Շուշան Ղազարյան.- «Այսօր Մոնթեի հիշատակի օրն է։ Այդպես էլ չիմացանք Մոնթեի զոհվելու իրական պատճառը։ Եթե դիմացից իրեն ասել են այստեղ մաքուր է, արի ու ինքը գնացել է առաջ, բայց պարզվում է մի ազերի մոլորված տանկ դեռ գյուղում է, ու նա է հենց կրակում Մոնթեի ուղղությամբ, փամփուշտը դիպչում է մետաղե սյունին ու ետ գալիս, մխրճվում Մոնթեի քունքի մեջ։ Նրան զորակցող տանկը, որ ետեվից պիտի գար Մովսես Հակոբյանի հետ, ինչու է ուշացել ու չի կարողացել պաշտպանել Մոնթեի մեքենան, ինչու կենդանի մնացածները հանկարծակի տարբեր առիթներով զոհվեցին։ Նրա վարորդ Կոմիտասի առաջին ցուցմունքը լրիվ այլ բան է եղել, հետագայում ասվածը լրիվ այլ։
Ինչու հանկարծ խաղաղ պայմաններում Կոմիտասը զոհվեց ականի պայթյունից։ այն էլ Կոմիտասը, ով սանտիմետրերով գիտեր տարածքի որ մասում ինչ վտանգ կա։
Եվ վերջապես Մոնթեի կնոջ հայտարարությունը՝ եթե Մոնթեն կենդանի լիներ, նրան էլի սպանելու էին»։
1993 թ Հունիսի 12-ին անմահացավ Հայ ազգի նվիրյալ Մոնթեն։
90-ականներին բոլորը հասկանում էին Արցախյան պաշտպանության հարցի կարևորությունը, բացառություն չէր նաև Մոնթեն։
Անգնահատելի է Մոնթեի ներդրումը պաշտպանական մարտերում։ Իր անձնվիրությամբ ու քաջությամբ Մոնթեն այսօր էլ ապրում է մեր հուշերում։
Մարգար Մելքոնյանն.- «Մինչ քայլում էինք դեպի կառավարական հուղարկավորության վայրը, թաղմանը եկած մարդիկ սկսեցին ինձ մի կողմ քաշել ու հայտնել իրենց կասկածները:
– Քո եղբորը սպանել են դարանակալներ,- ասաց մեկը,- նրան սպասում էին:
Մեկ ուրիշը պնդում էր, թե մարդասպանն իր արարքի համար վարձատրվել է, իսկ մեկն էլ` որ այդտեղ անպայման թուրքերի մատը խառն է:
Հետո ներկաներից մեկը շշնջաց, որ իմ եղբայրը թակարդն էր ընկել, իսկ այդ թակարդը լարել էին ոչ թե թշնամու զինվորները, այլ իրեն մոտիկ մարդիկ»:
armeniasputnik.am.- Մոնթեն չէր սիրում երկու բան, երբ իրեն շողոքորթում էին և ալկոհոլային խմիչքներ էին օգտագործում: Երկու դեպքում էլ այդ մարդկանց անվանում էր «էշ»: Դա Մոնթեի ամենավատ բառն էր: Մոնթեի մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանը կարոտով ու ժպիտով է հիշում Մոնթեի հետ պատահած դեպքերից մեկը.
— Դու ո՞վ ես։
— Ես հրամանատարն եմ։
— Դուն էշ ես։
— Դու ո՞վ ես։
— Ես հրաձիգն եմ։
— Դուն էլ ես էշ։
Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր, ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։
— Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես: