Թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերի աննկատ սահմանախախտումը կարելի է բացառել հայերի ստեղծած նոր համակարգով

«Փի Էս Այ» ընկերության գլխավոր տեխնոլոգ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գևորգյանն իր գործընկերների հետ ստեղծել է աշխարհում նմանը չունեցող տվիչ, ապա նաև համակարգ, որը թույլ է տալիս հեռվից հայտնաբերել թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը (սահմանախախտման փորձը): Ընդ որում, դա բազմաբնույթ տեխնոլոգիայի միակ կիրառությունը չէ:

«Փի Էս Այ» ընկերությունն այսօր ունի համակարգ, որը կարող է կանխել թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերի առաջխաղացումը: Այն 200 մետրից կարողանում է կանխազգալ ցանկացած շարժում, քայլեր, ընդ որում, ազդանշանների կամ տվյալների թվային մշակումից հետո կարելի է նաև ավտոմատ տարբերակել մարդու քայլերը կենդանու քայլերից:

Սամվել Գևորգյան

Նշված համակարգի վերաբերյալ է մեր հարցազրույցը տեխնոլոգիաների բացահայտման ու զարգացման հատուկ կրթություն, գիտելիքներ ունեցող ճարտարագետ, մարկետինգի մասնագետ, Հայաստանում 2008թ. դեկտեմբերին հիմնադրված «Փի Էս Այ» («Փրիսիժն, սենսրս ընդ ինսթրումենթս» /«Precision Sensors & Instruments/) ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Թորոսի հետ, ով երկար տարիներ աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

– Ինչո՞վ էիք զբաղվում ԱՄՆ-ում:

– Շուրջ 35 տարի ԱՄՆ-ի բարձր ատյաններում զբաղվել եմ նոր տեխնոլոգիաների և նորույթների արդյունաբերության զարգացմամբ` իրենց բնագավառներում դրանք հասցնելով առևտրայնացման մակարդակի:

– «Փի Էս Այ» ընկերությունը 2009 թվականից մինչև հիմա գիտական ի՞նչ մշակումներ է իրականացրել և ի՞նչ արդյունքներ ունի:

– Դրանք մի քանիսն են, բայց մեր այս զրույցի ընթացքում հիմնականում կներկայացնեմ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի առաջխաղացումը (ու ոչ միայն) բացահայտող և զգուշացնող սահմանապահ տվիչի (սենսորի) հետ կապված մեր արդյունքներն ու պլանները: Նկատի ունենալով, որ Հայաստանի տարածքը սեյսմիկ տեսակետից վտանգավոր է, պրոֆեսոր Սամվել Գևորգյանը սկզբում ստեղծել էր սեյսմիկ տվիչ, որն անհամեմատ ավելի զգայուն էր եղածներից, և առ այսօր իր հնարավորություններով աշխարհի լավագույն սեյսմիկ տվիչն է: Աշխարհում այս բնագավառում ամենահայտնի տվիչը (որը գրանցում է երկրաշարժն ու դրա պարամետրերը) ամերիկյանն է: Այս առումով երկրորդը Շվեյցարիայում են արտադրում, երրորդն էլ ռուսականն է: Հենց առաջին տվիչը, որ Սամվել Գևորգյանը պատրաստել էր դեռևս 2000-ականների սկզբներին, իր զգայունությամբ գերազանցում էր բոլորին: Այո, մեր տվիչը գերազանցում է աշխարհում ներկայիս բոլոր սեյսմիկ տվիչներին:

Քանի որ «Փի Էս Այ»-ի տեխնոլոգիան կարող է կիրառություն ունենալ տարբեր բնագավառներում, մենք որոշեցինք այն, նախևառաջ, կիրառել սահմանների հսկողության համար: Որոշեցինք համատեղ ուժերով սահմանների պահպանման համակարգ ստեղծել: Այդ առումով ընտրեցինք հատուկ ռազմավարություն. սկզբում որոշեցինք ուղղություն վերցնել դեպի շուկայի այն սեգմենտը, որն առավել պահանջ ուներ աշխարհում: Այն ժամանակ (2008 թ.), ինչպես նաև այժմ, սահմաններ հսկելու պահանջ կա ոչ միայն Հայաստանում: Հայաստանը շատ փոքր շուկա ունեցող երկիր է: Ամենամեծ շուկան թերևս ամերիկյանն է, նրանք 40-50 տարի Մեքսիկայի հետ իրենց սահմանում մի շարք խնդիրներ ունեն, ցանկանում են իրենց հարավային սահմանը կարգավորել, չեն կարողանում: Տարբեր տեխնոլոգիաներ են կիրառում, բայց իրենց ցանկալի արդյունքը չեն ստանում: Միայն սահմանները պահպանելու նպատակով Միացյալ Նահանգների 2008-2012թթ. բյուջեն 42 մլրդ դոլար է կազմել: Մի քանի տարի առաջ մրցույթ էին հայտարարել (հարավային՝ Մեքսիկայի սահմանի պահպանման նպատակով), ու մրցույթի 2,53 մլրդ դոլարանոց ծրագիրը շահել էր «Բոյինգ» (Boeing) ընկերությունը: Ես նրանց տեխնոլոգիային ծանոթ լինելով գիտեի, որ եթե մի օր մշակենք մերը (այն ժամանակ դեռ չունեինք), զարգացնենք մեր սենսորը, գերազանցելու ենք ամերիկյան համակարգին: Դրա համար այդ ուղղությունը բռնեցինք՝ նկատի ունենալով, որ այդ տեխնոլոգիան կարող ենք ծախել «Բոյինգ»-ին (այս ընկերությունը պատասխանատու է ԱՄՆ-ում սահմանների հսկողության համար): Այդ նպատակով մեր առաջին գործն էր մասնակցել անվտանգության տեխնոլոգիաների բնագավառում աշխարհում գլխավորը համարվող «Global Security Challenge» միջազգային ամենամյա մրցույթին, որը կազմակերպում են ԱՄՆ-ն ու Անգլիան: Կազմակերպիչները մասնակիցների քանակի մեծության պատճառով մրցույթի ընթացքում աշխարհը բաժանում են երեք խմբի՝ Ամերիկաները, Եվրոպան ու Աֆրիկան, և Ասիան: Ամեն ենթախմբում 300-800 տեխնոլոգներ են մրցում ու ներկայացնում իրենց նորույթները: Նրանցից ամեն խմբից ընտրվում են 5 լավագույնները: 2008 թվականին մասնակցելով այդ մրցույթին, Սինգապուրում մոտ 800 ընկերությունների շարքում ընտրվեցինք ասիական խմբի 5 լավագույնների շարքում, հաջորդ փուլում ընտրվեցինք այդ 5-ից լավագույն երկուսի մեջ: Մենք հենց այդ մրցույթում նշել էինք, թե մեր տվիչն ինչ կիրառություններ կարող է ունենալ, ու կիրառություններից մեկն էլ նշել էինք Մեքսիկայի հետ Ամերիկայի հարավային սահմանի հսկողությունը: Մեր առաջարկը մեծ հետաքրքրություն առաջացրեց հենց այդ (մեր առաջին) մրցույթի ժամանակ, թեև դեռ տվիչը կատարելապես պատրաստ վիճակում չունեինք, գաղափարը՝ կար, տեխնոլոգիան՝ ունեինք, բայց գործող սենսորը դեռ չկար: Տեխնոլոգիան նման է կտորի, որից տարբեր հագուստներ կարող ես պատրաստել: Խմբերի հաղթողները 2 ամիս անց հավաքվեցին Լոնդոնում, ուր սովորաբար հրավիրվում են նշված երեք խմբերից ընտրված լավագույն երկուսները: Լոնդոնում ժյուրիի անդամներին ու դահլիճում մրցույթի ընթացքին հետևող մոտ 400 բիզնեսմեններին համոզեցինք, որ մեր տեխնոլոգիան աշխարհի լավագույն անվտանգության տեխնոլոգիաներից է (իզուր չէր, որ լավագույն 6-ի մեջ էինք): Ի դեպ, երբ Սինգապուրում մեզ ընտրեցին ասիական խմբի լավագույն երկուսի մեջ, հենց այնտեղ մեզ բիզնես-առաջարկ ներկայացվեց, ու մենք 2009 թվականին մտանք այդ շուկայի մեջ:

2011 թվականին մեզ հրավիրեցին Սինգապուր, որ ցույց տանք սեյսմիկ տվիչի ստեղծման ճանապարհին մեր առաջխաղացումն ու հաջողությունները (մրցույթում հաղթելու պահին մենք դեռ մշակված ու գործող սենսոր, առավել ևս` սահման հսկող պաշտպանական համակարգ չունեինք): Սինգապուր տարանք մեր 1-ին մոդելի տվիչը, ցույց տվեցինք, թե այն ինչ հնարավորություն ունի, ու բացատրեցինք, թե ապագայում (կատարելագործվելուց հետո) ինչ հնարավորություններ կարող է ընձեռել: Կարճ ժամանակ հետո մեզ կրկին հրավիրեցին Սինգապուր (այս անգամ արդեն` բանակցությունների), իրենք եկան Հայաստան, գնացին, ու, վերջապես, 2011թ. կեսերին պայմանագիր կնքեցին մեզ հետ, որը 2012-ին փայլուն ավարտ ունեցավ:

– Իսկ ձեր տվիչն այն ժամանակ ի՞նչ հնարավորություններ ուներ:

– Սինգապուրյան փորձարկումների ժամանակ մեր սենսորը մարդու քայլը կարող էր «զգալ» 5-20 մետրից (կախված հողի բաղադրությունից ու վիճակից), իսկ տեղում ցատկը՝ 40-90 մետրից (առավելագույնը` 100 մետրից), սակայն այն ժամանակ աշխարհում լավագույն տվիչների զգայունությունը (մարդու քայլի իմաստով) 30 մետրից չէր անցնում: Սակայն տվիչ ստեղծելը դեռ բավարար չէր, անհրաժեշտ էր ամբողջական համակարգ ստեղծել, որն արեցինք 2013 թվականին: Համակարգը բաղկացած է տվիչներից, որոնք դրվում են սահմանին, տվիչներից ստացվող ազդանշանները մշակող ու տարածության վրա հաղորդող սարքից (այն դրվում է սահմանից 1-2 կիլոմետր հեռու), ինչպես նաև հատուկ ծրագրային ապահովում ունեցող ու դրա միջոցով սեյսմիկ ազդանշաններն ընդունող (համակարգչով ղեկավարվող) սարքից ու մոնիտորից, որը ձայնային և լուսային ազդանշաններով, նաև պատկերների միջոցով ցույց է տալիս ահազանգը: Հնարավոր է, օրինակ, տանը նստած կամ սահմանում հերթապահելիս, հեռախոսի պես սարքի վրա տեսնել ու հասկանալ, թե ահազանգը որտեղից է գալիս և ինչ տեղեկություններ են փոխանցում ազդանշանները: Ասենք, գեներալը կարող է նստել իր աշխատասենյակում ու պատին ամրացված մոնիտորին պատկերված մեծ քարտեզի վրա տեսնել, թե պետական սահմանի որ հատվածում է խախտում կատարվում և ինչ բնույթի խախտում է այն: Մենք մրցույթի ժամանակ առաջարկել էինք մի այսպիսի համակարգ (որը ֆիզիկապես դեռ ամբողջությամբ չունեինք, թղթի վրա էր ներկայացված), ու շահեցինք: Լոնդոնից վերադարձանք՝ իմանալով, որ աշխարհում արդեն ճանաչում են մեզ որպես սահմանապահ լավագույն տեխնոլոգիա ունեցողի:

Սկսեցինք մեր տեխնոլոգիայի մշակումը, կատարելագործումը, ինչը լուրջ և երկարատև գործընթաց է, նաև գիտություն, թե որ քայլից հետո որն ես անելու դեպի շուկա: Մեր մարկետինգի նպատակը աշխարհին գործող համակարգը ցուցադրելն էր… Հանուն դրա, սկսեցինք քրտնաջան աշխատել ու քայլ առ քայլ հաղթահարելով դժվարությունները, սարքել բաղձալի և ամենամրցունակ համակարգը, որը պատրաստվում ենք ցուցադրել լուրջ բիզնեսմեններին:

– Համակարգն առաջին անգամ ե՞րբ և որտե՞ղ եք փորձարկել, ի՞նչ արդյունքներ են ստացվել:

– 2012 թվականի նոյեմբերին, Հայաստանի տարբեր դաշտերում (այդ թվում՝ զինվորական փորձադաշտերում): Հնարավորություն ունեցանք ձեռք բերել ամերիկյան համակարգ, դաշտում կողք-կողքի դրեցինք մեր համակարգի հետ, ու փորձերի ընթացքում ստացված արդյունքները համեմատեցինք մեր համակարգի արդյունքների հետ: 2012 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին փաստեցինք, որ մեր համակարգն իր հնարավորություններով իսկապես գերազանցում է այդ պահի ամերիկյան լավագույն համակարգին (մոտ 7 անգամ՝ ազդանշանի աղբյուրը բացահայտելու հեռավորության առումով, այսինքն՝ իր զգայունությամբ): Սակայն առավել կարևորը կեղծ ահազանգերը տարբերակելու հնարավորությունն է: Ամերիկյան համակարգը 50-60 տոկոս կեղծ ահազանգ է տալիս, որովհետև նրա «խելքը» քիչ է, այսինքն՝ հաճախային տիրույթը նեղ է՝ ի տարբերություն մեր համակարգի, որը գետնի տատանումների «ընկալման» գերլայն հաճախային տիրույթ ունի ու թույլ է տալիս հստակ տարբերել՝ ազդանշանը կենդանո՞ւց է գալիս, մարդուց, թե ավտոմեքենայից (զրահատեխնիկայից): Այս երկրորդ առավելությունը, որը մեր համակարգին բնորոշ և աննախադեպ առավելություն է, ամեն ոք չէ, որ հեշտությամբ կարողանում է հասկանալ, բայց հմուտ ու խելացի տեխնոլոգները կարողանում են հասկանալ, թե ինչ է տալիս «ընկալման» հաճախային տիրույթի մեծ (գերլայն) լինելը: Այն հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով («on-line» ռեժիմում) տարբերել մոտեցող մարդուց եկած ազդանշանները ոչ միայն կենդանուց եկած ազդանշաններից, այլև մեքենայից, տանկից, քամուց, հրետանու կրակոցից, երկրաշարժից և այլնից առաջացող ազդանշաններից, որոնք բոլորն իրականում տարբերվում է միմյանցից:

Որպեսզի ավելի հասկանալի լինի, ասեմ, որ մարդը քայլում է, ֆիքսում ես նրա քայլելու պարագայում ստացվող ազդանշանները և սարքը ծրագրում այնպես, որ այն հասկանա, թե դա մարդու և ոչ թե, ասենք, ձիու քայլ է, որը տարբերվում է մարդու քայլից: Այսինքն` դա արդեն մշակումների քանակի և որակի հետ է կապված (ինչքան շատ ես մշակում, փող ես ծախսում, այնքան ավելի «խելացի» բան /ծրագիր/ ես սարքում): Ամերիկյան համակարգն արդյունավետ զգում է 1 հերցից 1000 հերց հաճախային տիրույթում, մերը՝ 0, 001 հերցից 1000 հերց: Այսինքն՝ այն ամենակարևոր մասը, որը մարդու քայլքն է ներառում, և որի նվազագույնը 1 հերցից էլ քիչ հաճախության վրա է, հասնում է մինչև 20 հերցի, ամբողջությամբ մեր համակարգի տիրույթում է:

Բացի այդ, ամերիկյան համակարգը, եթե նույնիսկ կարողանում է ընդունել 1-20 հերց հաճախության ազդանշանները, դրանց մեջ չի կարողանում տարբերակել մարդու քայլերն այլ «շարժումներից» առաջացող տատանումներից. շրջապատում տարբեր բնույթի ազդանշանները (աղմուկի ձևով) շատ են: Մարդու քայլերը հզոր (բազմաբնույթ) աղմուկի միջից տարբերելն է խնդիրը, ինչը ամերիկյան ու այլ համակարգերին հասանելի չի:

– Որքան տեղյակ եմ, Ձեր այդ տվիչի և համակարգի մասին տեղեկացրել եք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ի՞նչ կարծիք է հայտնել ծանոթանալուց հետո:

– Մենք պաշտպանության նախարարությանը բազմիցս ներկայացրել ենք մեր համակարգի առավելությունները: 2010 թվականին, երբ դեռ ներկայիս` կատարելագործված համակարգը չունեինք, եղած հին համակարգը ներկայացրեցինք պարոն Օհանյանին: Նա մեծ հետաքրքրություն ցուցաբերեց, տրամադրեց զինվորներ, տեխնիկա ու փորձադաշտ, որտեղ գրանցվեցին ու քննարկվեցին ստացվող ազդանշանները: Ապացուցվեց, թե մեր համակարգն ինչքան հեռվից է այդ ամենը «զգում»: Զինվորականությունը զեկուցեց նախարարին, մենք էլ գրավոր տվեցինք արդյունքները: Այն պահին մեր տվիչը մարդու քայլը «զգում» էր ընդհուպ մինչև 100 մետրից:

Սեյրան Օհանյանը 2010 թվականին նամակ գրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, տեղեկացրեց, որ նման համակարգ գոյություն ունի, խնդրեց ֆինանսավորել սահմանի 1 կմ հսկողության համար անհրաժեշտ համակարգի պատրաստման արժեքը, որ մեծ (լայնամասշտաբ) պատվերից կամ որոշում կայացնելուց առաջ փորձարկեն: Սակայն կառավարությունը 2010 թվականին որևէ կերպ չարձագանքեց նախարարի այդ նամակին: Տիգրան Սարգսյանը թեև խոստացել էր, որ ֆինանսական միջոցներ կճարի, բայց գումար այդպես էլ չգտնվեց… Մենք ժամանակը չկորցրեցինք, կատարելագործեցինք մեր ունեցածը, և պատրաստեցինք այսօրվա համակարգը: 2013 թվականի հունիսին նորից առաջարկեցինք պաշտպանության նախարարին, նա իր բարձրաստիճան սպաներին ուղարկեց, դարձյալ դաշտում փորձեցինք: Համեմատության համար ասեմ, որ այսօրվա ամերիկյան համակարգն առավելագույնը 60 մետրանոց գոտի է պահպանում, ամեն կողմից՝ 30 մետր: Մեր ներկայիս համակարգն արդեն ամեն կողմից ազդանշանները քարքարոտ տեղանքում «զգում» է առնվազն 225 մետրից, այսինքն` պահպանության գոտին նվազագույնը 400 մետր է: Ընդ որում, ամերիկյան համակարգի այդ ցուցանիշն առավելագույնն է, այսինքն` հետագայում էական բարելավման չի ենթարկվելու. համակարգն արդեն սերիական արտադրության է իջեցված, մինչդեռ մերը դեռ կատարելագործման «անսահման» հնարավորություններ ունի:

Մարդուց և այլ օբյեկտներից եկած ազդանշանները միմյանցից տարբերելու առավելության մասին արդեն նշել եմ: Բացի դրանից՝ ամերիկյան և ռուսական համակարգերն աշխատում են միայն մարտկոցով, տարին մի քանի անգամ մարտկոցը պետք է փոխեն, որովհետև առանց դրա չի աշխատի: Սա շատ մեծ թերություն է հատկապես այնպիսի սահմանների դեպքում, որտեղ կրակում են, որովհետև ստիպված են ամեն անգամ հողի տակից հանել, մարտկոցը փոխել, նորից տեղը դնել: Իսկ մեր սահմանը գիտեք, որ կռվի սահման է: Մեր սենսորը հողի տակ թաղելուց հետո, կարելի է այն ընդհանրապես չհանել գետնի տակից, որովհետև 2 կիլոմետր հեռվից, մեր ստեղծած արևային հատուկ համակարգից է էլեկտրասնուցումը լարով ստանում (ընդ որում, անհամեմատ ավելի քիչ էլեկտրասնուցման կարիք է զգում, քան ներկայիս մյուս տվիչները): Մեր տվիչն ու ազդանշանները մշակող- հաղորդող սարքը մարտկոց էլ ունեն, որի էլեկտրաէներգիան լարի կամ արևային համակարգի վնասվելու դեպքում կբավարարի 2-6 ամիս: Ի դեպ, համակարգի առաջին երկու բաղադրիչներն արտաքին սնուցման դադարելու պարագայում ընդունակ են անմիջապես տեղեկացնել այդ մասին, որպեսզի համակարգն օգտագործողը լուծի այդ խնդիրը:

Նշեմ ևս մեկ ու դարձյալ շատ կարևոր առավելության մասին. ամերիկյան համակարգի պահպանության գոտու 60 մետր լինելու պարագայում, սահմանախախտն այդ գոտին մտնում, այնտեղից դուրս է գալիս մոտ 1 րոպեում, եթե այդ 1 րոպեում չկարողացան տեղը որոշել, խախտողին կորցնում են, մինչդեռ մեր համակարգը 7-8 րոպե ժամանակ է ընձեռնում (այսօրվա դրությամբ, ապագայում դա էլ ավելի մեծ է լինելու…): Եթե սահմանախախտը որոշի վազելով մոտենալ սահմանին, ապա տվիչը 2-3 անգամ ավելի հեռվից է զգալու նրա վազքը (800-1500 մետրից), որովհետև վազելու դեպքում ավելի շատ էներգիա (ավելի հզոր տատանումներ) է հաղորդվում գետնին:

2013 թվականի մեր պրոտոտիպ համակարգի փորձարկման նշածս արդյունքների մասին փորձարկումներին ներկա գնդապետներից մեկը զեկուցել է հարգարժան նախարարին` պարոն Օհանյանին: Նա դրականորեն է արձագանքել ու խնդրել է ֆինանսավորել: Մեզ ասել են՝ դուք սարքեք, մենք փողը կճարենք, մենք էլ սպասում ենք. առանց ֆինանսավորման չենք կարող պատրաստել այդ համակարգերը:

Հասկանալի է, որ մի քանի 100 կիլոմետր երկարության սահմանի պահպանությունը մեկ համակարգով հնարավոր չէ իրականացնել: Նախարարից բացի, երկրորդ պետական պաշտոնյան, որը լավ ծանոթ է մեր համակարգի հնարավորություններին և գնահատում է այն, Գիտության պետական կոմիտեի հարգարժան նախագահ Սամվել Հարությունյանն է: Անցյալ տարի Գիտության պետական կոմիտեն կիրառական արդյունք ձեռք բերելու նպատակով, մրցույթ էր հայտարարել: Մրցանակներից մեկը շահեց մեր ընկերությունը: Հիմա պետական ֆինանսավորմամբ սարքում ենք մի տվիչ, որն ազդանշանները կարող է «զգալ» երեք ուղղությամբ, այսինքն, բացի հորիզոնական տատանումներից, այն կարող է տատանումներն արդյունավետորեն «զգալ» նաև գետնի տակից, ընդհուպ մինչև 300 մետր խորքից եկող ազդանշանները, եթե սահմանախախտները փորձեն թունել փորել ու գետնի տակով անցնել սահմանը: «Եռաչափ» տատանումներ գրանցող սենսորը հնարավորություն է տալիս որոշել նաև այն, թե սահմանախախտը որ ուղղությամբ է քայլում: Այսօր ԱՄՆ-ի անվտանգության ուժերը բացահայտել են մոտ 25-30 մետր խորությամբ փորված 150 ապօրինի թունելներ, թե որքանն էլ չեն բացահայտել, չգիտենք: Ինձ հրավիրել են, տրամադրել այդ թունելներից մեկը, ասել՝ խնդրեմ, բերեք դրեք, ցույց տվեք արդյունքը: Մենք, երբ արդեն պատրաստենք նաև այդ տվիչը (հուսով ենք՝ այս տարի), գնալու և ցույց ենք տալու իրենց, բայց մինչ այդ ցույց կտանք մեր պաշտպանության նախարարությանը, որովհետև նրանք հետաքրքրված են ունենալ: Մեկ կիլոմետր սահմանի պահպանության համար նախատեսված համակարգի պատրաստման համար անհրաժեշտ նախապայմանների մասին տեղեկությունները մենք գրել, տվել ենք Սամվել Հարությունյանին:

Մեր նպատակն է մեծաքանակ պատվերի առկայության դեպքում գործարան կառուցել, դրանով կլուծվի նաև աշխատատեղերի խնդիրը, արտադրությունում կընդգրկվեն և արժանապատիվ կվարձատրվեն նաև գիտնականներն ու ճարտարագետները… Ավելին՝ այս տեխնոլոգիան կարող է կիրառություն ունենալ նաև բժշկության, սեյսմիկ պաշտպանության, գազի և նավթի պաշարների հայտնաբերման ու նաև մի շարք այլ ոլորտներում, սակայն այդ ամենն արդեն այլ հարցազրույցի թեմա է:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

http://nyut.am/archives/218436

 

споделяне в социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net