Եվրոպայի Հայերի Համագումարը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի և աշխարհի չորս կողմերում սփռված հայության Նոր Տարին և Ս. Ծննդյան տոները:

Հայաստանի մեր ժողովրդին մաղթում ենք երջանկություն, ապագայի նկատմամբ հավատք և վստահություն իր ուժերին:

Արցախին մաղթում ենք վերջնական հաղթանակի հաստատում և վառ ապագայի կերտում,
Ջավախքի մեր հայրենակիցներին ամուր կամք և կորով՝ ապրելու և ստեղծագործելու հարազատ հողում:

Սփյուռքի մեր հայրենակիցներին մաղթում ենք համբերություն և ինքնության պահպանման ու հարատևման պայքարում՝ միասնակամություն, իսկ հայրենի երկրի զարգացման ու շենացման գործում վճռականություն:

Ապագան շաղկապված է ներկայի ու անցյալի հետ անբաժան: Ներկայի յուրաքանչյուր պահ արդեն անցյալ է, իսկ ապագան ներկա… եւ այսպես շարունակ: Ճանաչելով անցյալն ու ներկան, կարող ենք պատկերացնել ապագան…

Անցնող 2017 թվականը ամբողջ աշխարհում եղավ անակնկալներով և հատկապես քաղաքական ասպարեզում մեծ վերիվայրումներով ու վտանգավոր պահերով լեցուն տարի:

Հայաստանի Հանրապետությունը նաև, որպես աշխարհի երկրների ամբողջական շղթայից մի օղակ, բնականաբար, չէր կարող զերծ մնալ վերոհիշյալ արհավիրքներից: Ողջ հայության համար բնականաբար ավելի կարեւորվում է հայրենիքին առնչվող յուրաքանչյուր զարգացում:

Անդրադառնալով անցնող տարվա հայաստանյան իրադարձություններին, նշենք միայն երեք նշանակալի իրադարձության մասին:

Ա. Ապրիլին տեղի ունեցան Ազգային Ժողովի ընտրությունները: Այս ընտրությունները կարեոր էին այն առումով, որ գալիս էին փոխարինելու նախագահական ընտրություններին, եւ որ մինչեւ 2022 թվականը չեն լինելու համապետական այլ ընտրություններ:

Քվեարկության արդյունքում իշխանությունը դարձյալ վերարտադրվեց: Հույսեր էին փայփայվում, որ այս անգամ չեն լինելու, կամ կնվազեն ընտրակեղծիքները, սակայն ցավոք մեկ անգամ ևս իշխանությունները, նորամուծություն մտցնելով իրենց որոշած քվեարկության օրենսդրության մեջ, կարողացան ի մի հավաքել ողջ օլիգարխիային եւ ժողովրդական լեզվով ասած «բորի պես գցել ժողովրդի մեջ»:

Որի’ն քաղցր ու անուշ խոսքերով, որի’ն այլ եւ այլ նվերների խոստումներով, որի’ն հատուկ ծառայություն մատուցանելով, որի’ն 10 հազարանոցներով եւ որի’ն վախեցնելով և սպառնալիքներով հաջողեցին խաբել և ժողովրդի հետ անազնիվ դաշինքի մեջ մտնելով, քվեատուփերից դուրս բերել իրենց ցանկալի արդյունքը… ԵՏՄ-ի դիտորդները ծափահարեցին… Եվրոմիության դիտորդները մի պահ շշկռվելուց հետո, սակայն ինչպես միշտ, կեսբերան քննադատեցին, ապա որոշեցին ընդունել քվեարկության արդյունքները: Սփյուռքից ժամանած դիտորդները «քոռ ու փոշման» վերադարձան իրենց տները, իսկ հայրենի մեր ժողովուրդը նորից կանգնեց «կոտրած տաշտակի առջեւ» ու մտաբերեց իմաստուն խոսքերը՝ «Ինչ անես քեզ կանես, ինչ ցանես այն էլ կհնձես»...

Բ. Սեպտեմբերին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-որդ համաժողովը: Ամանորյա ուրախալի առիթը պահպանելու համար, այս մասին պատմենքՊարոնյանական հումորի լեզվով:

Հին ու նոր Սփյուռքից է’լ ում ասես, որ չէին հրավիրել, եկավ մի ստվար զանգված, շատերն էլ չեկան: Իսկ Հայաստանից մասնակցեցին բոլոր, բոլորը, բայց ոչ ընդիմությունից, քանզի ընդիմությունը չէր էլ հրավիրված, կամ էլ հրավիրված էր մետասաներորդ ժամին:

Հայրենասիրական տասնյակ սրտաճմլիկ ճառերից հետո, իշխանությունները դաշնակցականների հետ միասին որոշեցին ապագայում ստեղծել մի համահայկական խորհուրդ, որ ոչ ատամ ունենա ուտելու, ոչ էլ բերան խոսելու և ըստ հայտարարությունների, չունենալով իրավական որևէ իրավասություն, պիտի մնա որպես սոսկ խորհրդատու մարմին:

Գ. Նոյեմբերին ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա 2017 թվականի կարեորագույն ձեռքբերումներից մեկը կարելի է համարել:

Չխորանալով մանրամասնությունների մեջ կարելի է ասել, որ այդ համաձայնագրի կետերի իրագործումը կամրացնի ՀՀ-ի միջազգային հեղինակությունը, կխթանի տնտեսությունը և կդառնա պատվանդան կառուցելու ավելի զարգացած և առավել մարդկային հասարակություն:
Այն ՀՀ իշխանություններին պարտավորեցնում է ապահովել եւ գործադրել ժողովրդավարության համար անհրաժեշտ բոլոր օրենքները եւ հարգել մարդու անկոպտելի իրավունքը:

Նման մի համաձայնագիր ստորագրող երկրում չպիտի լինեն քաղաքական բանտարկյալներ: Որքան էլ իշխանությունները և այլոք ժխտեն ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների գոյությունը, փաստը մնում է փաստ, որ տարբեր դրդապատճառներով և մեղադրանքներով այսօր անազատության մեջ են գտնվում բազմաթիվ անհատներ, ովքեր իրենց համոզմունքների և գաղափարների համար են դատապարտված: Տեղի են ունենում դատավարություններ, որոնք ավելի շուտ բեմադրություններ են և որևէ աղերս չունեն արդարության եւ իրավունքի հետ եւ պատիվ չեն բերում մեր երկրին: Հարկավոր է անհապաղ վերացնել նման ձևական դատավարություններն ու գործողությունները եւ ապահովել յուրաքանչյուր մարդու իրավունքն ու ազատությունը:

Հավատացած ենք, որ մեր հայրենիքը զարգանալու և երջանիկ քաղաքացիներ ունենալու բոլոր հնարավորությունները ունի և դա կախված է մեզանից յուրաքանչյուրիցս, որպեսզի քանդելով անտարբերության և վհատության պատնեշը, աշխատենք ու պայքարենք իրականացնելու մեր դարավոր երազանքները:

Հույսով ենք գալիք տարվա ընթացքում աշխարհի գերտերությունները և մարդկության ապագայի նկատմամբ որոշում կայացնողները կցուցաբերեն այնքան իմաստություն և կամք, որով կկարողանան խուսափել արհավիրքներից և մարդկությանը կորստյան տանող կործանարար քայլերից:

Թող, որ 2018 թվականը լինի զարթոնքի, պայքարի եւ հաղթանակների տարի:

 

Եվրոպայի Հայերի Համագումար
29
դեկտեմբեր 2017
Շվեդիա, Ուփսալա
contact@aaeurop.com
www.aaeurop.com

 

 

Ein Gedanke zu „2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ“
  1. Շնորհավոր համայն հայության նոր տարին, այս նորր տարին հայության համար սրտաճմլիկ հայրենասիրական ճառերից բացի թող լինի ինքնամաքրման, շրջահայացության, հաղթանակների, հայոց նվիրական իղձերի իրականացման տարի։ ՀԿՉ

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert