարալիկ,սլացիկ ոտքերով,այտերը վարդագույնով էր պատել,իսկ շրջազգեստն այնքան կարճ էր ու թափանցիկ ,որ երևում էին փարթամ ու տղամարդկային աչքերից կշտացած կրծքերը և նրանց ուժին կարոտ ճերմակ ուսերը:Մոտեցավ ինձ ու կիսահայերեն մի քանի բառ արտաբերեց կարմիր շուրթերի արանքից:Մինչ ես փորձում էի աչքերս կտրել նրա մարմնից,նա ևս մեկ անգամ կրկնեց.

-Ծխախոտ ունե՞ս,աղջիկ:

Մտքերս իմի բերելով,պատասխանեցի.

-Ո’չ,ես չեմ ծխում,տիկին:

-Իսկ ի՞նչ ես կորցրել այս ժամին փողոցներում:

-Ինձ,-պատասխանեցի ու շարժվեցի առաջ,բայց տիկինը կարծես պարապ էր ու հազիվ զրուցակից էր գտել,բռնեց ձեռքիցս,անգույն աչքերով նայեց ինձ,ժպտաց,ի ցույց դնելով դեղնավուն ատամները կարմիր շուրթերի տակից ու խոսեց.

-Քե՞զ,քանի՞ տարեկան ես,աղջիկ,որ դեռ չես գտել քեզ,գուցե փորձեմ օգնել քեզ,որտեղի՞ց ես և ու՞ր ես գնում:

-Երկնքից եմ,կարմիր քաղաք եմ գնում,-կոպիտ պատասխանեցի տիկնոջը ու փորձեցի շարժվել առաջ,բայց տիկինը համառ էր ու հետաքրքրասեր.

-Ես,Լենան եմ,այս տարածքի տիրուհին,տղամարդկանց երազանքն ու կանանց նախանձը,չգիտեմ ի՞նչ կարմիր քաղաքի մասին է խոսքը,բայց,եթե սեր ես կորցրել ,ապա սխալ տեղ ես փնտրում նրան,նա հիմա երևի ուրիշին գրկած քեզ չի էլ հիշում,իսկ թե աշխատանք ես փնտրում,ես կարող եմ այդ հարցում օգնել քեզ:

-Ոչ մեկը,ոչ մյուսը,ես արդեն պատասխանեցի Ձեզ,տիկի’ն,ի՞նչ եք ուզում ինձնից,թույլ տվեք գնամ:

-Տու՞ն ունես,ծնողնե՞ր ունես,որևէ մեկին ունե՞ս,մոլորված ու չարացած ես,աղջիկ:

-Երկինք ունեմ,երկինքն է իմ տունը,-պատասխանեցի ու այդ պահին հոգիս մի նոր ցավով պատվեց,Լենան ինձ հիշեցրեց,որ մենակ եմ,որ եկել եմ ոչմի տեղից և գնում եմ դեպի անհայտություն,որ ոչ ոք չունեմ,ունեցածս փոքրիկ սենյակն էր,որը պետությունից էի ստացել,միակ բանը,որը ստացել էի երբևէ ,այդ փոքրիկ,անշունչ,անտեր սենյակն էր,սառը,անշունչ պատերով,որն ինձ մանկատունն էր հիշեցնում,ուղղակի միակ տարբերությունը այն էր,որ մանկատանը օդում կախված կարոտներ կային,շշուկներ,որտեղ սպասումներ ու հավատ էին վերադարձների,իսկ այս սենյակը լուռ էր,մահաշունչ ու դատարկ:Ունեցածս այդ սենյակն էր ու երկինքը,որտեղ իմ բոլոր երազանքներն էին,հարցերն ու սպասումները:Մինչ ես ընկել էի մտորումների գիրկը,Լենան այդ ընթացքում ինձ իր կյանքից էր պատմում,բայց ես ոչինչ չլսեցի,ոչինչ չիմացա,ինձ Լենան չէր հետաքրքրում,ես ուզում էի հասնել քաղաք,որտեղ մի օր կորցրել էի հորս,դեռ չգտած նրան,որտեղ երևի մայրս էր`իր երազանքներով,սևածով աչքերով ու երկար վարսերով:

-Աղջի’կ,դու ինձ ընդհանրապես լսու՞մ ես,արդեն որերորդ անգամն եմ անունդ հարցնում,թե անուն էլ չունես:

-Լսում եմ,անունս Մարգարիտ է,բայց ես պետք է գնամ,ու՜շ է:

-Ու՞մ մարգարիտն ես,ու՞մ պարանոցից ես պոկվել ու խառնվել էս գորշությանը:

-Երկնքից,երկնքից եմ պոկվել,ես ոչ ոք չունեմ,անտեր ու անմշակ մարգարիտ եմ,էժան ու անգույն,գնում եմ քաղաք,հորս ետևից,մորս երազանքները տեսնելու ու խառնվելու ամբոխին կարմիր քաղաքի:

-Այդ ի՞նչ քաղաք է,կարմիր քաղաքս ո՞րն է,այսքան տարի ապրում եմ,երբեք չեմ լսել:

-Մեզ մանկատանն էին պատմում այդ քաղաքի մասին,ասում էին քաղաքը կարմիր է հագել,հողն այնտեղ կարմիր է ու շատերի երազանքները,սերերը,սպասումներն ու կարոտները այդ հողի տակ են:Հայրս էլ է այնտեղ:Ես գնում եմ երազանքների ու սիրո ետևից:

-Զուր են սպասումներդ,քաղաքում վաղուց են սերերը մեռել,երազանքները իրենց հետ տանելով,մահացել է սերը վաղուց,իսկ անշունչ քարերը չեն կարող սեր տալ ու քեզ տաքացնել քամու սանձարձակ հարվածներից,որբ սպասումներիդ ճանապարհները չեն արևոտվի,քաղաքում արևները վաղուց հողի տակ են,այս քաղաքում վաղուց սիրով ընտանիք չեն կազմում և չորացել է արգանդը կնոջ ամեն պատի տակ աստղ թողնելով,իզուր մի փնտրի,անգամ տանիքներում վաղուց երազանքներ չկան,այնտեղ չեն վազում էլ համբուրվելու,այնտեղի հոտը սիրով չի բուրում,հիմա հաշիշ է ու քրտնքահոտ `գիշերվա կեղտոտ հեշտանքից հետո:Դու ավելի լավ է,միացիր ինձ,հրավիրում եմ թեյ ըմպելու,դրսում ցուրտ է ,ես էլ վաղուց զրուցակից թեյի սեղանի շուրջ չեմ ունեցել,ինձ հյուր եկողներին թեյ պետք չի,ինձ մոտ հյուր են գալիս լավ մյուզիք լսելու,սեքսի ու մի լավ գինու համար,իսկ առավոտյան հեռանում են,մոռանալով ինձ,ինձնից փորձառու մեկին գտնելով:

Լսում էի Լենային ու հասկանում,որ ինձնից դժբախտներն էլ կան,որ ինձպեսները շատ են այս քաղաքում ու,որ սպասումներս կարմիր քաղաքի հետ սուտ էին:Քաղաքը կարմիր չէր,քաղաքը արյունով էր պատված,այստեղ մարդիկ մեռելասեր ու մահաբեր էին,սեր չկար,անգամ գրքերում սեր ու ռոմանտիզմ չկար,ամեն պատի տակ մի կործանված հայրենիք էր,լքված ու անհույս:Այս քաղաքում հավերժ պատերազմ էր ու մի ծով կործանված ճակատագրեր,այս քաղաքը վաղուց ճերմակ աղավնիներին չէր պատկանում,այն լցված էր Լենաներով,ինձպեսներով ու անհայրենիքներով,իսկ պատերի տակ աստղեր էին’չկատարված երազանքներ,ինքնավիժած երկնքից:

Մերժեցի Լենային,ինձ էլ բոլորի նման չէր հետաքրքրում իր պատրաստած թեյը ու պատմությունները սիրո,կորստի:Ես թողեցի Լենային միայնակ այդ գորշության մեջ ու հեռացա,մի քանի քայլ արեցի,շրջվեցի վերջին անգամ հիշողությանս մեջ նրան դրոշմելու և տեսա,թե ինչպես մի սև մեքենա մոտեցավ նրան,մի քանի բառ խոսեցին ու Լենան նստեց մեքենան և նրանք կորան փողոցի գորշության մեջ:Այսօր ևս մեկ անգամ մեկը մի լավ մյուզիք էր լսելու,սեքս ունենալու և ճաշակելու էր գինին ու հեռանար,մոռանալով Լենային ու չնկատելով Լենայի սեղանն ու թեյի բաժակները,որոնք երևի այդպես էլ հավերժ դատարկ մնան:

Ձմեռ էր ,դեկտեմբերն էր,ցուրտ,մռայլ,դուրս էիր գալիս թե չէ ձյան փաթիլները մի կողմից էին սկսում ապտակել,քամին մյուս կողմից մարդիկ էլ ով ոնց պատահի:Առջևում Ամանոր էր,մարդիկ մոռացած հիվանդություն,վիշտ,ցավ ,կորուստ,ճգնաժամ կանգնել էին հերթի:Ուտելու հերթ էր ,խմելու հերթ էր,ասեղ գցելու տեղ չկար,բոլորն եկել էին,Ամանոր էր…

Երկրում պատերազմ էր.

Պատերազմը էս երկրում էդպես էլ չավարտվեց,որովհետև էս մարդիկ ուտել-խմելու հերթեր են սիրում,լափել են սիրում,հարբել են սիրում,օղու շշի հետ առյուծանում են ու սկսում հորինել մի սիրուն հեքիաթ իրանց հզոր լինելու մասին,պատերազմի օրերին թե քանի ոչխարի գլուխ են կտրեն,մատաղ արել,թե ոնց են առանց զենքի կռվել մի մեծ բանակի դեմ հաղթել,չեն հանձնվել,գերի չեն ընկել,իրանք բա էդ տղեն են,իրանք նախընտրում էին ինքնասպան լինել քան գերեվարվել,էդ դավաճանություն ա դե իրանցպեսների համար:Օղու հետ ավարտում էին հեքիաթները ու բախվում իրականության հետ,սկսում էր ներսից մի ձայն գոռալ,որ էհե՜յ,այ հարբած առյուծ էս ում ես խաբում,քեզ,ինձ,թե շշին,ախր դու էդ օրերին էլի ուտել-խմելու հերթի մեջ էիր,ժամանակ չունեիր պատերազմ գնալու,ախր դու կնգադ փեշի տակից ստասուս էիր գրում ,թե ով ինչ զենքով գնա,ով որտեղ ինչ անի,արի եղբայր դու ավարտի հեքիաթդ,շիշդ գրկի քնի,որովհետև կինդ չի թողնում գրկես,որովհետև վաղուց քեզ չի տալիս,որովհետև վաղուց շշից բացի քեզ ոչ ոք ոչինչ չի տալիս:Հերթերի մեջ իրար են ուտում,պարզվում ա լավ էլ ուժեղ ժողովուրդ են,մենակ տեսնեք ,թե ոնց են հաջողացնում վերջին շարքից առաջին շարք գալ,վերջին խոզի բուդն իրանցով անել,էդ հերթերի մեջ շատ տղաներ տղամարդ դարձան,շատ աղջիկներ դարձան կին,շատերն էլ զգացին բռնաբարվելու հաճույքը,անգամ գերմանական ֆիլմերում էս տեսակ տեսարաններ չես տեսնի `հարյուրավոր անձինք բռնաբարվում ու բռնաբարում են իրար,սեքս են անում ու չբավարարված դեմքով շատերը լքում են հերթերը էդպես էլ չտիրանալով խոզի վերջին բդին,իսկ մյուսները օրգազմ ապրած շան պես բուդը խցկած տոպրակի մեջ դուրս են գալիս հերթերից ու վազում դեպի օղի շշերը,որ դե հետո շշի հետ առյուծանան:Ու էս էյֆորիայի մեջ կար մի մեծ ցավ,մարդկանց մեջ մարդ չէր մնացել,քաղաքը դատարկվել էր ու ծերանոցի հոտ էր գալիս,երկիրը կիսվել էր երկու մասի,մի մասը գերեզմանոց էր,մյուսը հիվանդանոց:Գերեզմանոցները միակ տեղն էին երկրի վրա որտեղ դեռ սեր կար,սպասում կար,ծիծաղի ու լացի ձայն կար,որտեղ դեռ կյանք կար,իսկ երկրի մյուս մասը հիվանդանոց էր,որը լցված էր ծերերով,շշի տակ ապրող առյուծներով,օրգազմ չապրած կանանցով,սոց կայքում բնակվողներով,որովհետև ուրիշ տեղ չունեին,որովհետև իրանց միակ տեղը ,որտեղ իրանց ընդունում էին գրկաբաց էդ սոց կայքն էր ու նոր ծնված երեխեքով ովքեր ծնվում էին ցեղասպանված դեմքով ու ճակատին դրոշմված ես իրավունք չունեմ ժպտալու,երգելու,ապրելու՜,որովհետև իմ պապու պապը ցեղասպանվել ա ժամանակին ու էս բոլորի կողքին կար մի այլ աշխարհ,ում չէին նկատում ոչ գերեզմանում ապրող ողջերը,ոչ էլ հիվանդանոցում ապրող մեռելները:Էդ աշխարհում ապրում էին մայրեր,ովքեր դեռ նոր էին իրանց երեխեքին ծծից կտրել ու ճամփան օրհնելով ուղարկել մեռնելու,հայրեր,ովքեր դեռ նոր-նոր էին համակերպվել իրանց կոչման հետ,ովքեր դեռ կուլ չէին տվել էն վերջին բաժակը,էն վերջին բաժակը նոր ծնված զավակի`տղա էր ծնվե՜լ,կանայք,ովքեր դեռ սպասում են և նորածիններ,ովքեր դեռ հավատում են և լիքը տղաներ`անոտք,անձեռք,անաչք ու լուռ,տղաներ,ովքեր ապրում էին էն հույսով,որ Աստված կա,որ իրանց ընկերները,ախպերները,նույն տարիքայինները չկան,որովհետև Աստված սիրո ու հավատարիմների կարիք ուներ,որովհետև երկրի վրա էդ տղերքի տեղը չէր,որովհետև երկրի վրա էդ տղերքին չեն հիշում,որովհետև քանի-քանի տենց տղերք ստվերում մնացին ու մեռան ու իրանց լսող չեղավ ,իրանց հասկացող չեղավ,իրանց մասին էդպես էլ ոչ ոք չիմացավ:Քանի դեռ հիվանդանոց դարձաց երկրում ամեն պատի տակ բռնաբարում ու բռնաբարվում էին ու շքամուտքում վիժում որևէ մեկի աղոթքը էս մի աշխարհում մարդիկ փորձում էին անհավատ չդառնալ:Ու էս ամենի հետ միասին,նույն գորշության մեջ քայլում էր նա`վստահ,գլուխը բարձր,այնքան գեղեցիկ էր,սևաչյա տղան իմ երազների,հորս էր նման,ճիշտ է ես երբեք նրան չեմ տեսել,բայց երազներում ,երբ հյուր էր գալիս բարձրահասակ ,լայն ուսերով ու սևաչյա տղամարդ էր,կոպիտ ձայնով և աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ:Որքան մոտենում էր այդքան ավելի էի խորտակվում նրա սևածովում,սիրտս այնքան արագ էր աշխատում,առաջին անգամ էի նման բան զգում,գուցե հորս էի փնտրում նրա աչքերում:Ամեն օր նույն ժամին գնում էի ինձ օտար այդ փողոց,որ տեսնեի նրան,նա դուրս էր գալիս ինձ անծանոթ այդ շենքից ու քայլում արագ ,կարծես որևէ տեղ շտապելով:Ամեն օր նույն ժամին,նույն փողոցում ես ինձ կորցնում և գտնում էի նրա աչքերում:

Պատերազմը դեռ չէր ավարտվել,մարդիկ ամեն օր շտապում էին,մեկը շտապում էր աշխատանքի,մյուսը ժամադրության էր,մեկը որդի էր ունեցել ,հիվանդանոց էր շտապում,մյուսը հիվանդանոց էր շտապում որդու դին էին գտել,բոլորը շտապում էին,շտապում էին ապրել,իսկ ես ինչպես միշտ շտապում էի նրան տեսնելու,նրան ում անունն անգամ չգիտեի,բայց սիրում էի,սիրում էի բոլոր անուններից առավել:

Սեպտեմբերն էր,աշունը իր գիրկն էր առել քաղաքը ու տերևներին համոզում էր,որ մահից հետո կյանք կա,տերևները հավատում էին նրան ու պոկվում ծառից,խառնվում քամուն ու փարվում հողին,որտեղ սերեր կային:Անձրևը մաքրում էր մայթերից արցունքները,կարոտի ոտնահետքերը:Մարդիկ էլի շտապում էին,ես էլ նրանց հետ:Շտապում էի նրան տեսնելու,շտապում էի ևս մեկ անգամ մտովի նրա գրկում հայտնվելու,սիրվելու,զգալու նրա մատները տղամարդկային կոպտության կարոտ որբ մարմնիս վրա,շուրթերի հպումը սառը շուրթերիս,շտապում էի ևս մեկ անգամ ինձ կին զգալու,անմեղությունս նրան նվիրելու ու անթիվ աստղեր նրան պարգևելու,շտապում էի,բայց ուշացա:Չկար նա,ես չտեսա նրան,ոչ այդ օրը և ոչ էլ նրան հաջորդող օրերին:Ես ամեն օր շտապում էի նրա մոտ,իսկ նա այդպես էլ հանդիպման չէր գալիս,կարծես անհետացել էր,հոդս էր ցնդել,կարծես երբեք էլ չէր եղել ու ես էի նրան հորինել:Քամին դաղում էր մարմինս,ոսկորներս փշուր-փշուր էին լինում ու այն միտքը,որ գուցե երբեք չտեսնեմ նրան,սպանում էր ինձ ու հոգիս մոխիր դարձնում:

Առավոտյան,անձրևի ձայնը արթնացրեց ինձ,քամին ականջիս շշնջաց,որ դուրս չգամ մեռելատուն հիշեցնող իմ սենյակից,որ չշտապեմ այնտեղ,որտեղ ինձ չեն սպասում,բայց համառ գտնվեցի և մերժեցի քամուն,չնկատելով անձրևին դուրս եկա փողոց,ոտքերս բոբիկ,բարակ շապիկով,այսօր ես շտապում էի ավելի քան երբևէ,շունչս կտրվում էր,սիրտս փորձում էր դուրս գալ,վազել,հոգիս գոռում էր`շտապի’ր:Վազում էի,որքան ուժ ունեի վազում էի,վերջապես հասա:

Փողոցն էր ինձ օտար,անծանոթ այդ շենքը,բայց այսօր մարդաշատ էր ու սևով պատված,գլխավերևումս սև ժապավեն էր ,վրան գրված`Միքայել:Փողոցում,անծանոթ այդ շենքի բակում սևազգեստ մարդիկ էին հավաքված ու բոլորը տխուր էին,ինչ-որ բաներ էին շշուկով խոսում,նրանց մեջ փնտրում էի իմ միակին,նրան,իմ սևաչյային:Անծանոթ շենքի անծանոթ մուտքից դուրս եկան մարդիկ,էլի սևազգեստ ու էլի տխուր,նրանց մեջ մի կին կար,այդ ոնց էր գոռում,այդ ոնց էր լացում,անիծում էր մարդկանց,բողոքում Աստծուց ու պահանջում էր,որ որդին աչքերը բացի,հասկացա`մայր է,մի աղջիկ էլ,սև վարսերը նուրբ ուսերին թափել ու լուռ արտասվում էր,ամեն անգամ վերև նայում ու հետո ներքև,կարծես երկնքի ու հողի մեջտեղում պատասխան էր փնտրում,հետո ձեռքը տանում էր կլոր փորիկին ,շոյում ու նորից նայում վերև,ես նրա աչքերում մորս տեսա,նրա ուսերին էլ մորս ուսերի պես աշխարհաչափ ցավ կար:Հետո բոլորը միացան իրար ու շարժվեցին առաջ,ոտքերս իմ կամքին հակառակ շարժվեցին նրանց ետևից,ես փորձում էի կանգ առնել,համոզում էի հետ գնալ,որ հիմա իմ միակը դուրս կգա,իսկ ես բաց կթողնեմ հնարավորությունը նրան ևս մեկ անգամ տեսնելու,ես համոզում էի,իսկ ոտքերս շարժվում էին առաջ ինձ օտար ամբոխի ետևից:Շենքից մի քանի քայլ այն կողմ սգո սրահ էր,բոլորը ներս մտան այնտեղ ու ես նկատեցի,թե քաղաքում որքան են քչացել սրճարանները և որքան են շատացել սգո սրահները,հասկացա,որ այս քաղաքում ջահելները վաղուց սրճարաններում չեն,որ նրանց ավելի շատ սգո սրահներում ենք տեսնում քան ակումբներում:Բոլորը մտան ներս,ես էլ նրանց հետ,ոչ ոք ինձ չնկատեց,կամ նկատեցին,ուղղակի երևի նման պահերի մարդիկ բոլորը հարազատանում էին ու օտարներ չկային,ես էլ այդ պահին դարձա հարազատ ու միացա նրանց:Երանի ոտքերս ինձ ներս չտանեին,երանի աչքերս կուրանային,երանի առավոտյան քամուն լսեի,երանի անձրևը ինձ չարթնացներ,երանի խոր քնով անցնեի ու էլ երբեք չբացվեին կոպերս:Սրահի մեջտեղում դագաղն էր,չորս անշունչ տաղտակներ:Կողքին այն կինն էր,Աստծո հետ կռիվ էր տալիս էլի,որդուն համոզում կոպերը բացել,համոզում էր,որ դա իր տեղը չի,որ իր փոխարեն ինքը պետք է լիներ հիմա այստեղ էդ չորս տաղտակի ներսում,համոզվեցի `մայր էր,որդուն էր կորցրել,նրա կողքին,թևանցուկ արած ճերմակավարս մի տղամարդ էր,անհավատ աչքերով,լուռ,ներսում փոթորիկ`երևի հայր էր:Մի քիչ այն կողմ այն սևահերն էր,կլոր փորիկով,ուշքն էր գնացել,չէր համակերպվում անարդար աշխարհի չգրված օրենքների հետ:Մահ էր չորս բոլորը:Բոլորը սգում էին,գոռում,կռիվ տալիս,միայն նա էր լուռ իմ երիտասարդ սևաչյան,վերջապես նորից հանդիպեցինք,ես տեսա նրան,այսօր ավելի գեղեցիկ էր,երեսը,մարմինը,ձեռքերը,որքան չքնաղ էր նա:Համարձակություն գտա,մոտեցա նրան,կանգնեցի կողքին,նկատեցի,որ մի պահ բոլորի հայացքները հառեցին ինձ ,նկատեցի,որ նրանք նկատեցին ինձ,կանգնեցի լուռ,անբառ,չնայած այնքան բան կար ասելու,նայեցի նրան վերջին անգամ,հույս ունենալով,որ նա կխոսի,որ կնայի ինձ,վերջապես նա էլ կնկատի ինձ,բայց նա լռեց,ես հեռացա,դուրս եկա սրահից:Այս օրը ես վերջապես իմացա նրա անունը`Միքայել,երեսուն տարեկան,ամուսնացած,մի քանի ամսից կծնվեր նրա զավակը:Ես նորից գտա ինձ ու կորցրեցի:Ես այսօր նկատեցի,որ նրա ոչ միայն աչքերն էին հորս աչքերի նման,այլ նաև ճակատագիրը:Ես այդ աղջկա աչքերում մորս տեսա և ինձ`դեռ չծնված:

Մեզ մանկատանը սովորոցնում էին,որ հայը պետք է հայի անուն կրի,որ,եթե մեկ օր զավակ ունենանք հայեցի կոչենք,որ հայի հոգին չկորի,մեզ սովորեցնում էին հայկական երաժշտություն լսել,կարդալ հայ պոետների,խոսել հայերեն,բայց մեզ մի բան էին մոռացել սովորեցնել,որ հայի հոգին անվան,երաժշտության կամ պոետների մեջ չէ,որ հայի հոգին կամ կա կամ չէ,մեզ մոռացել էին սովորեցնել սիրել մեր քաղաքը,սիրել անգամ ,երբ այն կարմիր էր,երբ տանքիները հաշիշոտ կամ քրտնքահոտով են բուրում,սիրել Լենաներին,նրանց մեջ նկարված,գունազարդ մարմնի տակ թաքնված հոգին տեսնել ու գոնե մեկ-մեկ լավ մյուզիքից բացի նրա հետ թեյել,ուղղակի թեյել,մեզ մոռացել էին սովորեցնել,որ չի կարելի հրաժարվել երկնքից ու չի կարելի երազանքերը վիժել ամեն պատահած պատի տակ:Միքայելի զոհվելուց հետո ես հասկացա,որ մեր մեջ ապրում են Միքայելներ,Մարկեր,Լեոներ,ովքեր հայրենիք ունեն հոգում և ապրում են Վաներ,Տիգրաններ,Հարություններ,ովքեր հայ անուն են կրում ,բայց թրքացած ու անհայրենիք են:Որքան տղաներ զոհվեցին հանուն հայրենիքի,ովքեր Սևակ,Չարենց,Թումանյան չգիտեին,և որքաններն են ապրում,ովքեր Չարենց ու Սևակ են մեծարում,ովքեր Կոմիտաս են երգում,բայց չխելագարվեցին,երբ ընկերների մահվան լուրը իրենց հասավ,ովքեր շարունակեցին ակումբներում հայկական երաժշտության տակ հարբել ու միայն վերջին բաժակից հետո հիշել Նժդեհին ու բոլոր էն տղերքին ովքեր հայրենիքի համար զոհվեցին:

Տարիներն անցնում էին ու այդ տարիների հետ անցնում էին իմ կյանքի օրերը,օրեր առանց ինձ անծանոթ փողոցի,օտար շենքի ու առանց իմ սևաչյայի:Դեռ չծնված կորցրի հորս,հետո ինձ լքեց ժպիտը,մայրս,Միքայելը…

Ես,պատերազմի սերունդն եմ,ցեղասպանված ու անհայրենիք,ես երեք անգամ հայրենիք կորցրեցի`հորս,ում գերեզմանը չիմացա անգամ,թե որտեղ է,մորս,ում մասին այդպես էլ ոչինչ չիմացա,չիմացա ողջ է,թե մեռած ու Միքայելին,ում սևածով աչքերում հավերժ թաղեցի ինձ:

Անի Հերունի Սաջյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert