Իրանահայ դեսպանը՝ Պարսկաստանի 5 շահերի օրոք

Հովհաննես Խան-Մասեհյան

Հովհաննես Խան-Մասեհյանը ծնվել է Թեհրանում՝ 1864թ. փետրվարի 23-ին, արքունի ոսկերչապետի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն Իրանում ստանալուց հետո՝ 1881թ. ընդունվել է Փարիզի «Քոլեջ դե Ֆրանսը», որը գերազանցությամբ ավարտելով ու Թեհրան վերադառնալով‘ նշանակվել է շահի պալատական թարգմանիչ: Միաժամանակ ուսուցչությամբ է զբաղվել տեղի Հայկազյան դպրոցում, ապա վեց տարի ղեկավարել նույն կրթօջախը: Հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջին տպագիր օրգանը‘ «Շավիղ» շաբաթաթերթը: Նշանակվել է պարսից Նասեր էդ Դին շահի արքունիքի գլխավոր թարգմանիչ: Մասեհյանը 1895-1901թթ. եղել է Պարսկաստանի արտաքին գործերի նախարարության գրասենյակի պետ, մամուլի բաժնի վարիչ: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թեհրանում բացվել է քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ Մասեհյանը եղել է միջազգային իրավունքի և ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ և դասախոս: 1901 թ. եղել է Բեռլինում Պարսկաստանի դեսպանի խորհրդականը: 1912թ. Սուլթան Ահմադ շահի կողմից նշանակվել է Գերմանիայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան: 1916թ. ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած հայկական ազգային պատվիրակության կազմի մեջ: 1921թ. Ղաջարների վերջին՝ Սուլթան Ահմադ շահի հրամանագրով, Հովհաննես Խան Մասեհյանը կրկին դեսպան է նշանակվել Գերմանիայում: 1927թ. Պարսկաստանի նոր առաջնորդ Ռեզա շահ Փեհլևիի կողմից նշանակվել է դեսպան Անգլիայում և պաշտոնավարել երկու տարի: 1930թ. Մասեհյանը նշանակվել Ճապոնիայում պարսից առաջին դեսպանը: Մեկ տարի անց, ծանր հիվանդության պատճառով, նա ստիպված հրաժարական է ներկայացրել եւ նույն թվին, 67 տարեկան հասակում, կնքել մահկանացուն։ Նրա աճյունն ամփոփվել է Թեհրանում՝ Եփրեմ Խան Դավթյանի գերեզմանի կողքին:

Անվանի դիվանագետը Պարսկաստանի հինգ տիրակալների կողմից արժանացել է հարգանքի ու պատվի, երկրի բարձրագույն պարգևներին: Նա ամբողջ էությամբ կապված է եղել իր ժողովրդի հետ։ Ավետիք Իսահակյանի խորհրդով սկսել է Շեքսպիրի ստեղծագործությունների թարգմանությունները։ Հովհաննես Թումանյանը գրել է. «Շեքսպիրյան գրականությունը մեր մեջ մտավ, երբ երկու տարի առաջ Հովհաննես խան Մասեհյանի թարգմանությամբ Թիֆլիսում հրատարակվեց «Համլետը»։ Թիֆլիսում լուր էր պտտվում, թե Շեքսպիրի մի տաղանդավոր թարգմանիչ է դուրս եկել»։

Հովհաննես Խան -Մասեհյանը տիրապետել է հայերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, արաբերեն, հինդի եւ ռուսերեն լեզուներին:

25.Հոկտեմբեր.2014, blog.mediamall.am

 

 

бутони за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net