2013 թվականի ապրիլի 11-ին ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Արամայիս Միրզախանյանը:

«Նոր Խոսք»ի խմբագրությունը իր խորին ցավակցությունն է հայտնում նրա տիկնոջը՝ Ժոկոնդային, նրա միակ աղջկան՝  Մանուշին, հարազատներին եւ բոլոր ընկերներին:

Նա ավարտել էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և շարունակելով ուսումը՝ ստացել էր պրոֆեսորի կոչում, երկար տարիներ դասավանդում էր նույն ինստիտուտում:

1979 թ. Իրանի հեղափոխությունից հետո, Հայաստանից մեկնում է Իրան և ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեություն է ծավալում Ջուղայում: Իրանահայ համայնքի հասարակական եւ քաղաքական կյանքի վերաբերյալ գրել է բազմաթիվ հոդվածներ:

Աշխուժ մասնակցել է արցախյան ազատագրական պայքարին, մյուս հայ գիտնականների հետ Հայաստանում ստեղծել է արևային ճառագայթներից էներգիա ստանալու կենտրոն, որը մինչ այժմ շարունակում է իր գիտահետազոտական աշխատանքները: Նպաստել և պաշտպանել է արցախյան և Հայաստանի քաղաքացիական հասարակական շարժմանը:

Վերջին տարիներին բնակվում էր Շվեդիայում ու դասավանդում էր Ստոկհոլմի «The Royal Institute of Tecnology» համալսարանում, հաճախ լինում էր Հայաստանում ու մասնակցում էր հայրենիքի քաղաքական, հասարակական ու գիտական կյանքին, նպաստում և պաշտպանում էր արցախյան և Հայաստանի քաղաքացիական հասարակական շարժմումը:

Ընկեր Արամայիսի բովանդակալից հոդվածների ու գրությունների հետ ծանոթ են «Նոր Խոսք»»-ի ընթերցողները:

Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

—————————————————————-

Արամայիսի կողմից իր ֆեյսբուկյան էջում  կատարած վերջին հղումը՝ 28 փետրվար 2013 թ.

 

ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

 

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert