Հայկական հետք Սաուդյան արքայական ընտանիքում

Լուսանկարում՝ Թալալը և ՆավաֆըՊատմությունից հայտնի են բազմաթիվ հավաստի և վիճելի փաստեր կամ պարզապես լեգենդներ այս կամ այն անձի հայ լինելու կամ որևէ արքայական տան հայ անդամների մասին: Օրինակ, փաստ է, որ Բյուզանդիայում իշխած մակեդոնական դինաստիան հայկական ծագում ուներ, կամ օսմանյան բազմաթիվ սուլթաններ կնության են առել հայ կանանց: Հայ են եղել Նապոլեոնի մի շարք բարձրաստիճան զորավարներ: 11-12-րդ դարում Եգիպտոսի Ֆաթիմյան խալիֆայությունում հայկական ծագմամբ ընտանիք է ղեկավարել: Շարքը կարելի է երկար շարունակել:
Վերջին օրերին համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է Սաուդյան Արաբիայի արքա Աբդուլլահի մահը և գահի ստանձնումը նոր արքայի կողմից: Պարզվում է, որ հայկական հետք կարող է լինել նաև Սաուդների արքայական տոհմում:
Սաուդյան Արաբիան հիմնադրել է Աբդուլազիզ ալ-Սաուդը 1932 թվականին: Նա 22 կին է ունեցել և 45 որդի: Ըստ  տեղեկությունների՝ նրա կանանցից մեկը՝ Մունայերը, հայ է:
Սաուդյան Արաբիան միավորելու և արաբական անապատի այլ ցեղերին հնազանդեցնելու տարիներին Աբդուլազիզը կնության էր վերցնում այդ ցեղերի կանանց՝ նրանց հետ սերտ հարաբերություններ հաստատելու համար: Ըստ շարիաթի, տղամարդն օրինական կերպով կարող էր 4 կին ունենալ, սակայն ղեկավարներին թույլատրվում էր 4 օրինական կանանցից բացի ուրիշ կանանց էլ «պահել» առանց օրինական հարաբերությունների:
1921 թվականին Աբդուլազիզը զբաղված էր Նեֆուդ անապատում բնակվող ալ-Ռաշիդ ցեղի դիմադրությունը ճնշելու գործով: Նա այցելում է Ունայզա քաղաքի էմիրին, որտեղ, ըստ ընտանիքի անդամների, Աբդուլազիզին է ներկայացվում 12-ամյա Մունայերը:
Մունայերի մասին տեղեկություններ է հայտնում Ջոն Ռոսանտը, ում հրապարակումը 2002 թվականին լույս է տեսել Asia Times-ում: Ռոսանտը սովորել է Կահիրեի Ամերիկյան համալսարանում, աշխատել է Business Week, New York Times, սաուդյան Arab News թերթերում: Ռոսանտը սերտ կապեր է ունեցել Աբդուլազիզի ու Մունայերի թոռան՝ Վալիդի հետ, տվյալներ է հավաքել նրա կենսագրությունը գրելու համար, սակայն այն լույս չի տեսել Վալիդի հետ տարաձայնությունների պատճառով:
Ըստ Ռոսանտի՝ Մունայերի հայրը հայ էր, ով փրկվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից: Ի տարբերություն հազարավոր հայերի, ովքեր հեռացել էին Աթենք կամ Բեյրութ, Մունայերը, նրա հայրը, մայրը և երկու զարմիկները հարավ են փախել և հայտնվել վահաբիական Արաբիայում: Ռոսանտը գրում է, որ այս ճանապարհը տարօրինակ ընտրություն էր քրիստոնյա ընտանիքի համար: Հնարավոր է, նրանք ցանկացել են Լիբանան կամ Պարսկաստան հեռանալ, սակայն ճանապարհին մոլորվել են:
Աբդուլազիզի կանանցից մեկը դառնալուց հետո Մունայերը որդի է ունենում, ում անվանում են Թալալ: 1927 թվականին, սակայն, երեք տարեկան Թալալը մահանում է: 1930 թվականին Մունայերը լույս աշխարհ է բերում երկրորդ որդուն, որին նույնպես Թալալ են անվանում: 1940-ական թվականներին Աբդուլազիզն ամուսնալուծվում է իր չորրորդ կնոջից և օրինական կնության վերցնում Մունայերին՝ օրինականացնելով որդի Թալալին:
Թալալը սաուդյան առաջին արքայազնն էր, որ օտար լեզուներ է սովորել: Ըստ տեղեկությունների, նա դարձել է հոր՝ արքայի ֆավորիտը: Թալալը դեռ 20 տարեկան չէր դարձել, երբ նրան վստահվեց Մուրաբբա պալատի ֆինանսների կառավարումը: Թալալը հայտնի է իր համեմատաբար ազատական հայացքներով և հանդես էր գալիս սահմանադրության ընդունման օգտին:
Մունայերը ևս 2 որդի է ունեցել՝ Նավաֆը և Մադավին: Նավաֆը եղել է հանգուցյալ արքա Աբդուլլահի խորհրդականը, զբաղեցրել է սաուդյան հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնը:
www.lragir.am

share button

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net