Եվ ես հոգնել եմ ձեզանից մարդիկ,
Ինձ մի շղթայեք ձեր կեղծ աշխարհին,
Իմ աշխարհն այնտեղ հեռու՜ հեռվում է,
Ուր խենթ օվկիանում հոգիս լողում է:

Ինձ մի դարձրեք ծեր բեմին գերի,
Ես խամաճիկ չեմ և ոչ դերասան,
Իմը երկինքն է պարզ ու անթերի,
Որտեղ սուտ ու կեղծ ժպիտներ չկան:

Եվ այո՛ խենթ եմ, խենթ եմ ու խելառ,
Բայց հոգիս փուչ չէ, կեղծ չէ ու դատարկ,
Ինձ պետք չեն ծափեր դահլիճից այդ պիղծ,
Որտեղ մարմին են վաճառում բեմից:

Ես ծաղրածու չեմ, չեմ կարող ձեզ պես
Կերպարներ կերտել բազում ու տարբեր,
Մեկից սեր ուզել, մյուսին էլ սեր տալ,
Իսկ երրորդի հետ գիշերս կիսել:

Ինձ թողեք հանգիստ, թույլ տվեք ապրել,
և ինձ մի խաչեք այն բանի համար,
Որ նման չեմ ձեզ, տարբեր եմ ձեզնից,
Հոգիս մանուկ է՝ խենթ է ու խելառ:

Չեք հոգնել մարդիկ ձեր կեղծ դերերից,
Մայթերից այս լուռ, արցունքոտ, մռայլ,
Ուր ամեն գիշեր թաքուն աշխարհից
Փարվում եք բարձին և մեղք եք լալիս:

Չեք հոգնել մարդիկ այս սուտ ծափերից,
Առավոտներից անարև ու մութ
և այն բեմերից, ուր իժը անգամ
Թևեր է կարում մեղքապատ մարմնին
և դիմակ հագնում անմեղ մի մանկան:

Չեք հոգնել մարդիկ, իսկ ես հոգնել եմ,
Հոգնել եմ ձեր այս աշխարհից,
Ուր պոռնիկները դարձել են տիկին,
Իսկ այն ոհմակը՝ ծարավ բաց մարմնի
Դարձել պարոններ այդ տիկնանց կողքին:

Հոգնել եմ մարդիկ, ինձ թողեք հանգիստ,
Ինձ մի շղթայեք ձեր կեղծ աշխարհին,
Իմ աշխարհն այնտեղ հեռու՜ հեռվում է,
Իմը երկինքն է պարզ ու անթերի:

Անի Հերունի Սաջյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert