«Վերջիվերջո Գյումրու ժողովուրդը պատանդ չէ՞ այդ ռազմաբազայի ձեռքում, օրորոցում քնած մանկանը անվտանգության երաշխիք պետք է տրվի»

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանության դեպքին, որի արդյունքում զոհ գնացին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները, նշեց, որ իրենց հովվական պարտքն ու պարտականությունը կատարում են ժողովրդին հանդարտության կոչ հղելով։  «Բայց  հարցականներ կան, որոնց մասին ժողովուրդը բարձրաձայնում է և դրանց դիմաց պետք է սպառիչ պատասխան ստանա, այլապես ես իմ հանգստացնող դերը չեմ կարող ցկյանս տանել»,-ասաց նա։ Սրբազանը նկատեց, թե ամենաբարձր մակարդակով պետք է քննարկվի Գյումրիում ռազմաբազայի անհրաժեշտության հարցը։ «Վերջիվերջո Գյումրու ժողովուրդը պատանդ չէ՞ այդ ռազմաբազայի ձեռքում, օրորոցում քնած մանկանը անվտանգության երաշխիք պետք է տրվի»,-ասաց նա։

-Սրբազա՛ն, Ավետիսյանների սպանդից հետո Գյումրին ի՞նչ վիճակում է այսօր, ի՞նչ տրամադրություններ կան քաղաքում։

-Քաղաքում, իհարկե, աղմուկ բարձրացվել է, բայց հակառուսական տրամադրություններ չկան Փառք Աստծո, և ընդհանրապես մեր ժողովուրդն իրեն շատ հավասարակշիռ է պահում։ Բայց  հարցականներ կան, որոնց մասին ժողովուրդը բարձրաձայնում է և դրանց դիմաց պետք է սպառիչ պատասխան ստանա, այլապես ես իմ հանգստացնող դերը չեմ կարող ցկյանս տանել։

-Կոնկրետ Ձեր կոչը ո՞րն է ուղղված ժողովրդին, ի՞նչ հորդորով եք դիմում։

-Մենք մեր հովվական պարտքն ու պարտականությունը կատարում ենք, չեմ կարծում, որ կարող է իրավիճակը անվերահսկելի դառնալ, անում ենք ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը հանդարտության մեջ լինի, նախևառաջ հանգուցյալներին քրիստոնեական ծեսով, կարգով  հողին կհանձնենք։ Աղոթում ենք նաև մանկան առողջության համար։ Դրանից հետո մեր հարցադրումները կհնչեն և պետք է պատասխաններ տրվեն դրանց համար։ Համենայնդեպս, բոլորն իրենց կողմից պետք է հավասարակշիռ կեցվածք ցուցաբերեն։ Ինքս կարծում եմ, որ վաղաժամկետ էր Դատախազության համաձայնությունն ու հայտարարությունը, թե ռուսական կողմը չի հանձնի մարդասպանին հայկական կողմին։ Գրգռող հայտարարություն էր, և Դատախազությունն այնքան նրբանկատություն պետք է ունենար, որ հայտարարություն չաներ։ Հիմա իրենք  աննրբանկատ են գտնվել, հիմար հայտարարություն են արել և սպասում են Գյումրու եկեղեցականը հանդարտեցնի ժողովրդին։ Պետք է բոլորը հասկանան, որ վիճակն այնպիսին է, որ պետք է աչալուրջ լինեն, աննրբանկատ հայտարարություններ չպետք է անեն և հետո սպասեն դիմացինից, որ հանդարտեցնեն ժողովրդին։

-Հաշվի առնելով, որ սա միակ դեպքը չէ, նույն ռազմաբազայի հետ կապված նման պատմություններ էլի կան, տեսակետներ են հնչում, որ քաղաքում նման  զորամիավորում ունենալով հանդերձ՝ պետք է հատուկ վերաբերմունք էլ տրվի, հատուկ հսկողություն իրականացվի և այլն։

-Ես կարծում եմ, որ լուրջ կերպով, ամենաբարձր մակարդակով պետք է քննարկվի այս քաղաքում ռազմաբազայի անհրաժեշտության հարցը, վերջիվերջո, Գյումրու ժողովուրդը պատանդ չէ այդ ռազմաբազայի ձեռքում։ Զինված  ռուսները մեր փողոցներում անելիք չպետք է ունենան, և սա մեր պետությունը պետք է երաշխավորի։ Չի կարող զինված ռուս զինվորը դուրս գալ ռազմաբազայից, 3 կմ քայլել փողոցով, հասնել մի տուն, մտնել ու սպանդ կազմակերպել։ Նման բան չի կարելի թույլ տալ, սա կարծեմ բոլորի համար պարզ է։ Եթե մեր պետությունն ի վիճակի չէ ապահովելու մեր պաշտպանությունը, ուրեմն հարցականի տակ է դրվում այդ ռազմաբազայի անհրաժեշտությունը, և մեր ժողովուրդն իրավունք ունի այդ հարցը բարձրացնելու։ Եվ պետք չէ ասել, որ ժողովուրդը քաղաքականացնում է, կամ սրբազանը քաղաքականացնում է։ Մեր ժողովուրդը ապահովություն է պահանջում և դրա իրավունքն ունի, քաղաքականացնելու, չքաղաքականացնելու հարց չկա, հակառուսական տրամադրությունների հարց չկա, հայ-ռուսական  բարեկամության խնդիր չկա։ Մեր ժողովուրն արժանի է ապահով ապրելու, Գյումրեցին երկրաշարժ տեսել է՝ բավական է, աղքատություն տեսնում է՝ բավական է, և չպետք է եղեռնագործություն էլ տեսնի։ Մարդը քնած պետք է լինի ապահով։

– Այսինքն՝ հարցի լուծումը Դուք ինչպե՞ս եք տեսնում՝ ռազմաբազան քաղաքից դուրս բերելո՞վ։

-Չէ, ես չեմ տեսնում այդ հարցի լուծումը, ես այդ հարցը բարձրացնում եմ։ 16 տարին մեկ չի կարող եղեռնագործություն կատարվել, դա շատ հաճախակի է, 160 տարին մեկ չի կարելի թույլ տալ նման բան, ուր մնաց 16 տարին մեկ մի ռուս զինվորական զինված հայտնվի քաղաքում և սպանդ կազմակերպի և հետո մտածել, որ հոգևորականը պարտավոր է գնալ և ժողովրդին հանդարտեցնել։ Մենք հոգևոր անվտանգության պատասխանատուներ ենք, բայց  դուք եք պարտավոր ապահովել մեր ֆիզիկական անվտանգությունը։ Իհարկե, մենք մեր պարտքն ենք համարում, որ ժողովուրդը հակաօրինական գործողությունների չգնա, կոչերի չգնա։ Մեր ժողովուրդը, փառք Աստծո, հավասարակշիռ ժողովուրդ է և նման քայլերի չի գնացել, և հուսանք՝ չի գնա այսուհետ, բայց հարցերին պատասխաններ պետք է տրվեն և երաշխիքներ տրվեն մեր անվտանգության, օրորոցում քնած մանկանը երաշխիք պետք է տրվի։

-Սրբազան, Ավետիսյանների ընտանիքում ողջ մնացած փոքրիկին  որդեգրելու հայտարարություններ են արվում։ Նման հարց քննարկվո՞ւմ է, չկա՞ն խնամակալներ։

-Երեխային որդեգրելու խնդիր չկա, լավ է, որ մարդիկ իրենց ցանկությունը հայտնում են, որ երեխային որդեգրելու պատրաստակամություն են հայտնում, բայց  կարծում եմ, որ երեխան բավական թվով ազգականներ ունի, ովքեր երեխայի որդեգրության հարցն իրենք իրենց վրա կվերցնեն և ուրիշների վրա չի մնա։ Աստված նրան առողջություն տա, այս պահին որդեգրության հարց չկա, բայց լավ է, որ մարդիկ բարի կամք են ցուցաբերում, արտահայտվում են՝ ասելով, որ  իրենք պատրաստ են որդեգրելու, դա շատ լավ է և ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը դեռ առողջ է, և Փառք Աստծո, որ առողջ է։

 

бутони към социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net