Header imageԲերձորում անսպասելի եւ անհասկանալի կերպով հարձակման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած «100 –ամյակն՝ առանց ռեժիմի» տեղեկատվական ավտոերթով այսօր առավոտյան դեպի Արցախ ուղեւորված, եւ Արցախի մատույցներում դաժան ծեծի ենթարկված մարդիկ դեռ շոկի մեջ են իրենց հետ այսօր կատարվածից:

Ինչպես պատմեց ավտոերթի մասնակիցներից մեկը՝ իրենք դեռ ճանապարհին տեղեկացան, որ Ժիրայր Սեֆիլյանի ջոկատում կռված ղարաբաղցի մի քանի ազատամարտիկների, որ պատրաստվում էին Արցախում միանալ ավտոերթին, Բերձորում ծեծել են, ու հասկանալի էր, որ ավտոշարասյան դեմ էլ անպայման սադրանքներ կլինեն, այդ իսկ պատճառով Գորիսում կանգառ կատարեցին եւ հստակ որոշում ընդունվեց՝ ոչ մի գնով սադրանքների չենթարկվել: «Կարծում էինք, թե պիտի զոռով մարդկանց հավաքած բերած լինեին, որ իբրեւ ժողովուրդը ըմբոստանում է, չի ուզում, որ մենք մտնենք Արցախ եւ այլն, բայց այն, ինչ կատարվեց՝ ամենասարսափելի մղձավանջում անգամ հնարավոր չէր պատկերացնել»,- պատմում է զրուցակիցս:

Ապա շարունակում է. «Երբ Տեղ գյուղն անցանք, հասանք «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությանը, տեսանք, որ մի քանի տեղ ոստիկանական՝ հատուկ ջոկատայինների կետեր են դրված՝ «Վիլիսներով» կանգնած են: Անցանք դրանց, մի քիչ էլ գնացինք եւ Լաչինի անցակետ չհասած տեսանք, որ ոստիկանական վիլիսները, ինչպես նաեւ առանց համարանիշների մի քանի այլ մեքենաներ, պատ են կազմել: Մեզ կանգնեցրեցին, ասացին, որ փաստաթղթերը պետք է ստուգեն: Մեքենաները սիրուն, կանոնավոր շարքով կանգնեցին՝ իրարից 1,5-2մ հեռավորությամբ: Մոտավորապես 36-40 մեքենա կար՝ Ժիրայրն էր Սեֆիլյան՝ իր ընտանիքով, իր ջոկատի անդամները, ՀՅԴ-ից դուրս եկած եւ «Հիմնադիր խորհրդարան» մտած սպիտակցի տղաներն էին, ազատամարտիկ , Ապարանցի Պավլիկն էր՝ իր հետ կռված տղաներով, Իգորը Մուրադյան, Ալեքը Ենիգոմեշյան, Գարեգինը Չուգասզյան, բնապահպան Եղիա Ներսիսյանը՝ ընկերների հետ, Եղնուկյան Կարոն՝ ընտանիքի հետ եւ այլն»: Մեր հարցին՝ այսինքն, ավտոշարասյան մասնակիցների մեջ նաեւ կանայք կա՞յին, զրուցակիցս պատասխանում է՝ այո, իհարկե, կանայք եւ երեխաներ, ամենափոքրը կլիներ մի 3-4 տարեկան փոքրիկ:

Ավտոշարասյանը կանգնեցնում են փաստաթղթերը ստուգելու պատրվակով, ապա հայտարարում, որ չեն թույլ տալու, որ նրանք մտնեն Արցախ: Ըստ զրուցակցիս՝ բոլորը նստած էին մեքենաներում, դուրս չէին եկել, միայն Ժիրայրն ու նրա մի քանի ընկերներն էին դուրս եկել՝ ոստիկանների հետ զրուցելու:

Հարցիս՝ միայն դիմակավորված հատուկ ջոկատայիննե՞րն էին այդ ծեծուջարդին մասնակցում, թե՝ մյուս ոստիկաններն էլ, ավտոշարասյան մասնակիցը պատասխանեց, որ բոլորը՝ ե՛ւ փաստաթղթեր ստուգող ոստիկանները, ե՛ւ գլխավորապես՝ հետեւից հանկարծակի վրա հասած հատուկջոկատայինները. «Պատկերացնում եք, որ կոտրում էին մեքենաների ապակիները, դրանք թափվում էին մեքենայում նստածների վրա, մահակների հարվածները նույնպես կպնում էին նստածներին»:

Հետաքրքվեցինք, թե ի վերջո ինչպե՞ս ավարտվեց այս ամեն ինչը, նա պատմեց. «Մի կերպ կարողացանք հետադարձ անել՝ եւ սկսել հետ գնալ, ու հետեւներիցս էլի օդ էին կրակում: Շանը ո՞նց են լարում, ա՛յ էդպես մեզ քշեցին: Մի քանի ոլորան անցանք, կանգնեցրինք բոլոր մեքենաները, սկսեցինք իրար օգնել, արյունոտվածներին լվանալ, օգնել եւ այլն, բայց տեսանք, որ հետեւներիցս այդ ոհմակը էլի գալիս է, նորից նստեցինք մեքենաներ, մինչեւ հասանք Տեղ գյուղ: Հետո Գորիսում մի քանիսին տարանք հիվանդանոց, որովհետեւ ահավոր էին վիճակները: Մի երիտասարդ օպերատոր կար հետներս, տեսախցիկն էին ջարդել, իրեն էլ լավ ծեծել: Չմոռանամ նշել, որ «փաստաթղթեր ստուգելու» ժամանակ բոլորից առգրավեցին տեսախցիկներն ու ֆոտոխցիկները, բայց որոշ կադրեր կարողացել են անել շարասյան մասնակիցները: Ազատամարտիկ Պավլիկին էին նստեցրել իրենց մեքենաներից մեկը, տարել էին, հետո ծեծված-ջարդված հետ բերեցին, ոտքերին այնքան էին խփել, չէր կարողանում կանգնել…»:

Տեղ գյուղում կանգնել են, մետրերով պոլիէթիլեն են գնել, որպեսզի մեքենաների պատուհանների վրա քաշեն, քանի որ սկսել են սառչել: 

Մեր հարցը՝ իսկ երբ կարողացաք դուրս պրծնել այդ օղակից, ոստիկանություն չդիմեցի՞ք, զրուցակցիս անհեթեթ թվաց. «Ի՞նչ ոստիկանություն դիմեինք, աբսուրդ է, չէ՞ որ մեզ վրա հարձակվողները հենց ոստիկաններն էին»:

Այդուհանդերձ, ըստ նրա, ամենաահավորը ոչ թե ֆիզիկական ցավն էր ու նյութական կորուստները, այլ բարոյական եւ հոգեկան ահավոր վիրավորանքը, որ հասցվեց. «Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ էին անում, եւ ամենաահավորը, որ անողները հայեր էին՝ հարձակվել էին ու ջարդում էին հայերին: Ղարաբաղը իրենց կյանքի գնով պահած եւ ազատագրած մարդկանց թույլ չէին տալիս մտնել Ղարաբաղ եւ նվաստացնում էին ամենաստոր ձեւով, հասկանո՞ւմ եք: Այն էլ ինչի՞ համար, ախր ընդամենը գնում էինք տեղեկատվական սկավառակներ բաժանելու եւ Արցախի համալսարանի ուսանողների հետ հանդիպելու: Եվ ամենակարեւորը՝ երբ ոստիկանները պնդել են, որ չե՛ք կարող մտնել Արցախ, ու տեսնելով այդ սնայպերներին, տեսնելով այդ օղակը, Ժիրայրն ասել է՝ լավ, որ այդպես է, հետ կդառնանք: Սակայն կարծես դրանք հրաման են ստացել, որ ավտոերթի մասնակիցները չպետք է անվնաս վերադառնան, ու սկսեցին՝ հանկարծակի, թրքաբարո հարձակվեցին ու ջարդեցին…»:

Զրուցակիցս, սակայն վստահ է, որ արցախցիները կապ չունեին այս ամենի հետ. «Սա ռեժիմի՝ հայաստանյան ռեժիմի կազմակերպածն էր, արցախցիները ոչ մի կապ չունեն այս ամենի հետ: Մեր տեղեկություններով՝ անգամ փորձել են արցախցի ժողովրդին սադրել՝ ընդդեմ Ժիրայր Սեֆիլյանի, սակայն չեն հաջողացրել…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

http://www.aravot.am/2015/01/31/537773/

Լուսանկարը՝ preparliament.com էջից:

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert