Barekargum

Վերջին մի քանի ամիսներին հասարակական լայն հնչեղություն ստացած մամուլի հրապարակումներից հանրությանը հայտնի դարձավ, որ հավատացյալ ժողովրդի կողմից սիրված և գնահատված հոգևորականներ Սուրբ Էջմիածնի նախկին միաբան Տեր Եղիա աբեղա Խաչատրյանն ու Մոսկվայի Սուրբ Գևորգ եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս քահանա Բերբերյանը Մայր Աթոռի կողմից հանիրավի ենթարկվեցին հալածանքների` զոհ գնալով որոշ եպիսկոպոսների անձնական հաշիվներին և քմահաճույքներին: Հիշյալ եկեղեցականները, սակայն, իրենց արդար իրավունքները պաշտպանելու ձայնը բարձրացրին` չընդունելով և անվավեր հայտարարելով Գարեգին Բ կաթողիկոսի ապօրինի վճիռները: Հայ եկեղեցում այս և նմանատիպ բազում այլ խնդիրները ծագում են այն պատճառով, որ եկեղեցական ղեկավարները չեն առաջնորդվում Հայ եկեղեցու կանոնադրությամբ` վարվելով այնպես, ինչպես իրենք են ուզում: Մինչև անգամ հաշվի չի առնվում հավատացյալ ժողովրդի կարծիքը, առանց որոնց եկեղեցին թերի է մնում իր աստվածաբանական իմաստով:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում այսօր հոգևոր վիթխարի տագնապ կա: Հայ եկեղեցու առջև ծառացել են բազմաթիվ մարտահրավերներ ու դժվարություններ: Մարդիկ այլևս հետաքրքրված չեն եկեղեցական կյանքով: Խորհրդային ժամանակներից մնացած անհավատությունը բնորոշ գիծ է դարձել ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչների համար: Այլասերումն ու բարոյալքումը սպառնում են նոր սերնդի պատրաստությանը: Փաստ է, որ մեր ժամանակներում հիմնականում բացակայում է կրոնական դաստիարակությունը: Սրան գումարած ծաղկում են աղանդները, հոգեորսությունը շատերի համար դարձել է ապրուստի միջոց:

Զարմանալի ու ցավալի կերպով հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչները հետաքրքրված չեն պարզ հավատացյալների հոգսերով ու կարիքներով: Քանիցս բաց նամակներ գրվեցին, խնդրանքներ հղվեցին իրենց հուզող հարցերի մասին, սակայն այդ ամենը, դժբախտաբար, հանդիպեցին խուլ ականջների: Հայ եկեղեցին, գտնվելով իր անկման եզրին, կարիք ունի արմատական բարեկարգումների, որոնք անխուսափելիորեն անհրաժեշտ են կյանքի կոչվելու`ի պայծառություն Հայ եկեղեցու: Էական փոփոխություններ են հարկավոր անելու, թարմ օդի զգալի պակաս կա, որոնց մատակարարման շնորհիվ կփոխվի հասարակության ժխտողական կեցվածքը եկեղեցու նկատմամբ: Այսկերպ նաև կամրապնդվի հավատքը մարդկանց մեջ, աստիճանաբար կբուժվեն հասարակության ախտերը, կնվազի աղանդների թիվը:

Ահա այս կարևոր առաքելությանն են լծվել Հայր Եղիա Խաչատրյանն ու Տեր Մարտիրոս Բերբերյանը` հիմք դնելով մի շարժման, որն ուղղված է Հայ եկեղեցու բարեկարգմանը: Այս պայքարը, ինչպես իրենք են վկայում, ուղղված չէ անձերի դեմ, այլ միտված է շենացնելու և բարեզարդելու Հայ եկեղեցին` նրան ազատագրելով առկա ներեկեղեցական անառողջ մթնոլորտից, հակականոնական ընթացքից, անհավատության դրսևորումներից, որոնք էլ կխթանեն Հայ եկեղեցու առաքելության արդյունավորմանը: Նրանց բարոյապես և հոգեպես սատար է կանգնում ինչպես բազմահարյուր հայ հավատավոր հայորդիներ հայրենիքից ու արտերկրից, այնպես էլ մի շարք գիտակից եկեղեցականներ, որոնք, հասկանալի պատճառներով, առայժմ ի վիճակի չեն բարձրաձայն արտահայտվելու:

Հայ եկեղեցու բարեկարգումը համակարգելու նպատակով արդեն գործում է համանուն ֆեյսբուքյան էջը, ուր շարժման ուղղվածության մասին ի մասնավորի գրված է. «Սիրելի՛ հավատակիցներ, նկատի ունենալով մեր օրերում Հայ Առաքելական եկեղեցում տիրող անկանոն վիճակը և դրանից բխող հոգևոր ճգնաժամը, ինչը միանշանակ բացասաբար է անդրադառնում հայ հավատացյալի հոգևոր-բարոյական կյանքի վրա, որից էլ օգտվելով` թափ են առնում խայտաբղետ աղանդավորական խմբակները, որոշեցինք հիմնել մի էջ և այնտեղ պարբերաբար ներկայացնել արդիական թեմաներով հրապարակումներ, որոնք պիտի նպաստեն եկեղեցական բարեկարգումների շուտափույթ իրագործմանը: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր աչքի առջև և մեր գլխին օրը ցերեկով փուլ գա Հայոց եկեղեցին, որը հարյուրամյակներ շարունակ խարսխված է եղել Առաքելական անբիծ հավատքի, Սուրբ Հայրերի ուղղադավան ուսուցումների և կանոնական սկզբունքների վրա: Ներկա համաեկեղեցական խառնափնթոր վիճակն ու ահագնացող տագնապը խռովեցրել և շփոթեցրել են ոչ միայն սակավաթիվ գիտակից եկեղեցականներին, այլև հանուր հայ քրիստոնյա հավատացյալներին: Եկեղեցին մե՛նք ենք, ուրեմն` մե՛նք ենք նաև տերերը այդ եկեղեցու: Եկեղեցին չի՛ կարող սեփականաշնորհվել որևէ անձի կողմից, քանի որ այն պատկանում է ժողովրդին` ի գլուխ ունենալով Հիսուս Քրիստոսին»:

Բարի երթ ենք մաղթում հիշյալ կարևոր նախաձեռնությանը և հույս հայտնում, որ անկոտրում կամքի ու նախանձախնդիր ոգու գիտակցությամբ մաս առ մաս կհաղթահարվեն եկեղեցու առջև ծառացած բազում խնդիրները` հոգևոր մխիթարություն պարգևելով հայ տառապյալ ժողովրդի զավակներին:

«ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՈՒՄ

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert