Օրերս Հայաստանի խոշորագույն վերլուծաբան Իգոր Մուրադյանը հրապարակեց կարեւոր մի տեքստ, որի բնույթն իրեն բնորոշ հստակությամբ արտացոլված է հենց վերնագրում ` «Հայաստանում արմատական փոփոխության միակ ճանապարհն է ռազմական հեղաշրջումը»: Իգոր Մուրադյանի քաղաքական կանխատեսումներն ունեն մի յուրահատկություն` դրանք սովորաբար իրականանում են, եւ իմ այս տողերում ես փորձում եմ հակաճառել ոչ թե նրա ասածի արդարությանը, այլ նման զարգացման արդյունավետությանը:

Անկասկած, ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանում տիրում է անիշխանություն, երբ նախագահին արհամարհում ու ապտակում են ամենուր` Աստանայից մինչեւ Բուենոս-Այրես ու Փարիզից մինչեւ Մոսկվա, երբ վարձու «ընդդիմությունը» մրցում է կառավարության հետ երկրի անկախությունը վաճառելու աճուրդում, երբ քաղաքացիական հասարակությունը պառակտված է ու թույլ` բանակն իսկապես մնում է միակ գործող ազգային պետական համակարգ եւ կան բոլոր նախադրյալները Իգոր Մուրադյանի մատնանշված ելքի համար: Թույլ ժողովովրդավարությունը հաճախ տանում է երկիրը դեպի բռնապետության, ինչպես վկայում է ե`ւ Ֆրանսիական հեղափոխությունը, որն ավարտվեց Նապոլեոնով, ե`ւ Ռուսական հեղաշրջումը, որը բերեց բոլշեւիկներին, եւ Վեյմարյան հանրապետությունը, որը վիժեց Հիտլերով: Եւ բոլոր այս օրինակները վկայում են, որ նման, անխուսափելի թվացող (չեմ ուզում օգտագործել «անշրջելի» բառը) ելքը իրականում տանում է երկիրը փակուղի, հատկապես, որ մեզանում բոնապարտիզմի գաղափարը վարկաբեկված է մի շարք այնպիսի գործիչներով, որոնց ժողովուրդը արդարացիորեն անվանում է «դեգեներալներ»: Իրատես ու իմաստուն Մուրադյանը իզուր չէ, որ օգտագործում է «հեղաշրջում» բառը, այլ ոչ թե «հեղափոխություն»: Սակայն ի’նչ է պետք Հայաստանին իրականում` մի’թե եւս մեկ պալատական «շրջում», որը նման կլինի 1996 կամ 1998 թվականի գործարքների, չփոխելով ոչինչ, այլ միայն խորացնելով երկրում զարգացող աղետալի գործընթացները, որոնք բերեցին մեզ ե`ւ 1999 հոկտեմբերի 27-ի, ե`ւ 2008 մարտի 1-ի ողբերգություններին եւ այսօրվա պետականության կորստի շեմին:

Չմոռանանք, որ ՀՀ բոլոր փոփոխվող իշխանությունների միակ հաջողված գործառույթն էր վերջին քսանամյակում քաղաքական դաշտի ոչնչացումն ու քաղաքացիական հասարակության պառակտումը: Բնականաբար, նման ճակատագրից չխուսափեց նաեւ բանակը, որին բոլոր երեք նախագահները փորձում էին օգտագործել սեփական շահերի համար ու հակասահմանադրական եղանակով ներքաշում էին ներքին քաղաքական հակամարտության մեջ, հակադրելով այն ժողովրդին. Տեր-Պետրոսյանը` 1996-ի աշնանը, Քոչարյանը 2004-ի գարնանը, Սարգսյանը 2008-ի ձմռանը: Ի պատիվ մեր բանակի պետք է նշել, որ զինվորներն ու սպաները չեն մրոտել համազգեստը ըմբոստ ազգի արյամբ ու մշտապես պահպանում էին զսպվածություն, փորձելով հավատարիմ մնալ երկրի Սահմանադրությանն ու սեփական խղճին: Փաստորեն, Հայաստանում ստեղծվեց յուրահատուկ մի երեւույթ` ժողովրդական բանակ հակաժողովրդական իշխանության ներքո: Ահա ինչու հայոց բանակը նսեմացնելու եւ «ընտելացնելու» հպատակով օգտագործվեցին բոլոր ձեւաչափերը` օլիգարխների ու նրանց վարձկանների կողմից սպաների սպանդը «Հարսնաքարում» ու Գորիսում, “երկրապահի” պատկերը վարկաբեկելու ու կաշառելու, ազատամարտիկներին ստորացնելու ու բանտարկելու շարունակվող քաղաքականությունը: Ավելորդ է կրկնել բանակ ներթափանցած կաշառակերության, բռնության ու սոցիալական անարդարության մթնոլորտի մասին, որոնց պայմաններում իսկական հրաշք է զինուժի պահպանված մարտունակությունն ու արժանապատվությունը:

Ուստի ես հակված եմ չհամաձայնվել իմ ավակ ընկերոջ Իգոր Մուրադյանի այս ախտորոշմանը: Ռազմական հեղաշրջումը չի բերելու արմատական փոփոխությանը Հայաստանում, այն միայն «կոնսերվացնելու» է, սառեցնելու է առկա աղետալի իրավիճակը, քանզի Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է այսօր ողջ կառավարման համակարգի փոփոխությունը, սեփականության հարցի, տնտեսական ու գաղափարական, դիվանագիտական ու մշակութային քաղաքականության վերանայումը, այսինքն` հեղափոխություն: Եւ այս արմատական փոփոխությունն իրականացնելու համար միայն բանակը ունակ չէ: Սա միմիայն քաղաքացիական հասարակության գործն է ու աշխատանքը, որքան էլ թույլ ու անկազմակերպ լինի այն այսօր: Բանակն ունի իր ուրույն գործառույթը` արտաքին թշնամուց երկիրը պաշտպանելու սահմանադրական պարտավորությունը եւ ներքաշել նրան ներքաղաքական գործընթացի մեջ` նշանակում է կրկնել ու ծանրացնել 1996, 1998, 2004, 2008 հանցավոր սխալները: Ավելին` սա նշանակում է մեր պարտքն ու ծանր աշխատանքը չկատարել, այլ դնել այդ բեռը 18-20-ամյա երիտասարդների ուսերին: Արցախյան շարժման ու Գանձակի դիմադրության կազմակերպման ակունքներում կանգնած Իգոր Մուրադյանը եւ մեր ողջ սերունդը իրավունք չունի հեռանալ ասպարեզից, անավարտ թողնելով մեր գործը, մեր կռիվը, մեր դիրքերը: Քանի դեռ ողջ ենք:

Tigran Khzmalyan -ի ֆեյսբուքյան էջից

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert