Դեռ չէինք հասցրել ուշքի գալ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից, տեղի ունեցավ, թերևս, հնարավոր անսպասելին: Հնարավոր, քանի որ նախ՝ մարտի 1 տեսած հանրության համար այլևս ոչ մի բան անհնարին ու զարմանալի չէ իշխանության աթոռը զավթած գլխավոր ավազակի կողմից հրահանգվող գործողություններում, բայցևայնպես՝ ինչ-որ տեղ անսպասելի հենց Արցախում, ազատագրված Արցախի տարածքում հայի ձեռքով հայ ազատամարտիկի, նրա համախոհների վրա ձեռք բարձրացնելը:

Շատերիս համար ազատագրված Արցախում՝ Բերձորում, տեղի ունեցածի և Գյումրիի դեպքերի միջև զուգահեռականներ անցկացնելը ոչ միայն տեղին է, այլև հերթական անգամ ցույց է տալիս, որ տականքը տականք է՝ անկախ ազգային պատկանելությունից: Վերջին երկու դեպքերը որքան մեծ ռեզոնանս ստացան հասարակության կողմից, այնքան աներկբա է, որ երկուսն էլ՝ դրանց կազմակերպիչներն ու մասնակցները, չեն ստանա արդարացի պատիժ: Չեն ստանա բոլորիս հյտնի մի շարք օբյեկտիվ պատճառներով:

Քանի դեռ Բաղրամյան 26-ը զավթել է Սերժ Սարգսյանն իր հանցախմբով, մեր երկրում բնում խեղդվելու է քաղաքական այլակարծության ցանկացած դրսևորում: Արտաքին թշնամու անվան տակ թաքնվելով ու սեփական ժողովրդին, երկիրը կործանման տանող ռեժիմն այլևս անտանելի է, մեծ շքեղություն մեր երկրի համար: Բարոյալքված իշխանական բուրգը միայն մի սրբություն ունի՝ սեփական աթոռը, մնացյալը դրանց համար ածանցյալ են, այդ թվում՝ պետական խորհրդանիշ դրոշը, որ երեկ կոխկրտվեց ներքին տականքի հրահանգը կատարող դիմակավորված, ոստիկանական համազգեստավորների կողմից:

Աներկբա է նաև, որ ԼՂՀ գերագույն իշխանությունը՝ ի դեմս Բակո Սահակյանի, նման ծայրահեղ քայլերի չէր գնա, եթե չլիներ Բաղրամյան 26-ի աջակցությունն ու հրահանգը: Կատարված բարբարոսությունից հետո այլևս անիմաստ ու անպտուղ են այն քննարկումները, թե Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «100 ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ավտոերթի անցկացումն Արցախում արդարացված էր, թե ոչ: Ազատ ու ժողովրդավարական հռչակված երկիր ինքնահռչակ իշխանությունն ու դրա գլխավոր չարիք նախագահ կոչեցյալը շարունակում են սեպ խրել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի ու Արցախի միջև: Ցանկացած հարցի քննարկում ի վերջո հանգում է նրան, որ ձուկը գլխից է հոտած, որը պետք է ոչ թե օր առաջ, այլ վայրկյան առաջ արմատախիլ անել:

Բերձորի դեպքերում միայն մի մարդու ականջներն են երևում՝ Սերժ Սարգսյանի, որն իր սադրիչ քաղաքականությամբ մեկ նպատակ ունի՝ բնում խեղդել քաղաքական այլակարծության, ազատ խոսքի ցանկացած դրսևորում՝ կրկնակի հարվածի տակ դնելով նախևառաջ Արցախը: Սերժ Սարգսյանի համբերության բաժակը վաղուց լցված է. նա պատրաստ է մարդկային կյանքերի, արյան գնով պահել իր իշխանությունը՝ թքած ունենալով թե պետական խորհրդանիշի, թե ազատամարտիկների, թե այս երկրի համար սրտացավ քաղաքացիների վրա: Մինչդեռ այս ամենից քաջատեղյակ արցախցին նույնքան վորդովված ու անհանգստացած է, որքան ՀՀ ողջախոհ ցանկացած քաղաքացին: Ըստ այդմ՝ Արցախի անվտանգության և կայունության, պաշտպանության, ինչպես նաև լիարժեք ազատագրման ու ծաղկման միակ երաշխավորը միմիայն հայաստանյան օրինական իշխանություններն են, վտանգը՝ սերժսարգսյանական խունտան: Իսկ խունտայից ազատվելու միակ տարբերակը՝ վայրկյան առաջ՝ արտահերթ ընտրություններով, քաղաքացիական բարձր գիտակցությամբ ու համախմբվածությամբ նրանց քշելն է՝ իշխանությունից, կառավարման համակարգից ընդհանրապես:

Կեցցե Հայաստանի և Արցախի ազատ քաղաքացին, որ չի վախենում սերժսարգսյանական խուժանից, նրա սանձազերծած սադրանքներից ու պատրաստ է պայքարել այն Հայաստանի համար, որի ներկան ու ապագան ինքն է:

 

Օֆելյա Քոչարյան
www.pressident.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert