Վահրամ Այվազյան, Երևան, 17 Հունվար 2021

Նախաբան

Անցած 2020թ․–ը աղետալի էր Հայաստանի և սփյուռքի համար․ հայ ժողովուրդը զրկվեց իր հայրենիքի 1/4–ից՝ դե ֆակտո կորցնելով Արցախը, տվեց հազարավոր զոհեր ու վիրավորներ, ռազմագերիներ ու փախստականներ, իսկ Սփյուռքն ու Հայաստանն էլ դեռ ընկճախտի մեջ են կատարված արհավիրքի պատճառով։

Պատերազմին հաջորդած գործողություններից և հայտարարություններից, Ադրբեջանի իշխանությունների կողմից ռազմագերիներին չվերադարձնելու և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը անընդհատ ոտնահարելու քաղաքական գծից և թուրք–ադրբեջանական մամուլում լայնատարած հակահայկական բռնի կոչերից արդեն պարզ է, որ հայ–թուրքական և հայ–ադրբեջանական խաղաղություն և ապաշրջափակում ակնկալելը պատրանք է․ նույնիսկ եթե վերջնական դե յուրե պայմաններ էլ ստեղծվեն վերոնշյալի համար, իսկ Հայաստանի պարտված կառավարությունն էլ լծվի դրանց իրագործմանը, դրանք դե ֆակտո չեն գործելու։

Երկար տարիներ ուսումնասիրելով թուրքական, ադրբեջանական, քրդական և արաբական մամուլի հրապարակումները, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական շրջանակների ելույթներն ու հայտարարությունները, 20–րդ և 21–րդ դարերի ցեղասպանությունների նախադրյալներն ու ցեղասպանությունների տասը փուլերը և Հայոց ցեղասպանությունը մասնավորապես՝ կարող եմ փաստել, որ թուրք–ադրբեջանական  ագրեսիան (հարձակումը) հստակ ուղենշված ցեղասպան քաղաքականության դասական օրինակ է և լինելու է շարունակական։ Իսկ ցեղասպանագիտության մեջ մի կարևոր կանոն կա, որը մեր ականջին պետք է օղ անենք․ ոճրագործին «խաղաղեցնելը», նրան նորանոր զիջումներ անելը ոչ թե վերացնում է ցեղասպանվելու և նոր կորուստների վտանգը, այլ ավելի է արագացնում ցեղասպան քաղաքականության իրականացումը և է՛լ ավելի է մեծացնում զոհի կորուստները, իսկ պատմությունը հարյուրավոր նման օրինակներ ունի։ Ուստի ֆրանս–գերմանական կամ շվեդ–ֆիննական խաղաղության մոդելները հայ–ադրբեջանական կամ հայ–թուրքական հարաբերությունների հետ համեմատելը և՛ ժամանակի ու ռեսուրսների (աղբյուրների) անիմաստ կորուստ է, և՛ հղի է անդառնալի և ազգակործան հետևանքներով։ Հայաստանը գոնե մոտակա հիսուն տարում չի կարող անվտանգ և խաղաղ հարաբերություններ հաստատել երկրների հետ, որտեղ ոչ միայն իշխանական, այլ նաև հասարակական մակարդակներում հորջորջվում է Հայաստանը և հայերին վերացնելու անհրաժեշտության անփոփոխ թեզը։

Ուստի, Հայաստանին և աշխարհասփյուռ հայ ժողովրդին այլընտրանք չի մնացել, քան հակադրվելը թուրքական և այլ էքսպանսիոնիստական (ծավալապաշտական) և կայսերապաշտական նկրտումներին, եթե իհարկե ցանկանում ենք պահպանել Հայաստան պետության գոյությունը և երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ֆինանսական աղբյուրներով գերազանցող Թուրքիային և Ադրբեջանին հակադրվելը իրականում ծանր, բայց անհրաժեշտ մարտահրավեր է, որը մենք՝ հայերս Հայաստանում և Սփյուռքում, պետք է ընդունենք սառնասրտորեն, այլապես կկորցնենք և՛ Մեծ Հայքի վերջին տասը տոկոս հողակտորը՝ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Սփյուռքը՝ այլևս դառնալով հայրենազուրկ պանդուխտներ։ Այս վտանգը պետք է հստակ գիտակցենք և՛ Հայաստանում և՛ Սփյուռքում․ ինքներս մեզ խաբելու և իրականությանը վարդագույն ակնոցներով նայելու ժամանակները անցել են։

Ցանցային Պետության տեսլականը

Այսօր Հայաստանում և Սփյուռքում արդեն շատերը հասկանում են, որ 1991թ․–ի՝ Հայաստանի անկախությունից ի վեր ձևավորված Հայաստան–Սփյուռք հարաբերությունների համակարգը արդյունավետ չի եղել, ինչի վառ ապացույցն էր 2020թ․–ի Արցախյան պատերազմի դառն արդյունքը։ Շուրջ երեսուն տարվա ընթացքում մեզ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում չի հաջողվել ստեղծել համահայկական կենսունակ հարթակ, հարաբերությունների մեխանիզմ, ցանց, որպեսզի արդյունավետորեն օգտագործվեն աշխարհասփյուռ հայ ժողովրդի թե՛ մտավոր և թե՛ նյութական աղբյուրները։ Ուստի կենսական անհրաժեշտություն է վերջապես գալ համահայկական համաձայնության և եռանդուն լծվել համահայկական հարթակի կառուցմանը, որը ես անվանակոչել եմ Ցանցային Պետություն։ Դա սարդոստայնների մի մեծ համակարգ է, որը անընդհատ ընդլայնվում է, մեծանում՝ շնորհիվ աշխարհի տարբեր կետերում ծվարած ցանց գործող «սարդերի»՝ մեր հայրենակիցների։

Ինչպես վերոնշյալ պատկերն է վկայում, նման բարդ ու ապակենտրոնացված համակարգի դեմ չեն կարող արդյունավետորեն պայքարել ո՛չ արտաքին ուժերն ու գործակալները, ո՛չ էլ ներքին դավաճաններն ու «այլամետները»՝ ռուսամետ, ամերիկամետ, թրքամետ, չինամետ և այլք։ Ցանցային պետության բանալի բառը (Key Word) «Հայաստանակենտրոնություն» եզրույթն է՝ հիմքում ունենալով «ամեն ինչ Հայաստանին» փիլիսոփայությունը․ ցանկացած հայի գործունեության վերջնանպատակը պետք է լինի Հայաստանի զարգացմանը նպաստելը՝ հայրենադարձությամբ, կառավարմանը մասնակցելով, տնտեսական գործունեությամբ, ներդրումներով և նորարական մտքերով, տեղեկատվության տրամադրմամբ և հետախուզական գործողություններով, լոբիինգով, մշակութային և սպորտային էքսպանսիայով (մարզական տարածմամբ)։ Ընդ որում պետք է հստակորեն արձանագրենք, որ Ցանցային Պետությունը ոչ թե պարզապես զգացմունքային, հայրենասիրական երևույթների արգասիք է, այլ հստակ քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական և մշակութային խնդիրների լուծման փոխշահավետ բանալի։ Ցանցային Պետությունը աշխարհի տարբեր կետերում բնակվող և գործունեություն ծավալող հայերի միավորողն է, նրանց մտավոր ու նյութական ռեսուրսների (աղբիւրների) մեկտեղողն ու նրանց բոլորի պաշտպանը, քանզի Ցանցային Պետության ցանկացած քաղաքացի, օգնելով Հայաստանին, ստանում է Հայաստանի պաշտպանությունը աշխարհի ցանկացած վայրում։ Ցանցային Պետությունը ոչ միայն սոսկ տնտեսական ներդրումների և ռեսուրսների (աղբյուրների) միավորման հարթակ է, այլ նաև ապագա համահայկական ռազմաքաղաքական էլիտաի (ընտրանիի) ծննդատունը, որը ի վերջո իր վրա պետք է վերցնի Հայաստանը կենսունակ ու զարգացած, կայուն ու գրավիչ պետություն դարձնելու բեռը։

Ցանցային Պետության կառուցվածքն ու գործարկման մեխանիզմները

Ցանցային պետությունը սկզբնական շրջանում էլեկտրոնային, վիրտուալ (հեռավար) պետություն է՝ իր բաժիններով ու ենթաբաժիններով, որտեղ կարող են այցելել ազգությամբ հայ և Հայաստանին նվիրված ու հայ ժողովրդի ապագայով մտահոգ օտարերկրացիները՝ ստանալով էլեկտրոնային մուտքի արտոնագիր։

Ցանցային Պետության նախատիպը արդեն գործարկել ենք Google Drive հավելվածում և ձևավորում ենք մասնակիցների՝ Ցանցային Պետության քաղաքացիների, տվյալների և ներդրումային ծրագրերի բազա (խարիսխ)։ Արդեն ունենք հարյուրին հասնող մասնակից Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ համախոհներ ու հետևորդներ, ովքեր հայտնել են իրանց պատրաստակամությունը՝ միանալու և աջակցելու տարբեր ծրագրերի իրականացմանը։

Ցանցային Պետության գործարկման համար անհրաժեշտ է կենտրոնանալ երկու ուղղությունների վրա՝ տարբեր ծրագրերի վրա ներդրումներ և Համահայկական Բանկ (Դրամատուն)։

Ցանցային Պետության վիրտուալ (հեռավար) հարթակի բաժիններում ու ենթաբաժիններում, ըստ ոլորտների, պետք է տեղադրվեն փոքր, միջին ու մեծ բիզնես (գործարարական) նախագծեր, ստարտափ (նորատունկ) գաղափարներ (անգլերեն՝ pitch, presentation, business plan), որոնք ներկայացվելու են հայաստանյան և Սփյուռքահայ ներդրողներին, իսկ Ցանցային Պետության աշխատակազմը պետք է ապահովի իրավական և հարկային խնդիրների լուծումը՝ կապող օղակ հանդիսանալով ներդրողների և տնտեսվարողների միջև։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև իրականացվող ծրագրերի հանրայնացման և մարկետինգի (շուկայացման) խնդրին։

Ցանցային Պետության կառուցվածքում կարևորագույն տեղ պետք է զբաղեցնի Համահայկական Բանկը՝ (դրամատունը) այն մշտական ինտելեկտուալ և ֆինանսական (մտաւորական և տնտեսական) գանձարանը, որը պետք է դառնա Հայաստանի և Ցանցային Պետության քաղաքացիների անվտանգության երաշխավորը։ Ընդ որում Բանկը (Դրամատունը) պետք է բաց լինի Հայաստանի և Սփյուռքի բոլոր խավերի համար՝ հատուկ խրախուսելով հատկապես միջին խավի մասնակցությունը։ Բանկը (Դրամատունը) կարող է նույնիսկ գործել առցանց կամ ունենա իր աշխարհասփյուռ գրասենյակները, իսկ բանկի (դրամատան) ֆինանսական (տնտեսական) աղբյուրները կարող են տարբեր լինել՝ ավանդներից ու բաժնետոմսերից մինչև ամսեկան 20 և ավելի ԱՄՆ դոլար նվիրատվություն։

Թե՛ Բանկի (Դրամատան), թե՛ ներդրումների հարթակի ծրագրերն ու ֆինանսական (դրամական) հոսքերը ենթարկվելու են մշտադիտարկման և աուդիտի (հաշուեքննութեան), ընդ որում տարբեր ծրագրերում մեծ ու փոքր ներդրում կատարողներն ու Բանկի բաժնետոմս ունեցողները կարող են իրենց աուդիտ թիմերը (խումբ) բերել, եթե չեն վստահում Ցանցային Պետության ֆինանսական զեկույցներին, որն էլ ապահովելու է ֆինանսական շարժերի թափանցիկությունը և մեկընդմիշտ վերջ է դնելու Սփյուռքից Հայաստան եկած գումարների փոշիացման և անհետացման տխուր և ազգակործան երևույթներին։

Հատուկ կարևորություն է տրվելու նաև Սփյուռքում ֆինանսական (նյութական) հոսքերը հայերի մեջ իրագործելու ծրագրին․ եթե ես հայ պատմաբան եմ Մյունխենում ու կարիք ունեմ բժշկի, Ցանցային Պետության քաղաքացիների բազայում (խարիսխում) գտնում եմ հայ բժիշկ Մյունխենում և այցելում եմ նրան, օգտվում եմ նրա ծառայություններից ու Ցանցային Պետության քաղաքացիների համար նախատեսված ճկուն զեղչային համակարգից։

Ցանցային Պետության քաղաքացիները ստանալու են էլետրոնային կացության քարտ (E-Residency), որն էլ նրանց հնարավորություն է տալու ամբողջովին մասնակցել Ցանցային Պետության աշխատանքներին, օգտվել Ցանցային Պետության քաղաքացիների համար նախատեսված տարատեսակ զեղչերից, հարկային արտոնություններից ու հնարավորություններից, որոնք ապահովելու է Ցանցային Պետության աշխատակազմը՝ իր մասնագետների և ֆինանսական ռեսուրսների (տնտեսական աղբյուրների), ինչպես նաև ազդեցության լծակների միջոցով։

Ցանցային Պետության պաշտպանություն բաժնում կա հատուկ ենթաբաժին՝ Սփյուռքի հայրենակիցների պաշտպանություն։

2020թ․–ի Արցախյան պատերազմի օրերին Ֆրանսիայում և այլուր հակահայկական բռնությունները ցույց տվեցին, որ Սփյուռքի հայրենակիցների կյանքը նույնպես վտանգի տակ է, ուստի թեպետ Ցանցային Պետության հիմքում «ամեն ինչ Հայաստանին» փիլիսոփայությունն է ընկած, Ցանցային Պետությունը իր ռեսուրսների (աղբյուրների) և ազդեցության լծակների, լոբիինգի և ինֆորմացիոն (տեղեկատվական) հոսքերի կառավարման միջոցով ապահովելու է նաև Ցանցի սարդերի՝ մեր հայրենակիցների ֆիզիկական (մարմնական) անվտանգությունը։ Այսինքն Ցանցային Պետությունը փոխշահավետ համագործակցություն է Ցանցի սարդերի միջև՝ լինեն նրանք Հայաստանում, Փարիզում, թե Տորոնտոյում․ բոլորը Հայաստանին, Հայաստանը՝ բոլորին, և ահա Ցանցը գործված է։ Իսկ գործված ցանցի դեմ պայքարել փորձողները ուղղակի ճանճերի նման չորանում են ցանցի, սարդոստայնի մեջ։

Կարծում եմ, որ եթե հստակ շարժվենք այս ճանապարհով, կարող ենք շատ կարճ ժամանակում հրաշալի արդյունքներ գրանցել, վերացնել հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը և Հայաստանը դարձնել գրավիչ մեծ հայրենադարձության համար։

Ցանցի մտավոր կարողությունների մեկտեղմամբ նաև վերջապես կունենանք կենսունակ և արդի հայաստանակենտրոն ազգային գաղափարախոսություն և ռազմավարություն։

Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև համահայկական «փափուկ ուժին» (Soft Power):

Ցանցի միջոցով պետք է կարողանանք ազդել աշխարհաքաղաքական ուժային կենտրոններում որոշումների կայացման վրա և ստեղծենք հայանպաստ ռազմաքաղաքական միջավայր՝ մեր կենսական խնդիրները առանց կորուստների լուծելու համար։

Ցանցային Պետության ուշադրության կենտրոնում պետք է լինեն կրթությունը, հայագիտությունը, հայապահպանությունը և հայկական մշակույթի զարգացումն ու էքսպանսիան (ընդարձակումը)։

  Եզրափակիչ կոչ համայն հայությանը

Ցանցային Պետության վիրտուալ (հեռավար) հարթակի ստեղծումը հնարավորություն կտա ձևավորել արհեստավարժ թիմեր և աշխատել վերոնշյալ բաժինների ու ենթաբաժինների ոլորտային տարատեսակ ծրագրերի վրա, իսկ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ներկայիս կամ գալիք ժամանակավոր կառավարության հետ հարաբերությունները կառավարելի են Ցանցի՝ «փափուկ» (Soft Power) և «խելացի» (Smart Power) ուժերի տեխնոլոգիաներ կիրառելու միջոցներով։

Սիրելի հայրենակիցներ Հայատանում և Սփյուռքում, դիմում եմ բոլորիդ՝ հորդորելով մտածել վերը նշված գաղափարների շուրջ և սկսել աշխատել համահայկական համաձայնության պլատֆորմը՝ (հարթակը) Ցանցային Պետությունը ստեղծելու վրա։ Համոզված եմ, որ մենք կարող ենք սա կյանքի կոչել․ ժամանակը մեր դեմ է աշխատում, ուստի պետք է հենց այսօր սկսենք գործի լծել համահայկական ցանցը՝ Ցանցային Պետությունը:

Vahram Ayvazyan | LinkedIn

Այլ գրություններ Վ. Այվազյանէն՝
Հայաստան–Սփյուռք․ մեծ մտադրություն (կենսագրական տվյալներով)
Climate Activist Ayvazyan Seeks PM Johnson’s Help

Keghart

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert