hetq.am – Նաիրա Հայրապետյան

Ավարտվում են տոները: Եղած իբր տոնական տրամադրությունն էլ արդեն կամաց-կամաց տեղի է տալիս գործնականին: Վերջնականապես մաքրելով հաշիվները երեկվա՝ արդեն անցած տարվա հետ, հանկարծ հասկանում ենք, որ նոր ժամանակի մեջ ենք հայտնվել, իսկ այս նորը պատասխանատու տարի է՝ պարտավորեցնող խորագրով:  Ուրեմն պարտադրված 12-օրյա ծուլությունից հետո մեզ սպասում են նոր անելիքներ: Ու մինչ Հայաստանում փորձում ենք դանդաղորեն հետ սահել դեպի առօրյա կյանք, ամանորի ծանրության տակ կքած սեղաններից հեռու՝ աշխարհի մեկ այլ մայրցամաքում, մեր հայրենակիցներից ոմանք արդեն գործի են անցել: Բոլորիս հայտնի «System of a Down»  (SOAD) խումբը հայտարարել է իր նոր նախագծի մասին. «Wake Up The Souls» խորագրով միջազգային համերգաշար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինձ համար 2015թ-ի ամենակարևոր և խոշորագույն նախագծերից մեկն է, որին ես պարզապես կանվանեի դիվանագիտություն:

Այստեղ, սակայն, ասելիքը հնչում է ոչ թե փողկապավոր ու լղոզված անտարբերությամբ ամբիոններից, այլ աշխարհի մեծ բեմերից` երաժշտության միջոցով: Այն, ինչ կհնչի այդ բեմերում, երգ-առաքելության հետ կթռչի սահմանից սահման, հազարավոր ու միլիոնավոր երկրպագուների կստիպի լսել ու տարածել լսածը, հավատալ այլ արժեքների՝ պահանջելով նայել իրականության աչքերին՝ առանց քաղաքական էժանագին առևտրի, կեղծ բարեպաշտության ու արդարության անարդար ձևակերպումների:

Խմբի կայքէջում երաժիշտները մեկնաբանում են նախագծի նպատակը և ծրագրերը: Ըստ այդ տեղեկության՝ ապրիլի 10-23-ը տևող շրջագայությամբ, նրանք ելույթ կունենան եվրոպական 6 երկրում՝ Անգլիայում  (Լոնդոն), Գերմանիայում (Քյոլն),  Ֆրանսիայում (Լիոն), Բելգիայում (Բրյուսել), Նիդեռլանդներում (Ամստերդամ), Ռուսաստանում (Մոսկվա): Միջազգային համերգաշարը կեզրափակվի Հայաստանում (Երևան), ապրիլի 23-ին: Մեր երկրում սա խմբի առաջին համերգն է: SOAD-ը նախատեսել է կենդանի հեռարձակմամբ համերգ, որպեսզի այն էկրանների միջոցով հասանելի լինի ողջ աշխարհին: Իսկ սեպտեմբերին նույն խորագրով ևս 7 համերգ կունենան Բրազիլիայում:

Հունվարի 8-ին այս իրադարձությանն անդրադարձավ աշխարհահռչակ «Rolling Stone» ամսագիրը՝  «Genocide and Kim Kardashian: The Bloody History Behind System of a Down’s Tour» հոդվածով: Այն, մեծ իմաստով, ոչ միայն համերգաշարից տեղեկություներ հաղորդող նյութ է, այլ SOAD-ի  միջոցով անդրադարձ Հայոց Ցեղասպանությանը և նրա հանդեպ Թուրքիայի, աշխարհի մի շարք երկրների ժխտողական քաղաքականությանը: Հարցազրույցում Սերժ Թանկյանը հիշատակում է հայտնիներից Քիմ Քարդաշյանի անունը՝ նշելով որ վերջինս նույնպես անդրադառնում է այդ խնդրին՝ ինտերնետային տիրույթում իր բազմաթիվ երկրպագուներին իրազեկելով:

Խմբի վերջին համատեղ ալբոմը թողարկվել է 10 տարի առաջ, որից հետո երաժիշտներից ամեն մեկը զբաղվում էր անհատական կարիերայով: Այժմ արդեն միասին են, կրկին հանուն մեկ նպատակի: SOAD-ի երկրպագուները շատ լավ գիտեն, որ համաշխարհային այս շրջագայությունը կամ նմանօրինակ այլ արձագանք ակնկալվում էր. չէ՞ որ տարիներ  շարունակ  նրանք իրենց սեփական, ապա՝ առանձին նախագծերով  համարձակորեն պայքարել են այս ուղղությամբ:

Եվ այս դաշտում «Wake Up The Souls» -ը, խմբի հիմնադիր և երգիչ Սերժ Թանկյանը Սերժ Թանկյանի գնահատմամբ,  մինչ այդ կատարած աշխատանքի վերանայումն ու ընդլայնումն է: Ամսագիրը տեղեկացնում է, որ «System Of A Down»-ի կայքէջում առկա է «թեժ քարտեզ», որի միջոցով երկրպագուները հնարավորություն ունեն իմանալու, թե աշխարհի տարբեր երկրներ ինչպես են արձագանքել Հայոց ցեղասպանությանը: Նրանք միաժամանակ կոչ են անում երկրպագուներին միանալ և Թուրքիայի նախագահից, կառավարությունից ցեղասպանության ճանաչումը պահանջել:

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=O93eOUSW1Lg&feature=player_embedded embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

Թանկյանը ճանաչումը անվանում է արդարության հաստատում, մի բան, որին հավատում են նրանք՝ իբրև ցեղասպանությունը վերապրածների զավակներ: Իսկ «Rolling Stone» -ի հարցին, թե որոնք են դեպի այն տանող քայլերը, պատասխանում է. «Կարծում եմ՝մեզ և Թուրքիայի համար  կարևոր է, որ Թուրքիան  ճանաչի սեփական պատմությունը՝ ճշմարտացիորեն: Սա միայն հայերի, հույների կամ ասորիների ցեղասպանության մասին չէ, այլ այն մասին, թե ինչ է տեղի ունենում այսօր»:

Երաժշտական այս նոր նախագիծը առիթ դարձավ միջազգային մամուլի ուշադրությունը գրավելու, և տարբեր լրատվամիջոցներ իրենց արձագանքներով (կամ պարզապես մեջբերելով ռոուլինգսթոնյան այս ընդգրկուն հոդվածը) ակամայից սկսեցին տարածել նաև  Հայոց Ցեղասպանության մասին տեղեկությունները:

«Կարևոր չէ դա ցեղասպանություն են կոչում, հոլոքոստ, թե հումանիտար աղետ,- ասում է երաժիշտը, – դրանից ոչինչ չի փոխվում: Մենք ուզում ենք այդ «փոխելու» մի մասնիկը դառնալ: 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը  կարող է դառնալ վստահության հաստատումը, որով մարդկությունն այլևս կդադարի սպանել ինքն իրեն»: Հետո ավելացնում է՝ «Ես սա ասում եմ ծիծաղելով, որովհետև ակնհայտորեն ծիծաղելի է»: Իհարկե ծիծաղելի է. իրենց երաժշտական կարիերան անվերջանալի պայքար դարձնելով գերնյութական շահի ու հանուն դրա պայթող բոլոր տեսակի ռումբերի դեմ՝ պատերազմների, բնապահպանական աղետների, սոցիալական խնդիրների, աշխարհից աշխարհ հսկա քայլերով հաստատված երաժիշտները շատ լավ գիտեն աշխարհի ախորժակը:

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=UeCLzqU3i1c&feature=player_embedded= embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

«Ցեղասպանությունները կանխող միջազգային համաձայնագրեր գոյություն չունեն, և մենք շարունակում ենք ականատես լինել նոր ցեղասպանությունների»:

Բայց դա ամենևին էլ չի նշանակում փակվել սեփական ստուդիայում կամ արվեստանոցում և ստեղծագործել իրականության մեջ առայժմ չտեղավորվող նոր իրականության երազների մասին: Նրանք ընտրել են երազանքը նպատակ դարձնելու ճանապարհը, նպատակը՝ իրականություն: Իսկ թե ուր կհասցնի մեզ՝ 2015թ.-ը առանձնահատուկ խորհրդի մեջ պարուրող հայերիս այդ իրականությունը, կախված է ոչ միայն այս տղաների հավատամք-արդարության հաղթանակից: Սերժ Թանկյանն ու SOAD-ը արդեն որերորդ անգամ աշխարհով մեկ բարձրաձայնում են մեր պատմության անպատասխան հարցերը: Ժամանակն ապացուցել է, որ նման խնդիրների լուծումը բոլոր տեսակի գիտաժողովներից, հանդիպումներից, կլոր սեղաններից ու երակաշունչ ճառերից հեռու են, դրանք մեր մեջ են, մեր գիտակցության, մեր քայլերի ու մեր պարտավորությունների, մեր ունեցած արժեհամակարգի… մեր երկրի հանդեպ ունեցած վերաբերմունքի: Այս համերգաշարն իր արձագանքներով և դեռևս անկանխատեսելի արդյունքով իրականում առաջին հերթին մեզ արթնացնող կոչ է՝ ուղղված արդեն թմրած աննպատակությանը: Իսկ մինչ այդ՝ հաջողություն մաղթենք Սերժ Թանկյանին, Տարոն Մալաքյանին, Ջոն Դոլմայանին և Շավո Օդաջյանին:  Եվ եթե նրանց «Wake Up The Souls» -ը իր հզոր առաքելությամբ պատասխաններ կորզի, ապա 2015թ. ինձ համար դիվանագիտության մեջ հաղթանակի տարի է: Եվ հուսամ, որ «ինքն իրեն շարունակ ոչնչացնող մարդկության» ձեռքերում ռումբերի փոխորեն անմոռուկների իրական փնջեր կհայտնվեն:

Ավելին տես՝ hetq.am/arm/news

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert