ausgestreckte HandՀայաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է չափազանց վտանգավոր մի զեկույց, որն իրրավամբ կարելի է դիտարկել իբրև ազգային անվտանգության սպառնալիք:
Պետական վիճակագրության կողմից հրապարակված <<Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2014 թվականին>> զեկույցում պաշտոնապես հաստատվել են և՛ Հայաստանի դատարկվելու, և՛ ահագնացող աղքատության մասին տեղեկությունները: Եվ այսպես. 2013 թվականի տվյալներով` Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդը կամ բնակչության 32 տոկոսը աղքատ է, որից 13.3 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2.7 տոկոսը` ծայրահեղ աղքատ: 2013 թվականին աղքատների թվաքանակը կազմել է մոտ 967 հազար, որոնցից շատ աղքատների թիվը հասնում է 402 հազարի, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ 82 հազարի: Միայն այս փաստը բավական է արձանագրելու, որ Հայաստանի իշխանության և կառավարության իրականացրած` աղքատությունը հաղթահարելու բոլոր ծրագրերը ապահովել են զրոյական արդյունք և բացասական օգտակար գործողության գործակից:

Զեկույցն անդրադառնում է 2008-2013թթ. ժամանակահատվածում Հայաստանի սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխություններին:
2013 թվականին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռևս գերազանցում է 2008 թվականի մակարդակը 1.1 տոկոսային կետով, շատ աղքատների մակարդակը` 0.7 տոկոսային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 4.4 տոկոսային կետով (կամ 15.9 տոկոսով): 2013 թվականին աղքատության խորությունը գնահատվել է 5.9 տոկոս` 2008 թվականի 5.1 տոկոսի համեմատ (աճը` 0.8 տոկոսային կետ), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.7 տոկոս` 2008 թվականի 1.4 տոկոսի համեմատ (աճը` 0.3 տոկոսային կետ): Ուշագրավ է, որ 2013 թվականին արդեն բավականչափ փոխված է նաև աղքատության աշխարհագրությունը: Ի տարբերություն նախկինի` այժմ արդեն աղքատության մակարդակի տարբերությունը մարզային և քաղաքային համայնքներում մեծ չէ: Արձանագրված է 31 տոկոս աղքատություն գյուղական վայրերում, 32,2 տոկոս՝ քաղաքում: Մինչդեռ նախկինում գոնե Երևանում աղաքտության ցուցանիշն այդքան մեծ չէր: Ամենաաղքատ մարզը շարունակում է մնալ Շիրակի մարզը, որտեղ աղքատ է բնակչության 46 տոկոսը:
Ընդ որում, թեպետ զեկույցը կազմվել է Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական աջակցությամբ, սակայն աղքատության մակարդակը գնահատելու համար, որպես բարեկեցության ցուցանիշ, օգտագործվել է ոչ թե բնակչության եկամուտների մակարդակը, ինչպես դա արվում է արևմտյան երկրներում, այլ սպառումը, ինչը նշանակում է, որ եթե շեշտը դրվեր բնակչության եկամտային շարժին՝ պատկերն ավելի վատթար կլիներ. <<Տնտեսագետների կարծիքով, սպառմանն ուղղված ծախսերն ավելի ճշգրիտ տեղեկատվություն են ներկայացնում բարեկեցության մասին, քանի որ եկամուտների բացակայությունը դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ այն դեպքերում, երբ տնային տնտեսություններն իրենց ապրուստը հոգում են սեփական արտադրության սննդամթերքի սպառման կամ վարկային շուկայից միջոցների ներգրավման եղանակով: Բացի այդ, անցումային տնտեսությամբ երկրներում, որոնց թվին է դասվում Հայաստանը, որտեղ աղքատները կարող են գործունեության բազմաթիվ կարճաժամկետ տեսակներից եկամուտ ստանալ>>,- իբրև բացատրություն` ընտրված մեթոդի համար նշում են զեկույցի հեղինակները:

Փաստացի ստացվում է, որ աղքատության ցուցանիշը հաշվարկելիս հաշվի են առնվել, թե խանութներն ու սուպերմարկետները որքան հաց, շաքարավազ և առաջին սպառման այլ ապրանք են վաճառել: Այդ ցուցանիշի մեջ արտացոլված է ամեն ինչ՝ սկսած արտերկրում աշխատող միգրանտների կատարած փոխանցումներց, վերջացրած մուրացիկի գնած սև հացով: Բայց հարց է. եթե մուրացկանությամբ զբաղվողը ամեն օր հաց է ուտում՝ չմեռնելու համար, արդյոք նա դադարու՞մ է աղքատ լինելուց: Տրամաբանորեն ո’չ: Թերևս հենց այս հանգամանքը նկատի առնելով` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականից կարճ ժամանակ առաջ հայտարարեց, որ իրականում աղքատ է ոչ թե 32 տոկոսը, այլ բնակչության ավելի մեծ հատվածը: Փաստ է, որ Հայաստանում գնալով մեծ թիվ են կազմում նաև աշխատող աղքատները, որոնց մասին զեկույցում հատուկ անդրադարձ չկա:
Հավանաբար ավելորդ է լրացուցիչ անգամ կրկնել, որ <<բարեկեցության>> նման խակտառակ պատկեր ունեցող երկիրը չի կարող դիմագրավել արտաքին մարտահրավերներին ու հակառակորդի դիվերսիաներին: Գեղեցիկ ճառերի փոխարեն` արտերկրում թրև եկող պաշտոնյաները թող բարի լինեն այս զեկույցը ուշադիր կարդալ ու գոնե մտովի հարցնել` տեսնես ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու: Սերժ Սարգսյանը դիպուկ էր ասում՝ սա Հայաստանն է, և վե’րջ. այստեղ յուրաքանչյուր երրորդը ուտելու հաց չունի, բայց տասը հազարից մեկը մի քանի մլն եկամուտ ունի, կամ էլ 20 մլն <<դեկրետ>> է ստանում:

Դավիթ Մանուկյան

http://hayeli.am/article/581927/


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert