noratՂարաբաղա-ադրբեջանական սահմանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպի, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի գործողությունների եւ  միջազգային կառույցների արձագանքի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:

Նրա կարծիքով մեր կողմի սխալն այն է եղել, որ ՄԻ-24 ուղղաթիռը հասել է մինչեւ չեզոք գոտի:

«Ուղղաթիռները պետք է սահմանագծին չմոտենան: Պետք չէ այդպես անել: Պետք չէ սադրել, պրովոկացիները ցանկալի չեն, որովհետեւ այդ մեթոդներով ոչնչի չենք կարող հասնել: Եթե զորավարժություններ են անցկացնում, ապա սահմանին այդքան մոտենալ պետք չէ, ուղղաթիռը ցանկալի չէ, որ թռչեր սահմանից երկու քայլ այն կողմ, որովհետեւ ցանկացած հակառակորդ կմտածի՝ հիմա այս ուղղաթիռը հարձակում կգործի մեզ վրա: Այդ իսկ պատճառով զորավարժություններն անցկացվում են տարբեր տեղերում, բայց ոչ ուղիղ փշալարերի վրա…»:

Միեւնույն ժամանակ Տեր- Գրիգորյանցը շեշտում է, որ հակառակորդի ցանկացած ագրեսիվ քայլ պետք է անհապաղ կանխել, թույլ չտալ, որ Ադրբեջանն իր հերթին սադրանքների լեզվով խոսի: «Հարկավոր է հակահարված հասցնել, ընդ որում տասն անգամ ավելի ուժեղ, քան հակառակորդը: Ես այդպես եմ գտնում: Ինքներս կրակ չպետք է բացենք, որովհետեւ այդ քայլով մենք կխախտենք պայմանավորվածությունը: Սակայն երբ նրանք են մեզ հարվածում, պետք է շատ դաժան հակահարված տալ, որպեսզի թշնամին չմտածի, որ գործ ունի թույլի հետ: Որովհետեւ նրանք փորձարկում են իրենց զինտեխնիկան,պրովոկացիա են անում, որովհետեւ պատերազմ են ուզում: Փորձարկում են մեր կարողությունները, մեր պատրաստվածությունը: Դրա համար եմ ասում, որ միանշանակ պետք է հակադարձ կրակ բացել: Ու նաեւ անմիջապես կապ հաստատել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ: Իմ ժամանակ օրինակ մենք այդպես էինք անում: Պարբերաբար հաղորդակցվում էինք, կապ հաստատում՝ ճշտելու համար, թե ինչ է կատարվում, որովհետեւ շատ հաճախ ադրբեջանական դիրքերից հենց այնպես էին կրակ բացում: Ասենք ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ են, պաշտպանության նախարարությունը տեղյակ չէ: Այդ պատճառով պետք է պահել կապը զինվորականների, սպաների միջեւ… Դիվանագիտական կապն այլ բան է, բայց որ պետք է զինվորականները միմյանց հետ կապ հաստատեն, դա այլ բան է, որպեսզի չլինեն պրովոկացիաներ»:

Տեր-Գրիգորյանցը համոզված է՝ Ադրբեջանի ուզածը պատերազմ է: Դրանով է պայմանավորում սադրանքները շփման գծում:

«Նրանք պատերազմ ուզում են… ուզում են եւ վախենում են: Բայց գիտեք նրանք ինչ քաղաքականություն են տանում… Պարբերաբար կրակի տակ պահելով մեր սահմանամերձ բնակավայրերը՝ դատարկում են այդ գյուղերը: Մարդիկ են հեռանում: Ժողովուրդը փախնում է, որովհետեւ զզվել է արդեն, որովհետեւ դժվար է ապրելը, իսկ թշնամուն հենց դա էլ պետք է: Դա քաղաքականություն է՝ հունից հանել մարդուն, որ նա պարզապես թողնի հայրենի հողը եւ հեռանա: Իսկ մեզ համար դա շատ վտանգավոր է: Երբ մարդն ընտանիքով հեռանում է սահմանամերձ շրջաններից, գյուղերը դատարկվում են: Պատերազմի դեպքում դա լուրջ խնդիր է, երբ նոր ուժեր կազմավորել հնարավոր չէ: Մարդը չպետք է հեռանա կրակի տակ գտնվող բնակավայրերից, իսկ որպեսզի կանխեն արտագաղթը, պետք է շատ հրաշալի պայմաններ ապահովեն նրաց համար: Պետք է զինել նրանց: Մարդը պետք է զգա, որ իր կարիքը կա, որ ինքը պաշտպանված է»,- ասում է պաշտոնաթող  գեներալ-լեյտենանտը:

Խոսելով միջազգային կազմակերպությունների գործունեության մասին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը նշում է. «Միջազգային կազմակերպությունները շատ վատ են աշխատում: Շատ վատ… Օրինակ՝ ԵԱՀԿ-ն իրավիճակը ճիշտ չի գնահատում, նրանք չգիտեն՝ ինչ է կատարվում եւ  ինչպես հարկն է չեն սատարում Հայաստանին: Նրանք խոսում են տարածքային ամբողջականության մասին, սակայն անտեսում են, որ խոսքը գնում է ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այլ հանրաքվեի ճանապարհով ինքնորոշված ազատ Արցախի: ԵԱՀԿ-ն դա պետք է հասկանա, բայց ԵԱՀԿ-ն ցանկություն չի հայտնում դա հասկանալու: Իսկ  Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նրանց դա չի հասկացնում»:

Հիշեցնենք, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն (ԵԱՀԿ, ԿՄԽԿ) անգամ չկարողացան մոտենալ խոցված ուղղաթիռին:  ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Նորատ Տեր-Գրիգորյանցը պնդում է, որ մենք պետք է ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ընդհանուր առմամբ հատկապես  վերջին իրադարձություններից հետո կտրուկ գործողությունների անցնել:

«Մենք պետք է ատամ ցույց տանք: Հայաստանի  նախագահը վճռականորեն պետք է այս հարցը բարձրաձայնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից: Ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է աշխատանք տանել այդ ուղղությամբ: Եվ ոչ թե այսպիսի դիրքորոշում որդեգրել, թե կամաց-կամաց կապրենք էլի… Կամաց-կամաց  չենք ապրի, չի կարելի այսպես ապրել: 20 տարի անցավ, այսպես չի կարելի, ժողովուրդը փախչում է, իսկ դա անչափ վտանգավոր է: Մենք կարող ենք կորցնել Հայաստանը»:

Արմենուհի Վարդանյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert