Իգոր Մուրադյան. «Հայաստանում արմատական փոփոխության միակ ճանապարհը ռազմական հեղաշրջումն է»

Իգոր Մուրադյան. «Հայաստանում արմատական փոփոխության միակ ճանապարհը ռազմական հեղաշրջումն է»Հարցազրույց քաղաքագետ, քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի հետ

- Հետաքրքիր է՝ Դուք ի՞նչ կարծիք ունեք նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Ի՞նչ քաղաքական նպատակներ էր հետապնդում Ադրբեջանը՝ դիմելով այդ քայլին: Սա կարո՞ղ է իրավիճակի հետագա լարման պատճառ դառնալ:

– Ադրբեջանը մեկուսացված է Արևմտյան հանրության կողմից և իր շահերով բավական մոտ է Ռուսաստանին: Խոշոր ռազմական սադրանք իրականացնելով սահմանին՝ Բաքուն հիշեցրեց Արևմուտքին իր շահերի մասին և միաժամանակ հիշեցրեց Ռուսաստանին, որ պատրաստ է կոնկրետ տարածաշրջանային առաջադրանքներ կատարել: Ռուսաստանին այժմ լիովին ձեռնտու է Հայաստանի ռազմական հրամանատարության վարկաբեկումը և նրա հեղինակությանը հարվածելը, քանի որ, Զինված ուժերում, բոլոր թերություններով հանդերձ, զինվորականները ներկայացնում են միակ դասը Հայաստանում, որը դիմադրում է Ռուսաստանի՝ Ղարաբաղն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու և Հայաստանը վասալ դարձնելու քաղաքականությանը:

Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումն էլ անկասկած ազդում է Ռուսաստանի և Ադրբեջանի համերաշխության վրա: Ռուս-թուրքական դաշինքը մի քանի աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում, այդ թվում՝ Հայաստանին ինքնիշխանությունից զրկելը և ղարաբաղյան հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելը:

- Հայաստանում շատ են խոսում այն մասին, թե արդյոք պե՞տք է պատասխանել Ադրբեջանին և պատասխանելու դեպքում` ինչպե՞ս: Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական պատասխանն Ադրբեջանին, ռազմակա՞ն, թե՞ դիվանագիտական:

– Այդ որոշումը պետք է կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, ովքեր բացարձակապես զուրկ են պատասխանատվությունից իրական քաղաքականության մեջ, այլ զինվորականները, ովքեր արդեն վաղուց պետք է իրենց վրա վերցնեին երկրի անվտանգության պատասխանատվությունը: Տրամաբանական կլիներ Ադրբեջանին ցույց տալ սադրանքների անիմաստ լինելը և այն բարձր գինը, որը նա ստիպված կլինի վճարել սադրանքների համար: Բայց խոսքը զինվորականներինն է: Պարզապես հարցն այն է, թե ի՞նչ դերակատարություն ունեն հայ զինվորականներն այս հարցերում:

- Այս համատեքստում ակտիվորեն քննարկվեց նաև աշխարհաքաղաքական վարկածը, ըստ որի՝ սա կարող էին հրահրել արտաքին ուժերը, կամ էլ՝ սա կարող էր ձեռնտու լինել այս տարածաշրջանում շահագրգռված որոշ գերտերություններին: Որքանո՞վ է իրատեսական այս վարկածը:

– Դա միանգամայն իրատեսական է: ԱՄՆ-ին բացարձակապես պետք չեն Ադրբեջանից կամ Թուրքիայից եկող սադրանքները: Այսօր Ռուսաստանը մեծացրել է իր ազդեցությունը Ադրբեջանում և կցանկանար լարվածություն հրահրել Հարավային Կովկասում: Դրանում կասկած չկա: Ադրբեջանը հասկացավ, որ ռազմական սադրանքները հետաքրքրում են Ռուսաստանին, ընդ որում, ոչ լռակյաց ռեժիմով:

- Իսկ ի՞նչ հեռանկարներ ունեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, և ի՞նչ արդյունքներ կունենա վերջերս երկու կողմերի միջև սկսված երկխոսությունը: Հայաստանը մեծ արագությամբ, նույնիսկ շտապողականությամբ գնում է դեպի Եվրասիական տնտեսական միություն, բայց ԵՄ-ն, ի դեմս հարևանության և ընդլայնման հարցերով նոր հանձնակատարի, խոստանում է Հայաստանին անհատույց տրամադրել 140-170 միլիոն եվրո: Ինչո՞վ է բացատրվում ԵՄ-ի այս քաղաքականությունը:

– Այդ բոլոր փաստարկներն անհեթեթություն են: Հայաստանի մասնակցությունը Եվրասիական նախագծին երկիրը կհասցնի տնտեսության ամբողջական քայքայման, և դրանից հետո նույնիսկ հույսեր չեն մնա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: 4-5 ամիս անց կպարզվի, որ Ռուսաստանը կատարյալ ֆիասկոյի է ենթարկվել ինչպես` տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով: Ռուսաստանը կտապալվի Արևմուտքի կողմից, ընդ որում՝ դժվար թե այս անգամ նրան փրկեն, ինչպես եղավ 90-ականների սկզբին: Երբ խոզին տանում են մորթելու, խոճկորներն այլևս նրա դարդը չեն: Լավ կլինի ոչ թե հարմարվել, այլ մշակել երկրի կենսաապահովումը փրկելու մոբիլիզացիոն ծրագիր:

Ընդ որում, այս պայմաններում երևի չարժի էլ հույսը դնել Եվրամիության առարկայական օգնության վրա: Նույնիսկ հայկական սփյուռքն է երես թեքել Հայաստանի շահերից: Դա ակնհայտ է: Ամեն մեկին՝ ըստ իր արժանիքների:

- Ի՞նչ արդյունք կունենան ներկայիս ներքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ ոչ իշխանական ուժերի Եռյակի գործողությունները: Կլինի՞ իշխանափոխություն մոտ ժամանակներում, թե՞, այնուամենայնիվ, պետք է սպասել գալիք հերթական ընտրություններին:

– Այժմ ոչ ոք ոչինչ չի կարող առաջարկել, և բոլորն էլ դա հասկացել են: Այսօրվա «ընդդիմությունը» չի կարող համարվել նորմալ, քաղաքացիական ընդդիմություն. դա քրեական ընդդիմություն է: Նա կարող է գալ իշխանության՝ միայն որպես Ռուսաստանի դրածո վասալ երկրում: Այլ տարբերակ չկա: Հայաստանում իրավիճակի արմատական փոփոխության մեկ ճանապարհ կա՝ ռազմական հեղաշրջում, որը կարող է տեղի ունենալ անգամ ներկայիս քաղաքական ղեկավարության որոշ ըմբռնման և «համաձայնության» պայմաններում: Բանակը պետք է դառնա համոզմունքի մեթոդ ինչպես` արտաքին, այնպես էլ` ներքին քաղաքականության մեջ: Արդյոք կհերիքի՞ նրանց քաջությունը:

- Հետաքրքիր է՝ ո՞ւմ եք ընդհանրապես համարում այս «խաղի» գլխավոր դերակատարը:

– Իրական խաղացողներ չկան, որովհետև Հայաստանը խաղը հանձնել է ռուսներին՝ ամբողջությամբ: Նախ պետք է խաղի նոր կանոններ սահմանել, և դա կարող է առաջարկել միայն զինվորական հրամանատարությունը:

- Ե՛վ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը հստակ հասկացրեցին Կրեմլին, որ որևէ դեպքում դեմ չեն գնա Ռուսաստանի քաղաքականությանը և Հայաստանի անդամակցմանը ԵՏՄ-ին: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» վերանայում է եվրոպական ինտեգրման մոտեցումը: Սրանից հետո Եռյակը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է հույս ունենալ, որ Ռուսաստանը կաջակցի իրեն: Ընդհանրապես որքանո՞վ է կարևոր այս գործոնը:

– Այդ գործոնը բավական ազդեցիկ է, և ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է դիմակայենք ռուսական իմպերիալիզմին քաղաքացիական հասարակության ուժերով: Հայաստանին ստորացնում են, այդ թվում՝ անձամբ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանն իր առջև խնդիր է դրել նվաստացնել Հայաստանը և հայ ժողովրդին ծայրահեղ ձևով, և գլխավորը՝ ստիպել Հայաստանին ճանաչել վասալացման և իր նվաստացած կարգավիճակի օրինականությունը:

Ամենագլխավոր քաղաքական գործոնն ազգի պատիվն է, և նույնիսկ այդ գործում Ռուսաստանը հետևողական քաղաքականություն է իրականացնում: Ռուսաստանին այդ գործում օգնում են բազմաթիվ շներ՝ Հայաստանի քարոզչական շրջանակներից: Ռուսաստանը, որպես պետություն, փլուզվելու է, և հնարավոր է՝ դա Հարավային Կովկասի և այլ երկրների համար գլխավոր սպառնալիքն է: Բայց ավելի լավ է հայտնվել ռուսական պետության փլատակների տակ, քան կամավոր հրաժարվել ինքնիշխանությունից: Այդպիսի ազգն ապրելու իրավունք չունի:

 

Արամ Սարգսյան
http://168.am

бутони към социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net