Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը և դրան հաջորդած դեպքերը ցնցել են ողջ հայ հասարակությանը: Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ կարող են լինել Ռուսաստանի կողմից Պերմյակովին հայկական կողմին հանձնելու կամ չհանձնելու դեպքում:

Հասկանալու համար կոնկրետ այս պաhը, պետք է սկզբից կարճ բնութագրել այն վիճակը, որը ստեղծվել է: Նախ, մեծ թերահավատություն կա պաշտոնական հայտարարությունների նկատմամբ: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ սա հատուկ արված գործ է և արդեն նշանակություն չունի, թե զինվորը, որն իր վրա է վերցրել մեղքը, իսկապես մեղք ունի, թե ոչ: Երկրորդ. ՌԴ-ն իր պահվածքով, որ չգիտես ինչու որոշեց գործընթացն իր ձեռքում պահել, դրանով ակտուալացրեց երեք խնդիր՝ անվտանգության խնդիրը՝ կապված ռազմակայանի հետ, արժանապատվության խնդիրը, երբ մենք տեսանք, որ մարդիկ իրենց շատ խոցված զգացին, և ինքնիշխանության խնդիրը: Փաստացի, իրավական վեճ բացվեց, թերևս առաջին անգամ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների պատմության մեջ, ու այդ խնդիրը ժողովուրդը դրեց: Այս պահին ամեն ինչին պետք է նայել այս երեք հարցերի պրիզմայով: Առավել ևս, որ սա իսկապես զուտ ժողովրդի կողմից ակտուալացվեց, որովհետև այն քաղաքականացված խավը, որ Հայաստանում գոյություն ունի, թե իշխող կուսակցության, թե նոմենկլատուրային մտավորականության, թե ոչ իշխանական կուսակցությունների տեսքով, փաստացի բանկրոտ ապրեց: Հետաքրքիր բան եղավ, նրանք կամ սսկվեցին, կամ սկսեցին այս կամ այն ձևով պաշտպանել Ռուսաստանին: Շատ ֆունդամենտալ վիճակ է ստեղծվել Հայաստանում: Հիմա թե դա հատուկ արած ակցիա էր, թե մեկ այլ բան (հազար ու մի վարկած են առաջ քաշում), դա մի խնդիր է, և լրիվ այլ խնդիր է ստեղծված իրավիճակը: Այ, հենց այդ ստեղծված վիճակով էլ մենք պետք է փորձենք տեսնել, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանն իրեն այսպես կամ այնպես պահի: Բնական է, եթե Ռուսաստանը շարունակի իր մեծապետական մոտեցումը, ես կարծում եմ ժողովրդի հակադրությունը Ռուսաստանի և քաղաքականացված խավի դեմ, որին կարելի է արդեն կոչել գաղութային, շատ կոպիտ կլինի: Սա արտառոց իրավիճակ է, իզուր չեն շատերը խոսում այն մասին, որ սա կարող է լինել քաղաքական դիվերսիա: Այդ մասին խոսում են նաև ռուս փորձագետները, ըստ որի սա քաղաքական դիվերսիա է, որն ի վերջո ակտուալացրել է այն երեք հանգամանքները, որոնք սնանկ են դարձրել այդ գաղութային խավը: Այս ամենի զարգացումները կախված կլինեն թե ժողովրդի ակտիվությունից, թե Ռուսաստանի պահվածքից, թե Հայաստանում Ռուսաստանին պաշտպանող քաղաքական խավից:

Այսինքն` Ռուսաստանն ինքն էլ այս իրավիճակում պետք է հասկանա՞, որ հին մեթոդներով շարունակել հայ-ռուսական հարաբերություններն այլևս չի կարող, երբ Հայաստանին վերաբերվում էր որպես վասալի:

Դա բնական է և ինձ համար ընդունելի է մոտեցումը, որ սա կազմակերպված, նպատակաուղղված հստակ գործողություն էր: Ընդ որում, այն խոսակցությունները, թե այս ամենի մեջ կարող է խառնված լինել Արևմուտքը, հարևան երկրները, համոզիչ չեն: Ես կարծում եմ, որ հենց Ռուսաստանում գոյություն ունեն նման տեսակետ կրող մարդիկ, որոնք նույնպես գտնում են, որ հարաբերությունների այն ձևը, որ ստեղծվել է հայ-ռուսական հարաբերություններում, իրեն սպառել է: Մենք չմոռանանք, որ նման պահեր մենք տեսել ենք Ռուսաստանում 1990-ականներին, երբ Մոսկվան ինքն էր կիսված, երբ 1991-ին խորհրդային զորքերը դուրս եկան Ղարաբաղից: Այն ժամանակ էլ ռուսներն իրենց նմանատիպ էին պահում, և հետո միայն պարզվեց, որ Ռուսաստանը կիսված է, որ հեղաշրջում եղավ այնտեղ: Նույն բաները հիմա էլ կարող են լինել, որովհետև նման է վիճակը: Ռազմակայանի խնդիրը դարձել է շատ լուրջ, ընդհանրապես այդ ռազմակայանը կարո՞ղ է շարունակել իր գոյությունն այստեղ, թե չի կարող: Սա շատ էական հարց է, որի պատասխանը դեռ չկա, որովհետև շատ-շատերը Հայաստանում դեռ հույս ունեն, որ ինչ-որ պատահական բան է եղել, կանցնի կգնա, և ամեն ինչ կվերադառնա հնին: Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է:

Մենք տեսանք, որ նույնիսկ ռուսական հեռուստաալիքները մեր հանրության ճնշման ներքո սկսեցին վերաբերմունք փոխել, անգամ ներողություն սկսեցին խնդրել: Այսինքն հանրային ճնշումն այնքան մեծ էր, որ ՌԴ դեսպանն ու ռազմակայանի ղեկավարությունը ստիպված էին հանդես գալ հայտարարությամբ: Չե՞ք կարծում, որ այս ֆոնին ՀՀ ղեկավարության ու քաղաքական ուժերի պասիվ կեցվածքը վկայում է այն մասին, որ իշխանություններից ակնկալիքների առումով ամեն ինչ ավարտված է: Սրանով բոլորի առջև բացվեց իրականությունը: Այն խաղերը, որ տալիս էին իշխանությունն ու ոչ իշխանական ուժերը, հնացան: Սա յուրատեսակ լյուստրացիա էր, որը ցույց տվեց իշխանության ու քաղաքական դաշտի բանկրոտ վիճակը: Հիմա բոլորը հասկացան, թե ով ինչով է զբաղված, որովհետև այն աստիճանի է այդ խավի ամբողջ կյանքը կապված Ռուսաստան-հովանավորի հետ, որ երբ բացահայտ դաժան կոնֆլիկտ առաջացավ հայ ժողովրդի և այդ հովանավորի միջև, այդ գաղութացման մեխանիզմը ճաքեց, ու բոլորը, որոնք կրում են գաթուղային մտածողությունը, սնանկ դարձան: Նրանք սարսափում են, թե մի խոսք ասեն, փոխարենը ձգտում են առավելագույնս պաշտպանել իրենց հովանավորին: Ահա այս վիճակում է Հայաստանը, և ինչ պիտի անեն այդ մարդիկ: Սերժ Սարգսյանը փակվել է ինչ-որ ակումբներում, բայց ո՞ւր պիտի փախչի:

Փաստորեն Սերժ Սարգսյանը այս ընթացքում միայն Էրդողանի նամակ-հրավերին պատասխանեց, իսկ Գյումրիի դեպքերի մասին ոչինչ չասաց:

Էրդողանին պատասխանել-չպատասխանելով, դրանով թեման փոխելով հնարավոր չէ այն մոռացության մատնել: Սա այն վիճակը չէ, այստեղ պիտի դիրքորոշում ունենաս, որն արդեն ցույց են տվել: Դիրքորոշումն այն է, որ եթե հովանավորը ծեծում կամ սպանում է, լավ է անում, բայց վախենում են դրա մասին խոսել: Բա ուրիշ ի՞նչ դիրքորոշում պետք է ունենան մարդիկ, որոնց ամբողջ կյանքը կապված է այդ գաղութատիրական համակարգի հետ: Տեսեք քանի մարդ է լռում, որտե՞ղ է խորհրդարանը, կառավարությունը, կուսակցությունները, պատգամավորները, բոլորը սարսափում են խոսել: Ժողովուրդը միանգամից պատին կանգնեցրեց բոլորին ու մնաց մեն մենակ իր վշտի ու խնդիրների հետ:

Գյումրիում հայ ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորին հայ իրավապահներին հանձնելու պահանջով զանգվածային բողոքի ակցիաներին զուգահեռ ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են դուրս բերել ռուսական ռազմակայանը ՀՀ տարածքից: Արդյոք դա լուրջ մարտահրավե՞ր է հայռուսական ռազմավարական համագործակցությանը:

Ես կասեի՝ նման պահանջը մարտահրավեր է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության ձևավորված ձևերին: Այդ պահանջը, իմ կարծիքով, Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հուզական պոռթկման արդյունք չէ: Այդ թեմայի շուրջ քննարկումներում նկատելի է, որ ստորագրահավաքին մասնակցողներն ունեն գիտակցված դիրքորոշում և պատրաստ են հիմնավորել այն իրենց ընդդիմախոսների հետ բանավեճերում: Դա անելն այնքան էլ հեշտ բան չէ մի երկրում, որտեղ հասարակական գիտակցության մեջ խորը նստած է հովանավոր Ռուսաստանի կերպարը: Անգամ կարելի է նկատել, որ Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերման կողմնակիցները շատերի մոտ ընկալվում են որպես Հայաստանի անվտանգության դեմ ոտնձգություն իրականացնողներ: Առնվազն նրանք չհասկացված են մնում լայն հասարակության կողմից, որը Հայաստանի պաշտպանական քաղաքականության ստեղծված ձևերն անփոխարինելի է համարում:

Իսկ ո՞րն է ռուսական ռազմակայանը ՀՀ տարածքից դուրս բերելու կողմնակիցների կողմից ներկայացվող այլընտրանքային անվտանգության քաղաքականությունը: Արդյո՞ք դա նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում, հատկապես, որ հաճախ Ռուսաստանին մեղադրում են Հայաստանի թշնամին լինելու մեջ:

Հայ-ռուսական հարաբերությունների էությունը ռացիոնալ քննարկելն ու արժևորելը բարդ է հենց այն պատճառով, որ Հայաստանում բոլոր քննարկումներն ընթանում են «Ռուսաստանը բարեկամ և պաշտպան է» և «Ռուսաստանը թշնամի և դավաճան է» դիլեմայի շրջանակներում: Այս դիլեմայի արմատավորումը հասարակության գիտակցության մեջ երկար պատմություն ունի և ելնում է թե վերջին հարյուրամյակի, թե ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջաններից: Հետևաբար գերիշխող այդ դիլեման հաղթահարելը հեշտ բան չէ: Մարդկանց գիտակցության մեջ խորը նստած է կեղծ կարծրատիպը, թե Հայաստանի շահերը և Ռուսաստանի կայսերական շահերը նույնական են: Կարելի է ասել, որ հենց այդ կեղծ համոզմունքն է հայ-ռուսական հարաբերությունների մասին առասպելական պատկերացումների հիմքը: Շատ մարդիկ վստահ են, որ «ինչը լավ է Ռուսաստանի համար, լավ է նաև Հայաստանի համար»: Շատ մարդիկ վստահ են, որ հայերի բոլոր դժբախտությունները գալիս են թշնամիներից, «որոնք սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ»: Մնալով այդպիսի աշխարհընկալման շրջանակներում, անհնար է ռացիոնալ գնահատել Հայաստանի քաղաքական իրողությունները: Հատկապես մեր դարաշրջանում, երբ ռուսական քաղաքականությունը չտեսնված փոխակերպումների է ենթարկվում, իսկ Հայաստանի առջև ինքնուրույն գոյատևելու շանս է առաջացել: Այս դեպքում՝ ավանդական մոտեցումները նոր իրողություններին կարող են միայն խուճապային վախ առաջ բերել «պաշտպան Ռուսաստանի» նկատմամբ: Հենց դա էլ մենք նկատում ենք այսօր Հայաստանում: Նման պայմաններում բավական բարդ է գնահատել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ներկա ձևերի էությունը, առավել ևս խոսել Հայաստանի անվտանգության այլընտրանքային ձևերի մասին: Բայց զարգացող ապակառուցողական քաղաքական իրողությունները ստիպում են դա անել:

Դուք նկատի ունեք հայռուսական վատթարացող հարաբերություննե՞րը: Բայց Հայաստանում շատ են խոսում այն մասին, որ ողջ քաղաքական դաշտը պառկել է Ռուսաստանի տակ, ինչն, ի դեպ, բացահայտ երևաց Գյումրիի դեպքերից հետո: Իսկ Մոսկվան անտեսում է նման հավատարմությունը, բազմակողմանիորեն ստրկացնում է մեզ և ցուցադրաբար բարեկամանական հարաբերություններ կառուցում մեր հակառակորդների հետ: Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ դեպքերի նման զարգացումից խուսափելու համար:

Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել քաղքենիական վեճերը «թշնամի Ռուսաստանի» և «պաշտպան Ռուսաստանի» մասին և հասկանալ գլխավորը. հավատարմությունը քաղաքական բարեհաճություն գրավելու մեթոդ չէ: Հարաբերությունները պետք է կառուցել շահերի վրա՝ դադարեցնելով նույնացնել Ռուսաստանի շահերը Հայաստանի շահերի հետ: Համագործակցության ավելի արդյունավետ ձևերի որոնումը հարաբերությունների խզում չի նշանակում մի երկրի հետ, որի հետ ունենք համատեղ ռազմավարական շահերի լայն դիապազոն: Դա վերաբերվում է նաև ռուսական կողմին, որտեղ վերջին տարիներին նույնպես շատ է խոսվում վարվող քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին: Շատերն արդեն հասկանում են, որ իրականացվող Հայաստանի վասալացման քաղաքականությունը (որն, ի դեպ, ոգևորությամբ ընդունվեց Հայաստանի քաղաքական դասի կողմից) սկսում է մեծ խնդիրներ ստեղծել հենց Ռուսաստանի համար: Հայաստանում ռուսական ռազմակայանը գլխացավանք է դառնում ռուսական քաղաքականության համար՝ կապելով իր ձեռքերն իր բոլոր հարևանների և քաղաքական աշխարհի հետ հարաբերություններում: Հայաստանի նկատմամբ վերցված պարտավորությունները գնալով ավելի դժվար է դառնում իրագործել Ռուսաստանի մահմեդական հարևանների ճնշման ներքո: Ինչ արժեն Ադրբեջանի սպառազինման և Թուրքիայի ու Ղազախստանի հետ հարաբերությունների հետ կապված խնդիրները՝ ԼՂ չլուծված հակամարտության ֆոնին: Իսկ թե ինչ խնդիրներ է ստեղծում դա Հայաստանի համար, ավելորդ է խոսել: Ռուսաստանի կողմից Ադրբեջանի ինտենսիվ զինումը նորագույն սպառազինությամբ, ռուսական ռազմակայանը վերածել է Հայաստանի թևերը ոլորելու մեխանիզմի: Այդուհանդերձ, այստեղ շարունակում են վստահել Ռուսաստանի հետ ներկա հարաբերությունների անփոխարինելիությանը, մինչդեռ շատերը մեծ մղումով օգտվում են ստեղծված իրողություններից, սրբորեն պահպանելով անփոխարինելիության գաղափարը: Պատկերացրեք, թե ինչ կարող էր լինել հիմա, եթե ռուսական զորքերը ժամանակին մտնեին Լեռնային Ղարաբաղ: Հայաստանում այլընտրանքի բացակայության ջատագովները պետք է հասկանան, որ եթե Ռուսաստանը ցանկանա դուրս բերել իր ռազմակայանը Հայաստանից, իրենցից ոչ մեկին չի հարցնելու: Երբ 1995 թվականին երկկողմ ոգևորության պայմաններում Հայաստանում ռուսական ռազմակայան ստեղծելու մասին որոշում էր կայացվում, ոչ ոք չէր ենթադրում, թե ինչ խնդիրներ է ստեղծելու այդ որոշումը երկու տասնամյակ հետո: Հիմա արդեն շատերը հասկանում են, թե որքան ժամանակ է կորսվել անվտանգության հարցերում փոխգործակցության ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու համար: Բայց քաղաքականությունը փաստն է, մնացածը մեկնաբանություններ են:

Անհրաժեշտ է արդեն հիմա մշակել ու առաջարկել նույն Ռուսաստանին ռազմավարական համագործակցության նոր, ավելի արդյունավետ ձևեր՝ առանց Հայաստանում իր ռազմական ներկայության ոչ այնքան կարևոր փաստի, որն արդեն բեռ է դարձել: Հին պարտավորություններն անհրաժեշտ է զրոյացնել և ստեղծել նոր փոխադարձ պարտավորությունների համակարգ, որոնք ընդլայնում են ազատությունն իրենց ազգային շահերի պաշտպանության գործում: Ազատությունը նոր հնարավորություններ է ստեղծում բոլորի համար, իսկ վասալացումը միայն բեռ է և ձեռքերը կապող պարտավորություն:

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
www.lragir.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert