Կյանքը համեմատաբար շատ ավելի բարյացակամ է գտնվել հետպատերազմյան մեր սերունդների նկատմամբ՝ թե՛ սփյուռքում, և թե՛ Հայաստանում, քան նախորդ սերունդների՝ մանավանդ բուն երկրում ապրողների նկատմամբ, որոնց միակ պայքարը նախկինում եղել է լինել չլինելու պայքար, և եթե ժամանակը ինչ-որ չափով նպաստավոր է եղել, ապա ժողովուրդը ապարդյուն, բայց և այնպես պայքարել է նաև անկախության հասնելու համար: Հետպատերազմյան ժամանակաշրջանում և՛ Սովետական Հայաստանում, և՛ սփյուռքի հայ գաղթօջախներում ստեղծված բարենպաստ քաղաքական և տնտեսական պայմաններում, հայ ժողովուրդը աննախընթաց տնտեսական, մշակութային և ազգային- քաղաքական զարթոնք ապրեց: Սակայն սփյուռքում հայ քաղաքական ուժերը և կուսակցությունները, ինչպես միշտ, չկարողացան հետագա ազգային- քաղաքական պայքարի համար ընդհանուր եզրեր գտնել և ստեղծել համընդհանուր   հայկական մի կազմակերպություն, որը կներկայացներ ամբողջ սփյուռքահայությանը և իր հերթին հզոր խթան կհանդիսանար թե՛ սփյուռքում հայապահպանման, և՛ թե մեր օրերի հրամայական խնդիրները լուծելու համար, որոնք են՝ կազմակերպված սատարել նորաստեղծ հայկական անկախ պետականությանը և կազմակերպված դիմակայել որոշ երկրներում ներքին քաղաքական անկայունության պատճառով սփյուռքի գաղթօջախների հայության գլխին կախված հերթական վտանգին:

Ըստ իս, մեր օրերի համայն աշխարհի հայության գերխնդիրը Հայաստանի անկախ պետականության անվտանգության ապահովվումն է, ինչպես նաև տնտեսական անխափան զարգացումը, ոչ թե ցեղասպանության ճանաչումը, ինչին այդքան կարևորություն է տալիս սփյուռքահայությունը:

Հրանդ Դինքը 2004 թվականի հունվար 30-Ակոսի համարում, հետևյալ խորագրով հոդվածում՝

Հայկական ինքնակերպարի ազատագրումը «թուրքից»

Գրում է.

«Երկու ճանապարհ կա հայի ինքնակերպարը ազատագրել «թուրքերի ազդեցութունից»: Առաջին ճանապարհը կարելի է գնալ միայն այն ժամանակ, երբ Թուրքիան, որպես պետականություն և որպես հասարակություն, հայերի նկատմամբ համակրանք կցուցաբերի և աներկբա կպարզաբանի, որ նա կիսում է հայ ազգի ցավը: Նման քայլ կարող է, ոչ անմիջապես, բայց ժամանակի ընթացքում, այն բանին հասցնել, որպեսզի հայերը մի այլ ինքնակերպար ստեղծեն, որի համար նրանք այլևս թուրքի կարիքը չեն ունենալու: Ցավոք չի կարելի մոտ ապագայում նման տարբերակի իրագործումը ակնկալել:

Իսկ երկրորդ տարբերակը կարելի է ընտրել միայն այն ժամանակ, երբ հայերը իրենք որոշեն, որ իրենց ինքնակերպարի համար այսուհետև բավարարվելու են առանց «թուրքերի»: Որովհետև այս տարբերակը միայն հայերի ցանկությունը և որոշումը պետք ունի, ապա դրա իրագործումը համեմատաբար շատ դյուրին է լինելու: Սա այն ճանապարհն է, որով մենք պետք է անցնենք:

Հաջողության հասնելու բանալին նրանում է, որ հայերը իրադարձություններին մի այլ նոր տեսանկյունից դիտեն, օրինակ 1915 թվականը: Աշխարհի հայերը շատ լավ գիտեն 1915 թվականի ողբերգության մասին: Դրա իրական լինելը, բոլորովին էլ կախված չէ այն բանից, թե Թուրքիան, կամ էլ աշխարհը նրա տեսակետը ընդունեն: Որովհետև ինչ որ պատահել է, ապա այդ օրից, ինչպե’ս քարի վրա, փորագրվել է հայերի հոգիներում: Այդ պատճառով էլ դրա ճանաչումը երրորդի, կամ նույնիսկ Թուրքիայի կողմից, չպետք է հայերի միակ նպատակը լինի: Ընդհակառակը՝ ժամանակն է, որ ամեն մեկին իր՝ խղճի, կամ անխղճության հետ, միայնակ թողնել:

Որովհետև, ո’վ, այն ինչ որ պատահել է, ճանաչի, կամ ո’չ, նա միշտ էլ, այդ անում է, իր խղճի համար: Ի վերջո յուրաքանչյուրի խիղճը՝ իբր հենարան ունի, մեր բոլորի մարդ լինելը: Ո’վ պատմական իրողությունը չի ճանաչում, ապա ինքն իրեն, ինչ որ չափով, դուրս է դնում մարդկությունից: Հայերի սխալն այն էր, որ նրանք իրենց՝ ինքնակերպարը, իրենց՝ ինքնությունը, այդքան երկար ժամանակ կապեցին ֆրանսիացիների, գերմանացիների, կամ ամերիկացիների, բայց բոլորից առաջ՝ թուրքերի կողմից, ցեղասպանության ճանաչման հետ: Ամենահրատապ Ժամանակն է, որ հայերը իրենց ինքնակերպարի և ինքնության ձևավորման համար, այլևս ձերբազատվեն թուրքերի այդքան որոշիչ դերից: Այդ ամենի պատճառով հայերը չափազանց շատ են տառապել, հիմա ժամանակն է, որ պետք է մնացած մարդկությունն էլ, այդ հարցի պատճառով տառապի:

Հայերը շատ ժամանակ են այն բանի համար վատնել, երբ ցանկացել են իրենց ինքնագիտակցությունը և ինքնությունը միայն թուրքերի բացասական իքնակերպարի միջոցով վերագտնել և իրենց ամբողջ էներգիան ուղղել են այն  նպատակին՝ աշխարհը պետք է թուրքերին ստիպի, ճանաչել ցեղասպանությունը:

Դրա փոխարեն պետք է ապագայում հայերը իրենց ինքանգիտակցությունը և ինքնությունը այն հիմքի վրա կառուցեն, որը արտացոլելու է այս ժողովրդի ընդունակությունները և ստեղծագործական ուժերը: Իսկ դրա համար հարկավոր է հետևյալ կեցվածքը որդեգրել. «Մենք պատվով կրելու ենք մեր ճակատագիրը և եթե պետք է ապա մինչև վերջ:» Քանի դեռ մենք նման կեցվածք չենք սեփականացրել, մշտապես կմնանք այն բանին կապկպված, որպեսզի մյուսները ճանաչեն իրականությունը, իսկ սա մի սոսկալի ծուղակ է:

…Քանի որ այսօր հայության ինքնակգիտակցության համար կա մի նոր հիմք, որը կարող է մեր ինքնակերպարը շատ ավելի կենսունակ ձևավորել, դա Հայաստանի Հանրապետության գոյությունն է»:

Ցավոք, անկախությունից հետո Հայաստանի վերնախավը չցանկացավ երկրում այնպիսի պայմաններ ստեղծել, որոնց միջոցով սփյուռքահայությունը կարողանար լիովին կապվել Հայաստանին, որպեսզի իր կապիտալի,  նորարությամբ, ձեռներեցությամբ, դեմոկրատիայի իր հասկացողությամբ լրիվ թափանցել կարողանար երկիր և հնարավորություն ստանար, թե Հայաստանում և թե Արցախում լայն ներդրումներ անելու և  մասնակիցը լինելու երկրի քաղաքական և տնտեսական կյանքին և ապագայի ձևավորմանը:

Դրա պատճառները հիմնականում երկուսն են:

Նորաստեղծ երկրում միայն հակաօրինականության, ավելի շուտ, անարխիայի  պայմաններում կարող էին նոր իշխանության գլուխ անցած անձերը անարգել տիրանալ, սեփականացնել երկրի ազգային հարստությունները: Այդ պատճառով էլ, երբ այսօր նորանկախ երկրի առաջին նախագահ Լևոն Տեր – Պետրոսյանը որքան էլ ջանա փաստարկել, որ իրենք դեմոկրատական պայմաններ են ստեղծել, չի կարող մեզ համոզել: Որովհետև դեմոկրատիա չի նշանակում՝ միայն խոսքի ու գրչի ազատություն, այլ ամենից առաջ՝ իրավական պետականություն և դեմոկրատական պայմանների ստեղծում, նաև  յուրաքանչյուր քաղաքացու  աշխատատեղի և կապիտալի ապահովություն, ինչպես նաև ներդրումների անարգել ազատություն:

Երկրորդը՝ դա երկրի նորելուկ կապիտալիստների վախն էր, որ իրենք չեն կարող ազատ մրցակցության պայմաններում մրցակցել սփյուռքահայության կապիտալի և նրա տնտեսական ձեռներեցության հետ:

Այստեղ, իհարկե, ճշմարտություն կա, որովհետև երկրում ազատ մրցակցության պայմաններում որոշներին չէր հաջողվի երկրի տնետեսությունը մոնոպոլիզացնել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատճառաբանում է, որ. «Հայաստանի նման փոքր երկրում, հո չեն կարող, մի քանի անձ, շաքար ներմուծել»: Մի կողմ թողնենք այն հարցը, որ նման պատասխան կարող էր տալ միայն Հայաստանի նախագահը…

Բայց չէ՞ որ հենց երկրում նման մոնոպոլիաների առկայության փաստը, որի գոյությունը երկրում այնքան աղաղակող է, որ նույնիսկ ՀՀ  նախագահը չի բացառում, որ այդ երկիրը կառավարվում է մոնոպոլիստ օլիգարխների կողմից, որ այլոք այդտեղ այլևս անելիք և փնտրելիք չունեն: Այսինքն՝ միամիտները թող չկարծեն, որ իրենք տնտեսական այդ բնագավառներում ներդնել կարող են, ինչը որ խոստովանում էր նաև Բեռլինում ՀՀ նախկին դեսպանը:

Նման կարճատես, սխալ և վախվորած տնտեսկան քաղաքականության պատճառով, հայությունը կորցրեց ամենապատեհ առիթը՝ Հայաստանում ստեղծելու այնպիսի ժողովրդավարական և իրավական պետականություն, որը կդառնար աշխարհասփյուռ հայության, նրա կապիտալի, ինչպես նաև նրա արևմուտքի նոր տեխնոլոգիային ծանոթ ձեռներեցության համար կենտրոնաձիգ, կայուն ուժ և հանգրվան:

Հայտնի է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արյունաքամ և լրիվ ավերված Արևմտյան Գերմանիան, հետպատերազմյան տարիներին տնտեսական աննախընթաց վերելք ապրեց, ամերիկյան կապիտալի՝ Մարշալ պլանի(Marschal Plan) և ժամանակակից ամերիկյան զարգացած տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ: Դա այլ հարց է, որ այն ժամանակ Գերմանիայի հզորացումը  ուղղված էր նաև Սոցիալիստական երկրների դեմ, որոնց անմիջական հարևանն էր նա:

Այո՛, Հայաստանի նորելուկ իշխանությունները իրենց շահերին զոհեցին հայ ժողովրդի դարավոր երազանքը, այն է՝ մյուս ժողովուրդների կողքին արժանավայել, անկախ ապրելը, և ոչ թե օտար երկրների ժողովուրդների օգնությունը և կարեկցանքը հայցելով՝ ողորմելի և աղքատ մի պետություն լինելը:

Այո՛, Հայաստանի նորաթուխ և երկրի հարստությունը հափշտակած նոր վերնախավը այնքան էր արբել նոր պայմանների ընձեռած հնարավորություններից, որ կորցրեց երկիրը ճգնաժամից շուտափույթ դուրս բերելու առիթն ու թանկագին ժամանակը:

Այո՛, ավելի քան քսան տարի է անցել անկախությունից, բայց այսօր էլ երկիրը կանգնած է անհամար անլուծելի տնտեսական և քաղաքական հարցերի դեմ- հանդիման, որոնք վտանգում են երկրի ապագան և անկախությունը: Այս ամենը աչքի առաջ ունենալով՝ չի կարելի անտարբեր մնալ և չասել, որ առնվազն լուրջ չի հնչում Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակված

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակությունը, մանավանդ վերջում զետեղված հետևյալ 12-րդ կետը.

«Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին՝ հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն՝

-առավել հզոր հայրենիքի՝ ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության,

-անկախ Արցախի առաջընթացի ու զարգացման,

-աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման,

-համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:

Ո՞ւմ աչքերին են թոզ փչում Հայաստանի իշխանությունները՝գրելով «առավել հզոր հայրենիքի՝ ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության», կամ իրենց վերամբարձ, փքուն խոսքերով, որոնցով լիքն է այդ հռչակագիրը:

Ինչի՞ մասին է խոսքը, և ո՞ւմ և ի՞նչ են ցանկանում նրանք ասել և ո՞ւմ են ցանկանում այդպիսով ապակողմնորոշել:

Իրոք, ի՞նչ են հետապնդում նրանք՝ անգամ հանրությանը հիմարի տեղ դնելով:

Արդյո՞ք մի իշխանություն, որը որակվում է որպես «օլիգարխիկ» և հակաժողովրդական, որը իր հակաօրինական տնտեսական քաղաքականությամբ երկիրը և ժողովրդին կանգնեցրել է փակուղու առաջ, բարոյական իրավունք ունի՞ նման հռչակագրի տակ ստորագրելու:

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, փետրվար 2015

—————————————————

Լուս.՝ ysu.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert